3100.0001.18.03.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
23.03.1999 թ. ք. Երևան |
N 108 |
«ԽԱՂԱՏԱՆ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊՏՈՒՏԱԿԱԽԱՂ», «ԲԼԵՔ ՋԵՔ» ԵՎ «ՊՈԿԵՐ» ՍԵՂԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով ՀՀ կառավարության 28 հոկտեմբերի 1998 թ. N 657 որոշմամբ հաստատված «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության, լիցենզավորման և վերահսկման» կանոնակարգի 21-րդ կետի պահանջից միանուն խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում պետք է գործեն նույն կանոնները, որի նպատակն է բացառել կազմակերպիչների և խաղացողների կողմից հնարավոր չարաշահումներն ու խաբեությունը, պաշտպանել խաղին մասնակցող անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապահովել անցկացվող խաղերի համապատասխանությունը հայտարարված կանոններին և այդ կանոնների ազնիվ պահպանումը,
Հրամայում եմ`
Հաստատել խաղատան «Ամերիկյան պտուտակախաղ», «Բլեք ջեք» և «Պոկեր» սեղանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործող կանոնները (կցվում է):
|
Ա. Ասլիկյան |
Բ Լ Ե Ք Ջ Ե Ք
Խաղի կազմակերպման համար հարկավոր են`
ա) խաղաթղթերի 6 կապուկ
բ) հատուկ խաղասեղան
գ) խաղաթղթերի հատուկ արկղ, որը պատրաստված է այնպես, որ խաղաթղթերը հերթականությամբ է դուրս գալիս արկղից:
Խաղը վարում է խաղավարը, որը բոլոր խաղացողների հետ խաղում է միաժամանակ: Խաղին մասնակցելու համար անհրաժեշտ է խաղագումարներ դնել: Խաղացողի խնդիրն է վերցնել այնքան խաղաթուղթ, մինչև որ նրանց ընդհանուր գումարը դառնա 21 միավոր (խաղաթղթերի գումարը չպետք է գերազանցի 21 միավորը) կամ մոտենա 21 միավորին և գերազանցի խաղավարի մոտ հավաքված խաղաթղթերի միավորների գումարին: Բոլոր խաղաթղթերը, բացի արքայից, թագուհուց և զինվորից, որոնք հաշվվում են 10 միավոր (և տուզից, որը կարող է հաշվել 1 կամ 11` կախված խաղացողի ցանկությունից), հաշվվում են համապատասխան այն թվերի, որոնք նշված են խաղաթղթերի վրա: Յուրաքանչյուր խաղացողին տրվում է երկու խաղաթուղթ (բաց վիճակում): Խաղավարը վերցնում է մեկ խաղաթուղթ (բաց վիճակում): Երբ խաղացողն ունի երկու խաղաթուղթ նա կարող է որոշել վերցնել ևս մեկ կամ մի քանի խաղաթուղթ, թե կանգնել: Եթե խաղացողի խաղաթղթերի գումարը գերազանցի 21 միավորը, ապա նա ինքնըստինքյան պարտվում է: Եթե խաղի բոլոր մասնակիցներին տրված են լինում խաղաթղթեր, խաղավարը իրեն վերցնում է այնքան խաղաթուղթ, մինչև որ խաղաթղթերի գումարը հասնի 17 միավոր:
Խաղի յուրաքանչյուր մասնակից համարվում է շահող, երբ նրա խաղաթղթերի գումարը չի գերազանցել 21 միավորը և բարձր է խաղավարի խաղաթղթերի միավորների գումարից, կամ խաղավարի միավորների գումարը գերազանցում է 21-ը: Խաղավարի և խաղի մասնակցի հավասար միավորների դեպքում խաղագումարները նույնությամբ պահպանվում են: Խաղի այն մասնակիցը, որի երկու խաղաթղթերի միավորների գումարը կազմում է 21 (Black Jack) ստանում է պարգևատրում իր կատարած խաղագումարի կեսի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ խաղավարի մոտ 2 խաղաթղթերի միավորների գումարը նույնպես 21 միավոր է: Եթե խաղացողին բացվել է 2 նույն միավորային խաղաթղթեր, ապա նա կարող է իր դրած խաղագումարի չափով ևս մեկ խաղագումար դնել, առանձնացնել խաղաթղթերը ևս 2 տեղում վերցնել խաղաթղթեր (Split): Երկու տուզի դեպքում Split-ը կատարվում է միայն մեկ անգամ և տրվում է մեկական խաղաթուղթ: Մնացած բոլոր դեպքերում Split կարելի է կատարել մինչև 3 անգամ:
Խաղաթղթերը բաժանելու ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում խաղագումարները փոխել: Արկղի խաղաթղթերը վերջանալուց հետո խառնվում են և տեղադրվում արկղի մեջ:
Խաղացողն իրավունք ունի կրկնապատկել իր խաղագումարը ցանկացած 2 խաղաթղթի վրա, որի դեպքում ստանում է միայն մեկ խաղաթուղթ:
Եթե խաղացողի մոտ բացվել է Black Jack, իսկ խաղավարի մոտ տուզ, ապա խաղավարը խաղացողին կարող է առաջարկել խաղագումարի կրկնապատիկը` անկախ խաղավարի մոտ հաջորդ խաղաթղթի միավորից:
ԽԱՂԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երբ խաղավարի մոտ բացված խաղաթուղթը տուզ է, խաղատունը հնարավորություն է ընձեռնում խաղացողներին ապահովագրելու իրենց խաղագումարները Black Jack-ից: Ապահովագրման չափը կազմում է խաղագումարի կեսը: Եթե խաղավարի մոտ բացվել է Black Jack, ապահովագրումը վճարվում է 1/2 հարաբերությամբ, իսկ եթե չի բացվել, ապա նա վերցնում է ապահովագրումը և խաղը շարունակվում է:
Խաղացողն իրավունք ունի հրաժարվել խաղից` զոհաբերելով խաղագումարի կեսը, բացառությամբ այն դեպքի, երբ խաղավարի մոտ բացված է տուզ, սակայն այս սահմանափակումը խաղատան կազմակերպչի հայեցողությամբ, ի օգուտ խաղացողի, կարող է նաև չկիրառվել:
Ա Մ Ե Ր Ի Կ Յ Ա Ն Պ Տ ՈՒ Տ Ա Կ Ա Խ Ա Ղ
Պտուտակախաղն իրենից ներկայացնում է մի սեղան, որի մի անկյունում տեղադրված է պտուտակը (պտուտակաանիվը), որի դաշտը բաժանված է կարմիր և սև գույներով ներկված սեկտորների, ինչպես նաև համարակալված է 1-ից 36 և 0 թվերով: Սեղանի մնացած մասում պատկերված է դաշտը, որի վրա խաղի մասնակիցները դնում են խաղագումարները:
Դաշտը բաղկացած է 2 մասից` արտաքին և ներքին: Դաշտի ներքևի մասը իր հերթին բաժանված է 37 թվերի` 0-ից մինչև 36, որոնք նույնպես ներկված են կարմիր և սև գույներով:
Պտուտակախաղ խաղալու համար յուրաքանչյուր խաղի մասնակից պետք է խաղատան դրամարկղից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր, այնուհետև, մոտենալով խաղասեղանին, դրանք փոխարինել գունավոր խաղանիշերի (սեղանի վրա գունավոր խաղանիշերի արժեքը սահմանվում է խաղացողի կողմից, որը ցուցադրվում է խաղասեղանի անկյունում գտնվող հատուկ ցուցանակի վրա): Խաղալու ընթացքում խաղացողը կարող է նաև տեղում ձեռք բերել խաղանիշեր` խաղավարին վճարելով խաղանիշերի արժեքին համապատասխան գումար:
Խաղի մասնակիցները կարող են լինել նվազագույնը մեկ, իսկ առավելագույն մասնակիցների քանակը պայմանավորված է խաղանիշերի գույների քանակով:
Այն, թե որտեղ է խաղացողը տեղադրում խաղանիշը կամ խաղանիշերը պտուտաձողի սեղանի վրա շատ կարևոր է: Խաղանիշի ճիշտ տեղադրումը որոշելը խաղացողի պարտականությունն է:
Խաղավարը պտտում է պտուտաձողի անիվը մեկ ուղղությամբ, իսկ փոքրիկ սպիտակ գնդակը նետում հակառակ ուղղությամբ, ընդ որում խաղավարը իրավունք չունի խաղի ընթացքում փոխել պտուտաձողի անիվի ուղղությունը: Խաղանիշերը կարող են դրվել պտուտաձողի սեղանին մինչև խաղավարը չհայտարարի` «խաղագումարների տեղադրումները ավարտված են»: Երբ գնդակը կանգնում է, խաղավարը հայտարարում է հաղթող համարը: Սկզբում սեղանը ազատվում է պարտված խաղագումարներից, որից հետո հաղթողները ստանում են իրենց հասանելիք գումարները: Այդ ժամանակահատվածում խնդրվում է խաղասեղանը ձեռք չտալ և սպասել մինչև խաղավարը չհայտարարի` «Դրեք խաղանիշերը»: Նույն վանդակում խաղագումար կարող է դնել մի քանի խաղացող:
Երբ տեղադրված է խաղանիշը 1-ից 18-ի, 19-ից 36-ի, կենտի, զույգի, կարմիրի կամ սևի վրա և գնդակը կանգ առնի 0-ի վրա, ապա դրված ամբողջ խաղագումարը անցնում է խաղավարին:
Խաղանիշերը պետք է կանխիկ դարձվեն նախքան խաղասեղանը լքելը:
| |||
N | Դրումների կատարման տարբերակները | Շահումները ըստ դրումների տեղադրության | |
| |||
1. | լրիվ վանդակում (ներառյալ 0 թիվը) (մեկ թիվ) | խաղագումարը 35-ապատկվում է | |
2. | վանդակները կիսող գծի վրա (ներառյալ 0-ն) (երկու թվերից մեկը) | խաղագումարը 17-ապատկվում է | |
3. | տվյալ ուղղության վանդակների թվերից որևէ մեկը (երեք թվերից մեկը) | խաղագումարը 11-ապատկվում է | |
4. | վանդակների խաչմերուկում (չորս թվերից մեկը) | խաղագումարը 8-ապատկվում է | |
5. | վեց թվերից որևէ մեկը (վեց թվից մեկը) | խաղագումարը 5-ապատկվում է | |
6. | տասներկու թվերից որևէ մեկը (1-12, 13-24, 25-36) | խաղագումարը եռապատկվում է | |
7. | տասնութ թվերից որևէ մեկը (1-18, 19-36) | խաղագումարը կրկնապատկվում է | |
8. | կարմիր կամ սև (գույնի գուշակում) | խաղագումարը կրկնապատկվում է | |
9. | կենտ կամ զույգ | խաղագումարը կրկնապատկվում է |
Պ Ո Կ Ե Ր
«POKEP» թղթախաղը հիմնվում է 5 թղթախաղերի աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր պատկերված են խաղագումարի` Ante-ի «Կոնի» կրկնապատկման և դեպոզիտի` «Բոնուսի» վանդակները:
Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի Ante-ի վրա դնում են սկզբնական խաղագումարները մինչև խաղավարի «Դրումները ավարտվել են» հայտարարությունը:
Խաղավարը իրեն և խաղացողներին բաժանում է 5-ական խաղաթուղթ երեսով ներքև (փակ), իսկ խաղավարի վերջին խաղաթուղթը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալ խաղաթղթերը: Խաղացողները իրենց խաղաթղթերը դիտելուց հետո որոշում են` շարունակել խաղը, թե` ոչ: Եթե ոչ, ապա խաղավարը խաղաթղթերի հետ միասին վերցնում է Ante-ի գումարը: Եթե խաղացողը որոշում է շարունակել խաղը, ապա Ante-ի կրկնակի չափով գումարը դրվում է խաղասեղանի կրկնապատկման մասում: Դրանից հետո խաղավարը բացում է մնացած 4 խաղաթղթերը: Երբ խաղավարի խաղաթղթերը չեն որակավորվում` այսինքն խաղավարը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի նվազագույն համակցումը (տուզ, թագավոր), ապա խաղացողներին վճարվում է գումար` Ante-ի չափով: Եթե խաղավարի խաղաթղթերի համակցումը որակավորվում է, ապա խաղավարը համեմատում է իր և խաղացողների խաղաթղթերը: Եթե խաղի մասնակիցների խաղաթղթերի համակցումն ավելի բարձր կարգի է քան խաղավարինը, ապա Ante-ի գումարը (մեկը մեկին) և կրկնապատկման գումարը վճարվում է հետևյալ աղյուսակի համաձայն`
մեկ զույգ կամ ցածր (տուզ-թագավոր) | 1-ը 1-ին | |
երկու զույգ | 2-ը 1-ին | |
երեք նույնատիպ | 3-ը 1-ին | |
Straight (ցանկացած 5 հաջորդականություն) | 4-ը 1-ին | |
Flush (ցանկացած 5 նույնատեսակ) | 5-ը 1-ին | |
Full House (1 զույգ և 3 նույնատիպ) | 7-ը 1-ին | |
չորս նույնատիպ | 20-ը 1-ին | |
Straight flush (նույն տեսակի 5 հաջորդականություն | 50-ը 1-ին | |
Royal flush (նույն տեսակի 5 հաջորդականություն, որը ավարտվում է տուզով) | 100-ը 1-ին |
Յուրաքանչյուր խաղի մասնակից իր ցանկությամբ հնարավորություն ունի գնելու ևս մեկ խաղաթուղթ, նախօրոք վճարելով Ante-ի մասում դրված գումարի չափով և վերադարձնելով իր մոտ եղած 5 խաղաթղթերից որևէ մեկը` որն իրեն ավելի քիչ է անհրաժեշտ:
Խաղին միանգամից կարող են մասնակցել այնքան խաղացողներ, որքան սեղանի վրա կան Ante-ի համար նախատեսված տեղեր:
Գոյություն ունի ընտրություն իրականացնելու արդյունավետ տարբերակով շահում: Դնելով խաղագումարը, խաղացողն իրավունք ունի դեպոզիտ դնել խաղասեղանի վրա հատկացված համապատասխան «Բոնուս»-ի տեղում: «Բոնուս»-ում խաղագումարի մեծությունը որոշվում է խաղատան կազմակերպչի կողմից: Այս խաղագումարը մասնակցին հնարավորություն է ընձեռնում անկախ խաղավարի խաղաթղթերի զուգակցումից, պրոգրեսիվ վճարման դեպքում, որոշակի շահում ունենալ, նույնպես խաղատան կազմակերպչի կողմից սահմանված չափով.
պրոգրեսիվ վճարման պարտադիր համակցումները | flush Full House Չորս նույնատիպ Straight flush Royal flush |
Խաղացողները չպետք է քննարկեն և միմյանց ցույց տան իրենց խաղաթղթերի համակցումը:
Եթե խաղի մասնակցին բաժանվել է սխալ թվով խաղաթուղթ, ապա նրա համակցումը չի հաշվվում: Եթե խաղավարը բաժանել է 5-ի փոխարեն 4 խաղաթուղթ, ապա նա պետք է բաժանի լրացուցիչ խաղաթուղթ` համակցումը լրացնելու նպատակով: Խաղավարի կողմից յուրաքանչյուր թերի խաղաթղթերի բաժանումը կհանգեցնի բոլոր համակցումների զրոյացմանը և խաղաթղթերը պետք է նորից խառնվեն:
Խաղի մասնակիցները պետք է ողջ խաղի ընթացքում իրենց 5 խաղաթղթերը պահեն խաղավարի տեսադաշտում: Յուրաքանչյուր մասնակից իր խաղաթղթերը դիտելուց և դրանք երեսով ներքև դնելուց հետո, իր խաղաթղթերին այլևս իրավունք չունի ձեռք տալ:
Խաղավարը պարտավոր է պատասխանել խաղացողների յուրաքանչյուր հարցերին` խաղի կարգի վերաբերյալ:
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
19 ապրիլի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 20990059