ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
06.03.1998 թ. |
N 49 (116-0015) |
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ԾԽՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՈՑԱՎԱՌՄԱՆ ԿԱՄ ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԻ ԵՎ ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՈՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Երևանի մետրոպոլիտենի «Մետրոպոլիտենում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում աշխատողների գործողությունների կարգի և թունելային օդափոխության հորանների աշխատանքի ռեժիմների մասին» հրահանգը:
2. Սույն հրամանը և հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Հ. Քոչինյան |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ԾԽՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ,
ԲՈՑԱՎԱՌՄԱՆ ԿԱՄ ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿԱՐԳԻ ԵՎ ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ
ՀՈՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՌԵԺԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԵՐԵՎԱՆ-1998
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը բխում է ՀՀ տրանսպորտի նախարարության և Երևանի մետրոպոլիտենի կանոնադրական խնդիրներից:
1.2. Հրահանգը սահմանում է մետրոպոլիտենում տեղավորված կամ աշխատանքներ կատարող կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատողների գործողությունների կարգը ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում և օդափոխման կայանքների աշխատանքի ռեժիմների նկատմամբ հիմնական պահանջները:
1.3. Բոլոր աշխատողները պարտավոր են իմանալ և խստորեն կատարել սույն հրահանգի և մետրոպոլիտենում հրդեհային անվտանգության կանոնների պահանջները, կարողանան ճիշտ կիրառել հրդեհաշիջման սկզբնական միջոցները, իսկ հրդեհի կամ բոցավառման սպառնալիք հայտնաբերելու դեպքում` անմիջապես միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար և այդ մասին տեղյակ պահել տվյալ օբյեկտի կամ տեղամասի հրդեհային անվտանգության պատասխանատու անձին:
1.4. Յուրաքանչյուր աշխատող, մետրոպոլիտենի օբյեկտներում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի հայտնաբերման դեպքում, պարտավոր է անհապաղ այդ մասին հայտնել գնացքի կարգավարին, կայարանի կամ էլեկտրադեպոյի հերթապահին` նշելով դրանց ստույգ տեղն ու առաջացման նախնական պատճառները և միջոցներ ձեռնարկել օբյեկտում եղած հրդեհաշիջման միջոցներով օջախը վերացնելու համար:
1.5. Նախքան ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի վերացման գործողություններին անցնելը, աշխատողը պետք է հոսանքահարվելուց պաշտպանվելու անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի, որի համար նա պետք է հերթապահ անձնակազմից պահանջի լարումը հանել հպակային ռելսից և էլեկտրական սարքավորումներից, որոնք գտնվում են վտանգավոր գոտում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հարևան սարքավորումներից, և ստանալ հաստատում լարումը հանելու մասին:
Լարումը պետք է հանվի համաձայն օպերատիվ պլանների, այն աշխատողների կողմից, որոնց տնօրինության տակ են գտնվում անջատման ենթակա սարքավորումները:
1.6. Գնացքի կարգավարը, բոցավառման կամ հրդեհի, ինչպես նաև մետրոպոլիտենի ստորգետնյա կամ վերգետնյա օբյեկտներում հրդեհի կամ բոցավառման հետևանքով առաջացած ծխոտվածության մասին հայտնում է քաղաքի հրշեջ կապի կենտրոնական կետ, մետրոպոլիտենի ռազմականացված հրշեջ պահպանությանը, ծառայությունների կարգավարներին, մետրոպոլիտենի պատասխանատու հերթապահ անձանց, կոնկրետ իրավիճակից ելնելով կազմակերպում է գնացքների երթևեկությունը, անհրաժեշտության դեպքում հրդեհի օջախի վայր է ուղարկում վթարա-վերականգնողական ստորաբաժանումներ և բուժաշխատողներ:
Գնացքի կարգավարի հաղորդման մեջ պետք է նշվի ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի ստույգ տեղը (կայարան, կայարանամեջ, ուղեհատված), այդ գոտում գնացքային իրադրությունը, ինչպես նաև մարդկանց էվակուացման ուղղությունը (երթուղին):
1.7. Էլեկտրամեխանիկական ծառայության կարգավարը նախնական հաղորդումը ստանալուց հետո, մարդկանց կամ շարժակազմերի էվակուացման, ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի վերացման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով, որոշում է կայացնում օդափոխման հորանների աշխատանքի ռեժիմի փոփոխության նպատակահարմարության մասին և անհրաժեշտության դեպքում նոր ռեժիմի փոխարկում է կատարում հեռուստամեխանիկայի օգնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` ցուցում է տալիս էլեկտրամեխանիկական ծառայության հերթապահ օպերատիվ անձնակազմին թունելային օդափոխության հորանների ագրեգատների փոխարկումը կատարել կայարանի հերթապահի վահանակներից, իսկ անձնակազմի բացակայության դեպքում, գնացքի կարգավարի միջոցով` կայարանի հերթապահին:
1.8. Էլեկտրամեխանիկական ծառայության հերթապահ օպերատիվ անձնակազմը պարտավոր է ապահովել թունելային ջրմուղի, հրդեհաշիջման ժամանակ գոյացած ջրերը հեռացնող ջրհան կայանքների, օդափոխման կայանքների անխափան աշխատանքը, ինչպես նաև հատուկ նշանակության սարքավորումների գործելու պատրաստականությունը:
1.9. Մինչև հրշեջ ստորաբաժանումների ժամանումը, բոցավառումը կամ հրդեհը մարելու գործողությունները ղեկավարում են մետրոպոլիտենի աշխատողները, որոնք հրշեջ պահպանության ստորաբաժանումների ժամանելուն պես, պարտավոր են ի պաշտոնե ավագին, որն իր վրա է վերցնում բոցավառման կամ հրդեհի վերացման աշխատանքների ղեկավարումը, հայտնել բոցավառման կամ հրդեհի օջախին վերաբերող, ինչպես նաև դրա վերացման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների և վտանգավոր գոտում մարդկանց առկայության մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
1.10. Յուրաքանչյուր կայարանի համար, հաշվի առնելով տեղական պայմանները, մշակվում է հրդեհաշիջման օպերատիվ պլան, ուղևորների էվակուացման պլան, որոնք պետք է ուսումնասիրվեն բոլոր հերթապահ անձնակազմերի կողմից:
Անձնակազմի գործողությունները պետք է պարբերաբար կատարելագործվեն պարապմունքների և մարզումների միջոցով` մետրոպոլիտենի ռազմականացված հրշեջ պահպանության բաժնի պլանների համաձայն:
2. ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ԾԽՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ, ԲՈՑԱՎԱՌՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԻ ԺԱՄԱՆԱԿ
2.1. Կայարանի կառամատույցի վրա.
2.1.1. Կայարանի հերթապահը անցնող շարժակազմի վրա բոցի թափանցումը կամ գազոտվածությունը կանխելու նպատակով, պետք է միջոցներ ձեռնարկի ժամանող գնացքը մինչև վտանգավոր տեղամաս հասնելը կանգնեցնելու, իսկ ծուխն ու բոցը անցնող գնացքին չսպառնալու դեպքում` առանց կանգառի ընթանալու համար: Նա փակում է կայարանը ուղևորների մուտքի համար, ցուցում է տալիս ավագ օպերատորին տեղադրելու շարժական վահանակ կայարանի փակման մասին, կազմակերպելու ուղևորների էվակուացիան, վերացնելու ծխոտվածությունը, բոցավառումը կամ հրդեհը, կազմակերպելու հրշեջ և վթարա-վերականգնողական ստորաբաժանումների և բուժաշխատողների դիմավորումը:
2.1.2. Կարգ ու կանոն պահպանելու և էվակուացիայի ուղիների մասին ուղևորներին տեղեկություն տալու համար, կայարանի հերթապահը նշանակում է հատուկ աշխատող, որը կայարանի հատուկ նշանակության բարձրախոսներով կամ մեգաֆոնով հաղորդում է անհրաժեշտ տեղեկություններ: Հաղորդվող տեղեկատվության բովանդակությունը որոշվում է առկա իրադրությունից ելնելով:
Օրինակ. |
Հարգելի ուղևորներ, կայարանը ժամանակավորապես փակ է: Պահպանեք կարգ ու կանոն և հանգստություն: Ելքը դեպի քաղաք ___________________ կայարանից (նշել էվակուացման ուղին)»: «Հարգելի ուղևորներ, ելքը դեպի քաղաք նախասրահով ժամանակավորապես փակ է: Պահպանեք կարգ ու կանոն և հանգստություն: Խնդրվում է կայարանը թողնել ժամանող գնացքներով»: «Հարգելի ուղևորներ, գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված է: Պահպանեք կարգ ու կանոն և հանգստություն: Խնդրվում է թողնել _______________________ կայարանը (նշել էվակուացման ուղին)»: |
2.1.3. Լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը), շարժակազմին վտանգ սպառնալու դեպքերում, պարտավոր է միջոցներ ձեռնարկել մինչև վտանգավոր գոտի հասնելը գնացքը կանգնեցնելու համար և այդ մասին տեղյակ պահել գնացքի կարգավարին:
Շարժակազմին սպառնացող վտանգի բացակայության, ինչպես նաև գնացքը մինչև ծխոտվածության գոտի, բոցավառման կամ հրդեհի օջախ հասնելը կանգնեցնելու անհնարինության դեպքում և լուսացույցի թույլատրող ցուցմունքի դեպքում, լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պարտավոր է անցնել կայարանն առանց կանգառի սահմանված արագությամբ, իսկ լուսացույցի արգելող ցուցմունքի դեպքում լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) կայարանն անցնում է մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների պահանջներին համապատասխան:
2.2. Շարժասանդուղքի վրա կամ կայարանի նախասրահում.
2.2.1. Կայարանի հերթապահը փակում է ուղևորների մուտքը կայարան, կազմակերպում է ուղևորների էվակուացիան կայարանի մյուս նախասրահի միջով, անցումներով կամ գնացքներով դեպի հարևան կայարան (ըստ որում արգելվում է ժամանող գնացքներից ուղևորների իջնելը), կազմակերպում է վթարա-վերականգնողական և հրշեջ ստորաբաժանումների, բուժ. աշխատողների դիմավորումը: Ուղևորների տեղեկացումը իրականացվում է սույն հրահանգի 2.1.2. կետի համաձայն:
2.2.2. Կայարանի նախասրահում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում, շարժասանդուղքի հերթապահ մեքենավարը կամ շարժասանդուղքի հերթապահ կարգավարը, մեքենայական սրահում հերթապահ անձնակազմի բացակայության և հեռուստամեխանիկայի համակարգի առկայության դեպքում, պարտավոր է կանգնեցնել այդ նախասրահի շարժասանդուղքները և փոխել դրանց շարժման ուղղությունը դեպի վայրէջք` այդ մասին նախազգուշացնելով ուղևորներին:
Նշված բոլոր գործողությունները պետք է կատարվեն շարժասանդուղքների մեքենավարի և մեքենավարի օգնականի համար նախատեսված հրահանգի պահանջներին համապատասխան:
2.2.3. Շարժասանդուղքի ժապավենի վրա ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում կայարանի հերթապահը պետք է փակի ուղևորների մուտքը դեպի շարժասանդուղքներ, դրանց վրա մնացած ուղևորներին հեռացնի, կանգնեցնի շարժասանդուղքները և լարումը հանելուց հետո ձեռնամուխ լինի օջախի վերացմանը:
2.3. Թունելում.
2.3.1. Ուղևորներին և շարժակազմին անմիջական վտանգ սպառնալու դեպքում լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է միջոցներ ձեռնարկի գնացքը կանգնեցնելու համար մինչև ծխոտվածության, բոցավառության կամ հրդեհի օջախի հայտնաբերելը, որոշելու դրանց տեղն ու ծագման պատճառները և այդ մասին հայտնի գնացքի հերթապահ կարգավարին, հայտ ներկայացնի վթարային և բանվորական լուսավորությունը միացնելու, հպակային ռելսից լարումը հանելու, կարճատիչները տեղադրելու համար և, դրանց կատարված լինելու մասին հաստատում ստանալուց հետո, հրդեհաշիջման ունեցած միջոցներով ձեռնամուխ լինել օջախի վերացմանը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թունելում կամ թունելում գտնվող շարժակազմից ուղևորների էվակուացմանը` հայտնելով գնացքի կարգավարին նրանց ընթացքի ուղղությունը (երթուղին):
Վագոններից դուրս գալու և կայարանամեջով մոտակա կայարան ուղևորվելու կարգի և կանոնների մասին լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է հայտարարի գնացքի բարձրախոսներով:
2.3.2. Գնացքի կարգավարը պետք է միջոցներ ձեռնարկի այդ տեղամասում գնացքների երթևեկությունը դադարեցնելու և դրանք վտանգավոր գոտու սահմաններից դուրս հանելու և հարմար տեղաբաշխելու համար` թույլ չտալով ուղևորներով գնացքների գտնվելը թունելում:
2.3.3. Գնացքների երթևեկությանը սպառնացող անմիջական վտանգի բացակայության դեպքում, լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է վտանգավոր տեղամասն անցնի առանց կանգառի, մինչ այդ հաղորդելով գնացքի կարգավարին ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի հայտնաբերման տեղը և դրանց ծագման հնարավոր պատճառները: Գնացքի կարգավարը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի դրանց վերացման համար և կայարանի հերթապահին հրաման տա, գնացքներին նախազգուշացումներ տալու վերաբերյալ` նշելով վտանգավոր տեղամասը (տեղը) և կայարանամեջերով ուղևորվելու կարգը:
2.4. Վագոնում` գնացքի կայարանում գտնվելու կամ շարժակազմի մի մասի թունել մտնելու դեպքում.
2.4.1. Գնացքի կայարանում գտնվելու և ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի մասին հաղորդում ստանալու դեպքում լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է անմիջապես բացի վագոնների դռները` ուղևորներին իջեցնելու համար, արգելակի գլխամասային վագոնը ձեռքի (կայանային) արգելակով, այդ մասին հայտնի գնացքի կարգավարին, պահանջի, որ հպակային ռելսից լարումը հանվի և, դրա հաստատումն ստանալուց հետո, ձեռնամուխ լինի իրենց տրամադրության տակ եղած հակահրդեհային միջոցներով հրդեհի օջախի վերացմանն ուղղված գործողությունների` մետրոպոլիտենում գործող հրահանգների համաձայն:
2.4.2. Կայարանի հերթապահը պետք է ոստիկանության աշխատողներին ցուցում տա փակելու ուղևորների մուտքը կայարան, միացնի բոլոր շարժասանդուղքները վերելքի ուղղությամբ և կազմակերպի ուղևորների էվակուացիան կայարանից:
Մյուս գծով երթևեկող գնացքները անհրաժեշտ է կայարանով բաց թողնել առանց կանգառի:
2.4.3. Եթե կայարանից մեկնելիս շարժակազմի մի մասը մտել է թունել ապա ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի մասին հաղորդում ստանալուն պես լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է անմիջապես կանգնեցնի գնացքը, այդ մասին հայտնի գնացքի կարգավարին և, ստանալով նրա բանավոր հրամանը, վերադարձնի գնացքը կայարան և այնուհետև գործի սույն հրահանգի 2.4.1. կետին համապատասխան:
2.5. Վագոնում` գնացքը կայարանամեջով շարժվելու դեպքում.
2.5.1. Ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի մասին հաղորդում ստանալու դեպքում լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է գնացքի կարգավարին զեկուցի հաղորդում կամ ազդանշան ստանալու մասին և միջոցներ ձեռնարկի գնացքը կայարան կամ մոտակա բաց տեղամաս արագ դուրս բերելու համար:
2.5.2. Մեքենավարի օգնականի առկայության դեպքում մեքենավարը պետք է նրան ուղարկի վագոն, ուր հայտնաբերվել է ծխոտվածություն, բոցավառում կամ հրդեհ, հրդեհարման նախնական միջոցներով հրդեհի օջախի հնարավոր վնասազերծման և, անհրաժեշտության դեպքում, ուղևորներին այլ վագոններ տեղափոխելու համար: Գնացքի կայարան ժամանելուն պես, լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) և կայարանի հերթապահը պետք է գործեն համաձայն սույն հրահանգի 2.4.1. և 2.4.2. կետերի:
2.5.3. Երթևեկությունը շարունակելու անհնարինության և կայարանամեջում գնացքի ստիպողական կանգառի, ինչպես նաև գնացքը բաց կայարան դուրս բերելու անհրաժեշտության և ուղևորների անվտանգությանը սպառնացող վտանգի առկայության դեպքերում, լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է այդ մասին հայտնի գնացքի կարգավարին, նշելով կանգառի ճշգրիտ տեղը և պահանջի հպակային ռելսից լարման հանում, հայտ ներկայացնի կայարանամեջի վթարային և բանվորական լուսավորությունը միացնելու համար: Հպակային ռելսից լարումը հանելուց և դրա ստույգ լինելն հաստատող հրաման ստանալուց հետո լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է գործի ըստ իրադրության, գնացքից իջեցնի ուղևորներին և նրանց դուրս բերի կայարան, միաժամանակ ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները ծխոտվածությունը, բոցավառումը կամ հրդեհը վերացնելու համար:
2.5.4. Երկուղի տեղամասում կամ հոսանքազատվածքով չվերածածկվող տեղերում գնացքների կանգառի դեպքում, գնացքի կարգավարը հրաման է տալիս հպակային ռելսից լարումը հանելու համար. երկուղի տեղամասում` երկու գծերից, իսկ չվերածածկվող հոսանքազատվածքներում` երկու ֆիդերներից:
2.5.5. Ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի վերացումից հետո, աշխատանքների ղեկավարը պարտավոր է հայտնել գնացքի կարգավարին աշխատանքների ավարտի և գնացքների երթևեկության համար տեղամասը պատրաստ լինելու մասին:
2.6. Էլեկտրաշարժակազմում` էլեկտրադեպոյից միացման ճյուղով շարժվելու դեպքում.
2.6.1. Ծխոտվածություն, բոցավառում կամ հրդեհ հայտնաբերելու դեպքում, լոկոմոտիվային բրիգադը պետք է կանգնեցնի գնացքը, զեկուցի գնացքի կարգավարին և նրանից թույլտվություն խնդրի էլեկտրաշարժակազմը հավաքակայանային գծեր վերադարձնելու համար: Ստանալով շարժակազմը վերադարձնելու թույլտվությունը, մեքենավարը պետք է անցնի կառավարման մյուս խցիկը և շարժակազմը դուրս բերի հավաքակայանային գծեր և այնտեղ կանգնեցնի գնացքը, արգելակի գլխամասային վագոնը ձեռքի (կայանային) արգելակով, այնուհետև թունելային կապի հեռախոսով պահանջի հպակային ռելսից լարման հանում: Լարումը հանելու մասին հաստատումից և անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան կարճատիչի տեղադրումից հետո, նա պետք է ունեցած հրդեհաշիջման միջոցներով ձեռնամուխ լինի ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի վերացմանը:
2.6.2. Գնացքի կարգավարը, տեղեկություն ստանալով միացման ճյուղում էլեկտրաշարժակազմի բոցավառման մասին, պետք է այդ մասին հայտնի էլեկտրադեպոյի հերթապահին:
2.6.3. Էլեկտրադեպոյի հերթապահը, այս դեպքում, պետք է էլեկրադեպոյի և ռազմականացված հրշեջ պահպանության բաժնի աշխատողներից կազմի բրիգադ և ուղարկի բոցավառման վայրը` սկզբնական հրդեհաշիջման միջոցներով վագոնում առաջացած հրդեհը մարելու համար, ինչպես նաև այլ օպերատիվ միջոցներ ձեռնարկի բոցավառումը ամենաարագ ձևով վերացնելու համար:
2.6.4. Եթե հանգամանքների բերումով մյուս կառավարման խցիկ մտնելն անհնար է, մեքենավարը անմիջապես այդ մասին պետք է զեկուցի գնացքի կարգավարին և խնդրի գնացքը հետ վերադարձնել հավաքակայանային գծեր:
2.6.5. Գնացքի կարգավարը, լոկոմոտիվային բրիգադից (մեքենավարից) ստանալով գնացքը հավաքակայանային գծեր վերադարձնելու պահանջը, պետք է էլեկտրադեպոյի կենտրոնացման կետի հերթապահի միջոցով պարզի հավաքակայանային գծերում գնացքների տեղաբաշխման վիճակը և նրան ցուցում տա երթուղի պատրաստել` անսարք էլեկտրաշարժակազմի ընթանալու համար, զգուշացնի էլեկտրակարգավարին հավաքակայանային գծերից լարման առաջիկա հանման մասին, այնուհետև, երթուղին պատրաստ լինելու մասին կենտրոնացման կետի հերթապահի հավաստիացումն ստանալուց հետո, մեքենավարին բանավոր հրաման տա անսարք գնացքը հավաքակայանային գծեր վերադարձնելու համար:
2.6.6. Ստանալով գնացքի կարգավարի բանավոր հրամանը, լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) պետք է շարժակազմը վերադարձնի հավաքակայանային գծեր ոչ ավելի քան 5 կմ/ժամ արագությամբ, ընդ որում`
- կոնտրոլերի դարձափոխային բռնակը դնի «Հետընթաց» դիրքի վրա,
- տա ձայնային ազդանշան` երկու երկար,
- գնացքը հետընթաց շարժման մեջ դնի և շարժման ընթացքում պարբերաբար տա «ընդհանուր տագնապ» ազդանշանը,
- էլեկտրաշարժակազմը կանգնեցնի օդաճնշիչ (պնևմատիկ) արգելակով գնացքի կարգավարի հրամանում նշված տեղում: Գնացքը կանգնեցնելուց հետո գործել սույն հրահանգի 2.4.1. կետի համաձայն:
2.6.7. Շարժակազմի կառավարումը կորցնելու հետևանքով երթևեկությունը շարունակելու անհնարինության դեպքում, լոկոմոտիվային բրիգադին (մեքենավարին) հանձնարարվում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, գործել ընդհուպ մինչև շարժակազմի էլեկտրական հատումները:
2.7. Մետրոպոլիտենի գծերի միջև գտնվող միացման ճյուղերով շարժվելու դեպքում.
2.7.1. Շարժակազմում ծխոտվածություն, բոցավառում կամ հրդեհ հայտնաբերելու դեպքում, լոկոմոտիվային բրիգադը պետք է այդ մասին զեկուցի գնացքի կարգավարին և ձեռնարկի բոլոր միջոցները, շարժակազմը անմիջապես մոտակա կայարան կամ վերգետնյա տեղամաս դուրս բերելու համար:
2.7.1.1. Շարժակազմը (գնացքը) կայարան (վերգետնյա տեղամաս) ժամանելուն պես, լոկոմոտիվային բրիգադը (մեքենավարը) գործում է սույն հրահանգի 2.4.1. կետի համաձայն:
3. ԹՈՒՆԵԼԱՅԻՆ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՈՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ
3.1. Թունելային օդափոխության աշխատանքի վթարային ռեժիմներին անցնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ միջոցառումները.
3.1.1. Դադարեցնել էլեկտրագնացքների երթևեկությունը ծխոտվածության գոտու, բոցավառման կամ հրդեհի օջախի մոտակայքում և գնացքները դասավորել թունելներում ուղեգծի տեղամասերում այնպես, որպեսզի ապահովվի ուղևորների դուրս բերումը անվտանգ տեղ:
3.1.2. Ապահովել ուղևորների և ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի վերացման գործողություններով չզբաղվող աշխատողների էվակուացիան վտանգավոր գոտիների սահմաններից դուրս, օդափոխման հոսանքներին ընդառաջ:
3.1.3. Ապահովել թունելային օդափոխության բոլոր կայանքներում մեկից ոչ պակաս օդափոխման ագրեգատի աշխատանքը (բացառությամբ նորոգման մեջ գտնվողներից), որպեսզի նպաստավոր պայմաններ ստեղծվեն ուղևորներին անվտանգ տեղ դուրս բերելու, ծխի, հրդեհի և այրման արգասիքների տարածումը սահմանափակելու, ինչպես նաև թունելները օդափոխելու համար:
3.2. Թունելային օդափոխության հորանների աշխատանքի ստորև թվարկված ռեժիմները չեն ընդգրկում բոլոր հնարավոր դեպքերը, ուստի յուրաքանչյուր կոնկրետ դեպքում էլեկտրամեխանիկական ծառայության հերթապահ կարգավարը պարտավոր է համապատասխան որոշումներ ընդունել:
3.3. Կայարանների միջև գտնվող կայարանամեջում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- դադարեցվում է գնացքների երթևեկությունը,
- կայարանամեջում գնացքները տեղաբաշխվում են այնպես, որպեսզի հրդեհի օջախի և կայարանամեջային հորանի միջև, որն աշխատում է օդաքաշման ռեժիմով, ոչ մի գնացք չգտնվի (նկ.1),
- մոտակա կայարանների օդափոխման հորանները միացվում են ներհոսման ռեժիմի ագրեգատների առավելագույն քանակությամբ:
Կայարանամեջային օդափոխման հորանը միացվում է օդաքաշման ռեժիմի,
- կայարանամեջի վտանգավոր գոտուց ուղևորների և շարժակազմերի դուրս բերման անհրաժեշտության դեպքում, կայարանամեջային օդափոխման հորանը միացվում է ներհոսման ռեժիմի: Մոտակա կայարանի օդափոխման հորանը միացվում է օդաքաշման ռեժիմի: Ընդ որում կայարանի մուտքը փակվում է և ազատվում ուղևորներից (նկ. 2):
Ավելի արդյունավետ ծխահեռացում ապահովելու նպատակով, կայարանին հաջորդող կայարանամեջային հորանը կարող է միացված լինել օդաքաշման ռեժիմի, պայմանով, որ ծխի անցման ճանապարհին, այսինքն հրդեհի օջախից մինչև այդ հորանը, մարդիկ չգտնվեն,
- եթե կայարանամեջը սահմանափակող կայարաններից մեկը կամ երկուսը գնացքափոխման կայարաններ են, ապա կից կայարանների օդափոխման հորանները նույնպես միացվում են ներհոսման ռեժիմի (նկ. 3),
- եթե կայարանամեջերը միացվում են այլ գծերի հետ, ապա նրանց հարող միացման ճյուղերում և նրանց հաջորդող կայարաններում ևս հորանները միացվում են ներհոսման ռեժիմի (նկ. 4):
3.4. Մետրոպոլիտենի գծերի միջև գտնվող ճյուղերում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- այդ ճյուղում տեղավորված օդափոխման հորանը միացվում է օդաքաշման ռեժիմի,
- կայարանամեջերի հորանները, որտեղ միանում են ճյուղերը, փոխարկվում են ներհոսման ռեժիմի (նկ. 5):
Եթե միացման ճյուղում հորան չկա, ապա երկու գծերի կայարանների օդափոխման հորանները և գծերից մեկի կայարանամեջի օդափոխման հորանը միացվում են ներհոսման ռեժիմի:
Մյուս գծում կայարանամեջային հորանը միացվում է օդաքաշման ռեժիմի, պայմանով, որ կայարանամեջային թունելին միացման ճյուղի կցման տեղի և կայարանամեջային հորանի միջև ընկած տեղամասում շարժակազմեր չգտնվեն (նկ. 6):
Ճյուղում արտարկային կայանքի առկայության դեպքում, այն միացվում է օդաքաշման ռեժիմով աշխատող կայարանամեջային հորանի ուղղությամբ:
3.5. Փակուղիներում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- մետրոպոլիտենի աշխատողները փակուղիներից դուրս են բերվում անվտանգ տեղ:
- օդափոխման հորանները (կայարանային և կայարանամեջի, որոնք կայարանից դուրս են գտնվում) միացվում են ներհոսման ռեժիմի:
Փակուղային հորանը միացվում է ներհոսման ռեժիմի (նկ. 7):
3.6. Դեպոյի միացման ճյուղերում և գետնի երես դուրս եկող տեղամասերում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- շարժակազմերը դուրս են բերվում վտանգավոր տեղամասերից,
- կայարանից դուրս գտնվող կայարանային հորանը միացվում է ներհոսման ռեժիմի (նկ. 8): Եթե դեպոյի միացման ճյուղում գոյություն ունի օդափոխման հորան, ապա այն պետք է աշխատի օդաքաշման ռեժիմով, պայմանով, որ հրդեհի օջախի և կայարանամեջային հորանի միջև ոչ մի գնացք չգտնվի:
Կայարանից դուրս գտնվող կայարանային և կայարանամեջային հորանները միացվում են ներհոսման ռեժիմի:
3.7. Կայարանի կառամատույցի վրա ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- կայարանային օդափոխման հորանը միացվում է օդաքաշման ռեժիմի, իսկ կայարանամեջայինը` ներհոսման ռեժիմի,
- մոտակա կայարանների օդափոխման հորանները միացվում են ներհոսման ռեժիմի (նկ. 9):
Ծխահեռացումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, մոտակա կայարանամեջային հորանը կարելի է փոխարկել օդաքաշման ռեժիմի, պայմանով, որ ծխահեռացման ճանապարհին մարդիկ չգտնվեն:
Եթե կայարանամեջերը հաղորդակցում են այլ գծերի հետ, ապա դրանց հարող միացման ճյուղերում օդափոխման հորանները միացվում են ներհոսման ռեժիմի (նկ.10): Եթե կայարանը նստափոխման է, ապա ներհոսման ռեժիմի է միացվում հարակից կայարանի օդափոխման հորանը:
3.8. Նստափոխման միջանցքում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- նստափոխման միջանցքում, հարակից կայարանից օդահավաքմամբ օդափոխության առկայության դեպքում, այդ օդափոխման կայանքները միացվում են ներհոսման ռեժիմի (նկ.11),
- կայարանի օդափոխման հորանը, որից նստափոխման միջանցքի հարկադրական օդափոխության համար օդ է վերցվում, միացվում է ներհոսման ռեժիմի: Այդ կայարանին հարող կայարանամեջերի օդափոխման հորանները միացվում են ներհոսման ռեժիմի,
- հարակից կայարանի կայարանային հորանը միացվում է օդաքաշման ռեժիմի: Հարակից կայարանին հարող կայարանամեջերի օդափոխման հորանները միացվում են ներհոսման ռեժիմի (նկ.12):
Նստափոխման միջանցքներում վերաշրջանառու համակարգերի առկայության դեպքում դրանք անջատվում են:
3.9. Ենթակառամատույցային ծառայողական շինություններում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- անհրաժեշտ է մարդկանց դուրս բերել ենթակառամատույցային շինություններից: Շինությունների տեղային օդափոխման համակարգերը անջատվում են:
Կայարանային և կայարանամեջային հորանները աշխատում են այնպես, ինչպես ցույց է տրված 3.7. կետում և նկ. 9-ում:
Բոցավառման կամ հրդեհի օջախը վերացնելուց հետո, շինության օդափոխման համար միացվում է տեղային օդափոխության համակարգը:
3.10. Դրամարկղային սրահում, նախասրահում, ծառայողական շինություններում, փողոցի ստորգետնյա անցումներում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում.
- նախասրահի տեղային օդափոխման համակարգը և օդա-ջերմային պատվարը անջատվում են,
- կայարանային և կայարանամեջային հորանները միացվում են ներհոսման ռեժիմի,
- դադարեցվում է ուղևորների մուտքը նախասրահ, ինչպես կայարանի, այնպես էլ փողոցի կողմից,
- բացվում են նախասրահի դռները,
- նախասրահի դրամարկղային սրահին հարող փողոցային ստորգետնյա անցումում ծխոտվածության, բոցավառման կամ հրդեհի դեպքում, կայարանի և կայարանամեջերի օդափոխման հորանները միացվում են ներհոսման ռեժիմի,
- դրամարկղային սրահի օդա-ջերմային պատվարն անջատվում է,
- նախասրահի արտաքին դռները փակվում են:
4. ՏԵՔՍՏԵՐ
ԼՈԿՈՄՈՏԻՎԱՅԻՆ ԲՐԻԳԱԴԻ (ՄԵՔԵՆԱՎԱՐԻ) ԿՈՂՄԻՑ ԳՆԱՑՔԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՔՍՏԵՐԸ
1. Կայարանամեջում էլ. գնացքի հարկադրական կանգառից 30-60 վրկ. հետո |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Խնդրվում է խուճապի չմատնվել, էլ. գնացքը շուտով կուղևորվի (տեքստը հաղորդվում է անկախ պատճառից): | |
2. Կայարանամեջում էլ. գնացքի կանգառից 3 րոպե հետո |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Տեխնիկական պատճառներով էլ. գնացքի ուղևորվելը ուշանում է, խնդրվում է պահպանել կարգ ու կանոն և հանգստություն: | |
3. Գնացքի կարգավարից տեղեկություն ստանալուց հետո կայարանամեջում գնացքի երկարատև կանգառի դեպքում |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Պահպանեք հանգստություն, կարգ ու կանոն: Գնացքը ուղևորվելու է ------ րոպեից (նշել ուղևորվելու մոտավոր ժամանակը): Հաղորդման պարբերականությունը` 4-5 րոպե: | |
4. Կայարանամեջում երկարատև կանգառից հետո, գնացքի ուղևորվելուց առաջ
|
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Զգուշացեք, գնացքը շարժվում է: | |
5. Ուղևորների գնացք նստելը և իջնելը արագացնելու համար` չվերթի խախտման կամ գնացքի ուշացման դեպքում |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Արագ դուրս եկեք վագոններից: Արագ մտեք վագոններ: | |
6. Տեղեկություն ստանալուց հետո, առանց կանգառի կայարանն անցնելու դեպքում |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Գնացքը կայարանն անցնում է առանց կանգառի: Հաջորդ կայարանը` __________ | |
7. Գծի տվյալ տեղամասում երթևեկությունը դադարեցնելու դեպքում, այդ մասին տեղեկություն ստանալուց հետո կամ համաձայն հրահանգավորման
|
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. ________________ տեղամասում երթևեկությունը դադարեցված է: Օգտվեք քաղաքային վերգետնյա ուղևորատար տրանսպորտից _________________ կայարանից: | |
8. Թունելում կամ բաց տեղամասում ուղևորներին էլ. գնացքից իջեցնելու դեպքում |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Էլ. գնացքը այլևս չի գնալու, խնդրվում է դուրս գալ վագոններից: Կայարանամեջի թունելից (բաց տեղամասից) ելքը կատարվելու է գնացքի շարժման ուղղությամբ դեպի _______________ կայարանը կամ հակառակ ուղղությամբ` դեպի ______________ կայարանը: Գծերով անցնելիս եղեք ուշադիր: | |
9. «Ուղևոր-մեքենավար» խոսակցական սարքի միջոցով տեղեկություն ստանալու դեպքում |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Խնդրվում է պահպանել հանգստություն և կարգ ու կանոն: Էլ. գնացքը _____ րոպեից կժամանի կայարան: | |
10. Միջանկյալ կայարաններում ուղևորներին իջեցնելու անհրաժեշտության դեպքում |
ՀԱՐԳԵԼԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐ. Էլ գնացքը չի շարունակելու երթևեկությունը: Խնդրվում է ազատել վագոնները (հայտարարվում է երկու անգամ): |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24.07.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 189800160