Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում՝ Մաքսային միության անդամ պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության պահպանման, Մաքսային միության ու Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների սահմանման նպատակներով,
ղեկավարվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներով և նորմերով,
հիմք ընդունելով «Միասնական մաքսային տարածք ստեղծելու և Մաքսային միություն ձևավորելու մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի (այսուհետ՝ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիր) դրույթները,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Պայմանագրի նպատակներով գործածվում են հետևյալ հիմնական եզրույթներն ու դրանց սահմանումները՝
«իրավասու մարմիններ»՝ Կողմերի մաքսային մարմինները և մյուս լիազորված պետական մարմինները,
«մաքսային մարմիններ»՝ Կողմերի մաքսային մարմինները,
«հանցագործություններ»՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և մաքսային մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի օրենսդրության խախտումները, որոնց կատարման համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվում է քրեական պատասխանատվություն,
«վարչական իրավախախտումներ»՝ Մաքսային միության մաքսային օրենսդրության և մաքսային մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի օրենսդրության խախտումները, որոնց կատարման համար Կողմերի օրենսդրությամբ նախատեսվում է վարչական պատասխանատվություն,
«ապրանքներ»՝ ապրանքները՝ «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրով նախատեսված իմաստով,
«մշակութային արժեքներ»՝ կրոնական կամ աշխարհիկ բնույթի առարկաները և (կամ) իրերի հավաքածուները, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ կամ առանձին մասերը, որոնք յուրաքանչյուր Կողմը, իր օրենսդրությանը համապատասխան, դիտում է որպես մշակութային, հնէաբանական, պատմական, գրական, արվեստի կամ գիտական արժեք ներկայացնող առարկա՝ անկախ դրանց ստեղծման ժամանակից,
«անձ»՝ իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպությունները, ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը:
Հոդված 2
1. Սույն Պայմանագրով սահմանվում են Մաքսային միության մաքսային օրենսդրության և մաքսային մարմինների կողմից վերահսկվող՝ Կողմերի օրենսդրության խախտումների համար քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունները:
2. Անձանց քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելիս Կողմերը և դրանց իրավասու մարմիններն ապահովում են սույն Պայմանագրով նախատեսված նպատակների իրագործումը:
Հոդված 3
1. Հանցագործությունների և վարչական իրավախախտումների տեսակները, ինչպես նաև անձանց քրեական և (կամ) վարչական պատասխանատվության ենթարկելու կարգն ու սկզբունքները սահմանվում են Կողմերի օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն Պայմանագրով նախատեսված առանձնահատկությունները:
2. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է միջոցներ ձեռնարկել Մաքսային միության մաքսային օրենսդրության և Կողմերի օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվություն նախատեսող՝ իր օրենսդրությունում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև այդպիսի արարքների հակաիրավական բնույթի միասնական սահմանումը նախատեսելու ուղղությամբ:
Հոդված 4
1. Մաքսային միության մաքսային տարածքում վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է վարչական պատասխանատվության այն Կողմի օրենսդրության համաձայն, որի տարածքում հայտնաբերվել է վարչական իրավախախտումը:
2. Ուղարկող մաքսային մարմնի կողմից սահմանված առաքման վայր ապրանքները կամ դրանց վերաբերյալ փաստաթղթերը չառաքելու դեպքում՝ անձը ենթակա է վարչական պատասխանատվության այն Կողմի օրենսդրության համաձայն, որի մաքսային մարմինների կողմից ապրանքները բաց են թողնվել՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան:
3. Վարչական վարույթը (դատավարությունը) իրականացվում է (անց է կացվում) այն Կողմի օրենսդրության համաձայն, որտեղ այդ անձը ենթարկվում է կամ ենթակա է վարչական պատասխանատվության:
Հոդված 5
1. Քրեական գործ հարուցվում և քննվում է ըստ հանցագործության կատարման վայրի, իսկ հանցագործության կատարման վայրը որոշելու անհնարինության դեպքում՝ ըստ հանցագործության հայտնաբերման վայրի, եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Եթե անձը, որի նկատմամբ մի Կողմի իրավասու մարմինը քրեական հետապնդում է իրականացնում, հանդիսանում է այն Կողմի քաղաքացի, որը նրան չի հանձնում, ապա քրեական գործը կարող է փոխանցվել այդ Կողմին՝ տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով:
Եթե անձը հանցագործություններ է կատարել մի քանի Կողմերի տարածքներում, ապա հանցագործության կատարման վայր է համարվում այն Կողմի տարածքը, որտեղ կատարվել է վերջին հանցավոր արարքը:
Եթե անձը հանցագործություններ է կատարել տարբեր Կողմերի տարածքներում, ապա Կողմերի օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմինների հետ համաձայնեցմամբ, քրեական գործը կարող է քննվել այն Կողմի տարածքում, որտեղ կատարվել է հանցագործությունների մեծ մասը կամ առավել ծանր հանցագործությունը:
2. Յուրաքանչյուր Կողմ, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է հարուցել և քննել քրեական գործեր մյուս Կողմերի տարածքներում կատարված այն հանցագործությունների առնչությամբ, որոնք ուղղված են իր շահերի դեմ:
3. Քրեական գործով նախնական քննությունն իրականացվում է այն Կողմի քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում քննվում է քրեական գործը:
4. Եթե դիմումներ, հանցագործության մասին հաղորդումներ քննելիս կամ հանցագործության վերաբերյալ քրեական գործ քննելիս Կողմերից մեկը հայտնաբերում է մեկ այլ քրեորեն պատժելի այնպիսի արարքի հատկանիշներ, որը սույն Պայմանագրի 1-ին հոդվածի իմաստով հանցագործություն չի համարվում և կատարվել է մյուս Կողմի տարածքում, ապա գործի նյութերը փոխանցվում են այդ մյուս Կողմին՝ այդ պետության քրեադատավարական օրենսդրությանը համապատասխան քննելու համար:
Հոդված 6
Ցանկացած Կողմի մաքսային մարմինների կողմից «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի դրույթներին համապատասխան ձևակերպված՝ մաքսային հսկողության իրականացման արդյունքները, ինչպես նաև Կողմերից մեկի իրավասու մարմինների կողմից, այդ Կողմի օրենսդրության համաձայն, մյուս Կողմի իրավասու մարմինների հանձնարարականների հիման վրա քրեադատավարական գործողությունների կատարման արդյունքները, ճանաչվում են որպես քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ապացույցներ և նշված գործերը քննելիս ենթակա են գնահատման մյուս ապացույցների հետ մեկտեղ՝ Կողմերի օրենսդրության համաձայն:
Հոդված 7
1. Անձը, որի նկատմամբ Կողմերից մեկի տարածքում օրինական ուժի մեջ է մտել դատավճիռ կամ քրեական գործով մեկ այլ դատական որոշում, չի կարող այդ նույն արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվել մյուս Կողմի կողմից:
2. Անձը, որի նկատմամբ Կողմերից մեկի տարածքում օրինական ուժի մեջ է մտել վարչական իրավախախտման վերաբերյալ գործով որոշում, չի կարող այդ նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկվել մյուս Կողմի կողմից:
Հոդված 8
1. Յուրաքանչյուր Կողմ ճանաչում է մյուս Կողմի տարածքում կայացված՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով օրինական ուժի մեջ մտած որոշումները և միջոցներ է ձեռնարկում դրանց կատարման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ճանաչման և կատարման կարգը որոշվում է այն Կողմի միջազգային պայմանագրով և օրենսդրությամբ, որի տարածքում կատարվում է որոշումը:
3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են այն որոշումների նկատմամբ, որոնք կայացվել են սույն Պայմանագիրը և «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո:
Հոդված 9
Կողմերից մեկի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթի իրականացման (դատավարության անցկացման) և քրեական գործերով նախնական քննության իրականացման ընթացքում առգրավված կամ արգելանքի տակ դրված՝ մյուս Կողմի համար պետական շահ ներկայացնող մշակութային արժեքները և այլ ապրանքներ, տվյալ Կողմի հիմնավորված պահանջով կարող են վերադարձվել այդ Կողմին՝ քրեական գործով կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Պետական շահ ներկայացնող ապրանքները որոշվում են Կողմերի օրենսդրությամբ:
Հոդված 10
Սույն Պայմանագիրը չի առնչվում Կողմերից յուրաքանչյուրի՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքներին ու պարտավորություններին, որոնք կիրառվում են Մաքսային միության անդամ պետությունների միջև:
Հոդված 11
Սույն Պայմանագրի նպատակներից ելնելով՝ աշխատանքային լեզուն ռուսերենն է:
Հոդված 12
Կողմերի միջև ծագող՝ սույն Պայմանագրի դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը և տարաձայնությունները կարգավորվում են շահագրգիռ Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների կամ բանակցությունների միջոցով: Այդ խորհրդակցությունները կամ բանակցություններն սկսելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը ցանկացած շահագրգիռ Կողմի նախաձեռնությամբ հանձնվում է Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:
Հոդված 13
Կողմերի համաձայնությամբ սույն Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով:
Հոդված 14
Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման:
Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Սույն Պայմանագիրը բաց է միանալու համար ցանկացած այն պետության համար, որը կդառնա Մաքսային միության անդամ:
Սույն Պայմանագիրը դրան միացող պետության համար ուժի մեջ է մտնում սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը այդ պետության կողմից կատարվելու մասին գրավոր ծանուցումն ավանդապահին տրամադրելու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ Կողմերի միջև համաձայնությամբ:
Կատարված է Աստանա քաղաքում, 2010 թվականի հուլիսի 5-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:
Սույն Պայմանագրի բնօրինակը պահվում է Մաքսային միության հանձնաժողովում, որը սույն Պայմանագրի ավանդապահն է և որը յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:
(14-րդ հոդվածը լրաց. 10.10.14 «ՀՀ «ԵՏՄ մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի արձանագրություն)
Բելառուսի
(ստորագրություն) |
Ղազախստանի
(ստորագրություն) |
Ռուսաստանի
(ստորագրություն) |