Գլխավոր տեղեկություն
Համար
N 67
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.11.02/18(81) Հոդ.155
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
17.08.2001
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

 17 օգոստոսի 2001 թ.
ք. Երևան

N 67

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի» 8-րդ կետը,

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության պետական հիմնարկների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգը (կցվում է):

2. Հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

Նախագահ

Գ. Մարտիրոսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային
տնտեսության պետական կոմիտեի
17.08.2001 թ. N 67 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի» 8-րդ կետի համաձայն:

2. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ենթակայության պետական հիմնարկները (այսուհետ` հիմնարկներ) կարող են օտարել հիմնական միջոցները` Կոմիտեի թույլտվությամբ:

Մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրում ընդգրկված հիմնարկները հիմնական միջոցների օտարումն իրականացնում են սույն կետի պահանջների համաձայն` մինչև մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը:

3. Այն հիմնարկները, որոնք նախատեսում են օտարել տեղակայման ենթակա սարքավորումներ, պետք է հիմնադրին ներկայացնեն սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը:

4. Հիմնական միջոցների օտարման անհրաժեշտությունը հիմնավորելու, պահանջվող փաստաթղթերը ձևակերպելու և Կոմիտեի քննարկմանը ներկայացնելու համար հիմնարկի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հիմնական միջոցների օտարման թույլտվություն ստանալու համար հիմնարկը պետք է ղեկավարի ուղեկցող նամակով Կոմիտեին ներկայացնի`

5.1. Հիմնարկի հանձնաժողովի արձանագրությունը, հաստատված տնօրենի կողմից` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման անհրաժեշտության հիմնավորմամբ:

5.2. Օտարվող հիմնական միջոցների ցուցակները նրանց բնութագրող տվյալներով` համաձայն սույն կարգի 5.3, 5.4, 5.5 կետերի: Նշված ցուցակների հետ միասին Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչություն են ներկայացնում հիմնարկի նույնատիպ միջոցների քանակը:

5.3. Օտարվող հիմնական միջոցների տեխնիկական վիճակի մանրամասն նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում` նաև լուսանկարները:

5.4. Տնօրենի կողմից հաստատված տեղեկանք օտարման ներկայացվող հիմնական միջոցները հիմնարկի հաշվեկշռում գտնվելու մասին:

5.5. Օտարվող հիմնական միջոցների առաջարկվող նվազագույն մեկնարկային գինը:

5.6. Ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում են նաև մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը, շարժիչի համարը, թափքի համարը, ամրաշրջանակի համարը, շահագործման սկզբից կատարած վազքը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

5.7. Շենքերի, կառույցների, մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների համար ներկայացվում են դրանց լրիվ անվանումը, մակնիշը և մոդելը (որտեղ կիրառելի է), չափերը, շահագործման հանձնման տարեթիվը, տեղադրման վայրը, գույքային և գործարանային համարը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

6. Հիմնարկների հիմնական միջոցների օտարման վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով հիմնադրի համապատասխան վարչությունները (ստորաբաժանումները) ֆինանսատնտեսագիտական վարչություն են ներկայացնում գրավոր եզրակացություն:

7. Հիմնական միջոցների օտարման թույլտվությունը տրվում է Կոմիտեի կողմից` ֆինանսատնտեսագիտական վարչության ներկայացմամբ, համապատասխան վարչությունների ներկայացրած եզրակացությունների հիման վրա: Ֆինանսատնտեսագիտական վարչությունն անհրաժեշտության դեպքում որոշում է կայացնում սահմանված կարգով մասնագիտական հանձնաժողովներ ստեղծելու մասին` կոնկրետ հարցերի համալիր ուսումնասիրման և դրանց վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:

8. Հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է աճուրդային եղանակով:

8.1. Բոլոր հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է հիմնարկներում փակ աճուրդի եղանակով, տվյալ կազմակերպության աշխատողների միջև:

Աճուրդն անցկացնում է հիմնարկի ղեկավարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը:

8.2. Հիմնարկի ղեկավարը աշխատավորական կոլեկտիվի անդամներին նախօրոք իրազեկ է դարձնում կազմակերպության հիմնական միջոցների սպասվելիք աճուրդային վաճառքի մասին, տեսանելի վայրերում հայտարարություններ փակցնելով, նշելով հիմնական միջոցները բնութագրող տվյալները, աճուրդի անցկացման հասցեն, օրը և ժամը:

8.3. Փակ աճուրդում չվաճառված հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է բաց աճուրդային եղանակով:

9. Հիմնական միջոցների աճուրդային վաճառքի մեկնարկային գների որոշման և աճուրդի հետ կապված հիմնական միջոցների վաճառքից գոյացած գումարների նպատակային օգտագործման համար անձնական պատասխանատվություն են կրում հիմնարկի ղեկավարն ու գլխավոր հաշվապահը:

10. Կազմակերպություններում կազմակերպվող աճուրդին կարող են մասնակցել նաև Կոմիտեի ներկայացուցիչները:

11. Հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը.

11.1. Հիմնարկների հիմնական միջոցները միմյանց են հանձնվում հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց, նրանց մնացորդային արժեքով, հիմնադրի թույլտվությամբ.

11.2. Հիմնարկներից մինչև 3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումն այլ նախարարություններին, գերատեսչություններին, բյուջետային հիմնարկներին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, կոմիտեի թույլտվությամբ, իսկ 3 մլն դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

11.3. Հիմնարկների հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումը այլ առևտրային կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

12. Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, Կոմիտեի թույլտվությամբ:

13. Եթե սույն կարգի 8-րդ և 12-րդ կետերի արդյունքում հիմնական միջոցների վաճառքն ապրանքաֆոնդային բորսայում կամ հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը չի իրականացվում, ապա հիմնարկները Կոմիտե են ներկայացնում լուծարվող, դուրս գրման ենթակա հիմնական միջոցների ցուցակը` ձև ՀՄ-4 ակտի ձևով (վթարի, շահագործման պայմանների խախտման դեպքում ակտին կցվում են նաև տվյալներ այդ դեպքերի առաջացման պատճառների մասին և նշվում են մեղավոր անձինք, եթե այդպիսիք կան, նրանց նկատմամբ կիրառված ներգործության միջոցները):

14. Հիմնարկը վերահսկում է դուրս գրվող հիմնական միջոցների լուծարումից (քանդումից) առաջացած պիտանի ագրեգատների, համակարգերի, պահեստամասերի, հանգույցների և այլ շրջանառու միջոցների գույքագրման, գնահատման և կազմակերպության պահեստ մուտքագրման գործընթացը:

Դուրս գրվող հիմնական միջոցների լուծարումից (քանդումից) առաջացած, գունավոր և թանկարժեք մետաղներ պարունակող ագրեգատների, համակարգերի, պահեստամասերի, հանգույցների և այլ շրջանառու միջոցների գույքագրումն ու գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
26 սեպտեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 33101151

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան