Գլխավոր տեղեկություն
Համար
N 53
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2002-25.06.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.09.03/21.1 Հոդ.248
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2002
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.08.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2006

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14 նոյեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11702298

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

22 օգոստոսի 2002 թ.

ք. Երևան 

N 53

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ, ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՐՈՇՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» 91 որոշման 2-րդ կետի հանձնարարականի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշման, դասակարգման և դրանց իրականացման կարգ»-ը:

2. Սույն կարգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության գրանցմանը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանի վրա:

 

Նախարար`

Դ. Լոքյան

 

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարության
2002 թ. օգոստոսի 22-ի N 53 հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ, ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՐՈՇՄԱՆ, ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքների բնորոշումը, դասակարգումը և դրանց իրականացման ընթացակարգերը:

2. Ընթացիկ նորոգման աշխատանքներն (տես` հավելված 1) ապահովում են շենքերի, շինությունների, ինժեներական սարքավորումների, ինչպես նաև դրանց առանձին մասերի սիստեմատիկ պահպանումն ու շահագործման որակը և ներառում են վնասվածքների և անսարքությունների վերացման պրոֆիլակտիկ միջոցառումներ:

3. Ընթացիկ նորոգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, կազմվել թերությունների ակտ, աշխատանքների ցանկ, և, անհրաժեշտության դեպքում` նախահաշիվ:

4. Շենքերի և շինությունների ներքին հարդարման աշխատանքներն (տես` հավելված 2) ապահովում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում շինարարական աշխատանքները ոչ լրիվ կազմով իրականացնելիս` նոր կառուցված շենքերի ներքին հարդարումը, ինչպես նաև գոյություն ունեցող շենքերի ներքին հարդարման լրիվ վերափոխումը կամ վերականգնումը:

5. Ներքին հարդարման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել շենքերի և շինությունների ուսումնասիրություն, չափումներ, կազմվել աշխատանքների ցանկ, և, անհրաժեշտության դեպքում` նախահաշիվ:

6. Ճարտարապետահատակագծային և (կամ) նախագծային առաջադրանքով ինտերյերի մշակման պայման նախատեսվելու դեպքում ներքին հարդարման աշխատանքները ներառվում են գեղարվեստակոնստրուկտորական նախագծային փաստաթղթերի կազմում:

7. Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն (տես` հավելված 3) ապահովում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:

8. Բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար կարող է կատարվել տարածքների չափագրում, կազմվել անհրաժեշտ աշխատանքների ցանկ, իսկ վերականգնման, նորոգման, փոխարինման աշխատանքների դեպքում` թերությունների ակտ:

9. Շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման և ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման` սույն կարգին կից հավելվածներում աստղանիշով նշված աշխատանքների համար կարող է կազմվել էսքիզային նախագիծ և համաձայնեցվել համայնքի ղեկավարի (Երևանում` Երևանի քաղաքապետի) հետ:

10. Ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հավելված 1

 

Ց Ա Ն Կ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

ա. ՇԵՆՔԵՐ

 

I. Հիմքեր

 

1. Նկուղային հարկերի շրջափակող արտաքին պարիսպների առանձին քարերի (աղյուսների) փոխում, փոխարինում:

2. Շենքերի նկուղների ներսից հիմնապատերի առանձին թուլացած քարերի (աղյուսների) ամրացում:

3. Հավաքովի և միաձույլ բետոնե հիմնապատերի անհարթույթների և խոռոչների հարդարում:

4. Երեսապատման և հիմնապատերի նորոգում նկուղային հարկերի կողմից (քարերի վերաշարում ընդհանուր մակերեսի 2%-ից ոչ ավելի):

5. Նկուղների կողմից հիմնապատերի սվաղի նորոգում:

 

II. Պատեր և սյուներ

 

1. Պոկված կամ թուլացած առանձին քարերի (աղյուսների) ամրացում և նորերի տեղադրում շաղախների օգնությամբ:

2. Քարե (աղյուսե) պատերի նեղ ճեղքերի շաղախալցում:

3. Երկաթբետոնե պատերի և սյուների ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում:

4. Խոշորաբլոկային և խոշորապանելային պատերի ուղղահայաց և հորիզոնական ծայրակցատեղերի մաքրում և շաղախապատում օդահոսքերից ու խոնավությունից ներքին տարածքները ու մետաղական ամրացումները մեկուսացնելու նպատակով:

5. Քարե ցոկոլների նորոգում:

6. Քարե (աղյուսե) և բետոնե սյուների անկյունների և պաշտպանիչ անկյունների տեղադրում:

7. Կլոր կամ քառակող գերաններից ու տախտակներից կառուցված պատերի խծուծվածքների փոխում, ճեղքերի և արանքների փակում կանեփաթելի խուրձերով:

8. Փայտյա կոնստրուկցիաների մետաղական ձգանների փոխում կամ նորերի տեղադրում:

 

III. Միջնորմեր

 

1. Թուլացած միջնորմերի ամրացում:

2. Բոլոր տեսակի միջնորմերի հնացած կոնստրուկցիաների նորոգում, փոխում:

3. Միջնորմերի վերնամասերում և դրանց պատերի հետ միացման տեղերում նստվածքից առաջացած ճեղքերի փակում:

4. Փայտյա ցանցավոր միջնորմերի առանձին ջարդված ցանցերի փոխարինում:

5. Փայտե մաքուր միջնորմերի միակցում (վերահավաքում):

6. Միջնորմերի ապակեպատված հատվածներում ջարդված ապակիների փոխարինում:

 

IV. Կտուրներ և ծածկեր

 

1. Ծպեղագերանների սարքերի ուժեղացում տախտակի կտորներով, կամ այլ լրացուցիչ ամրակապերով:

2. Կտուրների փայտե կոնստրուկցիաների կցանումների, ծայրակցվածների և այլ միացումների թուլացած տեղերում լրացուցիչ հեղյուսներ և երկաթակապեր դնելով:

3. Ծածկերի փայտե ֆերմաների փոքր նորոգում (հեղյուսների ձգում):

4. Երկաթբետոնե կոնստրուկցիաների (ֆերմաներ, հեծաններ, ծածկասալեր) մերկացած ամրանների պաշտպանիչ շերտերի վերականգնում:

5. Ապակեպատ ձեռնաելուստների շրջանակների բացման և փակման հարմարանքների նորոգում:

6. Փայտե կոնստրուկցիաների հակասեպտիկ և հակահրդեհային ծածկապատումներ:

7. Ձեղնահարկային լուսամուտների նորոգում:

8. Կտուր տանող ելքերի վերականգնում կամ նորոգում:

9. Մետաղական կտուրների սանդերքների ու թիթեղաթերթերի պռունկների ամրացում, դրանց գագաթների ու տակամասերի ծածկումով:

10. Մետաղական ծածկի վրա կարկատանների տեղադրում:

11. Կտուրների մասնակի (կտուրի ընդհանուր մակերեսի մինչև 10%-ը) փոխում:

12. Մետաղական ծածկերի առանձին մասերի նորոգում (մինչև 10%-ը ընդհանուր մակերեսից փոխելով նորով):

13. Կղմինդրե և այլ հատասալիկներից հավաքվող ծածկերի նորոգում, առանձին կղմինդրերի ու սալիկների փոխմամբ:

14. Գլանափաթեթավոր նյութերից ծածկի (փափուկ կտուր) մասնակի նորոգում:

15. Նավդանների, ջրհորդանների, ջրաթափերի նորոգում, առանձին պոկված թիթեղների ամրացում:

16. Ծխնելույզների, ծխաօդափոխիչ բլոկների և կտուրներից վեր բարձրացող այլ մասերի թիթեղապատվածքի նորոգում կամ փոխում, ինչպես նաև ծխաօդափոխիչ հորանների և կոյուղային կանգնակների գլխանոցների նորոգում:

17. Ձեղնասանդուղքների նորոգում և վերականգնում:

18. Թիթեղյա կտուրների պարբերաբար ներկապատում:

19. Գլանափաթեթավոր նյութերից ծածկերի (փափուկ կտուրների) պարբերաբար նավթաբիտումային մածուկապատում:

20. Ներքին ջրատարների ձագարափոսերի և վրադիրների նորոգում:

21. Ապակեպատ ձեղնաելուստների շրջանակների բացման և փակման սարքավորումների փոխում, փոխարինում:

22. Տանիքների մաշված էլեմենտների մասնակի կամ լրիվ փոխում:

 

V. Միջհարկային ծածկեր և հատակներ

 

1. Ծածկի երկաթբետոնե կոնստրուկցիաների (հեծաններ, հենագերաններ, սալեր), պաշտպանիչ շերտի վերականգնում:

2. Ցրտահարման ենթակա մետաղական հեծանների լրացուցիչ ջերմամեկուսացում:

3. Ցեմենտային, բետոնե և ասֆալտապատ հատակների փոսերի լցում:

4. Հատակների ու դրանց հիմնատակերի նորոգում:

5. Կերամիկական, ցեմենտե, մարմարե և այլ սալիկավոր հատակների վնասված սալիկների փոխում, փոխարինում և պոկվածների տեղադրում:

6. Տախտակե հատակների խտացում, փոխում, փոխարինում:

7. Լինոլեումային և գորգատիպ սինթետիկ փաթեթանյութային հատակների պոկված տեղերի սոսնձում, փոխում:

8. Մանրատախտակից հատակների նորոգում` առանձին մանրատախտակների փոխարինմամբ:

9. Պոկված շրիշակների ամրացում կամ փոխում:

10. Ցեմենտե շրիշակների նորոգում:

11. Ձեղնահարկային ծածկերի լրացուցիչ ջերմամեկուսացում:

 

VI. Լուսամուտներ, դռներ ու դարպասներ

 

1. Դռների ու դարպասների ծռված փեղկերի ուղղում և դրանց ամրացում փայտե շերտաձողիկների կամ մետաղական անկյունակների միջոցով:

2. Փեղկերի ամրացում` դրանց առանձին տախտակների փոփոխմամբ:

3. Նոր օդանցքների տեղադրում:

4. Կոտրված ապակիների փոխում, փոխարինում, ակոսատների ծածկում:

5. Լուսամուտների և դռների շրջանակների ու պատերի միջև եղած արանքների խծուծում (լցնում) կանեփաթելի խուրձերով, շաղախներով փայտաշեն և քարաշեն կառույցներում:

6. Լուսամուտագոգերի տակերի արանքների փակում:

7. Լուսամուտների և դռների փչացած պարագաների փոխում, նորի տեղադրում:

8. Մուտքի դռների և դարպասների ջերմամեկուսացում:

9. Արտաքին դռների զսպանակների և զսպիչների տեղադրում, ներքին դռների փոխում, փոխարինում:

10. * Արտաքին լուսամուտների և արտաքին դռների փոխում, փոխարինում:

 

VII. Սանդուղքներ և սանդղամուտքեր

 

1. Բետոնե և քարե սանդուղքների, աստիճանների, թեքանների և հարթակների խոռերի և փոսերի լցնում:

2. Փայտաշեն սանդուղքների ու հարթակների առանձին մաշված տախտակների փոխարինում:

3. Սանդուղքաբաժնի բռնաձողերի և ճաղասարքերի ամրացում, առանձին մասերում բռնաձողերի և այլ մասերի փոխարինում:

 

VIII. Ներքին հարդարում

 

1. Պատերի և առաստաղների սվաղների նորոգում:

2. Պատերի երեսապատման նորոգում, փոխում, փոխարինում:

3. Զետեղարանների և առանձին կոնստրուկցիաների ներկում:

4. Ներքին հարդարանքների փոխում, փոխարինում:

 

IX. Ճակատապատեր

 

1. Շենքերի ընկնելու սպառնացող երեսապատման պոկվող ու թուլացած սալիկների, քարերի, ծեփածո և քարատաշ ճարտարապետական դետալների, բազրիքների, քիվերի և այլ մասերի ամրացում:

2. * Երեսապատումների նորոգում, փոխում, փոխարինում:

3. Շենքերի արտաքին սվաղի առանձին մասերի նորոգում:

4. Շենքերի նավդանների, ջրհորդանների, ջրափների, ջրաընդունիչ ձագարների, քիվերի և այլ ելուստների թիթեղածածկերի նորոգում և պահպանում:

5. * Շենքերի ճակատապատերի ներկում:

6. Կայուն բաղադրությամբ ներկված կամ երեսապատված ճակատապատերի մաքրում, լվացում փոշուց ու մրից:

7. Քիվերի և այլ դեկորատիվ էլեմենտների լրիվ վերականգնում:

8. Ծեփածո էլեմենտների վերականգնում:

9. Ճակատապատերի մաքրում:

 

X. Վառարաններ

 

1. Վառարանների մանր նորոգումներ` նրա սարքավորումների մասնակի փոխմամբ, լվացքների հեռացում և արտաքին հարդարում:

2. Վառարանների մեջ փլվածքների վերականգնում:

3. Ծխնելույզների և ծխանցքների նորոգում:

4. Ծխնելույզների ներկում:

 

XI. Ջեռուցում

 

1. Ջեռուցման խողովակաշարերի և սարքերի լվացում և կարգավորում:

2. Ջեռուցիչ սարքերի և խողովակաշարերի առանձին հատվածների անսարքությունների նորոգում:

3. Ընդարձակիչ բաքերի ջերմամեկուսացում:

4. Խողովակաշարերի և սարքերի ներկում:

 

XII. Օդափոխություն

 

1. Օդատարների մասնակի փոխում:

2. Օդատարներում ներծծումների վերացում:

3. Օդափոխիչների, օդատարների, կալորիֆերների, էլեկտրաշարժիչների, հենասարքերի, հորանների, ճաղերի և այլ սարքերի նորոգում, փոխում:

4. Օդատարների և օդափոխիչ սարքավորումների ներկում:

5. Էլեկտրաշարժիչների նորոգում:

 

XIII. Ջրամատակարարում և կոյուղի

 

1. Ջրատար և կոյուղու խողովակների ու սարքերի հոսքերի և կաթոցների վերացում:

2. Ջրատար և կոյուղու խողովակաշարերի ամրացում և մասամբ նորոգում:

3. Ցրտահարվող մասերում խողովակաշարերի ջերմամեկուսացում:

4. Կոյուղու խողովակների և սարքերի մաքրում:

5. Խողովակաշարերի հատվածների նորոգում:

6. Առանձին սարքերի փոխում (զուգարանակոնքեր, կողիկներ, լվացարաններ, կոնքեր, ցայտաղբյուրներ, ծորակներ և այլն):

 

XIV. Տաք ջրամատակարարում և կապ

 

1. Ջերմափոխանակիչների և գալարախողովակների մաքրում նստվածքներից ու աղտոտումից:

2. Պոմպային և մոտորային կայանների մանր նորոգում:

3. Ջրածորակների փոխում, խողովակաշարերի ջերմամեկուսացում և այլ փոքրածավալ աշխատանքներ «ջեռուցում» և «ջրամատակարարում և կոյուղի» բաժիններում թվարկված աշխատանքներին համապատասխան:

4. Խողովակաշարերի մասերի փոխում:

 

XV. Էլեկտրալուսավորում և կապ

 

1. Ներքին կախված էլեկտրասալերի ձգում և լրացուցիչ ամրակապերի դնում` տեղակայված պիտույքակազմերի փոխարինմամբ (անջատիչներ, կոթոռներ, վարդակներ):

2. Էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում:

3. Պատերի, միջնորմերի, միջհարկային ծածկերի նորոգման ժամանակ էլեկտրասնուցիչ ցանցի ապամոնտաժում և վերականգնում:

4. Խմբային բաշխիչ և ապահովիչ վահանակների մանր նորոգում:

 

բ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

 

XVI. Ջրմուղ-կոյուղու կառուցվածքներ

 

ա) Ցանցեր, խողովակաշարեր և արմատուրա

 

1. Առանձին լայնակների կարանախցում:

2. Պողպատյա խողովակների առանձին ծայրակցատեղերի եռակցում կամ զոդում:

3. Արտահոսքի վերացման նպատակով առանձին տեղերի խցանում կցորդիչներ, խամուտներ, բանդաժներ տեղադրելով, կամ առանձին խողովակների փոխարինում:

4. Առանձին խողովակների փոխում, փոխարինում (պահպանելով խողովակների տրամագիծը):

5. Խցակների լցում, հեղյուսների ձգում և ձևավոր մասերի ու ամրանաձողերի առանձին խցակների փոխում:

6. Ձևավոր մասերի կցորդային միացումներում ու ամրանաձողերում միջադիրների և հեղյուսների փոխում, փոխարինում:

7. Ջրածորանների ամրակապերի նորոգում:

8. Ջրաբաշխիչ աշտարակների նորոգում:

 

բ) Հորեր

 

1. Հորերի պատերի առանձին ճեղքերի վերացում:

2. Առանձին ընկնող աղյուսների խցում:

3. Առանձին երթային բռնակների փոխում:

4. Աստիճանների նորոգում:

5. Վաքերի սվաղների նորոգում, վերականգնում:

6. Անցքերի նորոգում:

7. Մտոցների քանդված մասերի նորոգում:

 

գ) Ջրաբաշխման և հիդրոտեխնիկական կառուցվածքներ

 

գ. 1) Պատվարներ, ամբարտակներ, ջրընկեցքներ, ջրանցքներ

 

1. Բետոնե ջրթողիչների և ամբարտակի ճեղքերի վերալցում:

2. Ափեր ամրացնող ծածկույթի և շեղությունների ամրանների վնասվածքների վերացում (ընդհանուր մակերեսի մինչև 2%-ի չափով):

3. Փայտե կոնստրուկցիաների առանձին էլեմենտների փոխում:

4. Մետաղական կոնստրուկցիաների հիմքային մասերի ամրացում և դրանց ներկում:

5. Երկաթբետոնե կոնստրուկցիաների վերջրյա մասերի պաշտպանիչ շերտերի վերականգնում:

6. Հողե կառուցվածքների ողողված շեղությունների լցում:

 

գ. 2) Ջրային հորատանցքներ

 

1. Վերին ջրընդունիչ բաքի մաշված մասերի փոխարինում:

2. Ջրամուղ և օդամուղ խողովակների հիմնանցքերի խորացում կամ փոքրացում:

3. Ջրամուղ և օդամուղ խողովակների փոխում:

 

դ) Մաքրման կառուցվածքներ

 

1. Սվաղի առանձին հատվածների վերանորոգում ճեղքերի փոխմամբ և երկաթայնացմամբ (սվաղված ընդհանուր մակերեսի մինչև 10%-ի սահմաններում):

2. Մանր ճեղքերի հարդարում:

3. Մտոցների և աստիճանների նորոգում և ներկում:

4. Առանձին բռնակների օգտագործում:

5. Ֆիլտրերի փողրակների կողերի երկրաչափական ձևերի վերականգնում:

6. Օդատարների նորոգում:

7. Առանձին տեղերում մեկուսացումների նորոգում:

8. Երկհարկ տիղմազտիչների փողրակների նորոգում, փայտե փողրակների առանձին տախտակների փոխում:

9. Կենսաբանական զտիչների շարվածքի առանձին մասերի նորոգում:

10. Տիղմահարթակների շրջափակող թմբիկների, վաքերի և փայտե միջնորմերի նորոգում:

11. Կառուցվածքների խողովակաշարերի, ջրացամաքիչ ցանցի մաքրում, լվացում, նորոգում:

12. Խողովակաշարերի և մետաղական բաքերի նորոգում:

13. Երկաթբետոնե կոնստրուկցիաների պաշտպանիչ շերտերի վերականգնում:

14. Խողովակաշարերի նորոգում առանձին խողովակների փոխմամբ:

15. Հիդրոմեկուսացման նորոգում:

16. Երկաթայնացման և սվաղի նորոգում, վերականգնում:

17. Կառուցվածքների պատերի տորկրետացում:

 

XVII. Ջերմամատակարարում

 

ա) Մղանցքներ և խցեր

 

1. Առանձին անցաբռնակների փոխում, փոխարինում:

2. Աստիճանների նորոգում:

3. Մտոցների կարգավորում և փոխում:

4. Մղանցքներ և խցերի հիդրոմեկուսացման փոխում:

 

բ) Խողովակաշարեր և ամրանաձող

 

1. Առանձին խողովակների ծայրակցատեղերի եռակցում կամ զոդում:

2. Առանձին խողովակների փոխում:

3. Խողովակաշարերի ջերմամեկուսացման և ջրամեկուսացման նորոգում, վերականգնում, փոխում:

4. Խցակների լցում, ամրանաձողի առանձին մասերի փոխում, հեղյուսների ձգում:

5. Կցամիացումների հեղյուսների և ներդիրների փոխում:

6. Ձևավոր մասերի, փականների, խտացուցիչների նորոգում, փոխում:

7. Շարժական և անշարժ հենարանների փոխում:

 

XVIII. Երկաթուղիներ, այդ թվում` մերձատար և ներգործարանային

 

ա) Հողային պաստառ

 

1. Թեքությունների մաքրում և բարեկարգում:

2. Դիտահորերի, կանալների, խրամառուների, վաքերի արագահոսների մաքրում և կարգավորում:

3. Ջրացամաքիչների մաքրում գարնանային ջրհոսքերից հետո:

4. Չիմապատվածքների, սալարկների, ճեղանների մաքրում և մանր նորոգում:

5. Լիցքի ֆիլտրող մասի մաքրում և մանր շտկում:

6. Հողային պաստառի լայնացում ոչ բավարար լայնություն ունեցող տեղերում մինչև սահմանված չափերը:

7. Հողային պաստառի վերականգնում սարքերի, ողողուտների, փլուզումների և ճահճուտների տեղերում:

 

բ) Երկաթուղիների վերին կառուցվածքներ

 

1. Նստած, թեքված և շեղված տեղերի ուղղում:

2. Փայտակոճերի մտցնում գծերի տակ:

3. Ռելսերի ուղղում:

4. Ամրացումների փոխում:

5. Ռելսերի ծայրանքների կարգաբեկում:

6. Բացվածքների ձգում:

7. Փայտակոճերի նորոգում:

8. Փայտակոճերի ցրում:

9. Բալաստային պրիզմաների կարգաբեկում:

10. Գծային ամրակապերի մաքրում և յուղում:

11. Առանձին փայտակոճերի փոխարինում:

12. Ճաքած ռելսերի փոխարինում:

13. Անցատեղերի առանձին էլեմենտների փոխարինում:

14. Ուղեցուցանիշների, ուղեփակոցների և կարճասյուների ներկում:

15. Սլաքային անցատեղերի նորոգում առանձին էլեմենտների փոխմամբ:

 

գ) Արհեստական կառուցվածքներ (կամուրջներ, թունելներ, խողովակներ)

 

1. Հեղյուսների ձգում և փոխում:

2. Գլանանիվների կարգաբեկում:

3. Վնասված հատային էլեմենտների փոխում:

4. Հենարանների ճաքերի փակում:

5. Հենարանների արտաքին մասերի տորկրետացում կամ ցեմենտացում:

6. Առանձին պոկված կամ տեղաշարժված քարերի տեղերի ցեմենտում:

 

XIX. Ավտոմոբիլային ճանապարհներ

 

1. Նստվածքների ուղղում հարթեցումով և պնդացումով:

2. Խրամուռների ու ջրատար կանալների մաքրում:

3. Ճանապարհային ծածկի առանձին տեղերի հարթեցում, ճեղքերի փակում:

4. Առանձին եզրաքարերի ուղղում:

5. Ճանապարհային նշանների նորոգում:

6. Արհեստական շինությունների նորոգում երկաթուղային կառույցների համար ընդունված ծավալներով:

7. Ճանապարհային ծածկի առանձին սալերի ուղղում և փոխում:

8. Ճանապարհների ծածկի փոսային նորոգում:

9. Խողովակների էլեմենտների փոխում:

 

XX. Էլեկտրական ցանցեր և կապ

 

1. Կախված հաղորդալարերի վերաձգում:

2. Հաղորդալարերի կտրված տեղերի վերացում:

3. Առանձին մեկուսիչների փոխարինում:

4. Կողմնական ընձյուղների վրա լրացուցիչ ոլորքների տեղադրում:

5. Երկաթբետոնե և բետոնե կողմնական ընձյուղների ճաքերի և այլ վնասվածքների վերացում:

6. Առանձին հենասյուների ուղղում:

7. Առանձին ընձյուղների ուղղում և փոխում:

 

Հավելված 2

 

Ց Ա Ն Կ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Պատերի և առաստաղների սվաղում, ինչպես նաև գիպսե սալիկներով երեսապատում:

2. Պատերի և առաստաղների ներկում:

3. Պատերի պաստառապատում:

4. Սանհանգույցների պատերի կերամիկական սալիկներով երեսապատում:

5. Սանհանգույցներում կախովի առաստաղների պատրաստում:

6. Հատակների ցեմենտապատում և ծածկույթի (մանրատախտակ փայտյա, լինոլեում, կերամիկական, մարմարե, ցեմենտե և այլ սալիկներ) պատրաստում:

7. Ներքին դռների, լուսամուտների և լուսամուտագոգերի ներկում:

8. Ջրի, կոյուղու, ջեռուցման խողովակաշարերի և ջեռուցման սարքերի ներկում:

9. Անհատական բնակելի տների և բնակարանների ներքին հարդարման աշխատանքները` լրիվ կազմով:

 

Ծանոթություն.

Ներքին հարդարման աշխատանքներն իրականացվում են սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերի պահանջներին համապատասխան:

 

Հավելված 3

 

Ց Ա Ն Կ

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՎՈՂ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

1. Շենքերի ու շինությունների հարակից բակային տարածքների կանաչապատում:

2. * Մայթերի և շենքերի շրջափակող սալահատակների փոխում, փոխարինում:

3. * Մայթերի առանձին եզրաքարերի ուղղում, վերաշարում, փոխում, փոխարինում:

4. * Մայթերն ու շենքերը շրջափակող տարածքների ասֆալտապատում և նորոգում, բացառելով հատակագծային նիշերի փոփոխությունները:

5. * Փոքր ճարտարապետական ձևեր և բակային կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) տեղադրում:

6. Փոքր ճարտարապետական ձևեր և բակային կառուցվածքների (ծածկարան, ճոճանակ, ցայտաղբյուր, խաղահրապարակ, նստարաններ, աղբարկղ և այլն) նորոգում, առանձին մասերի փոխարինում:

7. * Թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց և ճաղեր) ցանկապատում և դրանց փոխում, փոխարինում:

8. Անհատական բնակելի տների փակ ներբակային տարածքների լրիվ բարեկարգում (կանաչապատում, ծառատնկում, մայթեր, ծառուղիներ, ծածկարան, ճոճանակ, խաղահրապարակ, նստարաններ և այլն):