«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 33007382
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
24 հոկտեմբերի 2007 թ. |
N 2-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի.
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործավարության կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի գործավարության կարգը հաստատելու մասին» N 2-Ն հրամանը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |
Հավելված ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 24-ի N 2-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործավարության կարգը:
2. Նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ):
3. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626-ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում (այսուհետ` Քարտուղարություն)` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է Քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից` գրանցման մատյանի համարից և հերթական համարից:
Գրանցամատյանների տեսակները և դրանց համարակալումը հաստատվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով: Գրանցամատյանները կարվում են և կնքվում՝ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի (այսուհետ՝ Աշխատակազմի ղեկավար) կողմից:
6. Նախարարության բոլոր մտից և ելից մատյանները վարվում են միևնույն սկզբունքով: Մատյաններում գրանցումների համարակալումները սկսվում են հունվարի 1-ից «1»-ին համարով և ավարտվում դեկտեմբերի 31-ին՝ վերջին համարով: Եթե մատյանն այդ տարվա ընթացքում վերջանում է, ապա նոր մատյանը շարունակվում է նախկին մատյանի վերջին էջի վերջին նշված համարի հաջորդ համարով: Մատյանի էջը օգտագործվում է լիարժեք: Ամեն նոր գրանցում սկսելիս նախորդ գրանցումից բաց է թողնվում 2 տողից ոչ ավելի:
7. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց) հաղորդվում են հասցեատիրոջը:
8. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում Քարտուղարության աշխատողի կողմից կազմվում է արձանագրություն` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է Քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Արձանագրությունը ստորագրում են համապատասխան աշխատողը և Քարտուղարության պետը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
9. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և ներքին (լոկալ) համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
11. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է դրա պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:
12. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
13. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
14. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթե կրիչով, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
15. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
16. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային 1 օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
17. Այն դեպքում, երբ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները Քարտուղարություն են ներկայացնում փաստաթղթեր սահմանված կարգի խախտումով կամ շրջանցելով Նախարարին, Աշխատակազմի ղեկավարին, ոլորտը համակարգող Նախարարի տեղակալին կամ իրենց անմիջական ղեկավարին, Քարտուղարությունը սահմանված կարգով բոլոր նյութերը վերադարձնում է ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանմանը: Բացառությունները թույլատրվում են միայն այն գրությունների համար, որոնք բովանդակում են ենթակա կազմակերպությունների բողոք իրենց վերադասի նկատմամբ, և ժամկետը խիստ սահմանափակված է բողոքին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Խստիվ արգելվում է ֆաքսով ստացվող կամ առաքվող փաստաթղթերը ընդունել կատարողներից և հանձնել հասցեատերերին` շրջանցելով քարտուղարությանը:
18. Նախարարին և Աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները, ֆաքսով ստացվող փաստաթղթերը գրանցումից հետո հանձնվում են Քարտուղարության պետին:
19. Քարտուղարության պետը Նախարարի զեկուցմանը ներկայացվող փաստաթղթերը պատրաստելիս պարտավոր է ուսումնասիրել դրանց բովանդակությունը և, անհրաժեշտության դեպքում, հավաքել լրացուցիչ տեղեկատվություն:
20. Նախարարի կողմից հանձնարարականներով ու ցուցումներով մակագրված փաստաթղթերը վերադարձվում են Քարտուղարություն և ուղարկվում ըստ պատկանելության:
21. Նախարարի տեղակալներին տրված հանձնարարականները, նրանց հասցեագրված գրությունները, նամակները, հեռագրերը և մյուս փաստաթղթերը Քարտուղարության կողմից գրանցվում և փոխանցվում են նրանց օգնականներին` նախարարի տեղակալներին զեկուցելու համար:
22. Նախարարի տեղակալները Նախարարության քաղաքականության իրականացման` իրենց հանձնարարված բնագավառներում, իրենց լիազորությունների սահմաններում քաղաքականության ապահովման և անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տալիս են ցուցումներ և հանձնարարականներ:
23. Նախարարի մոտ անցկացված նիստերի, խորհրդակցությունների ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկանքները գրանցվելուց հետո անմիջապես հանձնվում են Քարտուղարության պետին:
24. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերը մշակվում են Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում` Նախարարի կողմից սահմանված իրավասությունների սահմաններում:
25. Կառուցվածքային ստորաբաժանման աշխատողը (այսուհետ` աշխատակազմի աշխատող), Քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում կամ մատյանում, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում Քարտուղարության միջոցով` Աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի մակագրությամբ:
26. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրությունը:
27. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց:
Չի թույլատրվում Աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
28. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
29. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար uահմանվում են հետևյալ ժամկետները`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի հանձնարարականների, ինչպես նաև նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ենթակա հարցերի վերաբերյալ գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) համար`
լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 3 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 6 օր:
30. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունները քննարկելու և նախապատրաստելու համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) uահմանվում են հետևյալ ժամկետները`
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող նախագծեր` մինչև 4 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող նախագծերի համար նշանակվում է ժամկետ, բայց ոչ ավելի, քան նախատեսված է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգով:
31. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների ձևակերպման համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) uահմանվում են հետևյալ ժամկետները`
առանց դիտողությունների համաձայնեցված հրամաններ` 1 օր,
լրամշակման ենթակա հրամաններ` մինչև 3 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող հրամաններ` մինչև 15 օր:
32. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված գրությունների (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն) քննարկման համար uահմանվում են հետևյալ ժամկետները`
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող գրություններ` մինչև 5 օր,
լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող գրություններ` մինչև 10 օր:
33. Հանձնարարականների կատարման համար սահմանված ժամկետները հիմնավոր պատճառներով խախտելու հանգամանքներ առաջանալու դեպքում հանձնարարական կատարող պաշտոնատար անձը կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը ժամկետը լրանալուց առնվազն 1 օր առաջ զեկուցագրով դիմում է հանձնարարական տվող պաշտոնատար անձին՝ սահմանված ժամկետները երկարացնելու համար՝ նշելով իր կողմից առաջարկվող վերջնական ժամկետը:
34. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն Աշխատակազմի իրավաբանական բաժնից դուրս են տրվում միայն Աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:
Աշխատակազմի իրավաբանական բաժնից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
35. Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
1) Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի ոչ կադրային հրամանների նախագծերը նախապատրաստվում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում, իսկ կադրային հրամանները՝ Աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը հրամանի նախագիծը՝ ոլորտի համար պատասխանատու անձանց նշագրումներով, նախագծի նախապատրաստման ընթացքում ստեղծված բոլոր փաստաթղթերով, էլեկտրոնային կրիչով (համակարգչային ցանցով) և անհրաժեշտ հիմքերով ներկայացնում է Քարտուղարություն՝ ստորագրման ներկայացվելուց առնվազն 2 օր առաջ, իսկ Նախարարի կամ Աշխատակազմի ղեկավարի «Շտապ» մակագրության դեպքում` նույն օրը:
Հրամանների վերջնական խմբագրումը կատարվում է Քարտուղարությունում:
2) Մինչև ստորագրման ներկայացնելը ձևաթղթի վրա տպագրված հրամանի առաջին օրինակի դարձերեսին նշագրումներ են կատարում ոլորտը համակարգող Նախարարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը (ղեկավարները), իրավաբանը, նախարարի հրամանի դեպքում` նաև Աշխատակազմի ղեկավարը, Քարտուղարության պետը (կադրային հրամանի դեպքում՝ անձնակազմի կառավարման բաժնի պետը):
3) Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների նախագծերը և նրան կից փաստաթղթերը, Աշխատակազմի իրավաբանական և միջազգային կապերի բաժինը 1-օրյա ժամկետում ուսումնասիրում և քննարկում է հրամանի նախագիծը, անհրաժեշտության դեպքում ներկայացնում եզրակացություններ և առաջարկություններ:
4) Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների այն նախագծերը և նրան կից փաստաթղթերը, որոնց վերաբերյալ առկա են տարաձայնություններ, կարող են նախապես քննության առնվել Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցությունում:
Հրամանի նախագծի համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը կազմում է խորհրդակցության մասնակիցների ցուցակը և ապահովում է նրանց մասնակցությունը:
5) Նախարարի հրամանի հավելվածները ստորագրում է Աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի ղեկավարի հրամանի հավելվածները` Քարտուղարության պետը:
36. Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի անհատական հրամանները լրացվում են համապատասխան հրամանագրքերում, իսկ Նախարարի գերատեսչական նորմատիվ հրամանները գրանցվում են իրավական ակտերի հաշվառման մատյանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
37. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է Նախարարի, Աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանցը կամ եթե հասցեատերն ընդգրկված չէ դրանում, հրամանները բազմացվում և առաքվում են առանձին մատյանով կամ փոստով՝ համաձայն հասցեաթերթի:
38. Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով:
39. Նախարարի, Աշխատակազմի ղեկավարի հրամանների էլեկտրոնային պատճենները Քարտուղարության կողմից զետեղվում են նախարարության համակարգչային ցանցում:
40. Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում՝ Աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով և առաքվում ըստ սկզբնական հասցեաթերթերի:
41. Քարտուղարության կողմից ստորաբաժանումներին և նախարարության համակարգում ընդգրկված այլ կազմակերպություններին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում՝ առանց Աշխատակազմի ղեկավարի ցուցումի:
42. Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:
43. Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների համար սահմանվում է առանձին համարակալում, որը նույնպես կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ:
44. Նախարարի, Նախարարի տեղակալների, Աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվելուց հետո քաղվածքների ձևով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ ու կազմակերպություններ: Պատճենները կնքվում են Քարտուղարության կնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
45. Նախարարության խորհրդակցությունների արձանագրությունների բնագրերը պահվում են Քարտուղարությունում:
46. Նշված արձանագրությունները համարակալվում են և պահվում Քարտուղարությունում, իսկ ֆայլերը՝ տվյալների շտեմարանում:
IV. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
47. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրվում են Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի, իսկ նրանց բացակայության դեպքում` տեղակալների կողմից: Ստորագրված գրությունների էլեկտրոնային տարբերակները Քարտուղարության կողմից զետեղվում են նախարարության համակարգչային ցանցում՝ շտեմարանում: Ֆայլի անվանումը պետք է համընկնի գրության ելից համարին:
Առանձին դեպքերում Նախարարի հանձնարարությամբ ելից փաստաթղթեր կարող են ստորագրել Նախարարի տեղակալները:
48. Աշխատակազմում ելից փաստաթղթերը պատրաստվում են Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումում, վերջնական սրբագրման և Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ խմբագրման, ինչպես նաև համարակալված ձևաթղթերի վրա ելից գրությունների տպագրման աշխատանքները կատարվում են Քարտուղարությունում:
49. Ստորագրության ներկայացվող փաստաթղթին (գրությանը, նամակին) կցվում են ևս երկու օրինակ (առանց ձևաթղթի) և բոլոր հիմքերը: 2-րդ օրինակի դարձերեսին նշագրում են ոլորտը համակարգող Նախարարի տեղակալը, պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը, գրություն պատրաստողը: Ստորագրված օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը կցվում է գործին և հանձնվում Քարտուղարություն` պահպանման, իսկ երրորդ օրինակը՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում՝ գրանցվելուց հետո:
Եթե գրության հիմքերը հետագայում օգտագործվող նյութեր են, 3-րդ օրինակի հետ ուղարկվում են կառուցվածքային ստորաբաժանում (կատարողին): Երկու և ավելի կատարողների դեպքում հիմքերը հանձնվում են առաջին կատարողին:
50. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ ուղարկվող գրությունները (նամակները), որոնք ստորագրվում են Նախարարի կողմից, նախքան առաքվելը պետք է նշագրման տրվեն Աշխատակազմի ղեկավարին: Միջազգային գործունեությանն առնչվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտի նախագիծ ներկայացվող գրության 2-րդ օրինակի դարձերեսին նշագրում է նաև Աշխատակազմի իրավաբանական և միջազգային կապերի բաժնի պետը:
51. Գրությունների, նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութի թերթերի (էջերի) քանակը: Անհրաժեշտության դեպքում կարող է նշվել նաև կցվող նյութի անվանումը, ամսաթիվը և համարը: Ներքևի ձախ անկյունում նշվում է կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը (8 տառաչափով):
52. Այն դեպքում, երբ գրությունն ուղարկվում է որպես մտից գրության պատասխան (Հայաստանի Հանրապետության նախարարություններից, այլ պետական մարմիններից ու կազմակերպություններից ստացված գրությունների պատասխաններ), հասցեատիրոջ անվան տակ՝ վերևի ձախ անկյունում, նշվում են այդ գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա նաև էլեկտրոնային օրինակը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղարկվող գրությունների դարձերեսին ստորագրում է Աշխատակազմի ղեկավարը, իսկ կատարողի անվան առաջին տառը, ազգանունը և հեռախոսահամարը նշվում է առաջին էջի դարձերեսի ներքևի ձախ անկյունում:
53. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է ստորագրողին և կատարող կառուցվածքային ստորաբաժանմանը տրված պայմանանիշերից ու գրության հերթական համարից: Հեռագրի ելից համարը դրվում է տեքստի վերջում:
54. Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունն արվում է միայն շտապ բնույթի հարցերի վերաբերյալ: Հեռախոսագիր ստացողը հեռախոսագիրը մինչև ղեկավարությանը ներկայացնելը ներքևի ձախ անկյունում դնում է իր նշագիրը: Հեռագիր պատրաստող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը մինչև ղեկավարությանը ստորագրության ներկայացնելը ներքևի ձախ անկյունում դնում է իր նշագիրը:
55. Հեռագրերը հանձնվում են Քարտուղարություն՝ անհրաժեշտ քանակությամբ պատճեններով:
Քարտուղարության աշխատակիցը հեռագրատուն է հանձնում հեռագրի պատճենները: Հեռագրի բնագիրը (ստորագրված օրինակը), հեռագրատան դրոշմակնիքով, պահվում է հեռագրերի գործում:
Պատասխան ստանալիս բնագրի վրա կատարվում է նշում պատասխանը ստանալու մասին:
Ելից փաստաթղթերը ստորագրվելուց հետո գրանցվում են ելից մատյաններում:
56. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերի, որոնց տրված են ելից համարներ, էլեկտրոնային պատճենները փոխանցվում են փաստաթուղթը պատրաստող կառուցվածքային ստորաբաժանում:
57. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցե, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (որպես էլեկտրոնային իսկական օրինակ), համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
58. Ուղարկելուց առաջ փաստաթղթի էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
59. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ կապի այլ ծառայության միջոցով:
60. Նախարարի տեղակալները, Աշխատակազմի ղեկավարը, Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները Նախարարին հասցեագրված գրությունները (զեկուցագրերը, դիմումները) ներկայացնում են առանց ձևաթղթի: Դրանք գրանցվում են սույն կարգով նախատեսված պահանջներին համաձայն:
61. Հասցեատերերի ստորագրությունները և առաքվող թղթակցության ցուցակները պահվում են Քարտուղարությունում՝ սահմանված կարգով:
62. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերի փաթեթները Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու դեպքում Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումը Քարտուղարություն ներկայացնում է փաթեթի ևս մեկ օրինակը և էլեկտրոնային տարբերակը:
V. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
63. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են Քարտուղարությունում:
64. Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են սահմանված կարգով գրանցման:
Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում՝ առաջին ազգանունը:
65. Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
66. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ստացման կրկնվածությունը ստուգվում է ըստ դիմողների ազգանունների: Դրանց տրվում են հերթական գրանցման պայմանանիշեր:
Կրկնակի առաջարկությունների, դիմումների ու բողոքների առաջին էջի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկին» նշումը:
Կրկնակի են համարվում միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, եթե առաջին առաջարկությունը, դիմումն ու բողոքը ստանալու օրվանից անցել է դրանց քննարկման՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետը կամ դիմողը բավարարված չէ իրեն տրված պատասխանով:
67. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և Նախարարությունում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին գրության գրանցման պայմանանիշով՝ ավելացնելով հերթական համարը կոտորակի ձևով:
Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները Քարտուղարության պետի նախնական քննարկումից հետո ներկայացվում են Աշխատակազմի ղեկավարին կամ Աշխատակազմի ղեկավարի տեղակալին:
68. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է՝ դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
69. Նախարարին, Նախարարի տեղակալներին, Աշխատակազմի ղեկավարին զեկուցվող փոստը (այդ թվում՝ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները) զեկուցման նախապատրաստելիս պետք է կազմվեն նշագրման թերթիկներ, որոնցում պետք է նշվեն կատարողները և կատարման ժամկետը:
Արգելվում է Նախարարի մակագրության թերթիկի վրա կատարել որևէ այլ մակագրություն:
70. Կատարողները (կառուցվածքային ստորաբաժանումները, պաշտոնատար անձինք) Նախարարի մակագրություններով առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստանալուն պես պարտավոր են ապահովել բարձրացված հարցի բազմակողմանի, խոր ուսումնասիրությունը և, մակագրության համաձայն, սահմանված ժամկետում դրանց լուծումը:
Հարցին օբյեկտիվորեն լուծում տալու նպատակով կատարողները կարող են պահանջել լրացուցիչ նյութեր, տեղում կատարել ուսումնասիրություններ, ձեռնարկել այլ միջոցներ:
71. Եթե նամակի քննարկումը հանձնարարվում է երկու և ավելի կատարողների (կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնատար անձանց), ապա տեղեկանքը ստորագրվում է բոլորի կողմից: Նման դեպքում հանձնարարության կատարման պատասխանատվությունը դրվում է այն անձի վրա, ով մակագրության մեջ նշված է առաջինը, կամ այն անձը, որի անվան դիմաց մակագրված է «հավաք» բառը:
Նշված նամակի քննարկման արդյունքների մասին կազմվում է տեղեկանք կատարողի կողմից, և Քարտուղարության պետը զեկուցում է Նախարարին կամ Աշխատակազմի ղեկավարին:
72. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները՝ Նախարարի, Նախարարի տեղակալների կամ Աշխատակազմի ղեկավարի մակագրություններով, ինչպես նաև Նախարարի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերադարձվում են Քարտուղարություն՝ սահմանված կարգով հասցեատերերին ուղարկելու համար:
Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ դիմողի համաձայնությամբ (որի մասին դիմողը հայտնում է գրավոր)՝ բանավոր, հայտնվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է երեք օրինակից: Առաջին օրինակը՝ Աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը՝ նշագրումներով կցվում է գործին, երրորդը՝ հանձնվում է աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:
73. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները համարվում են լուծված, երբ քննության են առնվում դրանցում առաջադրված բոլոր հարցերը, դրանց լուծման վերաբերյալ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ և տրվում գործող օրենսդրությանը համապատասխան սպառիչ պատասխաններ:
74. Ուսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները իրենց բոլոր նյութերի հետ միասին վերադարձվում են Քարտուղարություն «Գործին» մակագրությամբ, ստորագրությամբ, ամսաթվի նշումով:
75. Յուրաքանչյուր նամակի համար կազմվում է գործ՝ բաղկացած առաջարկության, դիմումի ու բողոքի պատճեններից և այլ փաստաթղթերից:
76. Վերահսկողության վերցված նամակների պատասխանները ենթակա են Քարտուղարությունում պարտադիր գրանցման:
77. Առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, որոնք պահանջում են քննարկում, վերցվում են վերահսկողության: Այդ դեպքում նամակի վերջին էջի աջ անկյունում դրվում է «Վ» տառը կամ «Հսկողական» դրոշմոցը:
Պատասխանները Նախարարին, Նախարարի տեղակալներին կամ Աշխատակազմի ղեկավարին զեկուցելուց հետո փաստաթուղթը սահմանված կարգով հանվում է հսկողությունից, և դրա վրա կատարվում է համապատասխան նշում:
Վերահսկողությունն իրականացնում է Քարտուղարությունը:
Միջանկյալ պատասխանների դեպքում առաջարկությունները, դիմումներն ու բողոքները վերահսկողությունից չեն հանվում:
78. Կատարման ժամկետը կարող է երկարաձգվել միայն Նախարարի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետների շրջանակներում:
79. Նամակների ամբողջ շարժը գրանցվում է համակարգչում՝ համապատասխան ծրագրի միջոցով (խափանման դեպքում՝ մատյանների միջոցով) և պահպանվում տվյալների շտեմարանում:
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
80. Փաստաթղթերն Աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց` գործավարությամբ ավարտվելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք, պահպանության ժամկետը լրանալուց հետո, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստաթղթերի մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգում գրանցվում են նաև ֆայլերը:
81. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
82. Աշխատակազմի արխիվի կամ «Արխիվ» շտեմարանի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի` պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:
83. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում` ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:
84. Աշխատակազմի քարտուղարության արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն Աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ |
Մ. Հակոբյան |