ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Ընդունվել է Ազգային ժողովի կողմից
1998 թվականի մայիսի 5-ին
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
⚖Հոդված 1. | Քաղաքացիական օրենսդրությամբ և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունները |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությունը կազմված է սույն օրենսգրքից և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ օրենքներից:
Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին:
2. Քաղաքացիական օրենսդրությունը, ինչպես նաև քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող` Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները (այսուհետ` այլ իրավական ակտեր) սահմանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավական վիճակը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) ծագման հիմքերն ու իրականացման կարգը, կարգավորում են պայմանագրային և այլ պարտավորություններ, ինչպես նաև այլ գույքային ու դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերություններ:
Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունների մասնակիցները` ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիներ) ու իրավաբանական անձինք են, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքներն են (հոդված 128):
Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կանոնները կիրառվում են օտարերկրյա իրավաբանական անձանց մասնակցությամբ հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը կարգավորում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց միջև կամ նրանց մասնակցությամբ հարաբերությունները:
4. Ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
5. Մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների և մյուս ոչ նյութական բարիքների իրականացման ու պաշտպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան չի բխում այդ հարաբերությունների էությունից:
6. Մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:
⚖Հոդված 2. | Ձեռնարկատիրական գործունեություն |
Ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
⚖Հոդված 3. | Քաղաքացիական օրենսդրության սկզբունքները |
1. Քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
Քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:
3. Ապրանքները, ծառայությունները և ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տեղաշարժվում են ազատորեն:
Ապրանքների և ծառայությունների տեղաշարժման սահմանափակումներ կարող են մտցվել օրենքին համապատասխան, եթե դրանք անհրաժեշտ են մարդկանց անվտանգության ապահովման, կյանքի և առողջության պաշտպանության, բնության ու մշակութային արժեքների պահպանության համար:
Հոդված 4. | Այլ իրավական ակտեր |
1. (մասն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-10-Ն)
2. Սույն օրենսգրքի և այլ օրենքների հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող հրամանագրեր:
3. Սույն օրենսգրքի և այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա ու ի կատարումն դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ընդունել քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող որոշումներ:
4. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, սույն օրենսգրքին կամ այլ օրենքի հակասելու դեպքում, կիրառվում է սույն օրենսգիրքը կամ համապատասխան օրենքը:
5. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում պարունակվող քաղաքացիական իրավունքի նորմերի գործողությունն ու կիրառումը որոշվում են սույն գլխի կանոններով:
6. Նախարարությունները և գործադիր իշխանության այլ մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները կարող են քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող ակտեր հրապարակել միայն սույն օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու սահմաններում:
(4-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-10-Ն)
Հոդված 5. | Քաղաքացիական օրենսդրության և այլ իրավական ակտերի գործողությունը ժամանակի մեջ |
1. Քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:
2. Մինչև քաղաքացիական օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերություններով այն կիրառվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավունքների և պարտականությունների նկատմամբ: Մինչև քաղաքացիական օրենսդրության ակտի կամ այլ իրավական ակտի ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրի կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 438 հոդվածին համապատասխան:
Հոդված 6. | Քաղաքացիական օրենսդրությունը, այլ իրավական ակտերը և միջազգային պայմանագրերը |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը սույն օրենսգրքի 1 հոդվածում նշված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են անմիջականորեն, բացի այն դեպքերից, երբ միջազգային պայմանագրից բխում է, որ դրա կիրառման համար պահանջվում է ներպետական ակտի հրատարակում:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 7. | Գործարար շրջանառության սովորույթներ |
1. Գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից:
2. Օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում:
⚖Հոդված 8. | Քաղաքացիական իրավական նորմերի մեկնաբանումը |
Քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ:
Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է սույն օրենսգրքի 3 հոդվածի 1-ին կետում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:
Հոդված 9. | Քաղաքացիական իրավական նորմերի կիրառումն անալոգիայով |
1. Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքի 1 հոդվածում նախատեսված հարաբերություններն ուղղակիորեն կարգավորված չեն օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, և բացակայում է դրանց նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթը, նման հարաբերությունների նկատմամբ, եթե դա չի հակասում դրանց էությանը, կիրառվում են համանման հարաբերություններ կարգավորող քաղաքացիական օրենսդրության նորմերը (օրենքի անալոգիա):
2. Օրենքի անալոգիայի կիրառման անհնարինության դեպքում կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են` ելնելով քաղաքացիական օրենսդրության սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
3. Քաղաքացիական իրավունքները սահմանափակող և պատասխանատվություն սահմանող նորմերի կիրառումն անալոգիայով չի թույլատրվում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ: ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
⚖Հոդված 10. | Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմքերը |
1. Քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`
1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագման հիմք.
3) քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից.
4) օրենքով թույլատրվող հիմքերով գույք ձեռք բերելու հետևանքով.
5) գիտության, գրականության, արվեստի ստեղծագործություններ, գյուտեր և մտավոր գործունեության այլ արդյունքներ ստեղծելու հետևանքով.
6) այլ անձին վնաս պատճառելու հետևանքով.
7) անհիմն հարստացման հետևանքով.
8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով.
9) այնպիսի իրադարձությունների հետևանքով, որոնց հետ օրենքը կամ այլ իրավական ակտը կապում է քաղաքացիական իրավական հետևանքների առաջացում:
2. Գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
⚖Հոդված 11. | Քաղաքացիական իրավունքների իրականացումը |
1. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
2. Քաղաքացիների և իրավաբանական անձանց հրաժարվելն իրենց իրավունքներն իրականացնելուց չի հանգեցնում այդ իրավունքների դադարման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 12. | Քաղաքացիական իրավունքներն իրականացնելու սահմանները |
1. Քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես այլ անձի վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես նաև իրավունքն այլ ձևով չարաշահելը չի թույլատրվում:
Մրցակցության սահմանափակման նպատակներով քաղաքացիական իրավունքներն օգտագործել, ինչպես նաև շուկայում գերիշխող դրությունը չարաշահել չի թույլատրվում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջները չպահպանելու դեպքում դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել անձին նրան պատկանող իրավունքի պաշտպանության հարցում:
(12-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-68-Ն, խմբ. 19.06.15 ՀՕ-74-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
⚖Հոդված 13. | Ընդհանուր դրույթներ |
1. Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան):
2. Պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի միջև վեճի կարգավորում` մինչև դատարան դիմելը:
3. Վարչական կարգով քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Վարչական կարգով ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատարան:
(13-րդ հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-74-Ն)
⚖Հոդված 14. | Քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները |
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.
4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.
7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
10) վնասներ հատուցելով.
11) տուժանք բռնագանձելով.
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
Հոդված 15. | Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը |
1. Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքները ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:
Դատարանի կողմից ակտն անվավեր ճանաչելու դեպքում խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության` սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով:
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:
(15-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-10-Ն)
Հոդված 16. | Քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանությունը |
Անձն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:
Ինքնապաշտպանության եղանակները պետք է համաչափ լինեն խախտմանը և դուրս չգան խափանման համար անհրաժեշտ գործողությունների սահմաններից:
⚖Հոդված 17. | Վնասների հատուցում |
1. Անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
3. Եթե իրավունքը խախտած անձը դրա հետևանքով ստացել է եկամուտներ, ապա անձը, ում իրավունքը խախտվել է, մյուս վնասների հետ միասին բաց թողնված օգուտի հատուցման պահանջի իրավունք ունի` այդ եկամուտներից ոչ պակաս չափով:
4. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
5. Խոշտանգումից տուժած անձի կրած վնասի փոխհատուցման բովանդակությունը, կարգն ու պայմանները սահմանվում են սույն օրենսգրքով:
(17-րդ հոդվածը խմբ., լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-184-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-241-Ն)
(հոդվածի 05.11.13 ՍԴՈ-1121 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 19.05.2014 ՀՕ-21-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)
Հոդված 18. | Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառած վնասները հատուցելը |
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հոդված 19. | Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը (վերնագիրը խմբ. 18.05.10 ՀՕ-97-Ն)
|
1. Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:
2. Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է նաև նրա մահից հետո:
3. Եթե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմելու դատարան՝ տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:
(19-րդ հոդվածը խմբ. 18.05.10 ՀՕ-97-Ն)
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԱՆՁԻՆՔ
(ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ)
Գ Լ ՈՒ Խ 4
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
⚖Հոդված 20. | Քաղաքացու իրավունակությունը |
1. Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:
2. Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
Հոդված 21. | Քաղաքացիների իրավունակության բովանդակությունը |
Քաղաքացիները կարող են`
1) սեփականության իրավունքով ունենալ գույք.
2) ժառանգել և կտակել գույքը.
3) զբաղվել ձեռնարկատիրական և օրենքով չարգելված ցանկացած այլ գործունեությամբ.
4) ինքնուրույն կամ այլ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ համատեղ ստեղծել իրավաբանական անձ.
5) կնքել օրենքին չհակասող գործարքներ և կրել պարտավորություններ.
6) ընտրել բնակության վայր.
7) ունենալ գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, գյուտերի ու մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքների հեղինակի իրավունքներ.
8) ունենալ այլ գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ:
Հոդված 22. | Քաղաքացու անունը |
1. Քաղաքացին իրավունքներ և պարտականություններ է ձեռք բերում ու իրականացնում իր անվամբ, որը ներառում է նրա ազգանունը և անունը, նրա ցանկությամբ` նաև հայրանունը:
Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քաղաքացին կարող է օգտագործել կեղծանուն (մտացածին անուն):
2. Քաղաքացին իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխել իր անունը: Քաղաքացու անվան փոխելը հիմք չէ նախորդ անվամբ ձեռք բերված նրա իրավունքները և պարտականությունները դադարելու կամ փոփոխելու համար:
Քաղաքացին պարտավոր է իր պարտապաններին և պարտատերերին տեղյակ պահել անունը փոխելու մասին ու կրում է իր անունը փոխելու վերաբերյալ այդ անձանց մոտ տեղեկությունների բացակայության հետևանքով առաջացած վնասների ռիսկը:
Անունը փոխած քաղաքացին իրավունք ունի պահանջել, որպեսզի իր հաշվին համապատասխան փոփոխություններ մտցվեն իր նախկին անվամբ ձևակերպված փաստաթղթերում:
3. Ծննդյան ժամանակ քաղաքացու ստացած անունը, ինչպես նաև նրա անվան փոփոխությունը ենթակա են գրանցման` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված կարգով:
4. Այլ անձի անվամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:
5. Քաղաքացու անվան ապօրինի օգտագործմամբ նրան պատճառված վնասը ենթակա է հատուցման` սույն օրենսգրքին համապատասխան:
Քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը շոշափող եղանակով կամ ձևով նրա անունն աղավաղելու կամ օգտագործելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված կանոնները:
(22-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-97-Ն)
Հոդված 23. | Քաղաքացու բնակության վայրը |
1. Բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է:
2. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների բնակության վայր է համարվում նրանց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ խնամակալների բնակության վայրը:
Հոդված 24. | Քաղաքացու գործունակությունը |
1. Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից:
2. Տասնվեց տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (էմանսիպացիա) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:
Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:
3. Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:
Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև տասնութ տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:
Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:
⚖Հոդված 25. | Քաղաքացուն իրավունակությունից և գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը |
1. Քաղաքացու իրավունակությունը և գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով:
2. Քաղաքացիների գործունակությունը կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեությամբ զբաղվելու նրանց իրավունքների սահմանափակման` օրենքով սահմանված պայմանները և կարգը չպահպանելը հանգեցնում է համապատասխան սահմանափակում սահմանած պետական կամ այլ մարմնի ակտի անվավերության:
3. Քաղաքացու իրավունակությունից կամ գործունակությունից լրիվ կամ մասնակի հրաժարվելուն և նրա իրավունակության կամ գործունակության սահմանափակելուն ուղղված գործարքներն առոչինչ են:
Հոդված 26. | Քաղաքացու ձեռնարկատիրական գործունեությունը |
1. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար քաղաքացին իրավունք ունի ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը:
2. Քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման (առանց իրավաբանական անձ կազմավորելու կամ անհատ ձեռնարկատեր հաշվառվելու) իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե օրենքով սահմանված կարգով հաշվառվել են հարկային մարմնում և ստացել են արտոնագիր կամ գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, ինչպես նաև օրենքներով սահմանված այլ դեպքերում: Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ են հանդիսանում միայն տվյալ համատեղ գործունեության պայմանագրի սահմաններում:
3. Քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող քաղաքացու գործարքների նկատմամբ դատարանը կարող է կիրառել սույն օրենսգրքի` ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված պարտավորությունների մասին կանոնները:
(26-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-243-Ն, փոփ., լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-176-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-295-Ն)
Հոդված 27. | Քաղաքացու գույքային պատասխանատվությունը |
Քաղաքացին իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:
Հոդված 28. | Քաղաքացու սնանկությունը |
1. Քաղաքացին, այդ թվում` անհատ ձեռնարկատերը, դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
2. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը և կարգը սահմանվում են օրենքով:
3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը և դադարման հիմքերը, ինչպես նաև պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:
(28-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-163, խմբ. 25.12.06 ՀՕ-54-Ն)
Հոդված 29. | Մինչև տասնչորս տարեկան անչափահասների գործունակությունը |
1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
2. Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`
1) մանր կենցաղային գործարքներ.
2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.
3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:
3. Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար:
Հոդված 30. | Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների գործունակությունը |
1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործարքների:
Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաև նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի` հետագայում տված գրավոր հավանության դեպքում:
2. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն`
1) տնօրինել իրենց աշխատավարձը, կրթաթոշակը և այլ եկամուտները.
2) իրականացնել գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության, գյուտի կամ մտավոր գործունեության` օրենքով պահպանվող այլ արդյունքի հեղինակի իրավունքներ.
3) օրենքին համապատասխան` ավանդներ մուծել վարկային հաստատություններ և տնօրինել դրանք.
4) կնքել կենցաղային մանր գործարքներ և սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ:
Տասնվեց տարեկան դառնալիս` անչափահասներն իրավունք ունեն նաև, կոոպերատիվների մասին օրենքներին համապատասխան, լինել կոոպերատիվի անդամ:
3. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան:
4. Ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է բավարար հիմքերի առկայության դեպքում սահմանափակել տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի` իր աշխատավարձը, կրթաթոշակը կամ այլ եկամուտներն ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ զրկել նրան այդ իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասը լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերել սույն օրենսգրքի 24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
⚖Հոդված 31. | Քաղաքացուն անգործունակ ճանաչելը |
1. Քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է խնամակալություն:
2. Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:
3. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել, դատարանը նրան գործունակ է ճանաչում: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը:
Հոդված 32. | Քաղաքացու գործունակությունը սահմանափակելը |
1. Ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Նրա նկատմամբ սահմանվում է հոգաբարձություն:
Նա իրավունք ունի ինքնուրույն կնքել միայն մանր կենցաղային գործարքներ:
Նա կարող է կնքել այլ գործարքներ, ինչպես նաև ստանալ աշխատավարձ, կենսաթոշակ և այլ եկամուտներ ու տնօրինել դրանք միայն հոգաբարձուի համաձայնությամբ: Նման քաղաքացին ինքնուրույն գույքային պատասխանատվություն է կրում իր կնքած գործարքների և պատճառած վնասի համար:
2. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով սահմանափակվել է քաղաքացու գործունակությունը, դատարանը վերացնում է նրա գործունակության սահմանափակումը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:
Հոդված 33. | Խնամակալություն և հոգաբարձություն |
1. Խնամակալությունը և հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության համար: Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում է նաև նրանց դաստիարակելու նպատակով: Դրան համապատասխան, խնամակալների և հոգաբարձուների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանիքի մասին օրենսգրքով:
2. Խնամակալները և հոգաբարձուներն առանց հատուկ լիազորության հանդես են գալիս իրենց խնամարկյալների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում:
3. Անչափահասների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանվում են նրանց ծնողների, որդեգրողների բացակայության, դատարանով ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու, ինչպես նաև այն դեպքերում, երբ անչափահասներն այլ պատճառներով մնացել են առանց ծնողական խնամքի, մասնավորապես, երբ ծնողները խուսափել են նրանց դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից:
Հոդված 34. | Խնամակալություն |
1. Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
2. Խնամակալները խնամարկյալների ներկայացուցիչներն են օրենքի ուժով և նրանց անունից ու ի շահ նրանց կնքում են բոլոր անհրաժեշտ գործարքները:
Հոդված 35. | Հոգաբարձություն |
1. Հոգաբարձությունը սահմանվում է տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաև սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:
2. Հոգաբարձուները համաձայնություն են տալիս այնպիսի գործարքներ կնքելու համար, որոնք հոգաբարձության ներքո գտնվող անձինք իրավունք չունեն ինքնուրույն կնքել:
Հոգաբարձուներն աջակցում են հոգաբարձության ներքո գտնվող անձանց` իրենց իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս, ինչպես նաև պաշտպանում են նրանց երրորդ անձանց չարաշահումներից:
Հոդված 36. | Խնամակալության և հոգաբարձության մարմինները |
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները սահմանվում են օրենքով:
2. Դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:
3. Խնամարկյալների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ:
Հոդված 37. | Խնամակալներ և հոգաբարձուներ |
1. Խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը: Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:
Խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը շահագրգիռ անձանց կողմից կարող է բողոքարկվել դատարան:
2. Խնամակալներ և հոգաբարձուներ նշանակվում են չափահաս գործունակ քաղաքացիները: Խնամակալներ և հոգաբարձուներ չեն կարող նշանակվել ծնողական իրավունքներից զրկված քաղաքացիները:
3. Խնամակալը կամ հոգաբարձուն նշանակվում է իր համաձայնությամբ: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն նրա բարոյական և անձնական այլ հատկանիշները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու ունակությունը, նրա ու խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի միջև եղած հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում` նաև խնամարկյալի ցանկությունը:
4. Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող և համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատություններում գտնվող կամ տեղավորված քաղաքացիների խնամակալներն ու հոգաբարձուներն այդ հաստատություններն են:
Հոդված 38. | Խնամակալների և հոգաբարձուների պարտականությունները |
1. Խնամակալության և հոգաբարձության պարտականությունները կատարվում են անհատույց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Անչափահաս քաղաքացիների խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են իրենց խնամարկյալների հետ ապրել համատեղ: Տասնվեց տարին լրացած խնամարկյալից հոգաբարձուի առանձին ապրելը թույլատրում է խնամակալության և հոգաբարձության մարմինը, եթե դա անբարենպաստ չի անդրադառնում խնամարկյալի դաստիարակության, նրա իրավունքների ու շահերի պաշտպանության վրա:
Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են խնամակալության ու հոգաբարձության մարմիններին տեղեկացնել իրենց բնակության վայրը փոփոխելու մասին:
3. Խնամակալները և հոգաբարձուները պարտավոր են հոգալ իրենց խնամարկյալների ապրուստը, ապահովել նրանց խնամքն ու բուժումը, կրթությունը և դաստիարակությունը, պաշտպանել նրանց իրավունքներն ու շահերը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված պարտականությունները չեն դրվում դատարանով սահմանափակ գործունակ ճանաչված չափահաս քաղաքացիների հոգաբարձուների վրա:
5. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել էր անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է միջնորդել դատարան` խնամարկյալին գործունակ ճանաչելու և նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը վերացնելու համար:
Հոդված 39. | Խնամարկյալի գույքը տնօրինելը |
1. Խնամարկյալ քաղաքացու եկամուտները` ներառյալ խնամարկյալին իր գույքի կառավարումից հասանելիք եկամուտները, բացառությամբ այն եկամուտների, որոնք խնամարկյալը կարող է տնօրինել ինքնուրույն, խնամակալը կամ հոգաբարձուն ծախսում են միայն ի շահ խնամարկյալի` խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվությամբ:
Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի նախնական թույլտվության` խնամակալը կամ հոգաբարձուն խնամարկյալի եկամուտների հաշվին իրավունք ունի անհրաժեշտ ծախսեր կատարել խնամարկյալի ապրուստի համար:
2. Առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության` խնամակալն իրավունք չունի կնքել, իսկ հոգաբարձուն` համաձայնություն տալ կնքելու խնամարկյալի գույքի օտարման` ներառյալ փոխանակության կամ նվիրատվության, վարձակալության, այդ գույքն անհատույց օգտագործման հանձնելու կամ գրավ դնելու գործարքներ, որոնք հանգեցնում են խնամարկյալին պատկանող իրավունքներից հրաժարվելուն, բաժանել նրա գույքը կամ դրանից բաժիններ առանձնացնել, ինչպես նաև խնամարկյալի գույքի նվազեցմանը հանգեցնող ցանկացած այլ գործարք:
Խնամարկյալի գույքի կառավարման կարգը սահմանվում է օրենքով:
3. Խնամակալը, հոգաբարձուն, նրանց ամուսինները և մերձավոր ազգականներն իրավունք չունեն գործարքներ կնքել խնամարկյալի հետ, բացառությամբ խնամարկյալին որպես նվեր կամ անհատույց օգտագործման գույք հանձնելը, ինչպես նաև խնամարկյալին ներկայացնել նրա ու խնամակալի կամ հոգաբարձուի ամուսնու և նրանց մերձավոր ազգականների միջև գործարքներ կնքելիս կամ դատական գործեր վարելիս:
Հոդված 40. | Խնամարկյալի գույքի հավատարմագրային կառավարումը |
1. Խնամարկյալի անշարժ և արժեքավոր շարժական գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում խնամակալության ու հոգաբարձության մարմինն այդպիսի գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր է կնքում իր կողմից նշանակված կառավարչի հետ: Այդ դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն պահպանում է իր լիազորությունները խնամարկյալի այն գույքի նկատմամբ, որը չի հանձնվել հավատարմագրային կառավարման:
Խնամարկյալի գույքի հավատարմագրային կառավարչի վրա տարածվում են սույն օրենսգրքի 39 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված կանոնները:
2. Խնամարկյալի գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարումը դադարում է գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարման համար օրենքով նախատեսված հիմքերով, ինչպես նաև խնամակալությունը կամ հոգաբարձությունը դադարելու դեպքում:
Հոդված 41. | Խնամակալներին և հոգաբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելը |
1. Խնամակալության և հոգաբարձության մարմինը խնամակալին կամ հոգաբարձուին ազատում է իր պարտականությունների կատարումից` անչափահասին իր ծնողներին վերադարձնելու կամ նրան որդեգրելու դեպքում:
2. Խնամարկյալին համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ նման այլ հաստատությունում տեղավորելիս` խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտականությունների կատարումից ազատում է նախկինում նշանակված խնամակալին կամ հոգաբարձուին, եթե դա չի հակասում խնամարկյալի շահերին:
3. Հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:
4. Խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:
Հոդված 42. | Խնամակալությունը և հոգաբարձությունը դադարելը |
1. Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը և հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով:
2. Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականություններ իրականացնող քաղաքացին, առանց այդ մասին լրացուցիչ որոշման, դառնում է անչափահասի հոգաբարձուն:
3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաև մինչև չափահաս դառնալը` նրա ամուսնության և լրիվ գործունակություն ձեռք բերելու այլ դեպքերում (24 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր):
Հոդված 43. | Գործունակ քաղաքացիների նկատմամբ պատրոնաժը |
1. Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ:
Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման:
2. Խնամակալության և հոգաբարձության մարմինը չափահաս գործունակ քաղաքացու պատրոն (օգնական) նշանակում է տվյալ քաղաքացու համաձայնությամբ:
3. Չափահաս գործունակ քաղաքացու գույքը տնօրինում է պատրոնը (օգնականը)` քաղաքացու հետ կնքված հանձնարարության կամ հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա: Քաղաքացու ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:
4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` չափահաս գործունակ քաղաքացու նկատմամբ սահմանված պատրոնաժը դադարում է պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պահանջով:
Պատրոնաժի ներքո գտնվող քաղաքացու պատրոնը (օգնականը) իր պարտականությունների կատարումից ազատվում է սույն օրենսգրքի 41 հոդվածով նախատեսված դեպքերում:
Հոդված 44. | Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը |
1. Շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե մեկ տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:
2. Բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու համար ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսվա մեկը, երբ ստացված են եղել բացակայողի վերաբերյալ վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա` հաջորդ տարվա հունվարի մեկը:
(44-րդ հոդվածը լրաց. 29.12.20 ՀՕ-504-Ն)
(29.12.20 ՀՕ-504-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 45. | Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու հետևանքները |
1. Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, նրա գույքը դատարանի վճռի հիման վրա տրվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի նշանակած անձին, որը գործում է այդ մարմնի հետ կնքած հավատարմագրային կառավարման պայմանագրի հիման վրա:
2. Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը բացակայող անձի գույքի հաշվին մարում է նրա պարտքերը, գույքը կառավարում է ի շահ այդ անձի, ապրուստի միջոցներ է տրամադրում այն քաղաքացիներին, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը:
3. Խնամակալության և հոգաբարձության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններ ստանալու օրվանից մինչև մեկ տարին լրանալը, դատարանի վճռի հիման վրա, նրա գույքի կառավարիչ նշանակել:
4. Եթե կառավարիչ նշանակելու օրվանից երեք տարի անցնելուց հետո անձին անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը չի վերացվել, և դատարան դիմում չի ներկայացվել քաղաքացուն մահացած ճանաչելու մասին, խնամակալության ու հոգաբարձության մարմինը պարտավոր է դիմել դատարան` քաղաքացուն մահացած ճանաչելու համար:
5. Անձին անհայտ բացակայող ճանաչելու` սույն հոդվածով չնախատեսված հետևանքները սահմանվում են օրենքով:
Հոդված 46. | Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը վերացնելու հետևանքները |
Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է այդ քաղաքացու գույքի հավատարմագրային կառավարումը:
Հոդված 47. | Քաղաքացուն մահացած ճանաչելը |
1. Քաղաքացին դատարանով կարող է մահացած ճանաչվել, եթե նրա բնակության վայրում երեք տարվա ընթացքում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին, իսկ եթե նա անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու նրա մահը որոշակի դժբախտ դեպքի հետևանքով` վեց ամսվա ընթացքում:
2. Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի հետո:
3. Մահացած ճանաչված քաղաքացու մահվան օր է համարվում նրան մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Քաղաքացուն, որն անհայտ կորել է մահվան վտանգ սպառնացող կամ այնպիսի հանգամանքներում, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը հետևանք է որոշակի դժբախտ դեպքի, մահացած ճանաչելու դեպքում, դատարանը կարող է այդ քաղաքացու մահվան օր ճանաչել նրա ենթադրյալ մահվան օրը:
(47-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-504-Ն)
(29.12.20 ՀՕ-504-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 48. | Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու հետևանքները |
1. Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը:
2. Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից հետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց անցել էր այդ անձին` քաղաքացուն մահացած ճանաչելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 275 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
3. Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերած անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվում է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մահացած ճանաչված քաղաքացին կենդանի է: Այդ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է դրա արժեքը:
4. Եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին և իրացվել է սույն հոդվածով նախատեսված պայմանների պահպանմամբ, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու մասին վճիռը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից ստացված գումարը:
Հոդված 49. | Քաղաքացիական կացության ակտերի գրանցումը |
1. Պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը`
1) ծնունդը.
2) ամուսնությունը.
3) ամուսնալուծությունը.
4) որդեգրումը (դստերագրումը).
5) հայրությունը որոշելը.
6) անունը փոխելը.
7) քաղաքացու մահը:
2. Քաղաքացիական կացության ակտերը գրանցում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյաններում (ակտերի գրքեր) համապատասխան գրառումներ կատարելու և այդ գրառումների հիման վրա քաղաքացիներին վկայականներ տալու միջոցով:
3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները:
Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, դատարանի վճռի հիման վրա, չեղյալ է հայտարարում քաղաքացիական կացության ակտերի գրառումները կամ վերականգնում է դրանք:
4. Քաղաքացիական կացության ակտեր գրանցող մարմինները, այդ ակտերը գրանցելու, քաղաքացիական կացության ակտերի գրառումները փոփոխելու, վերականգնելու և չեղյալ հայտարարելու կարգը, ակտերի գրքերի ու վկայականների ձևերը, ինչպես նաև ակտերի գրքերի պահպանման կարգը և ժամկետները որոշվում են քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 5
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ
§ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
⚖Հոդված 50. | Իրավաբանական անձի հասկացությունը |
1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:
2. Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:
3. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները (մասնակիցները) ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:
4. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները:
(50-րդ հոդվածը փոփ. 16.12.16 ՀՕ-32-Ն)
Հոդված 51. | Իրավաբանական անձանց տեսակները |
1. Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:
2. Առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:
3. Կոոպերատիվները` կախված իրենց գործունեության բնույթից, կարող են լինել շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ նման նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություններ:
4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով:
(51-րդ հոդվածը խմբ. 16.12.16 ՀՕ-32-Ն)
Հոդված 52. | Իրավաբանական անձի իրավունակությունը |
1. Իրավաբանական անձը կարող է ունենալ իր հիմնադիր փաստաթղթով նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված պարտականություններ:
2. Իրավաբանական անձինք կարող են ունենալ օրենքով չարգելված գործունեության ցանկացած տեսակներ իրականացնելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներ և կրել քաղաքացիական պարտականություններ:
Գործունեության առանձին տեսակներով, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրավաբանական անձը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա: Օրենքով սահմանված դեպքերում գործունեության առանձին տեսակներով իրավաբանական անձը կարող է միայն զբաղվել այդ գործունեությամբ զբաղվելու մասին ծանուցում ներկայացնելուց հետո:
Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա նախատեսված է օրենքով: Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից:
Ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտից կամ իրավահարաբերության էությունից:
3. Իրավաբանական անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: Իրավաբանական անձն իր իրավունքների սահմանափակման մասին որոշումը կարող է բողոքարկել դատարան:
4. Իրավաբանական անձի իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (56 հոդվածի 3-րդ կետ) և դադարում է լուծարման ավարտի (69 հոդվածի 7-րդ կետ) պահից:
5. Իրավաբանական անձի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա) կամ ծանուցման ներկայացում, ծագում է նման թույլտվությունը ստանալու (ծանուցման ենթակա գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու) պահից կամ դրանում նշված ժամկետում և դադարում է դրա գործողության ժամկետի ավարտով, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
(52-րդ հոդվածը լրաց., խմբ. 13.11.15 ՀՕ-128-Ն, փոփ., լրաց. 16.12.16 ՀՕ-32-Ն)
Հոդված 53. | Իրավաբանական անձի ստեղծումը |
1. Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր, որով որոշում են իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը, իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները:
2. Պայմանագրի հիման վրա հիմնադիրները մշակում են ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը:
Հոդված 54. | Իրավաբանական անձի հիմնադիրների պատասխանատվությունը |
Իրավաբանական անձի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչև իրավաբանական անձի պետական գրանցումը ծագած` իրավաբանական անձի ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
Հոդված 55. | Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը |
1. Իրավաբանական անձի հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմնի հաստատած կանոնադրությունն է:
2. Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` սույն օրենսգրքով և (կամ) օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
Ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում սահմանվում են նրա գործունեության առարկան և նպատակները:
Առևտրային կազմակերպության կանոնադրությունում կարող են նախատեսվել նրա գործունեության առարկան և նպատակները:
3. Կանոնադրության փոփոխությունները երրորդ անձանց համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման պահից, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին այդ փոփոխությունների մասին տեղեկացնելու պահից: Սակայն իրավաբանական անձինք և նրանց հիմնադիրները (մասնակիցները) նման փոփոխությունները հաշվի առած երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում իրավունք չունեն վկայակոչել այդ փոփոխությունների գրանցման բացակայությունը:
(55-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.12.10 ՀՕ-217-Ն)
Հոդված 56. | Իրավաբանական անձանց պետական գրանցումը |
1. Իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման: Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար:
2. Իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:
Իրավաբանական անձի գրանցումն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:
Պետական գրանցումը մերժելը, ինչպես նաև գրանցումից խուսափելը կարող են բողոքարկվել դատարան:
3. Իրավաբանական անձն ստեղծված է համարվում նրա պետական գրանցման պահից:
4. Իրավաբանական անձը ենթակա է վերագրանցման միայն օրենքով սահմանված դեպքերում:
(56-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-39-Ն)
⚖Հոդված 57. | Իրավաբանական անձի մարմինները |
1. Իրավաբանական անձը քաղաքացիական իրավունքներ է ձեռք բերում և քաղաքացիական պարտականություններ է ստանձնում իր մարմինների միջոցով, որոնք գործում են օրենքին, այլ իրավական ակտերին ու նրա կանոնադրությանը համապատասխան:
Իրավաբանական անձի մարմինների ընտրության կամ նշանակման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, օրենքով և (կամ) իրավաբանական անձի կանոնադրությամբ:
2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձն իր մասնակիցների, ինչպես նաև ներկայացուցիչների միջոցով կարող է ձեռք բերել քաղաքացիական իրավունքներ և ստանձնել քաղաքացիական պարտականություններ:
3. Անձը, որն օրենքի կամ իրավաբանական անձի կանոնադրության ուժով հանդես է գալիս նրա անունից, պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ` ի շահ իր կողմից ներկայացվող իրավաբանական անձի: Նա պարտավոր է իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պահանջով հատուցել իր կողմից իրավաբանական անձին պատճառած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
(57-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-217-Ն)
Հոդված 58. | Իրավաբանական անձի անվանումը |
1. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:
2. Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:
Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ իրավունք:
Ֆիրմային անվանումների գրանցման ու օգտագործման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանման ներքո իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:
Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:
Հոդված 59. | Իրավաբանական անձի գտնվելու վայրը |
Իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
Հոդված 59.1. | Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը |
1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով:
2. Ռեդոմիցիլացվել կարող են առևտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաև այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որոնց կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած՝ սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձևով։
3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ։
4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրականացվում է իրավաբանական անձի անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա՝ անձնական օրենքով սահմանված կարգով։
5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող կազմակերպությունների վրա:
(59.1-ին հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-206-Ն)
Հոդված 59.2. | Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում |
1. Օտարերկրյա իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնադրություն ունենալու և օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու արդյունքում։
2. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձը պահպանում է իր բոլոր իրավունքները և պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։
3. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման արդյունքում նրա գտնվելու վայրը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն։
4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար այդ օտարերկրյա իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով նախնական գրանցման դիմումը և օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին, ինչպես նաև ընտրում է իր կազմակերպական-իրավական ձևը:
5. Օրենքով սահմանված տվյալները գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում և տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:
6. Նախնական գրանցման համար դիմելու հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձին տրամադրում է շարունակականության նախնական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։
7. Օտարերկրյա իրավաբանական անձի նախնական գրանցումից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացնի օտարերկրյա պետությունում որպես տվյալ երկրի իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթղթի պատշաճ վավերացված թարգմանությունը։
8. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցամատյանում իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում, և տրամադրվում է շարունակականության փաստաթուղթ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ճանաչում:
9. Ռեդոմիցիլացման ճանաչումից հետո այդ իրավաբանական անձը համարվում է գրանցված Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցման պահից, եթե ռեդոմիցիլացման համար դիմած օտարերկրյա իրավաբանական անձը չի կնքել գործարքներ նախնական գրանցման պահից մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահը։ Այլապես այդ իրավաբանական անձը համարվելու է ռեդոմիցիլացված Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահից:
10. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով։
11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև այն պետությունների ցանկը, որտեղ չի կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը։ Ռեդոմիցիլացումը կարող է մերժվել, եթե ոչ առևտրային կազմակերպությունը չի համապատասխանեցրել իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաև եթե իրավաբանական անձի ընտրած կազմակերպաիրավական ձևը անհամատեղելի է իր կանոնադրական նպատակների հետ, կամ նա չի ներկայացրել օրենքով նախատեսված փաստաթղթերը:
12. Հայաստանի Հանրապետությունում, ռեդոմիցիլացումից բացի, մեկ այլ պետությունում ռեդոմիցիլացված իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դեպքում այդ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման երկիրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը:
(59.2-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-206-Ն)
Հոդված 59.3. | Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը |
1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին, և պահպանվում են օրենքով սահմանված տեղեկությունները։ Այդ տեղեկությունները համարվում են հանրամատչելի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ։
2. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելվում է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվները, կամ եթե այդ իրավաբանական անձն ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորություններ, բացառությամբ, եթե ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել նշված պարտավորությունների կառավարման մասով իրավասու մարմնի որոշմամբ, կամ եթե ունի պարտավորություններ համայնքի հանդեպ, բացառությամբ, եթե իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել համայնքի ավագանու որոշմամբ, ինչպես նաև կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն։
3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի գործադիր մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ռեդոմիցիլացման մասին որոշում ընդունելուց հետո պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի պարտատերերին, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին իրականացնել հրապարակային ծանուցում՝ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման վերջնական գրանցումից առնվազն երեք ամիս առաջ, եթե ավելի երկար ժամկետ չի սահմանվել ռեդոմիցիլացման մասին որոշմամբ։
4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձի պարտատերերը մինչև ռեդոմիցիլացման վերջնական գրանցումն իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու ռեդոմիցիլացումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը և հատուցելու վնասները։
5. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը մինչև նշված ժամկետի ավարտը բավարարում է Հայաստանի Հանրապետության և համայնքի հանդեպ պարտավորությունները և պարտատերերի վաղաժամկետ պահանջները։
6. Պարտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դադարեցման վերաբերյալ պահանջը ներկայացվում է դատարան մինչև ռեդոմիցիլացման պետական գրանցումը։ Եթե պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա, և պարտապանը չի կարող այն բավարարել անմիջապես և հատուցել վնասները, կամ եթե պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաև եթե կան ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվճարունակության հիմքեր, ապա դատարանը ռեդոմիցիլացումը դադարեցնում է մինչև նշված հիմքերի վերացումը։
7. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման դիմումը և օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը, մասնավորապես՝ պարտավորությունների բավարարման վերաբերյալ ապացույցները կամ իրավաբանական անձի պարտատերերին ռեդոմիցիլացման մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային ծանուցում իրականացնելու մասին, սնանկության վարույթում չգտնվելու վերաբերյալ տեղեկանքը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին։
8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսված դիմումին կից չեն ներկայացվում նույն կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը, ապա փոխօգնության կարգով նշված տեղեկատվությունը գրանցում իրականացնող մարմինն օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում ստանում է դրան տիրապետող պետական մարմիններից:
9. Օրենքով սահմանված դիմումը, փաստաթղթերը և այլ տվյալները գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձին տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի՝ ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ: Ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթղթի ձևը և բովանդակությունը սահմանում է օրենքով նախատեսված լիազորված մարմինը:
10. Այլ պետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից տրված շարունակականության նախնական փաստաթուղթը կամ շարունակականության փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացվում է գրառում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման մասին:
(59.3-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-206-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-100-Ն)
Հոդված 60. | Իրավաբանական անձի պատասխանատվությունը |
1. Իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:
(60-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)
Հոդված 61. | Ներկայացուցչություններ և մասնաճյուղեր |
1. Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
2. Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:
3. Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:
Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:
Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:
(61-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205)
Հոդված 62. | Հիմնարկ |
1. Հիմնարկ է համարվում կառավարչական, սոցիալ-մշակութային, կրթական կամ ոչ առևտրային բնույթի այլ գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձի ստեղծած կազմակերպությունը:
2. Հիմնարկն իրավաբանական անձ չէ և գործում է իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա:
3. Հիմնարկը, օրենքով սահմանված շրջանակներում, իր գործունեության նպատակներին, իրավաբանական անձի հանձնարարություններին և իրեն ամրացված գույքի նշանակությանը համապատասխան, տիրապետում, օգտագործում ու տնօրինում է այդ գույքը:
4. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում այն ստեղծած իրավաբանական անձը:
5. Պետական ու այլ հիմնարկների առանձին տեսակների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 63. | Իրավաբանական անձի վերակազմակերպումը |
1. Իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:
2. Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի բաժանման կամ նրա կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպումն իրականացվում է դատարանի վճռով:
Դատարանը նշանակում է իրավաբանական անձի արտաքին կառավարիչ և նրան հանձնարարում է իրականացնել իրավաբանական անձի վերակազմակերպում: Նշանակման պահից իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորություններն անցնում են արտաքին կառավարչին: Արտաքին կառավարիչն իրավաբանական անձի անունից հանդես է գալիս դատարանում, կազմում է բաժանիչ հաշվեկշիռ և վերակազմակերպման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձանց կանոնադրությունների հետ միասին ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից այդ փաստաթղթերը հաստատելը հիմք է նոր ստեղծվող իրավաբանական անձանց պետական գրանցման համար:
3. Իրավաբանական անձը, բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից:
4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
(63-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205)
Հոդված 64. | Իրավահաջորդությունն իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում |
1. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում նրանցից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձին` փոխանցման ակտին համապատասխան:
2. Իրավաբանական անձի` այլ իրավաբանական անձի միանալու դեպքում միացած իրավաբանական անձի իրավունքները և պարտականություններն անցնում են վերջինիս` փոխանցման ակտին համապատասխան:
3. Իրավաբանական անձի բաժանման դեպքում նրա իրավունքները և պարտականություններն անցնում են նոր առաջացած իրավաբանական անձանց` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
4. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնանալու դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները նրանցից յուրաքանչյուրին են անցնում` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:
5. Մեկ տեսակի իրավաբանական անձը մեկ այլ տեսակի իրավաբանական անձի վերակազմավորվելու դեպքում (կազմակերպական-իրավական ձևի փոփոխում) նոր առաջացած իրավաբանական անձին են անցնում վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքները և պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան, իսկ օրենքով սահմանված դեպքում պետական գրանցման համար փոխանցման ակտ կարող է չներկայացվել: Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաև օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:
(64-րդ հոդվածը լրաց. 17.11.16 ՀՕ-206-Ն, 16.01.18 ՀՕ-85-Ն)
Հոդված 65. | Փոխանցման ակտ և բաժանիչ հաշվեկշիռ |
1. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը պետք է դրույթներ պարունակեն վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին` ներառյալ վիճարկվող պարտավորությունները:
2. Փոխանցման ակտը և բաժանիչ հաշվեկշիռը հաստատում են վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը և կանոնադրությունների հետ միասին ներկայացվում են նոր առաջացած իրավաբանական անձանց գրանցելու կամ գոյություն ունեցող իրավաբանական անձանց կանոնադրություններում փոփոխություններ մտցնելու համար:
3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաև դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի և պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:
(65-րդ հոդվածը փոփ., խմբ. 27.07.01 ՀՕ-205)
Հոդված 66. | Իրավաբանական անձի պարտատերերի իրավունքների երաշխիքներն այն վերակազմակերպվելու դեպքում |
1. Իրավաբանական անձի վերակազմակերպման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը, իսկ սույն օրենսգրքի 63 հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերում` արտաքին կառավարիչը, պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին:
2. Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնասները:
3. Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիս որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
(66-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-205)
⚖Հոդված 67. | Իրավաբանական անձի լուծարումը |
1. Իրավաբանական անձի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
2. Իրավաբանական անձը կարող է լուծարվել`
1) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
2) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
3) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերով` իրավաբանական անձի լուծարման պահանջը կարող է դատարան ներկայացնել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին օրենքով նման պահանջ ներկայացնելու իրավունք է վերապահված:
Դատարանի վճռով իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ իրավաբանական անձի լուծարման լիազորություն ունեցող մարմնի վրա կարող են դրվել իրավաբանական անձին լուծարելու պարտականություններ:
4. Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:
5. Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
6. Բանկերի, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների, ապահովագրական ընկերությունների և «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրոյի լուծարման հիմքերի, կարգի, ինչպես նաև լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
(67-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, լրաց. 15.11.05 ՀՕ-229-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն, փոփ. 18.05.10 ՀՕ-69-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-100-Ն)
Հոդված 68. | Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած անձի պարտականությունները |
1. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը պարտավոր են այդ մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
2. Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը նշանակում են լուծարման հանձնաժողով (լուծարող) և, սույն օրենսգրքին համապատասխան, սահմանում են լուծարման կարգն ու ժամկետները:
3. Նշանակման պահից լուծարման հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
Հոդված 69. | Իրավաբանական անձի լուծարման կարգը |
1. Լուծարման հանձնաժողովն http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:
Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:
2. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում են լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:
3. Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
4. Լուծարման հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում սույն օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:
5. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:
Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:
6. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:
(69-րդ հոդվածը խմբ. 27.07.01 ՀՕ-205, փոփ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 70. | Պարտատերերի պահանջները բավարարելը |
1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.
երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.
չորրորդ հերթին մարվում է բյուջե, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող պարտադիր վճարների պարտքը.
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.
վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:
2. Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:
3. Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
4. Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:
(70-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.02.11 ՀՕ-55-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-400-Ն)
⚖Հոդված 71. | Իրավաբանական անձի սնանկությունը |
Իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
(71-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-163, 25.12.06 ՀՕ-54-Ն)
§ 2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 72. | Հիմնական դրույթներ տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների մասին |
1. Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների (մասնակիցների)` բաժնեմասերի բաժանված կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները: Հիմնադիրների (մասնակիցների) ավանդների հաշվին ստեղծված, ինչպես նաև տնտեսական ընկերակցության կամ ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքը նրան է պատկանում սեփականության իրավունքով:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տնտեսական ընկերություն կարող է ստեղծել մեկ անձը:
2. Տնտեսական ընկերակցությունները կարող են ստեղծվել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության (կոմանդիտային ընկերակցության) ձևով:
3. Տնտեսական ընկերությունները կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով:
4. Լիակատար ընկերակցությունների մասնակիցներ ու վստահության վրա հիմնված ընկերակցությունների լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները:
5. Տնտեսական ընկերությունների մասնակիցներ ու վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուներ կարող են լինել քաղաքացիները և իրավաբանական անձինք:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների մասնակիցներ:
7. Տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները կարող են լինել այլ տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների հիմնադիրներ (մասնակիցներ), բացառությամբ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
8. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության գույքում ներդրված ավանդը կարող է լինել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ:
9. Տնտեսական ընկերության մասնակցի ավանդի դրամական գնահատումը կատարվում է ընկերության հիմնադիրների (մասնակիցների) միջև համաձայնությամբ և ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(72-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205)
Հոդված 73. | Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցների իրավունքները և պարտականությունները |
1. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն`
1) մասնակցել ընկերակցության կամ ընկերության գործերի կառավարմանը, բացառությամբ սույն օրենսգրքի 92 հոդվածի 2-րդ կետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
2) տեղեկատվություն ստանալ ընկերակցության կամ ընկերության գործունեության մասին և կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ նրա հաշվապահական գրքերին ու այլ փաստաթղթերին.
3) մասնակցել շահույթի բաշխմանը.
4) ընկերակցության կամ ընկերության լուծարվելու դեպքում ստանալ պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո մնացած գույքի մասը կամ դրա արժեքը:
Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մասնակիցները կարող են ունենալ նաև սույն օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով, ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:
2. Տնտեսական ընկերակցությունների կամ ընկերությունների մասնակիցները պարտավոր են`
1) ավանդներ ներդնել կանոնադրությամբ նախատեսված կարգով, չափերով, եղանակներով և ժամկետներում.
2) չհրապարակել ընկերակցության կամ ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը:
Տնտեսական ընկերակցությունների կամ ընկերությունների մասնակիցները կարող են կրել նաև նրա կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:
Հոդված 74. | Տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների վերակազմավորվելը |
1. Տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները կարող են, մասնակիցների ընդհանուր ժողովի որոշմամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, վերակազմավորվել այլ տեսակի տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների:
2. Ընկերակցությունն ընկերության վերակազմավորվելիս յուրաքանչյուր լիակատար ընկեր, դառնալով ընկերության մասնակից (բաժնետեր), երկու տարվա ընթացքում իր ամբողջ գույքով սուբսիդիար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից ընկերությանն անցած պարտավորությունների համար: Նախկին ընկերոջ կողմից իրեն պատկանող բաժնեմասերի (բաժնետոմսերի) օտարումը նրան չի ազատում նման պատասխանատվությունից:
Հոդված 75. | Դուստր տնտեսական ընկերություն |
1. Տնտեսական ընկերությունը համարվում է դուստր, եթե այլ (հիմնական) տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն, նրա կանոնադրական կապիտալում իր գերակշռող մասնակցության ուժով կամ նրանց միջև կնքված պայմանագրին համապատասխան` հնարավորություն ունի կանխորոշել նման ընկերության որոշումները:
2. Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտքերի համար:
3. Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը, որը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունի, դուստր ընկերության հետ համապարտ պատասխանատվություն է կրում իր ցուցումների համաձայն կնքված գործարքների կատարման համար: Հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը դուստր ընկերությանը պարտադիր ցուցումներ տալու իրավունք ունեցող է համարվում, եթե այդ իրավունքը նախատեսված է դուստր ընկերության հետ կնքված պայմանագրում:
4. Դուստր ընկերության մասնակիցները (բաժնետերերը) իրավունք ունեն հիմնական ընկերակցությունից կամ ընկերությունից պահանջել հատուցելու նրա մեղքով դուստր ընկերությանը պատճառված վնասները: Վնասները հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով պատճառված են համարվում, եթե դրանք վրա են հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:
5. Հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով առաջացած է համարվում, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետևանքով:
Հոդված 76. | Կախյալ տնտեսական ընկերություն |
1. Տնտեսական ընկերությունը համարվում է կախյալ, եթե մյուս (գերակշռող, մասնակցող) ընկերակցությունը կամ ընկերությունն ունի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը:
2. Տնտեսական ընկերակցությունը կամ ընկերությունը, որը ձեռք է բերել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի կամ բաժնետիրական ընկերության քվեարկող բաժնետոմսերի ավելի քան քսան տոկոսը, պարտավոր է, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով սահմանված կարգով, անհապաղ տեղեկություններ հրապարակել այդ մասին:
Հոդված 76.1. | Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը |
1. Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը ներդրումների խթանման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից հաստատվող իրավական ակտ է, որը պարունակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ:
2. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալը տնտեսական ընկերությունների կողմից կամավոր է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասությունը պատկանում է տնտեսական ընկերությունների մասնակիցների ընդհանուր ժողովին, եթե օրենքով կամ կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:
(76.1-ին հոդվածը լրաց. 22.05.24 ՀՕ-237-Ն)
2. ԼԻԱԿԱՏԱՐ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 77. | Հիմնական դրույթներ լիակատար ընկերակցության մասին |
1. Լիակատար է համարվում այն ընկերակցությունը, որի մասնակիցները (լիակատար ընկերներ), կանոնադրությանը համապատասխան, ընկերակցության անունից զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ և իրենց պատկանող գույքով պատասխանատվություն են կրում նրա պարտավորությունների համար:
2. Անձը կարող է լինել միայն մեկ լիակատար ընկերակցության մասնակից:
3. Լիակատար ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի նրա բոլոր մասնակիցների անունները (անվանումները) և «լիակատար ընկերակցություն» բառերը կամ մեկ կամ մի քանի մասնակիցների անունը (անվանումը)` ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» բառերը:
Հոդված 78. | Լիակատար ընկերակցության կանոնադրությունը |
Լիակատար ընկերակցության կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պայմաններ պարունակի ընկերակցության բաժնեհավաք կապիտալի չափի և կազմի, բաժնեհավաք կապիտալում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի չափի ու փոփոխման կարգի, նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդներ ներդնելու պարտականությունները խախտելու համար մասնակիցների պատասխանատվության մասին:
Հոդված 79. | Լիակատար ընկերակցության կառավարումը |
1. Լիակատար ընկերակցությունը կառավարվում է բոլոր մասնակիցների ընդհանուր համաձայնությամբ: Լիակատար ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել մասնակիցների ձայների մեծամասնությամբ որոշում ընդունելու դեպքեր:
2. Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայն, եթե նրա մասնակիցների ձայների քանակը որոշելու այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ:
3. Ընկերակցության յուրաքանչյուր մասնակից, անկախ այն բանից, լիազորված է վարելու ընկերակցության գործերը, թե ոչ, իրավունք ունի ծանոթանալ ընկերակցության բոլոր փաստաթղթերին: Այդ իրավունքից հրաժարվելը կամ դա սահմանափակելը` ներառյալ ընկերակցության մասնակիցների համաձայնությամբ, առոչինչ է:
Հոդված 80. | Լիակատար ընկերակցության գործերը վարելը |
1. Լիակատար ընկերակցության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել ընկերակցության անունից, եթե կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նրա բոլոր մասնակիցները գործերը վարում են համատեղ, կամ գործերը վարելը հանձնարարված է առանձին մասնակիցների:
2. Մասնակիցների կողմից ընկերակցության գործերը համատեղ վարելու դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու և կատարելու համար պահանջվում է ընկերակցության բոլոր մասնակիցների համաձայնությունը:
3. Եթե ընկերակցության գործերը վարելը նրա մասնակիցները հանձնարարել են իրենցից մեկին կամ մի քանիսին, մնացած մասնակիցներն ընկերակցության անունից գործարքներ կնքելու և կատարելու համար պետք է ունենան այդ մասնակցի (մասնակիցների) լիազորագիրը:
4. Երրորդ անձանց հետ ունեցած հարաբերություններում ընկերակցությունն իրավունք չունի վկայակոչել ընկերակցության մասնակիցների լիազորությունները սահմանափակող կանոնադրության դրույթները, բացառությամբ այն դեպքերի, երբ ընկերակցությունն ապացուցում է, որ գործարքը կնքելու պահին երրորդ անձը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար ընկերակցության մասնակցի մոտ ընկերակցության անունից հանդես գալու իրավունքի բացակայության մասին:
5. Մեկ կամ մի քանի մասնակիցներին տրամադրված ընկերակցության գործերը վարելու լիազորությունները լուրջ հիմքերի առկայությամբ` ներառյալ լիազորված անձի (անձանց) կողմից իր պարտականությունները կոպիտ խախտելու կամ գործերը ողջամտորեն վարելու նրա անընդունակությունը հայտնաբերվելու դեպքում ընկերակցության մեկ կամ մի քանի մասնակիցների պահանջով կարող են դադարեցվել դատարանի վճռով: Դատարանի վճռի հիման վրա ընկերակցության կանոնադրությունում մտցվում են համապատասխան փոփոխություններ:
Հոդված 81. | Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները |
1. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան:
2. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն)
3. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ:
Այս կանոնը խախտելու դեպքում ընկերակցությունն իրավունք ունի մասնակցից իր ընտրությամբ պահանջել հատուցելու ընկերակցությանը պատճառված վնասները կամ ընկերակցությանը հանձնելու այդպիսի գործարքներով ստացած ամբողջ օգուտը:
(81-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն)
Հոդված 82. | Լիակատար ընկերակցության շահույթի և վնասների բաշխումը |
1. Լիակատար ընկերակցության շահույթը և վնասները բաշխվում են նրա մասնակիցների միջև ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ: Ընկերակցության մասնակցին շահույթի կամ վնասների բաշխումից մեկուսացնելու մասին համաձայնությունն առոչինչ է:
2. Եթե ընկերակցության կրած վնասների հետևանքով նրա զուտ ակտիվների արժեքը պակասում է բաժնեհավաք կապիտալի չափից, ընկերակցության ստացած շահույթը մասնակիցների միջև չի բաշխվում այնքան ժամանակ, մինչև զուտ ակտիվների արժեքը գերազանցի բաժնեհավաք կապիտալի չափը:
Հոդված 83. | Լիակատար ընկերակցության մասնակիցների պատասխանատվությունը նրա պարտավորությունների համար |
1. Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրենց գույքով համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար:
2. Լիակատար ընկերակցության ոչ հիմնադիր մասնակիցը մյուս մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում մինչև ընկերակցության մեջ իր մտնելը ծագած պարտավորությունների համար:
Ընկերակցությունից դուրս եկած մասնակիցը մինչև իր դուրս գալու պահը ծագած ընկերակցության պարտավորությունների համար մնացած մասնակիցների հետ հավասար պատասխանատվություն է կրում ընկերակցությունից իր դուրս գալու տարվա հաշվետվության հաստատման օրվանից սկսած երկու տարվա ընթացքում:
3. Սույն հոդվածում նախատեսված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին` ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 84. | Լիակատար ընկերակցության մասնակիցների կազմի փոփոխությունը |
1. Լիակատար ընկերակցության մասնակիցներից որևէ մեկի դուրս գալու կամ մահվան, նրանցից մեկին անհայտ բացակայող, անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ սնանկ ճանաչելու, մասնակիցներից մեկի նկատմամբ դատարանի վճռով վերակազմակերպական ընթացակարգեր սկսելու, ընկերակցությանը մասնակցող իրավաբանական անձի լուծարման կամ մասնակիցներից մեկի պարտատիրոջ կողմից բաժնեհավաք կապիտալում նրա ունեցած բաժնեմասին համապատասխանող գույքի մասի վրա բռնագանձում տարածելու դեպքերում, ընկերակցությունը կարող է շարունակել իր գործունեությունը, եթե դա նախատեսված է ընկերակցության կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների համաձայնությամբ:
2. Լիակատար ընկերակցության մասնակիցներն իրավունք ունեն դատական կարգով պահանջել մասնակիցներից որևէ մեկին հեռացնելու ընկերակցությունից` մնացած մասնակիցների միաձայն որոշմամբ` դրա համար լուրջ հիմքերի առկայության, մասնավորապես` այդ մասնակցի կողմից իր պարտականությունները կոպիտ խախտելու կամ գործերը ողջամտորեն վարելու անկարողություն դրսևորելու դեպքերում:
Հոդված 85. | Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալը |
1. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի դուրս գալ նրանից` հայտարարելով ընկերակցությանը մասնակցելուց իր հրաժարվելու մասին:
Լիակատար ընկերակցությանը մասնակցելուց հրաժարվելը պետք է հայտարարվի ընկերակցությունից մասնակցի դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ:
2. Ընկերակցությունից դուրս գալու իրավունքից հրաժարվելու մասին ընկերակցության մասնակիցների համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 86. | Լիակատար ընկերակցությունից մասնակցի դուրս գալու հետևանքները |
1. Լիակատար ընկերակցությունից դուրս եկած մասնակցին վճարվում է ընկերակցության գույքի այն մասի արժեքը, որը համապատասխանում է բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցի բաժնեմասին, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ: Դուրս եկող մասնակցի և մնացող մասնակիցների համաձայնությամբ գույքի արժեքի վճարումը կարող է փոխարինվել գույքը բնեղենով հանձնելով:
Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերակցության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է հաշվեկշռով, որը, բացառությամբ սույն օրենսգրքի 88 հոդվածով նախատեսված դեպքի, կազմվում է նրա դուրս գալու պահին:
2. Լիակատար ընկերակցության մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը կարող է մտնել լիակատար ընկերակցության մեջ միայն մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ:
Լիակատար ընկերակցությանը մասնակցած վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձն իրավունք ունի մտնել ընկերակցության մեջ նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կանոնադրությամբ:
Ընկերակցության մեջ չմտած ժառանգի (իրավահաջորդի) հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան: Լիակատար ընկերակցության մասնակցի ժառանգը (իրավահաջորդը), ընկերակցության դուրս եկած մասնակցից իրեն հասած գույքի սահմաններում, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև, ընկերակցության պարտավորությունների համար այնպես, ինչպես սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` պատասխանատվություն կկրեր դուրս եկած մասնակիցը:
3. Ընկերակցությունից մասնակիցներից մեկի դուրս գալու դեպքում, մնացած մասնակիցների բաժնեմասերն ընկերակցության բաժնեհավաք կապիտալում համապատասխանաբար ավելանում են, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ կամ մասնակիցների համաձայնությամբ:
Հոդված 87. | Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասը փոխանցելը |
1. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք ունի նրա մյուս մասնակիցների համաձայնությամբ բաժնեհավաք կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մի մասը փոխանցել ընկերակցության այլ մասնակցի կամ երրորդ անձի:
2. Բաժնեմասը (դրա մասը) այլ անձի փոխանցելու դեպքում նրան ամբողջությամբ կամ համապատասխան մասով անցնում են բաժնեմասը (դրա մասը) հանձնող մասնակցի իրավունքները: Անձը, ում փոխանցված է բաժնեմասը (դրա մասը), պատասխանատվություն է կրում ընկերակցության պարտավորությունների համար` սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով:
3. Ընկերակցության մասնակցի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի փոխանցելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը և հանգեցնում սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքներին:
Հոդված 88. | Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը |
1. Ընկերակցությունում մասնակցելու հետ չկապված պարտքերի համար (անձնական պարտքեր) լիակատար ընկերակցության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Այդպիսի մասնակցի պարտատերերն իրավունք ունեն լիակատար ընկերակցությունից պահանջել առանձնացնելու բաժնեհավաք կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխանող` ընկերակցության գույքի մասի վրա բռնագանձում տարածելու նպատակով: Ընկերակցության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է առանձնացնելու մասին պահանջ ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:
2. Լիակատար ընկերակցության բաժնեհավաք կապիտալում մասնակցի բաժնեմասին համապատասխանող գույքի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությունում և հանգեցնում է սույն օրենսգրքի 83 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված հետևանքներին:
3.
(հոդվածը 11.04.24 ՀՕ-187-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 89. | Լիակատար ընկերակցության լուծարումը |
Լիակատար ընկերակցությունը լուծարվում է սույն օրենսգրքի 67 հոդվածով նշված հիմքերով, ինչպես նաև այն դեպքում, երբ ընկերակցությունում մնում է միայն մեկ մասնակից: Նման մասնակիցը, ընկերակցության միակ մասնակիցը դառնալու պահից սկսած վեց ամսվա ընթացքում, իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով ընկերակցությունը վերակազմավորել տնտեսական ընկերության:
Լիակատար ընկերակցությունը լուծարվում է նաև սույն օրենսգրքի 84 հոդվածի 1-ին կետում նշված դեպքերում, եթե ընկերակցության կանոնադրությամբ կամ մնացած մասնակիցների համաձայնությամբ նախատեսված չէ, որ ընկերակցությունը շարունակելու է իր գործունեությունը:
3. ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հոդված 90. | Հիմնական դրույթներ վստահության վրա հիմնված ընկերակցության մասին |
1. Վստահության վրա հիմնված ընկերակցություն (կոմանդիտ ընկերակցություն) է համարվում այն ընկերակցությունը, որում ընկերակցության անունից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և իրենց գույքով ընկերակցության պարտավորությունների համար պատասխանատվություն կրող մասնակիցների (լիակատար ընկերներ) հետ միասին կան մեկ կամ մի քանի մասնակից ավանդատուներ (կոմանդիտիստներ), որոնք իրենց ներդրած ավանդների գումարների սահմաններում կրում են ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկը և չեն մասնակցում ընկերակցության իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը:
2. Վստահության վրա հիմնված ընկերակցությանը մասնակցող լիակատար ընկերների իրավական վիճակը և ընկերակցության պարտավորությունների համար նրանց պատասխանատվությունը սահմանվում են լիակատար ընկերակցության մասնակիցների մասին` սույն օրենսգրքի կանոններով:
3. Անձը կարող է լիակատար ընկեր լինել միայն վստահության վրա հիմնված մեկ ընկերակցությունում:
Լիակատար ընկերակցության մասնակիցը չի կարող լիակատար ընկեր լինել վստահության վրա հիմնված ընկերակցությունում:
Վստահության վրա հիմնված ընկերակցության լիակատար ընկերը չի կարող լինել լիակատար ընկերակցության մասնակից:
4. Վստահության վրա հիմնված ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի բոլոր լիակատար ընկերների անունները (անվանումները) և «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը կամ առնվազն մեկ լիակատար ընկերոջ անուն (անվանում)` ավելացրած «և ընկերներ» ու «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը:
5. Եթե վստահության վրա հիմնված ընկերակցության ֆիրմային անվանման մեջ մտցված է ավանդատուի անունը, ապա այդ ավանդատուն դառնում է լիակատար ընկեր:
6. Վստահության վրա հիմնված ընկերակցության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` լիակատար ընկերակցության մասին կանոնները, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի` վստահության վրա հիմնված ընկերակցության մասին կանոններին:
7. Վստահության վրա հիմնված ընկերակցություն հանդիսացող ներդրումային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(90-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն)
Հոդված 91. | Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությունը |
Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պայմաններ պարունակի նաև ընկերակցության բաժնեհավաք կապիտալի չափի և կազմի, բաժնեհավաք կապիտալում լիակատար ընկերներից յուրաքանչյուրի բաժնեմասի չափի ու փոփոխման կարգի, նրանց ներդրած ավանդների կազմի և կարգի, ավանդներ ներդնելու պարտականությունները խախտելու համար նրանց պատասխանատվության, ավանդատուների կողմից ներդրվող ավանդների չափի մասին:
Հոդված 92. | Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարելը և նրա գործերը վարելը |
1. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը կառավարում են լիակատար ընկերները: Նման ընկերակցությունը կառավարելու և գործերը վարելու կարգը սահմանում են լիակատար ընկերները սույն օրենսգրքի` լիակատար ընկերակցության մասին կանոններով:
2. Ավանդատուներն իրավունք չունեն մասնակցել վստահության վրա հիմնված ընկերակցության կառավարմանը և գործերի վարմանը, առանց լիազորագրի հանդես գալ նրա անունից: Նրանք իրավունք չունեն վիճարկել ընկերակցության կառավարման և գործերի վարման հետ կապված լիակատար ընկերների գործողությունները:
Հոդված 93. | Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուի պարտականությունը և իրավունքները |
1. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն պարտավոր է ավանդ ներդնել բաժնեհավաք կապիտալում: Ավանդի ներդրումը հավաստվում է ընկերակցության կողմից ավանդատուին տրվող` մասնակցության մասին վկայականով:
2. Վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուն իրավունք ունի`
1) ստանալ ընկերակցության շահույթի մասը, որը կանոնադրությամբ նախատեսված կարգով հասնում է բաժնեհավաք կապիտալում ունեցած նրա բաժնեմասին.
2) ծանոթանալ ընկերակցության տարեկան հաշվետվություններին և հաշվեկշիռներին.
3) ֆինանսական տարվա ավարտից հետո դուրս գալ ընկերակցությունից և կանոնադրությամբ նախատեսված կարգով ստանալ իր ավանդը, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ.
4) բաժնեհավաք կապիտալում ունեցած իր բաժնեմասը կամ դրա մասը հանձնել այլ ավանդատուի կամ երրորդ անձի:
Ավանդատուները երրորդ անձանց նկատմամբ օգտվում են բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից` սույն օրենսգրքի 101 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմաններով և կարգով: Ավանդատուի կողմից ամբողջ բաժնեմասն այլ անձի հանձնելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերակցությանը:
Վստահության վրա հիմնված ընկերակցության կանոնադրությամբ կարող են նախատեսվել ավանդատուի այլ իրավունքներ:
(93-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն)
Հոդված 94. | Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարումը |
1. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է մասնակից բոլոր ավանդատուների` նրանից դուրս գալու դեպքում: Սակայն լիակատար ընկերներն իրավունք ունեն լուծարելու փոխարեն վստահության վրա հիմնված ընկերակցությունը վերակազմավորել լիակատար ընկերակցության:
Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է նաև լիակատար ընկերակցության լուծարման հիմքերով (հոդված 89): Սակայն վստահության վրա հիմնված ընկերակցությունը պահպանվում է, եթե նրանում մնում են թեկուզև մեկ լիակատար ընկեր և մեկ ավանդատու:
2. Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարման` ներառյալ սնանկության դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ընկերակցության մնացած գույքից ավանդատուներն իրենց ավանդներն ստանալու նախապատվության իրավունք ունեն լիակատար ընկերների նկատմամբ:
Դրանից հետո ընկերակցության մնացած գույքը բաշխվում է լիակատար ընկերների միջև` ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ կամ լիակատար ընկերների համաձայնությամբ:
4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 95. | Հիմնական դրույթներ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները պատասխանատու չեն նրա պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև` «սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավական վիճակը, ինչպես նաև նրա մասնակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(95-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-229-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն, 22.12.10 ՀՕ-253-Ն)
Հոդված 96. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված քանակը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:
2. (մասն ուժը կորցրել է 12.09.19 ՀՕ-161-Ն)
(96-րդ հոդվածը խմբ. 21.12.10 ՀՕ-217-Ն, փոփ. 12.09.19 ՀՕ-161-Ն)
Հոդված 97. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կանոնադրական կապիտալի չափի, մասնակիցներից յուրաքանչյուրի բաժնեմասի, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
(97-րդ հոդվածը փոփ. 21.12.10 ՀՕ-217-Ն)
Հոդված 98. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է նրա մասնակիցների ավանդների արժեքից:
Կանոնադրական կապիտալը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Ընկերության կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով սահմանված չափից:
2. (կետն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն)
3. Չի թույլատրվում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցին ազատել ընկերության կանոնադրական կապիտալում ավանդ ներդնելու պարտականությունից` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով:
4. Եթե երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա ընկերությունը պարտավոր է հայտարարել իր կանոնադրական կապիտալի նվազման մասին և սահմանված կարգով գրանցել դրա նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը կազմում է բացասական մեծություն կամ պակասում է կանոնադրական կապիտալի` օրենքով սահմանված նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման:
5. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցում թույլատրվում է նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Վերջիններս այդ դեպքում իրավունք ունեն պահանջել վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության համապատասխան պարտավորությունները և հատուցելու վնասները:
(98-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-39-Ն, լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն)
Հոդված 99. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք:
2. Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են սույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան:
3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.
2) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
3) ընկերության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը, նրա շահույթն ու վնասները բաշխելը.
4) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը.
5) ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը` օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:
4. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար ընկերությունն իրավունք ունի ամեն տարի ներգրավել ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի` աուդիտորի (արտաքին աուդիտ):
Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին:
Ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
5. Ընկերության գործերի վարման արդյունքների մասին տեղեկությունների հրապարակումը (հրապարակային հաշվետվություն) պարտադիր չէ, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված դեպքերի:
Հոդված 100. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վերակազմակերպումը և լուծարումը |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը նրա մասնակիցների միաձայն որոշմամբ կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:
Ընկերության վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերը, ինչպես նաև նրա վերակազմակերպման ու լուծարման կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի վերակազմավորվել բաժնետիրական ընկերության և առևտրային կոոպերատիվի:
(100-րդ հոդվածը լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն)
Հոդված 101. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մասը վաճառել կամ այլ ձևով զիջել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:
2. Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
3. Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), եթե այդ իրավունքի իրականացման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ: Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից (բացառությամբ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքի), մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձի:
4. Եթե, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի բաժնեմասի (դրա մասի) օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները հրաժարվում են այն գնելուց, ընկերությունը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը:
5. Մասնակցի բաժնեմասը (դրա մասը) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռք բերվելու դեպքում, ընկերությունը պարտավոր է այն իրացնել այլ մասնակիցների կամ երրորդ անձանց` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում ու կարգով կամ նվազեցնել իր կանոնադրական կապիտալը` սույն օրենսգրքի 98 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան:
6. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով` բաժնեմասն անցնելու համար համաձայնություն չտալը հանգեցնում է մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) դա վճարելու կամ դրա իրական արժեքը բնեղենով հատուցելու` ընկերության պարտականությանը:
(101-րդ հոդվածը լրաց. 21.12.10 ՀՕ-217-Ն)
Հոդված 102. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա նրա անձնական պարտքերի համար բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում: Նման մասնակցի պարտատերերն իրավունք ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահանջել վճարելու կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխան ընկերության գույքի մասի արժեքը կամ առանձնացնելու գույքի այդ բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Ընկերության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է պարտատերերի պահանջները ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:
2. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը:
3.
(հոդվածը 11.04.24 ՀՕ-187-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 103. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալը ընկերությունից |
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցը, անկախ մյուս մասնակիցների համաձայնությունից, իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից:
Հոդված 104. | Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի դուրս գալու հետ կապված հաշվարկները |
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից դուրս եկած մասնակցին վճարվում է կանոնադրական կապիտալում նրա բաժնեմասին համապատասխանող գույքի արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Դուրս եկող մասնակցի և ընկերության համաձայնությամբ գույքի արժեքը կարող է հատուցվել բնեղենով:
Դուրս եկող մասնակցին հասանելիք ընկերության գույքի մասը կամ դրա արժեքը որոշվում է նրա դուրս գալու պահին կազմված հաշվեկշռով:
2. Եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում որպես ավանդ ներդրվել է գույքի օգտագործման իրավունք, ապա համապատասխան գույքը վերադարձվում է ընկերությունից դուրս եկող մասնակցին: Նման գույքի բնականոն մաշվածության հետևանքով նվազած արժեքը չի հատուցվում:
3. Ընկերության մեջ չմտած ընկերության մասնակցի ժառանգի կամ ընկերության մասնակից իրավաբանական անձի իրավահաջորդի հետ հաշվարկները կատարվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
5. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 105. | Հիմնական դրույթներ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության մասին |
1. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Նման ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների արժեքի բազմապատիկի չափով: Մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մյուս մասնակիցների միջև բաշխվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե պատասխանատվության բաշխման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
2. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև` «լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
3. Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին` սույն օրենսգրքի կանոնները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
6. ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 106. | Հիմնական դրույթներ բաժնետիրական ընկերության մասին |
1. Բաժնետիրական ընկերություն է համարվում այն ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի:
2. Բաժնետոմսեր թողարկելու իրավունք ունեն միայն բաժնետիրական ընկերությունները:
3. Բաժնետիրական ընկերության մասնակիցները (բաժնետերերը) պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
4. Բաժնետիրական ընկերությունը կարող է ստեղծվել մեկ անձի կողմից կամ կազմված լինել մեկ անձից` մեկ բաժնետիրոջ կողմից ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք բերելու դեպքում: Այդ մասին տեղեկությունները պետք է պարունակվեն ընկերության կանոնադրությունում, գրանցվեն և հրապարակվեն ի գիտություն բոլորի:
5. Բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև ներառի «բաց բաժնետիրական ընկերություն» կամ «փակ բաժնետիրական ընկերություն» բառերը:
6. Բաժնետիրական ընկերության իրավական վիճակը և բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Բաժնետիրական ընկերություն հանդիսացող բանկերի առանձնահատկությունները սահմանվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ ապահովագրողների առանձնահատկությունները՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային բյուրոների առանձնահատկությունները սահմանվում են «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7. Պետական ձեռնարկությունները մասնավորեցնելիս (ապապետականացնելիս) բաժնետիրական ընկերությունների ստեղծման առանձնահատկությունները սահմանվում են այդ ձեռնարկությունների մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով և այլ իրավական ակտերով:
(106-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, լրաց. 15.11.05 ՀՕ-229-Ն, 09.04.07 ՀՕ-178-Ն, 22.10.08 ՀՕ-192-Ն, 22.12.10 ՀՕ-253-Ն)
Հոդված 107. | Բաց բաժնետիրական ընկերություն |
1. Բաժնետիրական ընկերությունը, որի մասնակիցներն առանց մյուս բաժնետերերի համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը, համարվում է բաց բաժնետիրական ընկերություն: Նման բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պայմաններով անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն և դրանց ազատ վաճառք:
2. (մասն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-258-Ն)
(107-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-258-Ն)
Հոդված 108. | Փակ բաժնետիրական ընկերություն |
1. Բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև, համարվում է փակ բաժնետիրական ընկերություն: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք:
2. Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, հակառակ դեպքում, այն մեկ տարվա ընթացքում ենթակա է վերակազմավորման բաց բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո` դատական կարգով լուծարման, եթե մասնակիցների թիվը չնվազի մինչև օրենքով սահմանված քանակը:
3. (մասն ուժը կորցրել է 15.06.22 ՀՕ-258-Ն)
(108-րդ հոդվածը փոփ. 15.06.22 ՀՕ-258-Ն)
Հոդված 109. | Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը |
1. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերն այդ ընկերության այլ բաժնետերերի կողմից վաճառվող բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք ունեն:
Եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետում բաժնետերերից որևէ մեկը չի օգտվում իր նախապատվության իրավունքից, ապա բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի այդ բաժնետոմսերը ձեռք բերել սեփականատիրոջ հետ համաձայնեցված գնով: Բաժնետիրական ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելուց հրաժարվելու կամ դրանց գնի վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում բաժնետոմսերը կարող են օտարվել երրորդ անձի:
2. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավի և հետագայում գրավառուի կողմից դրանց վրա բռնագանձում տարածելու դեպքում համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները:
3. Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն անցնում են բաժնետեր քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Քաղաքացու ժառանգներին կամ բաժնետեր իրավաբանական անձի իրավահաջորդներին բաժնետոմսերի անցումն ընկերության կողմից մերժելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի կանոնները:
⚖Հոդված 110. | Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը |
Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կողմից թողարկվելիք բաժնետոմսերի տեսակների, դրանց անվանական արժեքի ու քանակի, ընկերության կանոնադրական կապիտալի չափի, բաժնետերերի իրավունքների, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգի մասին` ներառյալ այն հարցերը, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ: Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
Հոդված 111. | Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը |
1. Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:
2. Ընկերության կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը: Այն չի կարող պակաս լինել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված չափից:
3. Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր չեն մինչև ընկերության գրանցումն ամբողջությամբ վճարել կանոնադրական կապիտալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Բաժնետիրական ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն հիմնադիրների միջև:
4. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել` ներառյալ ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
5. Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակաս է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից (սույն հոդվածի 2-րդ կետ) կամ կազմում է բացասական մեծություն, ապա ընկերությունը ենթակա է լուծարման, եթե «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:
6. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել մեկ բաժնետիրոջը պատկանող բաժնետոմսերի թվի, գումարային անվանական արժեքի կամ ձայների առավելագույն թվի սահմանափակումներ:
(111-րդ հոդվածը խմբ. 26.12.08 ՀՕ-39-Ն, լրաց., փոփ. 26.05.21 ՀՕ-238-Ն)
Հոդված 112. | Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը |
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետոմսերի անվանական արժեքը մեծացնելու կամ լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել կանոնադրական կապիտալը: Կանոնադրական կապիտալի ավելացման մասին որոշումն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը կամ ընկերության գործադիր մարմինը, եթե ընկերության կանոնադրությամբ կամ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նրանց տրված է այդ իրավասությունը:
2. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել ընկերության հասարակ (սովորական) կամ այլ քվեարկող բաժնետոմսեր ունեցող բաժնետերերի` ընկերության կողմից լրացուցիչ թողարկվող բաժնետոմսեր գնելու նախապատվության իրավունք:
(112-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205, խմբ. 26.05.21 ՀՕ-238-Ն)
Հոդված 113. | Բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը |
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ նվազեցնել կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու կամ բաժնետոմսերի ընդհանուր քանակը պակասեցնելու նպատակով դրանց մի մասը գնելու միջոցով:
2. Ընկերության կանոնադրական կապիտալը թույլատրվում է նվազեցնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով` նրա բոլոր պարտատերերին տեղեկացնելուց հետո: Այդ դեպքում ընկերության պարտատերերն իրավունք ունեն պահանջել` վաղաժամկետ կատարելու կամ դադարեցնելու ընկերության պարտավորությունները և հատուցելու իրենց պատճառված վնասները:
3. Բաժնետոմսերի մի մասը գնելու և մարելու միջոցով բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը թույլատրվում է, եթե նման հնարավորություն նախատեսված է ընկերության կանոնադրությամբ:
4. Բաժնետիրական ընկերության կողմից կանոնադրական կապիտալն օրենքով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը (111 հոդվածի 2-րդ կետ) հանգեցնում է ընկերության լուծարման:
Հոդված 114. | Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները |
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի թողարկել արտոնյալ բաժնետոմսեր, որոնք դրանց տերերին երաշխավորում են շահութաբաժիններ ստանալ, որպես կանոն, բաժնետոմսերի անվանական արժեքից որոշված տոկոսներով` անկախ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության արդյունքից, ինչպես նաև մյուս բաժնետերերի համեմատությամբ նախապատվության իրավունքով ստանալ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի մասը և նման բաժնետոմսերի թողարկման պայմաններով նախատեսված այլ իրավունքներ:
Արտոնյալ բաժնետոմսերը դրանց տերերին իրավունք չեն տալիս մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:
Արտոնյալ բաժնետոմսերի բաժինը չպետք է գերազանցի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի քսանհինգ տոկոսը:
2. Բաժնետիրական ընկերությունները կարող են թողարկել ապահովված և չապահովված պարտատոմսեր` անկախ կանոնադրական կապիտալի չափից:
3. Բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:
(114-րդ հոդվածը խմբ. 04.05.18 ՀՕ-324-Ն)
⚖Հոդված 115. | Բաժնետիրական ընկերության կառավարումը |
1. Բաժնետիրական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.
2) ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների ընտրությունն ու նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
3) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերի լուծումը վերապահված չէ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասությանը.
4) ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելը ու նրա շահույթները և վնասները բաշխելը.
5) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն օրենքով վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) կամ գործադիր մարմինների իրավասությանը, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
2. Հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ):
Տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) ստեղծելու դեպքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նրա իրավասությունը:
3. Ընկերության գործադիր մարմինը կարող է լինել կոլեգիալ (վարչություն, տնօրինություն) և (կամ) միանձնյա (տնօրեն, գլխավոր տնօրեն): Գործադիր մարմինը ղեկավարում է ընկերության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) ու բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն է պատկանում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված` ընկերության կառավարման մյուս մարմինների իրավասության մեջ չմտնող բոլոր հարցերի լուծումը:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):
4. Բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում է սույն օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան:
5. Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումն այն բաժնետերերի պահանջով, որոնք տիրապետում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն տասը տոկոսին, պետք է անցկացվի ցանկացած ժամանակ:
Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
(115-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.05.21 ՀՕ-238-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-258-Ն)
Հոդված 116. | Բաժնետիրական ընկերության վերակազմակերպումը և լուծարումը |
1. Բաժնետիրական ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել:
Բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու և լուծարելու այլ հիմքերն ու կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
2. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի վերակազմավորվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամ առևտրային կոոպերատիվի:
(116-րդ հոդվածը լրաց. 27.07.01 ՀՕ-205)
§ 3. ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐ
Հոդված 117. | Հիմնական դրույթներ կոոպերատիվների մասին |
1. Կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:
2. Կոոպերատիվի կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պայմաններ պարունակի կոոպերատիվի անդամների փայավճարների չափի, դրանք վճարելու կարգի և այդ պարտավորությունը խախտելու համար կոոպերատիվի անդամների պատասխանատվության, կոոպերատիվի կառավարման մարմինների կազմի, իրավասության ու նրանց որոշումների ընդունման` ներառյալ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ, կոոպերատիվի անդամների կողմից կոոպերատիվի կրած վնասները հատուցելու կարգի մասին:
3. Կոոպերատիվի անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին, ինչպես նաև ներառի «կոոպերատիվ» բառը:
4. Կոոպերատիվների առանձին տեսակների, մասնավորապես` սպառողական կոոպերատիվների ու համատիրությունների առանձնահատկությունները և իրավական վիճակը, ինչպես նաև նրանց անդամների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Հոդված 118. | Կոոպերատիվի գույքը |
1. Կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի:
2. Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի գրանցումն ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Կոոպերատիվի կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ կոոպերատիվին պատկանող գույքի որոշակի մասը կանոնադրությամբ սահմանված նպատակներով օգտագործվող անբաժանելի ֆոնդ է:
Անբաժանելի ֆոնդերն օգտագործելու մասին որոշումը կոոպերատիվի անդամներն ընդունում են միաձայն, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
4. Կոոպերատիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները: Այս պարտականությունը չկատարելու դեպքում կոոպերատիվը, պարտատերերի պահանջով, կարող է լուծարվել դատական կարգով:
Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:
5. Կոոպերատիվի լուծարումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա անդամների միջև` կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան:
⚖Հոդված 119. | Կոոպերատիվի կառավարումը |
1. Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է:
Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:
Կոոպերատիվի գործադիր մարմիններն են` նրա վարչությունը և (կամ) նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովին:
Դիտորդ խորհրդի և վարչության անդամներ, ինչպես նաև կոոպերատիվի նախագահ կարող են լինել միայն կոոպերատիվի անդամները: Դիտորդ խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը չի կարող լինել համանման այլ կոոպերատիվի անդամ: Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ:
2. Կոոպերատիվի կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) կոոպերատիվի կանոնադրությունը փոփոխելը.
2) դիտորդ խորհուրդ կազմավորելը և նրա անդամների լիազորությունները դադարեցնելը, ինչպես նաև կոոպերատիվի գործադիր մարմիններ կազմավորելն ու նրանց լիազորությունները դադարեցնելը, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այդ իրավունքը չի տրվել դիտորդ խորհրդին.
3) կոոպերատիվի անդամներ ընդունելը և հեռացնելը.
4) կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը.
5) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշում ընդունելը:
Կոոպերատիվների մասին օրենքներով և կոոպերատիվի կանոնադրությամբ կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրանց կողմից փոխանցվել կոոպերատիվի գործադիր մարմինների իրավասությանը:
4. Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:
Հոդված 120. | Կոոպերատիվի անդամության դադարումը և փայի անցումը |
1. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի դուրս գալ կոոպերատիվից: Այդ դեպքում նրան պետք է վճարվի նրա փայի արժեքը կամ տրվի դրան համապատասխան գույք, ինչպես նաև կատարվեն կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ:
Կոոպերատիվից դուրս եկող անդամին փայի արժեքը վճարվում կամ այլ գույքը տրվում է ֆինանսական տարին ավարտվելուց և կոոպերատիվի հաշվապահական հաշվեկշիռը հաստատվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
2. Կոոպերատիվի անդամը, կոոպերատիվի կանոնադրությամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, ինչպես նաև օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ դեպքերում, կարող է ընդհանուր ժողովի որոշմամբ հեռացվել կոոպերատիվից:
Կոոպերատիվից հեռացված անդամը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ունի փայ և կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված այլ վճարներ ստանալու իրավունք:
3. Կոոպերատիվի անդամն իրավունք ունի իր փայը կամ դրա մասը հանձնել կոոպերատիվի այլ անդամի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով և կոոպերատիվի կանոնադրությամբ:
Փայը (դրա մասը) կոոպերատիվի անդամ չհամարվող քաղաքացուն հանձնել թույլատրվում է միայն կոոպերատիվի համաձայնությամբ: Այդ դեպքում կոոպերատիվի մյուս անդամներն օգտվում են նման փայը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից: Եթե կոոպերատիվի անդամները կոոպերատիվի կանոնադրությամբ նախատեսված ժամկետում չեն օգտվել այդ իրավունքից, փայը կարող է օտարվել երրորդ անձի:
4. Կոոպերատիվի անդամի մահվան դեպքում նրա ժառանգները կարող են դառնալ կոոպերատիվի անդամ, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ: Հակառակ դեպքում` կոոպերատիվը ժառանգներին վճարում է կոոպերատիվի մահացած անդամի փայի արժեքը:
5. Կոոպերատիվի անդամի անձնական պարտքերի համար նրա փայի վրա բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ պարտքերը մարելու համար նրա այլ գույքի անբավարարության դեպքում: Կոոպերատիվի անդամի պարտքերով չի կարող բռնագանձում տարածվել կոոպերատիվի անբաժանելի ֆոնդերի վրա:
Հոդված 121. | Կոոպերատիվների վերակազմակերպումը և լուծարումը |
Կոոպերատիվն իր անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել:
Կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման այլ հիմքերն ու կարգը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
§ 4. ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Հոդված 122. | Հիմնական դրույթներ հասարակական միավորումների մասին |
1. Հասարակական միավորումներ են համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր միավորումները, որոնք օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց շահերի ընդհանրության հիման վրա` հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար:
2. Հիմնադիրների (մասնակիցների)` հասարակական միավորմանը հանձնած գույքը հասարակական միավորման սեփականությունն է: Հասարակական միավորումն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակների համար:
3. Հասարակական միավորումների մասնակիցներն այդ կազմակերպություններին որպես սեփականություն հանձնած գույքի` ներառյալ անդամավճարների նկատմամբ իրավունքներ չեն պահպանում: Նրանք պատասխանատու չեն հասարակական միավորումների պարտավորությունների, իսկ նշված կազմակերպությունները` իրենց մասնակիցների պարտավորությունների համար:
4. Հասարակական միավորումը լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հասարակական միավորումը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հասարակական միավորման կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
5. Հասարակական միավորումների առանձին տեսակների առանձնահատկությունները և իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
(122-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-32-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-61-Ն)
2. ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ
Հոդված 123. | Հիմնական դրույթներ հիմնադրամների մասին |
1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադիրների (հիմնադրի)` հիմնադրամին հանձնած գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
3. Հիմնադրամը պարտավոր է ամեն տարի հաշվետվություն հրապարակել իր գույքի օգտագործման մասին:
4. Հիմնադիրները պատասխանատու չեն իրենց ստեղծած հիմնադրամի պարտավորությունների, իսկ հիմնադրամը` իր հիմնադիրների պարտավորությունների համար:
5. Հիմնադրամի կառավարման և նրա մարմինների ձևավորման կարգը սահմանվում է հիմնադիրների հաստատած կանոնադրությամբ:
6. Հիմնադրամի կանոնադրությունը, սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից բացի, պետք է պարունակի հիմնադրամի անվանումը` «հիմնադրամ» բառի ներառմամբ, տեղեկություններ` հիմնադրամի նպատակի մասին, նշում` հիմնադրամի մարմինների, այդ թվում` հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող հոգաբարձուների խորհրդի, հիմնադրամի պաշտոնատար անձանց նշանակելու և ազատելու կարգի, հիմնադրամի լուծարման դեպքում` նրա գույքը տնօրինելու կարգի մասին:
7. Հիմնադրամների առանձին տեսակների, մասնավորապես` բարեգործական կազմակերպությունների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
Հոդված 124. | Հիմնադրամի կանոնադրությունը փոփոխելը և այն լուծարելը |
1. Հիմնադրամի կանոնադրությունը կարող են փոփոխել հիմնադրամի մարմինները, եթե կանոնադրությամբ նման կարգով այն փոփոխելու հնարավորություն է նախատեսված:
Եթե կանոնադրությունն անփոփոխ պահելը հանգեցնում է այնպիսի հետևանքների, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոփոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չեն փոփոխում լիազորված անձինք, ապա փոփոխություններ կատարելու իրավունքը իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրամի կանոնադրությամբ նրա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորությամբ օժտված մարմնի դիմումի հիման վրա:
2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
Հիմնադրամը կարող է լուծարվել`
1) եթե հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) եթե հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և հնարավոր չէ կատարել այդ նպատակների անհրաժեշտ փոփոխություններ.
3) հիմնադրամի կողմից իր կանոնադրությամբ նախատեսված նպատակներից շեղվելու դեպքում.
4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
3. Հիմնադրամի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ այլ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Կառավարության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(124-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-143-Ն, խմբ. 23.03.22 ՀՕ-61-Ն)
3. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 125. | Հիմնական դրույթներ իրավաբանական անձանց միությունների մասին |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-32-Ն)
Հոդված 126. | Միության կանոնադրությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-32-Ն)
Հոդված 127. | Միության մասնակիցների իրավունքները և պարտականությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 16.12.16 ՀՕ-32-Ն)
Գ Լ ՈՒ Խ 6
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոդված 128. | Հայաստանի Հանրապետությունը և համայնքները որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտներ |
1. Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:
Հոդված 129. | Հայաստանի Հանրապետության ու համայնքների մասնակցության կարգը քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում |
1. Պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:
2. Համայնքների անունից իրենց գործողություններով կարող են սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասության շրջանակներում:
3. Օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և համայնքների իրավական ակտերով նախատեսված դեպքերում ու կարգով, նրանց հատուկ հանձնարարությամբ ու նրանց անունից կարող են հանդես գալ իրավաբանական անձինք և քաղաքացիները:
Հոդված 130. | Պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետության կամ համայնքի պարտավորությունների համար |
1. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով:
2. Պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողի և այլ բնական պաշարների վրա բռնագանձում տարածել թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 131. | Հայաստանի Հանրապետության պատասխանատվության առանձնահատկությունները քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող` օտարերկրյա իրավաբանական անձանց, քաղաքացիների ու պետությունների մասնակցությամբ հարաբերություններում |
Քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող` օտարերկրյա իրավաբանական անձանց, քաղաքացիների ու պետությունների մասնակցությամբ հարաբերություններում Հայաստանի Հանրապետության պատասխանատվության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 7
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
⚖Հոդված 132. | Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները |
Քաղաքացիական իրավունքների օբյեկտներն են`
1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.
2) աշխատանքները և ծառայությունները.
3) տեղեկատվությունը.
4) մտավոր գործունեության արդյունքները` ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).
5) ոչ նյութական բարիքները:
Հոդված 133. | Քաղաքացիական իրավունքների օբյեկտների շրջանառունակությունը |
1. Քաղաքացիական իրավունքների օբյեկտները կարող են ազատորեն օտարվել կամ անցնել մեկ անձից մյուսին համապարփակ իրավահաջորդության կարգով (ժառանգում, իրավաբանական անձի վերակազմակերպում), կամ այլ եղանակով, եթե դրանք հանված չեն շրջանառությունից, կամ դրանց շրջանառությունը սահմանափակված չէ:
2. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնց շրջանառության մեջ գտնվելը չի թույլատրվում (շրջանառությունից հանված օբյեկտներ), պետք է ուղղակի նշված լինեն օրենքում:
3. Քաղաքացիական իրավունքների օբյեկտների տեսակները, որոնք կարող են պատկանել շրջանառության սոսկ որոշակի մասնակիցների կամ կարող են շրջանառության մեջ դրվել հատուկ թույլտվությամբ կամ կարող են տիրապետվել, օգտագործվել կամ տնօրինվել սոսկ որոշակի նպատակներով (սահմանափակ շրջանառու օբյեկտներ), որոշվում են օրենքով սահմանված կարգով:
(133-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)
Հոդված 134. | Անշարժ և շարժական գույքը |
1. Անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
2. Շարժական գույք է համարվում անշարժ չհամարվող գույքը:
(134-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
⚖Հոդված 135. | Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը |
1. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման:
Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
2. Շարժական գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
3. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգը և դրանց գրանցումը մերժելու հիմքերը սահմանվում են օրենքով:
(135-րդ հոդվածը փոփ. 08.04.10 ՀՕ-40-Ն)
Հոդված 135.1. | Գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշումը |
1. Պետական գրանցման ենթակա գույքային իրավունքը գրանցելու պահանջն ապահովելու համար գործարքը վավերացնող նոտարի ծանուցման հիման վրա գրանցող մարմնի կողմից կատարվում է գույքի նկատմամբ գույքային իրավունքի վերաբերյալ նախնական նշում:
2. Նախնական նշումը դադարում է դրանով նախատեսված գույքային իրավունքի հետագա գրանցումով:
3. Անձը, որի գույքի նկատմամբ կատարվել է նախնական նշումը, կարող է պահանջել վերացնել այն, եթե դադարել է նախնական նշումով ապահովող իրավունքը, կամ բաց է թողնվել գործարքից ծագող իրավունքների գրանցման ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետը:
(135.1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն)
Հոդված 136. | Բաժանելի և անբաժանելի գույք |
1. Գույքը կարող է լինել բաժանելի և անբաժանելի:
Անբաժանելի է համարվում այն գույքը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման կամ ենթակա չէ բաժանման օրենքի ուժով:
2. Անբաժանելի գույքի սեփականության իրավունքում բաժնի առանձնացման կարգը սահմանվում է սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:
Հոդված 137. | Բաղադրատարր գույք |
1. Եթե տարասեռ գույքի տարրերը կազմում են ընդհանուր նշանակությամբ իրենց օգտագործումը ենթադրող միասնական ամբողջություն, ապա դրանք դիտվում են որպես մեկ գույք (բաղադրատարր գույք):
2. Բաղադրատարր գույքի առնչությամբ կնքված գործարքի գործողությունը տարածվում է դրա բոլոր բաղադրիչ տարրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 138. | Գլխավոր գույք և պատկանելիք |
Այլ (գլխավոր) գույքի սպասարկման համար նախատեսված և դրա հետ ընդհանուր նշանակությամբ կապված գույքը (պատկանելիք) հետևում է գլխավոր գույքի ճակատագրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 139. | Անհատապես որոշվող գույք և տեսակային հատկանիշներով որոշվող գույք |
1. Անհատապես որոշվող գույք է համարվում այլ գույքից իրեն ներհատուկ հատկանիշներով առանձնացված գույքը: Անհատապես որոշվող գույքն անփոխարինելի է:
2. Տեսակային հատկանիշներով որոշվող գույք է համարվում նույն տեսակի այլ գույքին ներհատուկ հատկանիշներով օժտված և թվով, քաշով ու չափով որոշվող գույքը: Տեսակային հատկանիշներով որոշվող գույքը փոխարինելի է:
Հոդված 140. | Մտավոր սեփականություն |
Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով ճանաչվում է քաղաքացու կամ իրավաբանական անձի բացառիկ իրավունքը մտավոր գործունեության օբյեկտիվ արտահայտված արդյունքների և դրանց հավասարեցված իրավաբանական անձի, արտադրանքի, կատարվող աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների անհատականացման միջոցների (ֆիրմային անվանում, ապրանքային նշան, սպասարկման նշան և այլն) նկատմամբ (մտավոր սեփականություն):
Հոդված 141. | Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն |
1. Տեղեկատվությունը ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք է, եթե այն երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք, չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար:
2. Տեղեկությունները, որոնք չեն կարող ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք լինել, սահմանվում են օրենքով:
3. Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված եղանակներով:
4. Ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությունն ապօրինի եղանակներով ստացած անձինք պարտավոր են հատուցել պատճառված վնասները: Նման պարտականություն է դրվում նաև քաղաքացիական-իրավական կամ աշխատանքային պայմանագրի խախտմամբ ծառայողական, առևտրային կամ բանկային տեղեկատվություն հրապարակած և (կամ) օգտագործած պայմանադիր կողմերի վրա:
(141-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29)
Հոդված 142. | Դրամ (արժույթ) |
1. Հայաստանի Հանրապետությունում դրամական միավորը Հայաստանի Հանրապետության դրամն է:
2. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի Հանրապետության դրամն անվանական արժեքով պարտադիր ընդունման համար օրինական վճարամիջոց է:
3․ Հայաստանի Հանրապետության տարածքում վճարները կատարվում են կանխիկ և անկանխիկ հաշվարկներով: Օրենքով կարող են սահմանվել կանխիկ հաշվարկների կատարման սահմանափակումներ։
4. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա արժույթի օգտագործման դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
(142-րդ հոդվածը խմբ. 18.01.22 ՀՕ-13-Ն)
(18.01.22 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 143. | Արժութային արժեքներ |
Արժութային արժեքներ համարվող գույքի տեսակները և դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են արժութային կարգավորման ու արժութային վերահսկողության մասին օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով: Թանկարժեք մետաղներ համարվող գույքի տեսակները և դրանցով կնքվող գործարքների կարգը սահմանվում են թանկարժեք մետաղների մասին օրենքով և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերով:
Հայաստանի Հանրապետությունում արժութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը պաշտպանվում է ընդհանուր հիմունքներով:
(143-րդ հոդվածը լրաց. 24.11.04 ՀՕ-153-Ն)
Հոդված 144. | Պտուղներ, արտադրանք և եկամուտներ |
Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը (պտուղները, արտադրանքը, եկամուտները) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ գույքի օգտագործման մասին պայմանագրով:
Հոդված 145. | Կենդանիներ |
Կենդանիների նկատմամբ կիրառվում են գույքի մասին ընդհանուր կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐԺԵԹՂԹԵՐ
§ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 146.
Արժեթուղթ
1. Արժեթուղթը, սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որի իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն այն ներկայացնելիս:
Արժեթղթի փոխանցմամբ փոխանցվում են դրանով հավաստվող բոլոր իրավունքները:
2. Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման և փոխանցման համար բավարար են հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման մասին ապացույցները:
Հոդված 147. | Արժեթղթին առաջադրվող պահանջները |
1. Արժեթղթերով հավաստվող իրավունքների տեսակները, արժեթղթերի պարտադիր վավերապայմանները, արժեթղթի ձևին առաջադրվող և այլ անհրաժեշտ պահանջները որոշվում են արժեթղթերի մասին օրենքներով կամ դրանցով սահմանված կարգով:
2. Արժեթղթի պարտադիր վավերապայմանների բացակայությունը կամ դրա անհամապատասխանությունն արժեթղթի համար սահմանված ձևին այն դարձնում է առոչինչ:
Հոդված 148. | Արժեթղթով հավաստված իրավունքների սուբյեկտները |
1. Արժեթղթով հավաստվող իրավունքները կարող են պատկանել`
1) արժեթուղթը ներկայացնողին (ըստ ներկայացնողի արժեթուղթ).
2) արժեթղթում նշված անձին (անվանական արժեթուղթ).
3) արժեթղթում նշված անձին, ով կարող է ինքն իրականացնել այդ իրավունքները կամ իր կարգադրությամբ (հրամանով) նշանակել այլ իրավազոր անձի (օրդերային արժեթուղթ):
2. Օրենքով կարող է բացառվել որոշակի տեսակի (ըստ ներկայացնողի, անվանական կամ օրդերային) արժեթղթերի թողարկման հնարավորությունը:
Հոդված 149. | Իրավունքներն արժեթղթով փոխանցելը |
1. Ըստ ներկայացնողի արժեթղթով հավաստված իրավունքներն այլ անձի փոխանցելու համար բավական է արժեթուղթը հանձնել այդ անձին:
2. Անվանական արժեթղթով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել պահանջների զիջման (ցեսիայի) համար սահմանված կարգով, բացառությամբ սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերի և պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման: Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման և բռնագանձման դեպքերում: Սոցիալական նպատակով թողարկվող անվանական արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն ժառանգման կարգով, ինչպես նաև համապատասխան տեսակի արժեթղթի թողարկումը նախատեսող օրենքով նախատեսված այլ դեպքերում: Արժեթղթով իրավունք փոխանցող անձը, սույն օրենսգրքի 405 հոդվածին համապատասխան, պատասխանատվություն է կրում համապատասխան պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատու չէ այն չկատարելու համար:
3. Օրդերային արժեթղթով իրավունքները փոխանցվում են այդ արժեթղթի վրա փոխանցագիր (ինդոսամենտ) կատարելու միջոցով: Օրդերային արժեթղթով իրավունքներ փոխանցող անձը` փոխանցագրողը (ինդոսանտը), պատասխանատվություն է կրում ոչ միայն իրավունքի գոյության, այլև դրա իրականացման համար:
4. Արժեթղթի վրա կատարված փոխանցագիրն արժեթղթով հավաստված բոլոր իրավունքները փոխանցում է արժեթղթի նոր տիրոջը (ինդոսատին), ում կամ որի հրամանով փոխանցվում են արժեթղթով իրավունքները: Փոխանցագիրը կարող է լինել ձևաթղթային (առանց նշելու այն անձին, ում պետք է տրամադրվի կատարումը) կամ օրդերային (այն անձի նշմամբ, ում կամ որի հրամանով պետք է իրականացվի կատարումը):
5. Փոխանցագիրը կարող է սահմանափակվել միայն արժեթղթով հավաստված իրավունքների իրականացման հանձնարարությամբ` առանց այդ իրավունքները ինդոսատին փոխանցելու (հանձնարարական փոխանցագիր): Այդ դեպքում ինդոսանտը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:
(149-րդ հոդվածը խմբ., լրաց. 11.11.05 ՀՕ-224-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)
Հոդված 150. | Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումը |
1. Արժեթուղթ տված անձը և այն փոխանցագրած բոլոր անձինք համապարտ պատասխանատվություն են կրում դրա օրինական տիրապետողի առջև: Արժեթղթով պարտավորված մեկ կամ մի քանի անձանց կողմից արժեթղթի օրինական տիրապետողի պահանջը բավարարելու դեպքում նա (նրանք) հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք է ձեռք բերում արժեթղթով պարտավորված մնացած անձանց նկատմամբ:
2. Արժեթղթով հավաստված պարտավորությունների կատարումից պարտավորության հիմքի բացակայության կամ դրա անվավերության վկայակոչմամբ հրաժարվել չի թույլատրվում:
3. Արժեթուղթը տիրապետողը, հայտնաբերելով արժեթղթի խարդախում կամ կեղծում, իրավունք ունի արժեթուղթն իրեն հանձնած անձին պահանջ ներկայացնել` արժեթղթով հավաստված պարտավորության պատշաճ կատարման և վնասների հատուցման մասին:
Հոդված 151. | Արժեթղթի վերականգնումը |
Ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
(151-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205)
Հոդված 152. | Ոչ փաստաթղթային արժեթղթեր |
1. Օրենքով նախատեսված դեպքերում կամ օրենքով սահմանված կարգով հատուկ թույլտվություն (լիցենզիա) ստացած անձը կարող է անվանական կամ օրդերային արժեթղթով հավաստված իրավունքներն ամրագրել` ներառյալ ոչ փաստաթղթային (էլեկտրոնային հաշվիչ տեխնիկայի օգնությամբ և այլն) ձևով: Իրավունքներն ամրագրելու այդ ձևի նկատմամբ կիրառվում են արժեթղթերի համար սահմանված կանոնները, եթե այլ բան չի բխում նման ամրագրման առանձնահատկություններից:
Ոչ փաստաթղթային ձևով իրավունք ամրագրած անձը պարտավոր է իրավունքի տիրոջ պահանջով նրան տալ ամրագրված իրավունքի մասին վկայող փաստաթուղթ:
Ամրագրելու միջոցով հավաստված իրավունքների և իրավատերերի պաշտոնական ամրագրման, գրառումների փաստաթղթային հաստատման ու ոչ փաստաթղթային արժեթղթերով կատարվող գործառնությունների կարգը որոշվում է օրենքով կամ օրենքով սահմանված կարգով:
2. Ոչ փաստաթղթային արժեթղթերով գործառնությունները կարող են կատարվել միայն իրավունքների գրառում կատարող անձին դիմելու միջոցով: Իրավունքների փոխանցումը, վերապահումը և սահմանափակումը պետք է պաշտոնապես ամրագրի այն անձը, ով պատասխանատվություն է կրում պաշտոնական գրառումները պահպանելու, դրանց գաղտնիությունն ապահովելու, այդ գրառումների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնելու, կատարված գործառնությունների վերաբերյալ պաշտոնական գրառումներ կատարելու համար:
§ 2. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 153. | Ընդհանուր դրույթներ |
1. Արժեթղթերի թվին են դասվում` պարտատոմսը, չեկը, հասարակ մուրհակը, փոխանցելի մուրհակը (վճարագիրը), բաժնետոմսը, կոնոսամենտը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ), երկակի պահեստային վկայագիրը, հասարակ պահեստային վկայագիրը, ներդրումային ֆոնդի փայը և այլ փաստաթղթեր, որոնք արժեթղթերի մասին օրենքներով դասվում են արժեթղթերի թվին:
2. Պարտատոմսը, բաժնետոմսը և ներդրումային ֆոնդի փայը ինվեստիցիոն (ներդրումային) արժեթղթեր են:
3. Չեկը, հասարակ մուրհակը և փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարային արժեթղթեր են:
4. Կոնոսամենտը, երկակի պահեստային վկայագիրը և հասարակ պահեստային վկայագիրը տիտղոսային արժեթղթեր են:
5. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերի տեսակները սահմանվում են օրենքով:
(153-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.06.14 ՀՕ-69-Ն)
Հոդված 154. | Պարտատոմս |
1. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոս կամ այլ գույքային իրավունքներ:
2. Պարտատոմսերը կարող են լինել ըստ ներկայացնողի կամ անվանական:
Հոդված 155. | Չեկ |
Չեկ է համարվում այն արժեթուղթը, որը պարունակում է չեկ տվողի` որևէ բանով չպայմանավորված գրավոր կարգադրությունը բանկին` չեկը տիրապետողին վճարել դրանում նշված գումարը:
Հոդված 156. | Մուրհակ |
Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը):
Հոդված 157. | Բաժնետոմս |
1. Բաժնետոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (բաժնետիրոջ) բաժնետիրական ընկերության շահույթից շահութաբաժնի ձևով մաս ստանալու, բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը մասնակցելու և նրա լուծարումից հետո մնացած գույքից մաս ստանալու իրավունքը:
2. Բաժնետոմսերը կարող են լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական, ազատ շրջանառու կամ սահմանափակ շրջանառու, հասարակ կամ արտոնյալ:
Հոդված 158. | Կոնոսամենտ |
1. Կոնոսամենտ է համարվում ապրանքը տնօրինելու մասին փաստաթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` տնօրինելու կոնոսամենտում նշված բեռը և փոխադրելուց հետո ստանալու այն:
2. Կոնոսամենտը կարող է լինել` ըստ ներկայացնողի, օրդերային կամ անվանական:
Հոդված 159. | Բանկային վկայագիր |
1. Բանկային վկայագիր (բանկային գրքույկ, բանկային սերտիֆիկատ) է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է ավանդի գումարը և ավանդատուի իրավունքը` սահմանված ժամկետի ավարտից հետո վկայագիր տված բանկում կամ այդ բանկի ցանկացած մասնաճյուղում ստանալ ավանդի գումարը և դրանից տոկոսներ:
2. Բանկային վկայագիրը կարող է լինել` ըստ ներկայացնողի կամ անվանական:
Հոդված 160. | Երկակի պահեստային վկայագիր |
1. Երկակի պահեստային վկայագիր է համարվում օրդերային այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը:
2. Երկակի պահեստային վկայագիրը կազմված է երկու մասից` պահեստային վկայագրից և գրավային վկայագրից (վարանտից), որոնք առանձին-առանձին արժեթղթեր են:
Հոդված 161. | Հասարակ պահեստային վկայագիր |
Հասարակ պահեստային վկայագիր է համարվում ըստ ներկայացնողի այն արժեթուղթը, որը հավաստում է ապրանքային պահեստի կողմից ապրանքն ի պահ ընդունելը:
Հոդված 161.1. | Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթղթերը |
1. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթ է համարվում անվանական այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրոջ (քաղաքացու) իրավունքը օրենքով սահմանված կարգով և պայմաններով կենսաթոշակ կամ կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ գումարներ ստանալու իրավունքը (կենսաթոշակային ֆոնդերի կողմից թողարկված արժեթուղթ):
2. Սոցիալական նպատակներով թողարկվող արժեթուղթը կարող է տիրապետվել, օգտագործվել և տնօրինվել բացառապես օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ կամ այլ սոցիալական ապահովության գումար ստանալու նպատակով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
(161.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)
Գ Լ ՈՒ Խ 9
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԲԱՐԻՔՆԵՐ
Հոդված 162. | Ոչ նյութական բարիքների հասկացությունը |
1. Անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի: Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:
2. Ոչ նյութական բարիքները, սույն օրենսգրքին և այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից և այդ խախտումների հետևանքների բնույթից:
Հոդված 162.1. |
Ոչ նյութական վնասի հասկացությունը և դրա հատուցումը |
1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.
1) կյանքի իրավունքը.
2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.
3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.
4) արդար դատաքննության իրավունքը.
5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.
6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.
7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.
8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.
9) սեփականության իրավունքը:
3. Եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից թիվ 7 Արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում, ապա նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):
4. Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:
5. Ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(162.1-ին հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.12.15 ՀՕ-184-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 10
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
⚖Հոդված 163. | Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը |
1. Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:
Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:
2. Սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
3. Սեփականատերը կարող է իր գույքը հանձնել այլ անձի հավատարմագրային կառավարման: Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում սեփականության իրավունքի փոխանցման: Հավատարմագրային կառավարիչը պարտավոր է գույքը կառավարել ի շահ սեփականատիրոջ կամ նրա կողմից նշված երրորդ անձի:
Հոդված 164. | Գույքի պահպանման հոգսը |
Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 165. | Գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը |
Սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 166. | Սեփականության իրավունքի սուբյեկտները |
1. Գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:
2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, իրավունքը դադարելու, գույքը տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու առանձնահատկությունները, կապված գույքը քաղաքացու կամ իրավաբանական անձի, Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականությանը պատկանելու հանգամանքի հետ, սահմանվում են միայն օրենքներով:
3. Օրենքներով սահմանվում են գույքի այն տեսակները, որոնք կարող են գտնվել միայն պետության կամ համայնքների սեփականության ներքո:
4. Բոլոր սեփականատերերի իրավունքները պաշտպանվում են հավասարապես:
Հոդված 167. | Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը |
1. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց:
2. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության ներքո գտնվող գույքի քանակն ու արժեքը չի սահմանափակվում, բացառությամբ այն դեպքերի, երբ նման սահմանափակումները, սույն օրենսգրքի 3 հոդվածի 2-րդ կետով նախատեսված նպատակներին համապատասխան, սահմանված են օրենքով:
3. Առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններն իրենց հիմնադիրներից (մասնակիցներից, անդամներից), իրենց որպես ավանդներ կամ վճարներ հանձնված, ինչպես նաև այդ իրավաբանական անձանց կողմից այլ հիմքերով ձեռք բերված գույքի սեփականատերերն են:
Հոդված 168. | Պետական սեփականության իրավունք |
1. Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը պետական սեփականություն է:
2. Քաղաքացիներին, իրավաբանական անձանց կամ համայնքներին չպատկանող հողը և բնական այլ պաշարները պետական սեփականություն են:
3. Պետական բյուջեի միջոցները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
4. Հայաստանի Հանրապետության անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները և անձինք:
Հոդված 169. | Համայնքների սեփականության իրավունք |
1. Համայնքներին սեփականության իրավունքով պատկանող գույքը համայնքների սեփականությունն է:
2. Համայնքի բյուջեի միջոցները համայնքի սեփականությունն են:
3. Համայնքի անունից սեփականատիրոջ իրավունքներն իրականացնում են սույն օրենսգրքի 129 հոդվածում նշված մարմինները և անձինք:
(169-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-14-Ն, 19.10.16 ՀՕ-169-Ն)
Հոդված 170. | Սեփականատերեր չհամարվող անձանց գույքային իրավունքները |
1. Սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`
1) հողամասի կառուցապատման.
2) գույքի օգտագործման.
3) սերվիտուտի, ներառյալ՝ անձնական սերվիտուտի.
4) գրավի.
5) կառուցվող անշարժ գույք գնելու իրավունք:
2. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
3. Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները սույն օրենսգրքի 278 հոդվածով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ սեփականատիրոջ խախտումներից:
(170-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն, փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն)
Հոդված 171. | Պետական գույքի մասնավորեցումը (ապապետականացումը) |
Պետությունը կարող է իր սեփականության ներքո գտնվող գույքը հանձնել քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը` պետական գույքի մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ
⚖Հոդված 172. | Սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքերը |
1. Օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
Գույքի օգտագործման հետևանքով ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերվում սույն օրենսգրքի 144 հոդվածով նախատեսված հիմքերով:
2. Սեփականատեր ունեցող գույքի նկատմամբ դրա առուվաճառքի, փոխանակության, նվիրատվության պայմանագրի կամ գույքի օտարման այլ գործարքի հիման վրա սեփականության իրավունք կարող է ձեռք բերել այլ անձը:
3. Քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար` կտակին կամ օրենքին համապատասխան, անցնում է այլ անձանց:
4. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրան պատկանող գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդ իրավաբանական անձին (իրավաբանական անձանց):
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
6. Բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:
Հոդված 173. | Նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը |
Նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից:
Հոդված 174. | Վերամշակում |
1. Անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այդ նյութերի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե վերամշակման արժեքն էականորեն գերազանցում է նյութերի արժեքը, ապա նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն անձը, ով, գործելով բարեխղճորեն, գույքը վերամշակել է իր համար:
2. Նյութերի սեփականատերը, դրանցից պատրաստված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով, պարտավոր է վերամշակման արժեքը հատուցել այն կատարած անձին, իսկ այդ անձի կողմից նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, նա պարտավոր է նյութերի սեփականատիրոջը հատուցել դրանց արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Նյութերի սեփականատերը, որը դրանք կորցրել է վերամշակողի անբարեխիղճ գործողությունների հետևանքով, իրավունք ունի պահանջել, որ նոր գույքը հանձնվի իր սեփականությանը, և հատուցվեն իրեն պատճառված վնասները:
Հոդված 175. | Հավաքելու համար հանրամատչելի գույքը սեփականացնելը |
Այն դեպքերում, երբ օրենքին համապատասխան, սեփականատիրոջ ընդհանուր թույլտվությամբ կամ տեղական սովորույթի համաձայն, թույլատրվում է անտառներում, ջրավազաններում կամ այլ տարածքներում հատապտուղներ կամ այլ հանրամատչելի գույք հավաքել, ձկան կամ կենդանիների որս կատարել, համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն հավաքած կամ որսած անձը:
⚖Հոդված 176. | Պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքի ծագման պահը |
1. Պայմանագրով գույքը ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է գույքը հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:
Հոդված 177. | Գույքի հանձնումը |
1. Գույքի հանձնում է համարվում գույքը ձեռք բերողին, ինչպես նաև ձեռք բերողին առաքելու համար փոխադրողին կամ առանց տեղ հասցնելու պարտավորության օտարված գույքը ձեռք բերողին ուղարկելու համար կապի կազմակերպությանը հանձնելը:
Գույքը ձեռք բերողին հանձնված է համարվում այն ձեռք բերողի կամ նրա նշած անձի փաստացի տիրապետմանն անցնելու պահից:
2. Եթե գույքի օտարման մասին պայմանագիրը կնքելու պահին այն արդեն գտնվում է ձեռք բերողի տիրապետման ներքո, գույքը նրան հանձնված է համարվում այդ պահից:
3. Գույք հանձնելուն հավասարեցվում է դրա վերաբերյալ կոնոսամենտ կամ ապրանքի տնօրինման մասին այլ փաստաթուղթ հանձնելը:
⚖Հոդված 178. | Տիրազուրկ գույք |
1. Տիրազուրկ է համարվում այն գույքը, որը չունի սեփականատեր, կամ որի սեփականատերն անհայտ է կամ հրաժարվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքից:
2. Տիրազուրկ շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել սույն օրենսգրքի 179-186 հոդվածների կանոններով:
3. Տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:
4. Տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու հիմքերն ու կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:
(178-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 179. | Շարժական գույքը, որից սեփականատերը հրաժարվել է |
1. Շարժական գույքը, որը սեփականատերը լքել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու նպատակով թողել է այլ կերպ (դեն նետված գույք), այլ անձինք կարող են վերածել իրենց սեփականության` սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
2. Անձը, ում սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հողամասում, ջրավազանում կամ այլ օբյեկտում կա նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափից ակնհայտ ցածր արժեք ունեցող դեն նետված գույք կամ դեն նետված մետաղների ջարդոն, խոտանված արտադրանք, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտեր, արտադրական և այլ թափոններ, իրավունք ունի այդ գույքը վերածել իր սեփականության` ձեռնամուխ լինելով դրա օգտագործմանը կամ կատարելով գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ:
Դեն նետված այլ գույքն անցնում է այն տիրապետող անձի սեփականությանը, եթե այդ անձի դիմումի հիման վրա դատարանը գույքը ճանաչում է տիրազուրկ:
Հոդված 180. | Գտանք |
1. Կորցրած գույքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը կամ իրեն հայտնի որևէ այլ անձի, որն իրավունք ունի ստանալ այդ գույքը և վերադարձնել այն: Եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում, այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտի միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները և կրում է նրա պարտականությունները:
2. Եթե գույքը վերադարձնելու պահանջի իրավունք ունեցող անձը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, գույքը գտնող անձը պարտավոր է գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին:
3. Գույքը գտնող անձն իրավունք ունի այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրանց նշած անձին:
Արագ փչացող գույքը կամ այն գույքը, որի պահպանման ծախսերն անհամաչափ մեծ են դրա արժեքից, կարող է գույքը գտնողն իրացնել` ձեռք բերելով հասույթի գումարը հավաստող գրավոր ապացույցներ: Գտնված գույքի վաճառքից ստացված գումարը պետք է վերադարձվի այն ստանալու իրավասություն ունեցող անձին:
4. Գույքը գտնողը, գույքի արժեքի սահմաններում, պատասխանատու է դրա կորստի կամ վնասվածքի համար միայն մեղքի առկայության դեպքում:
Հոդված 181. | Գտանքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը |
1. Եթե գտանքի մասին ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին հայտնելու պահից (180 հոդվածի 2-րդ կետ) հետո` վեց ամսվա ընթացքում, գտնված գույքն ստանալու իրավազոր անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարել այն գտնող անձին, ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում դրա գտնողը:
2. Եթե գույքը գտնողը հրաժարվում է գտնված գույքը վերածել սեփականության, այն դառնում է համայնքի սեփականություն:
Հոդված 182. | Գտանքի հետ կապված ծախսերը հատուցելը և գույքը գտնողին վարձատրելը |
1. Գույքը գտած և դա ստանալու համար իրավազոր անձին այն վերադարձրած անձն իրավունք ունի այդ անձից, իսկ գույքը համայնքի սեփականությանն անցնելիս` տեղական ինքնակառավարման համապատասխան մարմնից ստանալ գույքը պահպանելու, հանձնելու կամ իրացնելու հետ կապված անհրաժեշտ ծախսերի` ներառյալ գույք ստանալու իրավազորություն ունեցող անձին հայտնաբերելու ծախսերի հատուցում:
2. Գույքը գտնողն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար: Եթե գտնված գույքն արժեք է ներկայացնում սոսկ այն ստանալու իրավազորություն ունեցող անձի համար, ապա դրա վարձատրության չափը որոշվում է այդ անձի հետ համաձայնությամբ, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` դատարանով: Այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի պահանջի համար իրավազոր անձը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգևի պայմաններով:
Գույքը գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած գույքը:
3. Վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գույքը գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն:
Հոդված 183. | Առանց հսկողության թողնված կենդանիներ |
1. Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած և (կամ) պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը, իսկ եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է` հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար:
2. Կենդանիների սեփականատիրոջը որոնելու ընթացքում դրանք պահող անձը կենդանիներին կարող է թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը և օգտագործմանը:
Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձի խնդրանքով` ոստիկանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը գտնում է դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ունեցող անձ և նրան է հանձնում կենդանիները:
3. Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձը և այն անձը, ում դրանք տրվել են պահելու ու օգտագործելու համար, պարտավոր են դրանք պատշաճ պահպանել և դրանց արժեքի սահմաններում պատասխանատու են կենդանիների կորստի ու վնասվածքի համար` մեղքի առկայության դեպքում:
Հոդված 184. | Առանց հսկողության թողնված կենդանիների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը |
1. Եթե առանց հսկողության թողնված կենդանիներին պահելու մասին հայտարարության օրվանից վեց ամսվա ընթացքում դրանց սեփականատերը չի հայտնաբերվում կամ դրանց նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարում, ապա դրանց նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերում այն անձը, ով պահել և օգտագործել է կենդանիներին:
Այդ անձի կողմից իր մոտ պահվող կենդանիները` որպես սեփականություն, ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում դրանք վերածվում են համայնքի սեփականության և օգտագործվում` տեղական ինքնակառավարման մարմնի սահմանած կարգով:
2. Կենդանիների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելուց հետո` դրանց նախկին սեփականատիրոջ ներկայանալու դեպքում, վերջինս, այդ կենդանիների կողմից իր նկատմամբ կապվածության մասին վկայող հանգամանքների առկայությամբ, իրավունք ունի պահանջել, որպեսզի դրանք իրեն վերադարձվեն նոր սեփականատիրոջ հետ համաձայնությամբ սահմանված պայմաններով, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած պայմաններով:
Հոդված 185. | Առանց հսկողության թողնված կենդանիներին պահպանելու համար ծախսեր հատուցելը և դրանց համար վարձատրելը |
Առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը` հաշվանցելով կենդանիների օգտագործումից ստացած օգուտները:
Առանց հսկողության թողնված կենդանիներին պահող անձը, սույն օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ կետին համապատասխան, ունի վարձատրության իրավունք:
Հոդված 186. | Գանձ |
1. Գանձը, այսինքն` հողում կամ այլ գույքում թաղված կամ այլ եղանակով թաքցված դրամը կամ արժեքավոր առարկաները, որոնց սեփականատերը չի կարող դրանք հայտնաբերել կամ օրենքի ուժով կորցրել է դրանց նկատմամբ սեփականության իրավունքը, անցնում է գույքի (հողամասի, կառույցի և այլնի), որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ և այն հայտնաբերած անձի սեփականությանը` հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
2. Առանց հողամասի կամ այլ գույքի, որում հայտնաբերվել է գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից գանձի հայտնաբերման դեպքում, այն հանձնվում է հողամասի կամ գույքի սեփականատիրոջը:
3. Պատմության և մշակույթի հուշարձաններ պարունակող գանձը հանձնվում է պետության սեփականությանը: Ընդ որում, հողամասի կամ այլ գույքի սեփականատերը, որտեղ թաքցված է եղել գանձը, և գանձը հայտնաբերող անձն իրավունք ունեն միասին վարձատրություն ստանալ գանձի արժեքի հիսուն տոկոսի չափով: Այդ անձանց միջև վարձատրությունը բաշխվում է հավասար բաժիններով, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Առանց գույքի, որտեղ թաքցված է եղել գանձը, սեփականատիրոջ համաձայնության պեղումներ կատարող կամ արժեքներ որոնող անձի կողմից նման գանձ հայտնաբերելու դեպքում, վարձատրությունն ամբողջությամբ տրվում է գույքի սեփականատիրոջը:
4. Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնց աշխատանքային կամ ծառայողական պարտականությունների մեջ են մտնում պեղումներ և գանձ հայտնաբերելու որոնումներ կատարելը:
⚖Հոդված 187. | Ձեռքբերման վաղեմություն |
1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
3. Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:
⚖Հոդված 188. | Ինքնակամ կառույցը |
1. Ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
1.1. Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
2. Հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
Ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման (ապամոնտաժման), իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:
Ուրիշի հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձը պարտավոր է հատուցել հողամասի սեփականատիրոջը հասցրած վնասը, ներառյալ՝ ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը:
4. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 16.12.21 ՀՕ-397-Ն)
6. Ինքնակամ կառույցների առկայությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման առանձնահատկությունները կարգավորվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
7. (մասն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն )
(188-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.02 ՀՕ-511-Ն, խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ., խմբ., լրաց. 15.12.05 ՀՕ-238-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-14-Ն, լրաց., փոփ., խմբ. 16.12.21 ՀՕ-397-Ն)
(16.12.21 ՀՕ-397-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Գ Լ ՈՒ Խ 12
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 189. | Ընդհանուր սեփականության հասկացությունը և ծագման հիմքերը |
1. Երկու կամ ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց է պատկանում ընդհանուր սեփականության իրավունքով:
2. Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
3. Գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը համարվում է բաժնային, եթե օրենքով դրա նկատմամբ սահմանված չէ համատեղ սեփականություն:
4. Ընդհանուր սեփականությունը ծագում է այն գույքը երկու կամ մի քանի անձանց սեփականության վերածվելու դեպքում, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոխման (անբաժանելի գույք) կամ օրենքով ենթակա չէ բաժանման:
Բաժանելի գույքի նկատմամբ ընդհանուր սեփականությունը ծագում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
5. Համատեղ սեփականության մասնակիցների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` դատարանի վճռով, ընդհանուր գույքի նկատմամբ կարող է սահմանվել այդ անձանց բաժնային սեփականություն:
6. Պայմանագրային ֆոնդի ակտիվների նկատմամբ ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականության հարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
(189-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 190. | Ընդհանուր բաժնային սեփականության իրավունքում բաժինները որոշելը |
1. Բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ կարող է սահմանվել նրանց բաժինները որոշելու և փոփոխելու կարգ` ընդհանուր գույքի կազմավորման ու աճի մեջ նրանց ներդրմանը համապատասխան:
3. Բաժնային սեփականության մասնակիցը, որն ընդհանուր գույքի օգտագործման սահմանված կարգի պահպանմամբ իր հաշվին իրականացրել է այդ գույքից անբաժանելի բարելավումներ, կարող է պահանջել դրանց համապատասխան մեծացնելու ընդհանուր սեփականության իրավունքում իր բաժինը:
4. Ընդհանուր գույքից բաժանելի բարելավումներն անցնում են այն մասնակցի սեփականությանը, ով դրանք կատարել է, եթե այլ բան նախատեսված չէ բաժնային սեփականության մասնակիցների համաձայնությամբ:
⚖Հոդված 191. | Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը և օգտագործելը |
1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանի սահմանած կարգով:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել, որ իր տիրապետմանը և օգտագործմանը տրամադրվի ընդհանուր գույքի մեջ իր բաժնին համաչափ մաս, իսկ դրա անհնարինության դեպքում` գույքը տիրապետող և օգտագործող մյուս մասնակիցներից պահանջել վնասների հատուցում:
3. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տիրապետման և օգտագործման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով:
(191-րդ հոդվածը լրաց. 01.07.21 ՀՕ-298-Ն)
⚖Հոդված 192. | Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինելը |
1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել, նվիրել, կտակել, գրավ դնել կամ այլ կերպ տնօրինել` դրա հատուցելի օտարման դեպքում պահպանելով սույն օրենսգրքի 195 հոդվածում նախատեսված կանոնները:
3. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով:
(192-րդ հոդվածը լրաց. 01.07.21 ՀՕ-298-Ն)
Հոդված 193. | Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն օգտագործելուց ստացված պտուղները, արտադրանքը և եկամուտները |
Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքն օգտագործելուց ստացված պտուղները, արտադրանքը և եկամուտները ներառվում են ընդհանուր գույքի կազմում ու բաժնային սեփականության մասնակիցների միջև բաշխվում են նրանց բաժիններին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Հոդված 194. | Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը պահպանելու ծախսերը |
1. Բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնին համաչափ մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման այլ ծախսերին:
2. Սեփականատերերից մեկի կողմից, առանց մյուսների համաձայնության, կատարած անհարկի ծախսերը մնացած սեփականատերերի կողմից չեն հատուցվում: Այդ կապակցությամբ ծագող վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 195. | Գնելու նախապատվության իրավունքը |
1. Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:
2. Բաժինը վաճառողը պարտավոր է իր բաժինը երրորդ անձի վաճառելու մտադրության մասին գրավոր տեղեկացնել բաժնային սեփականության մյուս մասնակիցներին` նշելով գինը և վաճառքի մյուս պայմանները: Եթե բաժնային սեփականության մյուս մասնակիցները հրաժարվում են վաճառվող բաժինը գնելուց կամ անշարժ գույքի սեփականության իրավունքում բաժինը ձեռք չեն բերում ծանուցումը ստանալու օրվանից մեկ ամսվա, իսկ շարժական գույքի սեփականության իրավունքում` տասն օրվա ընթացքում, վաճառողն իրավունք ունի իր բաժինը վաճառել ցանկացած անձի:
3. Գնելու նախապատվության իրավունքի խախտմամբ բաժնի վաճառքի դեպքում բաժնային սեփականության ցանկացած մասնակից իրավունք ունի երեք ամսվա ընթացքում դատական կարգով պահանջել իրեն փոխանցելու գնորդի իրավունքները և պարտականությունները:
4. Բաժինը գնելու նախապատվության իրավունքը չի կարող զիջվել:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև բաժինը փոխանակության պայմանագրով օտարելիս:
(195-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-13-Ն)
Հոդված 196. | Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը պայմանագրով ձեռք բերողին անցնելու պահը |
1. Ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը պայմանագրով ձեռք բերողին է անցնում պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
2. Այն պայմանագրով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, ընդհանուր սեփականության իրավունքում բաժնի անցման պահը որոշվում է սույն օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
⚖Հոդված 197. | Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը |
1. Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ:
2. Բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից:
3. Բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:
4. Սույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:
Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:
5. Սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:
6. Ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
⚖Հոդված 198. | Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետելը, օգտագործելը և տնօրինելը |
1. Համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
2. Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
3. Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
⚖Հոդված 199. | Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելը և դրանից բաժին առանձնացնելը |
1. Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո:
2. Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
3. Ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:
⚖Հոդված 200. | Ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելը |
1. Բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:
2. Եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:
3.
(200-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-13-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-187-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
⚖Հոդված 201. | Ամուսինների ընդհանուր սեփականությունը |
1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով:
2. Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
3. Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
4. Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
5. Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:
(201-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-253-Ն)
Գ Լ ՈՒ Խ 13
ՀՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 202. | Հողամասը՝ որպես սեփականության իրավունքի օբյեկտ |
1. Հողամասի տարածքային սահմանները որոշվում են օրենքով սահմանված կարգով` լիազորված պետական մարմնի կողմից` սեփականատիրոջը տրված փաստաթղթերի հիման վրա:
2. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը տարածվում է դրա սահմաններում գտնվող վերգետնյա և ստորգետնյա տարածքի վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Հողամասի սեփականատերն իրավունք ունի օգտագործելու այն ամենը, ինչը գտնվում է իր հողամասի մակերեսին և դրա տակ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի խախտում այլ անձանց իրավունքները:
4. Այն հողամասերը, որոնց օգտագործելն իրենց սահմանված նպատակային և գործառնական նշանակությունից այլ նպատակներով արգելված կամ սահմանափակված է, որոշվում են օրենքով:
5. Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
6. Հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:
7. Սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող հողամասի վրա կատարված ինքնակամ կառույց իրականացնելու հետևանքները որոշվում են սույն օրենսգրքի 188 հոդվածին համապատասխան:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար տրամադրելու դեպքերի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:
(202-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 27.02.12 ՀՕ-28-Ն)
Հոդված 203. | Հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու և գույք տեղադրելու արգելքը |
(վերնագիրը խմբ. 16.07.20 ՀՕ-386-Ն)
1. Յուրաքանչյուր ոք ունի իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունք:
2. Ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրելու որևէ շարժական գույք (այսուհետ՝ ներխուժում):
Ներխուժում է համարվում նաև՝
1) օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը.
2) օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
3. Ներխուժում առկա չէ այն դեպքերում, երբ հողամասը ցանկապատված, պարսպապատված չէ, կամ չկա հողամասը մուտք գործելն արգելող որևէ գրավոր կամ ձայնային հայտարարություն կամ պատկերային նշան, և հողամաս մուտք գործելը վնաս չի պատճառի հողամասին:
4. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի դեպքում, սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ներխուժում առկա չէ մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան իրավասու մարմնի կողմից հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացվելու պահը:
5. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն` առանց որևէ թույլտվության, գտնվելու պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող` բոլորի համար բաց հողամասերում և օգտվելու դրանցում եղած բնական օբյեկտներից` պահպանելով օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերը:
6. Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետևանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը: Օրինական տիրապետողն իրավունք ունի հեռացնելու իր հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը: Սույն մասով նախատեսված պայմաններում ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով ձեռնարկված գործողությունների արդյունքում ներխուժած անձին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
7. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ՝ ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
(203-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, 16.07.20 ՀՕ-386-Ն)
Հոդված 204. | Հողամասի սեփականատիրոջ կողմից դրա վրա շենքեր, շինություններ կառուցելը |
Հողամասի սեփականատերը, քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների (202 հոդվածի 4-րդ կետ) պահպանմամբ կարող է դրա վրա կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել, այլ անձանց թույլ տալ շինարարություն կատարելու իր հողամասում:
(204-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 2041 . | Հողամասի կառուցապատման իրավունքը |
1. Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ սահմանված կարգով կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել և օգտագործել այդ գույքը:
2. Կառուցապատման իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաև կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ:
Կառուցապատման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձի իրավահաջորդության կարգով:
3. Կառուցապատման ժամկետի ավարտից հետո կառուցապատողի կատարած անբաժանելի բարելավումները չեն հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
4. Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը և շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
5. Կառուցապատման իրավունքը, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ, տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով և չի կարող գերազանցել 99 տարին:
6. Կառուցապատման իրավունքի ձեռքբերման, օտարման, հիփոթեքի և այլ պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման:
7. Կառուցապատման իրավունքը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
(2041 -ին հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 205. | Հողամասի օգտագործման իրավունք ձեռք բերելու հիմքերը |
1. Սեփականատերն իրեն պատկանող հողամասը կարող է տրամադրել այլ անձանց օգտագործման` ներառյալ վարձակալության:
2. Պետության կամ համայնքի սեփականության ներքո գտնվող հողամասի օգտագործման իրավունքը տրվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` հողամասերն օգտագործման տրամադրելու լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշման հիման վրա` օրենքով սահմանված կարգով:
3. Սույն օրենսգրքի 207 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում հողամասի օգտագործման իրավունք կարող է ձեռք բերել նաև շենքի, շինության և այլ անշարժ գույքի սեփականատերը:
4. Իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրան պատկանող հողամասի օգտագործման իրավունքը փոխանցվում է իրավահաջորդին:
Հոդված 206. | Հողամասը տիրապետելու և օգտագործելու իրավունքը |
1. Հողամասի սեփականատեր չհամարվող անձն օրենքով կամ սեփականատիրոջ հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով կարող է տիրապետել և օգտագործել հողամասը:
2. Հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ այն հանձնել վարձակալության կամ անհատույց օգտագործման:
Հոդված 207. | Անշարժ գույքի սեփականատիրոջ` հողամասն օգտագործելու իրավունքը |
1. Այլ անձի պատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի օգտագործել այդ հողամասի այն մասը, որում ամրակայված է անշարժ գույքը:
2. Ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս, վերջինս հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով, ինչ անշարժ գույքի նախկին սեփականատերը:
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ այդ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ` հողամասի օգտագործման իրավունքը փոփոխելու կամ դադարելու համար:
3. Ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերն իրավունք ունի տիրապետել, օգտագործել և տնօրինել իր գույքը` ներառյալ քանդել համապատասխան շենքերն ու շինությունները, եթե դա չի հակասում տվյալ հողամասի օգտագործման` օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:
Հոդված 208. | Հողամասի օգտագործման իրավունքը դադարելու հետևանքները |
Հողամասի օգտագործման իրավունքը դադարելիս այդ հողամասի վրա հողօգտագործողի կառուցած շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնում է հողամասի սեփականատիրոջը, եթե այլ բան նախատեսված չէ հողամասի սեփականատիրոջ և հողօգտագործողի միջև պայմանագրով:
Հոդված 209. | Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը կամ շինությունն օտարելիս |
1. Սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար:
2. Արգելվում է օտարել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն շենքերը կամ շինությունները, որոնք գտնվում են այնպիսի հողամասերի վրա, որոնց սեփականության իրավունքով փոխանցումն արգելված է օրենքով: Նման շենքերը կամ շինությունները կարող են տրամադրվել օգտագործման կամ կառուցապատման իրավունքով:
Սույն մասով սահմանված շենքերը կամ շինությունները կարող են մասնավորեցվել միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով փոխվել է հողամասի նպատակային նշանակությունը:
3. Ստորաբաժանված շենքի, շինության մեջ առանձին տարածքի օտարման դեպքում ձեռք բերողին է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Այս դեպքում ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
(209-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 210. | Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքները (սերվիտուտները) |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու իրավունքներն են՝
1) գույքային սերվիտուտը.
2) անձնական սահմանափակ սերվիտուտը.
3) անձնական լիարժեք սերվիտուտը (ուզուֆրուկտը).
4) բնակելի տարածություն օգտագործելու իրավունքը:
(210-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.03.01 ՀՕ-159, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 211. | Գույքային սերվիտուտը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Հողամասը կամ այլ անշարժ գույքը (ծառայող գույքը) կարող է ծանրաբեռնվել այլ հողամասի կամ անշարժ գույքի (գերակա գույքի) սեփականատիրոջ օգտին այնպես, որ գերակա գույքի սեփականատերը կարողանա սահմանափակ օգտագործել ծառայող գույքը (դրական սերվիտուտ) կամ արգելել ծառայող գույքի սեփականատիրոջն այդ գույքից որոշակի ձևով օգտվել (բացասական սերվիտուտ):
2. Գույքային սերվիտուտ կարող է սահմանվել գերակա գույքի սեփականատիրոջ կամ կառուցապատման իրավունք ունեցող անձի պահանջով:
3. Անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնելու դեպքում անշարժ գույքի սեփականատերը չի զրկվում այդ անշարժ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներից, որոնք կարող է իրականացնել առանց խախտելու սերվիտուտով նախատեսված սահմանափակումները:
4. Գույքային սերվիտուտը չի կարող լինել առք ու վաճառքի, գրավի, վարձակալության կամ որևէ այլ գործարքի ինքնուրույն առարկա, բացառությամբ կողմերի միջև սույն օրենսգրքի 213 հոդվածով նախատեսված գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ կայացված համաձայնության:
5. Գույքային սերվիտուտը կարող է լինել կամավոր կամ հարկադիր:
(211-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 212. | Գույքային սերվիտուտի բովանդակությունը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Գերակա գույքի սեփականատերն իրավունք չունի ծառայող գույքում կատարելու փոփոխություններ, բացառությամբ այն փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են գույքային սերվիտուտի իրականացման համար: Գույքային սերվիտուտի իրականացման համար անհրաժեշտ ցանկացած փոփոխություն կատարում է գերակա գույքի սեփականատերը, և կատարված ծախսերը չեն հաշվարկվում գույքային սերվիտուտի վճարի մեջ:
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է:
(212-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, 26.06.02 ՀՕ-391-Ն, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 213. | Կամավոր գույքային սերվիտուտը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Կամավոր գույքային սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և ծառայող գույքի սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:
2. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագրում պետք է նշվեն սերվիտուտի առարկան, գործողության ժամկետը և պայմանները: Սերվիտուտ սահմանող հատուցելի պայմանագրում պետք է նշվեն նաև հատուցման չափը, կարգը և ժամկետները: Պայմանագրին կցվում է սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հատակագիծը` սերվիտուտի տեղակայման նշումով:
3. Կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(213-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 214. | Հարկադիր գույքային սերվիտուտը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել հարևան կամ այլ հողամասով անցնելու, երթևեկելու, էլեկտրահաղորդման, կապի գծերի կամ խողովակաշարերի անցկացման ու շահագործման, ջրամատակարարման, հողաբարելավման, վերանորոգման, շինարարական աշխատանքներ կատարելու կամ գերակա գույքի սեփականատիրոջ այլ կարիքները բավարարելու համար, որոնք չեն կարող ապահովվել առանց սերվիտուտ սահմանելու, կամ որոնց ապահովումը կապված է անհամաչափ զգալի ծախսերի հետ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում հարկադիր գույքային սերվիտուտը սահմանում է դատարանը` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր գույքային սերվիտուտ սահմանելու վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:
3. Հարկադիր գույքային սերվիտուտ սահմանելու մասին դատարանի վճիռը պետք է պարունակի սույն օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասում նշված բոլոր պայմանները:
4. Հասարակական կարիքների համար հարկադիր գույքային սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:
5. Հասարակական կարիքների համար մայրուղային-գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր), օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերում, անկախ սեփականության իրավունքի սուբյեկտից, սահմանվում է անվճար մշտական սերվիտուտ:
6. Հարկադիր գույքային սերվիտուտ չի կարող սահմանվել, եթե սերվիտուտով ծանրաբեռնված ամբողջ հողամասը սեփականատիրոջ համար կորցնում է տնտեսական կամ գործառութային այն նշանակությունը, որն առկա էր մինչև սերվիտուտ սահմանելը:
(214-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159, խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 215. | Գույքային սերվիտուտի պետական գրանցումը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Գույքային սերվիտուտը ենթակա է պետական գրանցման` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
(215-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 216. | Գույքային սերվիտուտի համար վճարը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի անշարժ գույքի սերվիտուտի համար վճար պահանջելու այն անձից, ի շահ որի սահմանվել է գույքային սերվիտուտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Կամավոր գույքային սերվիտուտի վճարի չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ հարկադիր գույքային սերվիտուտի դեպքում` դատարանի վճռով կամ սահմանվում է օրենքով:
3. Գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում գույքային սերվիտուտի վճարի չափը կարող է վերանայվել ոչ շուտ, քան երեք տարին մեկ անգամ՝ դատարանի վճռով:
(216-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 217. | Գույքային սերվիտուտը դադարելը |
(վերնագիրը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
1. Ծառայող կամ գերակա գույքի սեփականատիրոջ պահանջով գույքային սերվիտուտը կարող է դադարել, եթե վերացել են այն սահմանելու հիմքերը:
2. Այն դեպքում, երբ անշարժ գույքը գույքային սերվիտուտով ծանրաբեռնված լինելու հետևանքով չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան, կամ գերակա գույքի սեփականատերը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել սերվիտուտի համար պարբերաբար կատարվող վճարը, ապա ծառայող գույքի սեփականատերն իրավունք ունի դատական կարգով պահանջելու դադարեցնել սերվիտուտը:
3. Գերակա և ծառայող գույքի սեփականատերերի համընկնման դեպքում գույքային սերվիտուտը դադարում է:
4. Եթե գույքային սերվիտուտի գործողության ժամանակ գերակա գույքի սեփականատիրոջ կողմից ծառայող գույքում կատարվել են փոփոխություններ, ապա գերակա գույքի սեփականատերը պարտավոր է մինչև սերվիտուտը դադարելը ծառայող գույքն իր հաշվին բերել նախնական վիճակին։ Այս կանոնից բացառություն կարող է սահմանվել կողմերի համաձայնությամբ:
(217-րդ հոդվածը խմբ. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 217.1. |
Անձնական սահմանափակ սերվիտուտը |
1. Կողմերի համաձայնությամբ անշարժ գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա օգտվելու այդ անշարժ գույքից միմիայն կոնկրետ նպատակների համար, կամ նրան կարող է տրվել այլ իրավազորություն, որը կարող է հիմք հանդիսանալ սերվիտուտ սահմանելու համար (անձնական սահմանափակ սերվիտուտ):
2. Անձնական սահմանափակ սերվիտուտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:
3. Անձնական սահմանափակ սերվիտուտը կարող է տրամադրվել անժամկետ կամ որոշակի ժամկետով: Իրավաբանական անձին տրամադրվող անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող գերազանցել 10 տարին:
4. Անձնական սահմանափակ սերվիտուտը չի կարող փոխանցվել այլ անձի։
5. Անձնական սահմանափակ սերվիտուտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(217.1-ին հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Ուզուֆրուկտը
Հոդված 217.2.
1. Կողմերի համաձայնությամբ պայմանագրի հիման վրա անշարժ կամ շարժական գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա տիրապետելու և օգտագործելու գույքը և դրա օգտագործմամբ ստացվածը (պտուղներ, արտադրանք, եկամուտներ) նույն կերպ, ինչպես դա իրավասու կլիներ անելու գույքի սեփականատերը (ուզուֆրուկտ):
2. Ուզուֆրուկտ ստացող անձի կողմից գույքի օգտագործմամբ ստացվածը համարվում է ուզուֆրուկտ ստացող անձի սեփականությունը:
3. Ուզուֆրուկտը սահմանվում է անհատույց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
4. Ուզուֆրուկտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 217.2-217.7 հոդվածներով:
5. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
6. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: Շարժական գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ սույն օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով:
7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը ուզուֆրուկտով կարող է ծանրաբեռնվել օրենքով նախատեսված դեպքերում:
8. Հողամասի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելիս ուզուֆրուկտ է սահմանվում նաև հողամասը զբաղեցրած շինության նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ։
(217.2-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Ուզուֆրուկտ ստացող անձինք
Հոդված 217.3.
1. Ուզուֆրուկտ կարող է սահմանվել հօգուտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի:
2. Ուզուֆրուկտ կարող է տրամադրվել մեկ կամ մի քանի անձանց: Եթե ուզուֆրուկտ է տրամադրվել մեկից ավելի անձանց, ապա նրանցից մեկի մահվան կամ լուծարման դեպքում ուզուֆրուկտը մյուս անձի (անձանց) նկատմամբ պահպանվում է:
(217.3-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը սեփականատիրոջ կողմից տիրապետելու և օգտագործելու արգելքը
Հոդված 217.4.
1. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքի սեփականատերը չի կարող ուզուֆրուկտ ստացած անձի հետ համատեղ տիրապետել և օգտագործել գույքը ուզուֆրուկտով ծանրաբեռնված լինելու ողջ ժամանակահատվածում:
(217.4-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Ուզուֆրուկտ սահմանելու ժամկետը
Հոդված 217.5.
1. Ուզուֆրուկտը ֆիզիկական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ ցմահ՝ մինչև ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձի մահը:
2. Ուզուֆրուկտն իրավաբանական անձի համար կարող է սահմանվել որոշակի ժամկետով կամ մինչև իրավաբանական լուծարումը, բայց ոչ ավելի, քան 10 տարի ժամկետով։
(217.5-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Ուզուֆրուկտ ստացող անձի իրավունքները և պարտականությունները
Հոդված 217.6.
1. Ուզուֆրուկտով ծանրաբեռնված գույքը հատուցմամբ օտարելիս ուզուֆրուկտ ստացած անձն ունի վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով գույքը ձեռք բերելու նախապատվության իրավունք, բացառությամբ գույքը հրապարակային սակարկություններով օտարելու դեպքերի: Սույն մասում նախատեսված դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 195 հոդվածով նախատեսված կանոնները:
2. Ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է հոգ տանել գույքն իր տնտեսական նշանակությամբ պահպանելու համար, իսկ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ նաև ապահովագրել այն:
3. Ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է ուզուֆրուկտի գործողության ընթացքում կրել գույքի հետ կապված հանրային ու մասնավոր բեռը՝ հարկերը, տուրքերը և այլ վճարներ, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
(217.6-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Ուզուֆրուկտը դադարելը
Հոդված 217.7.
1. Ուզուֆրուկտի դադարման հիմքերն են`
1) լրացել է ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը.
2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը.
3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը (անձինք) մահացել է (են), բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի.
5) կողմերը փոխադարձ համաձայնություն են կնքել.
6) համընկնում են ուզուֆրուկտ ստացած անձը և գույքի սեփականատերը.
7) սեփականատիրոջ պահանջով դատարանի որոշմամբ, եթե ուզուֆրուկտ ստացած անձը խախտել է ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պահանջները:
2. Ուզուֆրուկտը դադարելու դեպքում ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է գույքը վերադարձնել սեփականատիրոջը: Գույքը վերադարձնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 625 հոդվածով նախատեսված կանոնները:
3. Պետական գրանցման ենթակա ուզուֆրուկտը դադարում է ուզուֆրուկտի դադարման պետական գրանցման պահից:
(217.7-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)
Հոդված 218. |
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումը |
(վերնագիրը խմբ. 24.10.18 ՀՕ-408-Ն)
1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ:
(218-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, 24.10.18 ՀՕ-408-Ն)
(հոդվածի 18.04.06 ՍԴՈ-630 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 27.11.06 ՀՕ-187-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխությամբ)
Հոդված 219. | Պետության կամ համայնքի կարիքների համար վերցվող հողամասի հատուցման գինը |
(հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)
Հոդված 220. | Հողամասը, պետության կամ համայնքի կարիքների համար, դատարանի վճռով վերցնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)
Հոդված 221. | Պետության կամ համայնքի կարիքների համար վերցնելու ենթակա հողամասի սեփականատիրոջ իրավունքները |
(հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)
Գ Լ ՈՒ Խ 14
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
⚖Հոդված 222. | Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի, ինչպես նաև ստորաբաժանված շենքի ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունները |
1. Բնակարանը բնակության համար նախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
2. Ոչ բնակելի տարածքը շենքում կամ շինությունում բնակության համար չնախատեսված և իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազորված մարմնում առանձին ծածկագրով գրանցված կամ համարակալված տարածքն (շինությունն) է:
3. Բազմաբնակարան շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է բնակարան և (կամ) ոչ բնակելի տարածք, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի կարող առանձնացվել բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
Ստորաբաժանված շենքն այն շենքն է, որում մեկից ավելի սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանում է ոչ բնակելի տարածքը, և որի կառուցման ու սպասարկման համար հատկացված հողամասը կամ շենքի ընդհանուր գույքը չի առանձնացվել ոչ բնակելի տարածքների սեփականատերերի միջև:
4. Բնակարանը պետք է օգտագործվի միայն դրա գործառնական նշանակությանը համապատասխան:
5. Բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրական, հասարակական կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(222-րդ հոդվածը լրաց., խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, խմբ. 15.12.05 ՀՕ-238-Ն)
Հոդված 223. | Բազմաբնակարան շենքի բնակարանի և ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի առանձնահատկությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն)
⚖Հոդված 224. | Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը |
1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության հողամասի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը որոշվում է տվյալ սեփականատիրոջը պատկանող բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի մակերեսի հարաբերությամբ այդ շենքի բոլոր բնակարանների ու ոչ բնակելի տարածքների մակերեսներին և արտահայտվում է կոտորակով:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով:
Բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատիրոջ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի բաժինները սահմանվում և գրանցվում են շենքի կառուցման ու սպասարկման համար նախատեսված հողամասի գրանցման հետ միասին և կարող են փոփոխվել միայն շենքի բոլոր սեփականատերերի համաձայնությամբ շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու դեպքում: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերն ավելացնելու կամ պակասեցնելու կամ շենքի առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը փոփոխելու՝ սեփականատիրոջ համաձայնությունը համարվում է նաև տվյալ սեփականատիրոջը պատկանող հողամասի և ընդհանուր գույքի չափի ավելացման կամ պակասեցման համաձայնություն:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարան կամ ոչ բնակելի տարածք կամ առկա բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերը չեն փոփոխվում շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական ոչ էական շեղումների հետևանքով բնակարանի կամ ոչ բնակելի տարածքների չափերի փոփոխությունների դեպքում:
2. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի սեփականատերն իրավունք չունի ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասից կամ գույքից առանձին օտարելու, գրավադրելու, օգտագործման հանձնելու բնակարանը և (կամ) ոչ բնակելի տարածքը կամ կատարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն առանձին այլ անձի հանձնելու այլ գործողություններ:
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
4. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարական աշխատանքների ընթացքում շինարարական ոչ էական շեղումների հետևանքով բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների չափերի փոփոխությունների դեպքում շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերի բաժնի չափերը չեն փոխվում:
5. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում առանձնացված միավորները (բնակարանները, ոչ բնակելի տարածքները), հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնեմասով հանդերձ, քաղաքացիական շրջանառության օբյեկտ են դառնում ավարտված շենքի պետական գրանցման պահից:
6. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում հողամասի, բնակարանի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
7. (մասն ուժը կորցրել է 25.05.22 ՀՕ-136-Ն)
8. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքում բնակարանը, ոչ բնակելի տարածքը, ներառյալ՝ դրանց համապատասխան հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների բաժնային մասը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից:
(224-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-336, խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ., լրաց., խմբ. 15.12.05 ՀՕ-238-Ն, 19.06.15 ՀՕ-87-Ն, խմբ., փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն)
Հոդված 224.1. |
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքը |
1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքի կամ բնակելի տան նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցումից հետո բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը կարող է ծանրաբեռնվել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով:
2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից բխող գնման իրավունքը՝ պետական գրանցման:
3. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքը տարածվում է նաև հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների համապատասխան բաժնային մասի վրա:
4. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքի կամ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո պայմանագրով սահմանված, բայց ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում կառուցապատողը կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունք ունեցող անձին է ներկայացնում բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը և հաշվարկային փաստաթուղթը կամ օրենքով սահմանված դեպքերում՝ հարկային հաշիվը:
5. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն սեփականության իրավունքով փոխանցելու ակտում նշվում են՝
1) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի մասին սույն օրենսգրքի 566-րդ հոդվածին համապատասխան տվյալներ,
2) կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքի գնի, կատարված կանխավճարային վճարումների և առկայության դեպքում՝ գնի չվճարված մասի վճարման պայմանների մասին,
3) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը կառուցապատողի հաշվին շահագործման հանձնելու ժամկետի մասին տեղեկատվություն:
6. Կառուցված բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքը, շենքից անշարժ գույքը կամ բնակելի տունը սեփականության իրավունքով փոխանցելու ակտը ենթակա է նոտարական վավերացման, դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման, և անշարժ գույքը գնելու իրավունք ունեցող անձին սեփականության իրավունքով փոխանցված է համարվում սեփականության իրավունքով փոխանցելու ակտի պետական գրանցման պահից:
7. Անշարժ գույքը սեփականության իրավունքով փոխանցելու ակտի վրա տարածվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված դրույթները:
8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում ապագա բնակարանը կամ ոչ բնակելի տարածքը կամ բնակելի տունը կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքով ծանրաբեռնելու առանձնահատկությունները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով:
(224.1-ին հոդվածը լրաց. 25.05.22 ՀՕ-136-Ն)
Հոդված 225. | Բնակելի տարածության օգտագործման իրավունքը |
1. Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:
Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):
2. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:
3. Բնակելի տարածության նկատմամբ գրանցված անհատույց օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից փոխհատուցում տրամադրելու միջոցով:
4. Փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետևյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց և սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից և ոչ ավելի 9 քառակուսի մետրից:
Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար և տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ:
(225-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
ԳԼՈՒԽ 14.1
(գլուխը լրաց. 17.12.14 ՀՕ-264-Ն)
ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ
⚖Հոդված 225.1. |
Ապահովված իրավունքի հասկացությունը և առարկան |
1. Ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:
2. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 15-րդ գլխով:
3. Ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք, բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների, ներառյալ՝ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
4. Ապահովված իրավունքը տարածվում է նաև այն գույքի վրա, որն ուղղակի կամ անուղղակի առաջանում է ապահովված իրավունքի առարկայի օգտագործումից, տիրապետումից կամ տնօրինումից, ներառյալ՝ դրանց արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների վրա, ինչպես նաև ապահովված իրավունքի առարկայի ապահովագրական փոխհատուցումից, բացառությամբ օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերի։
5. Ապահովված իրավունքը ծագում և գործում է պարտավորության ծագման պահից մինչև պարտավորության պատշաճ կատարումը։
6. Ապահովման պայմանագրով ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի:
6.1. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որևէ հատկանիշով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է ապահովված իրավունքի առարկա: Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը և հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնելու գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:
6.2. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում, ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի, պետք է նաև նշվի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում ապահովված իրավունքի առարկայի կազմը կարող է փոփոխվել, ներառյալ՝ ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ:
6.3. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից դադարում է լինել ապահովված իրավունքի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է ապահովված իրավունքի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
6.4. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:
7. Ապահովված իրավունքի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249 հոդվածով սահմանված կարգով, եթե՝
1) դա նախատեսված է պայմանագրով, կամ
2) առկա է ապահովված անձի (պարտատիրոջ) և պարտապանի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
8. Ապահովված իրավունքի առարկայի վրա դատական կարգով բռնագանձումն իրականացվում է սույն օրենսգրքի 249.1 հոդվածի պահանջներին համապատասխան։
(225.1-ին հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-264-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-190-Ն, լրաց., փոփ. 06.03.20 ՀՕ-141-Ն)
Հոդված 225.2. |
Ապահովված իրավունքների նախապատվությունը |
1. Ապահովված իրավունքի առարկայի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը որոշվում է միասնական գրանցամատյանում գրանցված ապահովված իրավունքի գրանցման առաջնահերթությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:
2. Ապահովված իրավունքի գրանցումն առաջացնում է նախապատվության իրավունք նույն շարժական գույքի նկատմամբ չգրանցված ապահովված իրավունքի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ ապահովված անձանց (պարտատերերի) միջև կնքված պայմանագրով:
3. Ապագայում ձեռք բերվող շարժական գույքի կամ ապահովված իրավունքի առարկա շարժական գույքի նկարագիրն ընդհանուր լինելու դեպքերում շարժական գույքի նկատմամբ նախապատվության իրավունք ունի այն անձը, ում ֆինանսավորմամբ ձեռք է բերվում շարժական գույքը։
4. Պարտապանի կողմից ապահովված իրավունքի առարկա հանդիսացող շրջանառության մեջ գտնվող շարժական գույքն օտարելու ժամանակ գրանցված ապահովված իրավունքը տարածվում է այդ առարկայի օտարումից ստացված միջոցների վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ։
5. Գրանցման եղանակով նախապատվության իրավունք ձեռք բերած անձի կողմից ապահովված իրավունքը զիջվելու դեպքում այն ձեռք բերած անձի համար նախապատվության իրավունքը շարունակվում է:
(225.2-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-264-Ն)
ԳԼՈՒԽ 14.2
(գլուխը լրաց. 25.10.17 ՀՕ-156-Ն)
(25.10.17 ՀՕ-156-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՀԱՐԵՎԱՆԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 225.3. | Հարևանների միջև ծագած հարաբերությունները |
1. Սույն գլխի կանոնները կարգավորում են հարևանային հողամասերի կամ այլ անշարժ գույքի փոխադարձ ազդեցության, ջրօգտագործման, բաժանագծի անցկացման և հարևանների միջև ծագող այլ հարաբերություններ:
2. Հարևանային է այն հողամասը կամ ցանկացած այլ անշարժ գույքը, որը որևէ եղանակով ազդեցություն ունի մեկ այլ հողամասի կամ ցանկացած այլ անշարժ գույքի վրա։
3. Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերերը, ինչպես նաև օրինական տիրապետողները, բացի օրենքով նախատեսված իրավունքներից և պարտականություններից, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն:
Հոդված 225.4 | Թույլատրելի ազդեցությունը |
1. Հարևանային համարվող անշարժ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը չի կարող արգելել հարևան տարածքից գազի, գոլորշու, հոտի, մրի, ծխի, աղմուկի, ջերմության կամ այլ ազդեցություն, եթե այն չի խոչընդոտում իր անշարժ գույքի օգտագործումը, կամ պայմանավորված է գույքի` տվյալ տարածքին բնորոշ ձևով բնականոն օգտագործմամբ, կամ այդպիսի ազդեցությունն աննշան է։
2. Եթե ազդեցությունը գերազանցում է նորմատիվներով սահմանված չափը և տվյալ տարածքին բնորոշ գույքի բնականոն օգտագործումը և չի կարող վերացվել ողջամտորեն, իսկ սեփականատերը ստիպված է հանդուրժել այն, ապա նա կարող է հարևան տարածքի սեփականատիրոջից պահանջել դրամական փոխհատուցում։
3. Փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշվում են կողմերի համաձայնությամբ: Համաձայնության չգալու դեպքում փոխհատուցման չափը, ժամկետները և կարգը որոշում է դատարանը` հաշվի առնելով նաև փոխհատուցում տվող անձի գույքային դրությունը:
Հոդված 225.5. | Ջրօգտագործումը |
1. Ջրային հոսքերը, որոնք անցնում են հարևանների հողամասերով, չեն կարող շեղվել կամ փոփոխվել մեկ հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այնպես, որ խաթարվի հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի կողմից այդ հոսքերի բնականոն օգտագործման իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ։
Հոդված 225.6. | Հարևանային համարվող անշարժ գույքի ջրահեռացումը |
1. Հարևանային համարվող գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը պետք է միջոցներ ձեռնարկի, որ հարևանային համարվող գույքի տանիքից կամ օժանդակ շինությունից ջուրը, սառույցը կամ ձյունը չթափվեն հարևան հողամասի վրա։
Հոդված 225.7. | Հարևան հողամասից արմատների և ճյուղերի անցումն այլ հողամաս: Ծառից ընկած պտուղները |
1. Հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է կտրել և իրեն վերցնել ծառի կամ թփի ճյուղերը, արմատները, որոնք հողամաս են անցել հարևան հողամասից այն դեպքում, երբ հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը նախապես պատշաճ ծանուցել է հարևան հողամասի սեփականատիրոջը և պահանջել հեռացնել իր հողամասից, սակայն ողջամիտ ժամկետներում միջոցներ չեն ձեռնարկվել: Սույն մասով ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ առձեռն փոխանցմամբ: Եթե ծանուցելն անհնար է, ներառյալ՝ եթե հարևանի փաստացի բնակվելու վայրն անհայտ է, ապա հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է անմիջապես ձեռնամուխ լինել սույն մասով նախատեսված գործողության կատարմանը:
2. Հարևան հողամասի վրա ընկած ծառերի կամ թփերի պտուղները համարվում են այդ հողամասի պտուղներ, եթե այլ բան նախատեսված չէ հարևանների փոխադարձ համաձայնությամբ:
Հոդված 225.8. | Հողամասի ցանկապատը կամ պարիսպը |
1. Հողամասի սեփականատերն իրավունք ունի ցանկապատելու, պարսպապատելու կամ այլ բաժանագծի միջոցով (սույն գլխում այսուհետ՝ բաժանագիծ) սահմանազատելու իրեն պատկանող հողամասը կամ վերականգնելու արդեն գոյություն ունեցող, սակայն մաշված կամ վնասված բաժանագիծը:
2. Բաժանագիծն անցկացնելու հետ կապված ծախսերը հարևանները որոշում են փոխադարձ համաձայնությամբ։ Առանց մյուս հարևանի համաձայնության կատարված ծախսերը չեն հատուցվում։
Հոդված 225.9. | Վիճելի սահմանը |
1. Եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, և եթե վեճի արդյունքում անհնար է որոշել ստույգ սահմանը, ապա բաժանագիծն անցկացնելու համար որոշիչ է համարվում հարևանների փաստացի տիրապետումը: Եթե փաստացի տիրապետումը նույնպես անհնար է որոշել, ապա յուրաքանչյուր հողամասին օրենսդրությամբ սահմանված կարգով միացվում է վիճելի տարածքի հավասար մասը:
Հոդված 225.10. | Սահմանակից կառույցների ընդհանուր օգտագործումը |
1. Հարևան հողամասի սեփականատերը կամ օրինական տիրապետողը կարող է օգտագործել մյուս հարևանին սեփականության իրավունքով պատկանող բաժանագծի` իր հողամասին հարող ուղղահայաց մակերևույթն այնպես, որ չխաթարվի այդ բաժանագծի սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի օգտագործման, այդ թվում՝ բաժանագիծը քանդելու իրավունքը։
2. Երկու հողամաս կամ այլ անշարժ գույք բաժանող ցանկացած բաժանագիծ սեփականատերերի համաձայնությամբ կամ դատարանի վճռով կարող է համարվել հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն, եթե այլ բան սահմանված չէ իրավահաստատող փաստաթղթերով, կամ եթե այն չի կառուցվել հարևաններից մեկի միջոցներով, կամ արտաքին որևէ հատկանիշից պարզ է դառնում, որ այն չի պատկանում հարևաններից մեկին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված բաժանագիծը համարվում է գլխավոր անշարժ գույքի (գույքային միավորի) պատկանելիք, որը կարող է օտարվել կամ ծանրաբեռնվել միայն գլխավոր անշարժ գույքի հետ: Սույն հոդվածով սահմանված բաժնային սեփականության իրավահարաբերությունների նկատմամբ չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի կանոնները, այդ թվում՝ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը հրապարակային սակարկություններով վաճառելու կարգը:
4. Եթե հարևաններն ունեն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ընդհանուր բաժնային սեփականության իրավունք, ապա նրանցից յուրաքանչյուրը պարտավոր է`
ա) բաժանագիծն այնպես օգտագործել, որ չխոչընդոտի մյուսի ընդհանուր օգտագործումը,
բ) հավասարաչափ մասնակցել բաժանագծի պահպանման ծախսերին։
5. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ընդհանուր բաժնային սեփականություն համարվող բաժանագիծը կարող է քանդվել կամ փոխվել հարևանների փոխադարձ համաձայնությամբ:
Գ Լ ՈՒ Խ 15
ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԳՐԱՎԻ ՄԱՍԻՆ
⚖Հոդված 226. |
Գրավի իրավունքի հասկացությունը |
1. Գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:
2. Գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
3. Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի) կամ արժեթղթի գրավով ապահովված պարտավորության պարտատերը (գրավառուն) պարտապանի կողմից այդ պարտավորությունը չկատարվելու դեպքում գույքի տիրոջ (գրավատուի) մյուս պարտատերերի հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի: Անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի գրավի պայմանագրից ծագող իրավունքը լիազորված մարմնի կողմից վարվող գրավի գրանցման մատյանում առավել վաղ գրանցած գրավառուն, մյուս` համապատասխան գույքի գրավի պայմանագրերից ծագող իրենց իրավունքներն առավել ուշ գրանցած կամ չգրանցած գրավառուների հանդեպ գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունի:
4. Գրավառուն իրավունք ունի, սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված սկզբունքով, բավարարում ստանալ գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքների ապահովագրական հատուցումից, անկախ այն բանից, թե այն ում օգտին է ապահովագրված, եթե նման կորուստը կամ վնասվածքը չեն ծագել այնպիսի պատճառներից, որոնց համար պատասխանատու է գրավառուն:
5. Սույն պարագրաֆում պարունակվող գրավի մասին ընդհանուր կանոնները կիրառվում են հիփոթեքի նկատմամբ, եթե այլ կանոններ չեն սահմանված սույն գլխի հիփոթեքին վերաբերող պարագրաֆում:
(226-րդ հոդվածը լրաց. 11.05.04 ՀՕ-78-Ն, խմբ. 17.12.14 ՀՕ-264-Ն, 27.10.16 ՀՕ-190-Ն)
Հոդված 227. |
Գրավի ծագման հիմքերը |
1. Գրավը ծագում է պայմանագրի ուժով: Գրավը ծագում է նաև օրենքի հիման վրա` դրանում նշված հանգամանքների երևան գալով: Օրենքում պետք է նախատեսվի այն գույքը, որը համարվում է պարտավորության կատարման ապահովման համար գրավ դրված:
2. Պայմանագրի ուժով ծագած գրավի մասին սույն օրենսգրքի կանոնները համապատասխանաբար կիրառվում են օրենքի հիման վրա ծագած գրավի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հոդված 228. |
Գրավատու |
1. Գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:
2. Գրավատու կարող է լինել ինչպես պարտապանը, այնպես էլ երրորդ անձը:
3. Իրավունքի գրավատու կարող է լինել այն անձը, ում պատկանում է գրավ դրվող իրավունքը:
Հոդված 229. |
Գրավառու |
Գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:
Հոդված 230. |
Գրավի առարկա |
1. Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով:
2. Այն գույքի գրավը, որը չի կարող բաժանվել առանց դրա նշանակության փոփոխման (անբաժանելի գույք), չի կարող գրավ դրվել մաս առ մաս:
3. Առանց գույքի սեփականատիրոջ համաձայնության` վարձակալության իրավունքի գրավը չի թույլատրվում:
4. Գույքի առանձին տեսակների գրավը, մասնավորապես` քաղաքացիներին պատկանող այն գույքի, որի վրա բռնագանձում տարածել չի թույլատրվում, կարող է արգելվել կամ սահմանափակվել օրենքով:
(230-րդ հոդվածը լրաց. 11.11.05 ՀՕ-224-Ն)
Հոդված 231. |
Ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքի գրավը |
1. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ:
2. Ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության:
Գրավառուի պահանջով այդ բաժնի վրա բռնագանձում տարածելու դեպքում այն վաճառելիս կիրառվում են սույն օրենսգրքի 195 հոդվածով սահմանված` գնելու նախապատվության իրավունքի մասին կանոնները:
Հոդված 232. |
Գույքը, որի վրա տարածվում են գրավառուի իրավունքները |
1. Գրավի առարկա գույքի նկատմամբ գրավառուի իրավունքները (գրավի իրավունքը) տարածվում են նաև դրա պատկանելիքների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ գրավի իրավունքը տարածվում է պայմանագրով նախատեսված դեպքերում:
2. Գրավի պայմանագրով, իսկ օրենքի հիման վրա ծագող գրավի դեպքում` օրենքով կարող է նախատեսվել գրավատուի կողմից ապագայում ձեռք բերվելիք գույքի և գույքային իրավունքների գրավ:
⚖Հոդված 233. |
Գրավով ապահովված պահանջի ծավալը |
Գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
(233-րդ հոդվածը փոփ. 23.06.11 ՀՕ-233-Ն)
Հոդված 234. |
Գրավի պայմանագիրը և դրա ձևը |
1. Գրավի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
1.1. Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում ազդագիրը հանդիսանում է նաև գրավի պայմանագիր կնքելու օֆերտա (գրավի պայմանագիր կնքելու առաջարկ):
2. Գրավի պայմանագրում պետք է նշվեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), գրավի առարկան, գրավով ապահովված պարտավորության էությունը, չափն ու կատարման ժամկետը: Ազդագրի հիման վրա գրավով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում գրավի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) և բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը (անվանատերը):
3. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում գրավի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ գրավի իրավունքը` պետական գրանցման:
4. Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է գրավի պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
(234-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
Հոդված 235. |
Գրավի իրավունքի ծագումը |
1. Գրավի իրավունքը ծագում է գրավի պայմանագիրը կնքելու պահից, իսկ այն դեպքերում, երբ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման, ապա այն գրանցելու պահից: Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի գրավի իրավունքը ծագում է իրավունքների գրառում կատարող անձի մոտ համապատասխան գրառում կատարելու պահից:
2. Եթե գրավի առարկան, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, պետք է գտնվի գրավառուի մոտ, ապա գրավի իրավունքը ծագում է գրավի առարկան նրան հանձնելու պահից, իսկ եթե այն հանձնվել է մինչև պայմանագիրը կնքելը, ապա այն կնքելու պահից:
(235-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-79-Ն)
Հոդված 236. |
Հաջորդող գրավ |
1. Գրավ դրված գույքը կարող է դառնալ այլ գրավի առարկա (հաջորդող գրավ): Գրավ դրված գույքը այլ գրավի (հաջորդող գրավի) առարկա դարձնելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
2. Ոչ փաստաթղթային ձևով թողարկված արժեթղթերի հաջորդող գրավը թույլատրվում է, եթե այն արգելված չէ այդ արժեթղթերի թողարկման պայմաններով և (կամ) արժեթղթերի գրանցման հայտարարագրում:
3. Հաջորդող գրավի դեպքում նոր գրավառուի պահանջները բավարարվում են գրավի առարկայի արժեքից նախորդ գրավառուի պահանջները բավարարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով:
4. Եթե նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա պարտապանի կողմից նոր գրավառուի հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում նոր գրավառուն մինչև գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելը պարտավոր է նախորդ գրավառուին ծանուցել պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքի մասին` այդ մասին տեղեկանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ծանուցումն ստանալու պահից նախորդ գրավառուն իրավունք ունի՝
1) չձեռնարկելու որևէ գործողություն գրավի առարկայի հետ կապված կամ
2) սկսելու գրավի առարկայի բռնագանձման գործընթացը, որի դեպքում նոր գրավառուն այլևս իրավասու չէ սկսելու բռնագանձման գործընթաց կամ
3) գնելու գրավի առարկա գույքը կամ
4) նոր գրավառուից գնելու գրավով ապահովված պարտավորությունը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 25 գլխով սահմանված կարգով, և դադարեցնելու բռնագանձման գործընթացը կամ
5) առաջարկելու նոր գրավառուին ամբողջությամբ կատարել իր (նախորդ գրավառուի) նկատմամբ ունեցած պարտապանի պարտավորությունը կամ
6) համաձայնություն տալու նոր գրավառուի կողմից բռնագանձման արդյունքում գրավի առարկան երրորդ անձի օտարելուն, որի դեպքում նախորդ գրավառուի գրավի իրավունքը գույքի նկատմամբ պահպանվում է:
Նախորդ գրավառուն պարտավոր է սույն հոդվածով նախատեսված իր իրավունքների իրականացման մասին որոշում կայացնելու մասին տեղեկացնել նոր գրավառուին սույն հոդվածով նախատեսված ծանուցումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում առաջնորդվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուի կայացրած որոշմամբ:
Եթե նոր և նախորդ բոլոր գրավառուների միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ, մի քանի նախորդ գրավառուների առկայության դեպքում նոր գրավառուն պարտավոր է պարտապանի կողմից իր հանդեպ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում գրավի առարկայի բռնագանձման գործընթաց սկսելուց առաջ սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցել իրեն նախորդող բոլոր նախորդ գրավառուներին և առաջնորդվել սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված իրավունքների իրականացման վերաբերյալ նախորդ գրավառուների կայացրած որոշմամբ՝ ըստ նախորդ գրավառուների հաջորդականության:
(236-րդ հոդվածը լրաց. 11.05.04 ՀՕ-78-Ն, 23.05.06 ՀՕ-79-Ն, լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-110-Ն)
Հոդված 237. |
Գրավ դրված գույքը պահելը և պահպանելը |
1. Գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պարտավոր է`
1) գրավ դրված գույքը լրիվ արժեքով ապահովագրել կորստյան և վնասվածքի ռիսկերից, իսկ եթե դրա լրիվ արժեքը գերազանցում է գրավով ապահովված պահանջի չափը` դրանից ոչ պակաս գումարով.
2) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գրավ դրված գույքը պահպանելու` ներառյալ այն երրորդ անձանց ոտնձգություններից և պահանջներից պաշտպանելու համար.
3) մյուս կողմին անհապաղ տեղեկացնել գրավ դրված գույքի կորստյան կամ վնասվածքի սպառնալիքի ծագման մասին:
2. Գրավառուն և գրավատուն իրավունք ունեն փաստաթղթերով ու փաստացի ստուգել մյուս կողմի մոտ գտնվող գրավ դրված գույքի առկայությունը, քանակը, վիճակը և պահպանման պայմանները:
3. Գրավառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կոպիտ խախտելու դեպքում, որը գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի սպառնալիք է ստեղծում, գրավատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ դադարեցնելու գրավը:
Հոդված 238. |
Գրավի առարկան օգտագործելը և տնօրինելը |
1. Գրավատուն իրավունք ունի օգտվելու գրավի առարկայից՝ դրա նշանակությանը համապատասխան, այդ թվում` դրանից ստանալու պտուղներ և եկամուտներ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Գրավ դրված գույքը կտակելու գրավատուի իրավունքը սահմանափակող համաձայնությունն առ ոչինչ է:
Եթե գրավի առարկան տրամադրվում է վարձակալության, անհատույց օգտագործման կամ ծանրաբեռնվում է այլ գույքային իրավունքով (բացառությամբ հարկադիր սերվիտուտի), ապա գրավի առարկայի իրացման դեպքում այդ իրավունքները դադարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով և հիմքերով:
Մինչև գույքը գրավադրվելը սահմանված բոլոր գույքային իրավունքները պահպանվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Գրավատուն իրավունք ունի հողամասը տրամադրելու կառուցապատման իրավունքով միայն գրավառուի համաձայնությամբ:
Գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի կամ նրա լիազորած անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:
4. Գրավառուն իրավունք ունի օգտվելու իրեն հանձնված գրավի առարկայից միայն պայմանագրով նախատեսված դեպքերում` գրավատուի պահանջով հաշվետվություն ներկայացնելով դրա օգտագործման մասին: Գրավառուի վրա պայմանագրով կարող է դրվել հիփոթեքի առարկայից պտուղներ և եկամուտներ քաղելու պարտականություն` հիմնական պարտավորությունը մարելու նպատակով կամ ի շահ գրավատուի:
(238-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-220-Ն)
Հոդված 239. |
Գրավ դրված գույքի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի հետևանքները |
1. Գրավատուն կրում է գրավ դրված գույքի պատահական ոչնչացման, կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ գրավի մասին պայմանագրով:
2. Գրավառուն պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ, սույն օրենսգրքի 417 հոդվածին համապատասխան, կարող է ազատվել պատասխանատվությունից:
3. Գրավառուն գրավի առարկայի կորստի համար պատասխանատվություն է կրում դրա իրական արժեքի չափով, իսկ դրա վնասվածքի համար` այն գումարի չափով, որով այդ արժեքը պակասել է, անկախ այն բանից, թե գրավի առարկան գրավառուին հանձնվելիս ինչ գումարով է գնահատվել:
4. Եթե գրավառուին հանձնված գրավի առարկան վնասվածքի հետևանքով այնքան է փոխվել, որ չի կարող օգտագործվել իր ուղղակի նշանակությամբ, գրավատուն իրավունք ունի հրաժարվել դրանից և հատուցում պահանջել դրա կորստյան համար:
Պայմանագրով կարող է նախատեսվել գրավառուի պարտականությունը` գրավատուին հատուցել գրավի առարկայի կորստով կամ վնասվածքով պատճառված այլ վնասներ:
Գրավով ապահովված պարտավորության պարտապան գրավատուն իրավունք ունի գրավի առարկայի կորստի կամ վնասվածքի հետևանքով առաջացած վնասների հատուցումը հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար:
Գրավի առարկան փոխարինելը և վերականգնելը |
1. Գրավի առարկայի փոխարինում թույլատրվում է գրավառուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Եթե գրավի առարկան ոչնչացել կամ վնասվել է կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով, ապա գրավատուն պարտավոր է ողջամիտ ժամկետում վերականգնել գրավի առարկան կամ այն փոխարինել այլ հավասարարժեք գույքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 241. |
Գրավի առարկայի նկատմամբ գրավառուի իրավունքների պաշտպանությունը |
1. Գրավառուն, որի մոտ գտնվում է կամ պետք է գտնվեր գրավ դրված գույքը, իրավունք ունի այն հետ պահանջել ուրիշի, այդ թվում` գրավատուի ապօրինի տիրապետումից (274, 275 և 278 հոդվածներ):
2. Այն դեպքերում, երբ գրավառուին պայմանագրի պայմաններով իրավունք է վերապահված օգտվել իրեն հանձնված գրավի առարկայից, նա կարող է այլ անձանցից` ներառյալ գրավատուից, պահանջել իր իրավունքի բոլոր խախտումների վերացում, թեկուզև դրանք կապված չեն տիրապետումից զրկելու հետ (277 և 278 հոդվածներ):
Հոդված 242. |
Գրավի իրավունքի պահպանվելը գրավ դրված գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ուրիշ անձի անցնելիս |
1. Գրավ դրված գույքը հատուցմամբ կամ անհատույց օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանում է իր ուժը:
Գրավատուի իրավահաջորդը զբաղեցնում է գրավատուի տեղը և կրում նրա բոլոր պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ գրավառուի հետ համաձայնությամբ:
2. Եթե գրավի առարկա գույքն իրավահաջորդության կարգով անցել է մի քանի անձանց, իրավահաջորդներից (գույքը ձեռք բերողներից) յուրաքանչյուրը նշված գույքից իրեն անցած բաժնին համաչափ կրում է գրավով ապահովված պարտավորությունը չկատարելուց բխող հետևանքները: Եթե գրավի առարկան անբաժանելի է կամ այլ հիմքերով մնում է իրավահաջորդների ընդհանուր սեփականության ներքո, նրանք դառնում են համապարտ գրավատուներ:
Հոդված 243. |
Գրավ դրված գույքը հարկադրաբար վերցնելու և առգրավելու հետևանքները |
1. Այն դեպքերում, երբ գրավի առարկա գույքի նկատմամբ գրավատուի սեփականության իրավունքը դադարել է օրենքով սահմանված հիմքերով և կարգով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվելու, ռեկվիզիցիայի կամ ազգայնացման հետևանքով, ու գրավատուին տրվել է այլ գույք և (կամ) համապատասխան հատուցում, գրավի իրավունքը տարածվում է փոխարենը տրված գույքի վրա, կամ գրավառուն ձեռք է բերում գրավատուին հասանելիք հատուցման գումարից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք:
2. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից` բռնագանձում տարածելու միջոցով կամ բռնագրավվել է, գրավառուն այդ գույքի արժեքից իր պահանջը բավարարելու նախապատվության իրավունք ունի:
3. Այն դեպքում, երբ գրավի առարկա գույքն օրենքով սահմանված կարգով առգրավվել է գրավատուից այն հիմքով, որ իրականում այդ գույքի սեփականատերն ուրիշ անձ է, այդ գույքի նկատմամբ գրավը դադարում է:
4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը:
(243-րդ հոդվածը փոփ. 27.11.06 ՀՕ-187-Ն, 24.10.18 ՀՕ-408-Ն, 09.06.22 ՀՕ-180-Ն)
Հոդված 243.1. | Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար կիրառվող սահմանափակումները |
1. Գրավ դրված գույքի վրա գրավատուի՝ երրորդ անձանց նկատմամբ ունեցած այլ պարտավորությունների կատարման համար արգելադրում, սառեցում, կալանք, բռնագանձում, առգրավում կամ գույքի նկատմամբ ցանկացած այլ սահմանափակում (սույն հոդվածում այսուհետ՝ Սահմանափակում) չի կարող խոչընդոտ (արգելք) հանդիսանալ գրավի առարկայից առաջնային բավարարում ստանալու նախապատվության իրավունք ունեցող գրավառուի համար իրականացնելու սույն օրենսգրքով գրավառուին վերապահված բոլոր իրավունքները, այդ թվում՝ բռնագանձում տարածելու և իրացնելու գրավի առարկան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ օրենսգրքով:
2. Այն դեպքում, երբ գրավառուն, օգտվելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից, բռնագանձում է տարածում գրավի առարկայի վրա և իրացնում գրավի առարկան, ապա գրավի առարկայի նկատմամբ կիրառված բոլոր Սահմանափակումները գրավի առարկայի իրացման ժամանակ դադարում են օրենքի ուժով, և նոր սեփականատիրոջը գույքն անցնում է առանց Սահմանափակումների: Սահմանափակումներն օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) են գրավառուի պահանջները բավարարելուց հետո սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված մնացած դրամական միջոցների վրա։
Գրավառուն գրավի առարկայի իրացման ժամանակ դիմում է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնին օրենքի ուժով դադարած Սահմանափակումները գրանցումից (հաշվառումից) հանելու համար: Գրավառուի դիմումը հիմք է Սահմանափակումը գրանցող (հաշվառող) մարմնի համար Սահմանափակումը գրանցումից (հաշվառումից) հանելու համար:
3. Սույն հոդվածի համաձայն՝ գրավի առարկայի իրացման և գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած գումարը սույն օրենսգրքի 251 հոդվածի 1-ին մասով նախատեսված ծախսերը նվազեցնելուց հետո փոխանցվում է գրավատուի բանկային հաշվին: Այն դեպքում, երբ գրավատուն չունի բանկային հաշիվ, կամ գրավառուին հայտնի չեն գրավատուի բանկային հաշվի տվյալները, ապա գրավառուն օրենքի ուժով պարտավոր է գրավատուի համար անվճար բացել և վարել բանկային հաշիվ և այդ միջոցները փոխանցել բացված բանկային հաշվին: Այդ մասին գրավառուն ծանուցում է իրեն հայտնի մյուս պարտատերերին և Սահմանափակում կիրառած մարմնին: Ընդ որում, տվյալ բանկային հաշվին այլ միջոցներ, քան նախատեսված են սույն մասով, մուտքագրել չի թույլատրվում, և այդ հաշիվը ենթակա է փակման սույն մասով նախատեսված գումարը ելքագրվելուց հետո:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցները բանկային կամ դեպոզիտ հաշվին փոխանցելու պահից այդ միջոցների վրա օրենքի ուժով վերսկսում (վերականգնվում) է մինչև գրավի առարկայի իրացումը կիրառված Սահմանափակումը:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտավորությունները կատարելու անհնարինության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 366 հոդվածի դրույթները՝ սույն հոդվածի պահանջներին համապատասխան։
6. Եթե գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ապա նոր գրավառուն իրավասու է, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան՝ բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:
(243.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-187-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 244. |
Գրավի պայմանագրից բխող իրավունքները զիջելը |
1. Գրավառուն իրավունք ունի գրավի պայմանագրից բխող իր իրավունքները փոխանցել այլ անձի` պահպանելով պահանջը զիջելու միջոցով պարտատիրոջ իրավունքները փոխանցելու կանոնները (397-405 հոդվածներ):
2. Գրավառուի կողմից գրավի պայմանագրից բխող իր իրավունքներն այլ անձի զիջելը վավեր է, եթե նույն անձին զիջվել է գրավով ապահովված հիմնական պարտավորությամբ պարտապանի նկատմամբ պահանջի իրավունքը:
Հոդված 245. |
Գրավով ապահովված պարտավորությամբ պարտքը փոխանցելը |
Գրավով ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելիս գրավը դադարում է, եթե գրավատուն պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրելու նոր պարտապանի փոխարեն:
Հոդված 246. |
Գրավով ապահովված պարտավորությունը վաղաժամկետ կատարելը և գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը |
1. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, եթե`
1) գրավատուի մոտ թողնված գրավի առարկան պայմանագրի պայմանների խախտմամբ դուրս է եկել նրա տիրապետությունից.
2) գրավատուն խախտել է գրավի առարկան փոխարինելու կանոնները (հոդված 240).
3) գրավի առարկան կորել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար գրավառուն պատասխանատու չէ, իսկ գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից:
2. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, իսկ այդ պահանջը չբավարարվելու դեպքում` բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա, եթե`
1) դա նախատեսված է օրենքով.
2) գրավատուն չի կատարել սույն օրենսգրքի 237 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները.
3) գրավատուն խախտել է գրավ դրված գույքի օգտագործման և տնօրինման կանոնները (238 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր):
(246-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-110-Ն)
⚖Հոդված 247. |
Գրավը դադարելը |
1. Գրավը դադարում է`
1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով.
2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.
3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.
4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետևանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:
(247-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն, փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-297-Ն)
⚖Հոդված 248. |
Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու հիմքերը |
Գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
⚖Հոդված 249. |
Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը |
1. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`
1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`
2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
1.1. Այն դեպքում, երբ գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան՝ բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում՝ պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:
Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:
3. Սույն հոդվածով սահմանված պատշաճ ծանուցում կամ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին կամ պարտապանին պատշաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է սույն օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով:
4. Ֆինանսական գործարքների դեպքում գրավի բռնագանձման առանձնահատկությունները սահմանվում են 252.1-ին հոդվածով:
5. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումով ներկայացված շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածվում է նոտարի արձակած կարգադրության ուժով։
(249-րդ հոդվածը խմբ. 31.03.03 ՀՕ-521-Ն, 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-110-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն, 14.12.17 ՀՕ-319-Ն, խմբ. 13.11.19 ՀՕ-214-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-228-Ն)
(հոդվածի 19.07.16 ՍԴՈ-1294 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 13.11.2019 ՀՕ-214-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)
Հոդված 2491 . |
Գրավի առարկայի վրա դատական կարգով բռնագանձում տարածելը |
1. Սույն օրենսգրքի 249 հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:
Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու վերաբերյալ թույլտվությունը կամ համաձայնությունն առոչինչ է:
(2491 -ին հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)
⚖Հոդված 250. |
Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը) |
1. Գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ (բացառությամբ սույն օրենսգրքի 252.1-ին հոդվածով նախատեսված դեպքի) կարող է սահմանվել գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ:
2. Գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
3. Սույն հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերության և 2-րդ կետի կանոնները չեն կիրառվում հարկադիր կատարման ծառայության կողմից գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) նկատմամբ:
(250-րդ հոդվածը լրաց. 03.04.01 ՀՕ-164, խմբ. 31.03.03 ՀՕ-521-Ն, լրաց. 16.12.05 ՀՕ-13-Ն, 27.10.16 ՀՕ-190-Ն)
Գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարը բաշխելը |
1. Գրավ դրված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, բանկային հաշվի, դեպոզիտի (ավանդի), ինչպես նաև արժեթղթի իրացումից ստացված գումարից կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած համապատասխան գույքի արժեքից այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար ծախսերը վճարելու համար անհրաժեշտ գումարներ պահելուց հետո բավարարվում են գրավառուի` գրավով ապահովված պահանջները, իսկ մնացած գումարը սույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ: Գրավառուի` գրավով չապահովված պահանջները սույն կետով նախատեսված գումարից (արժեքից) բավարարվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:
2. Եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալու պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Ընդ որում, այդ գույքի նկատմամբ գրավառուն չի օգտվում գրավի վրա հիմնված նախապատվության իրավունքից:
3. Այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով համարվում է իրացված`
1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ
2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող մեկ տարվա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ մեկ տարվա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:
4. Քաղաքացի գրավատուի (բռնագանձված գույքի նախկին սեփականատիրոջ) կամ նրա իրավահաջորդի մասնակցությամբ քաղաքացիական, քրեական, սնանկության կամ վարչական գործի շրջանակներում բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցած համապատասխան գույքի վրա արգելանք դրվելու դեպքում սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված մեկ տարվա ժամկետի ընթացքը կասեցվում է արգելանքի տակ գտնվելու ամբողջ ժամկետով:
5. Բանկը (վարկային կազմակերպությունը) և քաղաքացի գրավատուն կարող են համաձայնվել, որ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրավ դրված գույքը սույն հոդվածի իմաստով իրացված համարվի այն բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրը` այդ օրվա դրությամբ անկախ գնահատողի կողմից որոշված շուկայական գնով: Սույն կետով նախատեսված համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:
6. Գրավառուի կողմից սույն գլխով սահմանված կարգով գրավի առարկան ի սեփականություն վերցնելու օրվանից գրավով ապահովված պարտավորության մարված չափի նկատմամբ որևէ տոկոս կամ տուժանք չի կիրառվում:
7. Քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ նրա նշած անձին ի սեփականություն անցնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, ապա գրավի առարկայի ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, իսկ պարտավորությունը լրիվ չմարվելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:
8. Գրավի առարկայի իրացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում՝ գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:
9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում պարտքի մնացորդի նկատմամբ տուժանք և սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ չեն հաշվարկվում մինչև խախտման վերացումը:
(251-րդ հոդվածը խմբ. 23.06.11 ՀՕ-233-Ն, 17.12.14 ՀՕ-264-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն, խմբ. 27.10.16 ՀՕ-190-Ն, փոփ., լրաց. 14.12.17 ՀՕ-319-Ն, փոփ. 22.03.23 ՀՕ-121-Ն)
(22.03.23 ՀՕ-121-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 252. |
Գրավ դրված գույքի վրա բռնագանձման և դրա իրացման դադարեցումը |
1. Պարտապանը կամ երրորդ անձ հանդիսացող գրավատուն իրավունք ունի, մինչև գրավի առարկան վաճառելը, ցանկացած ժամանակ դադարեցնել դրա վրա բռնագանձումը և դրա իրացումը` կատարելով գրավով ապահովված պարտավորությունը կամ դրա այն մասը, որի կատարումը կետանցվել է:
Այդ իրավունքը սահմանափակող համաձայնությունն առոչինչ է:
2. Անձը, որը պահանջում է դադարեցնել գրավ դրված գույքի բռնագանձումը կամ դրա իրացումը, պարտավոր է գրավառուին հատուցել այդ գույքի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու կապակցությամբ կրած ծախսերը:
Հոդված 252.1. | Գրավի առանձնահատկությունները ֆինանսական գործարքների դեպքում |
1. Սույն գլխով նախատեսված դրույթները կիրառվում են ֆինանսական գործարքներից բխող պարտավորության գրավի հետ կապված հարաբերությունների վրա, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ:
2. Սույն հոդվածի իմաստով ֆինանսական գործարքներ են համարվում՝
1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքները.
2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած պահանջները բավարարող գլխավոր համաձայնագրերի շրջանակներում կնքված գործարքները:
3. Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ածանցյալ ֆինանսական գործիքներից կամ գլխավոր համաձայնագրերի շրջանակում կնքված գործարքներից բխող պարտավորություն, գրավատուն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պայմանագրային ներդրումային ֆոնդ է, և գրավի առարկան ֆինանսական գործարքներին բնորոշ արժեթուղթ է կամ դրամական միջոց, ապա գրավով ապահովված այդ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն բռնագանձման ծանուցում է ուղարկում գրավատուին (պարտապանին):
Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրով ավելի երկար ժամկետ չեն նախատեսել, բռնագանձման ծանուցումը պարտապանին (գրավատուին) ուղարկելուց անմիջապես հետո գրավառուն իրավունք ունի սույն օրենսգրքի ուժով գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան կամ վերցնելու ի սեփականություն՝ համաձայն գրավի պայմանագրի:
4. Այն դեպքում, երբ գրավով ապահովվում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքներից կամ գլխավոր համաձայնագրերի շրջանակում կնքված գործարքներից բխող պարտավորություն, գրավատուն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պայմանագրային ներդրումային ֆոնդ է, և գրավի առարկան ֆինանսական գործարքներին բնորոշ արժեթուղթ է կամ դրամական միջոց, ապա՝
1) գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) այլ կարգ կարող է սահմանվել նաև հասարակ գրավոր ձևով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ.
2) հասարակ գրավոր ձևով կնքված գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ կարող է գրավառուին իրավունք վերապահվել գրավի գործողության ժամկետի ընթացքում ցանկացած պահի դադարեցնելու գրավը և որպես սեփականություն ձեռք բերելու գրավադրված գույքը՝ այն որպես իր պարտավորությունների ապահովման միջոց օգտագործելու նպատակով (rehypothecation): Սկսած այն պահից, երբ գրավառուն օգտվում է նշված իրավունքից, գրավատուն գրավառուի նկատմամբ ձեռք է բերում գրավի առարկայի վերադարձման կամ վերջինիս արժեքի չափով պահանջի իրավունք, որն իրավասու է իրացնելու իր պարտավորության մարման օրը, եթե այլ բան նախատեսված չէ համապատասխան գրավի պայմանագրով կամ համաձայնությամբ։
(252.1-ին հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն)
Հոդված 253. |
Գրավի տեսակները |
Գրավի տեսակներն են`
1) գրավականը.
2) գրավատուն հանձնված գույքի գրավը.
3) իրավունքների գրավը.
4) դրամական միջոցների գրավը.
5) կոշտ գրավը.
6) շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավը.
7) հիփոթեքը:
Հոդված 254. |
Գրավական |
Գրավական է համարվում այն գրավը, որի առարկան անցնում է գրավառուի տիրապետմանը:
Հոդված 255. |
Գրավատուն հանձնված գույքի գրավ |
1. Անձնական օգտագործման շարժական գույքը քաղաքացիներից գրավ ընդունելը` ի ապահովումն կարճաժամկետ վարկերի, որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում են դրա համար թույլտվություն (լիցենզիա) ունեցող մասնագիտացված կազմակերպությունները` գրավատները:
2. Գրավատանը պահվող գույքի գրավի պայմանագիրը ձևակերպվում է գրավատան կողմից գրավատոմս տալու միջոցով:
3. Գրավ դրվող գույքը հանձնվում է գրավատուն:
4. Գրավատունը պարտավոր է, հօգուտ գրավատուի, իր հաշվին ապահովագրել գրավ ընդունած գույքը դրա արժեքի լրիվ գումարով` գրավն ընդունելու պահին տվյալ տեսակի և որակի գույքի շուկայական գնին համապատասխան:
5. Գրավատունն իրավունք չունի օգտագործել և տնօրինել գրավ դրված գույքը:
6. Գրավատունը պատասխանատվություն է կրում գրավ դրված գույքի կորստի և վնասվածքի համար:
7. Գրավով ապահովված վարկի գումարը սահմանված ժամկետում չվերադարձնելու դեպքում գրավատունն իրավունք ունի այդ գույքն իրացնել (վաճառել) հրապարակային սակարկություններով: Դրանից հետո գրավատուի (պարտապանի) նկատմամբ գրավատան պահանջները մարվում են, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է դրանք լրիվ բավարարելու համար:
8. Գրավատների կողմից քաղաքացիներին պատկանող գույքի գրավով նրանց վարկավորման կանոնները սահմանվում են օրենքով:
9. Գրավատանը դրված գույքի գրավի պայմանագրի պայմանները, որոնք սահմանափակում են գրավատուի իրավունքները սույն օրենսգրքով և այլ օրենքներով նրան վերապահված իրավունքների համեմատությամբ, առոչինչ են:
Հոդված 256. |
Իրավունքի գրավը |
1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկան օտարման ենթակա իրավունքն է, այդ թվում՝ տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում կամ արտադրական կոոպերատիվի փայահավաք կապիտալում մասնակցության իրավունքը, պահանջի և այլ օտարման ենթակա իրավունքները:
Ընդերքօգտագործման իրավունքի գրավի իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:
2. Ժամկետով տրված իրավունքը գրավի առարկա կարող է լինել միայն մինչև դրա գործողության ժամկետի ավարտը:
3. Պետական գրանցման ենթակա իրավունքի գրավը վավեր է դրա պետական գրանցման պահից:
4. Փաստաթղթային արժեթղթով հավաստված իրավունքի գրավի դեպքում արժեթուղթը հանձնվում է գրավառուին կամ բանկի կամ նոտարի դեպոզիտ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(256-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 17.06.16 ՀՕ-110-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-400-Ն)
Հոդված 257. |
Դրամական միջոցների գրավ |
Գրավի առարկա դրամական միջոցները պահվում են բանկի կամ նոտարի դեպոզիտային հաշվում: Այդ գումարի վրա հաշվեգրվող տոկոսները պատկանում են գրավատուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված արժեթղթերի մարման դեպքում գրավի առարկա են դառնում մարման արդյունքում գոյացած դրամական միջոցները:
(257-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-79-Ն)
Հոդված 258. |
Կոշտ գրավ |
Կոշտ գրավ է համարվում այն գրավը, որի առարկան թողնվում է գրավատուի մոտ` գրավառուի փականքի տակ կամ գրավի մասին վկայող նշաններով, ինչպես նաև գրավատուի մոտ թողնված գրավի առարկան կամ որի նկատմամբ գրավի իրավունքը գրանցված է օրենքով սահմանված կարգով:
(258-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն)
Հոդված 259. |
Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ |
1. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավ է համարվում գրավատուի մոտ թողնված ապրանքների գրավը` գրավատուին իրավունք վերապահելով փոխել գրավ դրված գույքի (ապրանքային պաշարների, հումքի, նյութերի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի և այլն) կազմը և բնական ձևը, պայմանով, որ դրանց ընդհանուր արժեքը չնվազի գրավի մասին պայմանագրում նշվածից:
Շրջանառության մեջ գտնվող գրավ դրված ապրանքների արժեքի նվազեցումը թույլատրվում է գրավով ապահովված պարտավորության կատարված մասին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գրավատուի կողմից օտարված` շրջանառության մեջ գտնվող ապրանքները ձեռք բերողի սեփականությանն անցնելու պահից դադարում են գրավի առարկա լինել, իսկ գրավի պայմանագրում նշված գրավատուի ձեռք բերված ապրանքները դառնում են գրավի առարկա` գրավատուի մոտ դրանց նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից:
3. Շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավատուն պարտավոր է վարել գրավների գրառման գիրք, որի մեջ գրառումներ են կատարվում վերջին գործառնության օրվա դրությամբ ապրանքների գրավի պայմանների և գրավ դրված ապրանքների կազմը կամ բնական ձևը փոփոխող բոլոր գործառնությունների մասին` ներառյալ դրանց վերամշակումը, եթե գրավատուի գործունեության նկատմամբ հսկողության այլ պայմաններ նախատեսված չեն պայմանագրով:
4. Գրավատուի կողմից շրջանառության մեջ գտնվող ապրանքների գրավի պայմանները խախտելիս գրավառուն իրավունք ունի գրավ դրված ապրանքների վրա իր նշանները դնելու միջոցով կասեցնել դրանց հետ կատարվող գործառնությունները մինչև խախտման վերացումը:
§ 2. ՀԻՓՈԹԵՔ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԻՓՈԹԵՔԻ ՄԱՍԻՆ
Հոդված 260.
Հիփոթեքի հասկացությունը
Հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի գրավը:
(260-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն, 25.05.22 ՀՕ-136-Ն)
Հոդված 261. |
Հիփոթեքի պայմանագիր |
Հիփոթեքի պայմանագրով մի կողմը` գրավառուն, որը հիփոթեքով ապահովված վարկային պայմանագրով կամ այլ պարտավորությամբ (հիմնական պարտավորությամբ) պարտատերն է, այդ պարտավորությամբ գրավ դրված գույքի արժեքից գրավատուի մյուս պարտատերերի հանդեպ իր դրամական պահանջները բավարարելու նախապատվության իրավունք ունի:
Հոդված 262. |
Հիփոթեքի պայմանագրի բովանդակությունը |
1. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշված լինեն կողմերի անունները (անվանումները) և բնակության վայրերը (գտնվելու վայրերը), հիփոթեքի առարկան, հիփոթեքով ապահովված պարտավորության էությունը, չափը և կատարման ժամկետը: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրում գրավառուի անվան (անվանման) և բնակության (գտնվելու) վայրի փոխարեն նշվում է, որ գրավառու է հանդիսանում արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) նշված արժեթղթի սեփականատերը (անվանատերը):
2. Հիփոթեքի առարկան որոշվում է պայմանագրում դրա անվանման, գտնվելու վայրի նշումով և այդ առարկայի նույնացման համար բավարար նկարագրությամբ:
Եթե հիփոթեքի առարկան գրավատուին պատկանող իրավունքն է, ապա պայմանագրում պետք է նկարագրվի այդ իրավունքի ծագման հիմքը, ինչպես նաև անշարժ գույքը, որին վերաբերում է այդ իրավունքը և այդ իրավունքը գրանցած պետական մարմինը:
3. Հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն հիփոթեքով ապահովված պարտավորությունը, դրա գումարը, ծագման հիմքերը և դրա կատարման ժամկետը:
Եթե պարտավորությունը հիմնված է որևէ պայմանագրի վրա, ապա պետք է նշվեն պայմանագրի կողմերը, կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Եթե հիփոթեքով ապահովված պարտավորության գումարը որոշվելու է ապագայում, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն այն որոշելու կարգը և մյուս անհրաժեշտ պայմանները:
4. Եթե հիփոթեքով ապահովված պարտավորությունը պետք է կատարվի մաս առ մաս, ապա հիփոթեքի պայմանագրում պետք է նշվեն համապատասխան վճարների ժամկետները կամ պարբերականությունը, դրանց չափերը կամ այդ չափերը որոշելու համար անհրաժեշտ պայմանները:
5. Հողամաս ձեռք բերելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում՝ նոր ձեռք բերվող հողամասի գրավով:
(262-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
Հոդված 263. |
Հիփոթեքի պայմանագրի ձևը |
1. Հիփոթեքի պայմանագիրը կարող է լինել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ:
2. Կողմերը կարող են կնքել մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող հիփոթեքի պայմանագիր: Նման պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են հիփոթեքի պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ հիփոթեքի պայմանագրի էությունից:
3. Հիփոթեքի պայմանագիրը պետք է կնքվի գրավոր` գրավատուի և գրավառուի, ինչպես նաև պարտապանի, եթե գրավատուն պարտապանը չէ, իսկ եթե նման պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է երեք և ավելի կողմերի համաձայնեցված կամքի արտահայտությունը, ապա մյուս կողմերի ստորագրությամբ` մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը կարող է կնքվել փաստաթղթի փոխանակմամբ:
4. Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:
(263-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
Հոդված 264. |
Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը |
1. Հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքը ենթակա է գրանցման:
1.1. Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (առաջին) պետական գրանցումը պետք է իրականացվի ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված հանդիսացող հիփոթեքի պայմանագրի հիման վրա: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման պահից հիփոթեքի պայմանագրով գրավի իրավունքների (հետագա) պետական գրանցումը պետք է իրականացվի արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանից (ռեեստրից) տրված քաղվածքի հիման վրա: Ընդ որում, ազդագրի հիման վրա թողարկված հիփոթեքով ապահովված արժեթղթերի սեփականատերերի փոփոխության յուրաքանչյուր դեպքում նոր գրավառուի իրավունքները համարվում են պետական գրանցում ստացած՝ արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքն արժեթղթերի նկատմամբ իրավունքների գրառում կատարող անձի կողմից վարվող գրանցամատյանում (ռեեստրում) գրանցելու պահից:
2. Հիփոթեքի պայմանագրի պետական գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
(264-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
2. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՀԻՓՈԹԵՔ
Հոդված 265. |
Հողամասի հիփոթեքի սահմանափակումները |
1. Հիփոթեքի պայմանագրով կարող են գրավ դրվել միայն քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը: Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաև այդ հողամասում գտնվող կամ կառուցվող` գրավատուի շենքերի և շինությունների վրա:
2. Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության դեպքում հիփոթեք կարող է սահմանվել քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատկանող այն հողամասի նկատմամբ, որը՝
1) բնեղենով առանձնացված է ընդհանուր սեփականության ներքո գտնվող հողամասից՝ որպես առանձին գույք, և դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով կամ
2) հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն, որի դեպքում հիփոթեքը տարածվում է գրավատուին սեփականության իրավունքով պատկանող և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով գրանցված՝ հողամասի սեփականության իրավունքում բնեղենով առանձնացված բաժնի վրա:
(265-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 25.05.22 ՀՕ-136-Ն)
Հոդված 266. |
Հողամասի հիփոթեքը, որի վրա գտնվում են գրավատուի շենքերը կամ շինությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 267. |
Գրավ դրված հողամասում գրավատուի կողմից շենքեր և շինություններ կառուցելը |
Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցելու շենքեր և շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի և շինությունների վրա ևս տարածվում է գրավի իրավունքը` օրենքի ուժով:
(267-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 267.1 |
Կառուցապատման իրավունքի հիփոթեքը |
Կառուցապատման իրավունքի հիփոթեքի դեպքում գրավատուն իրավունք ունի իրականացնելու կառուցապատման իր իրավունքը:
(2671-ին հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 268. |
Այն հողամասի հիփոթեքը, որի վրա կան երրորդ անձանց իրավունքներ |
1. Եթե հիփոթեքը սահմանվել է այն հողամասի նկատմամբ, որը ծանրաբեռնված է այլ անձի կառուցապատման իրավունքով, ապա կառուցապատման իրավունք ունեցող անձը պահպանում է օրենքով կամ պայմանագրով սահմանված կառուցապատման իր իրավունքները և պարտավորությունները նույն ծավալներով և ժամկետով:
2. Հողամասի վրա բռնագանձում տարածելու և այն իրացնելու դեպքում հողամասը ձեռք բերողին, իրավունքներից բացի, անցնում են այն պարտականությունները, որոնք կառուցապատողի հանդեպ ուներ գրավատուն:
3. Եթե հիփոթեք սահմանվում է այն հողամասի նկատմամբ, որի վրա կառուցվող շենքերը և շինությունները ծանրաբեռնված են կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքով, ապա կառուցվող անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունք ունեցող անձը պահպանում է իր իրավունքները պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:
4. Հողամասի, ինչպես նաև դրա վրա կառուցվող կամ կառուցված շենքերի և շինությունների վրա բռնագանձում տարածելու և իրացնելու դեպքում հողամասը, ինչպես նաև շենքերը և շինությունները ձեռք բերողին անցնելիս իրավունքներից բացի, անցնում են նաև կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունք ունեցող անձի իրավունքներով ծանրաբեռնումները:
(268-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն, լրաց., փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն)
3. ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ), ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՓՈԹԵՔ
Հոդված 269. |
Ընդհանուր դրույթներ բնակելի տների (բնակարանների), շենքերի և շինությունների հիփոթեքի մասին |
1. Պետության կամ համայնքների սեփականությանը պատկանող բազմաբնակարան և անհատական բնակելի տների ու բնակարանների հիփոթեք չի թույլատրվում:
2. Հյուրանոցները, հանրակացարանները, հանգստյան տները, ամառանոցները, այգետնակները և մշտական բնակության համար չնախատեսված այլ շենքերն ու շինությունները կարող են հիփոթեքի առարկա լինել ընդհանուր հիմքերով:
Հոդված 270. |
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների կամ ոչ բնակելի տարածքների կամ բնակելի տների հիփոթեքը |
(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-136-Ն)
1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի և շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:
2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի դեպքում, մինչև սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումը, բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված շենքերի, շինությունների շինարարության ավարտի ակտի ձևակերպման և պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի կամ բնակելի տան և բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի և բաժնի մասի վրա:
4. (կետն ուժը կորցրել է 15.12.05 ՀՕ-238-Ն)
(270-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն)
Հոդված 271. |
Կառուցվող բնակելի տների, շենքերի և շինությունների հիփոթեքը |
1. Բնակելի տունը, շենքը կամ շինությունը կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, այն արդիականացնելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում հողամասով, անավարտ շինարարությամբ և գրավատուին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:
2. Օգտագործման իրավունքով հողամասերում շենք կամ շինություն կառուցելու, վերակառուցելու համար վարկ տրամադրելիս հիփոթեքի պայմանագրում կարող է նախատեսվել պարտավորության ապահովում կառուցապատման իրավունքով և կառուցապատողին պատկանող շինարարության համար ձեռք բերված նյութերով ու սարքավորումներով:
(271-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 272. |
Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը |
1. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելը հիմք չէ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձանց վտարելու համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի:
2. Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց և այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) սեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը:
3. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում մինչև հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում հիփոթեքի պայմանագիր կնքելուց հետո կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա են վտարման սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(272-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Գ Լ ՈՒ Խ 16
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
⚖Հոդված 273. |
Սեփականության իրավունքը ճանաչելը |
Սեփականատերն իրավունք ունի պահանջել ճանաչելու իր սեփականության իրավունքը:
⚖Հոդված 274. |
Ուրիշի ապօրինի տիրապետումից իր գույքը հետ պահանջելու իրավունքը |
Սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից:
⚖Հոդված 275. |
Բարեխիղճ ձեռք բերողից իր գույքը հետ պահանջելու իրավունքը |
1. Եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
2. Եթե գույքն անհատույց է ձեռք բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից, ապա սեփականատերը բոլոր դեպքերում իրավունք ունի հետ պահանջել այդ գույքը:
3. Դրամական միջոցները, ինչպես նաև ըստ ներկայացնողի արժեթղթերը չեն կարող հետ պահանջվել բարեխիղճ ձեռք բերողից:
4. Սեփականատերը հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցներն իրավունք ունի հետ պահանջելու բարեխիղճ ձեռք բերողից օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնին իրազեկելու պահից մեկ տարվա ընթացքում:
(275-րդ հոդվածը լրաց. 16.09.09 ՀՕ-179-Ն)
Հոդված 276. |
Հաշվարկներ` ապօրինի տիրապետումից գույքը վերադարձնելիս |
1. Ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելիս սեփականատերն իրավունք ունի այն անձից, ով գիտեր կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին (անբարեխիղճ տիրապետող), պահանջել վերադարձնելու կամ հատուցելու նաև այն բոլոր եկամուտները, որոնք այդ անձն ստացել է կամ կարող էր ստանալ գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում, իսկ բարեխիղճ տիրապետողից` վերադարձնելու կամ հատուցելու այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ սկսած այն պահից, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր տիրապետման ապօրինի լինելու մասին կամ ծանուցում է ստացել գույքը վերադարձնելու մասին սեփականատիրոջ հայցով:
2. Ինչպես բարեխիղճ, այնպես էլ անբարեխիղճ տիրապետողն իր հերթին իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել գույքի վրա իրենց կատարած անհրաժեշտ ծախսերը` գույքից ստացված եկամուտները սեփականատիրոջը հասնելու պահից:
3. Բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի իրեն թողնել իր կատարած բարելավումները, եթե դրանք կարող են առանձնացվել առանց գույքին վնաս պատճառելու: Եթե բարելավումներն առանձնացնելն անհնար է, ապա բարեխիղճ տիրապետողն իրավունք ունի պահանջել հատուցելու գույքը բարելավելու համար իր կատարած ծախսերը, սակայն գույքի ավելացված արժեքից ոչ ավելի չափով:
Սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը տիրապետումից զրկելու հետ չկապված խախտումներից |
Սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ:
Հոդված 278. |
Սեփականատեր չհամարվող տիրապետողի իրավունքների պաշտպանությունը |
Սույն օրենսգրքի 274-277 հոդվածներով նախատեսված իրավունքները պատկանում են նաև այն անձին, ով թեև սեփականատեր չէ, սակայն գույքը տիրապետում է օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքով: Այդ անձն իր տիրապետման պաշտպանության իրավունք ունի նաև ընդդեմ սեփականատիրոջ:
Գ Լ ՈՒ Խ 17
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԱԴԱՐԵԼԸ
⚖Հոդված 279. |
Սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների դադարման հիմքերը |
1. Սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի` օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ առգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով`
1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (հոդված 281).
2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (հոդված 282).
3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հոդված 218).
4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (հոդված 284).
5) կատարվում է ռեկվիզիցիա (հոդված 285).
6) կատարվում է բռնագրավում (հոդված 288).
7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (63 և 67 հոդվածներ).
8) գույքն օտարվում է` սույն օրենսգրքի 197 հոդվածի 4-րդ կետով, 208 և 220 հոդվածներով նախատեսված դեպքերում.
9) կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում:
3. Պետության սեփականությանը պատկանող գույքն օտարվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց` մասնավորեցման (ապապետականացման) մասին օրենքներով սահմանված կարգով:
4. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությանը պատկանող գույքի պետականացումը (ազգայնացումը) կատարվում է օրենքի հիման վրա, այդ գույքի արժեքի ու մյուս վնասների հատուցմամբ` սույն օրենսգրքի 286 հոդվածով սահմանված կարգով:
5. Գույքային իրավունքները դադարում են սույն օրենսգրքի 217, 217.7 և 247 հոդվածներով, ինչպես նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
(279-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-70-Ն, խմբ. 24.10.18 ՀՕ-408-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-248-Ն)
⚖Հոդված 280. |
Սեփականության իրավունքից հրաժարվելը |
1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, իսկ սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում` գույքը հետ չպահանջելով: Սույն օրենսգրքի 275 հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում դրանք ներմուծելու պահից մեկ տարի լրանալը հիմք է սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:
2. Սեփականության իրավունքից հրաժարվելը հիմք չէ գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքները և պարտականությունները դադարելու համար, մինչև այլ անձի կողմից այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
(280-րդ հոդվածը լրաց. 16.09.09 ՀՕ-179-Ն)
Հոդված 281. |
Սեփականատիրոջ պարտավորություններով գույքի վրա բռնագանձում տարածելը |
1. Սեփականատիրոջ պարտավորություններով նրան պատկանող գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով գույքը կարող է առգրավվել դատարանի վճռի հիման վրա, եթե բռնագանձում տարածելու այլ կարգ նախատեսված չէ պայմանագրով:
2. Գույքի նկատմամբ, որի վրա բռնագանձում է տարածվել, սեփականատիրոջ իրավունքը դադարում է այդ գույքի նկատմամբ այն անձի սեփականության իրավունքի ծագման պահից, ում անցնում է տվյալ գույքը:
Հոդված 282. |
Անձի սեփականության իրավունքը դադարելն այն գույքի նկատմամբ, որը չի կարող նրան պատկանել |
1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որը սեփականության իրավունքի ծագման պահին օրենքի ուժով չէր կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
1.1. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցած գույքը դրա նկատմամբ սեփականության իրավունքը ծագելուց հետո առաջացած փաստական հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, ապա սեփականատերն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
2. Այն դեպքերում, երբ սեփականատերը սույն հոդվածի 1-ին կամ 1.1-ին կետում նշված ժամկետում գույքը չի օտարում, ապա նման գույքը` դրա բնույթի և նշանակության հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով վաճառվում է հարկադիր կարգով, և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը: Այդ դեպքում հանվում են գույքն օտարելու ծախսերը:
3. Եթե օրենքով թույլատրվող հիմքերով քաղաքացու կամ իրավաբանական անձի մոտ հայտնվել է այնպիսի գույք, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն, և որն ստանալու համար սեփականատիրոջ խնդրանքը մերժվել է, այդ գույքն օտարվում է այն գույքի համար սահմանված կարգով, որը չի կարող պատկանել տվյալ սեփականատիրոջը:
(282-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 16.01.18 ՀՕ-74-Ն)
Հոդված 283. |
Հողամասը վերցնելու կապակցությամբ դրա վրա գտնվող անշարժ գույքն օտարելը |
(հոդվածն ուժը կորցրել է 27.11.06 ՀՕ-187-Ն)
Հոդված 284. |
Անտնտեսվար պահվող մշակութային արժեքները վերցնելը |
1. Այն դեպքերում, երբ օրենքի համաձայն` առանձնապես արժեքավոր և պետության կողմից պահպանվող մշակութային արժեքների սեփականատերը դրանք պահում է անտնտեսվար, ինչը սպառնում է դրանց նշանակության կորստին, նման արժեքները դատարանի վճռով կարող են վերցվել սեփականատիրոջից` պետության կողմից դրանց գինը հատուցելու միջոցով:
2. Մշակութային արժեքները վերցնելիս սեփականատիրոջը դրանց արժեքը հատուցվում է կողմերի համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանի սահմանած չափով:
Հոդված 285. |
Ռեկվիզիցիա |
1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների դեպքերում և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքներում գույքը կարող է օրենքով սահմանված պայմաններում ու կարգով, պետական մարմինների որոշմամբ, վերցվել սեփականատիրոջից` ի շահ հասարակության` դրա արժեքը վճարելու պայմանով (ռեկվիզիցիա):
2. Սեփականատերը կարող է դատարանում վիճարկել հարկադրաբար վերցված գույքի հատուցման արժեքի չափը:
3. Անձը, ում գույքը հարկադրաբար վերցվել է, իրավունք ունի պահանջել, որ իրեն վերադարձվի պահպանված գույքը, եթե վերացել են այն հանգամանքները, որոնց կապակցությամբ կատարվել է ռեկվիզիցիա:
Հոդված 286. |
Օրենքի ուժով սեփականության իրավունքը դադարելու հետևանքները |
Հայաստանի Հանրապետության կողմից սեփականության իրավունքը դադարեցնող օրենքն ընդունելու դեպքում դրա հետևանքով սեփականատիրոջը պատճառված վնասները, այդ թվում` գույքի արժեքը, հատուցում է պետությունը: Վնասների հատուցման մասին վեճերը լուծում է դատարանը:
Հոդված 287. |
Գույքի գնահատումը սեփականության իրավունքը դադարելիս |
Սեփականության իրավունքը դադարելիս գույքը գնահատվում է դրա շուկայական արժեքով:
Հոդված 288. |
Բռնագրավումը |
(վերնագիրը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
1. Օրենքով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջից կարող է անհատույց վերցվել դատավճռով` որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք, այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտ և այլ տեսակի օգուտ, հանցագործության համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիք և միջոց, հանցագործության առարկա: Օրենքով նախատեսված դեպքերում գույքը սեփականատիրոջից կարող է անհատույց վերցվել նաև դատարանի վճռի հիման վրա:
(288-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-119-Ն)
Հոդված 288.1. | Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը |
1. Ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է դատարանի վճռով՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
(288.1-ին հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-248-Ն)
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԳՈՐԾԱՐՔՆԵՐ: ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ: ԺԱՄԿԵՏՆԵՐ: ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ։ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
Գ Լ ՈՒ Խ 18
ԳՈՐԾԱՐՔՆԵՐ
§ 1. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ
⚖Հոդված 289. | Գործարքի հասկացությունը |
Գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
⚖Հոդված 290. | Գործարքների տեսակները |
1. Գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:
2. Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
3. Օրենքին, այլ իրավական ակտերին կամ կողմերի համաձայնությանը համապատասխան միակողմ գործարք կնքելու համար անհրաժեշտ և բավարար է մեկ կողմի կամքի արտահայտությունը:
⚖Հոդված 291. | Միակողմ գործարքով պարտականությունները |
Միակողմ գործարքը պարտականություններ է ստեղծում գործարքը կնքած անձի համար: Այն կարող է այլ անձանց համար պարտականություններ ստեղծել միայն օրենքով կամ այդ անձանց հետ համաձայնությամբ նախատեսված դեպքերում:
⚖Հոդված 292. | Միակողմ գործարքների իրավական կարգավորումը |
Միակողմ գործարքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են պարտավորությունների և պայմանագրերի մասին ընդհանուր դրույթները, եթե դրանք չեն հակասում օրենքին, գործարքի միակողմանի բնույթին և էությանը:
⚖Հոդված 293. | Պայմանով կնքված գործարքներ |
1. Գործարքը համարվում է հետաձգող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների ծագումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:
2. Գործարքը համարվում է վերացնող պայմանով կնքված, եթե կողմերն իրավունքների և պարտականությունների դադարումը կախման մեջ են դրել մի հանգամանքից, որը հայտնի չէ` կիրականանա՞, թե՞ ոչ:
3. Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն արգելք է հանդիսացել այն կողմը, ում ձեռնտու չէ պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է իրականացված:
4. Եթե պայմանի իրականացմանն անբարեխղճորեն նպաստել է այն կողմը, ում ձեռնտու է պայմանի իրականացումը, ապա պայմանը ճանաչվում է չիրականացված:
⚖Հոդված 294. | Գործարքների ձևերը |
1. Գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:
2. Գործարքը, որը կարող է կնքվել բանավոր, համարվում է կնքված նաև այն դեպքում, եթե անձի վարքից ակնհայտ է գործարք կնքելու նրա կամքը:
3. Օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:
Հոդված 295. | Բանավոր գործարք |
1. Գործարքը, որի համար օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձև, կարող է կնքվել բանավոր:
2. Բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
3. Գրավոր պայմանագրի կատարմանն ուղղված գործարքները կարող են կողմերի համաձայնությամբ կնքվել բանավոր, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:
⚖Հոդված 296. | Գրավոր գործարք |
1. Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել սույն օրենսգրքի 450 հոդվածի 3-4-րդ կետերով նախատեսված եղանակներով:
2. Օրենքով, այլ իրավական ակտերով և կողմերի համաձայնությամբ կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է համապատասխանի գործարքի ձևը (որոշակի ձևաթղթի վրա կնքելը և այլն), և կարող են նախատեսվել այդ պահանջները չպահպանելու հետևանքներ: Եթե նման հետևանքներ նախատեսված չեն, ապա կիրառվում են գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները (298 հոդվածի 1-ին կետ):
3. Գործարքներ կնքելիս ստորագրությունների մեխանիկական և պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրությունների, էլեկտրոնային թվային ստորագրության կամ իր ստորագրության այլ նմանօրինակի օգտագործում թույլատրվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
4. Եթե քաղաքացին ֆիզիկական արատի, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող իր ձեռքով ստորագրել, ապա նրա խնդրանքով գործարքը կարող է ստորագրել այլ քաղաքացի: Վերջինիս ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող այլ պաշտոնատար անձը` նշելով այն պատճառները, որոնց ուժով գործարք կնքողը չի կարողացել այն ստորագրել:
(296-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-398-Ն, 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 297. | Հասարակ գրավոր ձևով կնքվող գործարքներ |
1. Բացառությամբ նոտարական վավերացում պահանջող գործարքների, հասարակ գրավոր ձևով պետք է կնքվեն`
1) իրավաբանական անձանց` միմյանց միջև և քաղաքացիների հետ գործարքները.
2) քաղաքացիների միջև աշխատավարձի սահմանված նվազագույն չափի քսանապատիկ գումարը գերազանցող, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անկախ գումարի չափից, գործարքները:
2. Հասարակ գրավոր ձևը չի պահանջվում այն գործարքների համար, որոնք, սույն օրենսգրքի 295 հոդվածի համաձայն, կարող են կնքվել բանավոր:
⚖Հոդված 298. | Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու հետևանքները |
1. Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
2. Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
3. Արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:
Հոդված 299. | Նոտարի կողմից վավերացված գործարքներ |
1. Գործարքների նոտարական վավերացումը կատարվում է սույն օրենսգրքի 296 հոդվածի պահանջներին համապատասխանող փաստաթղթի վրա նոտարի կամ նոտարական գործողության կատարման իրավունք ունեցող պաշտոնատար անձի կողմից վավերացնող մակագրությամբ:
2. Գործարքի նոտարական վավերացման կարգը սահմանվում է նոտարիատի մասին օրենքով:
3. Գործարքների նոտարական վավերացումը պարտադիր է`
1) սույն օրենսգրքում նշված դեպքերում.
2) կողմերից որևէ մեկի պահանջով, թեկուզև օրենքով տվյալ տեսակի գործարքների համար այդ ձևը չի պահանջվում:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված նոտարական վավերացման պահանջը չի տարածվում սույն օրենսգրքի 204.1, 213, 225, 263, 562, 572, 610, 654, 662, 682, 686 կամ 959 հոդվածներով նախատեսված, ինչպես նաև անշարժ գույքով ապահովված վարկերի խմբային փոխանցման պայմանագրերի վրա, անշարժ գույքի միավորման կամ բաժանման մասին պայմանագրերի վրա, եթե դրանց բոլոր պայմանները շարադրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, չեն պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրերում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
Սույն կետով նախատեսված պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմանների համապատասխանությունը հաստատվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
(299-րդ հոդվածը լրաց. 23.06.11 ՀՕ-248-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-70-Ն, 18.06.20 ՀՕ-316-Ն, 22.11.23 ՀՕ-384-Ն)
Հոդված 300. | Գործարքի նոտարական ձևը չպահպանելու հետևանքները |
1. Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
2. Եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
3. Գործարքի նոտարական վավերացումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գործարքը կնքելու ուշացման հետ կապված վնասները:
Հոդված 301. | Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը |
1. Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
2. Շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
3. Պետական գրանցման կարգը և գրանցումից հրաժարվելու հիմքերը սահմանվում են օրենքով:
(301-րդ հոդվածը փոփ. 08.04.10 ՀՕ-40-Ն)
Հոդված 302. | Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջները չպահպանելու հետևանքները |
1. Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
2. Եթե գործարքը կնքվել է պատշաճ ձևով, իսկ կողմերից մեկը հրաժարվում է գործարքից ծագող իրավունքների գրանցումից, դատարանն իրավունք ունի մյուս կողմի պահանջով վճիռ կայացնել այդ իրավունքների գրանցման մասին: Այդ դեպքում գործարքից ծագող իրավունքները գրանցվում են դատարանի վճռի հիման վրա:
3. Գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումից անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի գրանցման ուշացման հետ կապված վնասները:
§ 2. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
⚖Հոդված 303. | Վիճահարույց և առոչինչ գործարքներ |
1. Գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
2. Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել սույն օրենսգրքում նշված անձինք:
3. Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետևանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
⚖Հոդված 304.
Ընդհանուր դրույթներ գործարքի անվավերության հետևանքների մասին
1. Անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
2. Գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:
3. Եթե վիճահարույց գործարքի բովանդակությունից բխում է, որ այն կարող է դադարել միայն ապագայում, ապա դատարանը, գործարքը ճանաչելով անվավեր, դադարեցնում է դրա գործողությունն ապագայում:
⚖Հոդված 305. | Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի անվավերությունը |
Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:
⚖Հոդված 306. | Կեղծ և շինծու գործարքների անվավերությունը |
1. Կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
2. Շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Հոդված 307. | Անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը |
1. Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքն առոչինչ է:
Այդպիսի գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին բնեղենով վերադարձնել ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` դրամով հատուցել դրա արժեքը:
Գործունակ կողմը, բացի դրանից, պարտավոր է մյուս կողմին հատուցել նրա կրած իրական վնասը, եթե գիտեր կամ պետք է իմանար մյուս կողմի անգործունակության մասին:
2. Հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված քաղաքացու շահերից ելնելով` նրա կնքած գործարքը խնամակալի պահանջով դատարանը կարող է վավեր ճանաչել, եթե այն կնքվել է ի շահ այդ քաղաքացու:
Հոդված 308. | Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը |
1. Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու` առանց հոգաբարձուի համաձայնության կնքած` գույքի տնօրինման գործարքը դատարանը կարող է հոգաբարձուի հայցով անվավեր ճանաչել:
Եթե նման գործարքը ճանաչվել է անվավեր, ապա համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:
2. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում կենցաղային մանր գործարքների վրա, որոնք սահմանափակ գործունակ քաղաքացին կարող է, սույն օրենսգրքի 32 հոդվածին համապատասխան, կնքել ինքնուրույն:
Հոդված 309. | Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կնքած գործարքի անվավերությունը |
1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) կնքած գործարքն առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերությունների կանոնները:
2. Փոքրահասակի շահերից ելնելով` նրա կնքած գործարքը ծնողների, որդեգրողների կամ խնամակալի պահանջով դատարանով կարող է ճանաչվել վավեր, եթե այն կնքվել է ի շահ փոքրահասակի:
3. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում փոքրահասակների կնքած կենցաղային մանր և այլ գործարքների վրա, որոնք նրանք իրավունք ունեն կնքել ինքնուրույն, սույն օրենսգրքի 29 հոդվածին համապատասխան:
Հոդված 310. | Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կնքած գործարքի անվավերությունը |
1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասի կողմից, առանց իր ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության կնքած գործարքը, այն դեպքերում, երբ նման համաձայնությունը պահանջվում է սույն օրենսգրքի 30 հոդվածի 1-ին կետին համապատասխան, դատարանով կարող է անվավեր ճանաչվել ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի հայցով:
Եթե նման գործարքն անվավեր է ճանաչվել, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:
2. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենսգրքի 24 հոդվածի կանոններին համապատասխան լրիվ գործունակ դարձած անչափահասների գործարքների վրա:
Հոդված 311. | Իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու անընդունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը |
1. Գործունակ, սակայն գործարքի կնքման պահին այնպիսի վիճակում գտնվող քաղաքացու կնքած գործարքը, երբ նա ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք, դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ քաղաքացու կամ այն անձանց հայցով, որոնց իրավունքները և օրենքով պաշտպանվող շահերը խախտվել են այդ գործարքը կնքելու հետևանքով:
2. Հետագայում անգործունակ ճանաչված քաղաքացու կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել նրա խնամակալի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքը կնքելու պահին քաղաքացին ընդունակ չի եղել հասկանալու իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարելու դրանք:
3. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել սույն հոդվածի հիման վրա, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 307 հոդվածի 1-ին կետի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված կանոնները:
⚖Հոդված 312. | Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությունը |
1. Էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել մոլորության ազդեցության ներքո գործած կողմի հայցով:
Էական նշանակություն ունի գործարքի բնույթի կամ դրա առարկայի այնպիսի հատկանիշների վերաբերյալ մոլորությունը, որոնք զգալիորեն պակասեցնում են այն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունները:
Գործարքի շարժառիթների վերաբերյալ մոլորությունն էական նշանակություն չունի:
2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված, համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 304 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:
Բացի դրանից, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, իրավունք ունի մյուս կողմից պահանջել իրեն պատճառված իրական վնասի հատուցում, եթե ապացուցի, որ մոլորությունն առաջացել է մյուս կողմի մեղքով: Եթե դա ապացուցված չէ, կողմը, որի հայցով գործարքն անվավեր է ճանաչվել, պարտավոր է մյուս կողմի պահանջով հատուցել նրան պատճառված իրական վնասը, եթե անգամ մոլորությունը ծագել է մոլորված կողմից անկախ հանգամանքներում:
⚖Հոդված 313. | Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքի անվավերությունը |
1. Խաբեության, բռնության, սպառնալիքի ազդեցության ներքո, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված գործարքը, ինչպես նաև այն գործարքը, որն անձն ստիպված է եղել կնքելու ծանր հանգամանքների բերումով իր համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որից օգտվել է մյուս կողմը (ստրկացուցիչ գործարք), տուժողի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
2. Եթե գործարքն անվավեր է ճանաչվել սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերից մեկով, ապա մյուս կողմը տուժողին վերադարձնում է գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը հատուցում է դրամով: Գործարքով մյուս կողմից տուժողի ստացած գույքը, ինչպես նաև մյուս կողմից նրան հասանելիքը բռնագանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Գույքը բնեղենով պետությանը հանձնելու անհնարինության դեպքում դրա արժեքը բռնագանձվում է դրամով: Բացի դրանից, մյուս կողմը տուժողին հատուցում է նրան պատճառած իրական վնասը:
Հոդված 314. | Իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքի անվավերությունը |
Իրավաբանական անձի կողմից նրա կանոնադրությամբ որոշակիորեն սահմանափակված գործունեության նպատակներին հակասող կամ համապատասխան գործունեությամբ զբաղվելու թույլտվություն (լիցենզիա) չունեցող իրավաբանական անձի կնքած գործարքը դատարանով կարող է անվավեր ճանաչվել այդ իրավաբանական անձի, նրա հիմնադրի (մասնակցի) կամ իրավաբանական անձի գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի հայցով, եթե ապացուցված է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար դրա ապօրինության մասին:
Հոդված 315. | Գործարք կնքելու լիազորությունը սահմանափակելու հետևանքները |
Եթե անձի` գործարք կնքելու լիազորությունները սահմանափակված են պայմանագրով կամ իրավաբանական անձի մարմնի լիազորությունները` նրա կանոնադրությամբ, համեմատած այն լիազորությունների հետ, որոնք սահմանված են լիազորագրում, օրենքում կամ ակնհայտ են այն իրադրությունից, որում կնքվել է գործարքը, և դա կնքելիս նման անձը կամ մարմինը դուրս է եկել այդ սահմանափակումների շրջանակներից, դատարանը կարող է գործարքն անվավեր ճանաչել այն անձի հայցով, ի շահ որի սահմանված են սահմանափակումները, միայն այն դեպքերում, երբ կապացուցվի, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակումների մասին:
Հոդված 316. | Գործարքի մասի անվավերության հետևանքները |
Գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նաև առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:
⚖Հոդված 317. | Անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետները |
1. Առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:
2. Վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:
Գ Լ ՈՒ Խ 19
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 318. | Ներկայացուցչություն |
1. Մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:
Լիազորությունը կարող է ակնհայտորեն բխել նաև այն իրավիճակից, որում գործում է ներկայացուցիչը (մանրածախ առևտրում` վաճառողը, գանձապահը և այլն):
2. Ներկայացուցիչներ չեն այն անձինք, ովքեր թեև գործում են ի շահ ուրիշի, սակայն իրենց անունից (առևտրային միջնորդները, սնանկության ժամանակ` մրցութային կառավարիչները, ժառանգության ժամանակ` կտակակատարները և այլն), ինչպես նաև ապագայում հնարավոր գործարքների վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորությամբ օժտված անձինք:
3. Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների: Նա չի կարող գործարք կնքել նաև մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության դեպքի:
4. Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել այնպիսի գործարք, որն իր բնույթով կարող է կնքվել միայն անձամբ, ինչպես նաև` օրենքում նշված այլ գործարքներ:
(318-րդ հոդվածը լրաց. 26.05.21 ՀՕ-238-Ն)
⚖Հոդված 319. | Լիազորություն չունեցող անձի կողմից գործարք կնքելը |
1. Այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
2. Հետագայում ներկայացվողի կողմից գործարքին հավանություն տալը տվյալ գործարքով նրա համար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ է ստեղծում, փոփոխում և դադարեցնում այն կնքելու պահից:
Հոդված 320. | Առևտրային ներկայացուցչություն |
1. Առևտրային ներկայացուցիչ է համարվում ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ձեռնարկատերերի անունից պայմանագրեր կնքելիս նրանց մշտապես և ինքնուրույն ներկայացնող անձը:
2. Գործարքի տարբեր կողմերի միաժամանակյա առևտրային ներկայացուցչություն թույլատրվում է այդ կողմերի համաձայնությամբ և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Առևտրային ներկայացուցիչն իրավունք ունի պայմանագրի կողմերից հավասար չափերով պահանջել վճարելու պայմանավորված վարձատրությունը և հատուցելու հանձնարարության կատարման ընթացքում իր արած ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
3. Առևտրային ներկայացուցչությունն իրականացվում է գրավոր կնքված և ներկայացուցչի լիազորությունների մասին ցուցում պարունակող պայմանագրի, իսկ նման ցուցումների բացակայության դեպքում` լիազորագրի հիման վրա:
Առևտրային ներկայացուցիչը պարտավոր է առևտրային գործարքների մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները գաղտնի պահել նաև իրեն տրված հանձնարարությունը կատարելուց հետո:
4. Ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտներում առևտրային ներկայացուցչության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
⚖Հոդված 321. | Լիազորագիր |
1. Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:
2. Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են`
1) հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից.
2) զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն վայրերում, որտեղ չկան նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, ինչպես նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` վավերացված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների կամ հաստատությունների հրամանատարի (պետի) կողմից.
3) ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված ազատազրկման համապատասխան հաստատության պետի կողմից.
4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող չափահաս գործունակ քաղաքացիների լիազորագրերը` վավերացված նման հաստատության տնօրինության կամ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից:
4. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, թոշակներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ և նպաստներ, ֆիզիկական անձանց` բանկային ավանդներ ու փոստային առաքանի ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորողն աշխատում կամ սովորում է, բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այն հաստատության ղեկավարությունը, որտեղ լիազորողը ստացիոնար պայմաններում ստանում է բուժում:
5. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ:
6. Հեռագրով, ինչպես նաև կապի այլ միջոցներով ուղարկված լիազորագիրը, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը, հաստատվում է կապի մարմնի կողմից:
Երրորդ անձինք իրավունք ունեն իսկական համարել իրենց նկատմամբ գործողություններ կատարելու համար տրված լիազորագիրը, որը լիազորողը լիազորվածին ուղարկել է առանց կապի պաշտոնական մարմինների` ֆաքսիմիլ կամ այլ կապի միջոցով:
7. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացողների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տակ գտնվող անձանց, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, թոշակները, կենսաթոշակները, կրթաթոշակները կամ նպաստները, բանկային ավանդները կամ փոստային առաքանին ստանալու լիազորագրերը սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված անձանց կողմից վավերացվում կամ հաստատվում են անվճար:
(321-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-121-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-49-Ն, խմբ., լրաց. 13.11.19 ՀՕ-213-Ն)
Հոդված 322. | Լիազորագրի ժամկետը |
1. Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Լիազորագիրը, որում նշված չէ դրա կատարման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:
2. Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը, մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
⚖Հոդված 323. | Վերալիազորում |
1. Լիազորագիր ստացած անձը պետք է անձամբ կատարի այն գործողությունները, որոնց համար լիազորված է: Նա կարող է դրանց կատարումը վերալիազորել այլ անձի, եթե դրա համար լիազորված է լիազորագրով կամ հանգամանքների բերումով ստիպված է այդ անել լիազորողի շահերի պահպանման համար:
2. Լիազորություններն այլ անձի փոխանցողը պետք է այդ մասին տեղեկացնի լիազորողին և նրան անհրաժեշտ տեղեկություններ հաղորդի այն անձի վերաբերյալ, ում փոխանցված են լիազորությունները: Այս պարտականությունը չկատարած լիազորություն փոխանցողը պատասխանատվություն է կրում այն անձի գործողությունների համար, ում նա փոխանցել է լիազորությունը` որպես իր սեփական գործողությունների:
3. Վերալիազորման կարգով տրված լիազորագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով, բացառությամբ սույն օրենսգրքի 321 հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի:
4. Վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:
Հոդված 324. | Լիազորագրի դադարելը |
1. Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`
1) լիազորագրի ժամկետը լրացել է.
2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.
3) լիազորագրողը վերացրել է այն.
4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.
5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.
6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.
7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.
8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:
2. Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:
3. Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։
(324-րդ հոդվածը լրաց. 19.10.16 ՀՕ-181-Ն)
Հոդված 325. | Լիազորագիրը դադարելու հետևանքները |
1. Լիազորագիր տված և այն հետագայում վերացրած անձը պարտավոր է դրա վերացման մասին տեղեկացնել լիազորագիր ստացած անձին, ինչպես նաև իրեն հայտնի երրորդ անձանց, որոնց առջև ներկայացուցչության համար տրված է լիազորագիրը: Նման պարտականություն դրվում է նաև լիազորագիր տված անձի իրավահաջորդների վրա, եթե լիազորագիրը դադարում է սույն օրենսգրքի 324 հոդվածի 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերում նախատեսված հիմքերով:
2. Լիազորված անձի գործողությունների հետևանքով ծագած իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են մինչև այն պահը, երբ նա իմացել է կամ պետք է իմանար լիազորագիրը դադարելու մասին, պահպանում են իրենց ուժը լիազորողի և նրա իրավահաջորդների համար երրորդ անձանց նկատմամբ: Այս կանոնը չի կիրառվում, եթե երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար լիազորագրի գործողությունը դադարելու մասին:
3. Լիազորագիրը դադարելուց հետո լիազորված անձը կամ նրա իրավահաջորդները պարտավոր են անհապաղ վերադարձնել այն:
4. Լիազորագիրը դադարելու պահից ուժը կորցնում է նաև վերալիազորավորումը:
Գ Լ ՈՒ Խ 20
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Հոդված 326. | Ժամկետ որոշելը |
1. Օրենքով, այլ իրավական ակտերով, գործարքով սահմանված կամ դատարանի նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, ամսով, ամսաթվով կամ տարիներով, ամիսներով, շաբաթներով, օրերով կամ ժամերով հաշվարկվող որոշակի ժամանակահատվածի ավարտով:
2. Ժամկետը կարող է որոշվել նաև այն իրադարձության մատնանշմամբ, որն անխուսափելիորեն պետք է տեղի ունենա:
Հոդված 327. | Ժամանակահատվածով որոշվող ժամկետի սկիզբը |
Ժամանակահատվածով որոշվող ժամկետն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա և ամսաթվի կամ այն իրադարձության վրա հասնելու հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի սկիզբը:
Հոդված 328. | Ժամանակահատվածով որոշվող ժամկետի ավարտը |
1. Տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
2. Տարվա եռամսյակներով հաշվարկվող ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետի կանոնները: Ընդ որում, եռամսյակը համարվում է երեք ամսին հավասար, իսկ եռամսյակների հաշվարկը կատարվում է տարվա սկզբից:
3. Ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Եթե ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է այն ամսին, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
4. Կես ամսով որոշվող ժամկետը դիտվում է որպես օրերով հաշվարկվող ժամկետ և համարվում է հավասար տասնհինգ օրվա:
5. Շաբաթներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:
Հոդված 329. | Ժամկետի ավարտվելը ոչ աշխատանքային օրը |
Եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Հոդված 330. | Ժամկետի վերջին օրը գործողություններ կատարելու կարգը |
1. Եթե ժամկետը սահմանվել է որևէ գործողություն կատարելու համար, ապա այդ գործողությունը կարող է կատարվել մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
Սակայն, եթե այդ գործողությունը պետք է կատարվի կազմակերպությունում, ապա ժամկետը լրանում է այն ժամին, երբ սահմանված կանոններով այդ կազմակերպությունում դադարեցվում են համապատասխան գործառնությունները:
2. Կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:
Գ Լ ՈՒ Խ 20.1
(գլուխը լրաց. 17.06.16 ՀՕ-110-Ն)
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
Հոդված 330.1. | Ծանուցումները |
1. Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում կողմերը կարող են պայմանագրով սահմանել օրենքով կամ պայմանագրով իրենց վերապահված իրավունքների ու պարտականությունների իրացման մասին միմյանց ծանուցման կարգ, որի պահպանումը պարտադիր է կողմերի, իսկ օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորության դեպքում՝ նաև այլոց համար:
2. Օրենքով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում իրավաբանական անձինք և արժեթղթեր թողարկողները կարող են համապատասխանաբար կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով նախատեսել ծանուցման պարտադիր կարգ: Իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված ծանուցման կարգը պարտադիր է իրավաբանական անձի հիմնադիրների, մասնակիցների ու կառավարման մարմինների անդամների համար, իսկ արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված ծանուցման կարգը` արժեթղթերի սեփականատերերի համար:
3. Պայմանագրով, կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով սահմանված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:
4. Օրենքով կամ պայմանագրով կամ կանոնադրությամբ կամ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի թողարկման ազդագրով ծանուցման համար նախատեսված պարտադիր ընթացակարգեր ու պայմաններ նախատեսված չլինելու դեպքում ծանուցումը համարվում է պատշաճ, եթե կատարվել է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, առձեռն փոխանցմամբ, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով:
5. Իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում ծանուցման միջոցով իրավունքի իրացումը համարվում է պատշաճ, եթե ծանուցումն ուղարկվել է կամ օրենքով նախատեսված կարգով գրանցվել է գրանցում իրականացնող մարմնում։
6. Ծանուցողը ծանուցվողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են իր կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով կատարվելու մասին: Ծանուցվողը ծանուցողին կարող է ներկայացնել միայն այնպիսի առարկություններ, որոնք ապացուցում են ծանուցողի կողմից ծանուցումը պայմանագրով սահմանված կարգով չկատարվելու մասին:
7. Դատարանը, արբիտրաժային տրիբունալը, հաշտարարը, ֆինանսական համակարգի հաշտարարը, ինչպես նաև պետական մարմինները կարող են կողմի պահանջով կողմերի միջև կնքված պայմանագրից բխող վեճերի լուծման կամ իրավունքների ու պարտականությունների իրականացման ժամանակ կիրառել կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված ծանուցման կարգը, եթե կողմերը պայմանագրով ուղղակիորեն նախատեսել են նման հնարավորություն: Այս դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ նման հնարավորություն նախատեսված է իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ արժեթղթեր թողարկողի ազդագրով:
8. Սպառողների շահերի պաշտպանության նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել ծանուցման օրինակելի կարգ ու պայմաններ:
(330.1-ին հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-440-Ն)
Գ Լ ՈՒ Խ 21
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 331. | Հայցային վաղեմություն հասկացությունը |
Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
⚖Հոդված 332. | Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետ |
Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
⚖Հոդված 333. | Հայցային վաղեմության հատուկ ժամկետներ |
1. Պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
11. Եթե անձի իրավունքի խախտումը նրա համար առաջացրել է վնաս, և խախտումը կապված է սույն օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքման կամ դրանց կատարման ընթացքում կոռուպցիոն գործողության հետ, ապա վնասի հատուցման պահանջներով հայցային վաղեմության ժամկետը սահմանափակվում է 10 տարով՝ այն գործողության կատարման օրվանից հաշված, որն առաջացրել է վնաս։
2. Սույն օրենսգրքի 331, 334-343 հոդվածների կանոնները տարածվում են նաև հայցային վաղեմության հատուկ ժամկետների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
(333-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-123-Ն)
Հոդված 334. | Հայցային վաղեմության ժամկետներ փոփոխելու վերաբերյալ համաձայնության անվավերությունը |
1. Հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
2. Հայցային վաղեմության ժամկետները կասեցնելու ու ընդհատելու հիմքերը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
⚖Հոդված 335. | Հայցային վաղեմությունը կիրառելը |
1. Իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:
2. Դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով:
Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
(335-րդ հոդվածը լրաց. 09.02.18 ՀՕ-112-Ն, խմբ. 11.05.20 ՀՕ-274-Ն)
Հոդված 336. | Հայցային վաղեմության ժամկետը լրացուցիչ պահանջների նկատմամբ |
Հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով (գրավ, տուժանք, պահում, երաշխավորություն, նախավճար) հայցային վաղեմության ժամկետը:
⚖Հոդված 337. | Հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը |
1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
2. Այն պարտավորությունների համար, որոնք կատարելու համար որոշված է որոշակի ժամկետ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այդ ժամկետի ավարտմամբ:
3. Այն պարտավորությունների համար, որոնց կատարման ժամկետը որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն պահից, երբ պարտատիրոջ մոտ առաջանում է պարտավորության կատարում պահանջելու իրավունք, իսկ եթե պարտապանին արտոնյալ ժամկետ է տրամադրվել պահանջը կատարելու համար, հայցային վաղեմության հաշվարկն սկսվում է այդ ժամկետի ավարտից հետո:
4. Հետադարձ պարտավորությունների համար հայցային վաղեմության ընթացքն սկսվում է հիմնական պարտավորությունը կատարելու պահից:
Հոդված 338. | Հայցային վաղեմության ժամկետը պարտավորության մեջ անձանց փոփոխվելու դեպքում |
Պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:
⚖Հոդված 339. | Հայցային վաղեմության ժամկետը կասեցնելը |
1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե`
1) հայցի ներկայացմանը արգելք է հանդիսացել արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանք (անհաղթահարելի ուժ).
2) հայցվորը կամ պատասխանողը գտնվում է ռազմական դրության փոխադրված զինված ուժերի կազմում.
3) օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանվել է պարտավորությունների կատարման հետաձգում (մորատորիում).
4) անգործունակ անձն օրինական ներկայացուցիչ չունի.
5) կասեցվել է համապատասխան հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի գործողությունը.
6) ներկայացվել է վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում` անձի կողմից վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելու պահից մինչև վճարման կարգադրության վերաբերյալ առարկություն ստացվելու կամ դիմումում նշված հասցեով վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության հիմքով վճարման կարգադրությունը վերացնելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե առարկություն չի ներկայացվել մինչև վճարման կարգադրություն արձակելու մասին դիմումն ամբողջությամբ կամ մասնակի մերժելը` մերժված պահանջի մասով.
6.1) ներկայացվել է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում մինչև գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում կայացնելու պահը, իսկ եթե հետագայում չեղյալ է ճանաչվել նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը՝ մինչև չեղյալ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահը.
7) սկսվել է հաշտարարության մասին համաձայնության հիման վրա հաշտարարության գործընթաց՝ այն սկսելու պահից մինչև հաշտարարության ավարտը:
2. Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հայցերով հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է նաև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու մասին համապատասխան մարմնին քաղաքացու դիմելու կապակցությամբ` մինչև կենսաթոշակ կամ նպաստ նշանակելը կամ դրա նշանակումը մերժելը:
3. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է միայն այն դեպքում, երբ սույն հոդվածում նշված հանգամանքները ծագել են կամ շարունակել են գոյություն ունենալ վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:
4. Վաղեմության ժամկետի կասեցման համար հիմք ծառայած հանգամանքը դադարելու օրվանից շարունակվում է ժամկետի ընթացքը: Ժամկետի մնացած մասը երկարաձգվում է մինչև վեց ամիս, իսկ եթե հայցային վաղեմության ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից մինչև վաղեմության ժամկետը:
(339-րդ հոդվածը խմբ. 06.11.01 ՀՕ-260, լրաց. 07.07.05 ՀՕ-155-Ն, 07.05.15 ՀՕ-46-Ն, խմբ. 13.11.19 ՀՕ-214-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-228-Ն)
⚖Հոդված 340. | Հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատվելը |
1. Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
2. Ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում: Մինչև ընդհատումն անցած ժամանակը չի հաշվվում նոր ժամկետի մեջ:
Հոդված 341. | Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը հայցն առանց լուծման թողնելու դեպքում |
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
1. Եթե դատարանն առանց քննության է թողել հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:
2. Եթե դատարանն առանց լուծման է թողել քրեական վարույթով ներկայացված հայցը, ապա մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև այն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, որով հայցը թողնվել է առանց լուծման: Ժամանակը, որի ընթացքում վաղեմությունը կասեցվել էր, չի հաշվվում հայցային վաղեմության ժամկետի մեջ: Ընդ որում, եթե ժամկետի մնացած մասը վեց ամսից պակաս է, այն երկարաձգվում է մինչև վեց ամիս:
(341-րդ հոդվածը փոփ., խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
Հոդված 342. | Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը |
Բացառիկ դեպքերում, երբ դատարանը հայցվորի անձի հետ կապված հանգամանքների (ծանր հիվանդության, անօգնական վիճակի, անգրագիտության և այլն) հաշվառմամբ հարգելի է ճանաչում հայցային վաղեմության ժամկետի բացթողումը, քաղաքացու խախտված իրավունքը ենթակա է պաշտպանության: Հայցային վաղեմության ժամկետի բացթողման պատճառները կարող են ճանաչվել հարգելի, եթե դրանք տեղի են ունեցել հայցային վաղեմության ժամկետի վերջին վեց ամսում, իսկ եթե այդ ժամկետը հավասար է վեց ամսվա կամ պակաս է վեց ամսից` վաղեմության ժամկետի ընթացքում:
Հոդված 343. | Պարտականության կատարումը հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո |
Պարտապանը կամ այլ պարտավոր անձը, ով պարտականությունը կատարել է հայցային վաղեմության ժամկետը լրանալուց հետո, իրավունք չունի կատարածը հետ պահանջել, թեկուզև կատարելու պահին նա չի իմացել վաղեմության ժամկետը լրանալու մասին:
⚖Հոդված 344. | Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում |
Հայցային վաղեմությունը չի տարածվում`
1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.
3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.
4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).
5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.
6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա:
ՎԵՑԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 22
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈՂՄԵՐԸ
⚖Հոդված 345. | Պարտավորության հասկացությունը և ծագման հիմքերը |
1. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
⚖Հոդված 346. | Պարտավորության կողմերը |
1. Պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:
Պարտապանի կողմում պարտավորությանը մասնակցող անձանցից մեկի նկատմամբ պարտատիրոջ պահանջների անվավերությունը, ինչպես նաև այդ անձի նկատմամբ պահանջի հայցային վաղեմության ժամկետի ավարտվելն ինքնին չեն շոշափում մնացած անձանց ուղղված նրա պահանջները:
2. Եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:
3. Պարտավորությունը պարտականություններ չի ստեղծում որպես կողմ չմասնակցող անձանց (երրորդ անձանց) համար:
Օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում պարտավորությունը կարող է կողմերից մեկի կամ երկուսի նկատմամբ իրավունքներ ստեղծել երրորդ անձանց համար:
Գ Լ ՈՒ Խ 23
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
⚖Հոդված 347. | Ընդհանուր դրույթներ |
Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Հոդված 348. | Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը |
1. Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:
Հոդված 349. | Պարտավորության մաս առ մաս կատարումը չընդունելու պարտատիրոջ իրավունքը |
Պարտատերն իրավունք ունի չընդունել պարտավորության մաս առ մաս կատարումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, պարտավորության պայմաններով և չի բխում գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Հոդված 350. | Պարտավորությունը պատշաճ անձի նկատմամբ կատարելը |
Պարտապանը պարտավորությունը կատարելիս իրավունք ունի ապացույցներ պահանջել այն մասին, որ կատարումն ընդունում է հենց պարտատերը կամ դրա համար նրա լիազորած անձը և կրում է նման պահանջ չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ ու չի բխում գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Հոդված 351. | Պարտավորությունը երրորդ անձի կողմից կատարելը |
1. Պարտապանը կարող է պարտավորության կատարումը դնել երրորդ անձի վրա, եթե օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից կամ դրա էությունից չի բխում պարտավորությունն անձամբ կատարելու պարտապանի պարտականությունը: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է ընդունել պարտապանի փոխարեն երրորդ անձի կողմից պարտավորության կատարումը:
2. Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու հետևանքով այդ գույքի նկատմամբ իր վարձակալության կամ այլ իրավունքի կորստի վտանգի ենթարկված երրորդ անձը պարտապանի համաձայնությամբ կարող է իր հաշվին բավարարել պարտատիրոջ պահանջը, և սույն օրենսգրքի 397-405 հոդվածներին համապատասխան, ձեռք բերել պարտատիրոջ իրավունքներ:
⚖Հոդված 352. | Պարտավորության կատարման ժամկետը |
1. Եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:
3. Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Հոդված 353. | Պարտավորությունը վաղաժամկետ կատարելը |
1. Պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել ժամկետից շուտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ չի բխում պարտավորության էությունից:
2. Պարտավորությունների վաղաժամկետ կատարումը` կապված դրանց կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ պարտավորությունը ժամկետից շուտ կատարելու հնարավորությունը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
Հոդված 354. | Պարտավորության կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը |
Օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կարող է նախատեսվել պարտապանի պարտականությունը` պարտատիրոջը կամ նրա նշած անձին տեղեկացնել պարտավորության կատարման ընթացքի մասին:
Հոդված 355. | Պարտավորություն կատարելու վայրը |
1. Պարտավորությունը պետք է կատարվի այն վայրում, որը որոշված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ բխում է գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
2. Եթե պարտավորության կատարման վայրը որոշված չէ, այն պետք է կատարվի`
1) հողամաս, շենք, շինություն կամ այլ անշարժ գույք հանձնելու պարտավորությամբ` գույքի գտնվելու վայրում.
2) ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ, որը նախատեսում է դրա փոխադրումը` գույքը պարտատիրոջը հասցնելու համար առաջին փոխադրողին հանձնելու վայրում.
3) ձեռնարկատիրոջ` ապրանք կամ այլ գույք հանձնելու պարտավորությամբ` գույք պատրաստելու կամ պահպանելու վայրում, եթե այդ վայրը պարտավորության ծագման պահին հայտնի է եղել պարտատիրոջը.
4) դրամական պարտավորությամբ` պարտավորության ծագման պահին պարտատիրոջ բնակության վայրում, իսկ եթե պարտատերն իրավաբանական անձ է, ապա` պարտավորության ծագման պահին նրա գտնվելու վայրում: Եթե պարտատերը պարտավորության կատարման պահին փոխել է բնակության կամ գտնվելու վայրը և այդ մասին տեղեկացրել է պարտապանին` պարտատիրոջ բնակության կամ գտնվելու նոր վայրում` կատարման տեղի փոփոխման հետ կապված ծախսերը դնելով պարտատիրոջ վրա.
5) այլ պարտավորությունների համար` պարտապանի բնակության վայրում, իսկ եթե պարտապանն իրավաբանական անձ է, ապա նրա գտնվելու վայրում:
Հոդված 356. | Դրամական պարտավորությունների արժույթը |
1. Դրամական պարտավորությունները պետք է արտահայտվեն Հայաստանի Հանրապետության դրամով (հոդված 142):
2. (կետն ուժը կորցրել է 20.03.06 ՀՕ-41-Ն)
3. Երկարաժամկետ պարտավորություններում կարող է նախատեսվել վճարների ինդեքսավորում` կողմերի վերապահած պայմաններով:
4. Հայաստանի Հանրապետության տարածքում պարտավորություններով հաշվարկներ կատարելիս օտարերկրյա արժույթի, ինչպես նաև օտարերկրյա արժույթով վճարային փաստաթղթերի օգտագործում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(356-րդ հոդվածը խմբ. 15.11.05 ՀՕ-229-Ն, փոփ. 20.03.06 ՀՕ-41-Ն)
Հոդված 357. | Քաղաքացու ապրուստի համար վճարվող գումարի ավելացումը |
Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և այլ դեպքերում դրամական պարտավորությամբ քաղաքացուն անմիջականորեն որպես ապրուստի միջոց վճարվող գումարն ավելանում է աշխատավարձի նվազագույն չափի ավելացմանը համամասնորեն:
Հոդված 358. | Դրամական պարտավորությամբ պահանջները մարելու հերթականությունը |
Դրամական պարտավորությունը լրիվ կատարելու համար վճարված գումարի անբավարարության դեպքում, եթե այլ համաձայնություն չի կայացվել, առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված` պարտատիրոջ ծախսերը, այնուհետև` տոկոսները, ներառյալ՝ սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ մնացած մասով` պարտքի հիմնական գումարը:
(358-րդ հոդվածը լրաց. 31.03.03 ՀՕ-521-Ն)
Հոդված 359. | Այլընտրանքային պարտավորություն կատարելը |
Պարտատիրոջն այս կամ այն գույքը հանձնելու կամ մի քանի գործողություններից որևէ մեկը կատարելու պարտականություն ունեցող պարտապանը դրանցից ցանկացածի ընտրության իրավունք ունի, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:
Հոդված 360. | Պարտավորություն կատարելը մի քանի պարտատերերի կամ մի քանի պարտապանների մասնակցությամբ |
Այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում են մի քանի պարտատեր կամ մի քանի պարտապան, պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել կատարելու պարտավորությունը, իսկ պարտապաններից յուրաքանչյուրը պարտավոր է այն կատարել մյուսների հետ հավասար բաժնով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ պարտավորության պայմաններից:
⚖Հոդված 361. | Համապարտ պարտականություններ և համիրավ պահանջներ |
1. Համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:
2. Ձեռնարկատիրական գործունեության հետ կապված պարտավորությամբ մի քանի պարտապանների պարտականությունները համապարտ են, իսկ պարտատերերի պահանջները` համիրավ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով:
⚖Հոդված 362. | Պարտատիրոջ իրավունքները համապարտ պարտականության դեպքում |
1. Պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:
2. Համապարտ պարտապաններից մեկից լրիվ բավարարում չստացած պարտատերն իրավունք ունի չստացած մասը պահանջել մյուս համապարտ պարտապաններից:
3. Համապարտ պարտապանները պարտական են մնում այնքան ժամանակ, քանի դեռ պարտավորությունը լրիվ չի կատարվել:
Հոդված 363. | Պարտատիրոջ պահանջների դեմ առարկությունները համապարտ պարտականության դեպքում |
Համապարտ պարտականության դեպքում պարտապանն իրավունք չունի պարտատիրոջ պահանջների դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են մյուս պարտապանների և պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտապանը չի մասնակցում:
Հոդված 364. | Համապարտ պարտականությունը պարտապաններից մեկի կողմից կատարելը |
1. Պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:
2. Եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա`
1) համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք` հանելով իր բաժինը.
2) համապարտ պարտականությունը կատարած պարտապանին համապարտ պարտապաններից մեկի չվճարածը հավասար բաժիններով ընկնում է չվճարած պարտապանի և մնացած պարտապանների վրա:
3. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են պարտապաններից մեկի հակընդդեմ պահանջի հաշվանցմամբ համապարտ պարտավորությունը դադարելիս:
Հոդված 365. | Համիրավ պահանջներ |
1. Պահանջների համիրավության դեպքում համիրավ պարտատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի լրիվ ծավալով պահանջ ներկայացնել պարտապանին:
Մինչև համիրավ պարտատերերից մեկի պահանջ ներկայացնելը, պարտապանն իրավունք ունի իր հայեցողությամբ նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կատարել պարտավորությունը:
2. Պարտապանն իրավունք չունի համիրավ պարտատերերից մեկի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են պարտապանի և այլ համիրավ պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտատերը չի մասնակցում:
3. Համիրավ պարտատերերից մեկի հանդեպ պարտավորությունը լրիվ կատարելը պարտապանին ազատում է մյուս պարտատերերի հանդեպ պարտավորությունը կատարելուց:
4. Պարտապանից կատարում ստացած համիրավ պարտատերը պարտավոր է մյուս պարտատերերին հավասար բաժիններով հատուցել նրանց հասանելիքը, եթե այլ բան չի բխում նրանց հարաբերություններից:
⚖Հոդված 366. | Պարտավորությունը կատարելը` պարտքը դեպոզիտ մուծելով |
1. Պարտապանն իրավունք ունի իրենից գանձվելիք դրամը կամ արժեթղթերը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ, եթե նա չի կարողանում կատարել պարտավորությունը, քանի որ`
1) պարտատերը կամ կատարումն ընդունելու համար նրա կողմից լիազորված անձը բացակայում է պարտավորության կատարման վայրից.
2) պարտատերն անգործունակ է և ներկայացուցիչ չունի.
3) ակնհայտորեն պարզ չէ, թե ով է պարտավորությամբ պարտատերը` ներառյալ պարտատիրոջ և այլ անձանց միջև այդ առթիվ վեճի առկայության դեպքում.
4) պարտատերը խուսափել է կատարումն ընդունելուց կամ թույլ է տվել կետանց:
2. Դրամական գումար կամ արժեթղթեր նոտարի կամ դատարանի դեպոզիտ մուծելը պարտավորության կատարում է:
3. Նոտարը կամ դատարանը պարտատիրոջը տեղեկացնում է իր դեպոզիտ մուծված դրամի կամ արժեթղթերի մասին:
Հոդված 367. | Պարտավորությունների հանդիպական կատարումը |
1. Հանդիպական է ճանաչվում կողմերից մեկի պարտավորության կատարումը, որը պայմանագրին համապատասխան, պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
2. Այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, պարտավոր կողմի` պայմանագրով պայմանավորված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու մասին ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության դեպքում, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:
3. Եթե պայմանագրով պայմանավորված պարտավորությունը կատարվել է ոչ լրիվ ծավալով, այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց` մյուս կողմի պարտավորության չկատարված մասին համապատասխան չափով:
4. Եթե հանդիպական պարտավորությունը կատարվել է, չնայած, որ մյուս կողմը չի կատարել պայմանագրով պայմանավորված իր պարտավորությունը, ապա վերջինս պարտավոր է կատարել այն:
5. Սույն հոդվածի 2-4-րդ կետերով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով:
Գ Լ ՈՒ Խ 24
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
⚖Հոդված 368. | Պարտավորությունների կատարման ապահովման եղանակները |
1. Պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով (գլուխ 15), տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
2. Պարտավորության կատարման ապահովման մասին համաձայնության անվավերությունը չի հանգեցնում այդ պարտավորության (հիմնական պարտավորության) անվավերության:
3. Հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
§ 2. ՏՈՒԺԱՆՔ
⚖Հոդված 369. | Տուժանքի հասկացությունը |
1. Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
2. Տուժանքով ապահովվում է միայն իրական պահանջը:
3. Պարտատերն իրավունք չունի պահանջել վճարելու տուժանք, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Հոդված 370. | Տուժանքի մասին համաձայնության ձևը |
Տուժանքի մասին համաձայնությունը պետք է կնքվի գրավոր` անկախ հիմնական պարտավորության ձևից:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է տուժանքի մասին համաձայնության անվավերության:
⚖Հոդված 371. | Օրինական տուժանք |
1. Պարտատերն իրավունք ունի պահանջել վճարելու օրենքով սահմանված տուժանքը (օրինական տուժանքը), անկախ այն բանից, կողմերի համաձայնությամբ նախատեսվա՞ծ է այն վճարելու պարտականություն, թե՞ ոչ:
2. Օրինական տուժանքի չափը կարող է մեծացվել կողմերի համաձայնությամբ, եթե դա արգելված չէ օրենքով:
⚖Հոդված 372. | Տուժանքի առավելագույն չափը և այն պակասեցնելը |
(վերնագիրը խմբ. 14.12.17 ՀՕ-319-Ն)
1. Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանը խախտող համաձայնությունն առ ոչինչ է:
3. Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և՝
1) պարտապանը, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու, կամ
2) մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում, կամ
3) պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից:
4. Դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից տուժանքը պակասեցնելու դեպքում պարտատերը պարտապանի դիմումի հիման վրա դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պարտադիր դառնալու պահից կատարում է վերահաշվարկ, իսկ տուժանքը վճարված լինելու դեպքում պարտապանին վերադարձնում է վճարված տուժանքի պակասեցված չափին համապատասխան գումար:
(372-րդ հոդվածը խմբ. 14.12.17 ՀՕ-319-Ն)
Հոդված 372.1. | Տուժանքի վճարման պարտավորության դադարումը |
1. Պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը:
2. Գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից սույն օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց, իսկ այդ ժամկետում պարտապանի և գրավատուի կողմից (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ գրավոր համաձայնություն տալու դեպքում համաձայնությունը սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավառուին հանձնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու, ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս, առաջին աճուրդը չանցկացվելու դեպքում երկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն անցնելը, ուղղակի վաճառքով իրացվելը կամ առաջին աճուրդն անցկացվելը:
3. Գրավառուի և գրավատուի, ինչպես նաև պարտապանի միջև, եթե գրավատուն պարտապանը չէ, պարտավորության խախտումից հետո կարող է կնքվել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետում բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն: Այն դեպքում, երբ պարտավորությանը մասնակցում է մի քանի պարտապան, կամ պարտավորությունն ապահովված է նաև այլ գրավի առարկայով, երկարաձգված ժամանակահատվածի համար հաշվարկվող տուժանքների համար անձը պատասխանատվություն չի կրում, եթե չի տվել բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնություն:
4. Բռնագանձման կամ գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությունը կնքվում է հասարակ գրավոր ձևով:
5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված, ինչպես նաև գրավի առարկայի իրացման գործընթացն սկսելու ժամկետը երկարաձգելու մասին համաձայնությամբ նախատեսված ժամկետների ընթացքը կասեցվում է գրավի առարկայի վրա դրա իրացմանը խոչընդոտող արգելանք դրվելու կամ այլ սահմանափակում կիրառվելու, դատական ակտով գրավառուին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումն արգելվելու կամ արտադատական կարգով գրավի առարկայի իրացմանը խոչընդոտող այլ հանգամանքների առկայության դեպքում` մինչև այդ խոչընդոտների վերացումը: Խոչընդոտների տևողության ժամանակահատվածում տուժանքը շարունակում է հաշվարկվել:
6. Սույն հոդվածի 1-3-րդ կետերով նախատեսված պայմանների խախտմամբ կնքված տուժանքի վճարման վերաբերյալ համաձայնությունն առ ոչինչ է:
(372.1-ին հոդվածը լրաց. 14.12.17 ՀՕ-319-Ն)
§ 3. ՊԱՀՈՒՄ
Հոդված 373. | Պահման հիմքերը |
1. Պարտատերը, որի մոտ գտնվում է պարտապանին կամ նրա նշած անձին հանձնելու ենթակա գույքը, իրավունք ունի պարտապանի կողմից տվյալ գույքի համար վճարելու կամ դրա հետ կապված պարտատիրոջ ծախսերը և մյուս վնասները հատուցելու պարտավորությունը ժամկետին չկատարելու դեպքում գույքը պահել իր մոտ` մինչև համապատասխան պարտավորության կատարումը:
2. Գույքի պահումով կարող են ապահովվել նաև գույքի համար վճարելու կամ դրա վրա կատարված ծախսերը և այլ վնասները հատուցելու հետ չկապված պահանջները, որոնք ծագել են որպես ձեռնարկատեր հանդես եկող կողմերի պարտավորությունից:
3. Պարտատերը կարող է իր մոտ գտնվող գույքը պահել, չնայած այն բանին, որ այդ գույքը պարտատիրոջ տիրապետմանն անցնելուց հետո դրա նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել երրորդ անձը:
4. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 374. | Պահվող գույքի հաշվին պահանջները բավարարելը |
Գույքը պահող պարտատիրոջ պահանջները բավարարվում են դրա արժեքից գրավով ապահովված պահանջները բավարարելու համար նախատեսված ծավալով և կարգով:
§ 4. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 375. | Երաշխավորության պայմանագիր |
1. Երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջև պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:
2. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել նաև ապագայում ծագելիք պարտավորության ապահովման համար:
3. Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորի պատասխանատվության առավելագույն ծավալը` գումարային արտահայտմամբ, ինչպես նաև այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:
(375-րդ հոդվածը լրաց. 19.01.21 ՀՕ-35-Ն)
(19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 376. | Երաշխավորության պայմանագրի ձևը |
Երաշխավորության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է երաշխավորության պայմանագրի անվավերությանը:
⚖Հոդված 377. | Երաշխավորի պատասխանատվությունը |
1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:
2. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջև կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով, և միաժամանակ պայմանագրի կնքման պահին առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը.
1) երաշխավորն ու պարտապանը նույն ընտանիքի անդամներ են: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ամուսինը, ծնողները, պապը, տատը, 18 տարին լրացած թոռը, 18 տարին լրացած զավակն ու նրա ամուսինը, 18 տարին լրացած քույրը, եղբայրն ու նրանց ամուսինները և 18 տարին լրացած նրանց զավակները.
2) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից կամ բաժնետեր է.
3) երաշխավորը պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու է:
Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.
4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր, և երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար են:
4. Վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ծագող պարտավորության կատարման ապահովման համար երաշխավորության պայմանագիրը կնքելիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը և պարտապանը տալիս են գրավոր հայտարարություն սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում նշված պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում նշված երաշխավորությամբ ստացվող միջոցներն այդ համատեղ գործունեության (համատեղ գործունեության պայմանագրի կատարման) համար օգտագործելու մասին, և կրում են հայտարարության բովանդակության իսկության ռիսկը:
Հետագայում պարտապանի և երաշխավորի՝ սույն հոդվածի 3-րդ մասում թվարկված փոխկապվածության դադարումը կամ փոփոխությունը չի հանգեցնում երաշխավորության պայմանագրի գործողության ընթացքում երաշխավորի պատասխանատվության փոփոխության։
5. Երաշխավորը պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ներառյալ՝ տոկոսներ վճարելը, պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու հետևանքով առաջացող տույժերը և տուգանքները, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետևանքով առաջացած՝ պարտատիրոջ այլ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով, իսկ այն դեպքում, երբ երաշխավոր է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, և երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը ծագում է վարկային կամ փոխառության պայմանագրից, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, ապա պետք է պահպանվեն նաև սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Եթե պարտապանի պարտավորության ծավալը որևէ հիմքով (այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով) նվազում է կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում է կամ դադարում է աճել:
6. Երաշխավորության պայմանագիրը կարող է կնքվել ավելի երկար ժամկետով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:
7. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին՝ առնվազն նշելով պարտավորության խախտման ժամկետը և առկա պարտավորության չափը: Եթե պարտատերը սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջելու երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու հետևանքով առաջացած տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները և (կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից մինչև երաշխավորին այդ մասին ծանուցելը:
8. Վարկային կամ փոխառության պայմանագրով, որով որպես վարկատու կամ փոխատու է հանդես գալիս բանկը կամ վարկային կազմակերպությունը, պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտավորությունն այդ պահանջն ստանալու օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ ներկայացրած պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ:
9. Համատեղ երաշխավորություն ստանձնած անձինք պարտատիրոջ առջև պատասխանատվություն են կրում համապարտ, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
(377-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-35-Ն)
(19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 378. | Երաշխավորի ծառայությունների վարձատրությունը |
Երաշխավորը պարտապանին մատուցած ծառայությունների համար ունի վարձատրության իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 379. | Պարտատիրոջ պահանջի դեմ առարկելու երաշխավորի իրավունքը |
1. Երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը: Երաշխավորը չի կորցնում առարկելու իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ պարտապանը դրանցից հրաժարվել է կամ ընդունել է իր պարտքը:
2. Երաշխավորը պարտավոր է մինչև պարտատիրոջ պահանջը բավարարելը, այդ մասին նախազգուշացնել պարտապանին, իսկ եթե երաշխավորի դեմ հայց է հարուցվել, պարտապանին մասնակից դարձնել գործին:
3. Եթե երաշխավորը չի կատարել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պարտականությունները, պարտապանն իրավունք ունի երաշխավորի հետադարձ պահանջի դեմ ներկայացնել այնպիսի առարկություններ, որոնք նա ուներ պարտատիրոջ դեմ:
(379-րդ հոդվածը փոփ. 19.01.21 ՀՕ-35-Ն)
(19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 380. | Պարտավորությունը կատարած երաշխավորի իրավունքները |
1. Պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները և պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաև պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու, պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ, իր կրած այլ վնասները:
2. Պարտավորությունը երաշխավորի կողմից կատարելուց հետո պարտատերը պարտավոր է երաշխավորին հանձնել պարտապանի դեմ ունեցած իր պահանջը հավաստող փաստաթղթերը և փոխանցել այդ պահանջն ապահովող իրավունքները:
3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ երաշխավորի ու պարտապանի միջև կնքված պայմանագրով և չի բխում նրանց հարաբերություններից:
Հոդված 381. | Պարտապանի կողմից պարտավորությունը կատարելու մասին երաշխավորին տեղեկացնելը |
Երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը կատարած պարտապանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել երաշխավորին: Հակառակ դեպքում, իր հերթին պարտավորությունը կատարած երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջից բռնագանձել անհիմն ստացածը կամ հետադարձ պահանջ ներկայացնել պարտապանին:
⚖Հոդված 382. | Երաշխավորությունը դադարելը |
Երաշխավորությունը դադարում է`
1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու դեպքում, ինչպես նաև առանց երաշխավորի գրավոր համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում՝ միայն փոփոխված մասով, որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետևանքների:
Երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձևով փոփոխելուն, առ ոչինչ է: Սույն պարբերության իմաստով երաշխավորի համաձայնությունը չի պահանջվում, եթե երաշխավորը երաշխավորությունն ստանձնում է հիմնական պարտավորության վերաբերյալ այն պայմանագրով, որով ապագայում ծագելիք պարտավորության բոլոր էական պայմանները սահմանված են.
2) երաշխավորությամբ ապահովված պարտավորությամբ պարտքն այլ անձի փոխանցելով, եթե երաշխավորը պարտատիրոջը համաձայնություն չի տվել պատասխանատվություն կրել նոր պարտապանի համար.
3) եթե պարտատերը հրաժարվել է ընդունել պարտապանի կամ երաշխավորի առաջարկած պատշաճ կատարումը.
4) երաշխավորության պայմանագրում նշված ժամկետի ավարտով, որով այն տրվել է: Նման ժամկետի բացակայության դեպքում երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը, երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, երաշխավորի դեմ հայց չի հարուցել: Այն դեպքերում, երբ հիմնական պարտավորության կատարման ժամկետը նշված չէ և չի կարող որոշվել կամ որոշվել է պահանջի պահով, երաշխավորությունը դադարում է, եթե պարտատերը երաշխավորության պայմանագիր կնքելու օրվանից երկու տարվա ընթացքում երաշխավորի դեմ հայց չի հարուցել:
(382-րդ հոդվածը խմբ. 19.01.21 ՀՕ-35-Ն)
(19.01.21 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
§ 5. ԵՐԱՇԽԻՔ
⚖Հոդված 383. | Երաշխիքի հասկացությունը |
Երաշխիք տված անձը (բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը) այլ անձի (պրինցիպալի) խնդրանքով գրավոր պարտավորություն է ստանձնում պրինցիպալի պարտատիրոջ (բենեֆիցիարի) հանդեպ, երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան, բենեֆիցիարին վճարել դրամական գումար` վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելիս:
Հոդված 384. | Պրինցիպալի պարտավորության կատարումը երաշխիքով ապահովելը |
1. Երաշխիքն ապահովում է բենեֆիցիարի հանդեպ պրինցիպալի պարտավորության (հիմնական պարտավորության) պատշաճ կատարումը:
2. Երաշխիք տալու համար պրինցիպալը երաշխիք տված անձին վճարում է պայմանավորված վարձատրությունը:
Հոդված 385. | Երաշխիքի անկախ լինելը հիմնական պարտավորությունից |
Բենեֆիցիարի հանդեպ երաշխիք տված անձի` երաշխիքով նախատեսված պարտավորությունն ինքնուրույն է և անկախ է հիմնական պարտավորությունից, որի կատարման ապահովման համար այն տրվել է, եթե նույնիսկ երաշխիքում վկայակոչվում է այդ պարտավորությունը:
Հոդված 386. | Երաշխիքի անհետկանչելիությունը |
Երաշխիքը չի կարող հետ կանչվել երաշխիք տված անձի կողմից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
Հոդված 387. | Երաշխիքով իրավունքների անփոխանցելիությունը |
Երաշխիք տված անձի հանդեպ բենեֆիցիարին երաշխիքով պատկանող պահանջի իրավունքը չի կարող փոխանցվել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
Հոդված 388. | Երաշխիքն ուժի մեջ մտնելը |
Երաշխիքն ուժի մեջ է մտնում այն տալու օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
⚖Հոդված 389. | Երաշխիքով պահանջ ներկայացնելը |
1. Երաշխիքով դրամական գումար վճարելու մասին բենեֆիցիարի պահանջը պետք է երաշխիք տված անձին ներկայացվի գրավոր` կցելով երաշխիքում նշված փաստաթղթերը: Բենեֆիցիարը պահանջի կամ դրա հավելվածի մեջ պետք է նշի, թե որն է պրինցիպալի կողմից հիմնական պարտավորության խախտումը, որի ապահովման համար տրված է երաշխիքը:
2. Բենեֆիցիարի պահանջը երաշխիք տված անձին պետք է ներկայացվի մինչև երաշխիքով սահմանված ժամկետի ավարտը, որով այն տրվել է:
Հոդված 390. | Երաշխիք տված անձի պարտականությունները բենեֆիցիարի պահանջը քննարկելիս |
1. Բենեֆիցիարի պահանջն ստանալուց հետո երաշխիք տված անձն այդ մասին անհապաղ պետք է տեղեկացնի պրինցիպալին և վերջինիս հանձնի պահանջի պատճենը` դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով:
2. Երաշխիք տված անձը, բենեֆիցիարի պահանջը` դրան կից փաստաթղթերով, պետք է քննարկի երաշխիքում նշված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, և բարեխիղճ հոգատարություն ցուցաբերի պարզելու համար այդ պահանջի ու դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը երաշխիքի պայմաններին:
Հոդված 391. | Երաշխիք տված անձի հրաժարվելը բենեֆիցիարի պահանջը բավարարելուց |
1. Երաշխիք տված անձը մերժում է բենեֆիցիարի պահանջը, եթե այդ պահանջը կամ դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում երաշխիքի պայմաններին կամ երաշխիք տված անձին ներկայացվել են երաշխիքով սահմանված ժամկետի ավարտից հետո:
Երաշխիք տված անձը պարտավոր է բենեֆիցիարին անհապաղ տեղեկացնել նրա պահանջը մերժելու մասին:
2. Եթե մինչև բենեֆիցիարի պահանջը բավարարելը երաշխիք տված անձին հայտնի է դարձել, որ երաշխիքով ապահովված հիմնական պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով արդեն կատարվել է, դադարել է այլ հիմքերով կամ անվավեր է, նա պետք է այդ մասին անհապաղ տեղեկացնի բենեֆիցիարին և պրինցիպալին:
Նման հաղորդումից հետո բենեֆիցիարից ստացած կրկնակի պահանջը բավարարվում է երաշխիք տված անձի կողմից:
⚖Հոդված 392. | Երաշխիք տված անձի պարտավորության սահմանները |
1. Բենեֆիցիարի առջև երաշխիքով նախատեսված երաշխիք տված անձի պարտավորությունը սահմանափակվում է այն գումարով, որով տրված է երաշխիքը:
2. Երաշխիք տված անձի կողմից երաշխիքով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար երաշխիք տված անձի պատասխանատվությունը բենեֆիցիարի առջև չի սահմանափակվում այն գումարով, որով տրված է երաշխիքը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիքով:
⚖Հոդված 393. | Երաշխիքը դադարելը |
1. Բենեֆիցիարի առջև երաշխիք տված անձի երաշխիքով պարտավորությունը դադարում է`
1) բենեֆիցիարին այն գումարը վճարելով, որով տրված է երաշխիքը.
2) երաշխիքով որոշված ժամկետի ավարտով.
3) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու և երաշխիքը երաշխիք տված անձին վերադարձնելու հետևանքով.
4) բենեֆիցիարի կողմից` երաշխիքով իր իրավունքներից հրաժարվելու հետևանքով, երաշխիք տված անձին պարտավորություններից ազատելու մասին գրավոր դիմում տալու միջոցով:
Սույն կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում նշված հիմքերով երաշխիք տված անձի պարտավորության դադարելը կախված չէ երաշխիքը նրան վերադարձնելուց:
2. Եթե երաշխիք տված անձին հայտնի է դարձել երաշխիքը դադարելու մասին, ապա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի պրինցիպալին:
Հոդված 394. | Երաշխիք տված անձի հետադարձ պահանջները պրինցիպալին |
1. Երաշխիք տված անձի` երաշխիքով բենեֆիցիարին վճարված գումարները հետադարձ կարգով պրինցիպալից պահանջելու իրավունքը սահմանվում է երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:
2. Երաշխիք տված անձն իրավունք չունի պրինցիպալից պահանջել հատուցելու երաշխիքի պայմաններին չհամապատասխանող կամ բենեֆիցիարի առաջ երաշխիք տված անձի պարտավորության խախտմամբ բենեֆիցիարին վճարված գումարները, եթե այլ բան նախատեսված չէ երաշխիք տված անձի և պրինցիպալի համաձայնությամբ:
§ 6. ՆԱԽԱՎՃԱՐ
⚖Հոդված 395. | Նախավճարի հասկացությունը: Նախավճարի մասին համաձայնության ձևը |
1. Նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում:
2. Նախավճարի մասին համաձայնությունը, անկախ նախավճարի գումարի չափից, պետք է կնքվի գրավոր:
3. Եթե կասկած կա պայմանագրով հասանելիքի հաշվին կողմի վճարած գումարի նախավճար լինելու հարցում` ներառյալ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կանոնը չպահպանելու դեպքում, այդ գումարը համարվում է կանխավճար (ավանս), եթե այլ բան ապացուցված չէ:
⚖Հոդված 396. | Նախավճարով ապահովված պարտավորությունը դադարելու և այն չկատարելու հետևանքները |
1. Մինչև պարտավորության կատարումն սկսելը, կողմերի համաձայնությամբ կամ կատարման անհնարինության հետևանքով (հոդված 432) պարտավորությունը դադարելու դեպքում նախավճարը պետք է վերադարձվի:
2. Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար տված կողմը, այն մնում է մյուս կողմին: Եթե պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու է նախավճար ստացած կողմը, նա պարտավոր է մյուս կողմին վճարել նախավճարի գումարի կրկնապատիկը:
Պայմանագիրը չկատարելու համար պատասխանատու կողմը պարտավոր է նաև մյուս կողմին հատուցել վնասները` նախավճարի գումարի հաշվանցմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գ Լ ՈՒ Խ 25
ԱՆՁԱՆՑ ՓՈՓՈԽՎԵԼԸ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
§ 1. ՊԱՐՏԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ԱՆՑՆԵԼԸ
Հոդված 397. | Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը |
1. Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին կանոնները չեն կիրառվում հետադարձ պահանջների նկատմամբ:
2. Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու համար պարտապանի համաձայնությունը չի պահանջվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Եթե պարտապանը գրավոր չի տեղեկացվել պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու մասին, ապա նոր պարտատերը կրում է իր համար դրանից բխող անբարենպաստ հետևանքների ռիսկը: Այդ դեպքում պարտավորության կատարումն սկզբնական պարտատիրոջը համարվում է կատարված պատշաճ պարտատիրոջը:
(397-րդ հոդվածը խմբ. 08.03.00 ՀՕ-38)
Հոդված 398.
Իրավունքներ, որոնք չեն կարող անցնել այլ անձանց
Պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում:
⚖Հոդված 399. | Պարտատիրոջ` այլ անձի անցնող իրավունքների ծավալը |
Սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները` ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը:
Հոդված 400. | Նոր պարտատիրոջ իրավունքների ապացույցները |
1. Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:
2. Պահանջն այլ անձի զիջած պարտատերը պարտավոր է նոր պարտատիրոջը հանձնել պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթեր և հաղորդել պահանջի իրականացման համար նշանակություն ունեցող տեղեկություններ:
Հոդված 401. | Պարտապանի առարկություններն ընդդեմ նոր պարտատիրոջ պահանջի |
Պարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ ներկայացնել առարկություններ, որոնք նա ունեցել է սկզբնական պարտատիրոջ դեմ` նոր պարտատիրոջը իրավունքների անցման մասին ծանուցում ստանալու պահին:
Հոդված 402. | Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելն օրենքի հիման վրա |
Օրենքի հիման վրա և դրանում նշված հանգամանքների ի հայտ գալով, պարտատիրոջ իրավունքներն այլ անձի են անցնում`
1) պարտատիրոջ իրավունքների համընդհանուր իրավահաջորդության հետևանքով.
2) պարտատիրոջ իրավունքներն այլ անձի փոխանցելու մասին դատարանի վճռով, եթե օրենքով նախատեսված է նման փոխանցման հնարավորություն.
3) պարտապանի երաշխավորի կամ այդ պարտավորությամբ պարտապան չհանդիսացող գրավատուի կողմից պարտապանի պարտավորության կատարման հետևանքով.
4) ապահովագրական դեպքը վրա հասնելիս պատասխանատու պարտապանի նկատմամբ պարտատիրոջ իրավունքներն ապահովագրական հատուցում վճարած ապահովագրողին անցնելիս.
5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 403. | Պահանջը զիջելու պայմանները |
1. Պարտատիրոջ պահանջի զիջումն այլ անձի թույլատրվում է, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին:
2. Առանց պարտապանի համաձայնության պահանջի զիջումն այն պարտավորությամբ, որում պարտատիրոջ անձն էական նշանակություն ունի պարտապանի համար, չի թույլատրվում, բացառությամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի:
(403-րդ հոդվածը լրաց. 26.05.08 ՀՕ-107-Ն)
Հոդված 404. | Պահանջը զիջելու ձևը |
1. Հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով:
2. Այն գործարքով, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, պահանջի զիջումը պետք է գրանցվի այդ իրավունքների գրանցման համար սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Օրդերային արժեթղթով պահանջի զիջումը կատարվում է այդ արժեթղթի վրա փոխանցագիր կատարելու միջոցով (149 հոդվածի 3-րդ կետ):
Հոդված 405. | Պահանջը զիջած պարտատիրոջ պատասխանատվությունը |
Պահանջը զիջած սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև պատասխանատվություն է կրում նրան փոխանցված պահանջի անվավերության համար, սակայն պատասխանատվություն չի կրում պարտապանի կողմից այդ պահանջը չկատարելու համար, բացի այն դեպքից, երբ սկզբնական պարտատերը նոր պարտատիրոջ առջև երաշխավորություն է ստանձնել պարտապանի համար:
§ 2. ՊԱՐՏՔԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ
Հոդված 406. | Պարտքը փոխանցելու պայմանը և ձևը |
1. Պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:
2. Պարտքի փոխանցման ձևի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 404 հոդվածի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված կանոնները:
(406-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն, 26.05.08 ՀՕ-107-Ն)
Հոդված 407. | Նոր պարտապանի առարկություններն ընդդեմ պարտատիրոջ պահանջի |
Նոր պարտապանն իրավունք ունի ընդդեմ պարտատիրոջ պահանջի ներկայացնել առարկություններ, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա:
Գ Լ ՈՒ Խ 26
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
⚖Հոդված 408. | Պարտավորության խախտման հասկացությունը |
Պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
⚖Հոդված 409. | Պարտավորության խախտմամբ առաջացած վնասները հատուցելը |
1. Պարտավորությունը խախտած պարտապանը պարտավոր է հատուցել պարտատիրոջը պատճառած վնասները:
2. Վնասները որոշվում են սույն օրենսգրքի 17 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
3. Վնասները որոշելիս նկատի են առնվում պարտապանի կողմից պարտատիրոջ պահանջը կամովին բավարարելու օրն այն վայրում գոյություն ունեցող գները, որտեղ պարտավորությունը պետք է կատարվեր, իսկ, եթե պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճռի կայացման օրը գոյություն ունեցող գները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
4. Բաց թողնված օգուտը որոշելիս հաշվի են առնվում այն ստանալու համար պարտատիրոջ ձեռնարկած միջոցները և այդ նպատակով կատարված նախապատրաստությունները:
Հոդված 410. | Վնասներ և տուժանք |
1. Եթե պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է տուժանք, ապա վնասները հատուցվում են տուժանքով չծածկված մասով:
Օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել դեպքեր, երբ`
1) թույլատրվում է բռնագանձել միայն տուժանքը, սակայն ոչ` վնասները.
2) վնասները կարող են բռնագանձվել լրիվ գումարով` չհաշված տուժանքը.
3) պարտատիրոջ ընտրությամբ կարող են բռնագանձվել կա'մ տուժանքը, կա'մ վնասները:
2. Այն դեպքերում, երբ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար սահմանված է սահմանափակ պատասխանատվություն (հոդված 416), տուժանքով չծածկված մասով կամ դրանից ավելի կամ դրա փոխարեն հատուցման ենթակա վնասները կարող են բռնագանձվել մինչև նման սահմանափակմամբ որոշված շրջանակներում:
⚖Հոդված 411. | Պատասխանատվությունը դրամական պարտավորությունը չկատարելու համար |
1. Ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:
Սույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պայմանագրով նախատեսված տոկոսի չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած` բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա սույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
Սույն կետով նախատեսված տոկոսները չեն հաշվարկվում սույն օրենսգրքի 369-րդ հոդվածով հաշվարկված տուժանքի, 410-րդ հոդվածով հաշվարկված վնասների և տուժանքի և սույն հոդվածի 3-րդ կետով հաշվարկված տոկոսների նկատմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության դրամի և օտարերկրյա այն արժույթների համար, որոնցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում կատարում է գործառնություններ:
3. Եթե պարտատիրոջ դրամական միջոցների անօրինաչափ օգտագործմամբ նրան պատճառված վնասները գերազանցում են սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա նրան հասանելիք տոկոսների գումարը, նա իրավունք ունի պարտապանից պահանջել հատուցելու վնասները:
4. Ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսները գանձվում են մինչև այդ միջոցների գումարը պարտատիրոջը վճարելու օրը, եթե տոկոսների հաշվեգրման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ պայմանագրով:
(411-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 31.03.03 ՀՕ-521-Ն, լրաց. 14.12.17 ՀՕ-319-Ն)
Հոդված 412. | Պատասխանատվությունը և պարտավորությունը բնեղենով կատարելը |
1. Պարտավորությունը անպատշաճ կատարելու դեպքում տուժանք վճարելը և վնասներ հատուցելը պարտապանին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Պարտավորությունը չկատարելու դեպքում վնասները հատուցելը և այն չկատարելու համար տուժանք վճարելը պարտապանին ազատում են պարտավորությունը բնեղենով կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Պարտատիրոջ հրաժարվելը կատարման ընդունումից, որը կետանցի հետևանքով նրա համար կորցրել է հետաքրքրությունը (421 հոդվածի 2-րդ կետ), ինչպես նաև որպես հրաժարագին սահմանված տուժանքի վճարումը (հոդված 425) պարտապանին ազատում են պարտավորությունը բնեղենով կատարելուց:
Հոդված 413. | Պարտավորությունը պարտապանի հաշվին կատարելը |
Պարտապանի կողմից գույք պատրաստելու և պարտատիրոջ սեփականությանը կամ օգտագործմանը հանձնելու կամ նրա համար որոշակի աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու պարտավորությունը չկատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի, ողջամիտ ժամկետում և ողջամիտ գնով, պարտավորության կատարումը հանձնարարել երրորդ անձանց կամ այն կատարել իր ուժերով ու պարտապանից պահանջել հատուցելու իր կրած անհրաժեշտ ծախսերը և այլ վնասները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ պարտավորության էությունից:
Հոդված 414. | Անհատապես որոշվող գույքը հանձնելու պարտավորությունը չկատարելու հետևանքները |
1. Անհատապես որոշվող գույքը պարտատիրոջ սեփականությանը կամ հատուցելի օգտագործմանը հանձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում վերջինս իրավունք ունի պահանջել, որ այդ գույքը վերցվի պարտապանից և իրեն հանձնվի` պարտավորությամբ նախատեսված պայմաններով: Այդ իրավունքը վերանում է, եթե գույքը սեփականության իրավունքով մինչ այդ հանձնվել է երրորդ անձի: Եթե գույքը դեռ չի հանձնվել, ապա պարտատերերից նախապատվության իրավունք ունի նա, ում օգտին ավելի շուտ է ծագել պարտավորությունը, իսկ եթե դա անհնար է որոշել, ապա նա, ով ավելի շուտ է հայց հարուցել:
2. Պարտավորության առարկա գույքն իրեն հանձնելու պահանջի փոխարեն պարտատերը կարող է պահանջել հատուցելու վնասները:
⚖Հոդված 415. | Սուբսիդիար պատասխանատվություն |
1. Մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին:
2. Եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:
3. Պարտատերն իրավունք չունի հիմնական պարտապանին ուղղված իր պահանջի բավարարումը պահանջել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձից, եթե այն կարող է բավարարվել հիմնական պարտապանի դեմ ուղղված հակընդդեմ պահանջի հաշվանցով:
4. Սուբսիդիար պատասխանատվություն կրող անձը, մինչև պարտատիրոջ կողմից իրեն ներկայացված պահանջը բավարարելը, պետք է այդ մասին զգուշացնի հիմնական պարտապանին, իսկ եթե իր դեմ հայց է հարուցվել` վերջինիս մասնակից դարձնի գործին: Հակառակ դեպքում հիմնական պարտապանն իրավունք ունի սուբսիդիար պատասխանատվություն կրող անձի հետադարձ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա ունեցել է պարտատիրոջ պահանջների հանդեպ:
Հոդված 416. | Պարտավորությունների համար պատասխանատվության չափը սահմանափակելը |
1. Պարտավորությունների առանձին տեսակների և գործունեության որոշ տեսակների հետ կապված պարտավորությունների համար օրենքով կարող է սահմանվել վնասները ոչ լրիվ հատուցելու իրավունք (սահմանափակ պատասխանատվություն):
2. Միանալու կամ այլ պայմանագրով, որով պարտատերը սպառող քաղաքացի է, պարտապանի պատասխանատվության չափը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է, եթե պարտավորության տվյալ տեսակի կամ տվյալ խախտման համար պատասխանատվության չափը սահմանված է օրենքով, կամ համաձայնությունը կայացվել է մինչև պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվության հանգեցնող հանգամանքների ի հայտ գալը:
Հոդված 416.1. |
Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողի սահմանափակ պատասխանատվությունը |
1. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից իր տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցված էլեկտրոնային փաստաթղթի բովանդակության, ինչպես նաև այն փոխանցելու միջոցով երրորդ անձանց միջև ծագած պարտավորությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայություն մատուցողի հետ կնքված պայմանագրով:
2. Էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցողը պատասխանատվություն է կրում, եթե առանց լիազորության կամ լիազորությունների սահմանազանցմամբ`
1) այլ անձի անունից փոխանցել է էլեկտրոնային փաստաթուղթը.
2) այլ անձի անունից ընտրել է փոխանցված էլեկտրոնային փաստաթուղթն ստացողին.
3) ընտրել և փոփոխել է այլ անձի էլեկտրոնային փաստաթուղթը:
(416.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)
Հոդված 416.2. |
Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի պատասխանատվության հիմքերը |
1. Երրորդ անձանց համար պայմանագրեր կնքելու կամ կատարելու հարթակ ծառայող ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի շահագործողը (էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողը) երրորդ անձանց միջև կնքված պայմանագրերից ծագող պարտավորությունների համար պատասխանատվություն չի կրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի ու երրորդ անձի միջև կնքված պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին մասը չի գործում, եթե էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողն էլեկտրոնային առևտրային հարթակը շահագործել է օրենքի պահանջների խախտմամբ:
(416.2-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)
⚖Հոդված 417. | Պարտավորությունը խախտելու համար պատասխանատվության հիմքերը |
1. Պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները:
2. Մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը:
3. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած անձը պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նման հանգամանքներ չեն, մասնավորապես, պարտականությունների խախտումը պարտապանի կոնտրագենտների կողմից, շուկայում անհրաժեշտ ապրանքների կամ պարտապանի մոտ անհրաժեշտ դրամական միջոցների բացակայությունը:
4. Պարտավորությունը դիտավորյալ խախտելու համար պատասխանատվությունը վերացնելու կամ սահմանափակելու մասին նախապես կնքված համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 418. | Պարտապանի պատասխանատվությունն իր աշխատողների գործողությունների համար |
Պարտավորության կատարմանն ուղղված պարտապանի աշխատողների գործողությունները համարվում են պարտապանի գործողություններ: Պարտապանը պատասխանատու է այդ գործողությունների համար, եթե դրանք հանգեցրել են պարտավորությունը չկատարելուն կամ դրա անպատշաճ կատարելուն:
Հոդված 419. | Պարտապանի պատասխանատվությունը երրորդ անձանց գործողությունների համար |
Պարտապանը պատասխանատու է երրորդ անձանց կողմից, որոնց վրա դրված է եղել կատարումը, պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե օրենքով սահմանված չէ, որ պատասխանատվությունը կրում է պարտավորությունն անմիջական կատարող երրորդ անձը:
Հոդված 420. | Երկու կողմերի մեղքով պարտավորությունը խախտելու հետևանքները |
1. Եթե պարտավորությունը չկատարելը կամ այն անպատշաճ կատարելը տեղի է ունեցել երկու կողմերի մեղքով, ապա դատարանը համապատասխանաբար նվազեցնում է պարտապանի պատասխանատվության չափը: Դատարանն իրավունք ունի նաև նվազեցնել պարտապանի պատասխանատվության չափը, եթե պարտատերը դիտավորյալ կամ անզգույշ նպաստել է պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով պատճառված վնասների չափի ավելացմանը կամ ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել դրանց նվազեցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքերում, երբ պարտապանը, անկախ իր մեղքից, օրենքի կամ պայմանագրի ուժով պատասխանատվություն է կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Հոդված 421. | Պարտապանի կետանցը |
1. Կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:
2. Եթե պարտապանի կետանցի հետևանքով կատարումը պարտատիրոջ համար կորցրել է իր հետաքրքրությունը, ապա նա կարող է հրաժարվել կատարումն ընդունելուց և պահանջել հատուցելու վնասները:
3. Պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցի հետևանքով:
Հոդված 422. | Պարտատիրոջ կետանցը |
1. Պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված կամ գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից բխող գործողություններ, որոնք չկատարելու դեպքում պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը:
Պարտատերը կետանցող է համարվում նաև սույն օրենսգրքի 424 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում:
2. Պարտատիրոջ կետանցը պարտապանին իրավունք է տալիս պահանջել հատուցելու դրանով պատճառված վնասները, եթե պարտատերը չի ապացուցում, որ կետանցն առաջացել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար ոչ ինքը, ոչ էլ այն անձինք, որոնց վրա օրենքի, այլ իրավական ակտերի ուժով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է կատարման ընդունումը, պատասխանատու չեն:
3. Դրամական պարտավորությամբ պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցի համար:
Գ Լ ՈՒ Խ 27
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵԼԸ
⚖Հոդված 423. | Պարտավորությունները դադարելու հիմքերը |
1. Պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
2. Կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
⚖Հոդված 424. | Պարտավորության դադարելը կատարմամբ |
1. Պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
2. Պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին:
Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ:
Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:
3. Պարտատիրոջ կողմից ստացական տալուց, պարտքային փաստաթուղթը վերադարձնելուց կամ այն վերադարձնելու անհնարինության մասին ստացականում նշելուց հրաժարվելու դեպքերում, պարտապանն իրավունք ունի կասեցնել կատարումը: Այդ դեպքերում պարտատերը համարվում է կետանցող:
⚖Հոդված 425. | Հրաժարագին |
Կողմերի համաձայնությամբ պարտավորությունը կարող է դադարել կատարման փոխարեն հրաժարագին տրամադրելով (դրամ վճարելով, գույք հանձնելով և այլն): Հրաժարագնի չափը, ինչպես նաև այն տրամադրելու ժամկետները և կարգը սահմանում են կողմերը:
Հոդված 426. | Պարտավորության դադարելը հաշվանցով |
Պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է միատեսակ հանդիպական այն պահանջի հաշվանցով, որի ժամկետը լրացել է կամ նշված չէ, կամ որոշված է պահանջի պահով: Հաշվանցի համար բավական է մեկ կողմի հայտարարությունը:
Հոդված 427. | Հաշվանցի անթույլատրելիության դեպքերը |
Պահանջների հաշվանց չի թույլատրվում, եթե`
1) մյուս կողմի դիմումով պահանջի նկատմամբ ենթակա է կիրառման հայցային վաղեմության ժամկետ և այդ ժամկետը լրացել է.
2) դրանք վերաբերում են կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցմանը.
3) դրանք վերաբերում են ալիմենտի բռնագանձմանը:
Պահանջների հաշվանց չի թույլատրվում նաև օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 428. | Հաշվանցը պահանջը զիջելիս |
1. Պահանջի զիջման դեպքում պարտապանն իրավունք ունի նոր պարտատիրոջ պահանջի դեմ հաշվանցել սկզբնական պարտատիրոջ նկատմամբ իր հանդիպական պահանջը:
2. Հաշվանցը կատարվում է, եթե պահանջը ծագել է պարտապանի կողմից պահանջի զիջման մասին ծանուցում ստանալու պահին գոյություն ունեցող հիմքով, և պահանջի ժամկետը լրացել է մինչև պահանջի զիջման մասին նրա կողմից ծանուցում ստանալը, կամ եթե այդ ժամկետը նշված չէ կամ որոշված է պահանջի պահով:
Հոդված 429. | Պարտավորության դադարելը պարտապանի և պարտատիրոջ համընկնման դեպքում |
Պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է:
Հոդված 430. | Պարտավորության դադարելը նորացմամբ |
1. Պարտավորությունը դադարում է կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը նույն անձանց միջև մեկ այլ պարտավորությամբ փոխարինելու մասին համաձայնությամբ, որը նախատեսում է դրա այլ առարկա կամ կատարման այլ եղանակ (նորացում):
2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման և ալիմենտի վճարման պարտավորությունների նկատմամբ նորացում չի թույլատրվում:
3. Նորացումը դադարեցնում է սկզբնական պարտավորության հետ կապված լրացուցիչ պարտավորությունները, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 431. | Պարտքը ներելը |
Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ կողմից պարտապանին իր պարտականություններից ազատելով (պարտքը ներելով), եթե դա չի խախտում պարտատիրոջ գույքի նկատմամբ այլ անձանց իրավունքները:
Հոդված 432. | Պարտավորության դադարելը կատարման անհնարինությամբ |
1. Պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:
2. Պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը:
Հոդված 433. | Պարտավորության դադարելը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հիման վրա |
1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի հրապարակման հետևանքով պարտավորությունը կատարելը լրիվ կամ մասնակի դառնում է անհնարին, պարտավորությունը լրիվ կամ համապատասխան մասով դադարում է: Դրա հետևանքով վնաս կրած կողմերը, սույն օրենսգրքի 15 և 18 հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն պահանջել հատուցելու վնասները:
2. Սահմանված կարգով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի այն ակտն անվավեր ճանաչելու դեպքում, որի հիման վրա պարտավորությունը դադարել է, պարտավորությունը վերականգնվում է, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ պարտավորության էությունից, և դրա կատարումը պարտատիրոջ համար չի կորցրել իր հետաքրքրությունը:
Հոդված 434. | Պարտավորության դադարելը քաղաքացու մահով |
1. Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:
2. Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ:
Հոդված 435. | Պարտավորության դադարելն իրավաբանական անձի լուծարմամբ |
Պարտավորությունը դադարում է իրավաբանական անձի (պարտապանի կամ պարտատիրոջ) լուծարմամբ:
ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՌԱՋԻՆ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 28
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
⚖Հոդված 436. | Պայմանագրի հասկացությունը |
1. Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:
2. Պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 18 գլխում նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:
3. Պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի կանոններով:
4. Երկուսից ավելի կողմերի միջև կնքված պայմանագրերի նկատմամբ պայմանագրի մասին ընդհանուր դրույթները կիրառվում են, եթե դա չի հակասում նման պայմանագրերի բազմակողմանի բնույթին:
⚖Հոդված 437. | Պայմանագրի ազատություն |
1. Քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս:
Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:
2. Կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր:
3. Կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:
4. Պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):
5. Այն դեպքերում, երբ պայմանագրի պայմանը նախատեսված է նորմով, որը կիրառվում է, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ (դիսպոզիտիվ նորմ), կողմերը կարող են իրենց համաձայնությամբ բացառել այդ նորմի կիրառումը կամ սահմանել դրանում նախատեսվածից այլ պայման: Նման համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի պայմանը որոշվում է դիսպոզիտիվ նորմով:
6. Եթե պայմանագրի պայմանը սահմանված չէ կողմերի համաձայնությամբ կամ դիսպոզիտիվ նորմով, համապատասխան պայմանը որոշվում է կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
Հոդված 438. | Պայմանագիր և օրենք |
1. Պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):
2. Եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:
Հոդված 439. | Հատուցելի և անհատույց պայմանագրեր |
1. Պայմանագիրը, որով կողմն իր պարտականությունների կատարման համար պետք է վճար կամ այլ հանդիպական կատարում ստանա, հատուցելի է:
2. Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով մի կողմը պարտավորվում է որևէ բան տրամադրել մյուս կողմին` առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու:
3. Պայմանագիրը ենթադրվում է հատուցելի, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրի բովանդակությունից կամ էությունից:
Հոդված 440. | Պայմանագրի գինը |
1. Պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով:
Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները (տարիֆները, վարձաչափերը, դրույքները և այլն):
2. Պայմանագրի կնքումից հետո դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով:
3. Այն դեպքերում, երբ հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ և չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա, պայմանագրի կատարումը պետք է վճարվի այն գնով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար:
Հոդված 441. | Պայմանագրի գործողությունը |
1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և կողմերի համար պարտադիր է դառնում կնքելու պահից:
2. Կողմերն իրավունք ունեն սահմանելու, որ իրենց կնքած պայմանագրի պայմանները կիրառվում են մինչև պայմանագիր կնքելն իրենց միջև ծագած հարաբերությունների նկատմամբ:
3. Օրենքով կամ պայմանագրով կարող է նախատեսվել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտով դադարում են կողմերի պարտավորությունները:
Պայմանագիրը, որում բացակայում է նման պայմանը, գործում է մինչև դրանով որոշված պարտավորության կատարման ավարտը:
4. Պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերին չի ազատում մինչ այդ պայմանագիրը խախտելու համար պատասխանատվությունից:
Հոդված 442. | Հրապարակային պայմանագիր |
1. Հրապարակային է համարվում առևտրային կազմակերպության կնքած և ապրանքներ վաճառելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու նրա պարտականությունները սահմանող պայմանագիրը, որոնք այդ կազմակերպությունն իր գործունեության բնույթով պետք է իրականացնի յուրաքանչյուրի նկատմամբ, ով կդիմի իրեն (մանրածախ առևտուր, ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ, կապի ծառայություններ, էներգամատակարարում, բժշկական, հյուրանոցային սպասարկում և այլն):
2. Հրապարակային պայմանագիրը կնքելու դեպքում առևտրային կազմակերպությունն իրավունք չունի որևէ անձի նախապատվություն տալ այլ անձի հանդեպ:
3. Ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գինը, ինչպես նաև հրապարակային պայմանագրի այլ պայմանները բոլոր սպառողների համար սահմանվում են միանման:
4. Սպառողին ապրանքներ տրամադրելու, նրա համար աշխատանքներ կատարելու և նրան ծառայություններ մատուցելու հնարավորության դեպքում առևտրային կազմակերպությունը չի կարող հրաժարվել հրապարակային պայմանագիր կնքելուց:
Առևտրային կազմակերպության կողմից հրապարակային պայմանագիրը կնքելուց անհիմն կերպով խուսափելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:
5. Օրենքով նախատեսված դեպքերում կառավարությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող են հրատարակել հրապարակային պայմանագիր կնքելու և կատարելու վերաբերյալ կողմերի համար պարտադիր կանոններ (օրինակելի պայմանագրեր և այլն):
6. Հրապարակային պայմանագրի` սույն հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված պահանջներին չհամապատասխանող պայմաններն առոչինչ են:
(442-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-22-Ն)
Հոդված 443. | Պայմանագրի ընդհանուր պայմանները |
(վերնագիրը խմբ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
1. Պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի կամ տվյալ պայմանագրի համար մշակված և կողմերին հասանելի եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակներում հրապարակված կամ կողմերին այլ կերպ հասանելի դարձած ընդհանուր պայմաններով:
2. Պայմանագրի ընդհանուր պայմանները համարվում են պայմանագրի անբաժանելի մասը և կիրառվում են կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է այն կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը:
3. Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքման դեպքում, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների, պետք է ապահովվի պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնություն տալը՝ դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով։
4. Այն դեպքերում, երբ պայմանագրում առկա չէ հղում դրա ընդհանուր պայմաններին, ապա նման պայմանները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են որպես գործարար շրջանառության սովորույթներ, եթե դրանք համապատասխանում են սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով և 437-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին։
5. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են պայմանագրի առանձին տեսակների նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:
6. Օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել պայմանագրի ընդհանուր պայմանների վավերականության ավելի խիստ պահանջներ:
(443-րդ հոդվածը խմբ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
⚖Հոդված 444. | Միանալու պայմանագիր |
1. Միանալու է համարվում այն պայմանագիրը, որի պայմանները կողմերից մեկը սահմանել է ստանդարտ ձևերով, իսկ մյուս կողմը դրանք կարող է ընդունել առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով: Պայմանագիրը համարվում է միանալու նաև այն դեպքում, երբ պայմանագրին միացող կողմը թեկուզև մասնակցել է պայմանագրի որևէ պայմանի որոշմանը, սակայն պայմանագրի կամ դրա որևէ պայմանի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ պայմանագիրը սահմանվել է ստանդարտ ձևերով, և որոշված պայմանը չի փոխում դրա՝ որպես միանալու պայմանագրի էությունը:
2. Պայմանագրին միացած կողմն իրավունք ունի պահանջել լուծելու կամ փոփոխելու պայմանագիրը, եթե միանալու պայմանագիրը թեկուզև չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, սակայն այդ կողմին զրկում է նման տեսակի պայմանագրերով սովորաբար տրամադրվող իրավունքներից, բացառում կամ սահմանափակում է մյուս կողմի պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համար կամ պարունակում է միացած կողմի համար այլ ակնհայտ ծանր պայմաններ, որոնք նա, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի, եթե հնարավորություն ունենար մասնակցել պայմանագրի պայմանների որոշմանը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին պայմանագրին միացած կողմի ներկայացրած պահանջը, կապված նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ենթակա չէ բավարարման, եթե միացած կողմը գիտեր կամ պետք է իմանար, թե ինչ պայմաններով է կնքում պայմանագիրը:
(444-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)
⚖Հոդված 445. | Նախնական պայմանագիր |
1. Նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:
2. Նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:
3. Նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները:
4. Նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:
5. Այն դեպքերում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:
6. Նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին:
7. Մտադրությունների մասին համաձայնությունը (մտադրությունների մասին արձանագրությունը և այլն), եթե դրանում ուղղակիորեն չի արտահայտված դրան նախնական պայմանագրի ուժ տալու մասին կողմերի կամքը, չի հանգեցնում քաղաքացիական իրավական հետևանքների:
Հոդված 446. | Պայմանագիր` հօգուտ երրորդ անձի |
1. Հօգուտ երրորդ անձի է համարվում այն պայմանագիրը, որում կողմերը սահմանել են, որ պարտապանը պարտավոր է պարտավորությունը կատարել ոչ թե հօգուտ պարտատիրոջ, այլ` պայմանագրում նշված կամ չնշված երրորդ անձի, որն իրավունք ունի պարտապանից պահանջել իր օգտին կատարելու պարտավորությունը:
2. Երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկությունը պարտապանին հայտնելու պահից կողմերն առանց երրորդ անձի համաձայնության չեն կարող լուծել կամ փոփոխել իրենց կնքած պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով: Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում լռությունը կարող է համարվել որպես երրորդ անձի կողմից պայմանագրով իր իրավունքից օգտվելու ցանկության հայտնում:
3. Պարտապանն իրավունք ունի երրորդ անձի պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա կարող էր ներկայացնել պարտատիրոջ դեմ:
4. Այն դեպքում, երբ երրորդ անձը հրաժարվում է պայմանագրով իրեն տրամադրված իրավունքից, պարտատերը կարող է օգտվել այդ իրավունքից, եթե դա չի հակասում օրենքին, այլ իրավական ակտերին և պայմանագրին:
(446-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 447. | Պայմանագրի մեկնաբանումը |
1. Պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:
3. Օրենքով կարող են նախատեսվել սպառողների հետ կնքվող պայմանագրերի մեկնաբանման այլ կանոններ:
(447-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Գ Լ ՈՒ Խ 29
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ
⚖Հոդված 448. | Հիմնական դրույթներ պայմանագիր կնքելու մասին |
1. Պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
2. Պայմանագիրը կնքվում է կողմերից մեկի օֆերտան (պայմանագիր կնքելու առաջարկը) ուղարկելու և մյուս կողմի դրա ակցեպտի (առաջարկը ընդունելու) միջոցով:
⚖Հոդված 449. | Պայմանագիրը կնքելու պահը |
1. Պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած անձի կողմից դրա ակցեպտն ստանալու պահից:
2. Եթե օրենքին համապատասխան, պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է նաև հանձնել գույք, պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը հանձնելու պահից (հոդված 177):
3. Այն պայմանագիրը, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման, կնքված է համարվում այդ իրավունքի գրանցման պահից:
⚖Հոդված 450. | Պայմանագրի ձևը |
1. Պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:
2. Եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձևով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձև տալուց հետո, թեկուզև պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձևը օրենքով չի պահանջվում:
3. Պայմանագիրը գրավոր ձևով կարող է կնքվել՝
1) կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով.
2) փոստային եղանակով փաստաթուղթ փոխանակելու միջոցով.
3) էլեկտրոնային եղանակով:
3.1. Պայմանագիրն էլեկտրոնային եղանակով կարող է կնքվել էլեկտրոնային հաղորդակցության կամ կապի այլ միջոցներով էլեկտրոնային հաղորդագրություն, փաստաթուղթ կամ տվյալ փոխանակելու միջոցով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակով (ինտերնետային կայքով, էլեկտրոնային հավելվածով կամ համանման այլ միջոցներով) էլեկտրոնային տվյալների փոխանակման միջոցով՝ պայմանագրի կնքմանն ուղղված հստակ գործողություն իրականացնելով:
3.2. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս պետք է՝
1) հնարավոր լինի հաստատել փոխանակվող էլեկտրոնային հաղորդագրության, փաստաթղթի կամ տվյալի իսկությունը և օրենքով, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կողմերի միջև համաձայնեցված կարգով պատշաճ կերպով ապահովվի պայմանագիր կնքող անձի նույնականացումը (հնարավոր լինի ճշգրիտ որոշել, որ էլեկտրոնային հաղորդագրությունը, փաստաթուղթը կամ տվյալը ելնում է պայմանագրի կողմից և արտահայտում է վերջինիս կամքը), և
2) ապահովվի պայմանագիրը կնքող անձի կողմից տվյալ պայմանագիրը (ներառյալ՝ դրա ընդհանուր պայմանները (հոդված 443)) պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունը։
3.3. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս, եթե օրենքով նման պայմանագրի ձևի վերաբերյալ այլ պահանջ սահմանված չէ, ապա էլեկտրոնային թվային ստորագրությամբ չպաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ անձի կողմից ձեռագիր ստորագրված փաստաթուղթը:
4. Պայմանագրի գրավոր ձևը պահպանված է համարվում, եթե պայմանագիր կնքելու գրավոր առաջարկն ընդունված է սույն օրենսգրքի 454 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
(450-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն, խմբ., լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 451. | Օֆերտա |
1. Օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ:
Օֆերտան պետք է պարունակի պայմանագրի էական պայմանները:
2. Օֆերտան կաշկանդում է ուղարկող անձին` այն հասցեատիրոջ կողմից ստանալու պահից:
Եթե օֆերտայի հետկանչի մասին ծանուցումն ստացվել է օֆերտան ստանալուց առաջ կամ դրա հետ միաժամանակ, ապա օֆերտան համարվում է չուղարկված:
3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս օֆերտան համարվում է ստացված այն պահից, երբ՝
1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ
2) այն հայտնաբերել է հասցեատերը, եթե օֆերտան ուղարկվել է հասցեատիրոջ չնշած տեղեկատվական համակարգ:
(451-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն, փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 452. | Օֆերտայի անհետկանչելիությունը |
1. Հասցեատիրոջ ստացած օֆերտան չի կարող հետ կանչվել դրա ակցեպտի համար օֆերտայում սահմանված ժամկետում, եթե այլ վերապահում չկա օֆերտայում, կամ չի բխում առաջարկի էությունից կամ այն իրավիճակից, որում այն արվել է:
2. Էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս օֆերենտն ու ակցեպտանտն ունեն օֆերտայում կամ ակցեպտում իրենց վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ճշտման իրավունք, պայմանով, որ այն իրականացվի վրիպակի, գրասխալի կամ թվաբանական սխալի հայտնաբերման պահից անհապաղ, և մյուս կողմը չի ձեռնարկել պայմանագրի կատարմանն ուղղված գործողություն (ապրանքներ բեռնել, աշխատանքներ կատարել, ծառայություններ մատուցել, վճարում կատարել և այլն), որը հանգեցրել է ծախսերի:
(452-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն, փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 453. | Օֆերտա անելու հրավեր: Հրապարակային օֆերտա |
1. Գովազդը և անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են օֆերտա անելու հրավեր, եթե ուղղակիորեն այլ բան նշված չէ առաջարկում:
2. Պայմանագրի բոլոր էական պայմանները պարունակող առաջարկը, որից հետևում է առաջարկում նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի հետ պայմանագիր կնքելու առաջարկ անողի կամքը, համարվում է հրապարակային օֆերտա:
Հոդված 454. | Ակցեպտ |
1. Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան:
Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:
2. Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:
3. Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը (ապրանքներ բեռնելը, աշխատանքներ կատարելը, ծառայություններ մատուցելը, համապատասխան գումար վճարելը և այլն) համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:
4. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ, ապա էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելիս ակցեպտը համարվում է ստացված այն պահից, երբ՝
1) այն մուտք է գործում հասցեատիրոջ նշած տեղեկատվական համակարգ կամ նրա կողմից կիրառվող կամ շահագործվող էլեկտրոնային հարթակ, կամ
2) այն հայտնաբերել է օֆերտա ուղարկած անձը, եթե ակցեպտն ուղարկվել է նրա չնշած տեղեկատվական համակարգ:
(454-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն, խմբ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 455. | Ակցեպտի հետկանչը |
Եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ, ապա ակցեպտը համարվում է չստացված:
Հոդված 456. | Ակցեպտի համար ժամկետ սահմանող օֆերտայի հիման վրա պայմանագիր կնքելը |
Եթե օֆերտայում սահմանված է ակցեպտի համար ժամկետ, ապա պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտն ստացել է օֆերտայում նշված ժամկետի սահմաններում:
Հոդված 457. | Ակցեպտի համար ժամկետ չսահմանող օֆերտայի հիման վրա պայմանագիր կնքելը |
1. Երբ գրավոր օֆերտայում ակցեպտի համար ժամկետ սահմանված չէ, պայմանագիրը կնքված է համարվում, եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտն ստացել է մինչև օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետի ավարտը, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ, ապա` դրա համար անհրաժեշտ ժամկետում:
2. Երբ օֆերտան արված է բանավոր` առանց ակցեպտի համար ժամկետ նշելու, պայմանագիրը համարվում է կնքված, եթե մյուս կողմն անհապաղ հայտարարել է դրա ակցեպտի մասին:
Հոդված 458. | Ուշացումով ստացված ակցեպտ |
Այն դեպքերում, երբ ակցեպտի մասին ժամանակին ուղարկված ծանուցումն ստացվել է ուշացումով, ակցեպտն ուշացած չի համարվում, եթե օֆերտա ուղարկած կողմը մյուս կողմին անհապաղ չի տեղեկացնում ակցեպտն ուշացումով ստանալու մասին: Եթե օֆերտա ուղարկած կողմը մյուս կողմին անհապաղ տեղեկացնում է նրա` ուշացումով ստացած ակցեպտի ընդունման մասին, ապա պայմանագիրը համարվում է կնքված:
Հոդված 459. | Այլ պայմաններով ակցեպտ |
Պայմանագիրն օֆերտայում առաջարկվածից այլ պայմաններով կնքելու համաձայնության մասին պատասխանն ակցեպտ չէ: Նման պատասխանը համարվում է հրաժարվել ակցեպտից և միաժամանակ` նոր օֆերտա:
Հոդված 460. | Պայմանագիր կնքելու վայրը |
Եթե պայմանագրում նշված չէ դրա կնքելու վայրը, պայմանագիրը կնքված է համարվում օֆերտա ուղարկած քաղաքացու բնակության կամ իրավաբանական անձի գտնվելու վայրում:
⚖Հոդված 461. | Կողմի խուսափելը պայմանագիր կնքելուց |
1. Եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով:
2. Պայմանագիր կնքելուց անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի դրանով պատճառված վնասները:
Հոդված 462. | Նախապայմանագրային վեճեր |
Պայմանագիրը կնքելիս ծագած տարաձայնությունները, սույն օրենսգրքի 461 հոդվածի հիման վրա կամ կողմերի համաձայնությամբ, դատական քննության հանձնելու դեպքերում պայմանագրի պայմանները, որոնցով կողմերի միջև տարաձայնություններ կան, որոշվում են դատարանի վճռին համապատասխան:
Հոդված 463. | Պայմանագրի կնքելը սակարկություններով |
1. Պայմանագիրը, եթե այլ բան չի բխում դրա էությունից, կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է սակարկություններում հաղթած անձի հետ:
2. Որպես սակարկությունների կազմակերպիչ` կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նաև այն անձը, որը գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից:
3. Սույն օրենսգրքում կամ այլ օրենքում նշված դեպքերում գույքը կամ գույքային իրավունքը վաճառելու մասին պայմանագրերը կարող են կնքվել միայն սակարկությունների միջոցով:
4. Սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձևով:
Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում` այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ:
Սակարկությունների ձևը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
(463-րդ հոդվածը խմբ. 08.10.03 ՀՕ-16-Ն)
Հոդված 464. | Սակարկություններ կազմակերպելու և անցկացնելու կարգը |
1. Աճուրդները և մրցույթները կարող են լինել բաց և փակ:
Բաց աճուրդին և բաց մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Փակ աճուրդին և փակ մրցույթին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:
2. Սակարկություններն անցկացնելու մասին ծանուցումը պետք է արվի կազմակերպչի կողմից` սակարկություններ անցկացնելուց առնվազն երեսուն օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի սակարկությունների ժամանակի, տեղի և ձևի, դրանց առարկայի ու անցկացման կարգի, այդ թվում` սակարկություններում մասնակցության ձևակերպման, սակարկություններում հաղթած անձանց որոշման, ինչպես նաև մեկնարկային գնի մասին:
Այն դեպքում, երբ սակարկությունների առարկան պայմանագիր կնքելու իրավունք է, կայացվելիք սակարկությունների մասին ծանուցման մեջ պետք է նշվի դրա համար տրամադրվող ժամկետը:
3. Բաց սակարկությունների կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել աճուրդ անցկացնելուց, սակայն ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, իսկ մրցույթն անցկացնելուց` ոչ ուշ, քան այն անցկացնելուց երեսուն օր առաջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ սակարկություններ անցկացնելու մասին ծանուցմամբ:
Այն դեպքերում, երբ բաց սակարկությունների կազմակերպիչը դրանք անցկացնելուց հրաժարվել է նշված ժամկետների խախտմամբ, նա պարտավոր է մասնակիցներին հատուցել նրանց կրած իրական վնասը:
Փակ աճուրդի կամ փակ մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հատուցել իր հրավիրած մասնակիցների կրած իրական վնասը, անկախ այն բանից, թե ծանուցումն ուղարկելուց հետո ինչ ժամկետում է հրաժարվել սակարկություններից:
4. Սակարկությունների մասնակիցները դրանց անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով, ժամկետներում և կարգով մուծում են նախավճար: Եթե սակարկությունները չեն կայացել, նախավճարը վերադարձվում է: Նախավճարը վերադարձվում է նաև սակարկություններում չհաղթած մասնակիցներին:
Սակարկություններում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:
5. Սակարկություններում հաղթած անձը և սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ: Սակարկություններում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը: Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկություններում հաղթած անձին հատուցել սակարկություններին մասնակցելու հետևանքով կրած վնասները:
6. Եթե սակարկությունների առարկան միայն պայմանագիր կնքելու իրավունք է, ապա կողմերը նման պայմանագիրը պետք է ստորագրեն սակարկությունների ավարտից և արձանագրության ձևակերպումից հետո քսան օրվանից կամ ծանուցման մեջ նշված այլ ժամկետից ոչ ուշ:
7. Պայմանագիր կնքելուց կողմերից մեկի խուսափելու դեպքում մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` պայմանագիր կնքելուն հարկադրելու, ինչպես նաև դրա կնքումից խուսափելու հետևանքով պատճառված վնասները հատուցելու պահանջով:
(464-րդ հոդվածը փոփ. 08.10.03 ՀՕ-16-Ն)
Հոդված 465. | Սակարկություններ անցկացնելու կանոնները խախտելու հետևանքները |
1. Օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
2. Սակարկություններն անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկություններում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
Գ Լ ՈՒ Խ 30
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՈՓՈԽԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ
⚖Հոդված 466. | Պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը |
1. Պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
2. Պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:
3. Պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:
Հոդված 467. | Պայմանագիրը փոփոխելը և լուծելը հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ |
1. Հանգամանքների, որոնցից ելել էին կողմերը պայմանագիրը կնքելիս, էական փոփոխությունը հիմք է պայմանագրի փոփոխման կամ լուծման համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում դրա էությունից:
Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի:
2. Եթե կողմերը համաձայնության չեն հասել պայմանագիրն էականորեն փոփոխված հանգամանքներին համապատասխանեցնելու կամ դրա լուծման հարցում, պայմանագիրը կարող է լուծվել, իսկ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով` շահագրգիռ կողմի պահանջով փոփոխվել դատարանով` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ`
1) պայմանագիր կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա.
2) հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պատճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանից պահանջվող հոգատարությամբ և շրջահայացությամբ.
3) պայմանագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտեր կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և շահագրգիռ կողմին այնպիսի վնաս կպատճառեր, որը նրան զգալի չափով կզրկեր այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս.
4) գործարար շրջանառության սովորույթներից կամ պայմանագրի էությունից չի բխում, որ հանգամանքների փոփոխության ռիսկը կրում է շահագրգիռ կողմը:
3. Հանգամանքների էական փոփոխության հետևանքով պայմանագիրը լուծելիս դատարանը ցանկացած կողմի պահանջով որոշում է լուծման հետևանքները` ելնելով այդ պայմանագիրը կատարելու կապակցությամբ կողմերի կրած ծախսերը նրանց միջև արդարացի բաշխելու անհրաժեշտությունից:
4. Հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ դատարանի վճռով պայմանագրի փոփոխում թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե պայմանագրի լուծումը հակասում է հանրային շահերին կամ կողմերին պատճառում է այնպիսի վնաս, որն զգալիորեն գերազանցում է դատարանի կողմից փոփոխած պայմաններով պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ծախսերը:
⚖Հոդված 468. | Պայմանագիրը փոփոխելու և լուծելու կարգը |
1. Պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
1.1. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի կարելի է փոփոխել, եթե այդպիսի փոփոխման հնարավորությունը նախատեսված է կողմերի միջև կնքված, պայմանագրի ընդհանուր պայմաններին հղում պարունակող պայմանագրով կամ օրենքով։
1.2. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի փոփոխելու դեպքում դրանք փոփոխող կողմը փոփոխության վերաբերյալ մյուս կողմին տեղեկացնում է կողմերի միջև համաձայնեցված այնպիսի եղանակով, որն ապահովում է կատարված փոփոխություններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու, դրանք պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունները: Փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է մինչև փոփոխությունն ուժի մեջ մտնելը՝ ողջամիտ ժամկետում, եթե պայմանագրով, օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:
2. Կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:
(468-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)
⚖Հոդված 469. | Պայմանագիրը փոփոխելու և լուծելու հետևանքները |
1. Պայմանագիրը փոփոխելիս կողմերի պարտավորությունները պահպանվում են ըստ փոփոխված պայմանագրի:
2. Պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:
3. Պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
4. Կողմերն իրավունք չունեն պահանջելու վերադարձնել այն, ինչը կատարել են պարտավորությամբ մինչև պայմանագրի փոփոխման կամ լուծման պահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:
5. Եթե պայմանագրի փոփոխման կամ լուծման համար հիմք է ծառայել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի էական խախտումը, մյուս կողմն իրավունք ունի պահանջել հատուցելու պայմանագրի փոփոխմամբ կամ լուծմամբ պատճառված վնասները:
ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Գ Լ ՈՒ Խ 31
ԱՌՈՒՎԱՃԱՌՔ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ
⚖Հոդված 470. | Առուվաճառքի պայմանագիր |
1. Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
2. Սույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են արժեթղթերի և արժութային արժեքների առուվաճառքի նկատմամբ, եթե դրանց առուվաճառքի համար հատուկ կանոնները սահմանված չեն օրենքով:
3. Սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում առանձին տեսակների ապրանքներ գնելու ու վաճառելու առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և այլ իրավական ակտերով:
4. Սույն պարագրաֆում նախատեսված դրույթները կիրառվում են գույքային իրավունքների վաճառքի նկատմամբ, եթե այլ բան չի բխում այդ իրավունքների բովանդակությունից կամ բնույթից:
5. Սույն պարագրաֆով նախատեսված դրույթները կիրառվում են առուվաճառքի պայմանագրի առանձին տեսակների (մանրածախ առուվաճառք, ապրանքների մատակարարում, ապրանքների մատակարարում պետական կարիքների համար, էներգամատակարարում, անշարժ գույքի վաճառք) նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:
Հոդված 471. | Պայմանագրի պայմանն ապրանքի մասին |
1. Առուվաճառքի պայմանագրով ապրանք կարող է լինել սույն օրենսգրքի 133 հոդվածով նախատեսված կանոններին համապատասխանող ցանկացած գույք:
2. Պայմանագիրը կարող է կնքվել, ինչպես այն կնքելու պահին` վաճառողի մոտ առկա ապրանքի, այնպես էլ այն ապրանքի առուվաճառքի վերաբերյալ, որը վաճառողը պետք է պատրաստի կամ ձեռք բերի ապագայում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում ապրանքի բնույթից:
3. Առուվաճառքի պայմանագրի ապրանքի մասին պայմանը համարվում է համաձայնեցված, եթե պայմանագիրը հնարավորություն է ընձեռում որոշել ապրանքի անվանումը և քանակը:
Հոդված 472. | Ապրանքը հանձնելու վաճառողի պարտականությունները |
1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրով նախատեսված ապրանք:
2. Վաճառողը պարտավոր է ապրանքը հանձնելու հետ միաժամանակ գնորդին հանձնել դրա պատկանելիքները, ինչպես նաև դրան վերաբերող փաստաթղթերը (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր, շահագործման վերաբերյալ հրահանգ և այլն), որոնք նախատեսված են օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Հոդված 473. | Ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը |
1. Վաճառողի կողմից գնորդին ապրանքը հանձնելու պարտականությունը կատարելու ժամկետը սահմանվում է առուվաճառքի պայմանագրով, իսկ եթե պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել այդ ժամկետը, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածով սահմանված կանոններին համապատասխան:
2. Առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված որոշակի ժամկետում այն կատարելու պայմանով, եթե պայմանագրից հստակ բխում է, որ կատարման ժամկետի խախտման դեպքում գնորդը կորցնում է հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ:
Վաճառողն իրավունք ունի նման պայմանագիրը կատարել դրանում սահմանված ժամկետից շուտ կամ ավարտից հետո` միայն գնորդի համաձայնությամբ:
Հոդված 474. | Վաճառողի` ապրանք հանձնելու պարտականությունը կատարելու պահը |
1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, ապրանքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այն պահին, երբ`
1) ապրանքը հանձնվում է գնորդին կամ նրա նշած անձին, եթե պայմանագրով նախատեսված է ապրանքը տեղ հասցնելու վաճառողի պարտականությունը.
2) ապրանքը հանձնվում է գնորդի տնօրինությանը, եթե այն պետք է գնորդին կամ նրա նշած անձին հանձնվի ապրանքի գտնվելու վայրում: Ապրանքը համարվում է գնորդի տնօրինությանը հանձնված, եթե պայմանագրով նախատեսված ժամկետում, պատշաճ վայրում, ապրանքը պատրաստ է հանձնելու, և գնորդը, պայմանագրի պայմանների համաձայն, ծանուցված է հանձնելու համար ապրանքը պատրաստ լինելու մասին: Ապրանքը չի համարվում հանձնելու համար պատրաստ, եթե այն պիտակավորման կամ այլ եղանակով նույնացված չէ պայմանագրի նպատակների համար:
2. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրից չի բխում ապրանքը տեղ հասցնելու կամ գնորդին դրա գտնվելու վայրում հանձնելու վաճառողի պարտականությունը, այն համարվում է կատարված ապրանքը գնորդին հասցնելու համար փոխադրողին կամ կապի կազմակերպությանը հանձնելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 475. | Ապրանքի պատահական կորստի և պատահական վնասվածքի ռիսկը գնորդին անցնելը |
1. Ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը գնորդին է անցնում այն պահից, երբ վաճառողը, օրենքին կամ պայմանագրին համապատասխան, համարվում է ապրանքը գնորդին հանձնելու պարտականությունը կատարած, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
2. Ճանապարհին գտնվող ապրանքի վաճառքի դեպքում դրա պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:
3. Պայմանագրի պայմանը, որի համաձայն ապրանքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկն անցնում է գնորդին` ապրանքն առաջին փոխադրողին հանձնելու պահից, դատարանը գնորդի պահանջով կարող է համարել անվավեր, եթե պայմանագիրը կնքելու պահին վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ ապրանքը կորած կամ վնասված է, սակայն այդ մասին գնորդին չի հայտնել:
Հոդված 476. | Երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք հանձնելու վաճառողի պարտականությունը |
1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել երրորդ անձանց իրավունքներից ազատ ապրանք, բացառությամբ այն դեպքի, երբ գնորդը համաձայնվել է ընդունել երրորդ անձանց իրավունքներով ծանրաբեռնված ապրանքը:
Վաճառողի կողմից այդ պարտականությունը չկատարելը գնորդին իրավունք է տալիս պահանջել ապրանքի գնի նվազեցում կամ առուվաճառքի պայմանագրի լուծում, եթե վաճառողը չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար տվյալ ապրանքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ գնորդին հանձնելու պահին ապրանքի նկատմամբ առկա են եղել երրորդ անձանց հավակնությունները, որոնց մասին վաճառողը տեղյակ էր, եթե հետագայում այդ հավակնությունները սահմանված կարգով ճանաչվել են օրինաչափ:
Հոդված 477. | Վաճառողի պատասխանատվությունը գնորդից ապրանքն առգրավվելիս |
1. Մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքերով երրորդ անձանց կողմից գնորդից ապրանքն առգրավվելու դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հատուցել կրած վնասները, եթե չի ապացուցում, որ գնորդը գիտեր կամ պետք է իմանար այդ հիմքերի առկայության մասին:
2. Երրորդ անձանց կողմից գնորդի ձեռք բերած ապրանքը պահանջելու դեպքում վաճառողին պատասխանատվությունից ազատելու կամ նրա պատասխանատվությունը սահմանափակելու մասին կողմերի համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 478. | Վաճառողի և գնորդի պարտականություններն ապրանքն առգրավելու մասին հայց հարուցելիս |
1. Եթե երրորդ անձը, մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքով, գնորդի դեմ հայց է հարուցում ապրանքն առգրավելու մասին, գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է այդ գործին մասնակցել գնորդի կողմից:
2. Գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է գնորդի առջև պատասխանատվությունից, եթե վաճառողն ապացուցում է, որ, մասնակցելով գործին, կարող էր կանխել վաճառված ապրանքի առգրավումը գնորդից:
3. Գնորդի կողմից գործին մասնակցելու հրավիրված, սակայն գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գնորդի կողմից գործը ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից:
Հոդված 479. | Ապրանքը հանձնելու պարտականությունը չկատարելու հետևանքները |
1. Եթե վաճառողը հրաժարվում է գնորդին հանձնել վաճառված ապրանքը, ապա գնորդն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
2. Անհատապես որոշվող ապրանքը հանձնելուց վաճառողի հրաժարվելու դեպքում գնորդն իրավունք ունի վաճառողին ներկայացնել սույն օրենսգրքի 414 հոդվածով նախատեսված պահանջները:
Հոդված 480. | Ապրանքին վերաբերող պատկանելիքները և փաստաթղթերը հանձնելու պարտականությունը չկատարելու հետևանքները |
Եթե վաճառողը գնորդին չի հանձնել կամ հրաժարվում է հանձնել ապրանքի պատկանելիքները կամ փաստաթղթերը, որոնք նա պետք է հանձներ օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի համաձայն, գնորդն իրավունք ունի դրանք հանձնելու համար նշանակել ողջամիտ ժամկետ:
Ապրանքի պատկանելիքները կամ փաստաթղթերը վաճառողի կողմից սահմանված ժամկետում չհանձնվելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել ապրանքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 481. | Ապրանքի քանակը |
1. Գնորդին հանձնելու ենթակա ապրանքի քանակը նախատեսվում է առուվաճառքի պայմանագրով` չափման համապատասխան միավորներով կամ դրամական արտահայտությամբ: Ապրանքի քանակի մասին պայմանը կարող է համաձայնեցվել պայմանագրում դրա որոշման կարգը սահմանելու միջոցով:
2. Եթե առուվաճառքի պայմանագիրը հնարավորություն չի ընձեռում որոշել հանձնման ենթակա ապրանքի քանակը, պայմանագիրը համարվում է չկնքված:
Հոդված 482. | Ապրանքի քանակի մասին պայմանը խախտելու հետևանքները |
1. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրի խախտմամբ, գնորդին հանձնել է պայմանագրով որոշվածից պակաս քանակի ապրանք, ապա գնորդն իրավունք ունի պահանջել լրացնելու ապրանքի պակաս հանձնված քանակը կամ հրաժարվել հանձնված ապրանքից և դրա համար վճարելուց, իսկ եթե ապրանքի համար վճարել է, ապա` պահանջել վերադարձնելու վճարված գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրով որոշված ապրանքի քանակից ավելին է հանձնել գնորդին, գնորդը պարտավոր է սույն օրենսգրքի 499 հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով այդ մասին ծանուցել վաճառողին: Եթե վաճառողը գնորդի ծանուցումն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում չի տնօրինում ապրանքի համապատասխան մասը, գնորդն իրավունք ունի ընդունել ամբողջ ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Գնորդի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված քանակից ավելի ապրանք ընդունելու դեպքում (սույն հոդվածի 2-րդ կետ) լրացուցիչ ընդունված ապրանքի համար վճարվում է նույն ապրանքի համար պայմանագրով սահմանված գնով, եթե այլ գին որոշված չէ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 483. | Ապրանքների տեսականին |
1. Եթե առուվաճառքի պայմանագրով հանձնվելու են որոշակի հարաբերակցությամբ ապրանքներ` ըստ տեսակների, մոդելների, չափերի, գույների կամ այլ հատկանիշների (տեսականի), վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել կողմերի համաձայնությամբ որոշված տեսականու ապրանքներ:
2. Եթե առուվաճառքի պայմանագրով տեսականին որոշված չէ, և այն որոշելու կարգը պայմանագրով սահմանված չէ, սակայն պարտավորության էությունից բխում է, որ ապրանքները պետք է գնորդին հանձնվեն տեսականուն համապատասխան, վաճառողն իրավունք ունի գնորդին հանձնել նրա պահանջմունքներին համապատասխանող տեսականիով ապրանքներ, որոնք հայտնի էին վաճառողին պայմանագիրը կնքելու պահին, կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:
Հոդված 484. | Ապրանքների տեսականու վերաբերյալ պայմանը խախտելու հետևանքները |
1. Վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրով նախատեսված տեսականուն չհամապատասխանող ապրանքներ հանձնելու դեպքում գնորդն իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և դրանց համար վճարելուց, իսկ եթե վճարել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:
2. Եթե վաճառողը, առուվաճառքի պայմանագրին համապատասխան, տեսականու ապրանքների հետ գնորդին հանձնել է տեսականու մասին պայմանի խախտմամբ ապրանքներ, գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`
1) ընդունել տեսականու վերաբերյալ պայմանին համապատասխանող ապրանքները և հրաժարվել մնացած ապրանքներից.
2) հրաժարվել հանձնված բոլոր ապրանքներից.
3) պահանջել տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքների փոխարինում պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան ապրանքներով.
4) ընդունել հանձնված բոլոր ապրանքները:
3. Ապրանքներից, որոնց տեսականին չի համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմանին, հրաժարվելու կամ տեսականու վերաբերյալ պայմանին չհամապատասխանող ապրանքները փոխարինելու մասին պահանջ ներկայացնելու դեպքում, գնորդն իրավունք ունի նաև հրաժարվել այդ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե վճարվել է, պահանջել վերադարձնելու վճարված գումարը:
4. Տեսականու մասին առուվաճառքի պայմանագրի պայմանին չհամապատասխանող ապրանքները համարվում են ընդունված, եթե գնորդը դրանք ստանալուց հետո ողջամիտ ժամկետում վաճառողին չի հայտնել ապրանքներից հրաժարվելու մասին:
5. Եթե գնորդը չի հրաժարվել առուվաճառքի պայմանագրով որոշված տեսականուն չհամապատասխանող ապրանքներից, նա պարտավոր է դրանց համար վճարել վաճառողի հետ համաձայնեցված գնով: Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գինը համաձայնեցնելու համար, ապա գնորդն ապրանքների համար վճարում է այն գնով, որը պայմանագիրը կնքելու պահին համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:
6. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Հոդված 485. | Ապրանքի որակը |
1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրին համապատասխանող որակի ապրանք:
2. Առուվաճառքի պայմանագրում ապրանքի որակի մասին պայմանների բացակայության դեպքում վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որը պիտանի է այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
Եթե պայմանագիրը կնքելիս գնորդը վաճառողին տեղեկացրել է ապրանքը ձեռք բերելու կոնկրետ նպատակների մասին, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ նպատակներին համապատասխան օգտագործելու համար պիտանի ապրանք:
3. Նմուշով և (կամ) նկարագրով ապրանք վաճառելիս վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել նմուշին և (կամ) նկարագրին համապատասխանող ապրանք:
4. Եթե օրենքով սահմանված կարգով նախատեսված են վաճառվող ապրանքի որակին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այդ պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանք:
Վաճառողի և գնորդի համաձայնությամբ կարող է հանձնվել օրենքով նախատեսված կարգով սահմանված պարտադիր պահանջների համեմատությամբ որակի առավել բարձր պահանջների համապատասխանող ապրանք:
Հոդված 486. | Ապրանքի որակի երաշխիքը |
1. Ապրանքը, որը վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին, պետք է գնորդին հանձնելու պահին համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին, եթե այդ պահանջներին ապրանքի համապատասխանությունը որոշելու այլ պահ նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով: Ապրանքը պետք է ողջամիտ ժամկետում պիտանի լինի այն նպատակներին, որոնց համար այդ տեսակի ապրանքը սովորաբար օգտագործվում է:
2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը` տրամադրելու ապրանքի որակի երաշխիք, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել այնպիսի ապրանք, որը պայմանագրով սահմանված որոշակի ժամանակահատվածում (երաշխիքային ժամկետ) պետք է համապատասխանի սույն օրենսգրքի 485 հոդվածի պահանջներին:
3. Ապրանքի որակի երաշխիքը տարածվում է դրա բոլոր բաղադրամասերի (կոմպլեկտավորող տարրերի) վրա, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Հոդված 487. | Երաշխիքային ժամկետի հաշվարկը |
1. Երաշխիքային ժամկետն սկսվում է ապրանքը գնորդին հանձնելու պահից (հոդված 474), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
2. Եթե գնորդը, վաճառողից կախված հանգամանքներով, զրկված է պայմանագրով սահմանված երաշխիքային ժամկետ ունեցող ապրանքն օգտագործելու հնարավորությունից, երաշխիքային ժամկետն սկսվում է վաճառողի կողմից համապատասխան հանգամանքները վերացնելուց հետո:
Երաշխիքային ժամկետը երկարաձգվում է այն ժամանակով, որի ընթացքում ապրանքը չի կարող օգտագործվել դրանում հայտնաբերված թերությունների պատճառով` վաճառողին, սույն օրենսգրքի 499 հոդվածով սահմանված կարգով, ապրանքի թերությունների մասին ծանուցելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Կոմպլեկտավորող տարրերի երաշխիքային ժամկետը համարվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետին հավասար և սկսվում է հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի հետ միաժամանակ, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
4. Ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) փոխարեն, որում երաշխիքային ժամկետի ընթացքում հայտնաբերվել են թերություններ (հոդված 492), գնորդին հանձնված այլ ապրանքի (կոմպլեկտավորող տարրի) նկատմամբ սահմանվում է նույն տևողությամբ երաշխիքային ժամկետ, ինչը սահմանված էր փոխարինվածի համար, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Հոդված 488. | Ապրանքի պիտանիության ժամկետը |
1. Օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ այլ պարտադիր կանոններով կարող է սահմանվել ժամկետ, որի ավարտմամբ ապրանքը համարվում է իր նշանակությամբ օգտագործելու համար ոչ պիտանի (պիտանիության ժամկետ):
2. Ապրանքը, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է հանձնել գնորդին այն հաշվով, որպեսզի հնարավոր լինի մինչև պիտանիության ժամկետի ավարտն այն օգտագործել ըստ նշանակության:
Հոդված 489. | Ապրանքի պիտանիության ժամկետի հաշվարկը |
Ապրանքի պիտանիության ժամկետը որոշվում է դրա պատրաստման օրվանից հաշվվող ժամանակահատվածով, որի ընթացքում ապրանքը պիտանի է օգտագործման, կամ նշելով այն տարին, ամիսը, ամսաթիվը, մինչև երբ ապրանքը պիտանի է օգտագործման համար:
Հոդված 490. | Ապրանքի որակի ստուգումը |
1. Ապրանքի որակի ստուգում կարող է նախատեսվել օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով:
Եթե ստուգման կարգը սահմանված է օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով, ապա պայմանագրով նախատեսված ապրանքների որակի ստուգման կարգը պետք է համապատասխանի այդ պահանջներին:
2. Եթե ապրանքի որակի ստուգման կարգը սահմանված չէ սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, ապա ապրանքի որակի ստուգումը կատարվում է գործարար շրջանառության սովորույթներին կամ առուվաճառքի պայմանագրով հանձնելու ենթակա ապրանքի ստուգման համար սովորաբար կիրառվող այլ կանոններին համապատասխան:
3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով, պետական ստանդարտների պարտադիր պահանջներով կամ առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի` գնորդին հանձնվող ապրանքի որակն ստուգելու (փորձարկելու, վերլուծելու, զննելու և այլն) պարտականություն, ապա վաճառողը պարտավոր է ապրանքի որակն ստուգելու մասին ապացույցներ տրամադրել գնորդին:
4. Վաճառողի և գնորդի կողմից իրականացվող ապրանքի որակի ստուգման կարգը և պայմանները պետք է լինեն միանման:
Հոդված 491. | Անպատշաճ որակի ապրանք հանձնելու հետևանքները |
1. Եթե վաճառողն ապրանքի թերությունների մասին նախապայման չի սահմանել, ապա գնորդը, ում հանձնված է անպատշաճ որակի ապրանքը, իրավունք ունի վաճառողից, իր ընտրությամբ, պահանջել`
1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
3) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու համար իր կրած ծախսերը:
2. Ապրանքի որակին առաջադրվող պահանջների էական խախտումների դեպքում (չվերացվող թերությունների, ինչպես նաև այնպիսի թերությունների, որոնք չեն կարող վերացվել առանց անհամաչափ ծախսերի կամ ժամանակի կորստի, կամ այնպիսիք, որոնք բազմիցս կամ կրկին ի հայտ են գալիս դրանք վերացնելուց հետո, և նման բնույթի այլ թերություններ) գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ`
1) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը.
2) պահանջել փոխարինելու անպատշաճ որակի ապրանքը` պայմանագրին համապատասխանող որակի ապրանքով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված թերությունները վերացնելու կամ ապրանքը փոխարինելու մասին պահանջները գնորդը կարող է ներկայացնել, եթե այլ բան չի բխում ապրանքի բնույթից կամ պարտավորության էությունից:
4. Կոմպլեկտում ներառված (հոդված 495) ապրանքների մի մասի անպատշաճ որակի դեպքում գնորդն իրավունք ունի ապրանքների այդ մասի նկատմամբ իրականացնել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները:
5. Սույն հոդվածով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:
Հոդված 492. | Ապրանքի թերությունները, որոնց համար պատասխանատվություն է կրում վաճառողը |
1. Վաճառողը պատասխանատվություն է կրում ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
2. Որակի երաշխիքով հանձնված ապրանքի թերությունների համար վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե չի ապացուցում, որ ապրանքի թերությունները ծագել են գնորդին հանձնելուց հետո` գնորդի կողմից ապրանքն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու կամ երրորդ անձանց գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Հոդված 493. | Հանձնված ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետները |
1. Գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, որ դրանք հայտնաբերված լինեն սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով:
2. Եթե ապրանքի նկատմամբ սահմանված չէ երաշխիքային կամ պիտանիության ժամկետ, գնորդը կարող է ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել պայմանով, որ վաճառված ապրանքի թերությունները հայտնաբերված լինեն ապրանքը գնորդին հանձնելուց հետո ողջամիտ ժամկետում` ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում, կամ ավելի երկար ժամկետում, եթե այդպիսի ժամկետ սահմանված է օրենքով կամ առուվաճառքի պայմանագրով: Փոխադրման կամ փոստով առաքման ենթակա ապրանքի թերությունների հայտնաբերման ժամկետը հաշվարկվում է ապրանքը նշանակման վայրը հասնելու օրվանից:
3. Եթե ապրանքի համար սահմանված է երաշխիքային ժամկետ, գնորդն իրավունք ունի ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե թերությունները հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:
4. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի կարճ տևողությամբ երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող տարրի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ընթացքում:
5. Եթե պայմանագրով կոմպլեկտավորող տարրի համար սահմանված է ավելի տևական երաշխիքային ժամկետ, քան հիմնական ապրանքի համար, գնորդն իրավունք ունի կոմպլեկտավորող ապրանքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե կոմպլեկտավորող տարրի թերությունները հայտնաբերվել են դրա երաշխիքային ժամկետում` անկախ հիմնական ապրանքի երաշխիքային ժամկետի ավարտից:
6. Ապրանքի նկատմամբ, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, գնորդն իրավունք ունի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են ապրանքի պիտանիության ժամկետի ընթացքում:
7. Այն դեպքերում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, իսկ գնորդը թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն ապրանքը գնորդին հանձնելու օրվանից հետո` երկու տարվա ընթացքում, վաճառողը պատասխանատվություն է կրում, եթե գնորդն ապացուցում է, որ ապրանքի թերություններն առաջացել են մինչև ապրանքն իրեն հանձնելու պահը կամ մինչև այդ պահը ծագած պատճառներից:
Հոդված 494. | Ապրանքի կոմպլեկտայնությունը |
1. Վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել առուվաճառքի պայմանագրի կոմպլեկտայնության մասին պայմաններին համապատասխանող ապրանք:
2. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով ապրանքի կոմպլեկտայնությունը որոշված չէ, վաճառողը պարտավոր է գնորդին հանձնել ապրանք, որի կոմպլեկտայնությունը որոշվում է գործարար շրջանառության սովորույթներով կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներով:
Հոդված 495. | Ապրանքների կոմպլեկտ |
1. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվում է վաճառողի պարտականությունը գնորդին կոմպլեկտով հանձնելու ապրանքների որոշակի հավաքածու (ապրանքների կոմպլեկտ), պարտավորությունը կատարված է համարվում կոմպլեկտում ներառված բոլոր ապրանքները հանձնելու պահից:
2. Վաճառողը պարտավոր է գնորդին միաժամանակ հանձնել կոմպլեկտում ներառված բոլոր ապրանքները, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Հոդված 496. | Անկոմպլեկտ ապրանք հանձնելու հետևանքները |
1. Անկոմպլեկտ ապրանք հանձնելու դեպքում (հոդված 494), գնորդն իրավունք ունի, իր ընտրությամբ, վաճառողից պահանջել`
1) համաչափ պակասեցնելու ապրանքի գինը.
2) ողջամիտ ժամկետներում կոմպլեկտավորելու ապրանքը:
2. Եթե վաճառողը ողջամիտ ժամկետում չի կատարել ապրանքը կոմպլեկտավորելու վերաբերյալ գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի իր ընտրությամբ`
1) պահանջել անկոմպլեկտ ապրանքը փոխարինելու կոմպլեկտավորված ապրանքով.
2) հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու վճարված գումարը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև վաճառողի կողմից գնորդին ապրանքների կոմպլեկտ հանձնելու պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 495), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Հոդված 497. | Տարա և փաթեթ |
1. Եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից, վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել տարայով և (կամ) փաթեթով, բացառությամբ իր բնույթով տարավորում և (կամ) փաթեթավորում չպահանջող ապրանքի:
2. Եթե առուվաճառքի պայմանագրով տարային ու փաթեթին առաջադրվող պահանջներ սահմանված չեն, ապրանքը պետք է տարավորվի և (կամ) փաթեթավորվի այդ ապրանքի համար սովորական եղանակով, իսկ նման եղանակի բացակայության դեպքում` սովորական պայմաններում նման տեսակի ապրանքների պահպանվածությունն ապահովող եղանակով:
3. Եթե օրենքով սահմանված կարգով նախատեսվում են տարային և (կամ) փաթեթին առաջադրվող պարտադիր պահանջներ, ապա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավոր է ապրանքը գնորդին հանձնել այդ պահանջներին համապատասխանող տարայով և (կամ) փաթեթով:
Հոդված 498. | Ապրանքն առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով հանձնելու հետևանքները |
1. Այն դեպքերում, երբ տարավորելու և (կամ) փաթեթավորելու ենթակա ապրանքը հանձնվում է գնորդին` առանց տարայի և (կամ) փաթեթի կամ անպատշաճ տարայով և (կամ) փաթեթով, գնորդն իրավունք ունի վաճառողից պահանջել տարավորելու և (կամ) փաթեթավորելու ապրանքը կամ փոխարինելու անպատշաճ տարան և (կամ) փաթեթը, եթե այլ բան չի բխում պայմանագրից, պարտավորության էությունից կամ ապրանքի բնույթից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերում գնորդն իրավունք ունի վաճառողին, այդ կետում նշված պահանջները ներկայացնելու փոխարեն, առաջադրել անպատշաճ որակի ապրանք հանձնելուց բխող պահանջներ (հոդված 491):
Հոդված 499. | Առուվաճառքի պայմանագիրն անպատշաճ կատարելու մասին վաճառողին ծանուցելը |
1. Գնորդը պարտավոր է ապրանքի քանակի, տեսականու, որակի, կոմպլեկտայնության, տարայի և (կամ) փաթեթի մասին առուվաճառքի պայմանագրի պայմանները խախտելու մասին վաճառողին ծանուցել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե այդպիսի ժամկետ սահմանված չէ, այն բանից հետո` ողջամիտ ժամկետում, երբ պայմանագրի համապատասխան պայմանի խախտումը պետք է հայտնաբերված լիներ` ելնելով ապրանքի բնույթից և նշանակությունից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնը չկատարելու դեպքում վաճառողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն հրաժարվել ապրանքի քանակի պակասը լրացնելու, առուվաճառքի պայմանագրի պայմաններին չհամապատասխանող որակի կամ տեսականու ապրանքը փոխարինելու, ապրանքի թերությունները վերացնելու, ապրանքը կոմպլեկտավորելու կամ չկոմպլեկտավորված ապրանքը կոմպլեկտավորվածով փոխարինելու, ապրանքը տարավորելու և (կամ) փաթեթավորելու կամ ապրանքի անպատշաճ տարան և (կամ) փաթեթը փոխարինելու վերաբերյալ գնորդի պահանջները բավարարելուց, եթե ապացուցում է, որ գնորդի կողմից այդ կանոնը չկատարելը հանգեցրել է նրա պահանջները բավարարելու անհնարինության կամ իր համար առաջացրել է անհամաչափ ծախսեր, համեմատած այն ծախսերի հետ, որոնք նա կկրեր, եթե ժամանակին ծանուցված լիներ պայմանագրի խախտման մասին:
3. Եթե վաճառողը գիտեր կամ պետք է իմանար, որ գնորդին հանձնված ապրանքները չեն համապատասխանում առուվաճառքի պայմանագրի պայմաններին, նա իրավունք չունի վկայակոչել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները:
⚖Հոդված 500. | Գնորդի` ապրանքն ընդունելու պարտականությունը |
1. Գնորդը պարտավոր է ընդունել իրեն հանձնված ապրանքը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա իրավունք ունի պահանջել փոխարինելու ապրանքը կամ հրաժարվելու առուվաճառքի պայմանագիրը կատարելուց:
2. Գնորդը պարտավոր է կատարել այնպիսի գործողություններ, որոնք, սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են նրա կողմից համապատասխան ապրանք հանձնելը և ընդունելն ապահովելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով:
3. Այն դեպքերում, երբ գնորդն օրենքի, այլ իրավական ակտերի կամ առուվաճառքի պայմանագրի խախտմամբ չի ընդունել ապրանքը կամ հրաժարվել է այն ընդունելուց, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել ընդունելու ապրանքը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:
⚖Հոդված 501. | Ապրանքի գինը |
1. Գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով կամ չի կարող որոշվել դրա պայմաններից ելնելով, ապա` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշվող գինը, ինչպես նաև իր հաշվին կատարել այնպիսի գործողություններ, որոնք, օրենքին, այլ իրավական ակտերին, պայմանագրին կամ սովորաբար ներկայացվող պահանջներին համապատասխան, անհրաժեշտ են վճարելու համար:
2. Եթե գինը սահմանվել է` ելնելով ապրանքի քաշից, ապա այն որոշվում է ապրանքի զուտ (մաքուր) քաշով (նետտո), եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
3. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է, որ ապրանքի գինը ենթակա է փոփոխման` ելնելով այն պայմանավորող ցուցանիշներից (ինքնարժեք, ծախսեր և այլն), սակայն որոշված չէ գնի վերանայման եղանակը, գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը հանձնելու պահին այդ ցուցանիշների հարաբերակցությունից: Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականության կետանցի դեպքում գինը որոշվում է` ելնելով պայմանագիրը կնքելու և ապրանքը` պայմանագրով նախատեսված պահին հանձնելու այդ ցուցանիշների հարաբերակցությունից, իսկ եթե այն նախատեսված չէ պայմանագրով, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան:
Սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
⚖Հոդված 502. | Ապրանքի համար վճարելը |
1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
2. Գնորդը պարտավոր է հանձնված ապրանքի գինը վճարել ամբողջությամբ, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված չէ ապրանքի համար վճարել տարաժամկետ (մաս առ մաս):
3. Եթե գնորդը ժամանակին չի վճարել առուվաճառքի պայմանագրին համապատասխան հանձնված ապրանքի համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու ապրանքի համար և տոկոսներ` սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան:
4. Եթե գնորդը, առուվաճառքի պայմանագիրը խախտելով, հրաժարվում է ապրանքն ընդունելուց և դրա համար վճարելուց, վաճառողն իրավունք ունի, իր ընտրությամբ, պահանջել վճարելու ապրանքի համար կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:
5. Եթե վաճառողն առուվաճառքի պայմանագրին համապատասխան պարտավոր է գնորդին հանձնել ոչ միայն ապրանքներ, որոնց համար գնորդը չի վճարել, այլև ուրիշ ապրանքներ, վաճառողն իրավունք ունի չհանձնել այդ ապրանքները, մինչև նախկինում հանձնված բոլոր ապրանքների համար լրիվ վճարելը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
Հոդված 503. | Ապրանքի համար նախապես վճարելը |
1. Այն դեպքերում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է գնորդի պարտականությունը` մինչև վաճառողից ապրանքն ստանալը լրիվ կամ մասնակի վճարել ապրանքի համար (նախնական վճար), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե պայմանագրով նման ժամկետ նախատեսված չէ, ապա` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:
2. Ապրանքի համար նախապես վճարելու պարտականությունը գնորդի կողմից չկատարվելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները:
3. Այն դեպքում, երբ նախապես գումար ստացած վաճառողը սահմանված ժամկետում չի կատարում ապրանքը հանձնելու պարտականությունը (հոդված 473), գնորդն իրավունք ունի պահանջել հանձնելու վճարված ապրանքը կամ վերադարձնելու ապրանքի համար նախապես վճարված գումարը:
4. Այն դեպքում, երբ վաճառողը չի կատարում նախապես վճարված ապրանքը հանձնելու պարտականությունը, և այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով, նախապես վճարված գումարին ենթակա են վճարման սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրով ապրանքը պետք է հանձնվեր, մինչև ապրանքը գնորդին հանձնելու կամ նրան նախապես վճարված գումարը վերադարձնելու օրը: Պայմանագրով կարող է նախատեսվել նախապես վճարված գումարը գնորդից ստանալու օրվանից այդ գումարից վաճառողի` տոկոսներ վճարելու պարտականությունը:
Հոդված 504. | Ապառիկ վաճառված ապրանքի համար վճարելը |
1. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` սույն օրենսգրքի 352 հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:
2. Ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառքի օրվա գներով: Ապառիկ վաճառված ապրանքների գնի հետագա փոփոխությունները վերահաշվարկի չեն հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականությունը չկատարելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 367 հոդվածով նախատեսված կանոնները:
4. Այն դեպքում, երբ ապրանք ստացած գնորդն առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում դրա համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու հանձնված ապրանքի համար կամ վերադարձնելու չվճարված ապրանքը:
5. Եթե գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում հանձնված ապրանքի համար, և այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ առուվաճառքի պայմանագրով, կետանցի գումարին, սույն օրենսգրքի 411 հոդվածին համապատասխան, ենթակա են վճարման տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրի համաձայն, ապրանքի համար պետք է վճարված լիներ մինչև գնորդի կողմից ապրանքի համար վճարելու օրը:
Պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի գնին համապատասխանող գումարին տոկոսներ վճարելու գնորդի պարտականությունը` սկսած վաճառողի կողմից ապրանքը հանձնելու օրվանից:
6. Ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:
Հոդված 505. | Ապրանքի համար տարաժամկետ վճարելը |
1. Ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի համար տարաժամկետ վճարելու` գնորդի իրավունքը:
Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագիրը համարվում է կնքված, եթե դրանում առուվաճառքի պայմանագրի այլ էական պայմանների հետ միասին նշված են ապրանքի գինը, վճարելու կարգը, ժամկետները և չափերը:
2. Տարաժամկետ վճարելու պայմանով ապրանքի ապառիկ վաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 504 հոդվածի 2-6-րդ կետերով նախատեսված կանոնները:
Հոդված 506. | Ապրանքն ապահովագրելը |
1. Առուվաճառքի պայմանագրով կարող է նախատեսվել` ապրանքն ապահովագրելու վաճառողի կամ գնորդի պարտականությունը:
2. Եթե ապրանքն ապահովագրելու համար պարտավոր կողմը պայմանագրի պայմաններին համապատասխան չի իրականացնում դրա ապահովագրությունը, մյուս կողմն իրավունք ունի ապահովագրել ապրանքը և պարտավոր կողմից պահանջել հատուցելու ապահովագրության ծախսերը կամ հրաժարվել պայմանագիրը կատարելուց:
Հոդված 507. | Վաճառողի սեփականության իրավունքի պահպանվելը |
1. Գնորդը դառնում է ապրանքի սեփականատեր ապրանքի համար վճարելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսված է, որ գնորդին հանձնված ապրանքի նկատմամբ վաճառողի սեփականության իրավունքը պահպանվում է մինչև ապրանքի համար վճարելը, գնորդն իրավունք չունի մինչև սեփականության իրավունքն իրեն անցնելն օտարել ապրանքը կամ այլ կերպ տնօրինել այն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում ապրանքի նշանակությունից և հատկություններից:
3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված ժամկետում հանձնված ապրանքի համար չի վճարվել, վաճառողն իրավունք ունի գնորդից պահանջել վերադարձնելու ապրանքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
§ 2. ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ
Հոդված 508. | Մանրածախ առուվաճառքի պայմանագիր |
1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրով ապրանքների մանրածախ վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող վաճառողը պարտավորվում է գնորդին հանձնել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանք:
2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Սույն օրենսգրքով չկարգավորված` գնորդ-քաղաքացու մասնակցությամբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերը:
Հոդված 509. | Մանրածախ առուվաճառքի պայմանագրի ձևը |
Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է պատշաճ ձևով կնքված` վաճառողի կողմից գնորդին` դրամարկղային, ապրանքային չեկ կամ ապրանքի վճարված լինելը հավաստող այլ փաստաթուղթ հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մանրածախ առուվաճառքի պայմանագրով` ներառյալ ստանդարտ ձևերի պայմաններով, որոնց միանում է գնորդը (հոդված 444):
Հոդված 510. | Ապրանքի հրապարակային օֆերտա |
1. Անձանց անորոշ շրջանակի հասցեագրված ապրանքի առաջարկը` գովազդով, քարտացուցակներով (կատալոգներով) և նկարագրությամբ, համարվում է հրապարակային օֆերտա (453 հոդվածի 2-րդ կետ), եթե այն պարունակում է մանրածախ առուվաճառքի պայմանագրի բոլոր էական պայմանները:
2. Ապրանքի ցուցադրումը վաճառքի վայրում (վաճառասեղանների վրա, ցուցափեղկերում և այլն), դրանց նմուշների ցուցադրումը կամ վաճառվող ապրանքների մասին դրանց վաճառքի վայրում տեղեկություններ (նկարագրություններ, կատալոգներ, ապրանքների լուսանկարներ և այլն) տրամադրելը համարվում է հրապարակային օֆերտա, անկախ այն բանից, դրանցում նշված են ապրանքի գինը և մանրածախ առուվաճառքի պայմանագրի մյուս էական պայմանները, թե ոչ, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառողը պարզորոշ սահմանել է, որ համապատասխան ապրանքները նախատեսված չեն վաճառքի համար:
Հոդված 511. | Ապրանքի մասին տեղեկատվություն տրամադրելը |
1. Վաճառողը պարտավոր է առաջարկվող ապրանքի մասին գնորդին տրամադրել անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն, որը տրամադրելու եղանակներն ու բովանդակությունը պետք է համապատասխանեն օրենքով, այլ իրավական ակտերով և մանրածախ առուվաճառքում սովորաբար ներկայացվող պահանջներին:
2. Գնորդն իրավունք ունի մինչև մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելը, զննել ապրանքը, պահանջել իր ներկայությամբ ստուգելու ապրանքի հատկությունները կամ ցուցադրելու դրա օգտագործումը, եթե դա չի բացառվում ապրանքի բնույթով և չի հակասում մանրածախ առուվաճառքում ընդունված կանոններին:
3. Եթե վաճառքի վայրում գնորդին հնարավորություն չի տրվել անհապաղ ստանալու ապրանքի մասին սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը, նա իրավունք ունի վաճառողից պահանջել հատուցելու մանրածախ առուվաճառքի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու հետ կապված վնասները, իսկ եթե պայմանագիրը կնքված է, ապա ողջամիտ ժամկետում հրաժարվել այն կատարելուց, պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը և հատուցելու վնասները:
4. Գնորդին ապրանքի մասին համապատասխան տեղեկատվություն չտրամադրած վաճառողը պատասխանատվություն է կրում նաև գնորդին հանձնելուց հետո ծագած ապրանքի թերությունների համար, եթե գնորդն ապացուցում է, որ դրանք առաջացել են այդպիսի տեղեկատվության բացակայության հետևանքով:
Հոդված 512. | Ապրանքի վաճառքը գնորդի կողմից այն որոշակի ժամկետում ընդունելու պայմանով |
1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել ապրանքը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետում գնորդի կողմից ընդունելու պայմանով, որի ընթացքում այդ ապրանքը չի կարող վաճառվել այլ գնորդի:
2. Պայմանագրով սահմանված ժամկետում գնորդի չներկայանալը կամ ապրանքն ընդունելու համար այլ անհրաժեշտ գործողություններ չկատարելը համարվում է գնորդի կողմից պայմանագիրը կատարելուց հրաժարում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքի հանձնումն ապահովող վաճառողի լրացուցիչ ծախսերը ներառվում են ապրանքի գնի մեջ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
Հոդված 513. | Ապրանքների վաճառքը նմուշներով |
1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել վաճառողի առաջարկած ապրանքի նմուշին գնորդին ծանոթացնելու հիման վրա (դրա նկարագրությամբ, ապրանքների կատալոգով և այլն):
2. Նմուշով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված պայմանագրում նշված վայրն ապրանքը հասցնելու պահից, իսկ եթե ապրանքը հանձնելու վայրը պայմանագրով որոշված չէ, ապա` ապրանքը քաղաքացի-գնորդի բնակության վայրը կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը հասցնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
3. Գնորդն իրավունք ունի մինչև ապրանքը հանձնելը հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց` վաճառողին հատուցելով այն անհրաժեշտ ծախսերը, որոնք վերջինս կրել է` պայմանագրի կատարման հետ կապված գործողությունների հետևանքով:
Հոդված 514. | Ապրանքների վաճառքն ավտոմատների օգտագործմամբ |
1. Այն դեպքերում, երբ ապրանքների վաճառքն իրականացվում է ավտոմատների օգտագործմամբ, ավտոմատների տերը պարտավոր է գնորդներին տեղեկատվություն հաղորդել ապրանքներ վաճառողի մասին` ավտոմատների վրա տեղեկություններ փակցնելով կամ գնորդներին այլ եղանակներով տեղեկատվություն տրամադրելով վաճառողի անվանման (ֆիրմային անվանման), գտնվելու վայրի, ինչպես նաև այն գործողությունների մասին, որոնք գնորդը պետք է կատարի ապրանքը ձեռք բերելու համար:
2. Ավտոմատների օգտագործմամբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կնքված` գնորդի կողմից ապրանքը ձեռք բերելու համար անհրաժեշտ գործողություններ կատարելու պահից:
3. Եթե գնորդին չի տրամադրվել այն ապրանքը, որի համար նա վճարել է, վաճառողը պարտավոր է գնորդի պահանջով այն անհապաղ տրամադրել կամ վերադարձնել գնորդի վճարած գումարը:
4. Այն դեպքերում, երբ ավտոմատն օգտագործվում է դրամը մանրելու, վճարման նշանները ձեռք բերելու կամ տարադրամ փոխանակելու համար, կիրառվում են մանրածախ առուվաճառքի կանոնները, եթե այլ բան չի բխում պարտավորության էությունից:
Հոդված 515. | Ապրանքի վաճառքը` այն գնորդին հասցնելու պայմանով |
1. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է ապրանքը գնորդին հասցնելու պայմանով, վաճառողը պարտավոր է պայմանագրով սահմանված ժամկետում ապրանքը հասցնել գնորդի նշած վայրը, իսկ եթե ապրանքը հասցնելու վայրը գնորդի կողմից նշված չէ, ապա` քաղաքացի-գնորդի բնակության կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը:
2. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված, ապրանքը գնորդին, իսկ նրա բացակայության դեպքում` ապրանքը տեղ հասցնելը հավաստող անդորրագիր կամ այլ փաստաթուղթ ներկայացնող անձին հանձնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
3. Եթե ապրանքը գնորդին հանձնելու համար տեղ հասցնելու ժամանակը պայմանագրով որոշված չէ, ապա ապրանքը պետք է տեղ հասցվի գնորդի պահանջն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:
Հոդված 516. | Ապրանքի համար վճարելը |
1. Գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կնքելու պահին վաճառողի հայտարարած գինը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից:
2. Այն դեպքում, երբ մանրածախ առուվաճառքի պայմանագրով նախատեսվել է ապրանքի համար վճարել նախապես (հոդված 503), ապա պայմանագրով նախատեսված ժամկետում ապրանքի համար նախապես չվճարելը համարվում է գնորդի կողմից հրաժարում պայմանագիրը կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
3. Ապրանքների ապառիկ, ներառյալ` ապրանքների համար գնորդի կողմից տարաժամկետ վճարելու պայմանով, մանրածախ առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ չեն կիրառվում սույն օրենսգրքի 504 հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնները:
4. Գնորդն իրավունք ունի ապրանքի տարաժամկետ վճարման համար պայմանագրով սահմանված ժամանակահատվածի ցանկացած պահի վճարել դրա համար:
Հոդված 517. | Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինելու կամ վերադարձնելու գնորդի իրավունքը |
(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն)
1. Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:
2. Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
3. Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
(517-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-115-Ն)
Հոդված 518. | Գնորդի իրավունքները նրան անպատշաճ որակի ապրանք վաճառելիս |
1. Գնորդը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել`
1) անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով.
2) համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը.
3) անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները.
4) հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը:
Գնորդն իրավունք ունի պահանջել` փոխարինելու տեխնիկապես բարդ կամ թանկարժեք ապրանքը միայն դրա որակին առաջադրվող պահանջների էական խախտման դեպքում (491 հոդվածի 2-րդ կետ):
2. Այն ապրանքի թերությունները հայտնաբերելու դեպքում, որի հատկությունները թույլ չեն տալիս վերացնել դրանք (պարենային ապրանք, կենցաղային քիմիայի ապրանք և այլն), գնորդը, իր ընտրությամբ, իրավունք ունի պահանջել փոխարինելու նման ապրանքը պատշաճ որակի ապրանքով կամ համաչափ իջեցնելու գինը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջները ներկայացնելու փոխարեն գնորդն իրավունք ունի հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, գնորդն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի վաճառողի պահանջով և նրա հաշվին:
4. Ապրանքի համար վճարված գումարը գնորդին վերադարձնելիս, վաճառողն իրավունք չունի դրանից պահելու այն գումարը, որի չափով նվազել է ապրանքի արժեքը` դրա լրիվ կամ մասնակի օգտագործման, ապրանքային տեսքի կորստի կամ այլ համանման հանգամանքների հետևանքով, ինչպես նաև անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելու հետ կապված իր կատարած ծախսերը:
(518-րդ հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)
Հոդված 519. | Ապրանքը փոխարինելիս, դրա գինն իջեցնելիս և անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնի տարբերությունը հատուցելը |
1. Մանրածախ առուվաճառքի պայմանագրին չհամապատասխանող անորակ ապրանքը պատշաճ որակի ապրանքով փոխարինելիս վաճառողն իրավունք չունի պահանջել` հատուցելու պայմանագրով նախատեսված ապրանքի գինը կամ ապրանքը փոխարինելու կամ դրա մասին դատարանի վճիռը կայացնելու պահին գոյություն ունեցող գնի տարբերությունը:
2. Անպատշաճ որակի ապրանքը համանման, այլ չափերի, ձևի, տեսակի կամ այլ հատկանիշներ ունեցող պատշաճ որակի ապրանքի հետ փոխարինելիս փոխարինվող ապրանքի և անպատշաճ որակի ապրանքի փոխարեն հանձնվող ապրանքի գների միջև եղած տարբերությունը հատուցվում է:
Եթե վաճառողը գնորդի պահանջը չի բավարարում, ապա փոխարինվող և փոխարենը հանձնվող ապրանքի գինը որոշվում է ապրանքը փոխարինելու մասին դատարանի վճռի կայացման օրվա գներով:
3. Ապրանքի գինը համաչափորեն իջեցնելու մասին պահանջի դեպքում, հաշվի է առնվում ապրանքի գինն իջեցնելու մասին պահանջը ներկայացնելու, իսկ եթե գնորդի պահանջը կամովին չի բավարարել, գինը համաչափորեն իջեցնելու մասին` դատարանի վճիռը կայացնելու օրվա գինը:
4. Վաճառողին անպատշաճ որակի ապրանքը վերադարձնելիս գնորդն իրավունք ունի պահանջել մանրածախ առուվաճառքի պայմանագրով սահմանված ապրանքի գնի և իր պահանջը կամովին բավարարելու օրվա համապատասխան ապրանքի գնի, իսկ եթե նրա պահանջը կամովին չի բավարարվել, ապա` դատարանի վճիռը կայացնելու օրվա գնի միջև տարբերությունը:
Հոդված 520. | Վաճառողի պատասխանատվությունը և պարտավորությունը բնեղենով կատարելը |
Վաճառողի կողմից մանրածախ առուվաճառքի պայմանագրով պարտավորությունը չկատարելու դեպքում վնասներ հատուցելը և տուժանք վճարելը վաճառողին չեն ազատում պարտավորությունը բնեղենով կատարելու պարտականությունից:
§ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
⚖Հոդված 521. | Մատակարարման պայմանագիրը |
1. Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
2. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
Հոդված 522. | Մատակարարման պայմանագիր կնքելիս ծագած տարաձայնությունները կարգավորելը |
1. Եթե մատակարարման պայմանագիրը կնքելիս պայմանագրի առանձին պայմանների վերաբերյալ կողմերի միջև ծագել են տարաձայնություններ, պայմանագիր կնքելու առաջարկ արած և մյուս կողմից այդ պայմանների համաձայնեցման վերաբերյալ առաջարկություն ստացած կողմը պարտավոր է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել պայմանագրի համապատասխան պայմանները համաձայնեցնելու համար կամ մյուս կողմին գրավոր տեղեկացնել պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ համաձայնեցված չէ կողմերի միջև:
2. Պայմանագրի համապատասխան պայմանների վերաբերյալ առաջարկություններ ստացած կողմը, որը միջոցներ չի ձեռնարկել պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետում մյուս կողմին չի ծանուցել պայմանագիրը կնքելուց իր հրաժարվելու մասին, պարտավոր է հատուցել պայմանագրի պայմանների համաձայնելուց խուսափելու հետևանքով առաջացած վնասները:
Հոդված 523. | Ապրանքների մատակարարման փուլերը |
1. Այն դեպքում, երբ կողմերը նախատեսել են մատակարարման պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ապրանքները մատակարարել առանձին խմբաքանակներով և դրանց մատակարարման ժամկետները (մատակարարման փուլերը) պայմանագրում որոշված չեն, ապա ապրանքները պետք է մատակարարվեն ըստ ամիսների` հավասարաչափ խմբաքանակներով, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
2. Պայմանագրով մատակարարման փուլերի հետ մեկտեղ կարող է սահմանվել ապրանքների մատակարարման ժամանակացույց (տասնօրյա, ըստ օրերի, ժամերի և այլն):
3. Ապրանքները կարող են վաղաժամկետ մատակարարվել գնորդի համաձայնությամբ:
Վաղաժամկետ մատակարարված և գնորդի ընդունած ապրանքները հաշվարկվում են հաջորդ փուլում մատակարարման ենթակա ապրանքների քանակի հաշվին:
Հոդված 524. | Ապրանքների մատակարարման կարգը |
1. Ապրանքների մատակարարումն իրականացվում է մատակարարի կողմից ապրանքները մատակարարման պայմանագրի մյուս կողմին` գնորդին կամ պայմանագրում, որպես ստացող նշված անձին առաքելու (հանձնելու) միջոցով:
2. Այն դեպքում, երբ մատակարարման պայմանագրով նախատեսված է գնորդի իրավունքը` մատակարարին ցուցումներ տալ ապրանքներն ստացողներին առաքելու (հանձնելու) մասին (բեռնման կարգադրագիր), մատակարարն ապրանքները հանձնում է բեռնման կարգադրագրում նշված ստացողներին:
3. Բեռնման կարգադրագրի բովանդակությունը և այն գնորդի կողմից մատակարարին ուղարկելու ժամկետը սահմանվում են պայմանագրով: Եթե բեռնման կարգադրագիր ուղարկելու ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, այն պետք է մատակարարին ուղարկվի մատակարարման փուլն սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ:
4. Գնորդի կողմից բեռնման կարգադրագիրը սահմանված ժամկետում մատակարարին չտրամադրելը վերջինիս իրավունք է տալիս հրաժարվել մատակարարման պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար: Մատակարարն իրավունք ունի նաև պահանջել հատուցելու բեռնման կարգադրագիրը չներկայացնելու հետ կապված վնասները:
Հոդված 525. | Ապրանքները տեղ հասցնելը |
1. Մատակարարն ապրանքները տեղ է հասցնում մատակարարման պայմանագրով նախատեսված տրանսպորտով և պայմանագրով սահմանված պայմաններով:
2. Այն դեպքերում, երբ պայմանագրում որոշված չէ, թե տրանսպորտի ինչ տեսակով կամ ինչ պայմաններով են ապրանքները տեղ հասցվելու, տրանսպորտի տեսակն ընտրելու կամ ապրանքները տեղ հասցնելու պայմանները որոշելու իրավունքը պատկանում է մատակարարին, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
3. Մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ստանալու (ապրանքների ընտրության) գնորդի (ստացողի) իրավունքը:
Եթե ապրանքների ընտրության ժամկետ պայմանագրով նախատեսված չէ, գնորդը (ստացողը) ապրանքների ընտրությունը պետք է կատարի ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում:
Հոդված 526. | Թերի մատակարարված ապրանքները լրացնելը |
1. Մատակարարման առանձին փուլում ապրանքների թերի մատակարարում թույլ տված մատակարարը պարտավոր է հաջորդ փուլում (փուլերում)` պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում, լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Այն դեպքում, երբ մատակարարն ապրանքները բեռնում է պայմանագրում կամ գնորդի բեռնման կարգադրագրում նշված մի քանի գնորդների, ստացողներից մեկին պայմանագրով կամ բեռնման կարգադրագրով նախատեսվածի գերազանցմամբ մատակարարված ապրանքները չեն ծածկում մյուս ստացողներին թերի մատակարարվածը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Գնորդն իրավունք ունի, ծանուցելով մատակարարին, հրաժարվել ժամկետանց մատակարարված ապրանքներն ընդունելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Գնորդը պարտավոր է ընդունել մինչև մատակարարի կողմից ծանուցումն ստանալը մատակարարված ապրանքները և վճարել դրանց համար:
Հոդված 527. | Ապրանքների տեսականին թերի մատակարարվածը լրացնելիս |
1. Ապրանքների տեսականին, որոնց թերի մատակարարումը ենթակա է լրացման, որոշվում է կողմերի համաձայնությամբ: Այդպիսի համաձայնության բացակայության դեպքում մատակարարը պարտավոր է լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակն այդպիսի տեսականիով, որը սահմանվել է այն փուլի համար, որում թույլ է տրվել թերի մատակարարումը:
2. Մեկ անվանման ապրանքների մատակարարումը պայմանագրով նախատեսվածից մեծ քանակով չի հաշվվում որպես նույն տեսականու մեջ մտնող այլ անվանման ապրանքների թերի մատակարարման ծածկում, և թերի մատակարարումը ենթակա է լրացման, բացառությամբ այն դեպքի, երբ նման մատակարարումն իրականացվել է գնորդի նախնական գրավոր համաձայնությամբ:
⚖Հոդված 528. | Գնորդի կողմից ապրանքներն ընդունելը |
1. Գնորդը (ստացողը) պարտավոր է կատարել պայմանագրին համապատասխան մատակարարված ապրանքների ընդունումն ապահովող բոլոր անհրաժեշտ գործողությունները:
2. Գնորդը (ստացողը) ընդունված ապրանքները պետք է զննի օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված ժամկետում:
Գնորդը (ստացողը) պարտավոր է այդ նույն ժամկետում` օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանված կարգով, ստուգել ընդունած ապրանքների քանակն ու որակը և հայտնաբերված անհամապատասխանությունների կամ թերությունների մասին անհապաղ գրավոր տեղեկացնել մատակարարին:
3. Մատակարարված ապրանքները տրանսպորտային կազմակերպությունից ստանալու դեպքում գնորդը (ստացողը) պարտավոր է ստուգել ապրանքների համապատասխանությունը տրանսպորտային և ուղեկցող փաստաթղթերում նշված տեղեկություններին, ինչպես նաև պահպանել տրանսպորտի գործունեությունը կարգավորող օրենքներով ու այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները:
⚖Հոդված 529. | Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը |
1. Եթե գնորդը (ստացողը) օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան հրաժարվում է մատակարարի հանձնած ապրանքից, ապա նա պարտավոր է ապահովել այդ ապրանքի պահպանությունը (պատասխանատու պահպանություն) և անհապաղ տեղեկացնել մատակարարին:
2. Մատակարարը պարտավոր է հետ տանել գնորդի (ստացողի) կողմից պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն:
Եթե մատակարարն այդ ժամկետում չի տնօրինում ապրանքը, գնորդն իրավունք ունի իրացնել ապրանքը կամ այն վերադարձնել մատակարարին:
3. Մատակարարը հատուցում է ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ վաճառողին վերադարձնելու հետ կապված` գնորդի կատարած անհրաժեշտ ծախսերը:
Ընդ որում, ապրանքն իրացնելուց ստացված հասույթը տրվում է մատակարարին` գնորդի հասանելիքը հանելով:
4. Այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:
Հոդված 530. | Ապրանքներ ընտրելը |
1. Եթե պայմանագրով նախատեսված է գնորդի (ստացողի) կողմից ապրանքները մատակարարի գտնվելու վայրում ընտրելու իրավունք (525 հոդվածի 3-րդ կետ), գնորդը պարտավոր է ապրանքները զննել դրանք հանձնելու վայրում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում պարտավորության էությունից:
2. Գնորդի (ստացողի) կողմից պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ապրանքները պատրաստ լինելու մասին մատակարարի ծանուցումն ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, ապրանքները չընտրելը մատակարարին իրավունք է տալիս հրաժարվել պայմանագիրը կատարելուց կամ գնորդից պահանջել վճարելու ապրանքների համար:
Հոդված 531. | Հաշվարկներ մատակարարված ապրանքների համար |
1. Մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը: Եթե հաշվարկների կարգը և ձևը որոշված չեն կողմերի համաձայնությամբ, ապա հաշվարկները կատարվում են վճարման հանձնարարականներով:
2. Եթե պայմանագրով նախատեսված է, որ ապրանքների համար վճարում է ստացողը (վճարողը), իսկ վերջինս անհիմն հրաժարվում է վճարելուց կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չի վճարում ապրանքների համար, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու մատակարարված ապրանքների համար:
3. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված կոմպլեկտի մեջ մտնող ապրանքների մատակարարումն իրականացվում է առանձին մասերով, գնորդը վճարում է կոմպլեկտի մեջ մտնող վերջին մասը բեռնելուց (ընտրությունից) հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 532. | Տարա և փաթեթ |
1. Գնորդը (ստացողը) պարտավոր է մատակարարին վերադարձնել բազմաշրջանառու տարան և փաթեթավորման միջոցները, որոնցով ստացվել է ապրանքը, օրենքով, այլ իրավական ակտերով, դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոններով սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Այլ տարան, ինչպես նաև ապրանքի փաթեթը մատակարարին վերադարձվում են միայն պայմանագրով նախատեսված դեպքերում:
Հոդված 533. | Անպատշաճ որակի ապրանքներ մատակարարելու հետևանքները |
1. Գնորդը (ստացողը), ում մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, իրավունք ունի մատակարարին ներկայացնել սույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված պահանջները:
2. Իրեն մատակարարված ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող գնորդը (ստացողը) ողջամիտ ժամկետում իրավունք ունի պահանջել փոխարինելու սպառողի վերադարձրած անպատշաճ որակի ապրանքները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 534. | Անկոմպլեկտ ապրանքներ մատակարարելու հետևանքները |
1. Գնորդը (ստացողը), ում ապրանքներ են մատակարարվել, պայմանագրի պայմանների, օրենքի, այլ իրավական ակտերի կամ ապրանքների կոմպլեկտայնությանը սովորաբար առաջադրվող պահանջների խախտումով, իրավունք ունի մատակարարին ներկայացնել սույն օրենսգրքի 496 հոդվածով նախատեսված պահանջները:
2. Ապրանքի մանրածախ վաճառք իրականացնող գնորդը (ստացողը) իրավունք ունի ողջամիտ ժամկետում պահանջել սպառողի վերադարձրած անկոմպլեկտ ապրանքները փոխարինելու կոմպլեկտային ապրանքներով, եթե այլ բան նախատեսված չէ մատակարարման պայմանագրով:
Հոդված 535. | Գնորդի իրավունքներն ապրանքները թերի մատակարարելու, դրանց թերությունները վերացնելու կամ կոմպլեկտավորելու վերաբերյալ պահանջները չկատարելու դեպքում |
1. Եթե մատակարարը չի մատակարարել պայմանագրով նախատեսված քանակի ապրանքներ կամ չի կատարել սահմանված ժամկետում անորակ ապրանքները փոխարինելու կամ ապրանքների կոմպլեկտավորման մասին գնորդի պահանջները, գնորդն իրավունք ունի չմատակարարված ապրանքները ձեռք բերել այլ անձանցից` մատակարարի վրա դնելով դրանք ձեռք բերելու համար իր կատարած բոլոր անհրաժեշտ և ողջամիտ ծախսերը:
2. Մատակարարի կողմից ապրանքները չմատակարարելու կամ ապրանքների թերությունները չվերացնելու կամ անկոմպլեկտ ապրանքների վերաբերյալ գնորդի պահանջները չկատարելու դեպքերում այլ անձանցից ապրանքներ ձեռք բերելիս` գնորդի ծախսերի հաշվարկը կատարվում է սույն օրենսգրքի 539 հոդվածի 1-ին կետով սահմանված կանոններով:
3. Գնորդը (ստացողը) իրավունք ունի հրաժարվել անպատշաճ որակի և անկոմպլեկտ ապրանքների համար վճարելուց, իսկ եթե նման ապրանքների համար վճարել է, ապա պահանջել վերադարձնելու վճարված գումարը մինչև ապրանքների թերությունները և անկոմպլեկտայնությունը վերացնելը կամ դրանք փոխարինելը:
Հոդված 536. | Ապրանքները թերի կամ ժամկետանց մատակարարելու համար տուժանքը |
Ապրանքները թերի կամ ժամկետանց մատակարարելու համար օրենքով կամ պայմանագրով սահմանված տուժանքը գանձվում է մատակարարից մինչև պարտավորության փաստացի կատարումն ապրանքների չմատակարարված քանակը մատակարարման հետագա փուլերում լրացնելու նրա պարտականության սահմաններում, եթե տուժանքի գանձման այլ կարգ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 537. | Մատակարարման մի քանի պայմանագրերով միատեսակ պարտավորությունները մարելը |
1. Այն դեպքերում, երբ մատակարարը գնորդին նույնանուն ապրանքներ է մատակարարում միաժամանակ մի քանի պայմանագրերով, և մատակարարված ապրանքների քանակը բավարար չէ բոլոր պայմանագրերով մատակարարի պարտավորությունները մարելու համար, մատակարարված ապրանքները պետք է հաշվարկվեն մատակարարման ընթացքում կամ մատակարարումից անմիջապես հետո` մատակարարի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:
2. Եթե գնորդը մատակարարին վճարել է մի քանի պայմանագրերով ստացած նույնանուն ապրանքների համար, և վճարված գումարը բավարար չէ բոլոր պայմանագրերով գնորդի պարտավորությունները մարելու համար, ապա վճարված գումարը պետք է հաշվարկվի գնորդի կողմից նշված պայմանագրի կատարման հաշվին:
3. Եթե մատակարարը կամ գնորդը չի օգտվել սույն հոդվածի համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետերով իրեն վերապահված իրավունքներից, պարտավորության կատարումը հաշվարկվում է որպես այն պայմանագրով նախատեսված պարտավորության մարում, որի կատարման ժամկետը լրացել է ավելի վաղ: Եթե մի քանի պայմանագրերով պարտավորության կատարման ժամկետը լրացել է միաժամանակ, կատարումը հաշվարկվում է համամասնորեն` որպես բոլոր պայմանագրերով նախատեսված պարտավորությունների մարում:
Հոդված 538. | Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելը կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելը |
1. Մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):
2. Մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
1) մատակարարվել են անպատշաճ որակի ապրանքներ, որոնց թերությունները չեն կարող վերացվել գնորդի համար ընդունելի ժամկետում.
2) բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:
3. Գնորդի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե`
1) բազմիցս խախտվել են ապրանքների համար վճարելու ժամկետները.
2) ապրանքները բազմիցս չեն ընտրվել:
4. Կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:
5. Մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:
Հոդված 539. | Վնասների հաշվարկը պայմանագիրը լուծելիս |
1. Եթե գնորդը վաճառողի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո ողջամիտ ժամկետում այլ անձից ավելի բարձր, սակայն ողջամիտ գնով գնել է ապրանք` պայմանագրով նախատեսվածի փոխարեն, ապա նա կարող է վաճառողին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով:
2. Եթե վաճառողը գնորդի կողմից պարտավորությունը խախտելու հետևանքով պայմանագրի լուծումից հետո` ողջամիտ ժամկետում, այլ անձի` պայմանագրով նախատեսվածից ավելի ցածր, սակայն ողջամիտ գնով վաճառել է ապրանք, ապա վաճառողը կարող է գնորդին վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և դրա փոխարեն կնքված գործարքի գների միջև տարբերության չափով:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով պայմանագիրը լուծելուց հետո, լուծված պայմանագրի փոխարեն գործարք չի կնքվել, և եթե տվյալ ապրանքն ունի ընթացիկ գին, կողմը կարող է վնասների հատուցման պահանջ ներկայացնել` պայմանագրով սահմանված և պայմանագիրը լուծելու պահին ընթացիկ գների միջև տարբերության չափով:
4. Ընթացիկ է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանուն ապրանքի համար այն վայրում, որտեղ պետք է իրականացվեր ապրանքի հանձնումը: Եթե այդ վայրում բացակայում է ընթացիկ գինը, ապա կարող է օգտագործվել այլ վայրում կիրառվող ընթացիկ գինը, որը կարող է ողջամիտ փոխարինիչ ծառայել փոխադրման ծախսերի տարբերության հաշվառմամբ:
5. Սույն հոդվածի 1-4-րդ կետերով նախատեսված պահանջները բավարարելը պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած կողմին չի ազատում մյուս կողմին պատճառված այլ վնասները հատուցելուց:
§ 4. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 540. | Պետական կարիքների համար ապրանքներ մատակարարելու հիմքերը |
1. Պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նաև դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող և օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանրապետության պահանջմունքները:
2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են մատակարարման պայմանագրի մասին կանոնները (521-538 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ սույն պարագրաֆի կանոններով:
Սույն պարագրաֆով չկարգավորված մասով պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքները:
Հոդված 541. | Պետական պայմանագիր |
Մատակարարը (կատարողը) պետական պայմանագրով պարտավորվում է ապրանքները հանձնել պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով այլ անձի, իսկ պետական պատվիրատուն պարտավորվում է վճարել մատակարարված ապրանքների համար:
Հոդված 542. | Պետական պայմանագիր կնքելու հիմքերը |
1. Պետական պայմանագիրը կնքվում է պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պատվիրատուի պատվերի հիման վրա:
2. Պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պատվերը բաշխվում է մրցույթով, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով:
3. Մրցույթում հաղթած մատակարարի (կատարողի) հետ պետական պայմանագիր կնքելը պետական պատվիրատուի համար պարտադիր է:
4. Մատակարարի (կատարողի) համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է միայն օրենքով սահմանված դեպքերում, պայմանով, որ պետական պատվիրատուն հատուցի պետական պայմանագրի կատարման հետ կապված` մատակարարին (կատարողին) պատճառված բոլոր վնասները:
Հոդված 543. | Պետական պայմանագիր կնքելու կարգը |
1. Պետական պայմանագիրը պետք է կնքվի մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում:
2. Եթե կողմը, որի համար պետական պայմանագիր կնքելը պարտադիր է, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դիմել դատարան` այդ կողմին պետական պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջով:
Հոդված 544. | Պետական պայմանագիր կնքելը |
1. Եթե պետական պայմանագրով նախատեսվում է, որ մատակարարը (կատարողը) պետական կարիքների համար ապրանքների մատակարարումն իրականացնում է պետական պատվիրատուի կողմից որոշված գնորդին, ապա պետական պատվիրատուն, պետական պայմանագիրն ստորագրելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, մատակարարին (կատարողին) և գնորդին ծանուցում է վերջինիս տվյալ մատակարարին (կատարողին) կցելու մասին:
Պետական պայմանագրին համապատասխան` պետական պատվիրատուի ծանուցումը մատակարարին (կատարողին) գնորդի կցելու մասին, հիմք է պետական պայմանագիր կնքելու համար:
2. Մատակարարը (կատարողը) պարտավոր է պետական պայմանագրի նախագիծը ծանուցման մեջ նշված գնորդին ուղարկել պետական պատվիրատուի ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե պայմանագրի նախագծի նախապատրաստման այլ կարգ նախատեսված չէ պետական պայմանագրով, կամ գնորդը չի ներկայացրել պայմանագրի նախագիծը:
3. Պետական պայմանագրի նախագիծն ստացած կողմը նախագծի ստացման օրվանից երեսնօրյա ժամկետում ստորագրում է այն և դրա մեկ օրինակը վերադարձնում մյուս կողմին, իսկ պայմանագրի պայմանների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում այդ նույն ժամկետում կազմում է տարաձայնությունների արձանագրություն և ստորագրված պայմանագրի հետ միասին` այն ուղարկում մյուս կողմին:
4. Պետական պայմանագրի ստորագրված նախագիծը տարաձայնությունների արձանագրության հետ միասին ստացած կողմը պարտավոր է երեսնօրյա ժամկետում քննարկել տարաձայնությունները, միջոցներ ձեռնարկել մյուս կողմի հետ պայմանագրի պայմանները համաձայնեցնելու համար և մյուս կողմին տեղեկացնել պայմանագիրը նրա խմբագրությամբ ընդունելու կամ տարաձայնությունների արձանագրությունը մերժելու մասին: Չկարգավորված տարաձայնությունները շահագրգիռ կողմը երեսնօրյա ժամկետում կարող է հանձնել դատարանի քննության:
5. Եթե մատակարարը (կատարողը) խուսափում է պետական պայմանագիր կնքելուց, ապա գնորդն իրավունք ունի դիմել դատարան` մատակարարին (կատարողին) իր նախագծի պայմաններով պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջով:
Հոդված 545. | Պետական պայմանագիր կնքելուց գնորդի հրաժարվելը |
1. Գնորդն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել ծանուցման մեջ նշված ապրանքներից և դրանց մատակարարման պայմանագիրը կնքելուց:
Այդ դեպքում մատակարարը (կատարողը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել պետական պատվիրատուին և իրավունք ունի նրանից ծանուցում պահանջել այլ գնորդի կցելու մասին:
2. Պետական պատվիրատուն մատակարարի (կատարողի) ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում մատակարարին (կատարողին) ծանուցում է այլ գնորդի կցելու մասին կամ ուղարկում է բեռնման կարգադրագիր` նշելով ապրանքներ ստացողին, կամ տեղեկացնում է ապրանքներն ընդունելու և դրանց համար վճարելու իր համաձայնության մասին:
3. Պետական պատվիրատուի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում մատակարարը (կատարողը) իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել ընդունելու ապրանքները և վճարելու դրանց արժեքը կամ իր հայեցողությամբ, պետական պատվիրատուի հաշվին ողջամիտ ծախսեր կատարելով, իրացնել ապրանքները:
Հոդված 546. | Պետական պայմանագիրը կատարելը |
1. Այն դեպքերում, երբ պետական պայմանագրի պայմաններին համապատասխան, ապրանքները մատակարարվում են անմիջականորեն պետական պատվիրատուին կամ նրա ցուցումով (բեռնման կարգադրագրով) այլ անձի (ստացողին), պետական պայմանագրի կատարմանն ուղղված կողմերի հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 521-538 հոդվածներով նախատեսված կանոններով:
2. Այն դեպքերում, երբ պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են բեռնման կարգադրագրում նշված ստացողներին, ապրանքների համար վճարում է պետական պատվիրատուն, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պետական պայմանագրով:
Հոդված 547. | Պետական պայմանագրով ապրանքների համար վճարելը |
1. Պետական պայմանագրերով գնորդներին ապրանքներ մատակարարելու դեպքում գնորդներն ապրանքների համար վճարում են պետական պայմանագրով սահմանված գնով, եթե գնի և հաշվարկման այլ կարգ սահմանված չէ պետական պայմանագրով:
2. Պետական պայմանագրով գնորդի կողմից ապրանքների համար վճարելիս պետական պատվիրատուն գնորդի այդ պարտավորությամբ համարվում է երաշխավոր (375-382 հոդվածներ):
Հոդված 548. | Պետական պայմանագիրը կատարելու կամ լուծելու կապակցությամբ պատճառված վնասները հատուցելը |
1. Մատակարարին (կատարողին) պետական պայմանագրի կատարման կապակցությամբ պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն` պետական պայմանագրին համապատասխան, ապրանքը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պետական կարիքների համար ապրանքների մատակարարման մասին օրենքներով կամ պետական պայմանագրով:
2. Այն դեպքում, երբ պետական պայմանագրի կատարման կապակցությամբ մատակարարի (կատարողի) կրած վնասները չեն հատուցվում պետական պայմանագրին համապատասխան, մատակարարը (կատարողը) իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու պետական պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքերով պետական պայմանագիրը լուծվելու դեպքում մատակարարն իրավունք ունի հրաժարվել պետական պայմանագիրը կատարելուց:
Մատակարարի հրաժարվելու հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն:
Հոդված 549. | Պետական պատվիրատուի հրաժարվելը պետական պայմանագրով մատակարարված ապրանքներից |
1. Օրենքով նախատեսված դեպքերում պետական պատվիրատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել պետական պայմանագրով նախատեսված ապրանքներից` դրա հետևանքով մատակարարին պատճառված վնասները հատուցելու պայմանով:
2. Եթե պետական պատվիրատուի հրաժարվելը պետական պայմանագրով նախատեսված ապրանքներից հանգեցրել է պետական պայմանագրի լուծման կամ փոփոխման, ապա դրա հետևանքով գնորդին պատճառված վնասները հատուցում է պետական պատվիրատուն:
§ 5. ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ
Հոդված 550. | Էներգամատակարարման պայմանագիր |
1. Էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:
2. Սույն օրենսգրքով չկարգավորված` էներգամատակարարման պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են էներգետիկայի ու էներգամատակարարման մասին օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոնները:
Հոդված 551. | Էներգամատակարարման պայմանագրի ձևը |
Էներգամատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
⚖Հոդված 552. | Էներգամատակարարման պայմանագիր կնքելը և դրա ժամկետը երկարաձգելը |
1. Էներգամատակարարման պայմանագիրն աբոնենտի հետ կնքվում է նրա մոտ էներգամատակարարող կազմակերպության գծերին միացված ու սահմանված տեխնիկական պահանջները բավարարող էներգաընդունիչ և այլ անհրաժեշտ սարքավորումների առկայության, ինչպես նաև սպառված էներգիայի հաշվառման ապահովվածության դեպքում:
2. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս կենցաղային սպառման համար էներգիա օգտագործող քաղաքացին, պայմանագիրը կնքված է համարվում միացված ցանցին սահմանված կարգով աբոնենտի առաջին փաստացի միացման պահից:
3. Էներգամատակարարման պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով և կարող է փոփոխվել կամ լուծվել սույն օրենսգրքի 558 հոդվածով նախատեսված հիմքերով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
4. Որոշակի ժամկետով կնքված էներգամատակարարման պայմանագիրը երկարաձգված է համարվում նույն ժամկետով և պայմաններով, եթե մինչև դրա գործողության ժամկետի ավարտը կողմերից որևէ մեկը չի հայտնում այն դադարելու կամ փոփոխվելու կամ նոր պայմանագիր կնքելու մասին:
5. Եթե մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը կողմերից մեկն առաջարկում է կնքել նոր պայմանագիր, ապա մինչև նոր պայմանագիր կնքելը կողմերի հարաբերությունները կարգավորվում են նախկին պայմանագրով:
Հոդված 553. | Էներգիայի քանակը |
1. Էներգամատակարարող կազմակերպությունը պարտավոր է միացված ցանցի միջոցով աբոնենտին մատուցել էներգամատակարարման պայմանագրով նախատեսված քանակով էներգիա` իր ու աբոնենտի միջև համաձայնեցված մատուցման ռեժիմի պահպանմամբ: Էներգամատակարարող կազմակերպության մատուցած և աբոնենտի օգտագործած էներգիայի քանակը որոշվում է դրա փաստացի սպառման հաշվարկի տվյալներին համապատասխան:
2. Էներգամատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել աբոնենտի իրավունքը` փոխել իր կողմից ընդունվող էներգիայի պայմանագրով սահմանված քանակը` էներգամատակարարող կազմակերպությանը պատճառած վնասները հատուցելու պայմանով:
3. Եթե էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, ապա նա իրավունք ունի օգտագործել իր համար խելամտորեն անհրաժեշտ քանակի էներգիա:
(553-րդ հոդվածը լրաց. 20.03.01 ՀՕ-159)
Հոդված 554. | Էներգիայի որակը |
1. Էներգամատակարարող կազմակերպության մատուցած էներգիայի որակը պետք է համապատասխանի պետական ստանդարտներով և այլ պարտադիր կանոններով սահմանված կամ էներգամատակարարման պայմանագրով նախատեսված պահանջներին:
2. Էներգամատակարարող կազմակերպության կողմից էներգիայի որակին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 491 հոդվածով նախատեսված կանոնները:
Հոդված 555. | Ցանցերը, սարքերը և սարքավորումները պահպանելու ու շահագործելու բաժանորդի պարտականությունը |
1. Աբոնենտը պարտավոր է ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, ինչպես նաև էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առաջացած այլ խախտումների մասին:
2. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
3. Էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների տեխնիկական վիճակին ու շահագործմանը վերաբերող պահանջները, ինչպես նաև դրանք պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոններով:
Հոդված 556. | Էներգիայի համար վճարելը |
1. Աբոնենտը վճարում է էներգիայի հաշվման տվյալներին համապատասխան իր փաստացի ընդունած էներգիայի քանակի համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:
2. Էներգիայի համար վճարի հաշվարկման կարգը սահմանվում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 557. | Ենթաաբոնենտ |
1. Էներգամատակարարող կազմակերպությունից միացված ցանցի միջոցով ստացած էներգիան աբոնենտը կարող է փոխանցել այլ անձի (ենթաաբոնենտի) միայն էներգամատակարարող կազմակերպության համաձայնությամբ:
2. Աբոնենտի կողմից ենթաաբոնենտին էներգիա փոխանցելու պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Էներգիան ենթաաբոնենտին փոխանցելիս էներգամատակարարող կազմակերպության առջև պատասխանատվություն է կրում աբոնենտը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 558. | Էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը |
1. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, նա իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը` այդ մասին էներգամատակարարող կազմակերպությանը տեղեկացնելու և օգտագործված էներգիայի համար ամբողջությամբ վճարելու պայմանով:
2. Էներգամատակարարող կազմակերպությունն իրավունք ունի սույն օրենսգրքի 538 հոդվածում նախատեսված հիմքերով միակողմանի հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերի:
3. Էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն կողմերի համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աբոնենտի էներգետիկ սարքերի անբավարար վիճակը, որը հավաստագրված է էներգետիկ հսկողության պետական մարմնի կողմից, սպառնում է վթարներ առաջացնել կամ սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կյանքի և անվտանգության համար: Էներգամատակարարող կազմակերպությունն էներգիայի մատուցումն ընդհատելու, սահմանափակելու կամ դադարեցնելու մասին պարտավոր է նախազգուշացնել աբոնենտին:
4. Առանց աբոնենտի հետ համաձայնեցնելու և նրան նախազգուշացնելու էներգիայի մատուցման ընդհատում, սահմանափակում կամ դադարեցում թույլատրվում է միայն էներգամատակարարող կազմակերպության համակարգում վթարները վերացնելու կամ կանխելու համար անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքում` աբոնենտին այդ մասին անհապաղ տեղեկացնելու պայմանով:
(558-րդ հոդվածը փոփ. 20.03.01 ՀՕ-159)
Հոդված 559. | Էներգամատակարարման պայմանագրով պատասխանատվությունը |
1. Էներգամատակարարման պայմանագրով պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է մյուս կողմին հատուցել պատճառված իրական վնասը (17 հոդվածի 2-րդ կետ):
2. Եթե օրենքի կամ այլ իրավական ակտերի հիման վրա իրականացվող էներգիայի սպառման ռեժիմի կարգավորման արդյունքում աբոնենտին էներգիա մատուցելիս թույլ է տրվել ընդհատում, էներգամատակարարող կազմակերպությունը, մեղքի առկայության դեպքում, պատասխանատվություն է կրում պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Հոդված 560. | Էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ |
1. Սույն օրենսգրքի 550-559 հոդվածներով նախատեսված կանոնները կիրառվում են միացված ցանցի միջոցով ջերմային էներգամատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
2. Միացված ցանցի միջոցով գազի, նավթի և նավթամթերքի, ջրի ու այլ ապրանքների մատակարարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ էներգամատակարարման պայմանագրի մասին կանոնները (550-559 հոդվածներ) կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ չի բխում այդ պարտավորության էությունից:
§ 6. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔ
⚖Հոդված 561. | Անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր |
Վաճառողը, անշարժ գույքի առուվաճառքի (այսուհետ` անշարժ գույքի վաճառքի) պայմանագրով պարտավորվում է գնորդի սեփականությանը հանձնել հողամաս, շենք, շինություն, բնակարան կամ այլ անշարժ գույք (հոդված 134):
⚖Հոդված 562. | Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի ձևը |
1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(562-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
⚖Հոդված 563. | Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը |
1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը գնորդին ենթակա է պետական գրանցման:
2. Մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումն անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը կատարելը հիմք չէ այդ պայմանագրի կողմերի հետ երրորդ անձանց ունեցած հարաբերությունների փոփոխման համար:
Հոդված 564. | Հողամասի նկատմամբ իրավունքը փոխանցելը դրա վրա գտնվող շենքը, շինությունը կամ այլ անշարժ գույքը վաճառելիս |
1. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով գնորդին այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունք փոխանցելու հետ միաժամանակ փոխանցվում է հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
2. Շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի մասի վաճառքի դեպքում ձեռք բերողին է անցնում հողամասի այն մասի սեփականության իրավունքը, որը նախօրոք առանձնացված է, իսկ դրա նկատմամբ իրավունքները գրանցված են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
3. Վաճառողին սեփականության իրավունքով չպատկանող հողամասում գտնվող անշարժ գույքի վաճառքը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում նման հողամասի օգտագործման համար օրենքով կամ պայմանագրով սահմանված պայմաններին:
Այդպիսի անշարժ գույքի վաճառքի դեպքում գնորդն օգտագործման իրավունք է ձեռք բերում հողամասի համապատասխան մասի նկատմամբ նույն պայմաններով, ինչ ուներ անշարժ գույքը վաճառողը:
4. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթը չի տարածվում բազմաբնակարան շենքերի կամ ստորաբաժանված շենքերի վրա:
(564-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց. 15.12.05 ՀՕ-238-Ն)
Հոդված 565. | Հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հողամասը վաճառելիս |
Հոդված 566. | Անշարժ գույքի վաճառքի պայմանագրի առարկան որոշելը |
Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս որոշակիորեն սահմանել գնորդին` պայմանագրով փոխանցման ենթակա անշարժ գույքը, ներառյալ` համապատասխան հողամասում կամ այլ անշարժ գույքի կազմում անշարժ գույքի դիրքը որոշող տվյալներ:
Պայմանագրում այդ տվյալների բացակայության դեպքում հանձնման ենթակա անշարժ գույքի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:
Հոդված 567. | Անշարժ գույքի գինը դրա վաճառքի պայմանագրում |
1. Անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը պետք է նախատեսի դրա գինը:
2. Անշարժ գույքի վաճառքի պայմանագրում, կողմերի գրավոր համաձայնեցված գնի մասին պայմանի բացակայության դեպքում, դրա վաճառքի պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները:
3. Հողամասում գտնվող շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի պայմանագրում սահմանված գինը ներառում է այդ անշարժ գույքի հետ հանձնվող հողամասի համապատասխան մասի կամ դրա նկատմամբ իրավունքների գինը, եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի վաճառքի պայմանագրով:
4. Եթե անշարժ գույքի վաճառքի պայմանագրով անշարժ գույքի գինը սահմանված է դրա մակերեսի միավորով կամ դրա չափի այլ ցուցանիշով, այդպիսի անշարժ գույքի համար վճարման ենթակա ընդհանուր գինը որոշվում է` ելնելով գնորդին փոխանցվող անշարժ գույքի փաստացի չափից:
⚖Հոդված 568. | Անշարժ գույքը հանձնելը |
1. Անշարժ գույքը հանձնելը վաճառողի և դրա ընդունելը գնորդի կողմից իրականացվում են փոխանցման ակտի կամ գույքը հանձնելու մասին այլ փաստաթղթի հիման վրա:
2. Անշարժ գույքը գնորդին հանձնելու վաճառողի պարտականությունը համարվում է կատարված այդ գույքը գնորդին հանձնելուց և հանձնելու մասին համապատասխան երկկողմ փաստաթուղթ ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Կողմի խուսափելը պայմանագրով նախատեսված պայմաններով անշարժ գույքի փոխանցման մասին փաստաթուղթն ստորագրելուց համարվում է հրաժարվել վաճառողի կողմից գույքը հանձնելու, իսկ գնորդի կողմից` գույքն ընդունելու պարտականությունը կատարելուց:
4. Գնորդի կողմից անշարժ գույքի վաճառքի պայմանագրի պայմաններին չհամապատասխանող անշարժ գույքի ընդունումը` ներառյալ այն դեպքում, երբ այդպիսի անհամապատասխանությունը նշված է անշարժ գույքի փոխանցման փաստաթղթում, հիմք չէ պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքում վաճառողին պատասխանատվությունից ազատելու համար:
Հոդված 569. | Անպատշաճ որակի անշարժ գույքը հանձնելու հետևանքները |
Վաճառողի կողմից գնորդին անշարժ գույքի վաճառքի պայմանագրով դրա որակի մասին պայմաններին չհամապատասխանող անշարժ գույքը հանձնելու դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 491 հոդվածի կանոնները, բացառությամբ գնորդի` անպատշաճ որակի ապրանքը պայմանագրին համապատասխանող ապրանքով փոխարինելու պահանջի իրավունքի մասին դրույթների:
Հոդված 570. | Բնակելի տարածությունների վաճառքի առանձնահատկությունները |
Բնակելի տան, բնակարանի, բնակելի տան մասի կամ բնակարանի մասի վաճառքի պայմանագրի էական պայման է այն անձանց անվանացանկը, որոնց բնակելի տարածության օգտագործման իրավունքը, մինչև վաճառքի պայմանագիր կնքելը, գրանցված է օրենքով սահմանված կարգով:
Հոդված 570.1. | Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրի առանձնահատկությունները |
(վերնագիրը խմբ. 25.05.22 ՀՕ-136-Ն)
1. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով պետք է նշվեն ապագայում ձեռք բերվող անշարժ գույքը նույնականացնող տվյալները՝ ըստ կառուցվող շինության ճարտարապետաշինարարական նախագծից վերցված հատակագծի, և բնութագրվի անշարժ գույքը հանձնելու ժամանակ դրա ներքին հարդարման վիճակի նկարագիրը։
2. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագիրը պետք է նախատեսի ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը։ Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով կարող է նախատեսվել նաև շուկայական գների տատանումների հիմքով պայմանագրի գնի ինդեքսավորման կարգը: Պայմանագրում գնի մասին պայմանի բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է չկնքված: Ընդ որում, չեն կիրառվում սույն օրենսգրքի 440-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գնի որոշման կանոնները:
3. Եթե կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով ապագայում հանձնվելիք անշարժ գույքի գինը սահմանված է դրա մակերեսի միավորով կամ դրա չափի այլ ցուցանիշով (միջհարկային բարձրություն և այլն), ապա սեփականության իրավունքի փոխանցման ակտով գինը որոշվում է` ելնելով շենքի կառուցման ավարտից հետո անշարժ գույքի չափագրման տվյալներով գրանցված չափից:
4. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի կանխավճարային վճարումները պետք է կատարվեն բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին, որը բացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում, գանձապետարանում կամ նոտարի դեպոզիտ հաշվում՝ որպես ենթահաշիվ: Կառուցապատման հատուկ հաշվի մնացորդի դիմաց վճարման ենթակա տոկոսները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշիվներին և կարող են տնօրինվել կառուցապատողի կողմից:
Շենքի, շինության կառուցման ավարտից հետո սեփականության իրավունքի փոխանցման ակտում գնի վճարված լինելու հարցը որոշելիս ստացականով, դրամարկղի մուտքի փաստաթղթով, վկայի ցուցմունքով, հակընդդեմ պարտավորության (ներառյալ՝ գնորդի օգտին հաշվարկված տուժանքի) հաշվանցով հավաստված վճարումները, ինչպես նաև վաճառողի պարտատերերին, մասնակիցներին կատարված վճարումներն անտեսվում են:
5. Գնորդի և կառուցապատողի միջև կարող են համաձայնեցվել բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի մուտքագրած դրամական միջոցները լրիվ կամ մասնակի՝ հօգուտ գնորդի կամ հօգուտ գնորդի վարկատուի գրավադրման պայմանները՝ որպես շենքի, շինության կառուցման ավարտից հետո անշարժ գույքը սեփականության իրավունքով հանձնելու կառուցապատողի պարտավորության և կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման կառուցապատողի պարտավորության կատարման ապահովման միջոց: Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի, շինության, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի, շինության, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված՝ կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը, իսկ գնորդը կրում է կառուցապատողի սնանկության դեպքում չապահովված պարտատեր հանդես գալու ռիսկերը: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի դեպքում 2024 թվականի հուլիսի 1-ից կառուցապատողը մինչև բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականի (սեփականության իրավունքի փոխանցման ակտի) հանձնման պահը, անկախ շենքի կառուցվածության աստիճանից, կարող է օգտագործել հատուկ հաշիվների գումարի առավելագույնը 70 տոկոսը, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 50 տոկոսը, իսկ 50 տոկոսից ավելին՝ համամասնորեն, ըստ կառուցվող շենքի կառուցվածության աստիճանի, բայց ոչ ավելի, քան 95 տոկոսը: Մնացած հինգ տոկոսը կառուցապատողը կարող է օգտագործել բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականը (սեփականության իրավունքի փոխանցման ակտը) հանձնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե շենքի շահագործման ընթացքում ի հայտ չեն եկել թերություններ, կամ ի հայտ եկած թերությունները վերացվել են կառուցապատողի կողմից:
6. Կառուցման ընթացքում հողամասի սեփականատիրոջ իրավունքները լրիվ կամ մասնակի այլ կառուցապատողի անցնելու դեպքում բանկում բացված սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվից նոր կառուցապատողի բանկում բացված հատուկ հաշվին են փոխանցվում վերջինիս անցած կառուցվող անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունք ունեցող գնորդի կուտակած կանխավճարները՝ գնորդի գրավի իրավունքով ծանրաբեռնված, ինչպես նաև նոր կառուցապատողին են անցնում գանձապետարանում, նոտարի դեպոզիտում սկզբնական կառուցապատողի հատուկ հաշվում տվյալ գնորդի վճարած միջոցների նկատմամբ իրավունքները: Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով գնի վճարման գնորդի վճարային պարտավորությունը հողամասի նոր սեփականատիրոջ առջև չի կարող ավել լինել կառուցվող անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով սահմանված գնի և նոր սեփականատիրոջ կառուցապատման հատուկ հաշվին փոխանցված կանխավճարների տարբերությունից:
7. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու կամ կառուցվող անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու դեպքում գնորդն իրավունք ունի կառուցապատողի հատուկ հաշվից հետ պահանջելու վճարած կանխավճարները։ Կառուցապատողն իրավունք ունի հատուկ հաշիվը սպասարկողից պահանջելու, որ վերադարձվող գումարից պահվի կառուցվող անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքի պայմանագրով սահմանված տուժանք, եթե փոխանցման ակտը չկնքվելու կամ պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու կամ անվավեր ճանաչվելու հանգամանքների համար պատասխանատու է գնորդը:
8. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ավարտի գրանցումից հետո՝ վեցամսյա ժամկետում, անշարժ գույքի սեփականության իրավունքի փոխանցման ակտը չկնքվելու դեպքում գնորդը կարող է օրենքով սահմանված կարգով պահանջել փոխանցման ակտի հարկադիր կնքում կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում, եթե իր պայմանագրային պարտավորություններն ամբողջությամբ կատարված են։
9. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով անշարժ գույք գնելու իրավունքը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների նկատմամբ գնորդի իրավունքներով հանդերձ կարող է հատուցմամբ կամ անհատույց օտարվել, գրավադրվել կամ փոխանցվել այլ անձի համընդհանուր իրավահաջորդության հետևանքով՝ իրավունքների և պարտականությունների առկա ծավալով, այդ մասին տեղեկացնելով կառուցապատողին:
9.1. Կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի հիփոթեքի դեպքում սեփականության իրավունքի փոխանցման ակտի հիման վրա գնորդի սեփականության իրավունքի պետական գրանցման հետ միաժամանակ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցվում է նաև ձեռք բերված հիփոթեքը, եթե հիփոթեքի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում համընդհանուր իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքներն ու պարտավորություններն այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի դրամական միջոցների նկատմամբ իրավունքները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, որին անցել են կառուցվող անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:
11. Շենքի կառուցման ավարտից հետո կառուցապատողի և գնորդի միջև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումից հետո կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի վճարած առկա միջոցները փոխանցվում են կառուցապատողի սովորական բանկային հաշվին և տնօրինվում են կառուցապատողի կողմից:
(570.1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-87-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.05.22 ՀՕ-136-Ն, խմբ. 12.09.23 ՀՕ-292-Ն)
(12.09.23 ՀՕ-292-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
§ 7. ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
(պարագրաֆը լրաց. 06.03.20 ՀՕ-134-Ն)
Հոդված 570.2. | Ռեպո պայմանագիրը |
1. Ռեպո պայմանագրով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:
2. Սույն գլխի իմաստով արժեթղթերը համարվում են համարժեք, եթե թողարկվել են միևնույն թողարկողի կողմից, միևնույն թողարկման մաս են կազմում, ունեն նույն տեսակը, անվանական արժեքը, բնութագրիչ հատկանիշները և նույն քանակի կամ ծավալի են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Սույն գլխի 1-ին պարագրաֆով սահմանված կանոնները տարածվում են ռեպո պայմանագրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով, և եթե դա չի հակասում սույն պարագրաֆի դրույթներին կամ ռեպո պայմանագրի էությանը:
4. Ռեպո պայմանագիրը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործարք:
5. Ռեպո պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ռեպո պայմանագրի անվավերության:
Հոդված 570.3. | Ռեպո պայմանագրի պայմանները |
1. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել, որ գնորդը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում արժեթղթերի դիմաց թողարկողի կողմից վճարվող եկամուտներին, մասնավորապես պարտատոմսերի դիմաց վճարվող տոկոսներին, մարումներին և նմանատիպ այլ վճարումներին համարժեք գումար փոխանցել վաճառողին:
2. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել ռեպո պայմանագրով վաճառված արժեթղթերի շուկայական գնի տատանման հետևանքով հավելյալ ռիսկ ստանձնած կողմի իրավունքն իր ռիսկը ծածկելու նպատակով պահանջելու մյուս կողմից իրեն որպես սեփականություն հանձնել արժեթղթեր կամ դրամական միջոցներ՝ միաժամանակ ստանձնելով դրանք կամ դրանց համարժեքը վերադարձնելու պարտականություն (մարժային փոխանցումներ): Լրացուցիչ արժեթղթերը կամ դրամական միջոցներն ստանալու և (կամ) դրանց համարժեքը վերադարձնելու կարգը, ժամկետները և դրանց հետ կապված այլ հարցեր կարգավորվում են պայմանագրով: Կողմերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները կարող են կիրառել մարժային փոխանցումների ժամանակ:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումները չեն համարվում նվիրատվություն:
4. Որպես մարժային փոխանցում տրամադրվող դրամական միջոցների վրա կարող են հաշվեգրվել տոկոսներ:
5. Այն դեպքերում, երբ ռեպո պայմանագրով վաճառված կամ որպես մարժային փոխանցում տրամադրված արժեթուղթը մարվում է նախքան պայմանագրով սահմանված դրա համարժեքը վերադարձնելը, ապա հետ վաճառքի ժամանակ համարժեք արժեթղթի փոխարեն վերադարձվում են մարման գումարները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գ Լ ՈՒ Խ 32
ՌԵՆՏԱ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՌԵՆՏԱՅԻ ՄԱՍԻՆ
Հոդված 571. | Ռենտայի պայմանագիր |
1. Ռենտայի պայմանագրով մի կողմը (ռենտա ստացողը) մյուս կողմին (ռենտա վճարողին) սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար:
2. Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ (մշտական ռենտա) կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում (ցմահ ռենտա) ռենտա վճարելու պարտականություն:
Հոդված 572. | Ռենտայի պայմանագրի ձևը |
1. Ռենտայի պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(572-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 573. | Անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը |
Ռենտայի վճարի դիմաց անշարժ գույքի օտարում նախատեսող ռենտայի պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:
Հոդված 574. | Ռենտայի վճարի դիմաց գույքն օտարելը |
1. Ռենտայի վճարի դիմաց օտարվող գույքը ռենտա ստացողի կողմից կարող է վճարով կամ անվճար, որպես սեփականություն, հանձնվել ռենտա վճարողին:
2. Եթե ռենտայի պայմանագրով նախատեսվում է գույքը հանձնել վճարով, այն հանձնելու և վճարելու վերաբերյալ կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են առուվաճառքի (գլուխ 31), իսկ գույքն անվճար հանձնելու դեպքում` նվիրատվության պայմանագրի կանոնները (գլուխ 34), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով և չի հակասում ռենտայի պայմանագրի էությանը:
Հոդված 575. | Անշարժ գույքը ռենտայով ծանրաբեռնելը |
1. Ռենտան ծանրաբեռնում է հողամասը, շենքը, շինությունը կամ դրա վճարի դիմաց հանձնված այլ անշարժ գույք: Ռենտա վճարողի կողմից այդպիսի գույքն օտարելու դեպքում ռենտայի պայմանագրով նրա պարտավորությունները փոխանցվում են գույքը ձեռք բերողին:
2. Ռենտայով ծանրաբեռնված անշարժ գույքն այլ անձի սեփականությանը հանձնած ռենտա վճարողն այդ անձի հետ սուբսիդիար պատասխանատվություն է կրում ռենտա ստացողի պահանջներով, որոնք ծագել են ռենտայի պայմանագիրը խախտելու հետևանքով, եթե այդ պարտավորության համար համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ պայմանագրով:
Հոդված 576. | Ռենտայի վճարման ապահովումը |
1. Հողամասը կամ այլ անշարժ գույքը ռենտայի դիմաց հանձնելու դեպքում ռենտա ստացողն այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում գրավի իրավունք` ի ապահովումն իր հանդեպ ռենտա վճարողի պարտավորության կատարման:
2. Ռենտայի դիմաց դրամական գումարի կամ այլ շարժական գույքի փոխանցում նախատեսող պայմանագրի համար էական է իր պարտավորությունների կատարումն ապահովելու ռենտա վճարողի պարտականությունը (հոդված 368) կամ այդ պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու պատասխանատվության ռիսկը ռենտա ստացողի օգտին ապահովագրելու պարտականությունը սահմանող պայմանը:
3. Ռենտա վճարողի կողմից սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, ինչպես նաև նրա տրամադրած ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքում, այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն չի կրում ռենտա ստացողը, վերջինս իրավունք ունի լուծել ռենտայի պայմանագիրը և պահանջել հատուցելու պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:
Հոդված 577. | Ռենտայի ձևը և չափը |
1. Ռենտան վճարվում է դրամով` պայմանագրով սահմանված չափով:
Ռենտան կարող է վճարվել նաև դրա դրամական արժեքին համապատասխանող գույք տրամադրելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու միջոցով:
2. Ռենտայի վճարի չափն աճում է նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմանը համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ ռենտայի պայմանագրով:
Հոդված 578. | Պատասխանատվությունը ռենտայի վճարի կետանցի համար |
Ռենտայի վճարի կետանցի համար ռենտա վճարողը ռենտա ստացողին վճարում է սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները, եթե տոկոսների այլ չափ նախատեսված չէ ռենտայի պայմանագրով:
§ 2. ՄՇՏԱԿԱՆ ՌԵՆՏԱ
Հոդված 579. | Մշտական ռենտա ստացողը |
1. Մշտական ռենտա ստացողներ կարող են լինել միայն քաղաքացիները, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունները, եթե դա չի հակասում օրենքին և համապատասխանում է նրանց գործունեության նպատակներին:
2. Մշտական ռենտայի պայմանագրով ռենտա ստացողի իրավունքները սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց կարող են փոխանցվել պահանջի զիջման միջոցով կամ անցնել ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով` իրավաբանական անձանց վերակազմակերպման դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 580. | Մշտական ռենտա վճարելու ժամկետները |
Մշտական ռենտան վճարվում է յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի վերջում, եթե այլ բան նախատեսված չէ մշտական ռենտայի պայմանագրով:
Հոդված 581. | Մշտական ռենտայի հետգնման իրավունքը |
1. Մշտական ռենտայի վճարողն իրավունք ունի այն հետ գնել:
2. Ռենտա վճարելու պարտավորությունը չի դադարում մինչև ռենտա ստացողին հետգնման ամբողջ գումարը վճարելը, եթե հետգնման այլ կարգ նախատեսված չէ պայմանագրով:
3. Մշտական ռենտայի պայմանագրի` հետգնման իրավունքից վճարողի հրաժարվելու մասին պայմանն առոչինչ է:
4. Պայմանագրով կարող է նախատեսվել, որ մշտական ռենտայի հետգնման իրավունքը չի կարող իրականացվել ռենտա ստացողի կենդանության օրոք կամ այլ ժամկետի ընթացքում:
Հոդված 582. | Մշտական ռենտայի հետգնումը ռենտա ստացողի պահանջով |
Մշտական ռենտա ստացողն իրավունք ունի վճարողից պահանջել հետ գնելու ռենտան, եթե`
1) ռենտա վճարողն ավելի քան մեկ տարի կետանցել է ռենտայի վճարը, եթե այլ բան նախատեսված չէ մշտական ռենտայի պայմանագրով.
2) ռենտա վճարողը խախտել է ռենտայի վճարումն ապահովելու իր պարտավորությունները (հոդված 576).
3) առաջացել են հանգամանքներ, որոնք ակնհայտ վկայում են, որ ռենտան չի կարող վճարվել պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում.
4) ռենտայի վճարի դիմաց հանձնված անշարժ գույքն անցել է ընդհանուր սեփականության կամ բաժանվել է մի քանի անձանց միջև.
5) պայմանագրով նախատեսված են այլ դեպքեր:
Հոդված 583. | Մշտական ռենտայի հետգնման գինը |
1. Սույն օրենսգրքի 581 և 582 հոդվածներով նախատեսված դեպքերում մշտական ռենտան հետ է գնվում մշտական ռենտայի պայմանագրով որոշված գնով:
2. Մշտական ռենտայի պայմանագրում, որով գույքը վճարով հանձնվել է մշտական ռենտայի դիմաց, հետգնման գնի մասին պայմանի բացակայության դեպքում գույքը հետ է գնվում ռենտայի տարեկան գումարին համապատասխան գին վճարելու միջոցով:
3. Մշտական ռենտայի պայմանագրում, որով գույքն անվճար հանձնվել է մշտական ռենտայի վճարի դիմաց, գնի մասին պայմանի բացակայության դեպքում, հետգնման գնի մեջ ռենտայի դիմաց վճարի տարեկան գումարի հետ ներառվում է հանձնված գույքի` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված կանոններով որոշվող գինը:
Հոդված 584. | Մշտական ռենտայի վճարի դիմաց հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը |
1. Մշտական ռենտայի դիմաց անվճար հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը կրում է ռենտա վճարողը:
2. Մշտական ռենտայի դիմաց վճարով հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի դեպքում վճարողն իրավունք ունի պահանջել դադարեցնելու ռենտա վճարելու պարտավորությունը կամ փոփոխելու այն վճարելու պայմանները:
§ 3. ՑՄԱՀ ՌԵՆՏԱ
Հոդված 585. | Ցմահ ռենտա ստացողը |
1. Ցմահ ռենտան կարող է սահմանվել ռենտայի վճարման դիմաց գույքը հանձնած քաղաքացու կամ նրա մատնանշած այլ քաղաքացու կյանքի ամբողջ ժամանակահատվածի համար:
2. Թույլատրվում է ցմահ ռենտա սահմանել հօգուտ մի քանի քաղաքացիների, որոնց բաժինները ռենտա ստանալու իրավունքում ճանաչվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով:
3. Ռենտա ստացողներից մեկի մահվան դեպքում ռենտա ստանալու իրավունքում նրա բաժինն անցնում է կենդանի մնացած ռենտա ստացողներին, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով: Ռենտա վճարելու պարտավորությունը դադարում է վերջին ռենտա ստացողի մահվամբ:
4. Պայմանագիրը կնքելու պահին մահացած քաղաքացու օգտին ցմահ ռենտա սահմանող պայմանագիրն առոչինչ է:
Հոդված 586. | Ցմահ ռենտա վճարելու ժամկետները |
Ցմահ ռենտան վճարվում է յուրաքանչյուր օրացուցային ամսվա ավարտից հետո, եթե այլ բան նախատեսված չէ ցմահ ռենտայի պայմանագրով:
Հոդված 587. | Ցմահ ռենտայի պայմանագրի լուծումը ռենտա ստացողի պահանջով |
1. Ռենտա վճարողի կողմից ցմահ ռենտայի պայմանագրի էական խախտման դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի ռենտա վճարողից պահանջել հետ գնելու ռենտան` սույն օրենսգրքի 583 հոդվածով նախատեսված պայմաններով կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
2. Եթե ցմահ ռենտայի վճարի դիմաց բնակարանը, բնակելի տունը կամ այլ գույքն օտարվել է անվճար, ռենտա վճարողի կողմից պայմանագրի էական խախտման դեպքում ռենտա ստացողն իրավունք ունի պահանջել վերադարձնելու այդ գույքը` դրա արժեքը հաշվանցելով ռենտայի հետգնման գնի հաշվին:
Հոդված 588. | Ցմահ ռենտայի դիմաց հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը |
Ցմահ ռենտայի դիմաց հանձնված գույքի պատահական կորուստը կամ պատահական վնասվածքը ռենտա վճարողին չի ազատում ցմահ ռենտայի պայմանագրով նախատեսված պայմաններով այն վճարելու պարտավորությունից:
Գ Լ ՈՒ Խ 33
ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոդված 589. | Փոխանակության պայմանագիր |
1. Փոխանակության պայմանագրով կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է մյուս կողմին, որպես սեփականություն, հանձնել ապրանք այլ ապրանքի փոխարեն:
2. Փոխանակության պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են առուվաճառքի մասին կանոնները (գլուխ 31), եթե դա չի հակասում սույն գլխի դրույթներին և փոխանակության էությանը: Ընդ որում, կողմերից յուրաքանչյուրը համարվում է այն ապրանքի վաճառողը, որը նա պարտավորվում է հանձնել, և այն ապրանքի գնորդը, որը նա պարտավորվում է փոխանակությամբ ընդունել:
Հոդված 590. | Փոխանակության պայմանագրով գները և ծախսերը |
1. Փոխանակման ենթակա ապրանքները ենթադրվում են համարժեք, իսկ դրանք հանձնելու և ընդունելու ծախսերը յուրաքանչյուր դեպքում իրականացնում է այն կողմը, որը կրում է համապատասխան պարտականությունները, եթե այլ բան չի բխում փոխանակության պայմանագրից:
2. Այն դեպքում, երբ փոխանակության պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները ճանաչվում են անհամարժեք, կողմը, որը պարտավոր է հանձնել այն ապրանքը, որի գինը ցածր է մյուս կողմի` փոխանակության ներկայացրած ապրանքի գնից, պարտավոր է իր պարտականությունը կատարելուց առաջ կամ հետո վճարել գների տարբերությունը, եթե վճարման այլ կարգ սահմանված չէ պայմանագրով:
Հոդված 591. | Փոխանակության պայմանագրով ապրանք հանձնելու պարտավորության հանդիպական կատարումը |
Եթե փոխանակության պայմանագրին համապատասխան փոխանակվող ապրանքները հանձնելու ժամկետները չեն համընկնում, ապա կողմի, որը պետք է ապրանքը հանձնի մյուս կողմից ապրանք ստանալուց հետո, պարտավորության կատարման նկատմամբ կիրառվում են պարտավորության հանդիպական կատարման կանոնները (հոդված 367):
Հոդված 592. | Փոխանակվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելը |
Փոխանակվող ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է փոխանակության պայմանագրով որպես գնորդներ հանդես եկող կողմերին` նրանց կողմից համապատասխան ապրանքը հանձնելու պարտավորությունը կատարելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխանակության պայմանագրով:
Հոդված 593. | Պատասխանատվությունը փոխանակության պայմանագրով ձեռք բերված ապրանքն առգրավելիս |
Կողմը, որից երրորդ անձն առգրավել է փոխանակության պայմանագրով ձեռք բերված ապրանքը, սույն օրենսգրքի 477 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի մյուս կողմից պահանջել վերադարձնելու փոխանակման հետևանքով ստացած ապրանքը և (կամ) հատուցելու վնասները:
Գ Լ ՈՒ Խ 34
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հոդված 594. | Նվիրատվության պայմանագիր |
1. Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա'մ իրեն, կա'մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից:
Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 306 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:
2. Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:
3. Իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու` առանց գույքի, իրավունքի կամ պարտականությունից ազատելու տեսքով նվիրատվության կոնկրետ առարկան նշելու խոստումը, առոչինչ է:
4. Նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է:
Նման տեսակի նվիրատվության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` ժառանգման մասին կանոնները:
Հոդված 595. | Նվիրատվության պայմանագրի ձևը |
1. Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
Հոդված 596. | Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցումը |
Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման:
Հոդված 597. | Նվերն ընդունելուց նվիրառուի հրաժարվելը |
1. Նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված:
2. Նվերն ընդունելուց հրաժարվելը պետք է կատարվի նվիրատվության պայմանագրի համար սահմանված ձևով: Այն դեպքում, երբ նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը գրանցված է, նվերն ընդունելուց հրաժարվելը նույնպես ենթակա է պետական գրանցման:
3. Նվիրատուն իրավունք ունի նվիրառուից պահանջել հատուցելու նվերն ընդունելուց հրաժարվելու հետևանքով իրեն պատճառված իրական վնասը:
Հոդված 598. | Նվիրատվությունն արգելելը |
Արգելվում է`
1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.
3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:
(598-րդ հոդվածը լրաց. 09.02.12 ՀՕ-12-Ն)
Հոդված 599. | Նվիրատվության սահմանափակումները |
1. Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ` սույն օրենսգրքի 198 հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
2. Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի փոխարեն նրա պարտականությունների կատարմամբ նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետով նախատեսված կանոնների պահպանմամբ:
3. Երրորդ անձանց հանդեպ նվիրատուին պատկանող պահանջի իրավունքի նվիրատվությունն իրականացվում է սույն օրենսգրքի 397-401, 403 և 404 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:
4. Երրորդ անձանց հանդեպ նվիրառուի պարտքը նվիրատուին փոխանցելու միջոցով նվիրատվությունը կատարվում է սույն օրենսգրքի 406 և 407 հոդվածներով նախատեսված կանոնների պահպանմամբ:
5. Ներկայացուցչին տրված նվիրատվության կատարման լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է:
Հոդված 600. | Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելը |
1. Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում:
2. Նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց` այն հիմունքներով, որոնք իրեն իրավունք են տալիս վերացնել նվիրատվությունը (601 հոդվածի 1-ին կետ):
3. Նվիրատուի հրաժարվելը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով նվիրատվության պայմանագիրը կատարելուց, նվիրառուին իրավունք չի տալիս պահանջել վնասների հատուցում:
Հոդված 601. | Նվիրատվությունը վերացնելը |
1. Նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ:
2. Եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները:
3. Նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում:
4. Դատարանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով, կարող է վերացնել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կատարած նվիրատվությունը:
5. Նվիրատվության պայմանագրում կարող է սահմանվել նվիրատվությունը վերացնելու` նվիրատուի իրավունքը, եթե նա նվիրառուից ավելի երկար ապրի:
6. Նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին:
Հոդված 602. | Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելու և նվիրատվությունը վերացնելու սահմանափակումները |
Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելու (հոդված 600) և նվիրատվությունը վերացնելու (հոդված 601) կանոնները չեն կիրառվում փոքրարժեք նվերների նկատմամբ:
Հոդված 603. | Նվիրված գույքի թերություններով պատճառված վնասի հետևանքները |
Նվիրված գույքի թերությունների հետևանքով նվիրառուի կյանքին, առողջությանը կամ գույքին պատճառված վնասը հատուցում է նվիրատուն` սույն օրենսգրքի 60 գլխի կանոններին համապատասխան, եթե ապացուցվում է, որ այդ թերություններն առաջացել են մինչև գույքը նվիրառուին հանձնելը, չեն դասվում բացահայտների թվին, և նվիրատուն, դրանց մասին իմանալով, չի նախազգուշացրել նվիրառուին:
Հոդված 604. | Իրավահաջորդությունը նվիրատվություն խոստանալիս |
1. Նվիրառուի, ում նվիրատվության պայմանագրով խոստացվել է նվեր, իրավունքները չեն փոխանցվում նրա ժառանգներին (իրավահաջորդներին), եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով:
2. Նվիրատվություն խոստացած նվիրատուի պարտականությունները փոխանցվում են նրա ժառանգներին (իրավահաջորդներին), եթե այլ բան նախատեսված չէ նվիրատվության պայմանագրով:
Հոդված 605. | Նվիրաբերություն |
1. Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:
Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին:
2. Նվիրաբերությունն ընդունելու համար որևէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում:
3. Նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան:
4. Նվիրաբերությունը որոշակի նպատակով օգտագործելու համար ընդունած իրավաբանական անձը, պետք է վարի նվիրաբերված գույքի օգտագործման բոլոր գործառնությունների առանձնացված հաշվարկ:
5. Եթե իրադրության փոփոխման հետևանքով նվիրաբերված գույքի օգտագործումը նվիրաբերողի սահմանած նպատակին համապատասխան դառնում է անհնար, այն կարող է օգտագործվել այլ նպատակով միայն նվիրաբերողի համաձայնությամբ, իսկ նվիրաբերող քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում` դատարանի վճռով:
6. Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված կանոնների խախտմամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում:
7. Նվիրաբերության նկատմամբ չի կիրառվում սույն օրենսգրքի 604 հոդվածը:
ԵՐՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Գ Լ ՈՒ Խ 35
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
⚖Հոդված 606. | Վարձակալության պայմանագիր |
Վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:
Հոդված 607. | Վարձակալած գույքի պտուղները, արտադրանքը և եկամուտները |
Վարձակալած գույքի օգտագործման արդյունքում վարձակալի ստացած պտուղները, արտադրանքը և եկամուտները նրա սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
⚖Հոդված 608. | Վարձակալության օբյեկտները |
1. Վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները (չսպառվող գույք):
Օրենքով կարող են սահմանվել գույքի տեսակներ, որոնց վարձակալության հանձնելը չի թույլատրվում կամ սահմանափակված է:
2. Օրենքով կարող են սահմանվել հողամասերը և մեկուսի բնական այլ օբյեկտները վարձակալության հանձնելու առանձնահատկությունները:
3. Վարձակալության պայմանագրում պետք է նշվեն տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշակիորեն սահմանել այն գույքը, որը որպես վարձակալության օբյեկտ հանձնվում է վարձակալին: Պայմանագրում այդպիսի տվյալների բացակայության դեպքում վարձակալության օբյեկտի մասին պայմանը համարվում է չհամաձայնեցված, իսկ համապատասխան պայմանագիրը` չկնքված:
Հոդված 609. | Վարձատու |
1. Գույքը վարձակալության հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը:
2. Վարձատուներ կարող են լինել նաև գույքը վարձակալության հանձնելու համար օրենքով կամ սեփականատիրոջ կողմից լիազորված անձինք:
3. (մասն ուժը կորցրել է 18.06.20 ՀՕ-316-Ն)
(609-րդ հոդվածը լրաց. 29.05.02 ՀՕ-362-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-316-Ն)
⚖Հոդված 610. | Վարձակալության պայմանագրի ձևը |
1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
3. Գույքի վարձակալության պայմանագիրը, որը նախատեսում է հետագայում այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին (հոդված 627), կնքվում է այդպիսի գույքի առուվաճառքի պայմանագրի համար նախատեսված ձևով:
⚖Հոդված 611. | Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը |
Անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
⚖Հոդված 612. | Վարձակալության պայմանագրի ժամկետը |
1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
2. Եթե վարձակալության ժամկետը պայմանագրում որոշված չէ, ապա վարձակալության պայմանագիրը կնքված է համարվում անորոշ ժամկետով: Այդ դեպքում կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվելու վարձակալության պայմանագրից, այդ մասին մյուս կողմին մեկ ամիս առաջ, իսկ անշարժ գույքի վարձակալության դեպքում՝ երեք ամիս առաջ տեղեկացնելով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ:
3. Oրենքով կարող են սահմանվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրի առավելագույն ժամկետներ: Եթե պայմանագրում վարձակալության ժամկետը որոշված չէ, և կողմերից որևէ մեկը մինչև օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալը չի հրաժարվել պայմանագրից, ապա առավելագույն ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը դադարում է:
Oրենքով սահմանված առավելագույն ժամկետը գերազանցող ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը համարվում է առավելագույն ժամկետին հավասար ժամկետով կնքված:
(612-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն)
Հոդված 613. | Գույքը վարձակալին տրամադրելը |
1. Վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին տրամադրել վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում:
2. Գույքը վարձակալության է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Եթե այդպիսի պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ վարձակալը առանց դրանց չի կարող գույքն օգտագործել իր նշանակությանը համապատասխան կամ զգալի չափով զրկվում է այն բանից, ինչը կարող էր ակնկալել պայմանագիրը կնքելիս, նա կարող է վարձատուից պահանջել իրեն տրամադրելու պատկանելիքներն ու փաստաթղթերը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած վնասները:
3. Եթե վարձատուն վարձակալության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում այդպիսի ժամկետ սահմանված չէ` ողջամիտ ժամկետում, վարձակալին չի տրամադրել վարձակալության հանձնված գույքը, վարձակալը, սույն օրենսգրքի 414 հոդվածին համապատասխան, իրավունք ունի նրանից պահանջել տրամադրելու այդ գույքը և հատուցելու կատարման ձգձգման հետևանքով իրեն պատճառված վնասները, կամ պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու պայմանագիրը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները:
Հոդված 614. | Վարձատուի պատասխանատվությունը վարձակալության հանձնված գույքի թերությունների համար |
1. Վարձատուն պատասխանատվություն է կրում վարձակալության հանձնված գույքի օգտագործմանը լրիվ կամ մասնակիորեն խոչընդոտող թերությունների համար, եթե նույնիսկ վարձակալության պայմանագիրը կնքելիս նա չի իմացել այդ թերությունների մասին:
Այդպիսի թերություններ հայտնաբերելիս վարձակալը, իր ընտրությամբ, իրավունք ունի`
1) վարձատուից պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ համաչափորեն իջեցնելու վարձավճարը, կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերը.
2) վարձատուին նախապես տեղեկացնելով` վարձավճարից պահել տվյալ թերությունները վերացնելու համար իր կատարած ծախսերի գումարը.
3) պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը:
2. Վարձակալի պահանջների կամ վարձատուի հաշվին գույքի թերությունները վերացնելու նրա մտադրության մասին ծանուցված վարձատուն կարող է վարձակալին հանձնված գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման գույքով կամ անհատույց վերացնել գույքի թերությունները:
3. Եթե վարձակալի պահանջները բավարարելը կամ վարձավճարի հաշվին թերությունները վերացնելու համար նրա կատարած ծախսերը պահելը չի ծածկում վարձակալին պատճառված վնասները, նա իրավունք ունի պահանջել հատուցելու վնասների չծածկված մասը:
4. Վարձատուն պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի այն թերությունների համար, որոնք նա նշել է պայմանագիրը կնքելիս, կա'մ նախապես հայտնի են եղել վարձակալին, կա'մ պետք է վարձակալի կողմից հայտնաբերվեին գույքը զննելիս կա'մ պայմանագիր կնքելիս, կա'մ գույքը վարձակալության հանձնելիս դրա սարքինությունն ստուգելիս:
Հոդված 615. | Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները |
1. Գույքը վարձակալության հանձնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
2. Վարձակալության պայմանագիրը կնքելիս վարձատուն պարտավոր է վարձակալին նախազգուշացնել վարձակալության հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին: Վարձատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը, վարձակալին իրավունք է տալիս պահանջել նվազեցնելու վարձավճարը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
⚖Հոդված 616. | Վարձավճար |
1. Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը):
Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:
2. Վարձավճարը սահմանվում է վարձակալության հանձնված ամբողջ գույքի կամ դրա յուրաքանչյուր բաղկացուցիչ մասի վերաբերյալ`
1) պարբերաբար կամ միաժամանակ վճարվող որոշակի կայուն գումարով.
2) վարձակալված գույքն օգտագործելու արդյունքում ստացված արտադրանքի, պտուղների կամ եկամուտների համար սահմանված բաժնով.
3) վարձակալի կողմից որոշակի ծառայություններ մատուցելով.
4) վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված գույքը վարձատուի սեփականությանը կամ վարձակալությանը հանձնելով.
5) վարձակալված գույքը բարելավելու համար պայմանագրով նախատեսված ծախսերը վարձակալի վրա դնելով:
Կողմերը վարձակալության պայմանագրով կարող են նախատեսել վարձավճարի մատնանշված ձևերի համակցություն կամ դրա այլ ձևեր:
3. Վարձավճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Օրենքով կարող են նախատեսվել վարձակալության առանձին տեսակների, ինչպես նաև գույքի առանձին տեսակների վարձակալության համար վարձավճարի չափի վերանայման նվազագույն ժամկետներ:
4. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, վարձակալն իրավունք ունի պահանջել նվազեցնելու վարձավճարի չափը, եթե, հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում, վարձակալության պայմանագրով նախատեսված օգտագործման պայմանները կամ գույքի վիճակը վատթարացել են:
5. Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում վարձատուն իրավունք ունի նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:
Հոդված 617. | Վարձակալած գույքն օգտագործելը |
1. Վարձակալը պարտավոր է վարձակալված գույքն օգտագործել վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ եթե այդ պայմանները որոշված չեն, ապա` գույքի նշանակությանը համապատասխան:
2. Եթե վարձակալը գույքից օգտվում է վարձակալության պայմանագրի պայմաններին կամ գույքի նշանակությանն անհամապատասխան, վարձատուն իրավունք ունի պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
Հոդված 618. | Կողմերի պարտականությունները վարձակալած գույքի պահպանության համար |
1. Վարձատուն պարտավոր է իր հաշվին կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարձակալության պայմանագրով:
Հիմնական վերանորոգումը կատարվում է պայմանագրով որոշված ժամկետում, իսկ եթե պայմանագրով այն որոշված չէ կամ առաջացել է անհետաձգելի անհրաժեշտությամբ, ապա` ողջամիտ ժամկետում:
Վարձատուի կողմից հիմնական վերանորոգում կատարելու պարտականության խախտումը վարձակալին իրավունք է տալիս իր ընտրությամբ`
1) կատարել պայմանագրով նախատեսված կամ անհետաձգելի անհրաժեշտությամբ ծագած հիմնական վերանորոգում և վարձակալից պահանջել վերանորոգման արժեքը կամ դա հաշվարկել վարձավճարի հաշվին.
2) պահանջել համապատասխան չափով նվազեցնելու վարձավճարը.
3) պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:
2. Վարձակալը պարտավոր է գույքը պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրա ընթացիկ վերանորոգումը և կրել գույքը պահպանելու ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ վարձակալության պայմանագրով:
Հոդված 619. | Վարձակալության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխության դեպքում |
1. Վարձակալության հանձնված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Անշարժ գույք վարձակալած քաղաքացու մահվան դեպքում վարձակալության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Վարձատուն իրավունք չունի մերժելու այդպիսի ժառանգին պայմանագրի կողմ դառնալու մնացած ժամկետում, բացառությամբ, եթե պայմանագիր կնքելը պայմանավորված է եղել վարձակալի անհատական հատկանիշներով:
(619-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 620. | Ենթավարձակալության պայմանագիրը |
1. Վարձակալն իրավունք ունի վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության, վարձակալության պայմանագրով իր իրավունքներն ու պարտականությունները փոխանցել այլ անձի, վարձակալած գույքը հանձնել անհատույց օգտագործման, վարձակալության իրավունքը գրավ դնել կամ որպես ավանդ ներդնել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում միայն վարձատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով: Նշված դեպքերում, բացառությամբ ենթավարձակալության, վարձատուի առջև պայմանագրով պատասխանատվություն է կրում վարձակալը:
2. Ենթավարձակալության պայմանագիրը չի կարող կնքվել վարձակալության պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
3. Ենթավարձակալության պայմանագրի նկատմամբ կիրառվում են վարձակալության պայմանագրի մասին կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
Հոդված 621. | Ենթավարձակալության պայմանագրի դադարելը վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելիս |
1. Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու հետ միասին դադարում է նաև դրան համապատասխան կնքված ենթավարձակալության պայմանագիրը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով: Այդ դեպքում վարձատուն իրավունք ունի, ենթավարձակալության պայմանագրին համապատասխան, ենթավարձակալի օգտագործման տակ գտնվող գույքի վարձակալության պայմանագիր կնքել նրա հետ, ենթավարձակալության մնացած ժամկետի սահմաններում` դադարած վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան պայմաններով:
2. Եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով վարձակալության պայմանագիրը համարվում է առոչինչ, ապա առոչինչ է համարվում նաև դրան համապատասխան կնքված ենթավարձակալության պայմանագիրը:
⚖Հոդված 622. | Պայմանագրի վաղաժամկետ լուծումը վարձատուի պահանջով |
Վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը`
1) գույքն օգտագործել է պայմանագրի պայմանների կամ գույքի նշանակության էական կամ բազմակի խախտումներով.
2) էականորեն վատթարացրել է գույքի վիճակը.
3) պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո պարբերաբար կամ անընդմեջ երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը.
4) վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, չի կատարել գույքի հիմնական վերանորոգում այն դեպքերում, երբ, օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան, հիմնական վերանորոգում կատարելը վարձակալի պարտականությունն է:
Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վարձակալության պայմանագրով կարող են սահմանվել վարձատուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:
(622-րդ հոդվածը խմբ. 09.02.17 ՀՕ-39-Ն)
Հոդված 623. | Պայմանագրի վաղաժամկետ լուծումը վարձակալի պահանջով |
Վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով, դատարանով կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`
1) վարձատուն վարձակալի օգտագործմանը չի տրամադրել գույքը կամ խոչընդոտներ է ստեղծել գույքը պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.
2) վարձակալին հանձնված գույքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին վարձատուն չի նշել պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել վարձակալին, և վերջինս չպետք է հայտնաբերեր պայմանագիրը կնքելիս, գույքը զննելիս կամ դրա սարքինությունն ստուգելիս.
3) վարձատուն վարձակալության պայմանագրով սահմանված ժամկետներում, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, չի կատարել գույքի հիմնական վերանորոգման իր պարտականությունը.
4) հանգամանքների բերումով, որոնց համար վարձակալը պատասխանատու չէ, գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:
Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` վարձակալության պայմանագրով կարող են սահմանվել պայմանագիրը վարձակալի պահանջով վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:
⚖Հոդված 624. | Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելը |
1. Նոր ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելիս դրա պայմանները կողմերի համաձայնությամբ կարող են փոփոխվել:
2. Եթե պայմանագրի ժամկետի ավարտից հետո վարձակալը, վարձատուի առարկությունների բացակայությամբ, շարունակում է օգտվել գույքից, պայմանագիրը ճանաչվում է վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով (հոդված 612):
⚖Հոդված 625. | Վարձակալած գույքը վարձատուին վերադարձնելը |
1. Վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին վերադարձնել գույքն իր կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ կամ պայմանագրով նախատեսված վիճակում:
2. Եթե վարձակալը չի վերադարձրել վարձակալած գույքը կամ այն վերադարձրել է ժամկետի խախտմամբ, վարձատուն իրավունք ունի վարձավճար պահանջել կետանցի ամբողջ ժամկետի համար: Եթե նման վճարը լիովին չի մարում վարձատուին պատճառված վնասները, նա կարող է պահանջել հատուցելու դրանց մնացած մասը:
3. Եթե վարձակալած գույքը ժամանակին չվերադարձնելու համար պայմանագրով նախատեսված է տուժանք, վնասները կարող են գանձվել տուժանքից զատ ամբողջ արժեքով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 626. | Վարձակալած գույքի բարելավումները |
1. Վարձակալած գույքից վարձակալի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:
2. Եթե վարձակալն իր միջոցների հաշվին և վարձատուի համաձայնությամբ կատարել է վարձակալած գույքից անբաժանելի բարելավումներ` առանց դրան վնաս պատճառելու, պայմանագիրը դադարելուց հետո վարձակալն իրավունք ունի հատուցում ստանալ այդ բարելավումների արժեքի չափով, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:
3. Վարձակալի կողմից առանց վարձատուի համաձայնության վարձակալած գույքից կատարած անբաժանելի բարելավումների արժեքը չի հատուցվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
4. Վարձակալած գույքի ամորտիզացիոն միջոցների հաշվին կատարված ինչպես բաժանելի, այնպես էլ անբաժանելի բարելավումները համարվում են վարձատուի սեփականությունը:
Հոդված 627. | Վարձակալած գույքը գնելը |
1. Օրենքով կամ վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել, որ վարձակալած գույքը, վարձակալության ժամկետը լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, անցնում է վարձակալի սեփականությանը` վարձակալի կողմից պայմանագրով պայմանավորված ամբողջ գումարը վճարելու պայմանով:
2. Եթե վարձակալության պայմանագրում նախատեսված չէ վարձակալած գույքը գնելու պայման, այն կարող է սահմանվել կողմերի լրացուցիչ համաձայնությամբ, որոնք իրավունք ունեն պայմանավորվել` նախապես մուծված վարձավճարը գնի մեջ հաշվարկելու մասին:
3. Օրենքով կարող են սահմանվել վարձակալած գույքը գնելու արգելքներ:
Հոդված 628. | Վարձակալության առանձին տեսակների և գույքի առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները |
Վարձակալության պայմանագրի առանձին տեսակների և գույքի առանձին տեսակների վարձակալության պայմանագրերի (վարձույթ, տրանսպորտային միջոցների վարձակալություն, շենքերի և շինությունների վարձակալություն, բնակելի տարածության վարձակալություն, լիզինգ) նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ այդ պայմանագրերի մասին սույն օրենսգրքի կանոններով:
(628-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-316-Ն)
§ 2. ՎԱՐՁՈՒՅԹ
Հոդված 629. | Վարձույթի պայմանագիրը |
1. Վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք:
Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
2. Վարձույթի պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Վարձույթի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
Հոդված 630. | Վարձույթի պայմանագրի ժամկետը |
1. Վարձույթի պայմանագիրը կնքվում է մինչև մեկ տարի ժամկետով:
2. Վարձույթի պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում վարձակալության պայմանագիրն անորոշ ժամկետով վերսկսելու կանոնները:
3. Վարձակալն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել վարձույթի պայմանագրից:
Հոդված 631. | Գույքը վարձակալին տրամադրելը |
Վարձույթի պայմանագիր կնքող վարձատուն պարտավոր է վարձակալի ներկայությամբ ստուգել վարձով տրվող գույքի սարքինությունը, ինչպես նաև վարձակալին ծանոթացնել գույքի շահագործման կանոններին կամ նրան հանձնել այդ գույքի օգտագործման մասին գրավոր հրահանգներ:
Հոդված 632. | Վարձակալության հանձնված գույքի թերությունները վերացնելը |
1. Վարձակալի կողմից վարձակալության հանձնված գույքից օգտվելուն ամբողջությամբ կամ մասնակիորեն խոչընդոտող թերություններ հայտնաբերելիս, վարձատուն պարտավոր է թերությունների մասին վարձակալի դիմելու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, եթե ավելի կարճ ժամկետ սահմանված չէ վարձույթի պայմանագրով, տեղում անհատույց վերացնել գույքի թերությունները կամ այդ գույքը փոխարինել պատշաճ վիճակում գտնվող նույնանման այլ գույքով:
2. Եթե վարձակալած գույքի թերությունները վարձակալի կողմից գույքը շահագործելու և պահպանելու կանոնները խախտելու հետևանք են, ապա վարձակալը վարձատուին վճարում է գույքը վերանորոգելու և տեղափոխելու արժեքը:
Հոդված 633. | Վարձույթի պայմանագրով վարձավճարը |
1. Վարձույթի պայմանագրով վարձավճարը սահմանվում է պարբերաբար կամ միանվագ մուծվող որոշակի կայուն գումարի տեսքով:
2. Վարձակալի կողմից գույքը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում վարձատուն նրան է վերադարձնում ստացած վարձավճարի համապատասխան մասը` այն հաշվարկելով գույքը փաստացի վերադարձնելու օրվան հաջորդող օրվանից:
Հոդված 634. | Վարձակալած գույքն օգտագործելը |
1. Վարձույթի պայմանագրով վարձատուն պարտավոր է կատարել վարձակալության հանձնված գույքի հիմնական և ընթացիկ վերանորոգում:
2. Վարձույթի պայմանագրով արգելվում են վարձակալին հանձնված գույքը ենթավարձակալության հանձնելը, իր իրավունքները և պարտականություններն այլ անձի փոխանցելը, այդ գույքն անհատույց օգտագործման տրամադրելը, վարձակալության իրավունքների գրավը, և դրանք, որպես գույքային ավանդ, տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների կանոնադրական կապիտալում մուծելը:
§ 3. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
1. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ` ԴՐԱ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Հոդված 635. | Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր |
1. Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով (ժամկետով ֆրախտ) վարձատուն վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը ու իր ուժերով ծառայություններ է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար:
2. Անձնակազմով տրանսպորտի միջոցի վարձակալության պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում վարձակալության պայմանագիրն անորոշ ժամկետով վերսկսելու մասին կանոնները:
Հոդված 636. | Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ձևը |
Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Հոդված 637. | Տրանսպորտային միջոցը պահպանելու վարձատուի պարտականությունը |
Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձատուն պարտավոր է ապահովել վարձակալության հանձնված տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակը: Այդ պարտականությունը ներառում է տրանսպորտային միջոցի ընթացիկ և հիմնական վերանորոգումն ու անհրաժեշտ պատկանելիքներ տրամադրելը:
Հոդված 638. | Վարձատուի պարտականությունները` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման ոլորտում |
1. Վարձակալին մատուցվող` տրանսպորտային միջոցի կառավարման և տեխնիկական շահագործման վարձատուի ծառայությունները պետք է ապահովեն դրա բնականոն և անվտանգ շահագործումը պայմանագրում նշված վարձակալության նպատակներին համապատասխան: Անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով կարող է նախատեսվել վարձակալին մատուցվող ծառայությունների ավելի լայն շրջանակ:
2. Տրանսպորտային միջոցի անձնակազմը և նրա որակավորումը պետք է համապատասխանեն կողմերի համար պարտադիր կանոնների պահանջներին ու պայմանագրի պայմաններին, իսկ եթե կողմերի համար պարտադիր կանոններով այդպիսի պահանջներ չեն սահմանվել, ապա` տվյալ տեսակի տրանսպորտային միջոցի շահագործման սովորական պահանջներին ու պայմանագրի պայմաններին:
3. Անձնակազմի անդամները համարվում են վարձատուի աշխատողներ: Նրանք ենթարկվում են կառավարմանը և տեխնիկական շահագործմանը վերաբերող` վարձատուի կարգադրություններին ու տրանսպորտային միջոցի առևտրային շահագործմանը վերաբերող` վարձակալի կարգադրություններին:
4. Անձնակազմի անդամների ծառայությունները վճարում է վարձատուն, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով:
Հոդված 639. | Տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման հետ կապված ծախսերը վճարելու վարձակալի պարտականությունը |
Վարձակալը վճարում է տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման կապակցությամբ առաջացած ծախսերը` ներառյալ վառելիքի ու շահագործման ընթացքում օգտագործվող մյուս նյութերի ծախսերը, ինչպես նաև տուրքերը, եթե այլ բան նախատեսված չէ անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:
Հոդված 640. | Տրանսպորտային միջոցն ապահովագրելը |
Տրանսպորտային միջոցն ապահովագրելու և (կամ) այն շահագործելու հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրելու պարտականությունը վարձատուի վրա է դրվում այն դեպքերում, եթե այդպիսի ապահովագրությունը պարտադիր է օրենքի կամ պայմանագրի ուժով, եթե այլ բան նախատեսված չէ անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:
Հոդված 641. | Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը |
1. Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի տրանսպորտային միջոցը հանձնել ենթավարձակալության, եթե անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
2. Վարձակալը, վարձակալված տրանսպորտային միջոցի առևտրային շահագործման շրջանակներում, իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել, ապա` տրանսպորտային միջոցի նշանակությանը:
Հոդված 642. | Պատասխանատվությունը տրանսպորտային միջոցին պատճառված վնասի համար |
Վարձակալված տրանսպորտային միջոցի կորստի կամ վնասվածքի դեպքում վարձակալը պարտավոր է վարձատուին հատուցել պատճառված վնասը, եթե վերջինս ապացուցում է, որ տրանսպորտային միջոցի վնասվածքը կամ կորուստը տեղի է ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնց համար օրենքին կամ վարձակալության պայմանագրին համապատասխան, պատասխանատվություն է կրում վարձակալը:
Հոդված 643. | Պատասխանատվությունը տրանսպորտային միջոցով պատճառված վնասի համար |
Վարձակալված տրանսպորտային միջոցով, դրա մեխանիզմներով և սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար, սույն օրենսգրքի 60 գլխով նախատեսված կանոններին համապատասխան, պատասխանատվություն է կրում վարձատուն: Նա իրավունք ունի երրորդ անձանց վճարած գումարը հատուցելու մասին վարձակալին հետադարձ պահանջ ներկայացնել, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է վարձակալի մեղքով:
Հոդված 644. | Տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները |
Կառավարման և տեխնիկական շահագործման ծառայությունների մատուցմամբ տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները, բացի սույն պարագրաֆում նախատեսվածներից, կարող են սահմանվել օրենքով:
2. ԱՌԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 645. | Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր |
1. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով վարձատուն վճարի դիմաց տրանսպորտային միջոցը հանձնում է վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը` առանց նրան կառավարման ու տեխնիկական շահագործման համար ծառայություններ մատուցելու:
2. Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը վերսկսելու մասին կանոնները:
Հոդված 646. | Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ձևը |
Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Հոդված 647. | Վարձակալի` տրանսպորտային միջոցը պահպանելու պարտականությունը |
Առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի ամբողջ ժամկետի ընթացքում վարձակալը պարտավոր է ապահովել վարձակալած տրանսպորտային միջոցի պատշաճ վիճակը: Այդ պարտականությունը ներառում է դրա ընթացիկ և հիմնական վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 648. | Վարձակալի` տրանսպորտային միջոցի կառավարման, առևտրային և տեխնիկական շահագործման պարտականությունները |
Վարձակալն իր ուժերով իրականացնում է վարձակալած տրանսպորտային միջոցի կառավարումը, ինչպես նաև դրա առևտրային և տեխնիկական շահագործումը:
Հոդված 649. | Վարձակալի` տրանսպորտային միջոցը պահպանելու հետ կապված ծախսերը վճարելու պարտականությունը |
Վարձակալը կրում է վարձակալած տրանսպորտային միջոցը պահպանելու, այն ապահովագրելու` ներառյալ իր պատասխանատվությունն ապահովագրելու, ինչպես նաև այն շահագործելու հետ կապված ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:
Հոդված 650. | Տրանսպորտային միջոցի օգտագործման երրորդ անձանց հետ պայմանագրերը |
1. Վարձակալն իրավունք չունի վարձակալված տրանսպորտային միջոցն առանց վարձատուի համաձայնության հանձնել ենթավարձակալության, եթե այլ բան նախատեսված չէ առանց անձնակազմի տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրով:
2. Վարձակալն իրավունք ունի, առանց վարձատուի համաձայնության, երրորդ անձանց հետ իր անունից կնքել փոխադրման և այլ պայմանագրեր, եթե դրանք չեն հակասում վարձակալության պայմանագրում նշված` տրանսպորտային միջոցի օգտագործման նպատակներին, իսկ եթե այդպիսի նպատակներ չեն սահմանվել` տրանսպորտային միջոցի նշանակությանը:
Հոդված 651. | Պատասխանատվությունը տրանսպորտային միջոցով պատճառված վնասի համար |
Վարձակալված տրանսպորտային միջոցով, նրա մեխանիզմներով և սարքերով երրորդ անձանց պատճառված վնասի համար, սույն օրենսգրքի 60 գլխի կանոններին համապատասխան, պատասխանատվությունը կրում է վարձակալը:
Հոդված 652. | Տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները |
Առանց կառավարման և տեխնիկական շահագործման ծառայության մատուցման տրանսպորտային միջոցների առանձին տեսակների վարձակալության առանձնահատկությունները, բացի սույն պարագրաֆում նախատեսվածներից, կարող են սահմանվել օրենքով:
§ 4. ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 653. | Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիր |
Վարձակալության պայմանագրով շենքի կամ շինության վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել շենք կամ շինություն:
Հոդված 654. | Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրի ձևը |
1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(654-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 655. | Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը |
Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Հոդված 656. | Հողամասի նկատմամբ իրավունքը դրա վրա գտնվող շենքի կամ շինության վարձակալության դեպքում |
1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով դրա տիրապետման և օգտագործման իրավունքների փոխանցման հետ միաժամանակ վարձակալին են փոխանցվում հողամասի այն մասի նկատմամբ իրավունքները, որն զբաղեցված է այդ շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:
2. Այն դեպքում, երբ վարձատուն այն հողամասի սեփականատերն է, որի վրա գտնվում է վարձակալության հանձնվող շենքը կամ շինությունը, հողամասի համապատասխան մասի նկատմամբ վարձակալին տրամադրվում է վարձակալության իրավունք կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով նախատեսված այլ իրավունք:
Եթե հողամասի նկատմամբ վարձակալին փոխանցվող իրավունքը սահմանված չէ պայմանագրով, շենքի կամ շինության վարձակալության ժամկետով նրան է անցնում հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է դրա օգտագործման համար:
3. Վարձատուին սեփականության իրավունքով չպատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության վարձակալությունը թույլատրվում է առանց այդ հողամասի սեփականատիրոջ համաձայնության, եթե դա չի հակասում այդպիսի հողամասի օգտագործման` օրենքով կամ հողամասի սեփականատիրոջ հետ պայմանագրով սահմանված պայմաններին:
Հոդված 657. | Շենքի կամ շինության վարձակալի` հողամասի օգտագործման իրավունքը պահպանվելը հողամասը վաճառելիս |
Այն դեպքում, երբ հողամասը, որի վրա գտնվում է վարձակալված շենքը կամ շինությունը, վաճառվում է այլ անձի, այդ շենքի կամ շինության վարձակալը պահպանում է հողամասի այն մասի օգտագործման իրավունքը, որն զբաղեցված է շենքով կամ շինությամբ և անհրաժեշտ է այն օգտագործելու համար մինչև գործող պայմաններով հողամասի վաճառքը:
Հոդված 658. | Վարձավճարի չափը |
1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը պետք է նախատեսի վարձավճարի չափ: Վարձավճարի չափի մասին պայմանի բացակայության դեպքում շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը համարվում է չկնքված: Այս դեպքում չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները:
2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրում սահմանված` շենքի կամ շինության օգտագործման վարձավճարը ներառում է հողամասի, որի վրա այն ամրակայված է, կամ դրա հետ մեկտեղ հանձնվող հողամասի համապատասխան մասի օգտագործման վճարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
3. Այն դեպքում, երբ շենքի կամ շինության վարձավճարը պայմանագրում սահմանված է շենքի (շինության) տարածքի միավորի կամ դրա չափերի այլ ցուցանիշով, վարձավճարը որոշվում է` ելնելով վարձակալին հանձնված շենքի կամ շինության փաստացի չափերից:
Հոդված 659. | Շենքը կամ շինությունը վարձակալության հանձնելը |
1. Շենքը կամ շինությունը վարձատուի կողմից հանձնելը և վարձակալի կողմից դրա ընդունելն իրականացվում է փոխանցման ակտով կամ փոխանցման մասին` կողմերի ստորագրած այլ փաստաթղթով:
Շենքը կամ շինությունը հանձնելու վարձատուի պարտավորությունը համարվում է կատարված այն վարձատուի տիրապետմանը կամ օգտագործմանը տրամադրելուց և հանձնելու մասին համապատասխան փաստաթուղթը կողմերի ստորագրելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ շենքի կամ շինության վարձակալության պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված պայմաններով շենքը կամ շինությունը հանձնելու մասին փաստաթուղթն ստորագրելուց կողմերից մեկի խուսափելը համարվում է հրաժարում համապատասխանաբար վարձատուի կողմից գույքը հանձնելու կամ վարձակալի կողմից այն ընդունելու պարտականության կատարումից:
2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը դադարելու դեպքում վարձակալված շենքը կամ շինությունը պետք է վերադարձվի վարձատուին` սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված կանոնների պահպանմամբ:
§ 5. ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 660. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագիր |
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով մի կողմը` բնակելի տարածության սեփականատերը կամ նրա լիազորած անձը (վարձատուն), պարտավորվում է վճարի դիմաց մյուս կողմի (վարձակալի) տիրապետմանը և օգտագործմանը հանձնել բնակելի տարածություն:
Հոդված 661. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի օբյեկտը |
1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի օբյեկտ կարող է լինել մշտական բնակության համար պիտանի բնակելի տարածությունը (բնակարանը, բնակելի տունը, բնակարանի կամ բնակելի տան մասը):
2. Բազմաբնակարան տներում բնակելի տարածության վարձակալը բնակելի տարածության օգտագործման հետ մեկտեղ, իրավունք ունի օգտվել սույն օրենսգրքի 224 հոդվածում նշված գույքից:
Հոդված 662. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ձևը |
1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(662-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 663. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը |
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Հոդված 664. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պահպանվելը բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելիս |
Զբաղեցված բնակելի տարածության նկատմամբ վարձակալության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը հիմք չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Այդ դեպքում նոր սեփականատերը վարձատու է դառնում նախկինում կնքված վարձակալության պայմանագրի պայմաններով:
(664-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
Հոդված 665. | Բնակելի տարածության վարձատուի պարտականությունները |
1. Վարձատուն պարտավոր է վարձակալին տրամադրել ազատ բնակելի տարածություն` բնակության համար պիտանի վիճակում:
2. Վարձատուն պարտավոր է պատշաճ շահագործել այն բնակելի տարածությունը, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վճարի դիմաց մատուցել անհրաժեշտ կոմունալ ծառայություններ կամ ապահովել դրանց մատուցումը, վերանորոգել բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքը և կոմունալ ծառայություններն ապահովող սարքավորումները:
Հոդված 666. | Բնակելի տարածության վարձակալը |
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրով` վարձակալ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:
Հոդված 667. | Բնակելի տարածության վարձակալի պարտականությունները |
1. Վարձակալը պարտավոր է ապահովել բնակելի տարածության պահպանությունը և այն պահպանել պատշաճ վիճակում:
2. Վարձակալն իրավունք չունի առանց վարձատուի համաձայնության կատարել բնակելի տարածության վերակառուցում և վերափոխում:
3. Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել բնակելի տարածության վարձակալության վճարը: Վարձակալը պարտավոր է վճարել կոմունալ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 668. | Այլ քաղաքացիներին մշտապես բնակեցնելը |
1. Բնակելի տարածությունում, վարձակալի համաձայնությամբ, կարող են մշտապես բնակեցվել այլ քաղաքացիներ:
2. Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում իր հետ մշտապես բնակվող քաղաքացիների բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմանները խախտող գործողությունների համար:
Հոդված 669. | Ժամանակավոր բնակիչները |
1. Վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն թույլատրել բնակելի տարածությունում անհատույց բնակվելու ժամանակավոր բնակիչների:
Վարձակալը վարձատուի առջև պատասխանատվություն է կրում ժամանակավոր բնակիչների գործողությունների համար:
2. Ժամանակավոր բնակիչները պարտավոր են բնակելի տարածությունն ազատել նրանց հետ համաձայնեցված բնակության ժամկետի ավարտից հետո, իսկ եթե նման ժամկետ համաձայնեցված չէ, ապա` վարձակալի կամ նրա հետ մշտապես բնակվող ցանկացած քաղաքացու նման պահանջի ներկայացման օրվանից յոթ օրվա ընթացքում:
Հոդված 670. | Վարձակալության հանձնված բնակելի տարածության վերանորոգումը |
1. Վարձակալության հանձնված բնակելի տարածության ընթացիկ վերանորոգումը վարձակալի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:
2. Վարձակալության հանձնված բնակելի տարածության հիմնական վերանորոգումը վարձատուի պարտականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:
3. Բնակելի տան, որտեղ գտնվում է վարձակալության հանձնված բնակելի տարածությունը, վերասարքավորումն առանց վարձակալի համաձայնության չի թույլատրվում, եթե նման վերասարքավորումն էականորեն փոփոխում է բնակելի տարածության օգտագործման պայմանները:
Հոդված 671. | Բնակելի տարածության վարձակալության վճարը |
1. Բնակելի տարածության վարձակալության վճարի չափը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:
2. Բնակելի տարածության վարձակալության վճարի չափի միակողմանի փոփոխում չի թույլատրվում, բացառությամբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Բնակելի տարածության վարձակալության վճարը վարձակալը պետք է մուծի ամեն ամիս, եթե այլ բան նախատեսված չէ բնակելի տարածության վարձակալության պայմանագրով:
Հոդված 672. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը |
1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կնքվում է պայմանագրով որոշված ժամկետով:
2. Եթե բնակելի տարածության վարձակալության ժամկետը պայմանագրով որոշված չէ, պայմանագիրը համարվում է անորոշ ժամկետով կնքված:
Հոդված 673. | Բնակելի տարածության ենթավարձակալությունը |
1. Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրով վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, իր վարձակալած ամբողջ տարածությունը կամ դրա մասը ժամկետով հանձնում է ենթավարձակալի օգտագործմանը: Ենթավարձակալը ձեռք չի բերում բնակելի տարածության օգտագործման ինքնուրույն իրավունք: Ենթավարձակալի գործողությունների համար վարձատուի առջև պատասխանատվություն է կրում վարձակալը:
2. Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը հատուցելի է:
3. Բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագրի ժամկետը չի կարող գերազանցել բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ժամկետը:
4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում միաժամանակ դադարում է բնակելի տարածության ենթավարձակալության պայմանագիրը:
Հոդված 674. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրում վարձակալին փոխարինելը |
1. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրում վարձակալը, վարձատուի համաձայնությամբ, կարող է փոխարինվել վարձակալի հետ մշտապես բնակվող չափահաս քաղաքացիներից որևէ մեկով:
2. Վարձակալի մահվան դեպքում պայմանագիրը շարունակում է գործել նույն պայմաններով, իսկ վարձակալ դառնում է նախկին վարձակալի հետ մշտապես բնակվող քաղաքացիներից մեկը` մյուսների ընդհանուր գրավոր համաձայնությամբ: Եթե նման համաձայնություն չի կայացվել, բնակելի տարածությունում մշտապես բնակվող բոլոր քաղաքացիները դառնում են համավարձակալներ:
Հոդված 675. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը |
1. Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:
2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`
1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.
2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:
3. Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:
4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել դատական կարգով`
1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում.
2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
(675-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն, փոփ. 15.12.05 ՀՕ-238-Ն)
Հոդված 676. | Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման հետևանքները |
Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծման դեպքում վարձակալը և պայմանագրի լուծման պահին բնակելի տարածությունում բնակվող մյուս քաղաքացիները դատարանի վճռի հիման վրա ենթակա են վտարման բնակելի տարածությունից:
§ 6. ԼԻԶԻՆԳԸ
(պարագրաֆը խմբ. 18.06.20 ՀՕ-316-Ն)
Հոդված 677. | Lիզինգը |
1. Լիզինգի պայմանագրով` լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի որոշած վաճառողից և վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի և վաճառողի ընտրության համար:
2. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի և ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:
3. Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը լիզինգի ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
4. Լիզինգատուն լիզինգառուի համար գույք ձեռք բերելիս վաճառողին գրավոր ծանուցում է, որ գույքը նախատեսված է որոշակի անձի լիզինգով տրամադրելու համար:
5. Լիզինգի տարատեսակներն են հետադարձ լիզինգը, երկրորդային լիզինգը:
6. Լիզինգի գործառնություններ կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները:
Հոդված 678. | Վաճառողի և լիզինգատուի պատասխանատվությունը |
1. Լիզինգի պայմանագրով լիզինգառուն իրավունք ունի գույքի որակի ու կոմպլեկտայնության, դրա մատակարարման ժամկետները խախտելու և վաճառողի կողմից պայմանագիրն անպատշաճ կատարելու դեպքերում անմիջականորեն վաճառողին ներկայացնելու նրա և լիզինգատուի միջև կնքված առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջներ: Ընդ որում, լիզինգառուն ձեռք է բերում գնորդի համար սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները և կրում է նրա պարտականությունները, բացի վաճառողի հետ առք ու վաճառքի պայմանագիրն առանց լիզինգատուի համաձայնության լուծելու իրավունքից ու ձեռք բերված գույքի համար վճարելու պարտականությունից:
2. Լիզինգառուն և լիզինգատուն վաճառողի հետ հարաբերություններում համիրավ պարտատերեր են (հոդված 365):
3. Եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով, ապա լիզինգատուն լիզինգառուի առջև պատասխանատվություն չի կրում առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջները վաճառողի կողմից չկատարվելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ վաճառող ընտրելու պատասխանատվությունը դրված է լիզինգատուի վրա: Վերջին դեպքում լիզինգառուն իրավունք ունի իր ընտրությամբ առք ու վաճառքի պայմանագրից բխող պահանջներն անմիջականորեն ներկայացնելու ինչպես գույքը վաճառողին, այնպես էլ լիզինգատուին, որոնք համապարտ պատասխանատվություն են կրում լիզինգառուի առջև:
4. Լիզինգառուի փոփոխության դեպքում լիզինգի առարկայի նկատմամբ վաճառողին պահանջ ներկայացնելու իրավունքներն անցնում են նոր լիզինգառուին, իսկ ենթալիզինգի դեպքում՝ ենթալիզինգառուին: Այս դեպքում լիզինգատուն տասնհինգօրյա ժամկետում պարտավոր է գրավոր ծանուցել վաճառողին նոր լիզինգառուի կամ ենթալիզինգառուի մասին:
Հոդված 679. | Հետադարձ լիզինգը |
1. Հետադարձ լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է, որով լիզինգատուն պարտավորվում է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը:
2. Հետադարձ լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ լիզինգով տրամադրված գույքը, լիզինգի ժամկետի լրանալուց հետո կամ մինչև դրա լրանալը, կրկին անցնում է լիզինգառուի սեփականությանը` վերջինիս կողմից պայմանագրով նախատեսված գինը վճարելու պայմանով:
Հոդված 680. | Երկրորդային լիզինգը |
1. Երկրորդային լիզինգը լիզինգի պայմանագրի դադարման, վաղաժամկետ դադարեցման կամ լուծման հետևանքով լիզինգատուին վերադարձված լիզինգի առարկայի կրկին հանձնումն է նոր լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը: Երկրորդային լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:
2. Երկրորդային լիզինգի պայմանագիրը երկկողմ պայմանագիր է լիզինգատուի և լիզինգառուի միջև:
3. Երկրորդային լիզինգի ժամանակ լիզինգառուին է անցնում վաճառողին և լիզինգատուին՝ լիզինգի առարկայի նկատմամբ պահանջ ներկայացնելու իրավունքը՝ սույն օրենսգրքի 678-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 681. | Ենթալիզինգը և վարձակալությունը |
1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու են բանկը կամ սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունները, լիզինգառուն (ենթալիզինգատուն) իրավունք ունի, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցելու այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը:
2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է:
3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից:
4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով:
5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
6. Լիզինգառուն, որը բանկ չէ կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմանների պահպանման պարագայում:
Հոդված 682. | Լիզինգի պայմանագրի ձևը |
1. Լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-3.3-րդ մասերով սահմանված կարգով:
2. Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(682-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 683. | Lիզինգի պայմանագրից ծագող իրավունքների գրանցումը |
1. Անշարժ գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
2. Շարժական գույքի լիզինգի պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:
Հոդված 684. | Լիզինգի պայմանագրի առարկան |
1. Լիզինգի պայմանագրի առարկա կարող է լինել լիզինգի պայմանագրով հստակ և որոշակի սահմանված ցանկացած չսպառվող գույք:
2. Լիզինգի պայմանագրի գործողության ընթացքում լիզինգատուն իրավունք ունի պայմանագրով սահմանված կարգով հսկողություն իրականացնելու լիզինգի առարկայի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ ենթալիզինգի և վարձակալության դեպքում:
3. Լիզինգատուն և լիզինգառուն կարող են լիզինգի պայմանագրով ամրագրել լիզինգառուի կամ նրա լիազորած անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:
(684-րդ հոդվածը լրաց. 25.05.22 ՀՕ-128-Ն)
Հոդված 684.1. | Լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը |
1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան լիզինգատուի սեփականությունն է:
2. Լիզինգի առարկայի տիրապետման և օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 684.2. | Լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելը |
1. Լիզինգատուն պարտավոր է լիզինգի առարկան լիզինգառուին տրամադրել լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան:
2. Լիզինգի առարկան տրամադրվում է լիզինգով դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 684.3. | Լիզինգային վճարը |
1. Լիզինգային վճարն այն գումարն է, որը վճարում է լիզինգառուն՝ լիզինգային պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում, որը բաղկացած է՝
1) լիզինգի առարկայի արժեքից (այդ թվում՝ մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման պահը կատարված նախնական վճարից) և պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով նախատեսվում է լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին, կամ
2) լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարից, եթե լիզինգի պայմանագրով չի նախատեսվում լիզինգի առարկայի սեփականության իրավունքի փոխանցում լիզինգառուին:
Հոդված 684.4. | Լիզինգի առարկայի պահպանությունը և բարելավումները |
1. Լիզինգի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով սահմանված դեպքերում դադարելու կամ լուծվելու դեպքում լիզինգառուն պարտավոր է լիզինգատուին վերադարձնել գույքը լիզինգառուի կողմից ստացված վիճակում` բնականոն մաշվածության հաշվառմամբ:
2. Լիզինգառուն պարտավոր է իր հաշվին իրականացնել լիզինգի առարկայի տեխնիկական սպասարկումը և ապահովել դրա պահպանությունը, ինչպես նաև կատարել լիզինգի առարկայի հիմնական և ընթացիկ վերանորոգումը, եթե այլ բան նախատեսված չէ լիզինգի պայմանագրով:
3. Լիզինգի առարկա հանդիսացող անշարժ գույքի հիմնական վերանորոգումը կատարում է լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Լիզինգի առարկայի բարելավումների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 626-րդ հոդվածի պահանջները:
Հոդված 684.5. | Լիզինգի պայմանագրի լուծումը |
1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
1) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը.
2) լիզինգառուն խոչընդոտում է լիզինգատուին՝ իրականացնելու հսկողություն լիզինգի առարկայի նկատմամբ.
3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում պարբերաբար կամ ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել պայմանագրով սահմանված լիզինգային վճարի հերթական գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝
1) լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե կետանցն առաջացել է լիզինգատուի մեղքով, ինչպես նաև եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
2) լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե, համաձայն օրենքի կամ պայմանագրի, դա նրա պարտականությունն է:
3. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության և փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջելու հատուցել վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:
Հոդված 684.6. | Լիզինգի առարկայի բռնագանձումը |
1. Եթե լիզինգի առարկան ծանրաբեռնված է լիզինգի իրավունքով, ապա լիզինգի առարկայի բռնագանձման դեպքում լիզինգառուն լիզինգի առարկայի նկատմամբ պահպանում է իր իրավունքները՝ լիզինգի պայմանագրում նշված ծավալով և ժամկետներում:
Գ Լ ՈՒ Խ 36
ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
Հոդված 685. | Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր |
1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրով (փոխատվության պայմանագիր) մի կողմը (փոխատուն) պարտավորվում է գույքը հանձնել կամ հանձնում է մյուս կողմի (փոխառուի) անհատույց ժամանակավոր օգտագործմանը, իսկ վերջինս պարտավորվում է այդ գույքը վերադարձնել նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը, կամ պայմանագրով որոշված վիճակում:
2. Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 608 հոդվածով, 612 հոդվածի 1-ին կետով և 2-րդ կետի առաջին պարբերությամբ, 617 հոդվածով, 624 հոդվածի 2-րդ կետով, 626 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված կանոնները:
Հոդված 686. | Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի ձևը |
1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով (450-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):
2. Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
(686-րդ հոդվածը փոփ. 24.05.23 ՀՕ-184-Ն)
Հոդված 687. | Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումը |
Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
Հոդված 688. | Փոխատու |
1. Գույքն անհատույց օգտագործման հանձնելու իրավունքը պատկանում է դրա սեփականատիրոջը և օրենքով կամ սեփականատիրոջ կողմից դրա համար լիազորված այլ անձանց:
2. Առևտրային կազմակերպությունն իրավունք չունի գույքն անհատույց օգտագործման հանձնել իր հիմնադրին, մասնակցին, ղեկավարին, կառավարման կամ վերահսկողության մարմինների անդամին:
Հոդված 689. | Գույքն անհատույց օգտագործման հանձնելը |
1. Փոխատուն պարտավոր է գույքը հանձնել գույքի անհատույց օգտագործման պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխանող վիճակում:
2. Գույքն անհատույց օգտագործման է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (օգտագործման հրահանգով, տեխնիկական անձնագրով և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Եթե նման պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ առանց դրանց գույքը չի կարող օգտագործվել իր նշանակությանը համապատասխան կամ դրա օգտագործումը փոխառուի համար նշանակալից չափով կորցրել է իր արժեքը, փոխառուն իրավունք ունի պահանջել տրամադրելու այդպիսի պատկանելիքներն ու փաստաթղթերը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը:
Հոդված 690. | Գույքն անհատույց օգտագործման չհանձնելու հետևանքները |
Եթե փոխատուն գույքը չի հանձնում փոխառուին, վերջինս իրավունք ունի պահանջել լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը:
Հոդված 691. | Պատասխանատվությունն անհատույց օգտագործման հանձնված գույքի թերությունների համար |
1. Փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի այն թերությունների համար, որոնք նա դիտավորությամբ չի մատնանշել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս:
Նման թերություններ հայտնաբերելիս փոխառուն իրավունք ունի փոխատուից իր ընտրությամբ պահանջել անհատույց վերացնելու գույքի թերությունները կամ հատուցելու գույքի թերությունները վերացնելու համար իր ծախսերը կամ վաղաժամկետ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած վնասը:
2. Փոխատուն, որը ծանուցվել է փոխառուի պահանջների կամ գույքի թերությունները փոխատուի հաշվին վերացնելու նրա մտադրության մասին, կարող է այդ գույքն անհապաղ փոխարինել պատշաճ վիճակում գտնվող այլ նմանօրինակ գույքով:
3. Փոխատուն պատասխանատվություն չի կրում գույքի այն թերությունների համար, որոնք ինքը նշել է պայմանագիրը կնքելիս, կամ որոնք նախապես հայտնի են եղել փոխառուին կամ պետք է հայտնաբերվեին փոխառուի կողմից պայմանագիրը կնքելիս կամ գույքը հանձնելիս այն զննելիս կամ դրա սարքին լինելն ստուգելիս:
Հոդված 692. | Անհատույց օգտագործման հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները |
1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքելիս փոխատուն պարտավոր է փոխառուին զգուշացնել այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների (գրավի իրավունք, սերվիտուտ և այլն) մասին: Այդ պարտականությունը չկատարելը փոխառուին իրավունք է տալիս պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած իրական վնասը:
2. Գույքի անհատույց օգտագործման հանձնումը հիմք չէ այդ գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքները փոփոխելու կամ դադարելու համար:
Հոդված 693. | Փոխառուի` գույքը պահպանելու պարտականությունները |
1. Փոխառուն պարտավոր է անհատույց օգտագործման համար ստացված գույքը պահպանել սարքին վիճակում: Այդ պարտականությունները ներառում են ընթացիկ և հիմնական վերանորոգումը և պահպանման բոլոր ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ գույքի անհատույց օգտագործման պայմանագրով:
2. Փոխառուն իրավունք ունի անհատույց օգտագործման համար ստացված գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը միայն փոխատուի համաձայնությամբ` պատասխանատու մնալով փոխատուի առջև:
Հոդված 694. | Գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը |
Փոխառուն կրում է անհատույց օգտագործման հանձնված գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե գույքը ոչնչացվել կամ վնասվել է պայմանագրին կամ գույքի նշանակությանն անհամապատասխան օգտագործելու հետևանքով, կամ այն առանց փոխատուի համաձայնության հանձնել է երրորդ անձի:
Հոդված 695. | Պատասխանատվությունը գույքն օգտագործելու հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար |
Փոխատուն պատասխանատվություն է կրում գույքի օգտագործման հետևանքով երրորդ անձին պատճառված վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասը դիտավորությամբ պատճառել է փոխառուն կամ այն անձը, որի մոտ այդ գույքը հայտնվել է փոխատուի համաձայնությամբ:
Հոդված 696. | Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի վաղաժամկետ լուծումը |
1. Փոխատուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը, եթե փոխառուն`
1) գույքն օգտագործել է պայմանագրին կամ գույքի նշանակությանը անհամապատասխան.
2) չի կատարել գույքը պահպանելու իր պարտականությունները.
3) էականորեն վատթարացրել է գույքի վիճակը.
4) առանց փոխատուի համաձայնության` գույքը հանձնել է երրորդ անձի:
2. Փոխառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքն անհատույց օգտագործելու պայմանագիրը, եթե`
1) հայտնաբերվել են այնպիսի թերություններ, որոնք գույքի բնականոն օգտագործումը դարձնում են անհնար, որոնց մասին ինքը չգիտեր և չէր կարող իմանալ պայմանագիրը կնքելիս.
2) գույքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում.
3) պայմանագիրը կնքելիս փոխատուն նրան չի զգուշացրել հանձնվող գույքի նկատմամբ երրորդ անձանց իրավունքների մասին.
4) փոխատուն չի կատարել գույքը կամ դրա պատկանելիքները և դրան վերաբերող փաստաթղթերը հանձնելու իր պարտականությունը:
Հոդված 697. | Գույքի անհատույց օգտագործման պայմանագրից հրաժարվելը |
Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 698. | Կողմերի փոփոխությունը գույքի անհատույց օգտագործման պայմանագրում |
1. Փոխատուն իրավունք ունի գույքն օտարել երրորդ անձի: Ընդ որում, նոր սեփականատիրոջն են անցնում նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով նախատեսված իրավունքները, իսկ գույքը մնում է փոխառուի իրավունքներով ծանրաբեռնված:
2. Փոխատու քաղաքացու մահվան կամ փոխատու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում գույքի անհատույց օգտագործման պայմանագրով փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են ժառանգին (իրավահաջորդին):
3. Փոխառու իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում նրա իրավունքները և պարտականությունները գույքի անհատույց օգտագործման պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 699. | Գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դադարումը |
1. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարում է փոխառու քաղաքացու մահվամբ կամ փոխառու իրավաբանական անձի լուծարմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը դադարում է սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքերում:
(699-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)
ՉՈՐՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Գ Լ ՈՒ Խ 37
ԿԱՊԱԼ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԱՊԱԼԻ ՄԱՍԻՆ
Հոդված 700. | Կապալի պայմանագիր |
1. Կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք և դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար:
2. Կապալի պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային և հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են սույն պարագրաֆի դրույթները, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքի` կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:
Հոդված 701. | Կապալի պայմանագրով կատարվող աշխատանքները |
1. Կապալի պայմանագիրը կնքվում է գույք պատրաստելու կամ մշակելու (վերամշակելու) կամ այլ աշխատանքներ կատարելու համար` պատվիրատուին հանձնելով դրա արդյունքը:
2. Գույք պատրաստելու համար կնքված կապալի պայմանագրով կապալառուն դրա նկատմամբ իրավունքները փոխանցում է պատվիրատուին:
3. Կապալառուն պատվիրատուի առաջադրանքը կատարելու եղանակները որոշում է ինքնուրույն, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
Հոդված 702. | Կապալառուի միջոցներով աշխատանքներ կատարելը |
1. Աշխատանքը կատարվում է կապալառուի ուժերով, նյութերով և միջոցներով, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
2. Կապալառուն պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերի և սարքավորումների որակի, ինչպես նաև այնպիսի նյութեր և սարքավորումներ տրամադրելու համար, որոնց նկատմամբ երրորդ անձինք ունեն իրավունքներ:
Հոդված 703. | Ռիսկի բաշխումը կողմերի միջև |
1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ կապալի պայմանագրով, ապա`
1) նյութերի, սարքավորումների, մշակման (վերամշակման) հանձնված գույքի կամ պայմանագրի կատարման համար օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը կրում է դրանք տրամադրած կողմը.
2) կատարված աշխատանքի արդյունքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը` մինչև պատվիրատուի կողմից այն ընդունելը, կրում է կապալառուն:
2. Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու կետանցի դեպքում, սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ռիսկերը կրում է կետանց թույլ տված կողմը:
Հոդված 704. | Գլխավոր կապալառու և ենթակապալառու |
1. Եթե օրենքից կամ կապալի պայմանագրից չի բխում կապալի պայմանագրում նշված աշխատանքն անձամբ կատարելու` կապալառուի պարտականությունը, ապա նա իրավունք ունի իր պարտավորությունների կատարմանը մասնակից դարձնել այլ անձանց (ենթակապալառուների): Այդ դեպքում կապալառուն հանդես է գալիս որպես գլխավոր կապալառու:
2. Կապալառուն, որը սույն հոդվածի 1-ին կետի կամ պայմանագրի խախտմամբ կապալի պայմանագրի կատարմանը մասնակից է դարձրել ենթակապալառուին, պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում պայմանագրի կատարմանը` ենթակապալառուի մասնակցությամբ պատճառված վնասների համար:
3. Գլխավոր կապալառուն, սույն օրենսգրքի 351 հոդվածի 1-ին կետի և 419 հոդվածի կանոններով, պատասխանատվություն է կրում պատվիրատուի առջև ենթակապալառուի կողմից պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, իսկ ենթակապալառուի առջև` կապալի պայմանագրով նախատեսված պարտավորությունները` պատվիրատուի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Պատվիրատուն և ենթակապալառուն իրավունք չունեն միմյանց պահանջներ առաջադրել գլխավոր կապալառուի հետ նրանցից յուրաքանչյուրի կնքած պայմանագրի խախտման կապակցությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
4. Գլխավոր կապալառուի համաձայնությամբ` պատվիրատուն իրավունք ունի առանձին աշխատանքների կատարման պայմանագրեր կնքել այլ անձանց հետ: Այդ դեպքում նշված անձինք աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում անմիջականորեն պատվիրատուի առջև:
Հոդված 705. | Մի քանի անձանց մասնակցությամբ աշխատանքներ կատարելը |
1. Եթե կապալառուի կողմում միաժամանակ հանդես են գալիս երկու կամ ավելի անձինք, ապա պարտավորության առարկայի անբաժանելիության դեպքում, նրանք պատվիրատուի հանդեպ համապատասխանաբար համապարտ պարտապաններ և համիրավ պարտատերեր են:
2. Պարտավորության առարկայի բաժանելիության դեպքում, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով նախատեսված դեպքերում, սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանցից յուրաքանչյուրը պատվիրատուի հանդեպ իր բաժնի չափով ձեռք է բերում իրավունքներ և կրում է պարտականություններ:
Հոդված 706. | Աշխատանքը կատարելու ժամկետները |
1. Կապալի պայմանագրում նշվում են աշխատանքը կատարելու սկզբնական և վերջնական ժամկետները: Կողմերի համաձայնությամբ` պայմանագրում կարող են նախատեսվել աշխատանքի առանձին փուլերի ավարտի (միջանկյալ) ժամկետներ:
Կապալառուն պատասխանատվություն է կրում աշխատանքը կատարելու ինչպես սկզբնական և վերջնական, այնպես էլ միջանկյալ ժամկետները խախտելու համար, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նախատեսված չէ պայմանագրով:
2. Կապալի պայմանագրում նշված աշխատանքը կատարելու սկզբնական, միջանկյալ և վերջնական ժամկետները կարող են փոփոխվել պայմանագրում նախատեսված դեպքերում ու կարգով:
3. Սույն օրենսգրքի 421 հոդվածի 2-րդ կետում նշված` կատարման կետանցի հետևանքները վրա են հասնում աշխատանքը կատարելու վերջնական ժամկետը խախտելու դեպքում:
Հոդված 707. | Աշխատանքի գինը |
1. Կապալի պայմանագրում նշվում են կատարման ենթակա աշխատանքի գինը կամ այն որոշելու եղանակները: Պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում գինը որոշվում է սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
2. Աշխատանքի գինը կարող է որոշվել նախահաշիվ կազմելու միջոցով:
Այն դեպքում, երբ աշխատանքը կատարվում է կապալառուի կազմած նախահաշվին համապատասխան, նախահաշիվն ուժի մեջ մտնում և պայմանագրի մաս է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:
3. Աշխատանքի գինը (նախահաշիվը) կարող է լինել մոտավոր կամ կայուն: Կապալի պայմանագրում այլ ցուցումներ չլինելու դեպքում աշխատանքի գինը համարվում է կայուն:
4. Եթե առաջացել է լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն, որի պատճառով էապես ավելացել է աշխատանքի համար սահմանված մոտավոր գինը, կապալառուն պարտավոր է այդ մասին ժամանակին զգուշացնել պատվիրատուին: Պատվիրատուն, որը համաձայն չէ կապալի պայմանագրում նշված գնի ավելացման հետ, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից: Այդ դեպքում կապալառուն կարող է պատվիրատուից պահանջել վճարելու աշխատանքի կատարած մասի գինը:
Կապալառուն, որը պատվիրատուին ժամանակին չի նախազգուշացրել պայմանագրում նշված գինն ավելացնելու անհրաժեշտության մասին, պարտավոր է կատարել պայմանագիրը` պահպանելով պայմանագրով որոշված գնով վարձատրություն ստանալու իրավունքը:
5. Կապալառուն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ պատվիրատուն` նվազեցնելու կայուն գինը նաև այն դեպքում, երբ կապալի պայմանագիրը կնքելու պահին բացառվում էր կատարվող աշխատանքների կամ դրանց համար անհրաժեշտ ծախսերի լրիվ ծավալը նախատեսելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
6. Կապալառուի տրամադրած նյութերի և սարքավորումների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից նրան մատուցվող ծառայությունների արժեքի էական բարձրացման դեպքում, որը հնարավոր չէր կանխատեսել պայմանագիրը կնքելիս, կապալառուն իրավունք ունի պահանջել ավելացնելու սահմանված գինը, իսկ այդ պահանջը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու դեպքում լուծել պայմանագիրը` սույն օրենսգրքի 467 հոդվածին համապատասխան:
Հոդված 708. | Կապալառուի խնայողությունը |
1. Այն դեպքում, երբ կապալառուի փաստացի ծախսերը պակաս են այն ծախսերից, որոնք հաշվի են առնվել աշխատանքի գինը որոշելիս, կապալառուն պահպանում է կապալի պայմանագրով նախատեսված գնով վարձատրություն ստանալու իրավունքը, եթե պատվիրատուն չի ապացուցում, որ կապալառուի կատարած խնայողությունն ազդել է աշխատանքի որակի վրա:
2. Կապալի պայմանագրում կարող է նախատեսվել, որ կապալառուի ստացած խնայողությունը բաշխվում է կողմերի միջև:
Հոդված 709. | Աշխատանքի վարձատրության կարգը |
1. Պատվիրատուն պարտավոր է պայմանավորված գինը կապալառուին վճարել աշխատանքի արդյունքները վերջնական հանձնելուց հետո, պայմանով, եթե աշխատանքը կատարված է պատշաճ և պայմանավորված ժամկետում կամ ժամկետից շուտ` պատվիրատուի համաձայնությամբ, եթե կատարվող աշխատանքի կամ դրա առանձին փուլերի նախնական վարձատրություն նախատեսված չէ կապալի պայմանագրով:
2. Կապալառուն իրավունք ունի պահանջել նախավճար կամ կանխավճար, միայն օրենքում կամ կապալի պայմանագրում նշված դեպքերում և չափով:
Հոդված 710. | Գույքը պահելու կապալառուի իրավունքը |
Կապալի պայմանագրի կատարման կապակցությամբ` կապալառուին հասանելիք սահմանված գինը կամ այլ գումարը վճարելու պարտականությունը պատվիրատուի կողմից չկատարվելու դեպքում կապալառուն, սույն օրենսգրքի 373 և 374 հոդվածներին համապատասխան, իրավունք ունի պահել աշխատանքի արդյունքը, ինչպես նաև գույքի մշակման (վերամշակման) համար իրեն հանձնված` պատվիրատուին պատկանող սարքավորումները, չօգտագործած նյութերի մնացորդները և իր մոտ գտնվող` պատվիրատուի այլ գույքը մինչև պատվիրատուի կողմից համապատասխան գումարը վճարելը:
Հոդված 711. | Աշխատանքը պատվիրատուի նյութերի օգտագործմամբ կատարելը |
1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուի տրամադրած նյութերն օգտագործել խնայողաբար, աշխատանքի ավարտից հետո պատվիրատուին հաշվետվություն ներկայացնել այդ նյութերը ծախսելու մասին, ինչպես նաև նրան վերադարձնել դրանց մնացորդը կամ իր մոտ մնացած չօգտագործված նյութի արժեքի հաշվառմամբ` պատվիրատուի համաձայնությամբ, նվազեցնել աշխատանքի գինը:
2. Եթե պատվիրատուի տրամադրած նյութերի թերությունների պատճառով աշխատանքի արդյունքը ձեռք չի բերվել կամ ձեռք բերված արդյունքը եղել է այնպիսի թերություններով, որոնք այն դարձնում են կապալի պայմանագրով նախատեսված օգտագործման, իսկ կապալի պայմանագրում նման պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, կապալառուն իր կատարած աշխատանքի դիմաց իրավունք ունի պահանջել վարձատրություն:
3. Կապալառուն սույն հոդվածի 2-րդ կետում նշված իրավունքը կարող է իրականացնել, եթե ապացուցում է, որ նյութերի թերությունները չէին կարող իր կողմից հայտնաբերվել այդ նյութերի պատշաճ ընդունման դեպքում:
Հոդված 712. | Կապալառուի պատասխանատվությունը պատվիրատուի տրամադրած գույքի պահպանման համար |
Կապալառուն պատասխանատվություն է կրում կապալի պայմանագրի կատարման նպատակով պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, մշակման (վերամշակման) տրված այլ գույքի պահպանման համար:
Հոդված 713. | Պատվիրատուի իրավունքները կապալառուի կողմից աշխատանքներ կատարելիս |
1. Պատվիրատուն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել կապալառուի կողմից իրականացվող աշխատանքի ընթացքը և որակը` առանց միջամտելու վերջինիս գործունեությանը:
2. Եթե կապալառուն ժամանակին չի սկսում կապալի պայմանագրի կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:
3. Եթե աշխատանքի կատարման ժամանակ ակնհայտ է դառնում, որ այն պատշաճ չի կատարվելու, պատվիրատուն իրավունք ունի ողջամիտ ժամկետ նշանակել կապալառուի կողմից թերությունները վերացնելու համար, և այդ ժամկետում կապալառուի կողմից թերությունները չվերացվելու դեպքում հրաժարվել կապալի պայմանագրից կամ կապալառուի հաշվին աշխատանքի թերությունների վերացնելը հանձնարարել այլ անձանց, ինչպես նաև պահանջել հատուցելու վնասները:
Հոդված 714. | Հանգամանքներ, որոնց մասին կապալառուն պարտավոր է նախազգուշացնել պատվիրատուին |
1. Կապալառուն պարտավոր է պատվիրատուին անհապաղ նախազգուշացնել և մինչև նրանից ցուցում ստանալը դադարեցնել աշխատանքը, եթե հայտնաբերվել են`
1) պատվիրատուի տրամադրած նյութերի, սարքավորումների, նախագծային փաստաթղթերի կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքի ոչ պիտանի կամ անպատշաճ որակի լինելը.
2) աշխատանքների կատարման եղանակների մասին պատվիրատուի ցուցումների իրագործման հետ կապված` նրա համար հնարավոր անբարենպաստ հետևանքներ.
3) կապալառուից անկախ այլ հանգամանքներ, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի արդյունքի պիտանիությանը և ամրությանը կամ անհնար են դարձնում դրանք ժամանակին ավարտելը:
2. Կապալառուն, որը պատվիրատուին չի նախազգուշացրել սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կամ շարունակել է աշխատանքը` չսպասելով նախազգուշացման պատասխանի համար պայմանագրում նշված ժամկետի, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետի ավարտին կամ, չնայած աշխատանքները դադարեցնելու մասին պատվիրատուի ժամանակին տված ցուցումին, շարունակել է դրանք, իրավունք չունի իրեն կամ իր կողմից պատվիրատուին համապատասխան պահանջներ ներկայացնելիս վկայակոչել նշված հանգամանքները:
3. Եթե պատվիրատուն, չնայած սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին կապալառուի կողմից ժամանակին հիմնավոր նախազգուշացմանը, ողջամիտ ժամկետում չի փոխել ոչ պիտանի և անորակ նյութը, սարքավորումը, նախագծային փաստաթղթերը կամ մշակման (վերամշակման) հանձնված գույքը, աշխատանքի կատարման եղանակների մասին ցուցումը կամ այլ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել այն հանգամանքները վերացնելու համար, որոնք սպառնում են կատարվող աշխատանքի պիտանիությանը, կապալառուն իրավունք ունի հրաժարվել կապալի պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու դրա դադարման հետևանքով իրեն պատճառված վնասները:
Հոդված 715. | Կապալի պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելը |
Պատվիրատուն իրավունք ունի մինչև աշխատանքի արդյունքն իրեն հանձնելը ցանկացած ժամանակ հրաժարվել պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով մինչև պայմանագիրը կատարելուց պատվիրատուի հրաժարվելու վերաբերյալ ծանուցում ստանալու պահը կատարած աշխատանքին համարժեք գին, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով: Պատվիրատուն պարտավոր է նաև հատուցել կապալի պայմանագրի դադարմամբ կապալառուին պատճառված վնասները` ամբողջ աշխատանքի համար սահմանված և կատարված աշխատանքի համար վճարված մասի գների տարբերության չափով:
Հոդված 716. | Պատվիրատուի աջակցությունը |
1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրում սահմանված դեպքերում, ծավալով և կարգով` կապալառուին աջակցել աշխատանքները կատարելիս:
Պատվիրատուի կողմից այս պարտականությունը չկատարելու դեպքում կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու պատճառված վնասները ներառյալ պարապուրդի կամ կատարվող աշխատանքի ժամկետները հետաձգելու կամ պայմանագրում նշված աշխատանքի գինն ավելացնելու պատճառով առաջացած լրացուցիչ ծախսերը:
2. Այն դեպքերում, երբ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքը կատարելն անհնար է դարձել պատվիրատուի գործողությունների կամ վրիպումների հետևանքով, կապալառուն պահպանում է կատարված աշխատանքի հաշվառմամբ պայմանագրում նշված գնի մասն ստանալու իրավունքը:
Հոդված 717. | Կապալի պայմանագրով պատվիրատուի կողմից իր հանդիպական պարտավորությունները չկատարելը |
1. Կապալառուն իրավունք ունի աշխատանքը չսկսել, իսկ սկսած աշխատանքը դադարեցնել այն դեպքերում, երբ պատվիրատուի կողմից կապալի պայմանագրով իր պարտավորությունները խախտելը, մասնավորապես, նյութեր, սարքավորումներ, նախագծային փաստաթղթեր կամ մշակման (վերամշակման) ենթակա գույք չտրամադրելը, խոչընդոտում է պայմանագրի կատարմանը, ինչպես նաև այնպիսի հանգամանքների առկայության դեպքում, որոնք ակնհայտ վկայում են, որ նշված պարտավորությունները չեն կարող կատարվել սահմանված ժամկետում (հոդված 367):
2. Կապալառուն սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների առկայության դեպքում իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահանջել հատուցելու վնասները, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
Հոդված 718. | Կապալառուի կատարած աշխատանքի ընդունումը պատվիրատուի կողմից |
1. Պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետներում ու կարգով կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրից աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում` այդ մասին անհապաղ հայտնել կապալառուին:
2. Աշխատանքն ընդունելիս թերություններ հայտնաբերած պատվիրատուն իրավունք ունի դրանք վկայակոչել այն դեպքերում, եթե ընդունումը հաստատող ակտում կամ այլ փաստաթղթում նախատեսվել է այդ թերությունները կամ հետագայում դրանց վերացման պահանջ ներկայացնելու հնարավորությունը:
3. Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունել է առանց ստուգման, զրկվում է աշխատանքի այն թերությունները վկայակոչելու իրավունքից, որոնք կարող էին հայտնաբերվել սովորական եղանակով ընդունելու ժամանակ (բացահայտ թերություններ), եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
4. Պատվիրատուն, որն աշխատանքն ընդունելուց հետո աշխատանքում հայտնաբերել է պայմանագրից շեղումներ կամ թերություններ, որոնք չէին կարող բացահայտվել ընդունման սովորական եղանակի ժամանակ (թաքնված թերություններ)` ներառյալ այնպիսիք, որոնք կապալառուն դիտավորյալ թաքցրել է, պարտավոր է դրանք հայտնաբերելուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կապալառուին:
5. Պատվիրատուի և կապալառուի միջև աշխատանքի թերությունների կամ դրանց պատճառների հետ կապված վեճ առաջանալու դեպքում ցանկացած կողմի պահանջով նշանակվում է փորձաքննություն: Փորձաքննության ծախսերը կրում է կապալառուն, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձաքննությամբ հաստատվում է կապալառուի կողմից կապալի պայմանագրի խախտման կամ կապալառուի գործողությունների և հայտնաբերված թերությունների միջև պատճառական կապի բացակայությունը: Նշված դեպքերում փորձաքննության ծախսերը կրում է փորձաքննություն պահանջած կողմը, իսկ եթե փորձաքննությունը նշանակվել է երկու կողմերի համաձայնությամբ, ապա ծախսերը նրանց միջև բաշխվում են հավասարաչափ:
6. Պատվիրատուի կողմից կատարված աշխատանքն ընդունելուց խուսափելու դեպքում, հաշված այն օրվանից երկու ամիս անցնելուց հետո, երբ պայմանագրի համաձայն` աշխատանքի արդյունքը պետք է հանձնված լիներ պատվիրատուին, կապալառուն իրավունք ունի վաճառել աշխատանքի արդյունքը, իսկ ստացած գումարը` իր կատարած ծախսերի արժեքը պահելով, պատվիրատուի անունով մուծել դեպոզիտ` սույն օրենսգրքի 366 հոդվածով նախատեսված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
7. Եթե կատարված աշխատանքն ընդունելուց պատվիրատուի խուսափելը հանգեցրել է աշխատանքը հանձնելու կետանցի, ապա պատրաստված, մշակված (վերամշակված) գույքի պատահական կորստի ռիսկը համարվում է պատվիրատուին փոխանցված` սկսած այն պահից, երբ այդ գույքը պետք է հանձնվեր:
Հոդված 719. | Աշխատանքի որակը |
1. Կապալառուի կատարած աշխատանքի որակը պետք է համապատասխանի կապալի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում նման պայմանների բացակայության կամ դրանց թերի լինելու դեպքում` համապատասխան տեսակի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու պահին պետք է ունենա պայմանագրում նշված կամ սովորաբար առաջադրվող պահանջներով որոշվող հատկություններ և ողջամիտ ժամկետի սահմաններում պիտանի լինի պայմանագրով սահմանված օգտագործման համար, իսկ եթե նման օգտագործում չի նախատեսվել պայմանագրով, ապա` նման տեսակի աշխատանքի արդյունքի սովորական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
2. Եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսվել են կապալի պայմանագրով կատարվելիք աշխատանքին առաջադրվող պարտադիր պահանջներ, որպես ձեռնարկատեր հանդես եկող կապալառուն պարտավոր է աշխատանքը կատարել` պահպանելով այդ պարտադիր պահանջները:
Կապալառուն կարող է պայմանագրով ստանձնել կողմերի համար սահմանված պարտադիր պահանջների համեմատ որակի ավելի բարձր պահանջների համապատասխանող աշխատանքներ կատարելու պարտականություն:
Հոդված 720. | Աշխատանքի որակի երաշխիքը |
1. Եթե աշխատանքի արդյունքի համար օրենքով, այլ իրավական ակտերով, կապալի պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով սահմանվել է երաշխիքային ժամկետ, ապա աշխատանքի արդյունքը երաշխիքային ժամկետի ամբողջ ընթացքում պետք է համապատասխանի որակի մասին պայմանագրի պայմաններին (719 հոդվածի 1-ին կետ):
2. Աշխատանքի արդյունքի որակի երաշխիքը տարածվում է աշխատանքի ամբողջ արդյունքի վրա, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
Հոդված 721. | Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքի անպատշաճ որակի համար |
1. Այն դեպքերում, երբ կապալառուն աշխատանքը կատարել է կապալի պայմանագրի խախտմամբ, որը վատթարացրել է դրա արդյունքը, կամ այլ թերություններով, որոնք այն դարձրել են պայմանագրով նախատեսված օգտագործման համար ոչ պիտանի, կամ պայմանագրում ոչ պիտանիության մասին համապատասխան պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, և եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, կապալառուից պահանջել`
1) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները.
2) համաչափորեն նվազեցնելու աշխատանքի համար սահմանված գինը.
3) հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախսերը, եթե դրանք վերացնելու` պատվիրատուի պահանջի իրավունքը սահմանված է կապալի պայմանագրով (հոդված 413):
2. Կապալառուն թերությունները վերացնելու փոխարեն, որոնց համար ինքը պատասխանատու է, իրավունք ունի անհատույց նորից կատարել աշխատանքը և պատվիրատուին հատուցել կատարման կետանցի հետևանքով պատճառված վնասները: Այդ դեպքում պատվիրատուն պարտավոր է կապալառուին վերադարձնել մինչ այդ իրեն հանձնված աշխատանքի արդյունքը, եթե ըստ աշխատանքի բնույթի, այն հնարավոր է վերադարձնել:
3. Եթե աշխատանքում կապալի պայմանագրի պայմանից տեղ գտած շեղումը կամ աշխատանքի արդյունքի այլ թերությունները չեն վերացվել պատվիրատուի սահմանած ողջամիտ ժամկետում կամ էական և չվերացվող են, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու պատճառված վնասները:
4. Որոշակի թերությունների համար կապալառուին պատասխանատվությունից ազատելու մասին կապալի պայմանագրի պայմանը նրան չի ազատում պատասխանատվությունից, եթե ապացուցվել է, որ այդպիսի թերություններն առաջացել են նրա մեղավոր գործողությունների կամ անգործության հետևանքով:
5. Աշխատանք կատարելու համար նյութ տրամադրած կապալառուն պատասխանատվություն է կրում դրա որակի համար` անպատշաճ որակի ապրանքի վաճառքի համար վաճառողի պատասխանատվության մասին կանոններով (հոդված 491):
Հոդված 722. | Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակը հայտնաբերելու ժամկետները |
1. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել` պայմանով, եթե այն հայտնաբերել է սույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով:
2. Այն դեպքում, երբ աշխատանքի արդյունքի համար երաշխիքային ժամկետ չի սահմանվել, պատվիրատուն կարող է աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել` պայմանով, եթե դրանք հայտնաբերված լինեն ողջամիտ ժամկետում, սակայն աշխատանքի արդյունքը հանձնելու օրվանից երկու տարվա սահմաններում, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:
3. Պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջներ ներկայացնել, եթե դրանք հայտնաբերվել են երաշխիքային ժամկետի ընթացքում:
4. Այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված երաշխիքային ժամկետը երկու տարուց պակաս է, և պատվիրատուն աշխատանքի արդյունքի թերությունները հայտնաբերել է երաշխիքային ժամկետի ավարտից հետո, սակայն սույն հոդվածի 5-րդ կետում սահմանված պահից սկսած երկու տարվա սահմաններում, կապալառուն պատասխանատվություն է կրում, եթե պատվիրատուն ապացուցում է, որ թերություններն առաջացել են մինչև աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելը կամ մինչև այդ պահը ծագած այլ պատճառներից:
5. Երաշխիքային ժամկետը (720 հոդվածի 1-ին կետ) սկսվում է այն օրվանից, երբ պատվիրատուն ընդունել է կամ պետք է ընդուներ կատարված աշխատանքի արդյունքը, եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:
6. Կապալի պայմանագրով երաշխիքային ժամկետի հաշվարկման նկատմամբ կիրառվում են, համապատասխանաբար, սույն օրենսգրքի 487 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, կողմերի համաձայնությամբ կամ չի բխում կապալի պայմանագրի առանձնահատկություններից:
Հոդված 723. | Աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ հայցերով վաղեմության ժամկետները |
1. Կապալի պայմանագրով կատարված աշխատանքի անպատշաճ որակի վերաբերյալ պահանջներ ներկայացնելու համար հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է, իսկ շենքերի և շինությունների համար` երեք տարի:
2. Եթե կապալի պայմանագրին համապատասխան, աշխատանքի արդյունքը պատվիրատուն ընդունել է մաս առ մաս, հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելու օրվանից:
3. Եթե օրենքով, այլ իրավական ակտերով կամ կապալի պայմանագրով սահմանվել է երաշխիքային ժամկետ, և աշխատանքի արդյունքի թերությունների վերաբերյալ դիմումը ներկայացվել է երաշխիքային ժամկետի սահմաններում, սույն հոդվածի 1-ին կետում նշված հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է թերությունների մասին դիմելու օրվանից:
Հոդված 724. | Կապալառուի` պատվիրատուին տեղեկատվություն հաղորդելու պարտականությունը |
Կապալառուն պարտավոր է աշխատանքի արդյունքը հանձնելու հետ մեկտեղ պատվիրատուին տեղեկատվություն հաղորդել կապալի պայմանագրի առարկայի շահագործման կամ այլ օգտագործման վերաբերյալ, եթե դա նախատեսված է պայմանագրով, կամ տեղեկատվության բնույթն այնպիսին է, որ առանց դրա անհնար է աշխատանքի արդյունքն օգտագործել պայմանագրում նշված նպատակների համար:
Հոդված 725. | Կողմերի ստացած տեղեկատվության գաղտնիությունը |
Եթե կողմը, կապալի պայմանագրով, իր պարտավորությունը կատարելու շնորհիվ մյուս կողմից տեղեկատվություն է ստացել նոր լուծումների և տեխնիկական գիտելիքների մասին` ներառյալ օրենքով չպաշտպանվող տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկություններ, որոնք կարող են դիտվել որպես առևտրային գաղտնիք (հոդված 141), նման տեղեկատվություն ստացած կողմը, առանց մյուս կողմի համաձայնության, իրավունք չունի դրա մասին հայտնել երրորդ անձանց:
Նման տեղեկատվության օգտագործման կարգը և պայմանները սահմանվում են կողմերի համաձայնությամբ:
Հոդված 726. | Կապալառուի կողմից պատվիրատուի հանձնած գույքը վերադարձնելը |
Այն դեպքերում, երբ պատվիրատուն սույն օրենսգրքի 713 հոդվածի 2-րդ կետի կամ 721 հոդվածի 3-րդ կետի հիմքով լուծում է կապալի պայմանագիրը, կապալառուն պարտավոր է վերադարձնել պատվիրատուի տրամադրած նյութերը, սարքավորումները, մշակման (վերամշակման) հանձնված գույքը կամ դրանք հանձնել պատվիրատուի նշած անձին, իսկ եթե դա անհնար է, ապա` հատուցել նյութերի, սարքավորումների և այլ գույքի արժեքը:
Հոդված 727. | Մինչև աշխատանքի արդյունքն ընդունելը կապալի պայմանագիրը դադարեցնելու հետևանքները |
Մինչև պատվիրատուի կողմից կապալառուի կատարած աշխատանքի արդյունքն ընդունելը, կապալի պայմանագիրն օրենքով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով դադարեցնելու դեպքում (718 հոդվածի 1-ին կետ), պատվիրատուն, հատուցելով կապալառուի կատարած ծախսերը, իրավունք ունի պահանջել իրեն հանձնելու անավարտ աշխատանքի արդյունքը:
§ 2. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՊԱԼ
Հոդված 728. | Կենցաղային կապալի պայմանագիր |
1. Կենցաղային կապալի պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կապալառուն պարտավորվում է քաղաքացու (պատվիրատուի) հանձնարարությամբ կատարել նրա կենցաղային կամ այլ անձնական պահանջները բավարարելու համար նախատեսված որոշակի աշխատանք, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել և վարձատրել աշխատանքը:
2. Կենցաղային կապալի պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Սույն օրենսգրքով չկարգավորված` կենցաղային կապալի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքները և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը:
Հոդված 729. | Պատվիրատուի իրավունքների երաշխիքները |
1. Կապալառուն իրավունք չունի պատվիրատուին պարտադրել կենցաղային կապալի պայմանագրում մտցնելու լրացուցիչ աշխատանքներ կամ ծառայություններ: Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագրով չնախատեսված աշխատանքը կամ ծառայությունը վարձատրելուց:
2. Պատվիրատուն իրավունք ունի մինչև կատարված աշխատանքն իրեն հանձնելը, ցանկացած պահի հրաժարվել կենցաղային կապալի պայմանագիրը կատարելուց` կապալառուին վճարելով պայմանագրի գնի կատարված աշխատանքին համաչափ մասը, և կապալառուին հատուցել պայմանագրի կատարման համար մինչև այդ պահը կատարած ծախսերը, եթե դրանք չեն մտել աշխատանքի գնի նշված մասի մեջ: Այդ իրավունքից պատվիրատուին զրկող պայմանագրի պայմանն առոչինչ է:
Հոդված 730. | Առաջարկվող աշխատանքի մասին պատվիրատուին տեղեկատվություն տրամադրելը |
1. Կապալառուն, մինչև կենցաղային կապալի պայմանագիր կնքելը, պարտավոր է պատվիրատուին անհրաժեշտ և հավաստի տեղեկատվություն տրամադրել առաջարկվող աշխատանքի, դրա տեսակների ու առանձնահատկությունների, գնի և վճարման ձևի մասին, ինչպես նաև պատվիրատուի ցանկությամբ նրան հաղորդել պայմանագրին ու համապատասխան աշխատանքին վերաբերող այլ տեղեկություններ: Եթե ըստ աշխատանքի բնույթի դա նշանակություն ունի, ապա կապալառուն պետք է նշի աշխատանքը կատարող կոնկրետ անձին:
2. Պատվիրատուն իրավունք ունի առանց կատարված աշխատանքը վարձատրելու, ինչպես նաև վնասները հատուցելու, պահանջել լուծելու կնքված կենցաղային կապալի պայմանագիրը, եթե կապալառուից ստացած ոչ լրիվ կամ ոչ հավաստի տեղեկատվության հետևանքով կնքել է այնպիսի աշխատանքի կատարման պայմանագիր, որը չունի պատվիրատուի նկատի ունեցած հատկությունները:
Հոդված 731. | Աշխատանքը կապալառուի նյութով կատարելը |
1. Եթե աշխատանքը, կենցաղային կապալի պայմանագրով, կատարվում է կապալառուի նյութով, պայմանագիր կնքելու ժամանակ պատվիրատուն նյութի համար վճարում է ամբողջությամբ կամ պայմանագրում նշված մասով` դրա արժեքը վերջնական հաշվարկելով կապալառուի կատարած աշխատանքն ստանալիս:
Պայմանագրին համապատասխան` կապալառուն նյութը կարող է տրամադրել ապառիկ` ներառյալ պատվիրատուի կողմից նյութի համար տարաժամկետ վճարելու պայմանով:
2. Կենցաղային կապալի պայմանագիրը կնքելուց հետո կապալառուի տրամադրած նյութի գնի փոփոխությունը վերահաշվարկի չի հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 732. | Աշխատանքը պատվիրատուի նյութով կատարելը |
Եթե աշխատանքը, կենցաղային կապալի պայմանագրով, կատարվում է պատվիրատուի նյութով, ապա պայմանագիր կնքելիս պատվիրատուն կապալառուին տված անդորրագրում կամ այլ փաստաթղթում պետք է նշի նյութի ճշգրիտ անվանումը, նկարագրությունը և կողմերի համաձայնությամբ որոշված գինը:
Հոդված 733. | Աշխատանքի գինը և վարձատրությունը |
Կենցաղային կապալի պայմանագրում աշխատանքի գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Պատվիրատուն աշխատանքը վարձատրում է կապալառուի կողմից այն վերջնական հանձնելուց հետո: Պատվիրատուն կարող է, ամբողջությամբ կամ կանխավճար տալու միջոցով, աշխատանքը վարձատրել պայմանագիրը կնքելիս:
Հոդված 734. | Կատարված աշխատանքի արդյունքի օգտագործման պայմանների մասին պատվիրատուին նախազգուշացնելը |
Աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելիս կապալառուն պարտավոր է նրան հայտնել այն պահանջների մասին, որոնց պահպանումն անհրաժեշտ է աշխատանքի արդյունքի արդյունավետ ու անվտանգ օգտագործման համար, ինչպես նաև դրանք չպահպանելու հնարավոր հետևանքների մասին:
Հոդված 735. | Կատարված աշխատանքում թերություններ հայտնաբերելու հետևանքները |
1. Աշխատանքի արդյունքն ընդունելու կամ այն օգտագործելու ժամանակ թերություններ հայտնաբերելիս պատվիրատուն կարող է սույն օրենսգրքի 723 հոդվածով նախատեսված ընդհանուր ժամկետներում, իսկ երաշխիքային ժամկետների առկայության դեպքում` դրանց ընթացքում, իր հայեցողությամբ իրականացնել սույն օրենսգրքի 721 հոդվածով նախատեսված իրավունքներից մեկը կամ պահանջել կրկին անհատույց կատարելու աշխատանքը կամ հատուցելու իր կամ երրորդ անձանց միջոցներով թերությունները վերացնելու համար կատարված ծախսերը:
2. Կենցաղային կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի այն թերություններն անհատույց վերացնելու պահանջը, որոնք պատվիրատուի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վտանգ են սպառնում, պատվիրատուի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է ներկայացվել աշխատանքի արդյունքն ընդունելու օրվանից տասը տարվա ընթացքում, եթե ավելի երկար ժամկետ (ծառայության ժամկետ) նախատեսված չէ օրենքով սահմանված կարգով: Նման պահանջը կարող է ներկայացվել թերությունները հայտնաբերելու ժամկետից անկախ` ներառյալ դրանց երաշխիքային ժամկետը լրանալուց հետո հայտնաբերվելու դեպքում:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջը կապալառուի կողմից չկատարվելու դեպքում պատվիրատուն իրավունք ունի պահանջել նույն ժամկետում վերադարձնելու աշխատանքի համար վճարված գնի մասը կամ հատուցելու իր կամ այլ անձանց ուժերով թերությունները վերացնելու կապակցությամբ կատարված ծախսերը:
Հոդված 736. | Աշխատանքի արդյունքն ստանալու համար պատվիրատուի չներկայանալու հետևանքները |
Կատարված աշխատանքի արդյունքն ստանալու համար պատվիրատուի չներկայանալու կամ այն ընդունելուց խուսափելու այլ դեպքերում կապալառուն իրավունք ունի պատվիրատուին գրավոր զգուշացնել և զգուշացման օրվանից երկու ամիս անց` ողջամիտ գնով վաճառել աշխատանքի արդյունքը, իսկ ստացած գումարը, իրեն հասանելիք վճարները պահելուց հետո, մուծել դեպոզիտ` սույն օրենսգրքի 366 հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 737. | Պատվիրատուի իրավունքները կենցաղային կապալի պայմանագրով աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում |
Կենցաղային կապալի պայմանագրով աշխատանքը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պատվիրատուն կարող է սույն օրենսգրքի 518-520 հոդվածներին համապատասխան օգտվել գնորդին վերապահված իրավունքներից:
§ 3. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿԱՊԱԼ
Հոդված 738. | Շինարարական կապալի պայմանագիր |
1. Կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել պայմանավորված գինը:
2. Շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ` բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նաև կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ և այլ աշխատանքներ կատարելու համար: Շինարարական կապալի պայմանագրի կանոնները կիրառվում են նաև շենքերի և շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Պայմանագրով նախատեսված դեպքերում կապալառուն պարտավոր է պայմանագրում նշված ժամկետում ապահովել օբյեկտի շահագործումը` այն պատվիրատուի կողմից ընդունելուց հետո:
3. Այն դեպքերում, երբ աշխատանքները շինարարական կապալի պայմանագրով կատարվում են քաղաքացու (պատվիրատուի) կենցաղային կամ այլ անձնական պահանջմունքները բավարարելու համար, այդպիսի պայմանագրի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են կենցաղային կապալի պայմանագրով` պատվիրատուի իրավունքների մասին սույն գլխի 2-րդ պարագրաֆի կանոնները:
Հոդված 739. | Ռիսկի բաշխումը կողմերի միջև |
1. Շինարարական կապալի պայմանագրի առարկա շինարարական օբյեկտի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը մինչև այդ օբյեկտը պատվիրատուի կողմից ընդունելը կրում է կապալառուն:
2. Եթե մինչև պատվիրատուի կողմից շինարարական օբյեկտն ընդունելն այն փլուզվել կամ վնասվել է պատվիրատուի տրամադրած անորակ նյութերի (մասերի, կառուցվածքների) կամ սարքավորումների կամ պատվիրատուի տված սխալ ցուցումները կատարելու հետևանքով, կապալառուն իրավունք ունի պահանջել վճարելու նախահաշվով նախատեսված ամբողջ աշխատանքի արժեքը, պայմանով, եթե ինքը կատարել է սույն օրենսգրքի 714 հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները:
Հոդված 740. | Շինարարական օբյեկտն ապահովագրելը |
1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել շինարարական օբյեկտի, նյութերի, սարքավորումների և շինարարության ժամանակ օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, կամ շինարարական աշխատանքներ իրականացնելիս այլ անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրող կողմի համապատասխան ռիսկերն ապահովագրելու պարտականություն:
Կողմը, որի վրա դրվում է ապահովագրելու պարտականությունը, պետք է մյուս կողմին ապացույցներ ներկայացնի իր կողմից շինարարական կապալի պայմանագրով նախատեսված պայմաններով ապահովագրական պայմանագիր կնքելու մասին` ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները:
2. Ապահովագրությունը համապատասխան կողմին չի ազատում ապահովագրական դեպքը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:
Հոդված 741. | Նախագծային փաստաթղթեր և նախահաշիվ |
1. Կապալառուն պարտավոր է շինարարությունը և դրա հետ կապված աշխատանքներն իրականացնել աշխատանքի ծավալը, բովանդակությունն ու դրան ներկայացվող այլ պահանջները սահմանող նախագծային փաստաթղթերին և աշխատանքի գինը որոշող նախահաշվին համապատասխան:
Շինարարական կապալի պայմանագրում այլ ցուցումների բացակայության դեպքում ենթադրվում է, որ կապալառուն պարտավոր է կատարել նախագծային փաստաթղթերում և նախահաշվում նշված բոլոր աշխատանքները:
2. Շինարարական կապալի պայմանագրով պետք է սահմանված լինեն նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև պետք է նախատեսված լինի, թե կողմերից որը ու ինչ ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը:
3. Կապալառուն, շինարարության ընթացքում հայտնաբերելով նախագծային փաստաթղթերում հաշվի չառնված աշխատանքներ և դրանց հետ կապված լրացուցիչ աշխատանքներ կատարելու և շինարարության նախահաշվային արժեքն ավելացնելու անհրաժեշտություն, պարտավոր է այդ մասին հաղորդել պատվիրատուին:
Տասնօրյա ժամկետում պատվիրատուից իր հաղորդման պատասխանը չստանալու դեպքում կապալառուն պարտավոր է դադարեցնել համապատասխան աշխատանքները` պարապուրդից առաջացած վնասները հաշվարկելով պատվիրատուի հաշվին, եթե դրա համար այլ ժամկետ սահմանված չէ շինարարական կապալի պայմանագրով: Պատվիրատուն ազատվում է այդ վնասները հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է լրացուցիչ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության բացակայությունը:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված պարտականությունները չկատարած կապալառուն զրկվում է պատվիրատուից իր կատարած լրացուցիչ աշխատանքների վարձատրություն և դրանցից բխող վնասների հատուցում պահանջելու իրավունքից, եթե չի ապացուցում, որ անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը բխել է պատվիրատուի շահերից, մասնավորապես, պայմանավորված է եղել այն պարագայով, որ աշխատանքը դադարեցնելը կարող էր հանգեցնել շինարարական օբյեկտի վնասման կամ փլուզման:
5. Լրացուցիչ աշխատանքներ կատարելու և դրանց վարձատրության համար պատվիրատուի համաձայնության դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել դրանք կատարելուց միայն այն դեպքերում, երբ այդպիսիք չեն մտնում կապալառուի մասնագիտական գործունեության բնագավառի մեջ, կամ կապալառուն չի կարող կատարել իրենից անկախ պատճառներով:
Հոդված 742. | Նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելը |
1. Պատվիրատուն իրավունք ունի նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարել` պայմանով, որ դրանցից բխող լրացուցիչ աշխատանքներն իրենց արժեքով չգերազանցեն նախահաշվում նշված շինարարության ընդհանուր արժեքի տասը տոկոսը և չփոխեն շինարարական կապալի պայմանագրում նախատեսված աշխատանքների բնույթը:
2. Նախագծային փաստաթղթում սույն հոդվածի 1-ին կետում նշված ծավալից ավելի փոփոխությունները կատարվում են կողմերի համաձայնությամբ կազմված լրացուցիչ նախահաշվի հիման վրա:
3. Կապալառուն, սույն օրենսգրքի 466 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահանջել վերանայելու նախահաշիվը, եթե իրենից անկախ պատճառներով աշխատանքի արժեքն ավելի քան տասը տոկոսով գերազանցել է նախահաշվով նախատեսվածից:
4. Կապալառուն իրավունք ունի պահանջել հատուցելու նախագծային փաստաթղթերի թերությունները պարզելու և դրանք վերանայելու հետ կապված ողջամիտ ծախսերը:
Հոդված 743. | Շինարարությունը նյութերով և սարքավորումներով ապահովելը |
1. Շինարարությունը նյութերով` ներառյալ կոնստրուկցիաներով կամ սարքավորումներով, ապահովելու պարտականությունը կրում է կապալառուն, եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված չէ, որ ամբողջ շինարարությունը կամ դրա որոշակի մասն ապահովում է պատվիրատուն:
2. Կողմը, որի պարտականության մեջ է մտնում շինարարության ապահովումը, պատասխանատվություն է կրում իր տրամադրած նյութերը կամ սարքավորումները` առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման, օգտագործելու անհնարինության համար, եթե չի ապացուցում, որ դրանք օգտագործելու անհնարինությունն առաջացել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար պատասխանատու է մյուս կողմը:
3. Առանց կատարվելիք աշխատանքի որակի վատթարացման` պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումներն օգտագործելու անհնարինության ու պատվիրատուի կողմից դրանց փոխարինումը մերժելու դեպքում կապալառուն իրավունք ունի հրաժարվել շինարարական կապալի պայմանագրից ու պատվիրատուից պահանջել վճարելու պայմանագրի գնի` կատարված աշխատանքին համարժեք մասը:
Հոդված 744. | Աշխատանքի վարձատրությունը |
1. Կապալառուի կատարած աշխատանքը պատվիրատուն վարձատրում է նախահաշվով նախատեսված չափով` շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով: Պայմանագրում համապատասխան ցուցումների բացակայության դեպքում աշխատանքի վարձատրությունը կատարվում է սույն օրենսգրքի 709 հոդվածին համապատասխան:
2. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել աշխատանքի միաժամանակյա և լրիվ ծավալով վարձատրություն` պատվիրատուի կողմից օբյեկտն ընդունելուց հետո:
Հոդված 745. | Շինարարական կապալի պայմանագրով պատվիրատուի լրացուցիչ պարտականությունները |
1. Պատվիրատուն պարտավոր է շինարարության համար ժամանակին հատկացնել հողամաս, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Հատկացված հողամասի մակերեսը և վիճակը պետք է համապատասխանեն շինարարական կապալի պայմանագրում նշված պայմաններին, իսկ նման պայմանների բացակայության դեպքում` ապահովեն աշխատանքները ժամանակին սկսելը, դրանց բնականոն ընթացքն ու նշված ժամկետում ավարտելը:
2. Պատվիրատուն պարտավոր է, շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, կապալառուի օգտագործմանը հանձնել աշխատանքների կատարման համար անհրաժեշտ շենքեր ու շինություններ, ապահովել նրա հասցեով բեռների փոխադրումը, էներգամատակարարման և ջրագծերի ժամանակավոր միացումը, ինչպես նաև մատուցել այլ ծառայություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված` պատվիրատուի մատուցած ծառայությունների վարձատրությունը կատարվում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում և պայմաններում:
Հոդված 746. | Պատվիրատուի հսկողությունը շինարարական կապալի պայմանագրով կատարվող աշխատանքների նկատմամբ |
1. Պատվիրատուն իրավունք ունի հսկողություն իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների (ժամանակացույցի) պահպանման, կապալառուի տրամադրած նյութերի որակի, կապալառուի կողմից պատվիրատուի նյութերի ճիշտ օգտագործման, ինչպես նաև նախագծային փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ` առանց միջամտելու կապալառուի օպերատիվ տնտեսական գործունեությանը:
2. Պատվիրատուն, աշխատանքի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս, եթե հայտնաբերել է շինարարական կապալի պայմանագրի պայմանների խախտումներ, որոնք կարող են վատթարացնել աշխատանքների որակը, կամ այլ թերություններ, պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել կապալառուին: Այս պարտականությունը չկատարած պատվիրատուն կորցնում է իր հայտնաբերած խախտումները հետագայում վկայակոչելու իրավունքը:
3. Կապալառուն պարտավոր է կատարել շինարարության ընթացքում պատվիրատուի տված ցուցումները, եթե դրանք չեն հակասում շինարարական կապալի պայմանագրի պայմաններին:
4. Աշխատանքներն անպատշաճ կատարած կապալառուն իրավունք չունի վկայակոչել, որ պատվիրատուն հսկողություն չի իրականացրել դրանց կատարման նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հսկողություն իրականացնելու պարտականությունն օրենքով կամ պայմանագրով դրված է պատվիրատուի վրա:
Հոդված 747. | Ճարտարագետի (ճարտարագիտական կազմակերպության) մասնակցությունը պատվիրատուի իրավունքների իրականացմանը և պարտականությունների կատարմանը |
Պատվիրատուն, շինարարության նկատմամբ հսկողություն իրականացնելու և կապալառուի հետ փոխհարաբերություններում իր անունից որոշում կայացնելու նպատակով, ինքնուրույն` առանց կապալառուի համաձայնության, կարող է այդպիսի ծառայություններ մատուցելու համար պայմանագիր կնքել համապատասխան ճարտարագետի (ճարտարագիտական կազմակերպության) հետ: Այդ դեպքում շինարարական կապալի պայմանագրում սահմանվում են նման ճարտարագետի (ճարտարագիտական կազմակերպության) լիազորությունները` կապված կապալառուի համար նրա կատարած գործողությունների հետևանքների հետ:
Հոդված 748. | Կողմերի համագործակցությունը շինարարական կապալի պայմանագրում |
1. Եթե շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվում են շինարարական կապալի պայմանագրի պատշաճ կատարմանը խոչընդոտող հանգամանքները, կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է ձեռնարկել իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները դրա վերացման համար: Այդ պարտականությունը չկատարած կողմը կորցնում է այն վնասների հատուցումն ստանալու իրավունքը, որոնք պատճառվել են համապատասխան խոչընդոտները չվերացնելու հետևանքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունները կատարելու հետ կապված կողմի ծախսերը պետք է հատուցի մյուս կողմը, եթե դա նախատեսված է շինարարական կապալի պայմանագրով:
Հոդված 749. | Կապալառուի` շրջակա միջավայրի պահպանությունը և շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու պարտականությունները |
1. Կապալառուն շինարարություն և դրա հետ կապված աշխատանքներ իրականացնելիս պարտավոր է կատարել շրջակա միջավայրի պահպանության ու շինարարական աշխատանքների անվտանգության վերաբերյալ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջները:
Կապալառուն պատասխանատվություն է կրում նշված պահանջները չկատարելու համար:
2. Կապալառուն աշխատանքներ իրականացնելիս իրավունք չունի օգտագործել պատվիրատուի տրամադրած նյութերը և սարքավորումները կամ կատարել նրա ցուցումները, եթե դրանք կարող են հանգեցնել կողմերի համար պարտադիր շրջակա միջավայրի պահպանության ու շինարարական աշխատանքների անվտանգության պահանջների խախտման:
Հոդված 750. | Շինարարությունը դադարեցնելու և կոնսերվացնելու հետևանքները |
Եթե շինարարական կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքները դադարեցվել են կողմերից անկախ պատճառներով, և շինարարության օբյեկտը կոնսերվացվել է, պատվիրատուն պարտավոր է կապալառուին լրիվ ծավալով հատուցել աշխատանքները դադարեցնելու ու շինարարությունը կոնսերվացնելու անհրաժեշտությունից բխող ծախսերը:
Հոդված 751. | Աշխատանքները հանձնելը և ընդունելը |
1. Շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքը կամ կատարված աշխատանքի փուլը հանձնելու համար պատրաստ լինելու մասին կապալառուից հաղորդում ստացած պատվիրատուն պարտավոր է անհապաղ սկսել դրա ընդունումը, եթե այն նախատեսված է պայմանագրով:
2. Պատվիրատուն աշխատանքի արդյունքի ընդունումը կազմակերպում և իրականացնում է իր հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում աշխատանքների արդյունքի ընդունմանը պետք է մասնակցեն պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները:
3. Աշխատանքի առանձին փուլի արդյունքը նախապես ընդունած պատվիրատուն կրում է կապալառուի մեղքով չառաջացած` աշխատանքի արդյունքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:
4. Կապալառուի կողմից աշխատանքի արդյունքի հանձնումը և պատվիրատուի կողմից դրա ընդունումը ձևակերպվում է երկու կողմերի ստորագրած ակտով: Ակտն ստորագրելուց կողմերից մեկի հրաժարվելու դեպքում ակտում նշվում է այդ մասին, և ակտն ստորագրում է մյուս կողմը:
Աշխատանքի արդյունքը հանձնելու կամ ընդունելու միակողմանի ակտը դատարանը կարող է անվավեր ճանաչել, եթե հիմնավոր են ճանաչվել ակտն ստորագրելուց հրաժարվելու շարժառիթները:
5. Օրենքով կամ շինարարական կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կամ, եթե դա բխում է պայմանագրով կատարվող աշխատանքի բնույթից, աշխատանքի արդյունքի ընդունմանը պետք է նախորդի նախնական փորձարկում: Այդ դեպքում ընդունումը կարող է իրականացվել միայն նախնական փորձարկման դրական արդյունքի հիման վրա:
6. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել աշխատանքի արդյունքն ընդունելուց, եթե հայտնաբերվել են թերություններ, որոնք բացառում են դրա օգտագործումը շինարարական կապալի պայմանագրով նախատեսված նպատակով, և կապալառուն կամ պատվիրատուն չեն կարող դրանք վերացնել:
Հոդված 752. | Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքների որակի համար |
1. Կապալառուն պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերով և կողմերի համար պարտադիր շինարարական նորմերով ու կանոններով նախատեսված պահանջներից շեղումներ թույլ տալու, ինչպես նաև նախագծային փաստաթղթերում նշված շինարարական օբյեկտի ցուցանիշներին չհասնելու համար:
Շենքի կամ շինության վերակառուցման (նորոգման, վերականգնման) դեպքում կապալառուն պատասխանատվություն է կրում շենքի, շինության կամ դրա մասի ամրության, կայունության և ապահովության կորստի կամ նվազման համար:
2. Կապալառուն պատասխանատվություն չի կրում առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերի պահանջներից փոքր շեղումներ թույլ տալու համար, եթե ապացուցում է, որ դրանք չեն ազդել շինարարական օբյեկտի որակի վրա:
Հոդված 753. | Որակի երաշխիքը շինարարական կապալի պայմանագրով |
1. Կապալառուն երաշխավորում է շինարարական օբյեկտի` նախագծային փաստաթղթերում նշված ցուցանիշներին հասնելը և երաշխիքային ժամկետում օբյեկտը շինարարական կապալի պայմանագրին համապատասխան շահագործելու հնարավորությունը, եթե այլ բան նախատեսված չէ շինարարական կապալի պայմանագրով: Օրենքով սահմանված երաշխիքային ժամկետի տևողությունը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ:
2. Կապալառուն պատասխանատվություն է կրում երաշխիքային ժամկետի սահմաններում հայտնաբերված թերությունների համար, եթե չի ապացուցում, որ դրանք առաջացել են օբյեկտի կամ դրա մասերի բնականոն մաշվածության, դրանց ոչ ճիշտ շահագործման, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց մշակած դրանց շահագործման մասին հրահանգների անճշտության, պատվիրատուի կամ նրա կողմից մասնակից դարձված երրորդ անձանց կողմից օբյեկտի անպատշաճ նորոգման հետևանքով:
3. Երաշխիքային ժամկետի ընթացքն ընդհատվում է այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում օբյեկտը հնարավոր չի եղել շահագործել այնպիսի թերությունների հետևանքով, որոնց համար պատասխանատու է կապալառուն:
4. Երաշխիքային ժամկետի ընթացքում սույն օրենսգրքի 752 հոդվածի 1-ին կետում նշված թերությունները հայտնաբերվելու դեպքում, պատվիրատուն պետք է ողջամիտ ժամկետում դրանց մասին հայտնի կապալառուին:
Հոդված 754. | Շինարարական աշխատանքների անպատշաճ լինելը հայտնաբերելու ժամկետները |
Աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջներ ներկայացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի 722 հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված կանոնները:
Ընդ որում, թերությունները հայտնաբերելու վերջնական ժամկետը, համաձայն սույն օրենսգրքի 722 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերի, հինգ տարի է:
Հոդված 755. | Թերությունները պատվիրատուի հաշվին վերացնելը |
1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել պատվիրատուի պահանջով և նրա հաշվին կապալառուի կողմից այն թերությունները վերացնելու պարտականությունը, որոնց համար կապալառուն պատասխանատվություն չի կրում:
2. Կապալառուն իրավունք ունի հրաժարվել սույն հոդվածի 1-ին կետում նշված պարտականությունը կատարելուց այն դեպքերում, երբ թերությունները վերացնելն անմիջականորեն կապված չէ պայմանագրի առարկայի հետ, կամ կապալառուն չի կարող այն իրականացնել` իրենից անկախ պատճառներով:
§ 4. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՊԱԼ
Հոդված 756. | Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր |
Կապալառուն (նախագծողը, հետազոտողը) նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավորվում է պատվիրատուի հանձնարարությամբ մշակել նախագծային փաստաթղթեր և (կամ) կատարել հետազոտական աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել դրանք ու վճարել դրանց արդյունքի համար:
Հոդված 757. | Նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները |
1. Պատվիրատուն նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով պարտավոր է կապալառուին հանձնել նախագծային առաջադրանքը, ինչպես նաև այլ ելակետային տվյալներ, որոնք անհրաժեշտ են նախագծային փաստաթղթեր կազմելու համար: Նախագծային աշխատանքներ կատարելու առաջադրանքը պատվիրատուի հանձնարարությամբ կարող է պատրաստել կապալառուն: Այդ դեպքում առաջադրանքը կողմերի համար պարտադիր է դառնում պատվիրատուի կողմից հաստատվելու պահից:
2. Կապալառուն պարտավոր է պահպանել նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար առաջադրանքում ու մյուս ելակետային տվյալներում պարունակվող պահանջները:
Հոդված 758. | Պատվիրատուի պարտականությունները |
Եթե այլ բան նախատեսված չէ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով, պատվիրատուն պարտավոր է`
1) աշխատանքները ավարտելուց հետո, սահմանված գինը կապալառուին վճարել ամբողջությամբ կամ մաս առ մաս` աշխատանքների առանձին փուլերի ավարտից հետո.
2) կապալառուից ստացած նախագծային փաստաթղթերն օգտագործել միայն պայմանագրով նախատեսված նպատակներով, նախագծային փաստաթղթերը չփոխանցել երրորդ անձանց և առանց կապալառուի համաձայնության չհրապարակել դրանցում պարունակվող տվյալները.
3) պայմանագրում նախատեսված պայմաններով և ծավալով աջակցել կապալառուին.
4) կապալառուի հետ միասին մասնակցել պատրաստի նախագծային փաստաթղթերը համապատասխան պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ համաձայնեցմանը.
5) հատուցել կապալառուի լրացուցիչ ծախսերը, որոնք առաջացել են նախագծային և հետազոտական աշխատանքների կատարման համար ելակետային տվյալները կապալառուից անկախ հանգամանքների հետևանքով փոփոխվելու արդյունքում.
6) կապալառուին ներգրավել կազմված նախագծային փաստաթղթերի կամ կատարված հետազոտական աշխատանքների թերությունների կապակցությամբ երրորդ անձի կողմից պատվիրատուի դեմ հարուցված հայցով գործի քննությանը:
Հոդված 759. | Կապալառուի պարտականությունները |
1. Նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով կապալառուն պարտավոր է`
1) աշխատանքները կատարել նախագծման առաջադրանքին, այլ ելակետային տվյալներին և պայմանագրին համապատասխան.
2) պատրաստի նախագծային փաստաթղթերը համաձայնեցնել պատվիրատուի, իսկ անհրաժեշտության դեպքում` պատվիրատուի հետ միասին` իրավասու պետական և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
3) պատվիրատուին հանձնել պատրաստի նախագծային փաստաթղթերը և հետազոտական աշխատանքների արդյունքը.
4) առանց պատվիրատուի համաձայնության նախագծային փաստաթղթերը չհանձնել երրորդ անձանց:
2. Նախագծային և հետազոտական աշխատանքի կապալի պայմանագրով` կապալառուն պատվիրատուին երաշխավորում է, որ երրորդ անձանց մոտ բացակայում են կապալառուի կազմած նախագծային փաստաթղթերի հիման վրա աշխատանքներ կատարելուն խոչընդոտող կամ դրանց կատարելը սահմանափակող իրավունքներ:
Հոդված 760. | Կապալառուի պատասխանատվությունը նախագծային և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար |
1. Կապալառուն նախագծային և հետազոտական աշխատանքների պայմանագրով պատասխանատվություն է կրում նախագծային փաստաթղթերն անպատշաճ կազմելու և հետազոտական աշխատանքներն անպատշաճ կատարելու համար` ներառյալ նախագծային փաստաթղթերի ու հետազոտական աշխատանքների տվյալների հիման վրա ստեղծված օբյեկտի շինարարության, ինչպես նաև հետագայում դրա շահագործման ընթացքում հայտնաբերված թերությունները:
2. Նախագծային փաստաթղթերում կամ հետազոտական աշխատանքներում թերություններ հայտնաբերվելու դեպքում պատվիրատուի պահանջով կապալառուն պարտավոր է անհատույց վերափոխել նախագծային փաստաթղթերը և, համապատասխանաբար, իրականացնել լրացուցիչ հետազոտական աշխատանքներ, ինչպես նաև հատուցել պատվիրատուին պատճառված վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրով:
§ 5. ԿԱՊԱԼԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Հոդված 761. | Պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագիրը |
1. Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքները (հոդված 738), նախագծային ու հետազոտական աշխատանքները (հոդված 756) իրականացվում են պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման մասին պետական պայմանագրի հիման վրա:
2. Պետական կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական պայմանագրով (այսուհետ` պետական պայմանագիր) կապալառուն պարտավորվում է կատարել շինարարական, նախագծային և այլ աշխատանքներ ու հանձնել պետական պատվիրատուին, իսկ պետական պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարված աշխատանքը և վարձատրել այն:
Հոդված 762. | Պետական պայմանագրի կողմերը |
Պետական պայմանագրով` պետական պատվիրատու է լիազորված պետական մարմինը, իսկ կապալառու` իրավաբանական անձը կամ քաղաքացին:
Հոդված 763. | Պետական պայմանագրի կնքման հիմքերը և կարգը |
Պետական պայմանագրի կնքման հիմքերը և կարգը որոշվում են սույն օրենսգրքի 542 և 543 հոդվածների դրույթներին համապատասխան:
Հոդված 764. | Պետական պայմանագրի բովանդակությունը |
1. Պետական պայմանագրի պայմանները որոշվում են հայտարարված մրցույթի պայմաններին և մրցույթում հաղթող ճանաչված` կապալառուի մրցույթին ներկայացրած առաջարկությանը համապատասխան:
2. Պետական պայմանագիրը պետք է պայմաններ պարունակի կատարման ենթակա աշխատանքի ծավալի ու արժեքի, այն սկսելու և ավարտի ժամկետների, աշխատանքների ֆինանսավորման ու վճարման չափի և կարգի, կողմերի պարտավորությունների կատարումն ապահովող եղանակների մասին:
Հոդված 765. | Պետական պայմանագիրը փոփոխելը |
1. Սահմանված կարգով կապալային աշխատանքների ֆինանսավորման համար հատկացված պետական բյուջեի միջոցների նվազեցման դեպքում կողմերը պետք է համաձայնեցնեն նոր ժամկետներ, անհրաժեշտության դեպքում նաև աշխատանքի կատարման այլ պայմաններ:
2. Կապալառուն իրավունք ունի պետական պատվիրատուից պահանջել հատուցելու աշխատանքների կատարման ժամկետները փոփոխելու հետևանքով իրեն պատճառված վնասները:
3. Պետական պայմանագրի փոփոխումը, որը կապված չէ սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների հետ, կատարվում է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Հոդված 766. | Պետական պայմանագրի իրավական կարգավորումը |
Պետական պայմանագրերով հարաբերությունների այն մասի նկատմամբ, որը չի կարգավորվում սույն օրենսգրքով, կիրառվում է պետական կարիքների համար կապալի մասին օրենքը:
Գ Լ ՈՒ Խ 38
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ-ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
Հոդված 767. | Գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրեր |
1. Կատարողը գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով պարտավորվում է իրականացնել պատվիրատուի նախագծային առաջադրանքով պայմանավորված գիտական հետազոտությունները, իսկ փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրով` մշակել նոր արտադրանքի նմուշ, դրա վերաբերյալ կոնստրուկտորական փաստաթղթեր կամ նոր տեխնոլոգիա, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքն ու վճարել դրա համար:
2. Կատարողի հետ պայմանագիրը կարող է ներառել ինչպես հետազոտությունների, մշակումների և նմուշների պատրաստման ամբողջ գործընթացը, այնպես էլ դրա առանձին փուլերը (տարրերը):
3. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պատահական անհնարինության ռիսկը կրում է պատվիրատուն, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
4. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի պայմանները պետք է համապատասխանեն բացառիկ իրավունքների (մտավոր սեփականություն) մասին սույն օրենսգրքի նորմերին, օրենքներին և այլ իրավական ակտերին:
5. Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերը կնքվում են գրավոր:
Հոդված 768. | Աշխատանքների կատարումը |
1. Կատարողը պարտավոր է գիտական հետազոտություններն իրականացնել անձամբ: Նա իրավունք ունի գիտահետազոտական աշխատանքների կատարմանը ներգրավել երրորդ անձանց` միայն պատվիրատուի համաձայնությամբ:
2. Փորձարարական, կոնստրուկտորական կամ տեխնոլոգիական աշխատանքներ կատարողն իրավունք ունի այդ աշխատանքներում ներգրավել երրորդ անձանց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Կատարողի և երրորդ անձանց հարաբերությունների նկատմամբ կիրառվում են գլխավոր կապալառուի և ենթակապալառուի մասին կանոնները (հոդված 704):
Հոդված 769. | Պայմանագրի առարկա կազմող տեղեկությունների գաղտնիությունը |
1. Կողմերը պարտավոր են ապահովել պայմանագրի առարկային, դրա կատարման ընթացքին և ստացված արդյունքներին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը, եթե այլ բան նախատեսված չէ գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով: Գաղտնի ճանաչվող տեղեկությունների ծավալը որոշվում է պայմանագրով:
2. Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է աշխատանքները կատարելիս ստացված գաղտնի ճանաչված տեղեկությունները հրապարակել միայն մյուս կողմի համաձայնությամբ:
Հոդված 770. | Կողմերի իրավունքներն աշխատանքների արդյունքների նկատմամբ |
1. Կողմերը գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով իրավունք ունեն օգտագործել աշխատանքների` ներառյալ պայմանագրով նախատեսված սահմաններում և պայմաններով իրավական պահպանության ենթակա արդյունքները:
2. Պատվիրատուն իրավունք ունի օգտագործել կատարողի կողմից իրեն հանձնված աշխատանքի` ներառյալ իրավական պահպանության ենթակա արդյունքները, իսկ կատարողն իրավունք ունի օգտագործել իր աշխատանքի արդյունքները սեփական կարիքների համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 771. | Պատվիրատուի պարտականությունները |
1. Պատվիրատուն, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է`
1) կատարողին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել աշխատանքների կատարման համար.
2) ընդունել կատարված աշխատանքների արդյունքները և վճարել դրանց համար:
2. Պայմանագրով կարող է նախատեսվել նաև կատարողին տեխնիկական առաջադրանք տալու` պատվիրատուի պարտականությունը և նրա հետ համաձայնեցնելու աշխատանքների ծրագիրը (տեխնիկական, տնտեսական պարամետրերը) կամ թեմաները:
Հոդված 772. | Կատարողի պարտականությունները |
Կատարողը, գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերով, պարտավոր է`
1) աշխատանքները կատարել պատվիրատուի հետ համաձայնեցված տեխնիկական առաջադրանքին համապատասխան և դրանց արդյունքները պատվիրատուին հանձնել պայմանագրով նախատեսված ժամկետում.
2) պատվիրատուի հետ համաձայնեցնել երրորդ անձանց պատկանող մտավոր գործունեության պահպանվող արդյունքների օգտագործման, դրանց օգտագործման համար իրավունքների ձեռքբերման անհրաժեշտությունը.
3) իր ուժերով և իր հաշվին վերացնել աշխատանքների կատարման ընթացքում իր մեղքով թույլ տրված այն թերությունները, որոնք կարող են հանգեցնել տեխնիկական առաջադրանքում կամ պայմանագրում նախատեսված տեխնիկական, տնտեսական պարամետրերից շեղումների.
4) պատվիրատուին անհապաղ տեղեկացնել աշխատանքների սպասվելիք արդյունքների ստացման անհնարինության հայտնաբերման կամ աշխատանքները շարունակելու աննպատակահարմարության մասին.
5) պատվիրատուին երաշխավորել այլ անձանց բացառիկ իրավունքները չխախտող պայմանագրով ստացված արդյունքների հանձնումը:
Հոդված 773. | Գիտահետազոտական աշխատանքների արդյունքներին հասնելու անհնարինության հետևանքները |
Եթե գիտահետազոտական աշխատանքների ընթացքում պարզվում է, որ կատարողից անկախ հանգամանքների հետևանքով արդյունքների հասնելն անհնար է, պատվիրատուն պարտավոր է կատարված աշխատանքների արժեքը վճարել մինչև գիտահետազոտական աշխատանքների կատարման պայմանագրով նախատեսված արդյունքներն ստանալու անհնարինությունը պարզելը, սակայն պայմանագրում նշված համապատասխան մասի գնից ոչ ավելի:
Հոդված 774. | Փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքները շարունակելու անհնարինության հետևանքները |
Եթե փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման ընթացքում պարզվում է աշխատանքները կատարողի մեղքից անկախ հանգամանքների հետևանքով շարունակելու անհնարինություն կամ աննպատակահարմարություն, պատվիրատուն պարտավոր է վճարել կատարողի կրած ծախսերը:
Հոդված 775. | Կատարողի պատասխանատվությունը պայմանագրի խախտման համար |
1. Կատարողը պատվիրատուի առջև պատասխանատվություն է կրում գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի խախտման համար, եթե չի ապացուցում, որ նման խախտումն առաջացել է իր մեղքից անկախ հանգամանքների հետևանքով (417 հոդվածի 1-ին կետ):
2. Կատարողը պարտավոր է հատուցել պատվիրատուին պատճառած վնասները, այն աշխատանքների արժեքի սահմաններում, որոնցում ի հայտ են եկել թերությունները, եթե պայմանագրով նախատեսված չէ, որ դրանք ենթակա են հատուցման աշխատանքների ընդհանուր արժեքի սահմաններում: Բաց թողած օգուտը ենթակա է հատուցման` պայմանագրով նախատեսված դեպքերում:
Հոդված 776. | Գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական ու տեխնոլոգիական աշխատանքների կատարման պայմանագրերի իրավական կարգավորումը |
Աշխատանքների կատարման ժամկետների և գնի, ինչպես նաև աշխատանքների արդյունքների ստացմանը պատվիրատուի չներկայանալու հետևանքների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 706, 707 և 736 հոդվածների կանոնները:
Պետական կարիքների համար գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքների կատարման պետական պայմանագրերի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 761-766 հոդվածների կանոնները:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Գ Լ ՈՒ Խ 39
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Հոդված 777. | Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր |
1. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
2. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Սույն գլխի կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:
Հոդված 778. | Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումը |
Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել անձամբ, եթե այլ բան նախատեսված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
Հոդված 779. | Ծառայությունների համար վճարելը |
1. Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:
2. Կատարման անհնարինության դեպքում, որը ծագել է պատվիրատուի մեղքով, ծառայությունները վճարվում են լրիվ ծավալով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
3. Այն դեպքում, երբ կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, պատվիրատուն կատարողին հատուցում է նրա կատարած փաստացի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
Հոդված 780. | Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը |
1. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:
2. Կատարողն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պայմանով:
Հոդված 780.1. | Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների առանձնահատկությունները |
1. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողն իմացել է կամ պետք է իմանար օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:
2. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր է ցուցադրել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը և պահպանել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի)` հարթակում գրանցված լինելու ամբողջ ժամանակահատվածում և դրա ավարտից հետո՝ առնվազն 1 տարի, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի հետ կնքված պայմանագրով:
(780.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)
Հոդված 781. | Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի իրավական կարգավորումը |
Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կիրառվում են կապալի մասին ընդհանուր դրույթները (հոդվածներ 700-727) և կենցաղային կապալի մասին դրույթները (հոդվածներ 728-737), եթե դա չի հակասում սույն օրենսգրքի 777-780 հոդվածներին, ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին:
Գ Լ ՈՒ Խ 40
ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 782. | Հանձնարարության պայմանագիր |
1. Հանձնարարության պայմանագրով մի կողմը (հանձնակատարը) պարտավորվում է մյուս կողմի (հանձնարարողի) անունից և նրա հաշվին կատարել որոշակի իրավաբանական գործողություններ: Հանձնակատարի կատարած գործարքից իրավունքները և պարտականություններն անմիջականորեն ծագում են հանձնարարողի համար:
2. Հանձնարարության պայմանագիրը կնքվում է այն ժամկետի նշումով, որի ընթացքում հանձնակատարն իրավունք ունի գործել հանձնարարողի անունից կամ առանց դրա:
3. Հանձնարարության պայմանագիրը կնքվում է գրավոր:
⚖Հոդված 783. | Հանձնակատարի վարձատրությունը |
1. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե դա նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ հանձնարարության պայմանագրով:
Այն դեպքում, երբ հանձնարարության պայմանագիրն առնչվում է երկու կողմերի կամ դրանցից մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Հանձնարարության վճարովի պայմանագրում վարձատրության չափի կամ այն վճարելու կարգի մասին պայմանի բացակայության դեպքում, հանձնակատարը, սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան, վարձատրվում է պայմանագիրը կատարելուց հետո:
3. Որպես առևտրային ներկայացուցիչ (320 հոդվածի 1-ին կետ) գործող հանձնակատարը, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իրավունք ունի պահել իր մոտ գտնվող և հանձնարարողին հանձնելու ենթակա գույքը հանձնարարության պայմանագրով նախատեսված իր պահանջներն ապահովելու համար:
Հոդված 784. | Հանձնարարողի ցուցումներին համապատասխան հանձնարարությունը կատարելը |
1. Հանձնակատարը պարտավոր է իրեն տրված հանձնարարությունը կատարել հանձնարարողի ցուցումներին համապատասխան: Հանձնարարողի ցուցումները պետք է լինեն օրինաչափ, իրականացվող և որոշակի:
2. Հանձնակատարն իրավունք ունի շեղվել հանձնարարողի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ հանձնարարողի, և հանձնակատարը չի կարողացել նախապես հարցում անել հանձնարարողին կամ ողջամիտ ժամկետում չի ստացել իր հարցման պատասխանը: Հանձնակատարը պարտավոր է թույլ տված շեղումների մասին ծանուցել հանձնարարողին, երբ նման ծանուցումը դառնում է հնարավոր:
3. Հանձնարարողը որպես առևտրային ներկայացուցիչ գործող հանձնակատարին (320 հոդվածի 1-ին կետ) կարող է իրավունք վերապահել` առանց նախնական հարցման շեղվելու իր ցուցումներից: Այդ դեպքում առևտրային ներկայացուցիչը պարտավոր է կատարված շեղումների մասին ողջամիտ ժամկետում ծանուցել հանձնարարողին, եթե այլ բան նախատեսված չէ հանձնարարության պայմանագրով:
Հոդված 785. | Հանձնակատարի պարտականությունները |
Հանձնակատարը պարտավոր է`
1) անձամբ կատարել իրեն տրված հանձնարարությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 787 հոդվածում նշված դեպքերի.
2) հանձնարարողի պահանջով նրան հաղորդել հանձնարարության կատարման ընթացքի մասին բոլոր տեղեկությունները.
3) ի կատարումն հանձնարարության` գործարքներից ստացածն անհապաղ հանձնել հանձնարարողին.
4) հանձնարարությունը կատարելուց կամ մինչև դրա կատարելը հանձնարարության պայմանագիրը դադարելուց հետո հանձնարարողին անհապաղ վերադարձնել այն լիազորագիրը, որի գործողության ժամկետը չի ավարտվել, և հաշվետվություն ներկայացնել` կցելով համապատասխան փաստաթղթեր, եթե դա պահանջվում է պայմանագրի պայմաններով կամ հանձնարարության բնույթով:
Հոդված 786. | Հանձնարարողի պարտականությունները |
1. Հանձնարարողը պարտավոր է հանձնարարության պայմանագրով նախատեսված իրավաբանական գործողությունները կատարելու համար հանձնակատարին տալ լիազորագիր (լիազորագրեր), բացառությամբ սույն օրենսգրքի 318 հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
2. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, հանձնարարողը պարտավոր է`
1) հանձնակատարին ապահովել հանձնարարությունը կատարելու համար անհրաժեշտ միջոցներով.
2) հատուցել հանձնակատարի կրած ծախսերը:
3. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարից անհապաղ ընդունել պայմանագրին համապատասխան ամբողջ կատարվածը:
4. Հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին վարձատրել, եթե սույն օրենսգրքի 783 հոդվածին համապատասխան` հանձնարարության պայմանագիրը վճարովի է:
Հոդված 787. | Վերահանձնարարում |
1. Հանձնակատարն իրավունք ունի, սույն օրենսգրքի 323 հոդվածում նախատեսված դեպքերում և պայմաններով, հանձնարարության կատարումը հանձնարարել այլ անձի (տեղակալին):
2. Հանձնարարողն իրավունք ունի հեռացնել հանձնակատարի ընտրած տեղակալին:
3. Եթե հանձնակատարի հնարավոր տեղակալի անունը նշված է հանձնարարության պայմանագրում, հանձնակատարը պատասխանատվություն չի կրում նրա ընտրության և նրա կողմից գործերը վարելու համար:
Եթե հանձնարարության կատարումն այլ անձի փոխանցելու հանձնակատարի իրավունքը նախատեսված չէ պայմանագրում կամ նախատեսված է, սակայն տեղակալի անունը նշված չէ, հանձնակատարը պատասխանատվություն է կրում տեղակալի ընտրության համար:
Հոդված 788. | Հանձնարարության պայմանագրի դադարելը |
1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, հանձնարարության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելու.
2) հանձնակատարի հրաժարվելու.
3) հանձնարարողի կամ հանձնակատարի մահվան, նրանցից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու:
2. Հանձնարարողն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերացնել հանձնարարությունը, իսկ հանձնակատարը` հրաժարվել այն կատարելուց: Այդ իրավունքից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:
3. Հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի, գործողություններ նախատեսող հանձնարարության պայմանագրից հրաժարվող կողմը պարտավոր է ոչ ուշ, քան երեսուն օր առաջ ծանուցել մյուս կողմին պայմանագրի դադարման մասին, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Առևտրային ներկայացուցիչ-իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում հանձնարարողն իրավունք ունի հանձնարարությունը վերացնել առանց նախնական ծանուցման:
Հոդված 789. | Հանձնարարության պայմանագիրը դադարելու հետևանքները |
1. Եթե հանձնարարության պայմանագիրը դադարել է մինչև հանձնակատարի կողմից հանձնարարությունը լրիվ կատարելը, հանձնարարողը պարտավոր է հանձնակատարին հատուցել հանձնարարության կատարման ընթացքում նրա կրած ծախսերը, իսկ եթե հանձնակատարին հասնում է վարձատրություն` նրան վարձատրել կատարված աշխատանքին համաչափ: Այս կանոնը չի կիրառվում, եթե հանձնակատարը հանձնարարությունը կատարել է այն բանից հետո, երբ նա գիտեր կամ պետք է իմանար հանձնարարությունը դադարելու մասին:
2. Հանձնարարողի կողմից հանձնարարությունը վերացնելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի վերացմամբ հանձնակատարին պատճառված վնասները հատուցելու համար, բացառությամբ այն պայմանագրի դադարման դեպքերի, որը նախատեսում է հանձնակատարի` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ:
3. Հանձնակատարի կողմից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելը հիմք չէ հանձնարարության պայմանագրի դադարեցմամբ հանձնարարողին պատճառած վնասները հատուցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնակատարը հրաժարվել է այնպիսի պայմաններում, որոնցում հանձնարարողը զրկված է եղել իր շահերն այլ կերպ ապահովելու հնարավորությունից, ինչպես նաև, երբ հանձնակատարը հրաժարվել է այն պայմանագիրը կատարելուց, որը նախատեսում է նրա` որպես առևտրային ներկայացուցչի գործողություններ:
Հոդված 790. | Հանձնակատար-քաղաքացու ժառանգների և հանձնակատար-իրավաբանական անձին լուծարողի պարտականությունները |
Հանձնակատարի մահվան դեպքում նրա ժառանգները պարտավոր են ծանուցել հանձնարարողին հանձնարարության պայմանագրի դադարման մասին և ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են հանձնարարողի գույքը պահպանելու համար, մասնավորապես, պահպանել նրա գույքը և փաստաթղթերն ու դրանք հանձնել հանձնարարողին:
Նման պարտականություն կրում է նաև հանձնակատար-իրավաբանական անձին լուծարողը:
Գ Լ ՈՒ Խ 41
ԿՈՄԻՍԻԱ
Հոդված 791. | Կոմիսիայի պայմանագիր |
1. Կոմիսիայի պայմանագրով մի կողմը (կոմիսիոները) պարտավորվում է մյուս կողմի (կոմիտենտի) հանձնարարությամբ, վարձատրությամբ, իր անունից, սակայն կոմիտենտի հաշվին, կնքել մեկ կամ մի քանի գործարք:
Կոմիսիոների կողմից երրորդ անձի հետ կնքված գործարքով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում կոմիսիոները, թեկուզև կոմիտենտը վկայակոչված լինի գործարքում կամ երրորդ անձի հետ մտած լինի գործարքը կատարելուն ուղղված անմիջական հարաբերությունների մեջ:
2. Կոմիսիայի պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Կոմիսիայի պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետում կամ առանց ժամկետի, դրա կատարման տարածքի նշումով կամ առանց դրա, ի շահ կոմիտենտի և նրա հաշվին այնպիսի գործարքներ կնքելու իրավունքը երրորդ անձանց չտրամադրելու կոմիտենտի պարտավորությամբ, որոնց կնքելը հանձնարարված է կոմիսիոներին, կամ առանց նման պարտավորության` կոմիսիայի առարկա գույքի տեսականու վերաբերյալ պայմաններով կամ առանց այդ պայմանների:
4. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են նախատեսվել կոմիսիայի պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկություններ:
Հոդված 792. | Կոմիսիոն վարձատրությունը |
1. Կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրել, իսկ այն դեպքում, երբ կոմիսիոները երաշխավորություն է ստանձնել գործարքը երրորդ անձի կողմից կատարելու համար (դելկրեդերե)` նաև լրացուցիչ վարձատրել կոմիսիայի պայմանագրով սահմանված չափով ու կարգով:
Եթե վարձատրության չափը կամ այն վճարելու կարգը նախատեսված չէ պայմանագրով և վարձատրության չափը չի կարող որոշվել` ելնելով պայմանագրի պայմաններից, կոմիսիոները վարձատրվում է կոմիսիայի պայմանագիրը կատարելուց հետո` սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափով:
2. Եթե կոմիսիայի պայմանագիրը չի կատարվել կոմիտենտից կախված պատճառներով, ապա կոմիսիոները պահպանում է կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև կատարած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը:
Հոդված 793. | Կոմիսիոն հանձնարարությունը կատարելը |
1. Պարտավորություն ստանձնած կոմիսիոները պարտավոր է այն կատարել կոմիտենտի համար առավել ձեռնտու պայմաններով և կոմիտենտի ցուցումներին համապատասխան, իսկ կոմիսիայի պայմանագրում նման ցուցումների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
2. Այն դեպքում, երբ կոմիսիոները գործարքը կնքել է կոմիտենտի նշած պայմաններից ավելի ձեռնտու պայմաններով, լրացուցիչ օգուտը կոմիտենտի և կոմիսիոների միջև բաշխվում է հավասարաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 794. | Պատասխանատվությունը կոմիտենտի համար կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու դեպքում |
1. Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն չի կրում վերջինիս հաշվին կնքված գործարքը երրորդ անձի կողմից չկատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ կոմիսիոներն անհրաժեշտ շրջահայացություն հանդես չի բերել երրորդ անձի ընտրության հարցում կամ իր վրա է վերցրել գործարքի կատարման երաշխավորությունը (դելկրեդերե):
2. Երրորդ անձի կողմից գործարքը չկատարելու դեպքում կոմիսիոները պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին, հավաքել անհրաժեշտ ապացույցներ, ինչպես նաև, պահպանելով պահանջի զիջման կանոնները (397-404 հոդվածներ), կոմիտենտի պահանջով նրան փոխանցել նման գործարքից բխող իրավունքները:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի հիման վրա` գործարքով կոմիտենտի իրավունքների զիջումը թույլատրվում է անկախ երրորդ անձի հետ կոմիսիոների այն համաձայնությունից, որն արգելում կամ սահմանափակում է նման զիջումը: Դա կոմիսիոներին չի ազատում երրորդ անձի հանդեպ արգելման կամ սահմանափակման համաձայնության խախտման հետ կապված իրավունքի զիջման համար պատասխանատվությունից:
Հոդված 795. | Ենթակոմիսիա |
1. Կոմիսիոներն իրավունք ունի պայմանագիրը կատարելու նպատակով այլ անձի հետ կնքել ենթակոմիսիայի պայմանագիր` ենթակոմիսիոների գործողությունների համար` մնալով պատասխանատու կոմիտենտի առջև, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Ենթակոմիսիայի պայմանագրով` կոմիսիոները ենթակոմիսիոների հանդեպ ձեռք է բերում կոմիտենտի իրավունքներ և պարտականություններ:
2. Մինչև կոմիսիայի պայմանագրի դադարելը կոմիտենտն իրավունք չունի առանց կոմիսիոների համաձայնության անմիջական հարաբերությունների մեջ մտնել ենթակոմիսիոների հետ, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Հոդված 796. | Կոմիտենտի ցուցումներից շեղվելը |
1. Կոմիսիոներն իրավունք ունի շեղվել կոմիտենտի ցուցումներից, եթե գործի հանգամանքներով դա անհրաժեշտ է ի շահ կոմիտենտի, և կոմիսիոները չի կարողացել նախապես հարցում անել կոմիտենտին կամ ողջամիտ ժամկետում ստանալ իր հարցման պատասխանը: Կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, երբ ծանուցումը դառնում է հնարավոր:
2. Կոմիտենտը կարող է որպես ձեռնարկատեր գործող կոմիսիոներին իրավունք վերապահել առանց նախնական հարցման շեղվել իր ցուցումներից: Այդ դեպքում կոմիսիոները պարտավոր է ողջամիտ ժամկետում կոմիտենտին ծանուցել թույլ տրված շեղումների մասին, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
3. Կոմիսիոները, որը գույքը վաճառել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից ցածր գնով, պարտավոր է վերջինիս հատուցել գների տարբերությունը, եթե չի ապացուցում, որ ինքը հնարավորություն չի ունեցել գույքը վաճառել համաձայնեցված գնով և, որ այն ավելի ցածր գնով վաճառելը կանխել է կոմիտենտին պատճառվելիք ավելի մեծ վնասները: Այն դեպքում, երբ կոմիսիոները պարտավոր էր նախապես հարցում անել կոմիտենտին, նա պետք է նաև ապացուցի, որ հնարավորություն չի ունեցել նախնական համաձայնություն ստանալ կոմիտենտի ցուցումներից շեղվելու մասին:
4. Եթե կոմիսիոները գույքը գնել է կոմիտենտի հետ համաձայնեցված գնից բարձր գնով, ապա նման գույքն ընդունել չցանկացող կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներից երրորդ անձի հետ գործարք կնքելու մասին ծանուցում ստանալուց հետո` ողջամիտ ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին: Հակառակ դեպքում` գնված գույքը համարվում է կոմիտենտի կողմից ընդունված:
5. Եթե կոմիսիոները հաղորդում է, որ իր վրա է վերցնում գնի տարբերությունը, կոմիտենտն իրավունք չունի հրաժարվել իր համար կնքված գործարքից:
Հոդված 797. | Կոմիսիայի առարկա գույքի նկատմամբ իրավունքները |
1. Կոմիտենտից կոմիսիոներին փոխանցված կամ կոմիտենտի հաշվին կոմիսիոների ձեռք բերած գույքը կոմիտենտի սեփականությունն է:
2. Կոմիսիոներն իրավունք ունի, սույն օրենսգրքի 373 հոդվածին համապատասխան, իր մոտ պահել կոմիտենտին կամ նրա կողմից նշված անձին հանձնելու ենթակա գույքը` կոմիսիայի պայմանագրով իր պահանջներն ապահովելու համար:
Կոմիտենտին սնանկ ճանաչելու դեպքում կոմիսիոների` նշված իրավունքը դադարում է, իսկ կոմիտենտի հանդեպ ունեցած պահված գույքի արժեքի շրջանակներում նրա պահանջները բավարարվում են սույն օրենսգրքի 374 հոդվածին համապատասխան` գրավով ապահովված պահանջներին հավասար:
Հոդված 798. | Կոմիսիոների պահանջները կոմիտենտին հասանելիք գումարներից բավարարելը |
Սույն օրենսգրքի 426 հոդվածին համապատասխան` կոմիսիոներն իրավունք ունի կոմիսիայի պայմանագրով իրեն հասանելիք գումարները պահել այն գումարներից, որոնք իր մոտ մուտք են լինում կոմիտենտի հաշվին:
Հոդված 799. | Կոմիսիոների պատասխանատվությունը կոմիտենտի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար |
1. Կոմիսիոները կոմիտենտի առջև պատասխանատվություն է կրում կոմիտենտի` իր մոտ գտնվող գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:
2. Եթե կոմիտենտի ուղարկած կամ կոմիսիոների մոտ կոմիտենտի համար մուտք եղած գույքն ընդունելիս այդ գույքում առկա են վնասվածքներ կամ պակասորդ, որը կարող էր նկատվել արտաքին զննման ժամանակ, ինչպես նաև կոմիսիոների մոտ գտնվող կոմիտենտի գույքին որևէ մեկի կողմից վնասվածք պատճառելու դեպքում, կոմիսիոները պարտավոր է միջոցներ ձեռնարկել կոմիտենտի իրավունքների պաշտպանության համար, անհրաժեշտ ապացույցներ հավաքել և այդ մասին անհապաղ հայտնել կոմիտենտին:
3. Կոմիսիոները, որը չի ապահովագրել իր մոտ գտնվող կոմիտենտի գույքը, պատասխանատվություն է կրում միայն այն դեպքերում, երբ կոմիտենտը նրան հանձնարարել է գույքն ապահովագրել կոմիտենտի հաշվին կամ, եթե կոմիսիոների կողմից այդ գույքի ապահովագրության պարտականությունը նախատեսված է կոմիսիայի պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով:
Հոդված 800. | Կոմիսիոների հաշվետվությունը |
Հանձնարարությունը կատարելուց հետո կոմիսիոները պարտավոր է կոմիտենտին հաշվետվություն ներկայացնել և վերջինիս հանձնել կոմիսիայի պայմանագրով ստացվածը: Հաշվետվության վերաբերյալ առարկություններ ունեցող կոմիտենտը պարտավոր է հաշվետվությունն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, այդ մասին հայտնել կոմիսիոներին, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Հոդված 801. | Կոմիտենտի կողմից կոմիսիայի պայմանագրով կատարվածն ընդունելը |
Կոմիտենտը պարտավոր է`
1) կոմիսիոներից ընդունել կոմիսիայի պայմանագրով կատարվածը.
2) զննել իր համար կոմիսիոների ձեռք բերած գույքը և վերջինիս անհապաղ ծանուցել դրանում հայտնաբերված թերությունների մասին.
3) կոմիսիոներին ազատել կոմիսիոն հանձնարարության կատարման համար երրորդ անձանց հանդեպ նրա ստանձնած պարտավորություններից:
Հոդված 802. | Կոմիսիոն հանձնարարության կատարման ծախսերը հատուցելը |
1. Կոմիտենտը պարտավոր է, բացի կոմիսիոն վարձատրությունից, իսկ համապատասխան դեպքերում` նաև դելկրեդերի համար լրացուցիչ վարձատրությունից, կոմիսիոներին հատուցել կոմիսիայի պայմանագրի կատարման հետ կապված նրա ծախսերը:
2. Կոմիսիոները կոմիտենտի` իր մոտ գտնվող գույքի պահատվության համար ծախսերի հատուցման իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ կոմիսիայի պայմանագրով:
Հոդված 803. | Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը |
1. Կոմիտենտն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կոմիսիայի պայմանագիրը կատարելուց` վերացնելով կոմիսիոներին տրված հանձնարարությունը: Կոմիսիոներն իրավունք ունի պահանջել հատուցելու հանձնարարության վերացմամբ իր կրած վնասները:
2. Այն դեպքում, երբ կոմիսիայի պայմանագիրը կնքվել է առանց դրա գործողության ժամկետը նշելու, կոմիտենտը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ կոմիսիոներին պետք է ծանուցի պայմանագիրը դադարելու մասին, եթե ծանուցման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Այդ դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրություն վճարել մինչև պայմանագրի դադարելը կնքված գործարքների համար, ինչպես նաև կոմիսիոներին հատուցել մինչև պայմանագրի դադարելը կատարած ծախսերը:
3. Հանձնարարությունը վերացնելու դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիայի պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` անհապաղ տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը կոմիտենտի հաշվին հանձնել պահատվության կամ վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:
Հոդված 804. | Կոմիսիոների հրաժարվելը կոմիսիայի պայմանագիրը կատարելուց |
1. Կոմիսիոներն իրավունք չունի, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով, հրաժարվել պայմանագիրը կատարելուց, բացառությամբ այն դեպքի, երբ այն կնքվել է առանց գործողության ժամկետը նշելու: Այդ դեպքում կոմիսիոները ոչ ուշ, քան երեսուն օր առաջ պետք է կոմիտենտին ծանուցի պայմանագրի դադարման մասին, եթե ծանուցման առավել երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
Կոմիսիոները պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կոմիտենտի գույքը պահպանելու համար:
2. Կոմիսիոներից հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու մասին ծանուցում ստանալուց հետո կոմիտենտը տասնհինգօրյա ժամկետում պետք է տնօրինի կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը, եթե այլ ժամկետ սահմանված չէ կոմիսիայի պայմանագրով: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի գույքը պահատվության հանձնել կոմիտենտի հաշվին կամ այն վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:
3. Հանձնարարությունը կատարելուց հրաժարված կոմիսիոները պահպանում է մինչև պայմանագրի դադարելը կնքած գործարքների համար կոմիսիոն վարձատրություն, ինչպես նաև մինչև այդ պահը կրած ծախսերի հատուցում ստանալու իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոմիսիայի պայմանագրով:
Հոդված 805. | Կոմիսիայի պայմանագրի դադարելը |
Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, կոմիսիայի պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) կոմիտենտի կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու.
2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում կոմիսիոների կողմից պայմանագրի կատարումից հրաժարվելու.
3) կոմիսիոների մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու.
4) կոմիսիոներին սնանկ ճանաչելու:
Կոմիսիոներին սնանկ ճանաչելու դեպքում, ի կատարումն կոմիտենտի ցուցումների, կոմիսիոների կնքած գործարքներով կոմիսիոների իրավունքները և պարտականություններն անցնում են կոմիտենտին:
Գ Լ ՈՒ Խ 42
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Հոդված 806. | Գործակալության պայմանագիր |
1. Գործակալության պայմանագրով մի կողմը (գործակալը) պարտավորվում է վարձատրությամբ մյուս կողմի (պրինցիպալի) հանձնարարությամբ, իր անունից, սակայն պրինցիպալի հաշվին կամ պրինցիպալի անունից և նրա հաշվին կատարել իրավաբանական ու այլ գործողություններ:
Երրորդ անձի հետ իր անունից և պրինցիպալի հաշվին կնքված գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում գործակալը, թեկուզև պրինցիպալը վկայակոչված լինի գործարքում և գործարքը կատարելու հետ կապված անմիջական հարաբերությունների մեջ մտած լինի երրորդ անձի հետ:
Երրորդ անձի հետ պրինցիպալի անունից և նրա հաշվին գործակալի կնքած գործարքով իրավունքներ ու պարտականություններ ձեռք է բերում անմիջականորեն պրինցիպալը:
2. Գործակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Այն դեպքերում, երբ գործակալության պայմանագրում նախատեսված են պրինցիպալի անունից գործարքներ կնքելու համար գործակալի ընդհանուր լիազորություններ, պրինցիպալն իրավունք չունի երրորդ անձանց հետ հարաբերություններում վկայակոչել գործակալի մոտ պատշաճ լիազորությունների բացակայությունը, եթե չի ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար գործակալի լիազորությունների սահմանափակման մասին:
4. Գործակալության պայմանագիրը կարող է կնքվել դրա գործողության որոշակի ժամկետով կամ առանց դրա:
5. Օրենքով կարող են նախատեսվել գործակալության պայմանագրի առանձին տեսակների առանձնահատկությունները:
Հոդված 807. | Գործակալական վարձատրություն |
1. Պրինցիպալը պարտավոր է գործակալության պայմանագրում սահմանված չափով և կարգով վարձատրել գործակալին:
Եթե գործակալության պայմանագրում գործակալական վարձատրության չափը նախատեսված չէ և այն չի կարող որոշվել, ելնելով պայմանագրի պայմաններից, վարձատրությունը վճարվում է սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետում սահմանված չափին համապատասխան:
2. Պայմանագրում գործակալական վարձատրություն վճարելու կարգի մասին պայմանների բացակայության դեպքում պրինցիպալը պարտավոր է գործակալի կողմից անցած ժամանակահատվածի մասին հաշվետվությունը ներկայացնելու օրվանից մեկ շաբաթվա ընթացքում վճարել վարձատրությունը, եթե վարձատրությունը վճարելու այլ կարգ չի բխում պայմանագրի էությունից կամ գործարար շրջանառության սովորույթներից:
Հոդված 808. | Պրինցիպալի և գործակալի իրավունքների սահմանափակումը գործակալության պայմանագրով |
1. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պրինցիպալի` պայմանագրով սահմանված որոշակի տարածքում գործող այլ գործակալների հետ նմանօրինակ պայմանագրեր չկնքելու պարտավորությունը կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում գործակալության պայմանագրի առարկան կազմող նմանօրինակ ինքնուրույն գործունեություն իրականացնելուց:
2. Գործակալության պայմանագրով կարող է նախատեսվել պայմանագրում նշված տարածքի հետ լիովին կամ մասնակիորեն համընկնող տարածքում այլ պրինցիպալների հետ նմանօրինակ գործակալության պայմանագրեր չկնքելու գործակալի պարտավորությունը:
3. Գործակալության պայմանագրի պայմանները, որոնց ուժով գործակալն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես որոշակի կատեգորիայի գնորդներին (պատվիրատուներին) կամ պայմանագրով սահմանված տարածքում գտնվելու կամ բնակության վայր ունեցող գնորդներին (պատվիրատուներին), առոչինչ են:
Հոդված 809. | Գործակալի հաշվետվությունները |
1. Գործակալության պայմանագիրը կատարելիս գործակալը պարտավոր է պայմանագրում նախատեսված ժամկետներում և կարգով հաշվետվություններ ներկայացնել պրինցիպալին: Պայմանագրում համապատասխան պայմանների բացակայության դեպքում գործակալը հաշվետվություններ է ներկայացնում պայմանագիրը կատարելուն զուգընթաց կամ պայմանագրի գործողության ավարտից հետո:
2. Գործակալի հաշվետվությանը պետք է կցվեն գործակալի կողմից պրինցիպալի հաշվին կատարված ծախսերի անհրաժեշտ ապացույցներ, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:
3. Պրինցիպալը, որն առարկություններ ունի գործակալի հաշվետվության վերաբերյալ, պետք է հաշվետվությունը ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում այդ մասին հայտնի գործակալին, եթե այլ ժամկետ սահմանված չէ գործակալության պայմանագրով: Հակառակ դեպքում` հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով:
Հոդված 810. | Ենթագործակալության պայմանագիր |
1. Գործակալը պայմանագիրը կատարելու նպատակներով կարող է ենթագործակալության պայմանագիր կնքել այլ անձի հետ` մնալով պատասխանատու պրինցիպալի հանդեպ վերջինիս գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ գործակալության պայմանագրով: Գործակալության պայմանագրում կարող է նախատեսվել ենթագործակալության պայմանագիր կնքելու գործակալի պարտականությունը` այդ պայմանագրի կոնկրետ պայմանների նշումով կամ առանց դրա:
2. Ենթագործակալն իրավունք չունի երրորդ անձանց հետ գործարքներ կնքել գործակալության պայմանագրով պրինցիպալ համարվող անձի անունից, բացառությամբ այն դեպքերի, երբ, սույն օրենսգրքի 323 հոդվածի 1-ին կետին համապատասխան, ենթագործակալը կարող է գործել վերալիազորման հիման վրա: Նման վերալիազորման կարգը և հետևանքները սահմանվում են սույն օրենսգրքի 787 հոդվածով նախատեսված կանոններով:
Հոդված 811. | Գործակալության պայմանագրի դադարելը |
Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գործակալության պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) պայմանագիրը կատարելուց կողմերից որևէ մեկի հրաժարվելու, եթե այն կնքվել է առանց ավարտի ժամկետը որոշելու.
2) գործակալի մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու.
3) գործակալին սնանկ ճանաչելու:
Հոդված 812. | Գործակալական հարաբերությունների նկատմամբ կոմիսիայի և հանձնարարության պայմանագրերի մասին կանոնների կիրառումը |
Գործակալության պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 40 կամ 41 գլուխներով նախատեսված կանոնները` կախված այն բանից, թե այդ պայմանագրի պայմաններով գործակալը գործում է պրինցիպալի, թե իր անունից, եթե այդ կանոնները չեն հակասում սույն գլխի դրույթներին կամ գործակալության պայմանագրի էությանը:
Գ Լ ՈՒ Խ 43
ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 813. | Պահատվության պայմանագիր |
1. Պահատվության պայմանագրով մի կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) կողմից իրեն հանձնված գույքը և այն վերադարձնել պահպանված վիճակում:
2. Պահատվության պայմանագրով, որտեղ պահառուն, որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը` պահատվություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն է (արհեստավարժ պահառու), կարող է նախատեսվել պահատուի գույքը պայմանագրով նախատեսված ժամկետում ի պահ վերցնելու պահառուի պարտականությունը:
Հոդված 814. | Պահատվության պայմանագրի ձևը |
1. Պահատվության պայմանագիրը պետք է կնքվի գրավոր:
2. Պահատվության պայմանագրի հասարակ գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե գույքի ի պահ ընդունումը պահառուի կողմից հավաստված է պահատուին`
1) պահատվության ստացական, անդորրագիր, վկայագիր կամ պահառուի կողմից ստորագրված այլ փաստաթուղթ տրամադրելով.
2) գույքի ի պահ ընդունումը հավաստող մետաղանիշ (համար) կամ այլ նշան տալով, եթե գույքի ի պահ ընդունումը հաստատող այդպիսի ձևը նախատեսված է օրենքով կամ այլ իրավական ակտով կամ սովորական է տվյալ տեսակի պահատվության համար:
Հոդված 815. | Գույքն ի պահ ընդունելու պարտականությունը կատարելը |
1. Պահատվության պայմանագրով գույքն ի պահ ընդունելու պարտականությունն ստանձնած պահառուն (813 հոդվածի 2-րդ կետ) իրավունք չունի պահանջել, որպեսզի այդ գույքը պահատվության հանձնվի իրեն:
Սակայն, պայմանագրով նախատեսված ժամկետում գույքն ի պահ չհանձնած պահատուն պահառուի առջև պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք պատճառվել են պահառուին գույքը պահատվության չհանձնելու հետևանքով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով: Պահատուն ազատվում է այդ պատասխանատվությունից, եթե ողջամիտ ժամկետում պահառուին հայտնում է նրա ծառայություններից հրաժարվելու մասին:
2. Պահառուն ազատվում է գույքն ի պահ ընդունելու պարտականությունից, եթե գույքն իրեն չի հանձնվել պայմանագրով սահմանված ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Հոդված 816. | Պահատվության ժամկետը |
1. Պահառուն պարտավոր է գույքը պահել պահատվության պայմանագրով սահմանված ժամկետի ընթացքում:
2. Պահառուն պարտավոր է գույքը պահել մինչև պահատուն այն կպահանջի, եթե պահատվության ժամկետը նախատեսված չէ պայմանագրով և չի կարող որոշվել` ելնելով դրա պայմաններից:
3. Եթե պահատվության ժամկետը որոշված է պահատուի ցպահանջ իրավունքով, պահառուն իրավունք ունի տվյալ հանգամանքներում գույքի պահատվության սովորական ժամկետը լրանալու դեպքում պահատուից պահանջել հետ վերցնելու գույքը` դրա համար նրան տրամադրելով ողջամիտ ժամկետ: Պահատուի կողմից այդ պարտականությունը չկատարելը հանգեցնում է սույն օրենսգրքի 826 հոդվածով նախատեսված հետևանքներին:
Հոդված 817. | Պահատվությունը գույքի դիմազրկմամբ |
Պահատվության պայմանագրով ուղղակի նախատեսված դեպքերում, մեկ պահատուի ի պահ ընդունած գույքը կարող է խառնվել այլ պահատուներից նույն տեսակի և որակի ի պահ ընդունած գույքի հետ (դիմազրկմամբ պահատվություն): Այդ դեպքում պահատուին վերադարձվում է հավասար կամ կողմերի պայմանավորված քանակությամբ նույն տեսակի և որակի գույք:
Հոդված 818. | Պահառուի` գույքի պահպանվածությունն ապահովելու պարտականությունը |
1. Ի պահ ընդունված գույքի պահպանվածության ապահովման համար պահառուն պարտավոր է ձեռնարկել պահատվության պայմանագրով նախատեսված բոլոր միջոցները:
Պայմանագրում այդպիսի միջոցների մասին պայմանների բացակայության կամ այդ պայմանները լրիվ չլինելու դեպքում, պահառուն գույքի պահպանվածություն ապահովելու նպատակով պետք է ձեռնարկի գործարար շրջանառության սովորույթներին և պարտավորության էությանը` ներառյալ ի պահ հանձնված գույքի հատկություններին, համապատասխանող միջոցներ, եթե նման միջոցներ ձեռնարկելը բացառված չէ պայմանագրով:
2. Պահառուն` իրեն հանձնված գույքի պահպանվածության համար բոլոր դեպքերում պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնց պարտադիր լինելը նախատեսված է օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց կողմից սահմանված կարգով (հակահրդեհային, սանիտարական, պահպանական և այլն):
3. Եթե պահատվությունն իրականացվում է անհատույց, պահառուն պարտավոր է ի պահ ընդունված գույքի համար հոգ տանել ոչ պակաս, քան իր գույքի համար:
Հոդված 819. | Ի պահ հանձնված գույքից օգտվելը |
Պահառուն իրավունք չունի առանց պահատուի համաձայնության օգտվել ի պահ հանձնված գույքից, ինչպես նաև դրանից օգտվելու հնարավորություն ընձեռել երրորդ անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ պահվող գույքից օգտվելն անհրաժեշտ է դրա պահպանվածությունն ապահովելու համար և չի հակասում պահատվության պայմանագրին:
Հոդված 820. | Պահատվության պայմանները փոփոխելը |
1. Գույքի պահատվության պայմանագրով նախատեսված պահատվության պայմանները փոփոխելու անհրաժեշտության դեպքում, պահառուն պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել պահատուին և սպասել վերջինիս պատասխանին:
Եթե պահատվության պայմանները փոփոխելն անհրաժեշտ է գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի վտանգը վերացնելու համար, պահառուն իրավունք ունի, առանց պահատուի պատասխանին սպասելու, փոփոխել պահատվության եղանակը, տեղը և այլ պայմանները:
2. Եթե պահատվության ժամանակ առաջացել է գույքի փչացման իրական վտանգ, կամ գույքն արդեն փչացել է, կամ առաջ են եկել դրա պահպանվածությունն ապահովելու հնարավորությունը բացառող հանգամանքներ, իսկ պահատուի կողմից ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելն անհնար է, պահառուն իրավունք ունի պահատվության վայրում գոյություն ունեցող գնով ինքնուրույն վաճառել գույքը կամ դրա մի մասը: Եթե նշված հանգամանքներն առաջ են եկել այնպիսի պատճառների հետևանքով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, ապա նա վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը գնի հաշվին հատուցելու իրավունք ունի:
Հոդված 821. | Վտանգավոր հատկություններով գույքի պահատվությունը |
1. Դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները: Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետևանքով պահառուին և երրորդ անձանց պատճառված վնասների համար:
Արհեստավարժ պահառուին վտանգավոր հատկություններով գույքն ի պահ հանձնելիս սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի գույքը պահատվության է հանձնվել ուրիշ անվանման ներքո, և պահառուն այն ընդունելիս չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա վտանգավոր հատկությունների մասին:
Սույն կետով նախատեսված դեպքերում հատուցելի պահատվության ժամանակ գույքի պահատվության համար մուծված վճարը չի վերադարձվում, իսկ եթե այն մուծված չի եղել, պահառուն կարող է գանձել ամբողջությամբ:
2. Եթե պահառուի գիտությամբ և համաձայնությամբ` սույն հոդվածի 1-ին կետի առաջին պարբերության մեջ նշված` ի պահ ընդունված գույքը, չնայած դրա պահատվության պայմանների պահպանմանը, շրջապատի, պահառուի կամ երրորդ անձանց գույքի համար դարձել է վտանգավոր, և հանգամանքները պահառուին հնարավորություն չեն ընձեռում պահատուից պահանջել այն անհապաղ հետ վերցնելու կամ, երբ վերջինս չի կատարում պահառուի նման պահանջը, պահառուն կարող է գույքը վնասազերծել կամ ոչնչացնել առանց պահատուին հատուցելու վնասները: Այդ դեպքում պահատուն պահառուի և երրորդ անձանց առջև պատասխանատվություն չի կրում նման գույքի պահատվությամբ պատճառված վնասների համար:
Հոդված 822. | Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելը |
Պահառուն իրավունք չունի առանց պահատուի համաձայնության գույքը ի պահ հանձնել երրորդ անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ստիպված է դա կատարել հանգամանքների ուժով` պահատուի շահերից ելնելով, և զրկված է նրա համաձայնությունն ստանալու հնարավորությունից, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Պահառուն պարտավոր է անհապաղ ծանուցել պահատուին գույքը երրորդ անձին ի պահ հանձնելու մասին:
Գույքը երրորդ անձին ի պահ հանձնելու դեպքում պահատուի և սկզբնական պահառուի միջև պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, և վերջինս պատասխանատվություն է կրում երրորդ անձի, որին նա ի պահ է հանձնել գույքը, գործողությունների համար, ինչպես իր սեփականի:
Հոդված 823. | Պահատվության համար վարձատրությունը |
1. Պահառուն պահատվության համար վարձատրվում է պահատվությունն ավարտվելիս, իսկ եթե պահատվության վարձատրությունը նախատեսված է ըստ փուլերի, պահառուն պետք է վարձատրվի յուրաքանչյուր փուլի ավարտից հետո` համապատասխան մասերով:
2. Պահատվության համար վարձատրությունը նախատեսված ժամանակահատվածի ավելի քան կեսից ուշացնելու դեպքում պահառուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց և պահատուից պահանջել անհապաղ հետ վերցնելու ի պահ հանձնված գույքը:
3. Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն չի կրում, նա իրավունք ունի ստանալ վարձատրության համապատասխան մասը, իսկ սույն օրենսգրքի 821 հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքում` վարձատրության ամբողջ գումարը:
Եթե պահատվությունն ավարտվում է վաղաժամկետ, այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար պահառուն պատասխանատվություն է կրում, նա իրավունք չունի վարձատրություն պահանջել, իսկ ստացված գումարները պարտավոր է վերադարձնել պահատուին:
4. Եթե պահատվության ժամկետի ավարտից հետո պահատուն հետ չի վերցրել ի պահ տրված գույքը, նա պարտավոր է գույքի հետագա պահատվության համար պահառուին վճարել համապատասխան վարձատրություն: Այս կանոնը կիրառվում է նաև այն դեպքում, երբ պահատուն պարտավոր է գույքը հետ վերցնել մինչև պահատվության ժամկետի ավարտը:
5. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Հոդված 824. | Պահատվության ծախսերի հատուցումը |
1. Գույքի պահատվության հետ կապված` պահառուի ծախսերը ներառվում են պահատվության վարձատրության մեջ, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
2. Անհատույց պահատվության դեպքում պահատուն պարտավոր է պահառուին հատուցել պահատվության նպատակով նրա կատարած անհրաժեշտ ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:
Հոդված 825. | Պահատվության արտակարգ ծախսերը |
1. Գույքի պահատվության սովորական ծախսերը գերազանցող ծախսերը, որոնք կողմերը չէին կարող նախատեսել պահատվության պայմանագիրը կնքելիս (արտակարգ ծախսեր), հատուցվում են պահառուին, եթե պահատուն համաձայնել է կրել այդ ծախսերը կամ հետագայում հավանություն է տվել դրանց, ինչպես նաև օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
2. Արտակարգ ծախսեր կատարելու անհրաժեշտության դեպքում պահառուն պարտավոր է այդ ծախսերի համար ստանալ պահատուի համաձայնությունը: Եթե պահատուն պահառուի նշած ժամկետում կամ պատասխանի համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետում իր անհամաձայնությունը չի հայտնել, համարվում է, որ նա համաձայն է վճարելու արտակարգ ծախսերը:
3. Այն դեպքում, երբ պահառուն կատարել է արտակարգ ծախսեր, առանց պահատուից նախնական համաձայնություն ստանալու, չնայած որ գործի հանգամանքներով դա հնարավոր էր ստանալ, իսկ պահատուն հետագայում հավանություն չի տվել դրանց, պահառուն կարող է պահանջել հատուցելու արտակարգ ծախսերը միայն այն վնասի չափերով, որը կարող էր գույքին պատճառվել այդ ծախսերը չկատարելու դեպքում:
4. Արտակարգ ծախսերը հատուցվում են պահատվության համար վարձատրությունից բացի, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Հոդված 826. | Պահատուի` գույքը հետ վերցնելու պարտականությունը |
1. Պահատվության պայմանագրով նախատեսված կամ սույն օրենսգրքի 816 հոդվածի 3-րդ կետի հիման վրա գույքը հետ ստանալու համար պահառուի տրամադրած ժամկետը լրանալիս պահատուն պարտավոր է անհապաղ հետ վերցնել ի պահ հանձնված գույքը:
2. Պահատուի կողմից ի պահ հանձնված գույքը հետ վերցնելու պարտականությունը չկատարելու` ներառյալ գույքն ստանալուց խուսափելու դեպքում, պահառուն իրավունք ունի պահատուին գրավոր նախազգուշացնելուց հետո, ինքնուրույն վաճառել գույքն այն գնով, որը գոյություն ունի պահատվության վայրում, իսկ եթե գույքի արժեքը հարյուր անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը, ապա դա վաճառել աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Պահառուն գույքի վաճառքից ստացված գումարը հանձնում է պահատուին` այդ գումարից պահելով իրեն հասանելիք գումարը` ներառյալ գույքի վաճառքի հետ կապված իր կատարած ծախսերը:
Հոդված 827. | Պահառուի` գույքը հետ վերադարձնելու պարտականությունը |
1. Պահառուն պարտավոր է պահատուին կամ նրա կողմից որպես ստացող նշված անձին վերադարձնել հենց այն գույքը, որը հանձնված է եղել իրեն ի պահ, եթե պայմանագրում նախատեսված չէ դիմազրկմամբ պահատվություն (հոդված 817):
2. Պահառուն պետք է գույքը վերադարձնի այն վիճակով, որով նա ի պահ է ընդունել` հաշվի առնելով դրա բնականոն վատթարացումը, նվազելը կամ գույքի բնական հատկությունների հետևանքներով առաջացած այլ փոփոխություններ:
3. Գույքը վերադարձնելու հետ միաժամանակ պահառուն պարտավոր է հանձնել պահատվության ընթացքում դրանից ստացված պտուղները և եկամուտները, եթե այլ բան նախատեսված չէ պահատվության պայմանագրով:
Հոդված 828. | Պահառուի պատասխանատվության հիմքերը |
1. Պահառուն, սույն օրենսգրքի 417 հոդվածով նախատեսված հիմքերով, պատասխանատվություն է կրում ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար:
Արհեստավարժ պահառուն պատասխանատվություն է կրում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը տեղի են ունեցել անհաղթահարելի ուժի կամ գույքի այն հատկությունների հետևանքով, որոնց մասին պահառուն չգիտեր և չէր կարող իմանալ գույքն ի պահ ընդունելիս, կամ եթե դա կատարվել է պահատուի դիտավորության կամ կոպիտ անզգուշության հետևանքով:
2. Պահատուի կողմից գույքը հետ վերցնելու պարտականության ծագումից հետո (826 հոդվածի 1-ին կետ) ի պահ ընդունված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար պահառուն պատասխանատվություն է կրում միայն դիտավորության կամ կոպիտ անզգուշության դեպքում:
Հոդված 829. | Պահառուի պատասխանատվության չափը |
1. Գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցում է պահառուն` սույն օրենսգրքի 409 հոդվածին համապատասխան, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:
2. Անհատույց պահատվության դեպքում գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուին պատճառված վնասները հատուցվում են`
1) գույքի կորստի կամ պակասորդի համար` կորած կամ պակասած գույքի արժեքի չափով.
2) գույքի վնասվածքի համար` դրա արժեքի նվազած մասի չափով:
3. Այն դեպքում, երբ վնասվածքի հետևանքով, որի համար պատասխանատվություն է կրում պահառուն, գույքի որակն այնքան է փոխվել, որ այն չի կարող օգտագործվել իր սկզբնական նշանակությանը համապատասխան, պահատուն իրավունք ունի հրաժարվել գույքից և պահառուից պահանջել այդ գույքի արժեքը, ինչպես նաև հատուցելու այլ վնասները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պահատվության պայմանագրով:
Հոդված 830. | Պահառուին պատճառված վնասները հատուցելը |
Պահատուն պարտավոր է հատուցել ի պահ հանձնված գույքի հատկություններով պահառուին պատճառված վնասները, եթե գույքն ի պահ ընդունելիս պահառուն չգիտեր և պարտավոր չէր իմանալ այդ հատկությունների մասին:
Հոդված 831. | Պահատվության դադարելը պահատուի պահանջով |
Պահառուն պարտավոր է պահատուի առաջին իսկ պահանջով վերադարձնել ի պահ ընդունված գույքը, թեկուզև չի ավարտվել պահատվության պայմանագրով նախատեսված ժամկետը:
Այդ դեպքում պահատուն պարտավոր է պահառուին հատուցել պարտավորությունը վաղաժամկետ դադարելու հետևանքով առաջացած վնասները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 832. | Պահատվության մասին ընդհանուր դրույթների կիրառումը դրա առանձին տեսակների նկատմամբ |
Պահատվության մասին ընդհանուր դրույթները (813-831 հոդվածներ) դրա առանձին տեսակների նկատմամբ կիրառվում են, եթե այլ բան սահմանված չէ պահատվության առանձին տեսակների մասին սույն օրենսգրքի 834-853 հոդվածների կանոններով և այլ օրենքներով:
Հոդված 833. | Պահատվությունն օրենքի ուժով |
Սույն գլխի կանոնները կիրառվում են օրենքի ուժով ծագած պահատվության պարտավորությունների նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
§ 2. ՊԱՀԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ
Հոդված 834. |
Պահեստային պահատվության պայմանագիր |
1. Պահեստային պահատվության պայմանագրով ապրանքային պահեստը (պահառուն) պարտավորվում է վարձատրությամբ պահել ապրանքատիրոջ (պահատուի) կողմից իրեն հանձնված ապրանքները և դրանք վերադարձնել պահպանված վիճակում:
Ապրանքային պահեստ է համարվում ապրանքների պահատվության ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և պահատվության հետ կապված ծառայություններ մատուցող կազմակերպությունը:
2. Պահեստային պահատվության պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե դրա կնքելը և ապրանքը պահեստ ընդունելը հավաստված է պահեստային փաստաթղթով (հոդված 839):
Հոդված 835. |
Ապրանքների պահատվությունն ընդհանուր օգտագործման պահեստում |
1. Ապրանքային պահեստը համարվում է ընդհանուր օգտագործման պահեստ, եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ այդ առևտրային կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ նա պարտավոր է ի պահ ընդունել ցանկացած ապրանքատիրոջ ապրանք:
2. Ընդհանուր օգտագործման ապրանքային պահեստի կնքած պահեստային պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
Հոդված 836. |
Ապրանքների ստուգումն ապրանքային պահեստի կողմից դրանք ընդունելու և պահատվության ժամանակ |
1. Ապրանքային պահեստն ապրանքն ի պահ ընդունելիս պարտավոր է իր հաշվին զննել ապրանքները ու որոշել դրանց քանակը (միավորների կամ ապրանքների տեղերի թիվը կամ չափը, քաշը, ծավալը) և արտաքին վիճակը, եթե այլ բան նախատեսված չէ պահեստային պահատվության պայմանագրով:
2. Ապրանքային պահեստը պարտավոր է պահատվության ժամանակ ապրանքատիրոջը հնարավորություն ընձեռել զննելու ապրանքները կամ դրանց նմուշները, իսկ եթե պահատվությունն իրականացվում է դիմազրկմամբ, ստուգանմուշներ վերցնել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապրանքների պահպանվածությունն ապահովելու համար:
Հոդված 837. |
Պահատվության պայմանների և ապրանքների վիճակի փոփոխվելը |
1. Այն դեպքում, երբ ապրանքների պահպանվածության ապահովման համար պահանջվում է փոփոխել դրանց պահատվության պայմանները, ապրանքային պահեստն իրավունք ունի ինքնուրույն ձեռնարկել պահանջվող միջոցները: Սակայն, եթե պահանջվում է էականորեն փոփոխել պահեստային պահատվության պայմանագրով սահմանված ապրանքների պահատվության պայմանները, ապրանքային պահեստը պարտավոր է ձեռնարկված միջոցների մասին տեղյակ պահել ապրանքատիրոջը:
2. Պահատվության ժամանակ պահեստային պահատվության պայմանագրով համաձայնեցված կամ բնական փչացման սովորական չափերի (չափանիշների) շրջանակներից դուրս վնասվածք հայտնաբերելիս ապրանքային պահեստը պարտավոր է այդ մասին անհապաղ կազմել ակտ և նույն օրը ծանուցել ապրանքատիրոջը:
Հոդված 838. |
Ապրանքի քանակի և վիճակի ստուգումն այն ապրանքատիրոջը վերադարձնելիս |
1. Ապրանքի տերը և ապրանքային պահեստն իրավունք ունեն ապրանքը վերադարձնելիս պահանջել զննելու ապրանքը և ստուգելու դրա քանակը: Ծախսերը կրում է ապրանքի զննում և քանակի ստուգում պահանջողը:
2. Եթե ապրանքը վերադարձնելիս պահեստի և ապրանքատիրոջ կողմից համատեղ չի զննվել կամ ստուգվել, ապա ապրանքն ստանալիս դրա անպատշաճ պահատվության հետևանքով վնասվածքի կամ պակասած ապրանքի մասին գրավոր դիմումը պետք է պահեստ ներկայացվի անհապաղ, իսկ այն պակասորդի կամ վնասվածքի դեպքում, որը չէր կարող բացահայտվել ապրանքը սովորական եղանակով ընդունելիս` այն ստանալուց եռօրյա ժամկետում:
Սույն կետի առաջին պարբերությունում նշված դիմումի բացակայության դեպքում համարվում է, որ պահեստի կողմից ապրանքը վերադարձվել է պահեստային պայմանագրի պայմաններին համապատասխան, եթե այլ բան ապացուցված չէ:
Հոդված 839. |
Պահեստային փաստաթղթեր |
1. Ապրանքային պահեստն ի հաստատումն ապրանքն ընդունելու, տալիս է հետևյալ փաստաթղթերից մեկը`
1) երկակի պահեստային վկայագիր (հոդված 160).
2) հասարակ պահեստային վկայագիր (հոդված 161).
3) պահեստային անդորրագիր:
2. Երկակի կամ հասարակ պահեստային վկայագրով ի պահ ընդունված ապրանքը պահատվության ընթացքում համապատասխան վկայագրի գրավի միջոցով կարող է դառնալ գրավի առարկա:
Հոդված 840. |
Երկակի պահեստային վկայագրի բովանդակությունը |
1. Երկակի պահեստային վկայագրի յուրաքանչյուր մասի վրա միատեսակ պետք է նշվեն`
1) ապրանքն ի պահ ընդունած ապրանքային պահեստի անվանումը և գտնվելու վայրը.
2) պահեստային վկայագրի ընթացիկ համարը` ըստ պահեստի գրանցամատյանի.
3) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը, որից ի պահ է ընդունվել ապրանքը, ինչպես նաև ապրանքատիրոջ գտնվելու (բնակության) վայրը.
4) ի պահ ընդունված ապրանքի անվանումն ու քանակը` միավորների և (կամ) ապրանքային տեղերի թիվը և (կամ) ապրանքի չափը (քաշը, ծավալը).
5) ժամկետը, որով ապրանքն ի պահ է ընդունվել, եթե այդպիսի ժամկետ սահմանված է, կամ ցուցում այն մասին, որ գույքն ի պահ է ընդունվել ցպահանջ.
6) պահատվության համար վարձատրության չափը կամ այն սակագները, որոնց հիման վրա դա հաշվարկվում է, և պահատվության վճարման կարգը.
7) պահեստային վկայագիր տալու տարին, ամիսը, ամսաթիվը:
Երկակի պահեստային վկայագրի երկու մասերն էլ պետք է ունենան լիազորված անձի նույնանման ստորագրությունները:
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երկակի պահեստային վկայագիր չէ:
(840-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-121-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-49-Ն)
Հոդված 841. |
Պահեստային և գրավային վկայագրի տիրոջ իրավունքները |
1. Պահեստային և գրավային վկայագրի տերն իրավունք ունի լրիվ ծավալով տնօրինելու պահեստում պահվող ապրանքը:
2. Գրավային վկայագրից առանձնացված պահեստային վկայագրի տերն իրավունք ունի տնօրինել ապրանքը, սակայն չի կարող այն վերցնել պահեստից մինչև գրավային վկայագրով հավաստված վարկի մարումը:
3. Գրավային վկայագրի տերը, որը միաժամանակ պահեստային վկայագրի տերը չէ, ապրանքի նկատմամբ գրավի իրավունք ունի գրավային վկայագրով հավաստված վարկի և դրա տոկոսների չափով: Ապրանքի գրավի դեպքում այդ մասին նշում է կատարվում պահեստային վկայագրի վրա:
Հոդված 842. |
Պահեստային և գրավային վկայագրերը հանձնելը |
Պահեստային և գրավային վկայագրերը կարող են միասին կամ առանձին հանձնվել փոխանցագրերով:
Հոդված 843. |
Երկակի պահեստային վկայագրով ապրանք հանձնելը |
1. Ապրանքային պահեստն ապրանքը հանձնում է պահեստային և գրավային վկայագրերի (երկակի պահեստային վկայագիր) տիրոջը` փոխանակելով այդ երկու վկայագրերի հետ:
2. Գրավային վկայագիր չունեցող, բայց դրա հետ կապված պարտքի գումարը մուծած պահեստային վկայագրի տիրոջն ապրանքը պահեստից հանձնվում է` այն փոխանակելով պահեստային վկայագրի հետ` գրավային վկայագրի հետ կապված պարտքի ամբողջ գումարի վճարման անդորրագիր ներկայացնելու պայմանով:
3. Գրավային վկայագիր չունեցող և դրա հետ կապված` պարտքի գումարը չմուծած պահեստային վկայագրի տիրոջը սույն հոդվածի պահանջներին հակառակ ապրանքը հանձնած ապրանքային պահեստը, գրավային վկայագրի տիրոջ առջև պատասխանատվություն է կրում դրանով ապահովված ամբողջ գումարը վճարելու համար:
4. Պահեստային և գրավային վկայագրերի տերն իրավունք ունի պահանջել, որ ապրանքն իրեն հանձնվի մաս առ մաս: Ընդ որում, սկզբնական վկայագրերի փոխարեն նրան տրվում են նոր վկայագրեր` պահեստում մնացած ապրանքի վերաբերյալ:
Հոդված 844. |
Հասարակ պահեստային վկայագրի բովանդակությունը |
1. Հասարակ պահեստային վկայագիրը պետք է պարունակի սույն օրենսգրքի 840 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-7-րդ ենթակետերով և վերջին պարբերությամբ նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև նշում այն մասին, որ այն տրված է ըստ ներկայացնողի:
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը հասարակ պահեստային վկայագիր չէ:
Հոդված 845. |
Ապրանքի պահատվությունն այն տնօրինելու իրավունքով |
Եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ պայմանագրից բխում է, որ ապրանքային պահեստը կարող է տնօրինել իրեն ի պահ հանձնված ապրանքը, ապա կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխի` փոխառության մասին կանոնները, ընդ որում, ապրանքների վերադարձման ժամկետը և տեղը որոշվում են սույն գլխի կանոններով:
§ 3. ՊԱՀԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵՍԱԿՆԵՐ
Հոդված 846. |
Պահատվություն գրավատանը |
1. Գրավատանը քաղաքացիներին պատկանող գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
2. Գրավատունը պահատվության պայմանագրի կնքումը հավաստում է պահատուին անվանական պահպանական անդորրագիր հանձնելով:
3. Գրավատանն ի պահ հանձնվող գույքը կողմերի համաձայնությամբ գնահատվում է ընդունման պահին և վայրում` առևտրի մեջ սահմանված նույն տեսակի ու որակի գույքի գնման շուկայական գնին համապատասխան:
4. Գրավատունը պարտավոր է հօգուտ պահատուի իր հաշվին ապահովագրել ի պահ ընդունած գույքը` սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան գնահատված արժեքի չափով:
Հոդված 847. |
Գրավատնից չպահանջված գույքը |
1. Եթե գրավատանն ի պահ հանձնված գույքը պահատուն հետ չի պահանջում գրավատան հետ համաձայնեցված ժամկետում, գրավատունը պարտավոր է այն մեկ ամիս պահել` դրա համար գանձելով պահատվության պայմանագրով նախատեսված չափով վճար: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը վաճառվում է աճուրդով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:
2. Չպահանջված գույքի վաճառքից գոյացած գումարից գրավատունը գանձում է հասանելիք գումարը, իսկ մնացորդը վերադարձնում է պահատուին:
Հոդված 848. |
Արժեքների պահատվությունը բանկում |
1. Բանկը կարող է ի պահ ընդունել արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր, այլ թանկարժեք գույք ու այլ արժեքներ` ներառյալ փաստաթղթեր:
2. Բանկում արժեքների պահատվության պայմանագրի կնքումը հավաստվում է պահատուին բանկի կողմից անվանական պահպանական անդորրագիր հանձնելով, որը ներկայացնելը հիմք է պահվող արժեքները պահատուին վերադարձնելու համար:
Հոդված 849. |
Արժեքների պահատվությունը բանկի անհատական պահատեղում |
1. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով բանկը (պահառուն) հաճախորդին (պահատուին) բանկում տրամադրում է անհատական պահատեղ` արժեքների տեղադրման և պահպանման համար:
2. Բանկի անհատական պահատեղում արժեքների պահատվության պայմանագրով հաճախորդն իրավունք ունի առանց որևէ մեկի` ներառյալ բանկի, հսկողության արժեքներն անձամբ տեղադրել պահատեղում և հանել այնտեղից: Դրա համար հաճախորդին տրամադրվում են պահատեղից ինքնուրույն օգտվելու համար անհրաժեշտ միջոցներ:
Պայմանագրով կարող է նախատեսվել պահատեղում տեղադրված արժեքների հետ աշխատելու հաճախորդի իրավունքը:
3. Պահատեղի պահպանվածության խախտման դեպքում բանկն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց հաճախորդի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալը նրա անհատական պահատեղին, կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:
4. Բանկի պահատեղում արժեքների պահատվության պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` վարձակալության պայմանագրի մասին կանոնները:
Հոդված 850. |
Պահատվությունը տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում |
1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող պահասենյակները, անկախ ուղևորների կամ այլ քաղաքացիների մոտ ուղեփաստաթղթերի առկայությունից, պարտավոր են ի պահ ընդունել նրանց գույքը:
2. Տրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում գույքի պահատվության պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ի հավաստում պահասենյակում (բացառությամբ ավտոմատ պահատուփերի) գույքի ի պահ ընդունման, պահատուին հանձնվում է անդորրագիր կամ համարանիշ: Անդորրագիրը կամ համարանիշը կորցնելու դեպքում ի պահ հանձնված գույքը պահատուին վերադարձվում է գույքը նրան պատկանելու մասին ապացույցներ ներկայացնելու պայմանով:
4. Ժամկետը, որի ընթացքում պահասենյակը պարտավոր է պահել գույքը, որոշվում է հատուկ կանոններով կամ կողմերի համաձայնությամբ: Նշված ժամկետում չպահանջված գույքը պահասենյակը պարտավոր է պահել ևս երեսուն օր: Այդ ժամկետը լրանալուց հետո չպահանջված գույքը կարող է վաճառվել սույն օրենսգրքի 826 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով:
5. Պահասենյակում ի պահ հանձնված գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի հետևանքով պահատուի կրած վնասները պահառուն հատուցում է պահանջը ներկայացնելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում` գույքն ի պահ ընդունելու ժամանակ պահատուի կողմից դրա գնահատման արժեքի շրջանակներում:
Հոդված 851. |
Պահատվությունը կազմակերպությունների հանդերձարաններում |
1. Կազմակերպությունների հանդերձարաններում պահատվությունն անհատույց է, եթե պահատվության համար վարձատրություն սահմանված չէ կամ դա այլ ակնհայտ եղանակով պայմանավորված չէ գույքն ի պահ հանձնելիս:
2. Հանդերձարան հանձնված գույքի պահառուն, անկախ պահատվությունը հատուցվող, թե անհատույց լինելուց, պարտավոր է գույքի պահատվության համար ձեռնարկել սույն օրենսգրքի 818 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված բոլոր միջոցները:
3. Սույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև պահատվության նպատակով կազմակերպություններում և տրանսպորտային միջոցներում հատկացված տեղերում քաղաքացիների կողմից թողնված, սակայն, ի պահ չհանձնված վերնահագուստի, գլխարկների և այլ նմանատիպ գույքի պահատվության նկատմամբ:
Հոդված 852. |
Պահատվությունը հյուրանոցում |
1. Հյուրանոցը, որպես պահառու, պատասխանատվություն է կրում կենվորի գույքի, բացառությամբ նրա դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար: Հյուրանոցի համաձայնությունը կենվորի հետ այս պատասխանատվությունը բացառելու մասին առոչինչ է:
Հյուրանոց մուտք եղած է համարվում հյուրանոցի աշխատակիցներին վստահված կամ հյուրանոցային համարում կամ դրա համար նախատեսված վայրում տեղադրված գույքը:
2. Հյուրանոցը կենվորի դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար պատասխանատվություն է կրում այն դեպքում, երբ դրանք հյուրանոցի կողմից ի պահ են ընդունվել կամ կենվորի կողմից տեղադրվել են հյուրանոցի կողմից նրան տրամադրված անհատական պահատեղում` անկախ այդ պահատեղի (կենվորի համարում, թե հյուրանոցի մեկ այլ տարածքում) գտնվելու հանգամանքից: Հյուրանոցն ազատվում է նման պահատեղի պարունակության պահպանվածության խախտման համար պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ առանց կենվորի գիտության անհնարին էր որևէ մեկի մոտենալն անհատական պահատեղին կամ դա հնարավոր է դարձել անհաղթահարելի ուժի հետևանքով:
3. Իր գույքի կորուստը, պակասորդը կամ վնասվածքը հայտնաբերած կենվորը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հյուրանոցի տնօրինությանը: Հակառակ դեպքում` հյուրանոցն ազատվում է գույքի պահպանության համար պատասխանատվությունից:
4. Կենվորի գույքի պահպանվածության համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու մասին հյուրանոցի հայտարարությունը վերջինիս չի ազատում պատասխանատվությունից:
5. Սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են մոթելներում, հանգստյան տներում, պանսիոնատներում, առողջարաններում, բաղնիքներում և այլ նմանատիպ կազմակերպություններում քաղաքացիների գույքի պահատվության նկատմամբ:
Հոդված 853. |
Վեճի առարկա գույքի պահատվություն (սեկվեստր) |
1. Սեկվեստրի պայմանագրով` երկու կամ ավելի անձինք, որոնց միջև գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ վեճ է առաջացել, այդ գույքը հանձնում են երրորդ անձի, որը պարտականություն է ստանձնում վեճը լուծվելու դեպքում գույքը վերադարձնել այն անձին, ում դա կհատկացվի դատարանի վճռով կամ բոլոր վիճող անձանց համաձայնությամբ (պայմանագրային սեկվեստր):
2. Երկու կամ ավելի անձանց միջև վեճի առարկա գույքը կարող է սեկվեստրի կարգով ի պահ հանձնվել դատարանի վճռով (դատական սեկվեստր):
Դատական սեկվեստրով պահառու կարող է լինել ինչպես դատարանի նշանակած, այնպես էլ վիճող կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշված անձը: Երկու դեպքերում էլ պահանջվում է պահառուի համաձայնությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
3. Սեկվեստրի կարգով ի պահ կարող է հանձնվել ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքը:
4. Սեկվեստրի կարգով գույքի պահատվությունն իրականացնող պահառուն վիճող կողմերի հաշվին վարձատրություն ստանալու իրավունք ունի, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ սեկվեստր սահմանած դատարանի վճռով:
Գ Լ ՈՒ Խ 44
ՓՈԽԱԴՐՈՒՄ
⚖Հոդված 854. |
Ընդհանուր դրույթներ փոխադրման մասին |
1. Բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:
2. Փոխադրման պայմանագիրը կնքվում է գրավոր:
3. Փոխադրման ընդհանուր պայմանները որոշվում են տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան հրապարակված կանոններով:
4. Տրանսպորտի առանձին տեսակներով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման պայմանները, ինչպես նաև կողմերի պատասխանատվությունն այդ փոխադրումների համար որոշվում են նրանց համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով, տրանսպորտային օրենսգրքերով, այլ օրենքներով և դրանց համապատասխան հրապարակված կանոններով:
⚖Հոդված 855. |
Բեռի փոխադրման պայմանագիր |
1. Բեռի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է առաքողի կողմից իրեն վստահված բեռը հասցնել նշանակված վայրը և այն հանձնել բեռն ստանալու համար լիազորված անձին (ստացողին), իսկ առաքողը պարտավորվում է վճարել բեռի փոխադրման համար սահմանված վարձը:
2. Բեռի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է բեռնառաքիչին տրանսպորտային բեռնագիր (կոնոսամենտ կամ բեռի վերաբերյալ այլ փաստաթուղթ) հանձնելով:
Հոդված 856. | Ուղևորի փոխադրման պայմանագիր |
1. Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը:
2. Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռային անդորրագրով:
3. Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով`
1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ.
2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց.
3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը:
Հոդված 857. | Ֆրախտի պայմանագիր |
Ֆրախտի (չարտերի) պայմանագրով մի կողմը (ֆրախտ տրամադրողը) պարտավորվում է մյուս կողմին (ֆրախտ ստացողին) բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար վճարի դիմաց տրամադրել տրանսպորտային միջոցի ամբողջ տարողունակությունը կամ դրա մի մասը` մեկ կամ մի քանի չվերթի համար:
Ֆրախտի պայմանագրի կնքման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Հոդված 858. | Ուղիղ խառը հաղորդակցություն |
Միասնական տրանսպորտային փաստաթղթով տրանսպորտի տարբեր տեսակներով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման ժամանակ (ուղիղ խառը հաղորդակցություն) տրանսպորտային կազմակերպությունների փոխհարաբերությունները, ինչպես նաև այդ փոխադրումների կազմակերպման կարգը որոշվում են տրանսպորտի համապատասխան տեսակների կազմակերպությունների միջև օրենքին համապատասխան կնքված համաձայնագրերով:
Հոդված 859. | Փոխադրումն ընդհանուր օգտագործման տրանսպորտով |
1. Առևտրային կազմակերպության կողմից իրականացվող փոխադրումը համարվում է ընդհանուր օգտագործման տրանսպորտով կատարված, եթե օրենքից, այլ իրավական ակտերից կամ այդ կազմակերպությանը տրված թույլտվությունից (լիցենզիայից) բխում է, որ այդ կազմակերպությունը պարտավոր է բեռներ, ուղևորներ և ուղեբեռներ փոխադրել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը հրապարակվում է օրենքով սահմանված կարգով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով փոխադրման պայմանագիրը հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
Հոդված 860. | Փոխադրավարձ |
1. Բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրման համար գանձվում է կողմերի համաձայնությամբ սահմանված փոխադրավարձ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:
2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրավարձի չափերը որոշվում են օրենքով սահմանված կարգով հաստատված սակագնի հիման վրա:
3. Բեռի տիրոջ պահանջով փոխադրողի կողմից սակագներով չնախատեսված աշխատանքները և ծառայությունները վարձատրվում են կողմերի համաձայնությամբ:
4. Փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար հանձնված բեռները և ուղեբեռները` ի ապահովումն իրեն հասանելիք փոխադրավարձի և այլ վճարների (373 և 374 հոդվածներ), եթե այլ բան սահմանված չէ օրենքով, այլ իրավական ակտերով, փոխադրման պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
Հոդված 861. | Տրանսպորտային միջոցներ տրամադրելը, բեռնելը և բեռնաթափելը |
1. Փոխադրողը պարտավոր է փոխադրման կամ փոխադրումների կազմակերպման պայմանագրով սահմանված ժամկետում, առաքողի հայտով (պատվերով) բեռնման նպատակով նրան տրամադրել համապատասխան բեռի փոխադրման համար պիտանի և սարքին տրանսպորտային միջոցներ:
Առաքողն իրավունք ունի հրաժարվել համապատասխան բեռի փոխադրման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցներից:
2. Պայմանագրով նախատեսված կարգով բեռնում (բեռնաթափում) իրականացնում է տրանսպորտային կազմակերպությունը կամ առաքողը (ստացողը)` օրենքի և դրան համապատասխան ընդունված կանոնների պահանջների պահպանմամբ:
3. Առաքողի (ստացողի) ուժերով և միջոցներով բեռնումը (բեռնաթափումը) պետք է կատարվի պայմանագրով նախատեսված ժամկետներում, եթե նման ժամկետներ սահմանված չեն օրենքով և դրան համապատասխան հրապարակված կանոններով:
Հոդված 862. | Բեռը, ուղևորին և ուղեբեռը տեղ հասցնելու ժամկետները |
Փոխադրողը պարտավոր է բեռը, ուղևորին կամ ուղեբեռը նշանակված վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում:
⚖Հոդված 863. | Պատասխանատվությունը փոխադրման պարտավորությունների խախտման համար |
1. Փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Փոխադրողի` օրենքով սահմանված պատասխանատվությունը սահմանափակելու կամ վերացնելու մասին ուղևորների և բեռնատերերի հետ տրանսպորտային կազմակերպությունների համաձայնություններն անվավեր են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 864. | Փոխադրողի` տրանսպորտային միջոցներ չտրամադրելու համար և առաքողի` տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունը |
1. Փոխադրողը, ընդունված հայտին (պատվերին) կամ պայմանագրին համապատասխան, բեռի փոխադրման համար տրանսպորտային միջոցները չտրամադրելու, իսկ առաքողը` բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցներն այլ պատճառներով չօգտագործելու համար կրում են օրենքով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
2. Բեռ փոխադրողը և առաքողն ազատվում են տրանսպորտային միջոցները չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցները չօգտագործելու համար պատասխանատվությունից, եթե դա տեղի է ունեցել`
1) անհաղթահարելի ուժի, ինչպես նաև տարերային բնույթի այլ երևույթների (հրդեհների, ջրհեղեղների և այլնի) կամ ռազմական գործողությունների հետևանքով.
2) որոշակի ուղղություններով բեռների փոխադրումներն օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու կամ սահմանափակելու հետևանքով.
3) օրենքով սահմանված այլ դեպքերում:
Հոդված 865. | Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի մեկնումն ուշացնելու համար |
1. Ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ուղևորի կյանքին ու առողջությանը սպառնացող տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու կամ փոխադրողից անկախ այլ հանգամանքների հետևանքով:
2. Տրանսպորտային միջոցի մեկնումն ուշացնելու պատճառով փոխադրումից ուղևորի հրաժարվելու դեպքում փոխադրողը պարտավոր է ուղևորին վերադարձնել փոխադրավարձը:
⚖Հոդված 866. | Փոխադրողի պատասխանատվությունը բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի համար |
1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:
2. Բեռի կամ ուղեբեռի փոխադրման ժամանակ պատճառված վնասը փոխադրողը հատուցում է`
1) բեռի կամ ուղեբեռի կորստի կամ պակասորդի դեպքում` կորած կամ պակասած բեռի կամ ուղեբեռի արժեքի չափով.
2) բեռի կամ ուղեբեռի վնասվածքի դեպքում` այն գումարի չափով, որով նվազել է դրա արժեքը, իսկ վնասված բեռի կամ ուղեբեռի վերանորոգման անհնարինության դեպքում` դրա արժեքի չափով.
3) արժեքի հայտարարմամբ փոխադրման հանձնված բեռի կամ ուղեբեռի կորստի դեպքում` դրա հայտարարված արժեքի չափով:
Բեռի կամ ուղեբեռի արժեքը որոշվում է վաճառողի հաշիվներում նշված կամ պայմանագրով նախատեսված գնից, իսկ հաշվում կամ պայմանագրում գնի վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում` այն գնից, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար:
3. Բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի և վնասվածքի հետևանքով առաջացած վնասի հատուցման հետ մեկտեղ փոխադրողն առաքողին (ստացողին) վերադարձնում է փոխադրավարձը, որը գանձվել էր կորած, պակասած կամ վնասված բեռի կամ ուղեբեռի փոխադրման համար, եթե այն չի մտնում բեռի արժեքի մեջ:
4. Բեռի կամ ուղեբեռի պահպանված չլինելու պատճառների մասին փոխադրողի կազմած միակողմանի փաստաթղթերը (առևտրային ակտ, ընդհանուր ձևի ակտ և այլն) վեճի դեպքում, դատարանի կողմից ենթակա են գնահատման այդ հանգամանքները վկայող այլ փաստաթղթերի հետ միասին, որոնք կարող են հիմք ծառայել բեռ կամ ուղեբեռ փոխադրողի, առաքողի կամ ստացողի պատասխանատվության համար:
Հոդված 867. | Բեռների փոխադրման հայցային վաղեմության ժամկետը |
Բեռների փոխադրումից բխող պահանջներով հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է:
Հոդված 868. | Փոխադրողի պատասխանատվությունն ուղևորի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար |
Ուղևորի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար փոխադրողի պատասխանատվությունը որոշվում է սույն օրենսգրքի 60 գլխի կանոններով, եթե փոխադրողի առավել խստացված պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ փոխադրման պայմանագրով:
Հոդված 869. | Փոխադրումների կազմակերպման պայմանագրեր |
1. Փոխադրողը և բեռնատերը բեռների համակարգված փոխադրումների իրականացման անհրաժեշտության դեպքում կարող են կնքել փոխադրումների կազմակերպման երկարաժամկետ պայմանագրեր:
2. Փոխադրողը, բեռների փոխադրումների կազմակերպման պայմանագրով, պարտավորվում է սահմանված ժամկետներում ընդունել, իսկ բեռնատերը` փոխադրման ներկայացնել պայմանավորված ծավալի բեռներ: Բեռների փոխադրումների կազմակերպման մասին պայմանագրով որոշվում են տրանսպորտային միջոցներ տրամադրելու և փոխադրելու համար բեռները ներկայացնելու ծավալները, ժամկետները և այլ պայմանները, հաշվարկների կարգը, ինչպես նաև փոխադրումը կազմակերպելու այլ պայմաններ:
Հոդված 870. | Տրանսպորտային կազմակերպությունների միջև պայմանագրերը |
Տրանսպորտի տարբեր տեսակի կազմակերպությունների միջև կարող են կնքվել բեռների փոխադրումների ապահովման հետ կապված աշխատանքի կազմակերպման` բեռների կենտրոնացված ներմուծման, արտահանման և այլ պայմանագրեր:
Այդպիսի պայմանագրեր կնքելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
Գ Լ ՈՒ Խ 45
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄ
Հոդված 871. | Տրանսպորտային առաքման պայմանագիր |
1. Տրանսպորտային առաքման պայմանագրով մի կողմը (առաքողը) պարտավորվում է վարձատրությամբ և մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարել կամ կազմակերպել տրանսպորտային առաքման պայմանագրով որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ:
Տրանսպորտային առաքման պայմանագրով կարող են նախատեսվել առաքողի` իր կամ հաճախորդի ընտրած երթուղով և տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախորդի կամ իր անունից բեռի փոխադրման պայմանագիր (պայմանագրեր) կնքելու, բեռն ուղարկելու և դրա ստանալն ապահովելու, ինչպես նաև բեռի փոխադրման հետ կապված այլ պարտականություններ:
2. Տրանսպորտային առաքման պայմանագրով` որպես լրացուցիչ ծառայություններ կարող է նախատեսվել բեռը տեղ հասցնելու հետ կապված այնպիսի անհրաժեշտ գործառնությունների իրականացում, ինչպիսիք են արտահանման կամ ներմուծման համար պահանջվող փաստաթղթեր ստանալը, մաքսային և այլ փաստաթղթեր ձևակերպելը, բեռի քանակն ու վիճակն ստուգելը, այն բեռնելը և բեռնաթափելը, հաճախորդից գանձվող տուրքերն ու այլ ծախսեր վճարելը, բեռ պահպանելը, նշանակված վայրում բեռ ստանալը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ գործառնություններ և ծառայություններ կատարելը:
3. Սույն գլխի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ, պայմանագրին համապատասխան, առաքողի պարտականությունները կատարում է փոխադրողը:
4. Տրանսպորտային առաքման պայմանագրի կատարման պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ տրանսպորտային առաքման մասին օրենքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով:
Հոդված 872. | Տրանսպորտային առաքման պայմանագրի ձևը |
1. Տրանսպորտային առաքման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Հաճախորդը պետք է առաքողին հանձնի լիազորագիր, եթե դա անհրաժեշտ է նրա պարտականությունների կատարման համար:
Հոդված 873. | Առաքողի պատասխանատվությունը տրանսպորտային առաքման պայմանագրով |
1. Տրանսպորտային առաքման պայմանագրով` պարտականությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար առաքողը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխի կանոններով նախատեսված հիմքերով և չափով:
2. Եթե առաքողն ապացուցում է, որ պարտավորությունը խախտվել է փոխադրման պայմանագրերն անպատշաճ կատարելու հետևանքով, ապա առաքողի պատասխանատվությունը հաճախորդի առջև որոշվում է նույն կանոններով, որոնցով համապատասխան փոխադրողը պատասխանատու է առաքողի առջև:
Հոդված 874. | Առաքողին տրամադրվող փաստաթղթերը և այլ տեղեկատվությունը |
1. Հաճախորդը պարտավոր է առաքողին տրամադրել բեռի հատկության և դրա փոխադրման պայմանների մասին փաստաթղթեր և տեղեկատվություն, ինչպես նաև տրանսպորտային առաքման պայմանագրով նախատեսված` առաքողի պարտականությունները կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
2. Առաքողը պարտավոր է հաճախորդին հայտնել ստացված տեղեկատվության մեջ հայտնաբերված թերությունների մասին, իսկ տեղեկատվության ոչ լրիվ լինելու դեպքում` հաճախորդից պահանջել անհրաժեշտ լրացուցիչ տվյալներ:
3. Հաճախորդի կողմից անհրաժեշտ տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում առաքողն իրավունք ունի մինչև նման տեղեկատվություն տրամադրելը չկատարել համապատասխան պարտականությունները:
4. Հաճախորդը պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը տրամադրելու հետ կապված իր պարտականության խախտմամբ առաքողին պատճառված վնասների համար:
Հոդված 875. | Առաքողի պարտականությունները երրորդ անձի կողմից կատարելը |
1. Եթե տրանսպորտային առաքման պայմանագրից չի բխում, որ առաքողն իր պարտականությունները պետք է կատարի անձամբ, նա իրավունք ունի դրանք կատարելու համար ներգրավել այլ անձանց:
2. Պարտականությունների կատարումը երրորդ անձի վրա դնելու հանգամանքն առաքողին չի ազատում հաճախորդի առջև պայմանագիրը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար պատասխանատվությունից:
Հոդված 876. | Տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը |
1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հրաժարվել տրանսպորտային առաքման պայմանագիրը կատարելուց` այդ մասին ողջամիտ ժամկետում նախազգուշացնելով մյուս կողմին:
2. Պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում հրաժարվող կողմը մյուս կողմին հատուցում է պայմանագրի լուծմամբ առաջացած վնասները:
Գ Լ ՈՒ Խ 46
ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 877. | Փոխառության պայմանագիր |
1. Փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
2. Օտարերկրյա արժույթը և արժութային արժեքները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են փոխառության պայմանագրի առարկա լինել սույն օրենսգրքի 142, 143 և 356 հոդվածների կանոնների պահպանմամբ:
⚖Հոդված 878. | Փոխառության պայմանագրի ձևը |
1. Փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:
3. Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Հոդված 879. | Փոխառության պայմանագրի տոկոսները |
1. Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
2. Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
3. Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս` դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե`
1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.
2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք:
(879-րդ հոդվածը խմբ. 20.03.06 ՀՕ-41-Ն)
⚖Հոդված 880. | Փոխառուի` փոխառության գումարը վերադարձնելու պարտականությունը |
1. Փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
2. Անտոկոս փոխառության գումարը փոխառուն կարող է վերադարձնել վաղաժամկետ:
Տոկոսներով տրամադրված փոխառության գումարը կարող է վաղաժամկետ հետ վերադարձվել միայն փոխատուի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ փոխառության պայմանագրով:
3. Փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
(880-րդ հոդվածը լրաց. 17.06.08 ՀՕ-126-Ն)
⚖Հոդված 881. | Փոխառուի կողմից փոխառության պայմանագիրը խախտելու հետևանքները |
1. Եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:
Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
2. Եթե փոխառության պայմանագրով նախատեսված է փոխառությունը վերադարձնել մաս առ մաս (տարաժամկետ), ապա փոխառուի կողմից փոխառության հերթական մասը վերադարձնելու համար որոշված ժամկետը խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի պահանջել վերադարձնելու փոխառության մնացած ամբողջ գումարը` հասանելիք տոկոսների հետ միասին:
⚖Հոդված 882. | Փոխառության պայմանագիրը վիճարկելը |
1. Փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով:
2. Վկաների ցուցմունքների միջոցով սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով փոխառության պայմանագրի վիճարկում չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, սպառնալիքի, փոխառուի ներկայացուցչի և փոխատուի չարամիտ համաձայնությամբ կամ այլ ծանր հանգամանքների բերումով:
3. Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:
Հոդված 883. | Փոխառուի պարտավորության ապահովման կորստի հետևանքները |
Փոխառուի կողմից փոխառության պայմանագրով նախատեսված փոխառության գումարը վերադարձնելու պարտավորության ապահովման պարտականությունները չկատարելու, ինչպես նաև նման ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման այնպիսի հանգամանքներում, որոնց համար փոխատուն պատասխանատվություն չի կրում, վերջինս իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 884. | Նպատակային փոխառություն |
1. Եթե փոխառության պայմանագիրը կնքված է փոխառուի կողմից ստացված միջոցները որոշակի նպատակների համար օգտագործելու պայմանով (նպատակային փոխառություն), փոխառուն պարտավոր է ապահովել փոխառության գումարի նպատակային օգտագործման նկատմամբ փոխատուի վերահսկողության հնարավորությունը:
2. Փոխառուի կողմից փոխառության գումարի նպատակային օգտագործման մասին փոխառության պայմանագրի պայմանը չկատարելու, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները խախտելու դեպքում փոխատուն իրավունք ունի փոխառուից պահանջել վաղաժամկետ վերադարձնելու փոխառության գումարը և վճարելու հասանելիք տոկոսները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Հոդված 885. | Պետական փոխառության պայմանագիր |
1. Պետական փոխառության պայմանագրով` որպես փոխառու հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ փոխատու` քաղաքացին կամ իրավաբանական անձը:
2. Պետական փոխառությունները կամավոր են:
3. Պետական փոխառության պայմանագիրը կնքվում է փոխառուի թողարկած պետական այն պարտատոմսերը կամ պետական այլ արժեթղթերը փոխատուի կողմից ձեռք բերելու միջոցով, որոնք հավաստում են դրամական միջոցները, այլ գույքը, սահմանված տոկոսները կամ այլ գույքային իրավունքները փոխառության թողարկման պայմաններով նախատեսված ժամկետներում փոխառուից ստանալու փոխատուի իրավունքը:
4. Շրջանառության մեջ թողարկված փոխառության պայմանների փոփոխություն չի թույլատրվում:
5. Պետական փոխառության պայմանագրի մասին կանոնները համապատասխանաբար կիրառվում են համայնքների թողարկած փոխառությունների նկատմամբ:
Հոդված 886. | Փոխառության պարտավորությամբ պարտքի նորացումը |
1. Կողմերի համաձայնությամբ առուվաճառքից, գույքի վարձակալությունից կամ այլ հիմքերից ծագած պարտքը կարող է փոխարինվել փոխառության պարտավորությամբ:
2. Փոխառության պարտավորությունում պարտքը փոխարինվում է նորացման վերաբերյալ պահանջների պահպանմամբ (հոդված 430) և փոխառության պայմանագիր կնքելու համար նախատեսված ձևով (հոդված 878):
Հոդված 886.1. | Ստորադաս փոխառություն |
Փոխառության պայմանագրով, այդ թվում` պարտատոմսերի թողարկման և վաճառքի պայմաններով, կարող է նախատեսվել, որ փոխառուի լուծարման դեպքում փոխատուի պահանջները ենթակա են բավարարման փոխառուի մյուս բոլոր պարտատերերի պահանջները բավարարվելուց հետո (ստորադաս փոխառություն):
(886.1-ին հոդվածը լրաց. 28.02.11 ՀՕ-55-Ն)
Գ Լ ՈՒ Խ 47
ՎԱՐԿ
Հոդված 887. | Վարկային պայմանագիր |
1. Վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
2. Վարկային պայմանագրից բխող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 46 գլխում նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և վարկային պայմանագրով:
(887-րդ հոդվածը փոփ. 05.12.00 ՀՕ-116)
Հոդված 888. | Վարկային պայմանագրի ձևը |
Վարկային պայմանագիրը կնքվում է գրավոր:
Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է վարկային պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Հոդված 889. | Վարկ տրամադրելուց կամ ստանալուց հրաժարվելը |
1. Այնպիսի հանգամանքների առկայությամբ, որոնք ակնհայտ վկայում են, որ վարկառուին տրամադրված գումարը ժամկետում չի վերադարձվի, վարկատուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկային պայմանագրով նախատեսված վարկը վարկառուին տրամադրելուց:
2. Վարկառուի կողմից վարկային պայմանագրով նախատեսված վարկի նպատակային օգտագործման պարտականությունը խախտելու դեպքում (հոդված 884) վարկատուն իրավունք ունի հրաժարվել վարկառուին վարկավորելուց:
3. Վարկառուն իրավունք ունի լրիվ կամ մասնակի հրաժարվել վարկն ստանալուց` այդ մասին մինչև պայմանագրով սահմանված վարկ տրամադրելու ժամկետը ծանուցելով վարկատուին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ վարկային պայմանագրով:
Հոդված 890. | Ապրանքային վարկ |
1. Կողմերը կարող են կնքել պայմանագիր, որը նախատեսում է մի կողմի պարտականությունը` մյուս կողմին տրամադրել տեսակային հատկանիշներով որոշվող գույք (ապրանքային վարկի պայմանագիր): Նման պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ նման պայմանագրով և չի բխում պարտավորությունների էությունից:
2. Տրամադրվող գույքի քանակի, տեսականու, կոմպլեկտայնության, որակի, տարայի և (կամ) փաթեթի վերաբերյալ պայմանները պետք է կատարվեն գույքի առուվաճառքի պայմանագրի մասին կանոններին համապատասխան (481-501 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ ապրանքային վարկի պայմանագրով:
Հոդված 891. | Առևտրային վարկ |
1. Այն պայմանագրերով, որոնց կատարելը կապված է դրամական գումարը կամ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույքը մյուս կողմի սեփականության հանձնելու հետ, կարող է նախատեսվել վարկի տրամադրում` ներառյալ ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար կանխավճարի, նախավճարի, դրանք ժամկետանց կամ տարաժամկետ վճարելու ձևերով (առևտրային վարկ), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Առևտրային վարկի նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրի պայմաններով, որից ծագել է համապատասխան պարտավորությունը, և չի հակասում նման պարտավորության էությանը:
Գ Լ ՈՒ Խ 48
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԶԻՋՄԱՆ ԴԻՄԱՑ (ՖԱԿՏՈՐԻՆԳ)
Հոդված 892. | Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր |
1. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից` երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:
Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
2. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով ֆինանսական գործակալի պարտավորությունները կարող են ներառել հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը, ինչպես նաև հաճախորդին` զիջման առարկա համարվող դրամական պահանջների հետ կապված այլ ֆինանսական ծառայություններ մատուցելը:
3. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիրը կնքվում է գրավոր:
Հոդված 893. | Ֆինանսական գործակալ |
Որպես ֆինանսական գործակալ` դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրեր կարող են կնքել բանկերը և այլ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև նման տեսակի գործունեության իրականացման թույլտվություն (լիցենզիա) ունեցող այլ առևտրային կազմակերպությունները:
Հոդված 894. | Ֆինանսավորում ստանալու նպատակով զիջված դրամական պահանջը |
1. Տրամադրված ֆինանսավորման համար զիջման առարկա կարող է լինել ինչպես այն դրամական պահանջը, որի վճարման ժամկետը վրա է հասել (ներկա պահանջ), այնպես էլ դրամական միջոցներ ստանալու` ապագայում ծագելիք իրավունքը (ապագա պահանջ):
Զիջման առարկա դրամական պահանջը ֆինանսական գործակալի հետ հաճախորդի կնքած պայմանագրում պետք է որոշվի այնպես, որ հնարավորություն ընձեռվի նույնացնել գոյություն ունեցած պահանջը պայմանագիրը կնքելու, իսկ ապագա պահանջը` ոչ ուշ, քան այն ծագելու պահին:
2. Ապագա դրամական պահանջի զիջման դեպքում այն համարվում է ֆինանսական գործակալին փոխանցված` պայմանագրով նախատեսված պահանջի զիջման առարկա դրամական միջոցները պարտապանից ստանալու իրավունքը ծագելուց հետո: Եթե դրամական պահանջի զիջումը պայմանավորված է որոշակի իրադարձությամբ, այն ուժի մեջ է մտնում այդ իրադարձությունը վրա հասնելուց հետո:
Այդ դեպքերում դրամական պահանջի զիջման համար լրացուցիչ ձևակերպում չի պահանջվում:
Հոդված 895. | Հաճախորդի պատասխանատվությունը ֆինանսական գործակալի հանդեպ |
1. Հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն է կրում զիջման առարկա դրամական պահանջն իրական լինելու համար, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:
2. Զիջման առարկա դրամական պահանջը համարվում է իրական, եթե հաճախորդն օժտված է դրամական պահանջի փոխանցման իրավունքով, և այդ պահանջի զիջման պահին նրան հայտնի չեն այնպիսի հանգամանքներ, որոնց ուժով պարտապանն իրավունք ունի չկատարել պահանջը:
3. Հաճախորդը պատասխանատվություն չի կրում ֆինանսական գործակալի կողմից զիջման առարկա համարվող պահանջը պարտապանի կատարմանը ներկայացնելու դեպքում, վերջինիս կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար, եթե այլ բան նախատեսված չէ հաճախորդի և ֆինանսական գործակալի միջև կնքված պայմանագրով:
Հոդված 896. | Դրամական պահանջի զիջման արգելքի անվավերությունը |
1. Ֆինանսական գործակալին դրամական պահանջի զիջումը վավեր է, եթե նույնիսկ դրա արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնություն գոյություն ունի հաճախորդի և նրա պարտապանի միջև:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթը հաճախորդին չի ազատում պարտապանի հանդեպ պահանջի զիջման հետ կապված և նրանց միջև դրա արգելքի կամ սահմանափակման մասին եղած համաձայնությամբ նախատեսված պարտավորության խախտման համար պատասխանատվությունից:
Հոդված 897. | Դրամական պահանջին հաջորդող զիջում |
1. Ֆինանսական գործակալի կողմից դրամական պահանջին հաջորդող զիջում չի թույլատրվում, եթե այլ բան նախատեսված չէ դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով:
2. Այն դեպքում, երբ պայմանագրով թույլատրվում է դրամական պահանջին հաջորդող զիջում, դրա նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն գլխի դրույթները:
Հոդված 898. | Պարտապանի կողմից ֆինանսական գործակալի դրամական պահանջը կատարելը |
1. Պարտապանը պարտավոր է ֆինանսական գործակալին վճարել` պայմանով, եթե նա հաճախորդից կամ ֆինանսական գործակալից գրավոր ծանուցում է ստացել դրամական պահանջը տվյալ ֆինանսական գործակալին զիջելու մասին, և այդ ծանուցման մեջ սահմանված է կատարման ենթակա դրամական պահանջը, ինչպես նաև նշված է այն ֆինանսական գործակալը, ում պետք է վճարվի:
2. Պարտապանի խնդրանքով ֆինանսական գործակալը պարտավոր է ողջամիտ ժամկետում նրան ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, պարտապանն իրավունք ունի տվյալ պահանջով վճարել հաճախորդին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած իր պարտավորության:
3. Ֆինանսական գործակալի հանդեպ պարտապանի կողմից դրամական պահանջը սույն հոդվածի կանոններին համապատասխան կատարելը պարտապանին ազատում է հաճախորդի առջև համապատասխան պարտավորությունից:
Հոդված 899. | Ֆինանսական գործակալի իրավունքները պարտապանից ստացած գումարների նկատմամբ |
1. Եթե դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրի պայմաններով հաճախորդի ֆինանսավորումը կատարում է ֆինանսական գործակալը` հաճախորդից այդ պահանջը գնելու միջոցով, ֆինանսական գործակալն իրավունք է ձեռք բերում այն ամբողջ գումարի նկատմամբ, որը նա պահանջը կատարելու համար ստանալու է պարտապանից, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալի հանդեպ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ վերջինիս ստացած գումարը պակաս է եղել այն գնից, որով գործակալը ձեռք է բերել պահանջը:
2. Եթե ֆինանսական գործակալին դրամական պահանջը զիջվել է նրա առջև հաճախորդի պարտավորության կատարման ապահովման նպատակով, և այլ բան նախատեսված չէ պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով, ֆինանսական գործակալը պարտավոր է հաճախորդին հաշվետվություն ներկայացնել ու նրան հանձնել հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարը գերազանցող մասը: Եթե պարտապանից ֆինանսական գործակալի ստացած դրամական միջոցները պակաս են ֆինանսական գործակալի հանդեպ հաճախորդի պահանջի զիջմամբ ապահովված պարտքի գումարից, հաճախորդն իր պարտքի մնացորդի համար պատասխանատվություն է կրում ֆինանսական գործակալի առջև:
Հոդված 900. | Պարտապանի հանդիպական պահանջները |
1. Ֆինանսական գործակալի կողմից վճարման պահանջով պարտապանին դիմելու դեպքում պարտապանն իրավունք ունի, սույն օրենսգրքի 426-428 հոդվածներին համապատասխան, հաշվանցի ներկայացնել հաճախորդի հետ կնքված պայմանագրի վրա հիմնված իր դրամական պահանջները, որոնք պարտապանն ուներ այն ժամանակ, երբ ինքը ծանուցում էր ստացել պահանջը ֆինանսական գործակալին զիջելու մասին:
2. Պահանջները, որոնք պարտապանը կարող էր ներկայացնել հաճախորդին` կապված վերջինիս կողմից պահանջի զիջման արգելքի կամ սահմանափակման մասին համաձայնության հետ, ֆինանսական գործակալի հետ ունեցած հարաբերություններում ուժ չունեն:
Հոդված 901. | Ֆինանսական գործակալի ստացած գումարները պարտապանին վերադարձնելը |
1. Հաճախորդի կողմից պարտապանի հետ կնքված պայմանագրով իր պարտավորությունները խախտելու դեպքում պարտապանն իրավունք չունի ֆինանսական գործակալից պահանջել վերադարձնելու վերջինիս անցած պահանջով արդեն իսկ վճարված գումարները, եթե պարտապանն իրավունք ունի նման գումարներ ստանալ անմիջականորեն հաճախորդից:
2. Պահանջի զիջման արդյունքում ֆինանսական գործակալին վճարված գումարներն անմիջականորեն հաճախորդից պահանջելու իրավունք ունեցող պարտապանը, այդուհանդերձ, իրավունք ունի այդ գումարները պահանջել ֆինանսական գործակալից, եթե ապացուցում է, որ վերջինս հաճախորդին չի վճարել պահանջի զիջման դիմաց կամ վճարել է` իմանալով հաճախորդի կողմից պարտապանի հանդեպ թույլ տրված այն պարտավորության խախտման մասին, որին վերաբերում է պահանջի զիջման հետ կապված վճարը:
Գ Լ ՈՒ Խ 49
ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴ
Հոդված 902. | Բանկային ավանդի պայմանագիր |
1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից:
2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ավանդ մուծված հաշվով բանկի և ավանդատուի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի պայմանագրի մասին կանոնները (50 գլուխ), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով կամ չի բխում բանկային ավանդի պայմանագրի էությունից:
4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այն վարկային կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրենքին համապատասխան, ավանդներ (դեպոզիտներ) են ընդունում իրավաբանական անձանցից:
(902-րդ հոդվածը փոփ. 19.06.15 ՀՕ-87-Ն)
Հոդված 903. | Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունքը |
1. Ավանդներում դրամական միջոցներ ներգրավելու իրավունք ունեն այն բանկերը, որոնց նման իրավունք տրամադրվել է օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան:
2. Նման իրավունք չունեցող անձի կողմից քաղաքացուց ավանդ ընդունելու կամ օրենքով կամ դրան համապատասխան ընդունված բանկային կանոններով սահմանված կարգի խախտմամբ այն ընդունելու դեպքում, ավանդատուն կարող է պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդի գումարը, ինչպես նաև վճարելու սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված տոկոսները և տոկոսների գումարից բացի` հատուցելու ավանդատուին պատճառված վնասները:
Եթե նման անձը բանկային ավանդի պայմաններով դրամական միջոցներ է ընդունել իրավաբանական անձից, ապա նման պայմանագիրն անվավեր է (հոդված 305):
3. Եթե այլ բան սահմանված չէ օրենքով, սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ կատարվել է`
1) քաղաքացիների և իրավաբանական անձանց դրամական միջոցների ներգրավում` նրանց ապօրինի թողարկված բաժնետոմսեր և այլ արժեթղթեր վաճառելու միջոցով.
2) քաղաքացիների դրամական միջոցների ներգրավում ավանդներում, մուրհակի կամ այլ արժեթղթերի դիմաց, որոնք բացառում են ավանդների տերերի առաջին իսկ պահանջով այդ միջոցները հետ ստանալը և ավանդատուի կողմից սույն գլխի կանոններով նախատեսված այլ իրավունքներ իրականացնելը:
Հոդված 904. | Բանկային ավանդի պայմանագրի ձևը |
1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է գրավոր:
Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը համարվում է պահպանված, եթե կնքվել է գրավոր պայմանագիր, և բանկային ավանդ մուծելը հավաստված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած փաստաթղթով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած վավերապայմաններ պարունակող բանկային գրքույկով կամ բանկային կամ դեպոզիտային սերտիֆիկատով:
2. Բանկային ավանդի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
(904-րդ հոդվածը խմբ. 20.03.06 ՀՕ-41-Ն)
Հոդված 905. | Ավանդների տեսակներ |
1. Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ժամկետային ավանդի տարատեսակ են հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը և ուսումնական ավանդը.
1) կուտակային կենսաթոշակային ավանդ է համարվում այն ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում.
2) ուսումնական ավանդ է համարվում այն ավանդը, որն ավանդատուն ներդնում է երրորդ անձի համար միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով երրորդ անձը կարող է օգտագործել միայն ուսումնական նպատակներով: Ուսումնական նպատակ է համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում սահմանված կարգով լիցենզավորված ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում ուսման վարձի (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարի) վճարում իրականացնելը:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներից բացի, այլ նպատակներով ուսումնական ավանդը երրորդ անձը կարող է օգտագործել միայն ավանդատուի համաձայնությամբ:
Պայմանագրով կարող են նախատեսվել ավանդները վերադարձնելու` օրենքին չհակասող այլ պայմաններ:
2. Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների, ուսումնական ավանդների և պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:
Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների:
3. Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, և տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:
4. Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(905-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, խմբ. 12.11.12 ՀՕ-216-Ն, 11.11.15 ՀՕ-139-Ն)
Հոդված 905.1. | Ուսումնական ավանդի տնօրինման և ժառանգման առանձնահատկությունները |
1. Ուսումնական ավանդները չեն կարող գրավադրվել արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել ավանդատուի կամ երրորդ անձի պարտավորությունների դիմաց կամ նրանց սնանկության դեպքում դառնալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց:
2. Ուսումնական ավանդը կարող է գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ երրորդ անձի պարտավորությունները կապված են սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ:
3. Սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ավանդատուն կամ երրորդ անձը դիմում է բանկ՝ ներկայացնելով համապատասխան ուսումնական հաստատության ուսման վարձի վճարմանն առնչվող՝ ուսումնական ավանդի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը: Բանկի՝ ուսումնական հաստատությանն անկանխիկ վճարում կատարելու կարգը սահմանվում է ուսումնական ավանդի պայմանագրով:
4. Ավանդատուի մահվան դեպքում ուսումնական ավանդը հաշվեգրված տոկոսներով ներառվում է ժառանգության զանգվածի մեջ, սակայն չի ժառանգվում սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
5. Ուսումնական ավանդը ժառանգում է այն երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է: Ընդ որում, երրորդ անձը կարող է ուսումնական ավանդն օգտագործել միայն սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ուսումնական նպատակներով:
6. Այն դեպքում, երբ երրորդ անձը, հօգուտ որի ուսումնական ավանդը ներդրվել է, հրաժարվում է ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելուց կամ չի ներկայացնում ուսումնական ավանդն ուսումնական նպատակներով օգտագործելու իր մտադրության մասին բավարար ապացույցներ, ապա ուսումնական ավանդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
7. Այն դեպքերում, երբ ժառանգված ուսումնական ավանդը մասամբ օգտագործվել է ուսումնական նպատակներով, և առկա է ավանդի, ներառյալ հաշվեգրված տոկոսների մնացորդ, ապա այդ մնացորդը ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
8. Եթե ուսումնական ավանդի ավանդատուն բացել է մանկական ավանդ և միևնույն բանկի հետ կնքում է ուսումնական ավանդի պայմանագիր՝ հօգուտ միևնույն երրորդ անձի, ապա ավանդատուի ցանկությամբ մանկական ավանդը կարող է փոփոխվել և վերակնքվել որպես ուսումնական ավանդի պայմանագիր՝ առանց պայմանագրի վաղաժամկետ լուծման համար նախատեսված բացասական հետևանքների: Սույն մասի իմաստով մանկական ավանդ է համարվում այն ավանդը, որի պայմանագիրն ավանդատուն կնքում է հօգուտ անչափահաս ֆիզիկական անձի, և որի պայմանները սահմանվում են համապատասխան պայմանագրով:
(905.1-ին հոդվածը լրաց. 11.11.15 ՀՕ-139-Ն)
Հոդված 906. | Ավանդի գումարի տոկոսները |
1. Բանկն ավանդատուին ավանդի գումարից տոկոսներ է վճարում բանկային ավանդի պայմանագրով որոշված չափով:
Պայմանագրում վճարվելիք տոկոսների չափի մասին պայմանի բացակայության դեպքում բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան չափով:
2. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:
Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար վճարվող տոկոսների չափը նվազեցնելու դեպքում տոկոսների նոր չափը կիրառվում է մինչև ավանդատուին տոկոսները նվազեցնելու մասին հաղորդումը ներդրված ավանդների նկատմամբ` համապատասխան հաղորդման օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Բանկային ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը քաղաքացին ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Իրավաբանական անձի հետ բանկի կնքած պայմանագրով սահմանված այդպիսի բանկային ավանդի տոկոսների չափը չի կարող միակողմանի փոփոխվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 907. | Ավանդի գումարին տոկոսներ հավելագրելու ու դրանք վճարելու կարգը |
1. Բանկային ավանդի գումարի վրա տոկոսները հաշվարկվում են ավանդը բանկ մուտք լինելու օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի օրացուցային օրերի համար:
2. Բանկային ավանդի գումարից տոկոսներն ավանդատուին նրա պահանջով վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` ավանդի գումարից առանձին, իսկ այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ավանդի գումարին, որին հավելագրվում են տոկոսներ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:
Ավանդը վերադարձնելիս վճարվում են այդ պահին հավելագրված բոլոր տոկոսները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, և դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:
(907-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, խմբ. 06.03.20 ՀՕ-135-Ն)
(Սույն հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում 01.05.2020 թվականին և տարածվում է այդ օրվանից ներդրվող ավանդի գումարի վրա:)
Հոդված 908. | Ավանդի վերադարձն ապահովելը |
1. Բանկերը պարտավոր են պարտադիր ապահովագրության միջոցով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ եղանակներով, ապահովել քաղաքացիների ավանդների վերադարձը:
Քաղաքացիների ավանդների վերադարձն այն բանկի կողմից, որի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի հիսուն տոկոսից ավելին պատկանում է Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին, սույն օրենսգրքի 415 հոդվածով նախատեսված կարգով երաշխավորվում է նաև վերջիններիս սուբսիդիար պատասխանատվությամբ:
2. Բանկի կողմից իրավաբանական անձանց ավանդների վերադարձն ապահովելու եղանակները սահմանվում են բանկային ավանդի պայմանագրով:
3. Բանկային ավանդի պայմանագիր կնքելիս բանկը պարտավոր է ավանդատուին տեղեկատվություն տրամադրել ավանդի վերադարձի ապահովման մասին:
4. Օրենքով կամ բանկային ավանդի պայմանագրով նախատեսված ավանդը վերադարձնելու պարտականությունները բանկի կողմից չկատարելու, ինչպես նաև ապահովման կորստի կամ դրա պայմանների վատթարացման դեպքերում ավանդատուն իրավունք ունի բանկից պահանջել անհապաղ վերադարձնելու ավանդը, սույն օրենսգրքի 906 հոդվածի 1-ին կետով սահմանված չափով վճարելու դրա տոկոսները և հատուցելու պատճառված վնասները:
Հոդված 909. | Երրորդ անձանց կողմից ավանդատուի հաշվում դրամական միջոցներ ներդնելը |
Ավանդի հաշվում մուտքագրվում են ավանդատուի անունով երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով: Ընդ որում, ենթադրվում է, որ ավանդատուն, նման անձանց իր ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալներ տրամադրելով, համաձայնել է նրանցից ստանալ դրամական միջոցներ:
Հոդված 910. | Ավանդներ հօգուտ երրորդ անձանց |
1. Ավանդը կարող է ներդրվել բանկ որոշակի երրորդ անձի անունով: Նման անձն ավանդատուի իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու կամ այդ իրավունքներից օգտվելու իր մտադրության վերաբերյալ որևէ այլ եղանակով բանկին տեղեկացնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային ավանդի պայմանագրով:
Բանկային ավանդի համապատասխան պայմանագրի էական պայմանը քաղաքացու անվան (հոդված 22) կամ իրավաբանական անձի անվանման (հոդված 58) նշումն է, որի օգտին ներդրվում է ավանդը:
Բանկային ավանդի պայմանագիրը, հօգուտ այն քաղաքացու, որը պայմանագրի կնքման պահին մահացած է, կամ հօգուտ այդ պահին գոյություն չունեցող իրավաբանական անձի, առոչինչ է:
2. Մինչև երրորդ անձի կողմից ավանդատուի իրավունքներից օգտվելու մտադրության մասին արտահայտվելը բանկային ավանդի պայմանագիր կնքած անձը կարող է օգտվել ավանդի հաշվում իր մուծած դրամական միջոցների ավանդատուի իրավունքներից:
3. Հօգուտ երրորդ անձի` պայմանագրի մասին կանոնները (հոդված 446) կիրառվում են հօգուտ երրորդ անձի բանկային ավանդի պայմանագրի նկատմամբ, եթե դա չի հակասում սույն հոդվածի կանոններին և բանկային ավանդի էությանը:
Հոդված 911. | Բանկային գրքույկ |
1. Քաղաքացու հետ բանկային ավանդի պայմանագիր կնքելը և նրա ավանդի հաշվին դրամական միջոցներ մուծելը հավաստվում են բանկային գրքույկով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Բանկային ավանդի պայմանագրով կարող է տրամադրվել անվանական կամ ըստ ներկայացնողի բանկային գրքույկ:
Բանկային գրքույկում պետք է նշվեն և բանկի կողմից հավաստվեն բանկի, իսկ եթե ավանդը ներդրված է բանկի մասնաճյուղում, ապա նաև համապատասխան մասնաճյուղի անվանումը և գտնվելու վայրը, ավանդի հաշվի համարը, ինչպես նաև հաշվում մուտքագրված և հաշվից դուրս գրված դրամական միջոցների բոլոր գումարները և բանկային գրքույկը` բանկ ներկայացնելու պահին հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը:
Բանկային գրքույկում նշված ավանդի վերաբերյալ տվյալները հիմք են բանկի և ավանդատուի միջև ավանդով հաշվարկներ կատարելու համար, եթե այլ բան ապացուցված չէ:
2. Ավանդը վերադարձնելը, դրանից տոկոսներ վճարելը և ավանդի հաշվից դրամական միջոցներն այլ անձանց փոխանցելը բանկն իրականացնում է բանկային գրքույկը ներկայացնելիս:
Եթե անվանական բանկային գրքույկը կորել է կամ պիտանի չէ ներկայացման համար, բանկն ավանդատուի դիմումի հիման վրա նրան տալիս է նոր բանկային գրքույկ:
Ըստ ներկայացնողի բանկային գրքույկի կորստի դեպքում իրավունքները վերականգնվում են ըստ ներկայացնողի արժեթղթերի համար նախատեսված կարգով (հոդված 151):
Գ Լ ՈՒ Խ 50
ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ
Հոդված 912. | Բանկային հաշվի պայմանագիր |
1. Բանկային հաշվի պայմանագրով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվի վրա մուտքագրել մուտք եղող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրությունները:
2. Բանկը կարող է հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործել` երաշխավորելով հաճախորդի այդ միջոցներն անխոչընդոտ տնօրինելու իրավունքը:
3. Բանկն իրավունք չունի որոշել և վերահսկել հաճախորդի դրամական միջոցների օգտագործման ուղղությունները կամ սահմանել օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով չնախատեսված այլ սահմանափակումներ իր դրամական միջոցները սեփական հայեցողությամբ տնօրինելու նրա իրավունքների նկատմամբ:
4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այլ վարկային կազմակերպությունների կողմից, նրանց տրված թույլտվությանը (լիցենզիային) համապատասխան, բանկային հաշվի պայմանագիր կնքելիս և կատարելիս:
Հոդված 913. | Բանկային հաշվի պայմանագրի ձևը |
1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Բանկային հաշվի պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
Հոդված 914. | Բանկային հաշվի պայմանագիր կնքելը |
1. Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս հաճախորդի կամ նրա նշած անձի համար, կողմերի միջև համաձայնեցված պայմաններին համապատասխան, բանկում բացվում է հաշիվ:
2. Բանկը պարտավոր է բանկային հաշվի պայմանագիր կնքել հաճախորդի հետ, որն առաջարկել է հաշիվ բացել տվյալ տեսակի հաշիվների համար բանկի հայտարարած պայմաններով, որոնք համապատասխանում են օրենքով նախատեսված պահանջներին և դրան համապատասխան սահմանված բանկային կանոններին:
3. Բանկն իրավունք չունի մերժել հաշիվը բացելը, որով համապատասխան գործառնությունների կատարումը նախատեսված է օրենքով, բանկի կանոնադրությամբ և նրան տրված թույլտվությամբ (լիցենզիայով), բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդին մերժելը հետևանք է բանկային սպասարկում մատուցելու` բանկի հնարավորությունների բացակայության կամ թույլատրվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով:
4. Բանկի կողմից բանկային հաշվի պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու դեպքում հաճախորդն իրավունք ունի բանկին ներկայացնել սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված պահանջները:
Հոդված 915. | Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքի հավաստումը |
1. Հաճախորդի անունից դրամական միջոցներ փոխանցելու և վճարելու կարգադրություններ անելու` անձանց իրավունքները հաճախորդը հավաստում է օրենքով, դրան համապատասխան բանկային կանոններով ու բանկային հաշվի պայմանագրով նախատեսված փաստաթղթերը բանկին ներկայացնելու միջոցով:
2. Հաճախորդն իրավունք ունի կարգադրել բանկին իր հաշվից դրամական միջոցներ դուրս գրել երրորդ անձանց պահանջով` կապված այդ անձանց հանդեպ հաճախորդի պարտավորությունների կատարման հետ: Բանկն ընդունում է այդ կարգադրությունները, պայմանով, որ դրանցում գրավոր նշվեն անհրաժեշտ տվյալներ, որոնք հնարավորություն են ընձեռում համապատասխան պահանջը ներկայացնելիս նույնացնել նման պահանջի իրավունք ունեցող անձին:
3. Պայմանագրով կարող է նախատեսվել հաշվում եղած դրամական միջոցներն էլեկտրոնային միջոցներով և այլ փաստաթղթերով տնօրինելու իրավունքների հավաստում` դրանցում օգտագործելով հաճախորդի ստորագրության (296 հոդվածի 3-րդ կետ), ծածկագրերի, նշանաբանների և այլ միջոցների նմանօրինակները, որոնք հավաստում են, որ կարգադրությունն արել է դրա համար լիազորված անձը:
Հոդված 916. | Բանկի կողմից հաշվով կատարվող գործառնությունները |
Բանկը պարտավոր է հաճախորդի համար կատարել տվյալ տեսակի հաշիվների համար օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված գործառնություններ, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
Հոդված 917. | Հաշվով գործառնությունների ժամկետները |
1. Բանկը պարտավոր է հաճախորդի հաշվին մուտք եղած դրամական միջոցները մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ բանկային հաշվի պայմանագրով:
2. Բանկը պարտավոր է հաճախորդի կարգադրությամբ հաշվից դրամական միջոցներ տալ կամ փոխանցել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե այլ ժամկետներ նախատեսված չեն օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկային հաշվի պայմանագրով:
Հոդված 918. | Հաշիվը վարկավորելը |
1. Այն դեպքերում, երբ բանկային հաշվի պայմանագրին համապատասխան, բանկը վճարում է հաշվից, չնայած դրանում դրամական միջոցների բացակայությանը (հաշվի վարկավորում), նա նման վճար կատարելու օրվանից համարվում է հաճախորդին համապատասխան գումարով վարկ տրամադրած:
2. Հաշվի վարկավորման հետ կապված` կողմերի իրավունքները և պարտականությունները որոշվում են փոխառության (46 գլուխ) ու վարկի (47 գլուխ) կանոններով, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
Հոդված 919. | Հաշվով գործառնություններ կատարելու համար բանկի ծախսերի համար վճարելը |
1. Բանկային հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հաշվով կատարվող գործառնությունների համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված` բանկի ծառայությունների համար վճարը բանկը կարող է յուրաքանչյուր գործարքի ավարտից հետո վերցնել հաճախորդի հաշվում եղած միջոցներից, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
Հոդված 920. | Բանկի կողմից դրամական միջոցներ օգտագործելու համար տոկոսները |
1. Հաճախորդի հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը վճարում է տոկոսներ, որոնց գումարը մուտքագրվում է հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված տոկոսները բանկը վճարում է բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (հոդված 906):
3. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո:
Հոդված 921. | Բանկի և հաճախորդի հանդիպական պահանջների հաշվանցը |
1. Բանկի դրամական պահանջները հաճախորդից` կապված հաշվի վարկավորման (հոդված 918) և բանկի ծառայությունների համար վճարման (հոդված 919) հետ, ինչպես նաև դրամական միջոցների օգտագործման համար տոկոսներ վճարելու մասին հաճախորդի պահանջները բանկին (հոդված 920) դադարում են հաշվանցով (հոդված 426), եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով:
Նշված պահանջների հաշվանցն իրականացնում է բանկը:
2. Բանկը պարտավոր է պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում հաճախորդին տեղեկացնել կատարված հաշվանցի մասին, իսկ եթե կողմերը համապատասխան պայմանները չեն համաձայնեցրել, ապա այնպիսի կարգով ու ժամկետներում, որոնք սովորական են համապատասխան հաշվում դրամական միջոցների վիճակի մասին հաճախորդին տեղեկացնելու բանկային գործունեության համար:
Հոդված 922. | Հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հիմքերը |
1. Բանկը հաշվից դրամական միջոցներ դուրս է գրում հաճախորդի կարգադրության հիման վրա:
2. Առանց հաճախորդի կարգադրության` հաշվում եղած դրամական միջոցները թույլատրվում է դուրս գրել դատարանի վճռով, ինչպես նաև օրենքով սահմանված կամ բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:
Հոդված 923. | Հաշվից դրամական միջոցները դուրս գրելու հերթականությունը |
1. Հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում, որոնց գումարը բավարար է հաշվին ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար, այդ միջոցները դուրս են գրվում հաճախորդի կարգադրությունները և դուրսգրման այլ փաստաթղթերը մուտք լինելու հաջորդականությամբ (օրացուցային հաջորդականություն), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
2. Հաճախորդի կարգադրությունները և նրան ներկայացված բոլոր պահանջները բավարարելու համար հաշվում դրամական միջոցների անբավարարության դեպքում դրամական միջոցները դուրս են գրվում հետևյալ հաջորդականությամբ.
առաջին հերթին` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հետ կապված, ինչպես նաև ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջները բավարարելու համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարները.
երկրորդ հերթին` աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրության վճարումների հաշվարկների համար կատարողական փաստաթղթով նախատեսված դրամական միջոցների փոխանցումները կամ վճարումները.
երրորդ հերթին` վճարային փաստաթղթերով պետական բյուջե և համայնքային բյուջեներ կատարվող վճարները.
չորրորդ հերթին` կատարողական փաստաթղթով նախատեսված այլ դրամական պահանջները բավարարելու համար վճարները.
հինգերորդ հերթին` այլ փաստաթղթերով վճարները` ըստ դրանց ներկայացման օրացուցային հաջորդականության:
Տվյալ հերթին պատկանող պահանջներով հաշվից միջոցները դուրս են գրվում փաստաթղթերի մուտք լինելու օրացուցային հաջորդականությամբ:
Հոդված 924. | Բանկի պատասխանատվությունը հաշվով գործառնություններն անպատշաճ կատարելու համար |
Հաճախորդի անունով մուտք եղած դրամական միջոցները նրա հաշվին ժամանակին չմուտքագրելու կամ դրանք բանկի կողմից հաշվից անհիմն դուրս գրելու, ինչպես նաև դրամական միջոցները փոխանցելու կամ դրանք վճարելու մասին հաճախորդի ցուցումները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պարտավոր է այդ գումարից տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով:
Հոդված 925. | Բանկային գաղտնիք |
1. Բանկը երաշխավորում է բանկային հաշվի և բանկային ավանդի, հաշվով գործառնությունների ու հաճախորդի մասին տեղեկությունների գաղտնիությունը:
2. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են տրամադրվել միայն հաճախորդներին կամ նրանց ներկայացուցիչներին:
Պետական մարմիններին և դրանց պաշտոնատար անձանց նման տեղեկություններ կարող են տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
3. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները բանկի կողմից հրապարակվելու դեպքում հաճախորդը, ում իրավունքները խախտվել են, իրավունք ունի բանկից պահանջել պատճառված վնասների հատուցում:
Հոդված 926. | Հաշվի տնօրինումը սահմանափակելու անթույլատրելիությունը |
Հաշվում եղած դրամական միջոցները տնօրինելու` հաճախորդի իրավունքները չի թույլատրվում սահմանափակել, բացի օրենքով նախատեսված դեպքերում հաշվում եղած դրամական միջոցների վրա արգելանք դնելուց կամ հաշվով գործառնությունները դադարեցնելուց:
Հոդված 927. | Բանկային հաշվի պայմանագրի լուծումը |
1. Բանկային հաշվի պայմանագիրը հաճախորդի դիմումով լուծվում է ցանկացած ժամանակ:
2. Եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով, դատարանը բանկի պահանջով կարող է լուծել բանկային հաշվի պայմանագիրը հետևյալ դեպքերում`
1) երբ հաճախորդի հաշվում պահվող դրամական միջոցների գումարը պակաս է բանկային կանոններով կամ պայմանագրով նախատեսված նվազագույն չափից, եթե նման գումարը չի վերականգնվել այդ մասին բանկի զգուշացման օրվանից մեկ ամսվա ընթացքում.
2) մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնությունների բացակայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը տրվում է հաճախորդին կամ նրա ցուցումով փոխանցվում է այլ հաշիվ, հաճախորդի համապատասխան գրավոր դիմումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում:
4. Բանկային հաշվի պայմանագրի լուծումը հիմք է հաճախորդի հաշիվը փակելու համար:
Հոդված 928. | Բանկերի հաշիվները |
Սույն գլխի կանոնները տարածվում են թղթակցային հաշիվների, թղթակցային ենթահաշիվների և բանկերի այլ հաշիվների վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
Գ Լ ՈՒ Խ 50.1
(գլուխը լրաց. 11.11.15 ՀՕ-139-Ն)
ՀԱՏՈՒԿ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
Հոդված 928.1. | Հատուկ բանկային հաշվի պայմանագրի առանձնահատկությունները |
1. Հատուկ բանկային հաշիվներ են սույն գլխով նախատեսված էսքրոու հաշիվը, սոցիալական փաթեթի հաշիվը, անվանատիրոջ հաշիվը, նոտարի դեպոզիտ հաշիվը, կառուցապատողի հատուկ հաշիվը, պետական աջակցության հաշիվը, միանվագ դրամական վճարների հաշիվը, սոցիալական ապահովության հաշիվը, ինչպես նաև օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով որպես հատուկ բանկային հաշիվ նախատեսված այլ բանկային հաշիվները:
2. Հատուկ բանկային հաշիվներն այն հաշիվներն են, որոնցում ներդրված միջոցները՝
1) սույն գլխով սահմանված դրույթների կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ կարող են օգտագործվել միայն սույն գլխի դրույթների հիման վրա պայմանագրերով կամ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով կամ գործառնություններով, և (կամ)
2) չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց կամ հաճախորդի սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց, բացառությամբ սույն գլխով նախատեսված դեպքերի:
3. Հատուկ բանկային հաշվում ներդրված միջոցները, բացառությամբ 928.9-րդ հոդվածում նշված դեպքի, կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն այն դեպքերում, երբ՝
1) հատուկ բանկային հաշվի պայմանագրով հաճախորդ հանդիսացող անձի պարտավորությունները կապված են սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ուղղություններից, դեպքերից, պայմաններից կամ գործառնություններից բխող պարտավորությունների հետ, կամ
2) այդ միջոցները հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկի կողմից հաճախորդին վճարված տոկոսներից ձևավորված միջոցներ են, բացառությամբ նոտարի կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերի, կամ
3) սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ այդ միջոցները տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրված միջոցներ են, կամ
4) էսքրոու հաշվի դեպքում՝ այդ միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույք են, կամ
5) էսքրոու հաշվի դեպքում՝ էսքրոու հաշվի պայմանագրի կնքման օրվանից անցել է 30 և ավելի օր, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4. Հատուկ բանկային հաշվի պայմանագրի լուծման դեպքում տվյալ հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը ենթակա է փոխանցման տվյալ հաճախորդի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին կամ վերադարձման՝ համապատասխան դրամական միջոցները մուտք արած անձին, բացառությամբ պայմանագրով, այլ իրավական ակտերով և (կամ) սույն հոդվածով սահմանված դեպքերի: Հատուկ բանկային հաշվի պայմանագրով նման վերադարձ կարող է նախատեսվել նաև պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
5. Անվանատիրոջ հաշվի պայմանագրի լուծման դեպքում անվանատիրոջ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ անվանատիրոջը, փոխանցվել տվյալ անվանատիրոջ համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ անվանատիրոջ մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ անվանատիրոջ հաշվի պայմանագրով:
6. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրի լուծման դեպքում նոտարի դեպոզիտ հաշվում եղած դրամական միջոցների մնացորդը կարող է վերադարձվել տվյալ նոտարին, փոխանցվել տվյալ նոտարի համապատասխան այլ հատուկ բանկային հաշվին և (կամ) փոխանցվել տվյալ նոտարի մատնանշած այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագրով:
7. Պայմանագրով նախատեսված դեպքերում հաճախորդը բանկի ծառայությունների դիմաց վճարում է իր հատուկ բանկային հաշվով կատարվող գործառնությունների համար: Ընդ որում, բանկի ծառայությունների համար վճարը բանկը չի կարող վերցնել հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած միջոցներից, բացառությամբ սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսների: Սույն կետով նախատեսված բացառությունը չի տարածվում նոտարի դեպոզիտ հաշիվների վրա:
8. Հաճախորդի հատուկ բանկային հաշվում եղած դրամական միջոցներն օգտագործելու համար բանկը տոկոսները վճարում է հաճախորդին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Սույն կետով նախատեսված տոկոսների գումարը մուտքագրվում է հատուկ բանկային հաշվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
9. Սույն հոդվածի 8-րդ կետում նշված տոկոսները բանկը վճարում է հատուկ բանկային հաշվի պայմանագրով սահմանված չափով, իսկ պայմանագրում համապատասխան պայմանի բացակայության դեպքում` տվյալ բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափով (սույն օրենսգրքի 906-րդ հոդված):
10. Տոկոսների գումարը հաշվում մուտքագրվում է պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ պայմանագրում նման ժամկետների բացակայության դեպքում` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան պայմանագրի դադարմանը հաջորդող օրը:
11. Հատուկ բանկային հաշվի միջոցների հաշվին հատուկ բանկային հաշվի տիրոջ և բանկի՝ հատուկ բանկային հաշվի տիրոջ նկատմամբ ունեցած ցանկացած հանդիպական պահանջների հաշվանց չի կարող իրականացվել, անգամ եթե հատուկ հաշիվը տվյալ բանկում հաշվի տիրոջ միակ հաշիվն է: Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի վերաբերում սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված տոկոսներից ձևավորված միջոցների չափով հաշվանց կատարելուն, իսկ սոցիալական փաթեթի հաշվի դեպքում՝ նաև տվյալ հաշվում առկա ոչ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվանց կատարելուն:
12. Պետական աջակցության հաշիվների կարգավորման առանձնահատկությունները սահմանվում են կառավարության որոշմամբ:
13. Սույն օրենսգրքի 50-րդ գլխով սահմանված պահանջները տարածվում են հատուկ բանկային հաշիվների վրա այնքանով, որքանով չեն հակասում սույն գլխի դրույթներին:
(928.1-ին հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-238-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
Հոդված 928.2. | Էսքրոու հաշվի պայմանագիրը |
1. Էսքրոու հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը, որպես էսքրոու գործակալ, պարտավորվում է ընդունել և որոշակի գործարքի կատարման նպատակով բացված հատուկ բանկային հաշվի վրա մուտքագրել տվյալ գործարքի իրականացման հետ կապված մուտքագրվող միջոցները և այդ միջոցների հետ կապված հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ կարգադրություններն իրականացնել միայն էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված պայմանագրում կամ էսքրոու հաշվի պայմանագրում նշված դեպքերում, պայմաններով և ժամկետներում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանագրերով սահմանված ժամկետներում Էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ կողմից միմյանց նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Էսքրոու հաշվի միջոցները վերադարձվում են այդ միջոցները մուտքագրած անձին, իսկ վերադարձման անհնարինության դեպքում էսքրոու հաշիվը ձևակերպվում է որպես սույն օրենսգրքի 50-րդ գլխով նախատեսված բանկային հաշիվ՝ այդ հաշվին միջոցներ մուտքագրած անձի անունով:
3. Էսքրոու հաշվի պայմանագիրը կարող է հաճախորդի պահանջով վաղաժամկետ լուծվել, միայն եթե առկա է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ գրավոր համաձայնությունը, կամ եթե լուծվել է էսքրոու հաշվին միջոցներ մուտքագրած անձի և այդ միջոցների հասցեատիրոջ միջև կնքված համապատասխան պայմանագիրը, և այդ պայմանագրի լուծումից հետո անցել է ոչ պակաս, քան 10 օր, բայց ոչ ավելի, քան էսքրոու հաշվում առկա ամբողջ միջոցների դուրսգրման ժամկետը:
4. Էսքրոու հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
Հոդված 928.3. | Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիրը |
1. Սոցիալական փաթեթի հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (հաշվի տիրոջ) բացած հաշվին մուտքագրել պետական մարմինների (հիմնարկների), պետական կազմակերպությունների աշխատողների և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ անձանց համար որպես սոցիալական երաշխիք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մուտքագրվող միջոցները և հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ հաճախորդի կարգադրություններն իրականացնել միայն օրենքով սահմանված ուղղություններով, դեպքերում, պայմաններով և գործառնությունների համար:
2. Սոցիալական փաթեթի հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի), բռնագանձվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, բացառությամբ սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
Հոդված 928.4. | Անվանատիրոջ հաշվի պայմանագիրը |
1. Անվանատիրոջ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (անվանատիրոջ) բացած հաշվին մուտքագրել միայն ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման հետ կապված անվանատիրոջ ծառայությունից օգտվողի (ֆոնդի) միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ անվանատիրոջ կարգադրությունները: Ընդ որում, անվանատիրոջ հաշիվ է այն հաշիվը, որտեղ ներդրված միջոցները սեփականության իրավունքով չեն պատկանում հաշվետիրոջը, այլ դրանք փոխանցվել են նրան սույն կետում նշված ծառայությունների մատուցման կամ կառավարման արդյունքում:
2. Անվանատիրոջ հաշիվը կարող է օգտագործվել միայն ներդրումային ծառայություններ մատուցող անձի և ներդրումային ֆոնդի կառավարչի (պահառուի) կողմից ներդրումային ծառայությունների մատուցման կամ ներդրումային ֆոնդերի կառավարման (պահառության) հետ կապված գործառնությունների իրականացման համար:
3. Անվանատիրոջ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել անվանատիրոջ պարտավորությունների դիմաց կամ անվանատիրոջ սնանկության դեպքում հանդիսանալ պարտավորությունների կատարման համար լուծարային միջոց: Ընդ որում, անվանատիրոջ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն անվանատիրոջ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:
Հոդված 928.5. | Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիրը |
1. Նոտարի դեպոզիտ հաշվի պայմանագիր է համարվում այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և հաճախորդի (նոտարի) բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ իրականացնելու վերաբերյալ նոտարի կարգադրությունները:
2. Նոտարի դեպոզիտ հաշիվը կարող է օգտագործվել միայն օրենքով նախատեսված՝ նոտարի դեպոզիտ մուտքագրման ենթակա դրամական միջոցներով գործառնություններ իրականացնելու համար:
3. Նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել նոտարի պարտավորությունների դիմաց: Ընդ որում, նոտարի դեպոզիտ հաշվում առկա միջոցները սույն օրենսգրքի 928.1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կարող են գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել միայն նոտարի դեպոզիտ հաշվում առկա տվյալ ծառայությունից օգտվողին պատկանող միջոցների չափով:
Հոդված 928.6. | Կառուցապատողի հատուկ հաշիվը |
1. Կառուցապատողի հատուկ հաշիվն այն բանկային հաշիվն է, որի վրա կատարվում են կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրով գնորդի՝ կառուցապատողին կանխավճարային վճարումները:
2. Կառուցապատողի հատուկ հաշիվները կարող են բացվել՝
1) գանձապետարանում.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում.
3) նոտարի՝ գանձապետարանում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկում բացված դեպոզիտային հաշվում՝ որպես ենթահաշիվ:
3. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագիր կնքվելու դեպքում կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կողմից կատարվող կանխավճարային վճարումները կառուցապատողի հատուկ հաշվին մուտք լինելու պահից համարվում են գնորդի օգտին գրավադրված` ի ապահովումն կառուցման ավարտից հետո շենքից անշարժ գույքը գնորդին հանձնելու՝ կառուցապատողի պարտավորության և կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրի լուծման դեպքում կանխավճարի վերադարձման՝ կառուցապատողի պարտավորության պատշաճ կատարման: Կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի կատարած կանխավճարային վճարումները հաջորդող գրավի կանոններով կարող են գրավադրվել գնորդի վարկատուի օգտին:
4. Կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել մինչև կառուցվող շենքի, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շինարարության ավարտը կամ մինչև սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչև շենքի, բացառությամբ բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի, շահագործման թույլտվության ստացումը կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մի մասի գրավի իրավունքի դադարեցում, որի կիրառման դեպքերում գրավից ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված անշարժ գույքի դեպքում կառուցապատողի և գնորդի միջև դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով կարող է նախատեսվել կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների մասնակի գրավի իրավունքի դադարեցում 2024 թվականի հուլիսի 1-ից, անկախ սեփականության իրավունքի փոխանցման ակտից և շենքի կառուցվածության աստիճանից, հատուկ հաշվի միջոցների առավելագույնը 70 տոկոսի նկատմամբ, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 50 տոկոսի նկատմամբ, իսկ 50 տոկոսից ավելիի նկատմամբ՝ համամասնորեն, ըստ կառուցվող շենքի կառուցվածության աստիճանի, բայց ոչ ավելի, քան 95 տոկոսը: Մնացած հինգ տոկոսի նկատմամբ գրավի իրավունքը կարող է դադարեցվել բնակարանի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքի գրանցման և գնորդին համապատասխան սեփականության իրավունքի վկայականը (սեփականության իրավունքի փոխանցման ակտը) հանձնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, եթե շենքի շահագործման ընթացքում ի հայտ չեն եկել թերություններ, կամ ի հայտ եկած թերությունները վերացվել են կառուցապատողի կողմից։ Կառուցապատողի հատուկ հաշվի միջոցների գրավից մասնակի ազատվող միջոցները փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվների, և որոնք կարող է տնօրինել կառուցապատողը:
5. Կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի դիմաց հաշվեգրվող տոկոսները դրանց ստացման ժամկետը լրանալիս փոխանցվում են կառուցապատողի այլ բանկային հաշիվներին, և կարող է տնօրինել կառուցապատողը:
6. Կառուցապատողի հատուկ հաշվում առկա գրավադրված դրամական միջոցները չեն կարող արգելադրվել (կալանքի տակ վերցվել) կամ բռնագանձվել կառուցվող անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրից չբխող` կառուցապատողի որևէ պարտավորության, այդ թվում՝ պետական կամ համայնքային բյուջեի նկատմամբ կառուցապատողի ունեցած որևէ պարտավորության դիմաց:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրավահաջորդության կարգով կառուցապատողի իրավունքները և պարտավորություններն այլ անձանց անցնելու դեպքում (իրավաբանական անձ հանդիսացող կառուցապատողի վերակազմակերպում, ֆիզիկական անձ հանդիսացող կառուցապատողի մահ) կառուցապատողի հատուկ հաշվին գնորդի օգտին գրավադրված դրամական միջոցները կարող են անցնել միայն կառուցապատողի այն իրավահաջորդին, որին անցել են կառուցվող անշարժ գույք գնելու պայմանագրով կառուցապատողի պարտավորությունները:
(928.6-րդ հոդվածը փոփ. 25.05.22 ՀՕ-136-Ն, խմբ. 12.09.23 ՀՕ-292-Ն)
(12.09.23 ՀՕ-292-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
Հոդված 928.7. | Պետական աջակցության հաշվի պայմանագիրը |
1. Պետական աջակցության հաշվի պայմանագիր է համարվում սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի և բանկի միջև կնքված պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է ընդունել և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի բացած հաշվին մուտքագրել մուտքագրվող ընտանեկան դրամագլխի դրամական միջոցները, կատարել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և հաշվով այլ գործառնություններ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Պետական աջակցության հաշվում առկա միջոցները տնօրինելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 928.8. | Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիրը |
1. Միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (միանվագ դրամական վճարների հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող (այդ թվում՝ որոշակի ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։
2. Միանվագ դրամական վճարների պայմանագրի օրինակելի ձևը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Անձը հաճախորդի (միանվագ դրամական վճարների հաշվի տիրոջ) իրավունքներ ձեռք է բերում բանկին այդ իրավունքների վրա հիմնված առաջին իսկ պահանջը ներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն անելու) պահից: Եթե միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, անձը չի ներկայացնում սույն մասում նշված պահանջը, ապա հաշվին առկա միջոցները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
4. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կարող են վճարվել այլ անձի կամ, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետում վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը։
5. Միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրված (առկա) միջոցները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
(928.8-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-238-Ն)
Հոդված 928.9. | Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիրը |
1. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքված այն պայմանագիրը, որով բանկը պարտավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի տրամադրած՝ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների հիման վրա բացել բանկային հաշիվ (սոցիալական ապահովության հաշիվ) և այդ հաշվին մուտքագրել միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող (որոշակի կամ անորոշ ժամկետով տրվող) նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Անձը հաճախորդի (սոցիալական ապահովության հաշվի տիրոջ) իրավունքներ է ձեռք բերում գումարը այդ հաշվին մուտքագրելու պահից։
2. Սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը, սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետում, որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված գումար, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի պահանջով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Բանկը պատասխանատվություն չի կրում սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ վճարված այն գումարների համար, որոնք հաճախորդի կարգադրության հիման վրա հաշվից դուրս են գրվել մինչև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ պահանջը ներկայացնելը։
4. Հաճախորդը (հաշվի տերը) տարեկան մեկ անգամ՝ ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, անձամբ բանկ ներկայանալու միջոցով բանկին հավաստում է Հայաստանի Հանրապետությունում լինելը: Հաճախորդի (հաշվի տիրոջ)` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի՝ բանկ ներկայանալու` Կառավարության սահմանած կարգով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետներում և կարգով հաճախորդի (հաշվի տիրոջ)՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը անձամբ բանկ ներկայանալու միջոցով չհավաստվելու դեպքում բանկն այդ մասին սոցիալական ապահովության հաշվի պայմանագրով սահմանված կարգով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնին։
6. Սոցիալական ապահովության հաշվին մուտքագրված (առկա) միջոցները արգելադրվելու (արգելանքի տակ դրվելու), բռնագանձվելու կամ հաճախորդի պարտավորությունների դիմաց հաշվանցվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքով:
(928.9-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-238-Ն, 18.06.20 ՀՕ-324-Ն)
Գ Լ ՈՒ Խ 51
ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 929. | Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ |
1. Իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի կամ քաղաքացիների միջև կամ մասնակցությամբ հաշվարկները կատարվում են կանխիկ կամ անկանխիկ ձևով՝ օրենքով սահմանված կարգով:
2. (մասն ուժը կորցրել է 18.01.22 ՀՕ-13-Ն)
3․ Անկանխիկ հաշվարկները կատարվում են բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների (այսուհետ` բանկեր) միջոցով, որոնցում բացված են համապատասխան հաշիվներ, ինչպես նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, այլ օրենքներից, և պայմանավորված չէ հաշվարկների օգտագործվող ձևով:
(929-րդ հոդվածը լրաց. 01.03.18 ՀՕ-141-Ն, խմբ., փոփ. 18.01.22 ՀՕ-13-Ն )
(18.01.22 ՀՕ-13-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 930. | Անկանխիկ հաշվարկների ձևերը |
1. Անկանխիկ հաշվարկներ իրականացնելիս թույլատրվում են հաշվարկներ վճարման հանձնարարականներով, ակրեդիտիվով, ինկասո հաշվարկներ, չեկերով, վճարային քարտերով, ինչպես նաև օրենքով նախատեսված ու դրան համապատասխան բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով սահմանված այլ ձևերով հաշվարկներ:
2. Պայմանագրի կողմերն իրավունք ունեն ընտրել և պայմանագրով սահմանել սույն հոդվածի 1-ին կետում նշված հաշվարկների ցանկացած ձևը:
§ 2. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 931. | Ընդհանուր դրույթներ վճարման հանձնարարականներով հաշվարկների մասին |
1. Վճարման հանձնարարականներով հաշվարկներ կատարելիս բանկը պարտավորվում է վճարողի հանձնարարությամբ նրա հաշվում եղած միջոցներից որոշակի գումարը, օրենքով կամ դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով նախատեսված ժամկետում, փոխանցել նույն կամ այլ բանկում վճարողի նշած անձի հաշվին, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ բանկային հաշվի պայմանագրով կամ սահմանված չէ բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
2. Սույն պարագրաֆի կանոնները կիրառվում են տվյալ բանկում հաշիվ չունեցող անձի դրամական միջոցները բանկի միջոցով փոխանցելու հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ չի բխում այդ հարաբերությունների էությունից:
3. Վճարման հանձնարարականներով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
Հոդված 932. | Բանկի կողմից վճարման հանձնարարականը կատարելու պայմանները |
1. Վճարման հանձնարարականի և դրա հետ ներկայացվող հաշվարկային փաստաթղթերի բովանդակությունը և դրանց ձևը պետք է համապատասխանեն օրենքով սահմանված և դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված պահանջներին:
2. Վճարման հանձնարարականը սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու դեպքում բանկը կարող է ճշգրտել դրա բովանդակությունը: Վճարողին նման հարցումը պետք է արվի հանձնարարականն ստանալուց հետո անհապաղ: Օրենքով կամ դրան համապատասխան բանկային կանոններով նախատեսված ժամկետում, իսկ նման ժամկետի բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, պատասխան չստանալու դեպքում, բանկը կարող է չկատարել հանձնարարականը և այն վերադարձնել վճարողին, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով կամ բանկի ու վճարողի միջև կնքված պայմանագրով:
3. Վճարողի հանձնարարականը բանկը կատարում է վճարողի հաշվում միջոցների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ վճարողի և բանկի միջև պայմանագրով: Բանկը հանձնարարականները կատարում է` պահպանելով հաշվից դրամական միջոցներ դուրս գրելու հաջորդականությունը (հոդված 923):
Հոդված 933. | Հանձնարարականի կատարումը |
1. Բանկը, ընդունելով վճարման հանձնարարականը, պարտավոր է համապատասխան դրամական գումարը փոխանցել միջոցներ ստացող բանկին` այդ գումարը սույն օրենսգրքի 931 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում հանձնարարականում նշված անձի հաշվին մուտքագրելու համար:
2. Բանկն իրավունք ունի հաճախորդի հանձնարարականում նշված դրամական միջոցների փոխանցման գործառնությունների կատարման համար ներգրավել այլ բանկեր:
3. Բանկը պարտավոր է վճարողի պահանջով նրան անհապաղ ծանուցել հանձնարարականի կատարման մասին: Հանձնարարականի կատարման մասին ծանուցման բովանդակությանն առաջադրվող պահանջները և դրա ձևակերպման կարգը սահմանվում են օրենքով, դրան համապատասխան նախատեսված բանկային կանոններով կամ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 934. | Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար |
1. Հաճախորդի հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխում նախատեսված հիմքերով և չափերով:
2. Այն դեպքերում, երբ հանձնարարականը չկատարելը կամ անպատշաճ կատարելը տեղի է ունեցել վճարողի հանձնարարականը կատարելու համար ներգրավված բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնները խախտելու հետևանքով, դատարանը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվությունը կարող է դնել այդ բանկի վրա:
3. Եթե բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնների խախտումը հանգեցրել է դրամական միջոցներն ապօրինի պահելուն, բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով:
§ 3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱԿՐԵԴԻՏԻՎՈՎ
Հոդված 935. | Ընդհանուր դրույթներ ակրեդիտիվով հաշվարկների մասին |
1. Ակրեդիտիվով հաշվարկներ կատարելիս ակրեդիտիվ բացելու մասին` վճարողի հանձնարարությամբ գործող բանկը (էմիտենտ բանկը) պարտավորվում է միջոցներ վճարել ստացողին կամ վճարել, ակցեպտավորել կամ հաշվառել նրա փոխանցելի մուրհակը (վճարագիրը) կամ լիազորել այլ բանկի (կատարող բանկին) միջոցներ վճարելու ստացողին կամ վճարելու, ակցեպտավորելու կամ հաշվառելու փոխանցելի մուրհակը (վճարագիրը):
Ստացողին վճարող կամ նրան փոխանցելի մուրհակը (վճարագիրը) վճարող, ակցեպտավորող կամ հաշվառող էմիտենտ բանկի նկատմամբ կիրառվում են կատարող բանկի մասին կանոնները:
2. Ակրեդիտիվով հաշվարկների իրականացումը կարգավորվում է օրենքով, ինչպես նաև դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
Հոդված 936. | Հետ կանչվող ակրեդիտիվ |
1. Հետ կանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որն էմիտենտ բանկը կարող է փոփոխել կամ վերացնել առանց միջոցներ ստացողին նախապես ծանուցելու: Ակրեդիտիվի հետ կանչելը էմիտենտ բանկի համար որևէ պարտավորություն չի ստեղծում միջոցներ ստացողի հանդեպ:
2. Կատարող բանկը պարտավոր է հետ կանչվող ակրեդիտիվով վճարել կամ այլ գործառնություններ կատարել, եթե դրանց կատարման պահին ծանուցում չի ստացել ակրեդիտիվի պայմանների փոփոխության կամ վերացման մասին:
3. Ակրեդիտիվը հետ կանչվող է համարվում, եթե ուղղակիորեն այլ բան նախատեսված չէ դրա տեքստում:
Հոդված 937. | Հետ չկանչվող ակրեդիտիվ |
1. Հետ չկանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որը չի կարող վերացվել կամ փոփոխվել առանց միջոցներ ստացողի համաձայնության:
2. Էմիտենտ բանկի խնդրանքով ակրեդիտիվային գործառնությանը մասնակցող կատարող բանկը կարող է հաստատել հետ չկանչվող ակրեդիտիվը (հաստատված ակրեդիտիվ): Նման հաստատումը նշանակում է էմիտենտ բանկի պարտավորության հանդեպ կատարող բանկի կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարելու լրացուցիչ պարտավորության ստանձնում:
3. Կատարող բանկի հաստատած հետ չկանչվող ակրեդիտիվը չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց կատարող բանկի համաձայնության:
Հոդված 938. | Ակրեդիտիվի կատարումը |
1. Միջոցներ ստացողն ակրեդիտիվի կատարման համար կատարող բանկին է ներկայացնում ակրեդիտիվի բոլոր պայմանները հավաստող փաստաթղթեր: Այդ պայմաններից թեկուզև մեկի խախտման դեպքում ակրեդիտիվը չի կատարվում:
2. Եթե կատարող բանկն ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարել է կամ կատարել է այլ գործառնություն, էմիտենտ բանկը պարտավոր է հատուցել ակրեդիտիվի կատարման հետ կապված նրա կրած ծախսերը: Նշված, ինչպես նաև ակրեդիտիվի կատարման հետ կապված էմիտենտ բանկի մյուս ծախսերը հատուցում է վճարողը:
Հոդված 939. | Փաստաթղթերն ընդունելուց հրաժարվելը |
1. Եթե կատարող բանկը հրաժարվում է ընդունել իրենց արտաքին հատկանիշներով ակրեդիտիվի պայմաններին չհամապատասխանող փաստաթղթերը, նա պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել միջոցներն ստացողին և էմիտենտ բանկին` նշելով հրաժարվելու պատճառները:
2. Եթե էմիտենտ բանկը, ստանալով կատարող բանկի ընդունած փաստաթղթերը, գտնում է, որ դրանք իրենց արտաքին հատկանիշներով չեն համապատասխանում ակրեդիտիվի պայմաններին, իրավունք ունի հրաժարվել դրանք ընդունելուց և կատարող բանկից պահանջել ակրեդիտիվի պայմանների խախտմամբ միջոցներ ստացողին վճարված գումարը, իսկ չծածկված ակրեդիտիվով` հրաժարվել վճարված գումարները հատուցելուց:
Հոդված 940. | Բանկի պատասխանատվությունն ակրեդիտիվի պայմանները խախտելու համար |
1. Ակրեդիտիվի պայմանները խախտելու համար վճարողի առջև պատասխանատվություն է կրում էմիտենտ բանկը, իսկ էմիտենտ բանկի առջև` կատարող բանկը, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները վճարելուց անհիմն հրաժարվելու դեպքում միջոցներ ստացողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
3. Կատարող բանկի կողմից ծածկված կամ հաստատված ակրեդիտիվով դրամական միջոցները ակրեդիտիվի պայմանները խախտելու հետևանքով ոչ ճիշտ վճարելու դեպքում վճարողի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
Հոդված 941. | Ակրեդիտիվը փակելը |
1. Կատարող բանկն ակրեդիտիվը փակում է`
1) ակրեդիտիվի ժամկետի ավարտով.
2) ակրեդիտիվը մինչև դրա ժամկետի ավարտն օգտագործելուց հրաժարվելու մասին միջոցներ ստացողի դիմումով, եթե ակրեդիտիվի պայմաններով նախատեսված է հրաժարվելու հնարավորություն.
3) ակրեդիտիվը լրիվ կամ մասնակի հետ կանչելու մասին վճարողի պահանջով, եթե նման հետ կանչելը հնարավոր է ըստ ակրեդիտիվի պայմանների:
Կատարող բանկն ակրեդիտիվը փակելու մասին պետք է տեղյակ պահի էմիտենտ բանկին:
2. Ծածկված ակրեդիտիվի չօգտագործված գումարն ակրեդիտիվը փակելիս անհապաղ վերադարձվում է էմիտենտ բանկին: Էմիտենտ բանկը պարտավոր է վերադարձված գումարը մուտքագրել վճարողի հաշվում, որից դեպոնավորվել էին միջոցները:
§ 4. ԻՆԿԱՍՈ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 942. | Ընդհանուր դրույթներ ինկասո հաշվարկների մասին |
1. Ինկասո հաշվարկների դեպքում բանկը (էմիտենտ բանկ) պարտավորվում է հաճախորդի հանձնարարությամբ ու նրա հաշվին կատարել վճարողից վճար և (կամ) վճարի ակցեպտ ստանալու գործողություններ:
2. Էմիտենտ բանկը, ստանալով հաճախորդի հանձնարարությունը, այն կատարելու համար իրավունք ունի ներգրավել այլ բանկ (կատարող բանկ):
Ինկասո հաշվարկներ իրականացնելու կարգը կարգավորվում է օրենքով, դրան համապատասխան սահմանված բանկային կանոններով և բանկային գործունեության մեջ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:
3. Հաճախորդի հանձնարարությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում էմիտենտ բանկը նրա առջև պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխով նախատեսված հիմքերով և չափով:
4. Եթե հաճախորդի հանձնարարությունը չկատարելը կամ անպատշաճ կատարելը կատարող բանկի կողմից հաշվարկային գործառնություններ կատարելու կանոնների խախտման հետևանք է, ապա հաճախորդի առջև պատասխանատվությունը կարող է դրվել այդ բանկի վրա:
5. Ինկասո հաշվարկների հետ կապված հարաբերությունները, սույն օրենսգրքով չկարգավորված մասով, կարգավորվում են օրենքով:
Հոդված 943. | Ինկասո հանձնարարություն կատարելը |
1. Որևէ փաստաթղթի բացակայության կամ փաստաթղթերի արտաքին հատկանիշների ինկասո հանձնարարությանն անհամապատասխանության դեպքում կատարող բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ ծանուցել այն անձին, ումից ստացվել է ինկասո հանձնարարությունը: Նշված թերությունները չվերացվելու դեպքում բանկն իրավունք ունի առանց կատարելու հետ վերադարձնել փաստաթղթերը:
2. Փաստաթղթերը վճարողին ներկայացվում են այն ձևով, որով դրանք ստացվել են, բացառությամբ ինկասո գործառնությունները ձևակերպելու համար անհրաժեշտ բանկերի նշումների և մակագրությունների:
3. Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման ըստ ներկայացման, կատարող բանկը պետք է ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո անհապաղ վճարի դրանք:
Եթե փաստաթղթերը ենթակա են վճարման այլ ժամկետում, կատարող բանկն ինկասո հանձնարարությունն ստանալուց հետո փաստաթղթերն անհապաղ պետք է ներկայացնի ակցեպտի` վճարողի ակցեպտն ստանալու համար, իսկ վճարի պահանջը պետք է կատարվի ոչ ուշ, քան փաստաթղթում նշված վճարման ժամկետի վրա հասնելը:
4. Մասնակի վճարները կարող են ընդունվել բանկային կանոններով սահմանված դեպքերում կամ ինկասո հանձնարարության մեջ հատուկ թույլտվության առկայությամբ:
5. Կատարող բանկը պետք է ստացված (ինկասավորված) գումարներն անհապաղ հանձնի էմիտենտ բանկի տնօրինությանը, որը պարտավոր է այդ գումարները մուտքագրել հաճախորդի հաշվում: Կատարող բանկն իրավունք ունի իրեն հասանելիք վարձատրությունը և ծախսերի հատուցումը պահել ինկասավորված գումարներից:
Հոդված 944. | Կատարված գործառնությունների մասին ծանուցելը |
1. Եթե վճարը և (կամ) ակցեպտը չեն ստացվել, կատարող բանկը պարտավոր է անհապաղ ծանուցել էմիտենտ բանկին` չվճարելու կամ ակցեպտից հրաժարվելու պատճառների մասին:
Էմիտենտ բանկը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հաճախորդին` նրանից ցուցումներ խնդրելով հետագա գործողությունների վերաբերյալ:
2. Բանկային կանոններով սահմանված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում հետագա գործողությունների վերաբերյալ ցուցումներ չստանալու դեպքում կատարող բանկն իրավունք ունի էմիտենտ բանկին վերադարձնել փաստաթղթերը:
§ 5. ՉԵԿԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 945. | Ընդհանուր դրույթներ չեկերով հաշվարկների մասին |
1. Չեկով (հոդված 155) հաշվարկներ կատարելիս չեկով վճարող կարող է լինել միայն այն բանկը, որտեղ չեկ տվողն ունի միջոցներ, և որոնք նա իրավունք ունի տնօրինել չեկ ներկայացնելով:
2. Մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը չի թույլատրվում այն հետ կանչել:
3. Չեկ տալը չի մարում այն դրամական պարտավորությունը, ի կատարումն որի տրված է չեկը:
4. Վճարային շրջանառության մեջ չեկերը օգտագործելու կարգը և պայմանները կարգավորվում են սույն օրենսգրքով, իսկ դրանով չկարգավորված մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
(945-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-153-Ն)
Հոդված 946. | Չեկի ռեկվիզիտները |
1. Չեկը պետք է պարունակի`
1) «չեկ» անվանումը.
2) հանձնարարություն վճարողին` որոշակի դրամական գումար վճարելու մասին.
3) վճարողի անվանումը և այն հաշվի նշումը, որից պետք է կատարվի վճարումը.
4) վճարման արժույթի նշումը.
5) չեկը կազմելու տարվա, ամսվա, ամսաթվի և տեղի նշումը.
6) չեկը դուրս գրող անձի` չեկը տվողի ստորագրությունը:
Փաստաթուղթը, որում բացակայում է նշված վավերապայմաններից որևէ մեկը, չեկ չէ:
Չեկը, որը չի պարունակում նշում այն կազմելու տեղի մասին, համարվում է ստորագրված չեկ տվողի գտնվելու վայրում:
Տոկոսների մասին ցուցումը համարվում է չգրված:
2. Չեկի ձևը և դրա լրացման կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան սահմանված բանկային կանոններով:
(946-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-153-Ն)
Հոդված 947. | Չեկը վճարելը |
1. Չեկը վճարվում է չեկ տվողի միջոցներից:
Միջոցների դեպոնավորման դեպքում չեկը ծածկելու համար միջոցների դեպոնավորման կարգը և պայմանները սահմանվում են բանկային կանոններով:
2. Չեկը ենթակա է վճարման` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետում այն վճարման ներկայացնելու պայմանով:
3. Չեկով վճարողը պարտավոր է իրեն մատչելի բոլոր եղանակներով հավաստիանալ չեկի իսկության մեջ, ինչպես նաև այն բանում, որ չեկ ներկայացնողը դրանով լիազորված անձն է:
Փոխանցագրված չեկը վճարելիս վճարողը պարտավոր է ստուգել փոխանցագրերի իսկությունը, սակայն պարտավոր չէ պարզել փոխանցագրողների ստորագրությունների ճշտությունը:
4. Վճարողի կողմից կեղծ, հափշտակված կամ կորցրած չեկ վճարելու հետևանքով ծագած վնասները կրում է վճարողը կամ չեկ տվողը, կախված այն բանից, թե ում մեղքով են դրանք պատճառվել:
5. Չեկ վճարած անձն իրավունք ունի պահանջել, որ իրեն տրվի չեկը` վճարն ստանալու մասին ստորագրությամբ:
(947-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-153-Ն)
Հոդված 948. | Իրավունքները չեկով փոխանցելը |
1. Իրավունքները չեկով փոխանցվում են սույն օրենսգրքի 149 հոդվածով սահմանված կարգով` սույն հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ:
2. Անվանական չեկը չի կարող փոխանցվել:
3. Փոխանցվող չեկի վրա կատարված վճարն ստանալու մասին փոխանցագիրն ստացականի ուժ ունի:
Վճարողի կողմից կատարված փոխանցագիրն անվավեր է:
Փոխանցագրով ստացված փոխանցվող չեկի տերը համարվում է դրա օրինական տիրապետողը, եթե իր իրավունքը հիմնավորում է փոխանցագրերի անընդմեջ շարքով:
Հոդված 949. | Վճարելու երաշխիքը |
1. Չեկով վճարը կարող է լրիվ կամ մասնակի երաշխավորվել ավալի միջոցով:
Չեկով վճարի երաշխիք (ավալ) կարող է տալ ցանկացած անձ, բացի վճարողից:
2. Ավալը դրվում է չեկի երեսին կամ լրացուցիչ թերթիկի վրա` «Համարել ավալ» մակագրությամբ ու նշումով, թե ում կողմից և ում համար է տրվել: Եթե չի նշված, թե ում համար է տրված, համարվում է, որ ավալը տրված է չեկ տվողի համար:
Ավալն ստորագրում է ավալիստը` իր բնակության վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով, իսկ եթե ավալիստն իրավաբանական անձ է` նրա գտնվելու վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով:
3. Ավալիստն ավալն ստացողի հետ համապարտ պատասխանատվություն է կրում:
Ավալիստի պարտավորությունն իրական է նույնիսկ այն դեպքում, եթե պարտավորությունը, որը նա երաշխավորել է որևէ հիմքով, բացի ձևը պահպանելուց, եղել է անվավեր:
4. Ավալիստը, վճարելով չեկը, ձեռք է բերում չեկից բխող իրավունքներն այն անձի հանդեպ, ում համար նա տվել է երաշխիք և այն անձանց, ովքեր պարտավոր են երաշխիք ստացածի հանդեպ:
Հոդված 950. | Չեկն ինկասավորելը |
1. Չեկի տիրոջը սպասարկող բանկին վճար ստանալու համար չեկն ինկասո ներկայացնելը համարվում է չեկը վճարման ներկայացնել:
Չեկը վճարվում է սույն օրենսգրքի 943 հոդվածով սահմանված կարգով:
2. Ինկասավորված չեկով չեկի տիրոջ հաշվում միջոցները փոխանցվում են վճարողից վճար ստանալուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ չեկի տիրոջ և բանկի միջև պայմանագրով:
Հոդված 951. | Չեկը վճարելուց հրաժարվելը հավաստելը |
1. Չեկը վճարելուց հրաժարվելը պետք է հավաստվի հետևյալ եղանակներից մեկով`
1) նոտարի կողմից բողոքարկելով կամ օրենքով սահմանված կարգով հավասարանշանակ ակտ կազմելով.
2) չեկը վճարելուց հրաժարվելու մասին դրա վրա վճարողի մակագրությամբ` վճարման ներկայացնելու տարվա, ամսվա և ամսաթվի նշումով.
3) ինկասավորող բանկի մակագրությամբ` տարվա, ամսվա և ամսաթվի նշումով այն մասին, որ չեկը ժամանակին ներկայացվել է, սակայն չի վճարվել:
2. Բողոքը կամ դրան հավասարազոր ակտը պետք է կազմվի մինչև չեկը ներկայացնելու ժամկետի ավարտը:
Եթե չեկը ներկայացվել է ժամկետի վերջին օրը, բողոքը կամ դրան հավասարազոր ակտը կարող է կազմվել հաջորդ աշխատանքային օրը:
Հոդված 952. | Չեկը չվճարելու մասին ծանուցելը |
1. Չեկի տերը պարտավոր է բողոքի կամ դրան հավասարազոր ակտ կազմելու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, չվճարելու մասին ծանուցել իր փոխանցագրողին և չեկ տվողին:
2. Յուրաքանչյուր փոխանցագրող ծանուցումն ստանալու օրվանից հետո` հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում, պետք է ստացված ծանուցման մասին տեղեկացնի իր փոխանցագրողին: Նույն ժամկետում ծանուցում է ուղարկվում այդ անձի համար ավալ տվողին:
Նշված ժամկետում ծանուցում չուղարկած անձը չի կորցնում իր իրավունքները, սակայն հատուցում է չեկը չվճարելու մասին չծանուցելու հետևանքով առաջացած վնասները: Հատուցվելիք վնասների չափը չի կարող գերազանցել չեկի գումարը:
Հոդված 953. | Չեկը չվճարելու հետևանքները |
1. Վճարողի կողմից չեկը վճարելուց հրաժարվելու դեպքում չեկի տերն իրավունք ունի իր ընտրությամբ հայց հարուցել ընդդեմ չեկով պարտավոր մեկ, մի քանի կամ բոլոր անձանց (չեկ տվողի, ավալիստի, փոխանցագրողների), որոնք նրա հանդեպ կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Չեկի տերն իրավունք ունի նշված անձանցից պահանջել վճարելու չեկի գումարը, վճար ստանալու իր ծախսերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան տոկոսներ:
Նույնպիսի իրավունք պատկանում է չեկով պարտավոր անձին այն բանից հետո, երբ նա վճարել է չեկը:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց դեմ չեկի տիրոջ հայցը կարող է ներկայացվել չեկը վճարման ներկայացնելու ժամկետի ավարտից վեց ամսվա ընթացքում: Պարտավոր անձանց միջև միմյանց հանդեպ հայցերով հետադարձ պահանջները մարվում են վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ համապատասխան պարտավոր անձը բավարարել է պահանջը կամ նրա դեմ հայց հարուցելու օրվանից:
Գ Լ ՈՒ Խ 52
ԳՈՒՅՔԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Հոդված 954. | Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր |
1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով մեկ կողմը (կառավարման հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի):
Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:
2. Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս այդ գույքի նկատմամբ, հավատարմագրային կառավարման պայմանագրին համապատասխան և ի շահ շահառուի, կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ:
Գույքի հավատարմագրային կառավարմանն ուղղված առանձին գործողությունների նկատմամբ օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել սահմանափակումներ: Գույքի հավատարմագրային կառավարման ժամկետները սահմանվում են հավատարմագրային կառավարման պայմանագրով, եթե գույքի առանձին տեսակների համար օրենքով սահմանված չեն պայմանագրի գործողության նվազագույն կամ առավելագույն ժամկետներ:
3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հանձնված գույքի հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես նման գույքի կառավարիչ: Այդ պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունները կատարելիս հավատարմագրային կառավարիչը մյուս կողմին տեղեկացրել է որպես հավատարմագրային կառավարիչ` դրանք կատարելու մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարչի անունից կամ անվանումից հետո արվել է «Հ. Կ.» նշումը:
4. Հավատարմագրային կառավարչի գործողությունների մասին ցուցումի բացակայության դեպքում նա երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և նրանց առջև պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:
(954-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 955. | Հավատարմագրային կառավարման օբյեկտը |
1. Հավատարմագրային կառավարման օբյեկտ կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք:
2. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
(955-րդ հոդվածը փոփ., խմբ. 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 956. | Կառավարման հիմնադիր |
Հավատարմագրային կառավարման հիմնադիրը գույքի սեփականատերն է, իսկ սույն օրենսգրքի 968 հոդվածով նախատեսված դեպքերում` այլ անձը:
Հոդված 957. | Հավատարմագրային կառավարիչ |
1. Հավատարմագրային կառավարիչը կարող է լինել անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն:
2. Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարումն իրականացվում է օրենքով նախատեսված հիմքերով, հավատարմագրային կառավարիչ կարող է լինել ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կամ ոչ առևտրային կազմակերպությունը:
3. Գույքը ենթակա չէ փոխանցման պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի հավատարմագրային կառավարմանը:
4. Հավատարմագրային կառավարիչը գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով չի կարող լինել շահառու:
Հոդված 958. | Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի էական պայմանները |
1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրում պետք է նշվեն`
1) հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմը.
2) իրավաբանական անձի անվանումը կամ քաղաքացու անունը` ի շահ որի իրականացվում է գույքի կառավարումը.
3) կառավարչի վարձատրության չափը և ձևը, եթե պայմանագրով նախատեսված է վարձատրություն.
4) պայմանագրի գործողության ժամկետը:
2. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
(958-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 959. | Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի ձևը |
1. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
3. Անշարժ գույքի նկատմամբ հավատարմագրային կառավարման իրավունքը ենթակա է պետական գրանցման:
Հոդված 960. | Հավատարմագրային կառավարման հանձնված գույքն առանձնացնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 961. | Գրավ դրված գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 962. | Հավատարմագրային կառավարչի իրավունքները և պարտականությունները |
1. Հավատարմագրային կառավարիչն օրենքով և գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված շրջանակներում հավատարմագրային կառավարմանը հանձնված գույքի նկատմամբ իրականացնում է սեփականատիրոջ լիազորություններ: Հավատարմագրային կառավարիչը կարող է անշարժ գույքը տնօրինել հավատարմագրային կառավարման պայմանագրով նախատեսված դեպքերում:
2. Գույքի հավատարմագրային կառավարման հետ կապված գործողությունների արդյունքում հավատարմագրային կառավարչի ձեռք բերած իրավունքները ներառվում են հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում: Հավատարմագրային կառավարչի նման գործողությունների արդյունքում առաջացած պարտականությունները կատարվում են այդ գույքի հաշվին:
3. Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման ներքո գտնվող գույքի նկատմամբ իր իրավունքների պաշտպանության համար իրավունք ունի պահանջել վերացնելու դրանց ամեն տեսակի խախտումները (274, 275, 277 և 278 հոդվածներ):
4. (մասն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
(962-րդ հոդվածը փոփ. 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 963. | Գույքը հավատարմագրային կառավարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումն այլ անձի հանձնարարելը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 964. | Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 965. | Հավատարմագրային կառավարչի վարձատրությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 966. | Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարելը |
1. Բացի պարտավորությունների դադարման ընդհանուր հիմքերից, գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարում է նաև որպես հետևանք`
1) շահառու քաղաքացու մահվան կամ շահառու իրավաբանական անձի լուծարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
2) շահառուի կողմից պայմանագրով ստացվող օգուտներից հրաժարվելու, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով.
3) հավատարմագրային կառավարիչ-քաղաքացու մահվան, նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ ճանաչելու.
4) հավատարմագրային կառավարչի կամ կառավարման հիմնադրի կողմից հավատարմագրային կառավարումից հրաժարվելու` կապված հավատարմագրային կառավարչի կողմից գույքի հավատարմագրային կառավարումն անձամբ իրականացնելու անհնարինության հետ.
5) պայմանագրից կառավարման հիմնադրի հրաժարվելու` հավատարմագրային կառավարչին այդ կապակցությամբ պայմանագրով պայմանավորված գումարը վճարելու պայմանով.
6) կառավարման հիմնադրին սնանկ ճանաչելու.
7) հավատարմագրային կառավարման պայմանագրի ժամկետը լրանալու:
2. Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրից կողմերից մեկի հրաժարվելու դեպքում մյուս կողմը, պայմանագիրը դադարելուց երեք ամիս առաջ, պետք է ծանուցվի այդ մասին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
3. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը դադարելու դեպքում հավատարմագրային կառավարման հանձնված գույքը փոխանցվում է կառավարման հիմնադրին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
(966-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 967. | Արժեթղթերը հավատարմագրային կառավարման հանձնելը |
(հոդվածն ուժը կորցրել է 01.03.17 ՀՕ-68-Ն)
Հոդված 968. | Գույքի հավատարմագրային կառավարումն օրենքով նախատեսված հիմքերով |
1. Գույքի հավատարմագրային կառավարում կարող է սահմանվել`
1) խնամարկյալի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության հետևանքով` սույն օրենսգրքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում.
2) կտակի հիման վրա, որում նշանակված է կտակակատար.
3) օրենքով նախատեսված այլ հիմքերով:
2. Սույն գլխով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով հիմնադրված գույքի հավատարմագրային կառավարման հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի բխում նման հարաբերությունների էությունից:
Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարում սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով, սույն գլխի կանոններով նախատեսված` կառավարման հիմնադրի իրավունքները համապատասխանաբար պատկանում են խնամակալության և հոգաբարձության մարմնին, կտակակատարին կամ օրենքում նշված այլ անձի:
Գ Լ ՈՒ Խ 52.1
ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
(գլուխը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)
Հոդված 968.1.
Ֆոնդի կառավարման պայմանագիրը
1. Ֆոնդի կառավարման պայմանագրով մեկ կողմը (ֆոնդի մասնակիցը) մյուս կողմի (ֆոնդի կառավարչի) հրապարակած ֆոնդի կանոնների համաձայն` դրամական միջոցներ կամ այլ գույք է տրամադրում նրան, իսկ մյուս կողմը պարտավորվում է համապատասխան վճարի դիմաց միավորել այդ գույքը համապատասխան ֆոնդի գույքին և կառավարել ֆոնդը օրենքին, այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան: Ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի կառավարման պայմանագրով, դրամական միջոցներից բացի, թույլատրելի է տրամադրել միայն այնպիսի տեսակի գույք, որում, տվյալ ֆոնդի կանոնների համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել:
2. Ֆոնդը միասնական կանոնների ներքո միավորված և սույն գլխով նախատեսված իրավական ռեժիմով օժտված ակտիվների համախումբ է:
3. Օրենքին համապատասխան` ֆոնդը կարող է բաժանվել առանձին ակտիվների համախմբերի (ենթաֆոնդ), որոնք ունեն գործունեության միասնական կանոններ և միմյանցից տարբերվում են իրենց ներդրումային քաղաքականությամբ, եկամուտների բաշխման քաղաքականությամբ, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարներով, իրենց ակտիվների արժույթով, կառավարչի պարգևավճարով կամ դրանց համակցությամբ:
4. Ֆոնդում դրամական միջոցների կամ այլ գույքի ներդրմամբ դադարում է ֆոնդի մասնակցի սեփականության իրավունքն այդ միջոցների և այդ գույքի նկատմամբ, և նա ձեռք է բերում ընդհանուր բաժնային սեփականության իրավունք ֆոնդի (ենթաֆոնդի) բոլոր ակտիվների նկատմամբ` իր ներդրմանը համապատասխան որոշվող բաժնեմասով:
5. Ֆոնդի կառավարիչը ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները ֆոնդի կանոններին համապատասխան և ի շահ մասնակիցների արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, այդ ներդրումների արդյունքում ձևավորված եկամուտը օրենքով և ֆոնդի կանոններով սահմանված կարգով և պայմաններով ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական և փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:
6. Ֆոնդի կառավարիչը ֆոնդի կառավարման հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) կառավարիչ, և որ այդ գործարքներով իր ստանձնած պարտավորությունները կատարվում են բացառապես տվյալ ֆոնդի (դրա ենթաֆոնդի) ակտիվների հաշվին: Սույն կետով նախատեսված նշումը կատարվում է կնքվող գործարքի ձևին համապատասխան եղանակով:
7. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված նշման բացակայության դեպքում ֆոնդի կառավարչի կնքած գործարքները երրորդ անձանց համար դիտվում են որպես ֆոնդի կառավարման հետ չկապված, որոնցով ստանձնած պարտավորությունների նկատմամբ չեն տարածվում սույն օրենսգրքի 968.7 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթները:
8. Հրապարակային ֆոնդի և դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
(968.1-ին հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, լրաց., փոփ. 01.03.17 ՀՕ-73-Ն)
Հոդված 968.2.
Ֆոնդի կառավարման օբյեկտը
1. Ֆոնդի ակտիվներն են ֆոնդի մասնակիցների կողմից ներդրված (իսկ սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի դեպքում` ֆոնդի կառավարչի կողմից օրենքով նախատեսված այլ կարգով հավաքագրված) դրամական միջոցները և ֆոնդի կանոններով նախատեսված լինելու դեպքում նաև այնպիսի տեսակի գույքը, որում ներդրումային ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել, այն ակտիվները, որոնցում ներդրվել են այդ միջոցները և կառավարման արդյունքում ստացված եկամուտները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ:
2. Ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվները ֆոնդի մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականությունն են: Ընդ որում, ֆոնդի մասնակցի` ֆոնդի (ենթաֆոնդի) ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը սահմանափակվում է այդ իրավունքը հավաստող իրեն պատկանող ֆոնդի փայի օտարման և իրավահաջորդության կարգով փոխանցելու, ֆոնդի ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից շահաբաժիններ ստանալու, ֆոնդի դադարման դեպքում ֆոնդի ակտիվներից իր մասնաբաժինն ստանալու, ինչպես նաև օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված դեպքերում ֆոնդի ակտիվների կառավարմանն առնչվող հարցերով որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքներով:
3. Օրենքով և այլ իրավական ակտերով կարող են պահանջներ սահմանվել ֆոնդերի (ենթաֆոնդերի) համար:
(968.2-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն, 01.03.17 ՀՕ-73-Ն)
Հոդված 968.3. | Ֆոնդի մասնակիցը |
Ֆոնդի մասնակիցը ֆոնդի փայը ձեռք բերած անձն է:
Հոդված 968.4. | Ֆոնդի կանոնները |
1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխան կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն կետով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, (հոդված 444): Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):
2. Ֆոնդի կանոնները առնվազն ներառում են նաև`
1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, ներառյալ՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները.
2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման կարգը և պայմանները (ներառյալ` դրանց տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաև հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը և ժամկետները).
2.1) գույքի դիմաց փայ ձեռք բերելու հնարավորության տրամադրման դեպքում՝ գույքի այն տեսակները, որոնց դիմաց կարելի է ձեռք բերել տվյալ ֆոնդի փայերը, այդ գույքի գնահատման կարգը, որը կապահովի գնահատման օբյեկտիվություն.
3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը և պայմանները.
4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը.
5) ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները.
6) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.
7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):
3. Սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի կանոնների նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, և դրանցում ներառման ենթակա պայմանները սահմանվում են օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Այդ ֆոնդերի կանոնների հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագրեր չեն կնքվում:
(968.4-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-253-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-73-Ն)
Հոդված 968.5. | Ֆոնդի կառավարման պայմանագրի ձևը |
Ֆոնդի կառավարման պայմանագիրը կնքվում է ֆոնդի մասնակցի կողմից ֆոնդի փայի ձեռքբերմամբ:
Հոդված 968.6. | Ֆոնդի ակտիվների առանձնացումը |
1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում:
2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով:
3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ այն գործարքներով ստանձնած պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ և կնքվել են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, ներառյալ` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:
5.
(հոդվածը 11.04.24 ՀՕ-187-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
Հոդված 968.7. | Ֆոնդի կառավարչի իրավունքները և պարտականությունները |
1. Ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ ֆոնդի կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:
2. Ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով ֆոնդի կառավարչի ձեռք բերած գույքը և այլ իրավունքները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում: Սույն կետով նախատեսված գործողությունների հետևանքով առաջացած պարտականությունները կատարվում են բացառապես ֆոնդի ակտիվների հաշվին, բացառությամբ սույն օրենսգրքի 968.9 հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
3. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է`
1) ֆոնդի կառավարման իր պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով ֆոնդի մասնակիցների շահերից, իրականացնել իր իրավունքները և կատարել իր պարտականությունները բարեխղճորեն ու ողջամիտ կերպով, պատշաճ մասնագիտական մակարդակով (ֆիդուցիար պարտականություն).
2) ձեռնպահ մնալ իր և ֆոնդի մասնակիցների միջև շահերի բախման առարկա համարվող գործարքների կնքումից՝ դրա անհնարինության դեպքում նախապատվությունը տալով վերջինների շահերին.
3) իր գործունեության իրականացման ընթացքում ձեռնարկել բավարար միջոցներ իր և ֆոնդի մասնակիցների, ինչպես նաև վերջինների և իր այլ հաճախորդների միջև շահերի հնարավոր բախումները կանխելու համար, իսկ դրա անհնարինության դեպքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ դրանք նվազեցնելու համար:
4. Ֆոնդի կառավարիչը իր կողմից կառավարվող ֆոնդի կառավարման համար խոչընդոտներ առաջանալու դեպքում պարտավոր է պահանջել վերացնել դրանք (274, 275, 277 և 278 հոդվածներ): Ընդ որում, սույն կետով նախատեսված խոչընդոտների վերացման հետ կապված ֆոնդի կառավարչի ստացած հատուցումները ներառվում են ֆոնդի ակտիվների կազմում:
5. Ֆոնդի կառավարիչը օրենքով, այլ իրավական ակտերով և (կամ) ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում ֆոնդի և դրա կառավարման հետ կապված գործողությունների մասին հաշվետվություն է ներկայացնում ֆոնդի մասնակիցներին:
6. Օրենքով ֆոնդի կառավարչին կարող են ներկայացվել պահանջներ և նրանց համար սահմանվել լրացուցիչ պարտականություններ:
(968.7-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-253-Ն)
Հոդված 968.8. | Ֆոնդի կառավարման գործառույթների պատվիրակումը |
Ֆոնդի կառավարիչը կարող է ֆոնդի կառավարման գործառույթների մի մասը պատվիրակել երրորդ անձին` առավել արդյունավետ կառավարման նպատակով, եթե այդպիսի հնարավորություն նախատեսված է ֆոնդի կանոններով: Այդ դեպքում ֆոնդի կառավարիչը շարունակում է պատասխանատվություն կրել պատվիրակված գործառույթները պատշաճ կերպով և բարեխղճորեն իրականացնելու համար:
Հոդված 968.9. | Ֆոնդի կառավարչի պատասխանատվությունը |
1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ, երբ կառավարիչը գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել: Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասները հատուցվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Ֆոնդի կանոնների խախտմամբ կնքված գործարքով պարտավորությունները կատարվում են ֆոնդի կառավարչի հաշվին: Եթե գործարքին մասնակցող երրորդ անձինք չգիտեին և չպետք է իմանային նշված խախտման մասին, ապա սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով կնքված գործարքից ծագած պարտավորությունները կատարվում են ֆոնդի ակտիվների հաշվին, իսկ դրանց անբավարար լինելու դեպքում` ֆոնդի կառավարչի հաշվին: Այդ դեպքում ֆոնդի մասնակիցները, իսկ օրենքով նախատեսված դեպքում նաև այլ անձինք ձեռք են բերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգով հատուցում պահանջելու իրավունք:
3. Եթե սույն գլխով այլ բան նախատեսված չէ, ապա ֆոնդի կառավարման կապակցությամբ ծագած պարտավորությունների մարման համար ֆոնդի ակտիվների անբավարարության դեպքում բռնագանձումը կարող է տարածվել ֆոնդի կառավարչի գույքի վրա միայն վերջինիս կողմից համապատասխան գործարքով իր պարտականությունների կատարման ժամանակ անբարեխղճություն կամ ոչ պատշաճ ողջախոհություն դրսևորելու դեպքում:
(968.9-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-253-Ն, լրաց., փոփ. 12.11.12 ՀՕ-216-Ն, փոփ. 01.03.17 ՀՕ-73-Ն)
Հոդված 968.10.
Ֆոնդի կառավարման պայմանագրի փոփոխումը
1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը փոփոխվում է ֆոնդի կանոնների փոփոխության միջոցով:
2. Ֆոնդի կանոնների փոփոխությունն իրականացնում է ֆոնդի կառավարիչը` ֆոնդի մասնակիցների առնվազն մեծամասնության համաձայնությամբ: Ընդ որում, ֆոնդի կանոնների` իր իրավունքների սահմանափակմանը հանգեցնող փոփոխության կամ այլ էական փոփոխության համար իր համաձայնությունը չտված ֆոնդի մասնակիցն իրավունք ունի ողջամիտ ժամկետում լուծելու ֆոնդի կառավարման պայմանագիրը:
3. Ֆոնդի մասնակցի պահանջով դատարանի վճռի հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագիրը կարող է փոփոխվել ֆոնդի կառավարչի փոփոխության ձևով վերջինիս կողմից օրենքով, այլ իրավական ակտերով կամ ֆոնդի կանոններով սահմանված իր պարտականությունների էական խախտման դեպքում:
Հոդված 968.11. | Ֆոնդի կառավարման պայմանագրի դադարումը |
1. Ֆոնդի կառավարման պայմանագիրը դադարում է որպես հետևանք`
1) ֆոնդի փայի օտարման, ներառյալ` հետգնման (ֆոնդի կառավարման պայմանագրի լուծում).
2) ֆոնդի դադարեցման:
2. Ֆոնդը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
1) երբ լրացել է ֆոնդի կանոններով նախատեսված դրա գործելու ժամկետը.
2) երբ լուծարման, մահվան կամ օրենքով կամ ֆոնդի կանոններով նախատեսված այլ հիմքերով ֆոնդի կառավարումն իրականացնող անձն ազատվել է ֆոնդի կառավարման պարտականություններն իրականացնելուց և չի փոխարինվել այլ անձով.
3) օրենքով և ֆոնդի կանոններով նախատեսված այլ դեպքերում:
3. Ֆոնդի դադարեցումը իրականացվում է այնպիսի ժամկետներում (առնվազն երկու ամսվա ընթացքում) և այնպիսի կարգով (համապատասխան հրապարակայնության ապահովմամբ), որ ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը իրական հնարավորություն ունենան այդ գործարքներով իրենց պահանջները ներկայացնելու ֆոնդի ակտիվների նկատմամբ: Ֆոնդի դադարեցումից հետո ֆոնդի կառավարման հետ կապված գործարքներով պարտատերերը նշված գործարքներով իրենց պահանջները կարող են ներկայացնել ֆոնդի կառավարչի գույքի նկատմամբ միայն այն դեպքում, եթե վերջինս չի ապահովել ֆոնդի դադարեցման կարգի նկատմամբ սույն կետով նախատեսված պահանջները:
4. Ֆոնդի դադարեցման հիմքով ֆոնդի կառավարման պայմանագրի դադարման դեպքում ֆոնդի կառավարման արդյունքում առաջացած բոլոր պահանջները սույն գլխով նախատեսված կարգով ֆոնդի ակտիվների հաշվին կատարվելուց հետո ֆոնդի (ենթաֆոնդի) մնացած ակտիվները բաշխվում են ֆոնդի (տվյալ ենթաֆոնդի) մասնակիցների միջև ֆոնդում նրանց մասնակցության չափին համամասնորեն:
Հոդված 968.12. | Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդերը |
1. Ֆոնդի ստեղծումը կարող է նախատեսվել նաև օրենքով: Ընդ որում, օրենքով կարող է նախատեսվել, որ այդ ֆոնդում ներդրում իրականացնող անձինք ֆոնդի մասնակիցներ չեն, և ֆոնդի ակտիվների նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է ֆոնդի կառավարչին կամ այլ անձի, ներառյալ` պետությանը:
2. Ֆոնդի կառավարիչը օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդը կառավարում է ֆոնդի ակտիվները հավաքագրելու, այդ ակտիվները օրենքին, դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ֆոնդի կանոններին համապատասխան արժեթղթերում և (կամ) այլ գույքում ներդնելու, ֆոնդի ակտիվները օրենքով նախատեսված նպատակներին ուղղելու, ինչպես նաև դրանց հետ կապված այլ իրավաբանական ու փաստացի գործողություններ իրականացնելու միջոցով:
3. Օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի կառավարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, 968.6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 968.7 հոդվածի 2-րդ և 4-րդ կետերով, 968.8 հոդվածով և 968.9 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված կանոնները:
4. Օրենքով կարող են սահմանվել օրենքի հիման վրա ստեղծված ֆոնդի միջոցների օգտագործման լրացուցիչ սահմանափակումներ, ներառյալ` ֆոնդի կառավարման հետ կապված գործողությունների հետևանքով առաջացած պարտավորությունների կատարման այլ կարգ:
(968.12-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-69-Ն)
(գլուխը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)
Գ Լ ՈՒ Խ 53
ՀԱՄԱԼԻՐ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ (ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ)
Հոդված 969. | Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագիրը |
1. Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (այսուհետ` համալիր թույլտվություն) պայմանագրով մեկ կողմը (իրավատերը) պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին (օգտագործողին) իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:
Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի և առևտրային փորձի համալիրի որոշակի ծավալի (մասնավորապես, օգտագործման նվազագույն և (կամ) առավելագույն ծավալի սահմանման միջոցով) օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում (վաճառել իրավատիրոջից ստացված կամ օգտագործողի կողմից արտադրված ապրանքները, իրականացնել այլ առևտրային գործունեություն, կատարել աշխատանքներ, մատուցել ծառայություններ):
2. Համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:
Հոդված 970. | Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը |
(վերնագիրը խմբ. 03.06.20 ՀՕ-297-Ն)
1. Համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում է գրավոր:
Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է:
2. (մասն ուժը կորցրել է 03.06.20 ՀՕ-297-Ն)
3. Այն դեպքերում, երբ համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում (կնքվել) է մտավոր սեփականության այնպիսի պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ, որի համար իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է համապատասխան արտոնագիր կամ վկայագիր, համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման գյուտերի, արդյունաբերական դիզայնների ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում։
Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո:
Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ:
(970-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն, խմբ., փոփ. 03.06.20 ՀՕ-297-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 971. | Համալիր ենթաթույլտվություն |
1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել օգտագործողի իրավունքն իրավատիրոջ հետ համաձայնեցված կամ համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված ենթաթույլտվության պայմաններով այլ անձանց թույլատրել օգտագործելու իրեն տրամադրված բացառիկ իրավունքների համալիրը կամ դրա մի մասը: Պայմանագրում կարող է նախատեսվել օգտագործողի պարտականությունը` ենթաթույլտվության պայմաններով նշված իրավունքներն օգտագործելու իրավունքը որոշակի ժամկետի ընթացքում տրամադրել որոշակի թվով անձանց:
Համալիր ենթաթույլտվության պայմանագիրը չի կարող կնքվել ավելի երկար ժամկետով, քան համալիր թույլտվության այն պայմանագիրը, որի հիման վրա այն կնքվել է:
2. Եթե համալիր թույլտվության պայմանագիրն անվավեր է, ապա անվավեր են նաև դրա հիման վրա կնքված համալիր ենթաթույլտվության պայմանագրերը:
3. Ժամկետով կնքված համալիր թույլտվության պայմանագիրը վաղաժամկետ դադարելու դեպքում համալիր ենթաթույլտվության պայմանագրով երկրորդական իրավատիրոջ (համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողի) իրավունքները և պարտականությունները փոխանցվում են իրավատիրոջը, եթե վերջինս չի հրաժարվում այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականություններն ստանձնելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Այս կանոնը համապատասխանաբար կիրառվում է առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագիրը լուծելու դեպքում:
4. Օգտագործողը սուբսիդիար պատասխանատվություն է կրում երկրորդական օգտագործողների գործողություններով իրավատիրոջը պատճառված վնասի համար, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:
5. Համալիր ենթաթույլտվության պայմանագրի նկատմամբ կիրառվում են համալիր թույլտվության պայմանագրի մասին` սույն գլխով նախատեսված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ, այլ բան չի բխում ենթաթույլտվության առանձնահատկություններից:
Հոդված 972. | Վարձատրությունը համալիր թույլտվության պայմանագրով |
Համալիր թույլտվության պայմանագրով օգտագործողը կարող է իրավատիրոջը վարձատրել որոշակի միանվագ կամ պարբերական վճարների, հասույթից մասհանումների, իրավատիրոջ կողմից վերավաճառքի համար փոխանցված գույքի մեծածախ գնի և հավելագնի տարբերության կամ պայմանագրով նախատեսված այլ ձևերով:
Հոդված 973. | Իրավատիրոջ պարտականությունները |
1. Իրավատերը պարտավոր է`
1) օգտագործողին փոխանցել տեխնիկական և առևտրային փաստաթղթեր, նրան տրամադրել համալիր թույլտվության պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործողին և նրա աշխատողներին հրահանգավորել այդ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով.
2) օգտագործողին հանձնել պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները)` ապահովելով դրանց ձևակերպումը սահմանված կարգով:
2. Եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով, իրավատերը պարտավոր է`
1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքի պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս).
2) օգտագործողին մշտական տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ցույց տալ` ներառյալ նրա աշխատողների ուսուցման ու որակավորման բարձրացման ուղղությամբ աջակցությունը.
3) վերահսկել համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակը:
(973-րդ հոդվածը խմբ. 03.06.20 ՀՕ-297-Ն)
Հոդված 974. | Օգտագործողի պարտականությունները |
Հաշվի առնելով համալիր թույլտվության պայմանագրով իրականացվող գործունեության բնույթը և առանձնահատկությունները` օգտագործողը պարտավոր է`
1) պայմանագրով նախատեսված գործունեությունն իրականացնելիս պայմանագրում սահմանված ձևով օգտագործել իրավատիրոջ ֆիրմային անվանումը.
2) ապահովել պայմանագրի հիման վրա իր կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի համապատասխանությունն իրավատիրոջ կողմից արտադրվող, կատարվող կամ մատուցվող նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների որակին.
3) անշեղորեն կատարել իրավատիրոջ հրահանգները և ցուցումները, որոնք ուղղված են բացառիկ իրավունքների համալիրի օգտագործման բնույթի, եղանակների ու պայմանների համապատասխանության ապահովմանն իրավատիրոջ կատարածին` ներառյալ օգտագործվող առևտրային մակերեսների արտաքին ու ներքին ձևավորմանը վերաբերող ցուցումները.
4) գնորդներին (պատվիրատուներին) մատուցել բոլոր այն լրացուցիչ ծառայությունները, որոնք նրանք կարող էին ստանալ ապրանքը (աշխատանքը, ծառայությունը) անմիջապես իրավատիրոջից ձեռք բերելու (նրան պատվիրելու) դեպքում.
5) չհրապարակել իրավատիրոջ արտադրության գաղտնիքները և նրանից ստացած այլ առևտրային գաղտնի տեղեկատվությունը.
6) տրամադրել նախապես պայմանավորված քանակի ենթաթույլտվություններ, եթե այդպիսի պարտականություն նախատեսված է պայմանագրով.
7) գնորդներին (պատվիրատուներին)` նրանց համար առավել ակնառու եղանակով տեղեկացնել, որ ինքն իրավատիրոջ ֆիրմային անվանումը, ապրանքային նշանը, սպասարկման նշանը կամ անհատականացման այլ միջոցն օգտագործում է համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա:
Հոդված 975. | Կողմերի իրավունքների սահմանափակումը համալիր թույլտվության պայմանագրով |
1. Համալիր թույլտվության պայմանագրով կարող է նախատեսվել կողմերի իրավունքների սահմանափակում: Մասնավորապես, կարող են նախատեսվել`
1) իրավատիրոջ պարտավորությունը` այլ անձանց չտրամադրել բացառիկ իրավունքների նույնանման համալիրներ` դրանք օգտագործողին ամրացված տարածքում օգտագործելու համար կամ ձեռնպահ մնալ այդ տարածքում նույնանման սեփական գործունեությունից.
2) օգտագործողի պարտավորությունը` չմրցակցել իրավատիրոջ հետ այն տարածքում, որի վրա տարածվում է համալիր թույլտվության պայմանագրի գործողությունը.
3) օգտագործողի հրաժարվելը` իրավատիրոջ մրցակիցներից (հնարավոր մրցակիցներից) համալիր թույլտվության պայմանագրով նույնանման իրավունքներ ձեռք բերելուց.
4) օգտագործողի պարտավորությունը` իրավատիրոջ հետ համաձայնեցնել պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքներն իրականացնելու դեպքում օգտագործվող առևտրային շինությունների տեղաբաշխումը, ինչպես նաև դրանց արտաքին և ներքին ձևավորումը:
Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, այլ շահագրգիռ մարմնի կամ անձի պահանջով, եթե դրանք հակասում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը:
2. Առոչինչ են համարվում համալիր թույլտվության պայմանագրով կողմերի իրավունքները սահմանափակող այն պայմանները, որոնց ուժով`
1) իրավատերն իրավունք ունի որոշել օգտագործողի կողմից վաճառվող ապրանքի կամ օգտագործողի կատարած աշխատանքի, մատուցած ծառայության գինը կամ այդ գների վերին կամ ներքին սահմանը.
2) օգտագործողն իրավունք ունի ապրանքներ վաճառել, աշխատանքներ կատարել կամ ծառայություններ մատուցել բացառապես գնորդների (պատվիրատուների) որոշակի խմբին կամ պայմանագրով որոշված տարածքում գտնվելու վայր (բնակության վայր) ունեցող գնորդներին (պատվիրատուներին):
(975-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-100-Ն)
Հոդված 976. | Իրավատիրոջ պատասխանատվությունն օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում |
1. Համալիր թույլտվության պայմանագրով` օգտագործողի կողմից վաճառվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների որակի անհամապատասխանության վերաբերյալ օգտագործողին պահանջներ ներկայացնելու դեպքում իրավատերը կրում է սուբսիդիար պատասխանատվություն:
2. Օգտագործողին` որպես իրավատիրոջ արտադրանքը (ապրանքը) արտադրողի, պահանջներ ներկայացնելու դեպքում իրավատերը նրա հետ միասին կրում է համապարտ պատասխանատվություն:
Հոդված 977. | Համալիր թույլտվության պայմանագիրը նոր ժամկետով կնքելու օգտագործողի նախապատվության իրավունքը |
1. Պայմանագրի ժամկետը լրանալիս իր պարտականությունները պատշաճ կատարած օգտագործողն այլ հավասար պայմաններում նոր ժամկետով պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի մյուս անձանց նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով:
2. Օգտագործողը պարտավոր է իրավատիրոջը գրավոր տեղեկացնել նման պայմանագիր կնքելու իր ցանկության մասին` համալիր թույլտվության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում նման ժամկետ նշված չէ, ապա պայմանագրի ժամկետի ավարտից առաջ` ողջամիտ ժամկետում:
3. Նոր ժամկետով համալիր թույլտվության պայմանագիր կնքելիս պայմանագրի պայմանները կարող են փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
Հոդված 978. | Համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելը |
1. Համալիր թույլտվության պայմանագիրը կարող է փոփոխվել սույն օրենսգրքի 30 գլխով նախատեսված կանոններին համապատասխան:
2. Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագրի փոփոխվելը վկայակոչել միայն այդ փոփոխությունը սույն օրենսգրքի 970-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով գրանցելուց հետո, եթե չեն ապացուցում, որ երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար պայմանագրի փոփոխման մասին:
(978-րդ հոդվածը փոփ. 03.06.20 ՀՕ-297-Ն)
Հոդված 979. | Համալիր թույլտվության պայմանագրի դադարելը |
1. Առանց ժամկետի նշման կնքված համալիր թույլտվության պայմանագրի յուրաքանչյուր կողմը ցանկացած ժամանակ իրավունք ունի հրաժարվել պայմանագրից` մյուս կողմին այդ մասին վեց ամիս առաջ ծանուցելով, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:
2. Ժամկետի նշումով կնքված համալիր թույլտվության պայմանագրի վաղաժամկետ լուծումը, ինչպես նաև առանց ժամկետի նշման կնքված պայմանագրի լուծումը ենթակա են գրանցման` սույն օրենսգրքի 970-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
3. Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է:
4. Համալիր թույլտվության պայմանագիրը դադարում է իրավատիրոջը կամ օգտագործողին սնանկ ճանաչելու դեպքում:
(979-րդ հոդվածը փոփ. 03.06.20 ՀՕ-297-Ն)
Հոդված 980. | Համալիր թույլտվության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխվելու դեպքում |
1. Օգտագործողին տրամադրված բացառիկ իրավունքների համալիրի մեջ մտնող որևէ բացառիկ իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համար: Նոր իրավատերը դառնում է այդ պայմանագրի կողմ` փոխանցված բացառիկ իրավունքին վերաբերող իրավունքների և պարտականությունների մասով:
2. Իրավատիրոջ մահվան դեպքում համալիր թույլտվության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, պայմանով, որ նա գրանցված է կամ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր: Հակառակ դեպքում` պայմանագիրը դադարում է:
Նոտարի նշանակած կառավարիչն իրականացնում է մահացած իրավատիրոջ իրավունքները և կատարում է նրա պարտականությունները մինչև ժառանգի կողմից այդ իրավունքները և պարտականություններն ընդունելը կամ մինչև ժառանգի` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելը:
Հոդված 981. | Իրավատիրոջ ֆիրմային անվանումը փոփոխվելու հետևանքները |
Իրավատիրոջ կողմից իր ֆիրմային անվանումը, որի օգտագործման իրավունքը բացառիկ իրավունքների համալիրի մասն է կազմում, փոփոխելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը գործում է նոր իրավատիրոջ ֆիրմային անվանման նկատմամբ, եթե օգտագործողը չի պահանջում պայմանագրի լուծում և վնասների հատուցում: Պայմանագրի գործողությունը շարունակվելու դեպքում օգտագործողն իրավունք ունի պահանջել համաչափ նվազեցնելու իրավատիրոջը հասանելիք վարձատրությունը:
Հոդված 982. | Համալիր թույլտվության պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքը դադարելու հետևանքները |
Եթե համալիր թույլտվության պայմանագրի գործողության ժամանակահատվածում լրացել է այդ պայմանագրով տրամադրված բացառիկ իրավունքի գործողության ժամկետը կամ նման իրավունքը դադարել է այլ հիմքով, համալիր թույլտվության պայմանագիրը շարունակում է գործել, բացառությամբ դադարած իրավունքին վերաբերող դրույթների, իսկ օգտագործողն իրավունք ունի պահանջել իրավատիրոջը հասանելիք վարձատրության համաչափ նվազեցում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Իրավատիրոջը պատկանող ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում վրա են հասնում սույն օրենսգրքի 979 հոդվածի 3-րդ կետով և 981 հոդվածով նախատեսված հետևանքները:
Գ Լ ՈՒ Խ 54
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
⚖Հոդված 983. | Ապահովագրությունը, դրա դասակարգումը |
1. Ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
2. Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն:
Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:
3. Եթե որոշակի անձանց վրա օրենքով պարտականություն է դրվում` որպես ապահովադիրներ իրենց կամ շահագրգիռ անձանց հաշվին իրականացնել կյանքի կամ ոչ կյանքի պարտադիր ապահովագրություն, ապա այն իրականացվում է սույն գլխի դրույթներին և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքին համապատասխան պայմանագիր կնքելու միջոցով:
4. Օրենքով կարող են նախատեսվել պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին քաղաքացիների կյանքի և ոչ կյանքի պարտադիր ապահովագրության դեպքեր (պարտադիր պետական ապահովագրություն):
5. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեսակներով, դասերով և դրանց համապատասխան ենթադասերով ապահովագրություն:
(983-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 9831. | Ապահովագրության տարրերը |
1. Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:
2. Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
3. Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
4. Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
5. Ապահովագրական ռիսկն առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
6. Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
7. Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
8. Ապահովագրավճարն ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
9. Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
10. Ապահովագրական սակագինը սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
11. Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են`
1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
(9831-ին հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 984. | Շահեր, որոնց ապահովագրությունը չի թույլատրվում |
1. Չի թույլատրվում`
1) հակաօրինական շահերի ապահովագրությունը.
2) խաղերին, վիճակախաղերին և գրազին մասնակցելու հետևանքով առաջացած վնասների ապահովագրությունը:
2. Սույն հոդվածի 1-ին կետին հակասող` ապահովագրության պայմանագրի պայմաններն առոչինչ են:
Հոդված 985. | Գույքային ապահովագրության պայմանագիր |
Հոդված 986. | Գույքի ապահովագրություն |
Հոդված 987. | Վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրություն |
Հոդված 988. | Պայմանագրով պատասխանատվության ապահովագրությունը |
Հոդված 989. | Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրությունը |
Հոդված 990. | Անձնական ապահովագրության պայմանագիր |
Հոդված 9901. | ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ |
Հոդված 991. | Պարտադիր ապահովագրություն |
Հոդված 992. | Պարտադիր ապահովագրություն իրականացնելը |
Հոդված 993. | Պարտադիր ապահովագրության մասին կանոնները խախտելու հետևանքները |
⚖Հոդված 994. | Ապահովագրողները |
1. Որպես ապահովագրողներ՝ ապահովագրության պայմանագրեր կարող են կնքել ապահովագրության համապատասխան դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
2. Ապահովագրողների և դրանց գործունեության վերաբերյալ պահանջները, դրանց լիցենզավորման, պետական կարգավորման և վերահսկողության իրականացման կարգը սահմանվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
(994-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 995. | Ապահովադրի և շահառուի կողմից ապահովագրության պայմանագրով սահմանված պարտականությունների կատարումը |
1. Հօգուտ շահառուի ապահովագրության պայմանագիր կնքելը, այդ թվում` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է, ապահովադրին չի ազատում այդ պայմանագրով ստանձնած պարտականությունները կատարելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, կամ ապահովադրի պարտականությունները նախապես կատարել է այն անձը, ում օգտին կնքվել է պայմանագիրը:
2. Նախքան ապահովագրական հատուցում կատարելն ապահովագրողն իրավունք ունի շահառուից (ներառյալ` այն դեպքում, երբ շահառուն ապահովագրված անձն է) պահանջելու ապահովագրության պայմանագրով ապահովադիր կողմի (ներառյալ` ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի) ստանձնած պարտականությունների կատարում, որոնք այդ կողմը չի կատարել, սակայն պարտավոր էր կատարել այդ պահի դրությամբ: Եթե շահառուն ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում ստանալու մասին պահանջ է ներկայացնում, ապա ապահովադիր կողմի նախապես կատարման ենթակա պարտականությունները չկատարելու կամ դրանք ժամանակին չկատարելու հետևանքների ռիսկը կրում է շահառուն:
(995-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 996. | Ապահովագրության պայմանագիրը |
1. Ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
2. Ապահովագրության պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ապահովագրության պայմանագրի անվավերությանը: Այդպիսի պայմանագիրն առ ոչինչ է: Օրենքով կարող են նախատեսվել ապահովագրության պայմանագրի կնքման նկատմամբ այլ պահանջներ:
3. Ապահովագրության իրականացման դեպքում ապահովագրության պայմանագրի առկայությունը պարտադիր է: Ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագրին, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի` սույն գլխով և օրենքով սահմանված էական պահանջները:
4. Ապահովագրության պայմանագրի և (կամ) վկայագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում ապահովագրողը պարտավոր է ապահովադրի դիմումով և վերջինիս տրամադրել պայմանագրի և (կամ) վկայագրի կրկնօրինակը:
5. Անձնական ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է մյուս կողմին (ապահովադրին) պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց միանվագ կամ պարբերաբար վճարել պայմանագրով պայմանավորված գումարը (ապահովագրական հատուցումը)` ապահովադրի կամ պայմանագրում նշված այլ քաղաքացու (ապահովագրված անձի) կյանքին կամ առողջությանը կամ աշխատունակությանը վնաս պատճառելու, նրա որոշակի տարիքի հասնելու կամ նրա կյանքում պայմանագրով նախատեսված այլ իրադարձության (ապահովագրական պատահարի) տեղի ունենալու դեպքերում:
Ապահովագրական հատուցում ստանալու իրավունք ունի այն անձը (շահառուն), ում օգտին պայմանագիրը կնքվել է:
Անձնական ապահովագրության պայմանագիրը կնքված է համարվում հօգուտ ապահովագրված անձի (շահառուի), եթե պայմանագրում այլ անձ նշված չէ որպես շահառու: Առանց ապահովագրված անձի գրավոր համաձայնության` ապահովագրված անձ չհանդիսացող ապահովադիրը կամ երրորդ անձն ամեն դեպքում շահառու լինել չի կարող: Ապահովագրված անձի գրավոր համաձայնության բացակայությամբ կնքված ապահովագրության պայմանագիրն առ ոչինչ է:
Ապահովագրված անձի մահվան դեպքում շահառուներ են ճանաչվում ապահովագրված անձի ժառանգները: Ապահովագրության պայմանագրով կարող են նախատեսվել ապահովագրված անձի մահվան դեպքում շահառու հանդիսացող այլ անձինք, եթե ապահովագրության պայմանագրով ապահովադիր է հանդիսանում ապահովագրված անձը:
6. Գույքի ապահովագրության պայմանագրով մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրավճարի) դիմաց պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական պատահարը) տեղի ունենալիս մյուս կողմին (ապահովադրին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին), հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով պատճառված կամ ապահովադրի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)` պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:
Գույքի ապահովագրության պայմանագրով գույքը կարող է ապահովագրվել հօգուտ այն անձի (ապահովադրի կամ շահառուի), որը օրենքի, այլ իրավական ակտի կամ պայմանագրի հիման վրա այդ գույքի պահպանման շահ ունի: Ապահովադրի կամ շահառուի մոտ ապահովագրված գույքի պահպանման նկատմամբ շահագրգռվածության բացակայության դեպքում կնքված գույքի ապահովագրության պայմանագիրն անվավեր է:
7. Ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագրով կարող է ապահովագրվել միայն ապահովադրի ձեռնարկատիրական ռիսկը, և տվյալ պայմանագրով շահառու կարող է հանդիսանալ միայն ապահովադիրը: Ապահովադիր չհամարվող անձի ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրության պայմանագիրն առոչինչ է:
8. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքները ապահովագրության պայմանագիր չեն հանդիսանում:
(996-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն)
Հոդված 997. | Ապահովագրությունը գլխավոր ապահովագրության պայմանագրով |
1. Որոշակի ժամանակահատվածի ընթացքում և միանման պայմաններով միատարր ապահովագրության օբյեկտի տարբեր խմբաքանակների պարբերական ապահովագրությունը նույն ապահովագրողի մոտ կարող է ապահովագրողի և ապահովադրի համաձայնությամբ իրականացվել մեկ ապահովագրության պայմանագրի՝ գլխավոր պայմանագրի հիման վրա:
2. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրության գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող ապահովագրության օբյեկտի յուրաքանչյուր խմբաքանակի վերաբերյալ ապահովագրողին, վերջինիս կողմից նախատեսված ժամկետում, իսկ եթե ժամկետ նախատեսված չէ՝ դրանք ստանալիս, անհապաղ հայտնել այդպիսի ապահովագրության պայմանագրով նախատեսված տեղեկությունները: Ապահովադիրը չի ազատվում այդ պարտականությունից նույնիսկ այն դեպքում, երբ այդ տեղեկությունների ստացման պահին ապահովագրողի կողմից վնասների հատուցման անհրաժեշտությունն արդեն վերացել է:
3. Ապահովադրի պահանջով ապահովագրողը պարտավոր է ապահովագրական վկայագրեր տալ գլխավոր պայմանագրի գործողության ներքո ընկնող գույքի առանձին խմբաքանակների վերաբերյալ:
4. Ապահովագրական վկայագրերն ապահովագրության գլխավոր պայմանագրին չհամապատասխանելու դեպքում նախապատվությունը տրվում է ապահովագրական վկայագրին:
(997-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 998. | Ապահովագրության պայմանագրի և վկայագրի պարտադիր պայմանները |
1. Ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են`
1) ապահովագրության օբյեկտը.
2) ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
3) ապահովագրական գումարի չափը.
4) ապահովագրական հատուցման կարգը.
6) ապահովագրավճարի չափը.
7) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները.
8) վնասի գնահատման կարգը.
9) ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:
2. Ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝
1) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
2) ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը.
3) նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության վկայագրի պայմաններին.
4) ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը:
3. Ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները՝
1) ապահովագրության վկայագրի համարը.
2) ապահովագրողի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն.
3) ապահովադրի շահառուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը.
4) ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը.
5) ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը.
6) ապահովադրի ստորագրությունը (եթե ապահովադիրը իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին.
7) ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը.
8) ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը.
9) ապահովագրական գումարի չափը.
10) ապահովագրական պատահարը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը.
11) ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները:
4. Ապահովագրական պայմանագրերի և վկայագրերի գրանցումը և հաշվառումն իրականացնում է ապահովագրողը: Իրավասու պետական մարմինը կարող է սահմանել ապահովագրության պայմանագրերի և վկայագրերի գրանցման և հաշվառման կարգ:
(998-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-121-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-49-Ն)
Հոդված 999. | Ապահովագրության պայմանագրի պայմաններն ապահովագրության ընդհանուր պայմաններով որոշելը |
1. Պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:
2. Ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին, ընդ որում, պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:
3. Ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:
(999-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1000. | Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադրի կողմից տրամադրվող տեղեկությունները |
1. Ապահովագրության պայմանագիրը կնքելիս ապահովադիրն ապահովագրողի գրավոր պահանջով պարտավոր է նրան գրավոր տեղեկություններ հայտնել ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում հնարավոր վնասի չափը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների երևան գալու` իրեն հայտնի հավանականության մասին, եթե այդ հանգամանքները հայտնի չեն և չէին կարող հայտնի լինել ապահովագրողին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված էական տեղեկություններ բացահայտելու պահանջն ապահովագրողի հայեցողությունն է, և ապահովադիրը նման կոնկրետ պահանջի բացակայության պայմաններում ապահովագրական պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պատասխանատվություն չի կրում տեղեկատվության չբացահայտման համար:
3. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելուց հետո պարզվել է, որ ապահովադիրը սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքների մասին ապահովագրողին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություններ, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և կիրառել սույն օրենսգրքի 313 հոդվածի 2-րդ կետով նախատեսված հետևանքները:
4. Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի որոշակի հարցերին ապահովադրի պատասխանների բացակայությամբ, ապա ապահովագրողը չի կարող հետագայում պահանջել լուծելու պայմանագիրը կամ այն անվավեր ճանաչել` վկայակոչելով ապահովադրի կողմից համապատասխան հանգամանքները չհայտնելու փաստը:
(1000-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 10001. | Ապահովագրական պատահարը |
1. Ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:
2. Պետական մարմինները, կազմակերպությունները և բոլոր այն անձինք, ովքեր տիրապետում են ապահովագրական պատահարի վերաբերյալ տեղեկատվությանը, պարտավոր են ապահովագրական ընկերության պահանջով տրամադրել ապահովագրական պատահարի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, բացառությամբ պետական, բանկային, առևտրային գաղտնիք կազմող և օրենքով սահմանված այլ գաղտնի տեղեկատվության:
3. Ապահովագրական ընկերություններն իրավունք ունեն անձամբ հետաքննելու ապահովագրական պատահարի հանգամանքները կամ ներգրավելու այլ անձանց:
(10001-ին հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 10002. | Ապահովագրական ռիսկի գնահատումը |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովագրողն իրավունք ունի ուսումնասիրելու և զննելու ապահովագրական օբյեկտը, իսկ անհրաժեշտության դեպքում` նշանակելու փորձաքննություն` դրա իրական (շուկայական) արժեքը պարզելու համար:
2. Փորձաքննությունն իրականացվում է ապահովագրության պայմանագրում շահագրգռվածություն չունեցող անձի կողմից նշանակված փորձագետի կամ կողմերից յուրաքանչյուրի նշանակած փորձագետների կողմից:
3. Ապահովագրական օբյեկտի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը պարտադիր ուժ չունի կողմերի համար, եթե ակնհայտ է, որ այն չի համապատասխանում դրա իրական (շուկայական) արժեքին:
(10002-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1001. | Ապահովագրողի` ապահովագրական ռիսկը գնահատելու իրավունքը |
Հոդված 1002. | Ապահովագրության գաղտնիությունը |
Ապահովագրողն իրավունք չունի հրապարակելու իր մասնագիտական գործունեության արդյունքում ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի մասին իրեն հայտնի դարձած տեղեկությունները: Ապահովագրողը ապահովագրության գաղտնիությունը խախտելու համար, կախված խախտված իրավունքների տեսակից և (կամ) դրանց խախտման բնույթից, պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
(1002-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1003. | Ապահովագրական գումարը և ապահովագրական արժեքը |
1. Ապահովագրական գումարի մեծությունը որոշվում է ապահովադրի և ապահովագրողի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն հոդվածով նախատեսված կանոններին համապատասխան:
2. Գույքային ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարը չի կարող գերազանցել պայմանագրի կնքման պահին այդ գույքի իրական (շուկայական) արժեքը: Ապահովագրական արժեքն ապահովագրության պայմանագրի կնքման պահին ապահովագրվող գույքի շուկայական (իրական) արժեքն է:
3. Եթե գույքի ապահովագրական արժեքը որոշելիս մի կողմը տրամադրում է կեղծ տեղեկություններ ապահովագրման ենթակա գույքի իրական արժեքի վերաբերյալ, ապա մյուս կողմն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու հատուցել դրա կապակցությամբ իր կրած վնասները և ծախսերը:
4. Եթե գույքն ապահովագրվել է ապահովագրական արժեքի մի մասով, ապա ապահովադիրը (շահառուն) իրավունք ունի իրականացնելու լրացուցիչ ապահովագրություն նաև այլ ապահովագրողի մոտ, բայց միայն ընդհանուր ապահովագրական գումարի` բոլոր ապահովագրական պայմանագրերով տվյալ գույքի ապահովագրական արժեքը չգերազանցող չափով:
5. Եթե գույքի ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը, ապա գույքին պատճառված վնասը հատուցման է ենթակա միայն ապահովագրական արժեքի չափով: Այդ դեպքում ապահովագրավճարի հավելյալ վճարված մասը չի վերադարձվում:
6. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրին համապատասխան՝ ապահովագրավճարը վճարվում է տարաժամկետ, և մինչև սույն հոդվածի 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու պահն այն լրիվ չի վճարվել, ապա մնացած ապահովագրավճարները պետք է վճարվեն ապահովագրական գումարի նվազեցված չափին համամասնորեն պակասեցված չափով:
7. Եթե ոչ կյանքի գույքային ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարի ավելացումն ապահովադրի խաբեության հետևանքն է, ապա ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անվավեր ճանաչել պայմանագիրը և հատուցելու իրեն պատճառված վնասները՝ ապահովադրից ստացած ապահովագրավճարի գումարը գերազանցող չափով:
8. Սույն հոդվածի 5-7-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են նաև այն դեպքում, երբ ապահովագրական գումարը գերազանցել է ապահովագրական արժեքը՝ երկու կամ մի քանի ապահովագրողների մոտ միևնույն օբյեկտն ապահովագրելու արդյունքում (կրկնակի ապահովագրություն):
Այդ դեպքում յուրաքանչյուր ապահովագրողի կողմից ապահովագրական հատուցման ենթակա գումարը կրճատվում է համապատասխան ապահովագրության պայմանագրի սկզբնական ապահովագրական գումարի նվազեցմանը համամասնորեն:
9. Եթե օբյեկտն ապահովագրվել է տարբեր ապահովագրական ռիսկերից, ինչպես նույն, այնպես էլ առանձին ապահովագրության պայմանագրով, ներառյալ` տարբեր ապահովագրողների հետ կնքված պայմանագրերով, ապա թույլատրվում է բոլոր պայմանագրերով նախատեսված ընդհանուր ապահովագրական գումարի չափի գերազանցում ապահովագրական արժեքից:
Եթե սույն կետին համապատասխան կնքված երկու կամ մի քանի պայմանագրերից բխում է միևնույն ապահովագրական դեպքով վրա հասած միևնույն հետևանքների համար ապահովագրական հատուցում վճարելու` ապահովագրողների պարտականություն, ապա այդպիսի պայմանագրերի նկատմամբ համապատասխան մասով կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ կետերով նախատեսված կանոնները:
10. Եթե ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրական արժեքն էապես տարբերվում է ապահովագրական պատահարի ի հայտ գալու պահին դրա իրական արժեքից, ապա հիմք է ընդունվում իրական արժեքը:
(1003-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 10031. | Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը |
1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.
3) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
4) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
2. Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է ապահովադրին (շահառուին)` նրա մշտական բնակության հասցեով:
(10031-ին հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-69-Ն)
Հոդված 1004. | Գույքի ապահովագրական արժեքը վիճարկելու անթույլատրելիությունը |
Հոդված 1005. | Ոչ լրիվ գույքային ապահովագրություն |
Հոդված 1006. | Լրացուցիչ գույքային ապահովագրություն |
Հոդված 1007. | Ապահովագրական արժեքը գերազանցող ապահովագրության հետևանքները |
Հոդված 1008. | Գույքային ապահովագրությունը տարբեր ապահովագրական ռիսկերից |
Հոդված 1009. | Համատեղ ապահովագրությունը (համաապահովագրությունը) |
1. Ապահովագրական օբյեկտը կարող է ապահովագրվել մեկ ապահովագրության պայմանագրով մի քանի ապահովագրողների կողմից համատեղ (համատեղ ապահովագրություն):
2. Համատեղ ապահովագրության դեպքում պայմանագրով պետք է սահմանվեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքներն ու պարտականությունները: Եթե այդպիսի պայմանագրում որոշված չեն ապահովագրողներից յուրաքանչյուրի իրավունքները և պարտականությունները, ապա նրանք ապահովադրի (ապահովագրված անձի կամ շահառուի) առջև համապարտ պատասխանատվություն են կրում ապահովագրական հատուցում վճարելու համար:
3. Համատեղ ապահովագրության դեպքում պետք է ընտրվի գլխավոր ապահովագրողը: Գլխավոր ապահովագրողը սահմանում է ապահովագրության պայմանները: Գլխավոր ապահովագրողն ապահովադրի հետ հարաբերություններում հանդես է գալիս մյուս ապահովագրողների անունից:
4. Եթե համատեղ ապահովագրության պայմանագրով սահմանված չէ գլխավոր ապահովագրողը, ապա ապահովադիրը կարող է իր հայեցողությամբ համատեղ ապահովագրողներից որևէ մեկին դիտարկի որպես գլխավոր ապահովագրող՝ նրան այդ մասին նախապես ծանուցելով գրավոր:
(1009-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1010. | Ապահովագրավճարը |
1. Ապահովագրավճարի չափը, վճարման կարգը և ժամկետները սահմանվում են ապահովագրության պայմանագրով:
2. Ապահովագրության պայմանագրով վճարման ենթակա ապահովագրավճարի չափը որոշելիս ապահովագրողը, հաշվի առնելով ապահովագրական օբյեկտի և ապահովագրական ռիսկի բնույթը, իրավունք ունի կիրառելու ապահովագրական գումարի միավորից գանձվող ապահովագրավճարը որոշող` իր կողմից հաշվարկված ապահովագրական սակագներ: Օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրավճարի չափը որոշվում է ապահովագրական գործունեություն իրականացնողների նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմնի սահմանած ապահովագրական սակագների հիման վրա:
3. Եթե ապահովագրական պատահարը տեղի է ունեցել մինչև հերթական ապահովագրավճարի վճարումը, որը կետանցվել է, ապա ապահովագրողն իրավունք ունի վճարման ենթակա ապահովագրական հատուցման չափը որոշելիս հաշվանցելու կետանցված ապահովագրական վճարի գումարը:
4. Եթե ապահովագրության պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 14-օրյա ժամկետում ապահովադիրը չի վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը, եթե պայմանագրով նախատեսված չէ այլ ժամկետ կամ ապահովագրավճարի մուծման տարաժամկետման հնարավորություն:
5. Նախքան ապահովագրության պայմանագիր կնքելն ապահովագրողը պարտավոր է ապահովադրին տեղեկացնել սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հետևանքների մասին:
6. Եթե ապահովադիրն ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հերթական ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ապահովագրավճարի վճարման համար սահմանում է լրացուցիչ ժամկետ՝ այդ մասին եռօրյա ժամկետում ծանուցելով ապահովադրին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ծանուցման մեջ պետք է նշվեն լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովագրավճարի չվճարման իրավական հետևանքները:
7. Եթե լրացուցիչ ժամկետի ընթացքում ապահովադիրը չի վճարում ապահովագրավճարը, ապա ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը՝ առանց ապահովադրին այդ մասին ծանուցելու:
8. Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և ապահովադիրը չի վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողն ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրավճարը չի վճարվել իրենից անկախ հանգամանքներում:
9. Եթե ապահովագրության պայմանագրի գործողությունը դադարել է պայմանագիրը վաղաժամկետ լուծելու կամ այլ հիմքով, ապա ապահովագրողն իրավունք ունի ապահովագրավճար պահանջելու միայն մինչև պայմանագրի գործողության դադարումն ընկած ժամանակահատվածի համար:
10. Եթե ապահովադիրն ապահովագրավճարը վճարում է պայմանագրի դադարեցումից կամ ապահովագրավճարի վճարման համար սահմանված ժամկետից հետո` մեկ ամսվա ընթացքում, և մինչև ապահովագրավճար վճարելն ապահովագրական պատահարը չի առաջացել, ապա պայմանագիրը չի համարվում ուժը կորցրած:
11. Ապահովագրական ռիսկի շարունակական նվազեցման դեպքում ապահովադիրն իրավունք ունի պահանջելու նվազեցնել ապահովագրավճարը, ինչը չի տարածվում մինչև այդ պահանջը վճարված կամ վճարվելիք ապահովագրավճարների վրա:
12. Ապահովադրից անկախ հանգամանքներում ապահովագրության օբյեկտի կորստի դեպքում ապահովադիրն ազատվում է ապահովագրավճար վճարելու պարտականությունից, իսկ ապահովագրողը՝ ապահովագրական հատուցում կատարելուց, եթե այդ կորստի ռիսկն ապահովագրության պայմանագրի առարկա չի հանդիսանում:
13. Սույն հոդվածի 2-12-րդ կետերը չեն տարածվում կյանքի ապահովագրության պայմանագրերի վրա:
(վերնագիրը խմբ. 11.06.04 ՀՕ-100-Ն)
(1010-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1011. | Ապահովագրված անձին փոխարինելը |
Ապահովագրության պայմանագրում նշված ապահովագրված անձը կարող է ապահովադրի կողմից փոխարինվել այլ անձով` ապահովագրված անձին այդ մասին գրավոր ծանուցելով:
(1011-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1012. | Շահառուն |
1. Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագիր կնքելու հօգուտ այլ անձի՝ շահառուի: Ապահովադիրն իրավունք ունի ապահովագրության պայմանագրում նշված շահառուին փոխարինելու այլ անձով` այդ մասին գրավոր ծանուցելով ապահովագրողին: Կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովագրված անձի համաձայնությամբ նշանակված շահառուին թույլատրվում է փոխարինել միայն ապահովագրված անձի համաձայնությամբ: Ապահովադրի մահվան դեպքում նրա ժառանգները չեն կարող փոխարինել պայմանագրում նշված շահառուին:
2. Շահառուն չի կարող փոխարինվել այլ անձով այն բանից հետո, երբ նա ապահովագրության պայմանագրով կատարել է որևէ պարտականություն կամ ապահովագրողին պահանջ է ներկայացրել ապահովագրական հատուցում ստանալու համար:
3. Մինչև ապահովագրական պատահարի ի հայտ գալը շահառուի մահվան դեպքում (եթե ապահովագրված չէ նրա կյանքը) ապահովագրական հատուցումը տրվում է շահառուի ժառանգներին, եթե այլ բան սահմանված չէ ապահովագրության պայմանագրով:
4. Եթե կյանքի ապահովագրության պայմանագրով որպես շահառու նշանակվել են մի քանի անձինք, և նրանցից յուրաքանչյուրի հատուցման չափը սահմանված չէ պայմանագրով, ապա ապահովագրական հատուցումը հավասարապես բաշխվում է նրանց միջև:
(1012-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1013. | Ապահովագրության պայմանագրի գործողության սկիզբը |
1. Ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրով կարող է նախատեսվել, որ ապահովագրության պայմանագիրն ուժի մեջ է մտնում ապահովադրի կողմից ապահովագրավճարն ամբողջությամբ կամ պայմանագրով նախատեսված չափով վճարելու պահից:
2. Ապահովագրության պայմանագիրը տարածվում է ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետում տեղի ունեցած ապահովագրական դեպքերի վրա:
(1013-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1014. | Ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարումը և դրա իրավական հետևանքները |
1. Ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ դադարում է, եթե դրա ուժի մեջ մտնելուց հետո վերացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու հնարավորությունը, և ապահովագրական ռիսկի գոյությունը դադարել է ապահովագրական պատահարից տարբեր այլ հանգամանքների բերումով:
2. Ապահովադիրն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը՝ այդ մասին ոչ պակաս, քան տասնհինգ օր առաջ ծանուցելով ապահովագրողին: Օրենքով կարող են սահմանվել պայմանագիրը միակողմանի լուծելու այլ ժամկետներ:
3. Ապահովադիրն իրավունք ունի, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, իր կողմից ապահովագրական պայմանագրի լուծման դեպքում ստանալու՝
1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում՝ պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները.
2) կյանքի ապահովագրության դեպքում՝ ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարները, այլ հատուցումները, եթե այդպիսիք նախատեսված են ապահովագրության պայմանագրով, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը:
4. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ, եթե մյուս կողմը թույլ է տվել ապահովագրության պայմանագրի էական խախտում` խախտումը հայտնաբերելու պահից եռամսյա ժամկետում:
5. Ապահովագրողի կողմից պայմանագրի խախտման համար ապահովադրի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում ապահովադիրն իրավունք ունի, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ստանալու պայմանագրի գործողության ընթացքում իր կողմից վճարված ապահովագրավճարների և ստացած ապահովագրական հատուցումների դրական տարբերությունը: Եթե մինչև սույն կետի համաձայն` պայմանագիրը լուծելու օրն ապահովագրական հատուցում չի կատարվել, ապա ապահովադիրն իրավունք ունի ապահովագրավճարները հետ ստանալու ամբողջությամբ: Եթե պայմանագրի լուծման հիմք հանդիսացած խախտումը պայմանագրով վճարման ենթակա հատուցման ոչ լրիվ կատարումն է, ապա ապահովադիրն իրավունք ունի հետ ստանալու ապահովագրավճարներն ամբողջությամբ:
6. Ապահովադրի կողմից պայմանագրի խախտման համար ապահովագրողի նախաձեռնությամբ պայմանագրի լուծման դեպքում, և եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ՝
1) ոչ կյանքի և կյանքի ռիսկային ապահովագրության դեպքում ապահովադրին չեն վերադարձվում ապահովագրավճարները.
2) կյանքի կուտակային ապահովագրության դեպքում ապահովադրի կողմից վճարված բոլոր ապահովագրավճարները ենթակա են վերադարձման, որից նվազեցվում են ապահովագրության պայմանագրի կնքման և կատարման ծախսերը, վճարված ապահովագրական հատուցումները:
7. Ապահովագրողը չի կարող միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը, եթե՝
1) նա գիտեր կամ կարող էր իմանալ, որ պայմանագրի կնքման պահին ապահովադրի կողմից ներկայացվել են ապակողմնորոշիչ, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություններ.
2) ապահովադրի կողմից ապահովագրության պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտումը կատարվել է ոչ իր մեղքով:
8. Ապահովագրության պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել ապահովադրի կողմից ապահովագրողի ապահովագրական գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
9. Ապահովադիրը և ապահովագրողը կարող են փոխադարձ համաձայնությամբ ցանկացած պահի լուծել ապահովագրության պայմանագիրը:
10. Ապահովագրության պայմանագիրը դադարում է պայմանագրում սահմանված ժամկետը լրանալու ուժով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև սույն օրենսգրքի 27-րդ գլխով նախատեսված դեպքերում, եթե այդ պայմանագրով այլ բան սահմանված չէ:
11. Կամավոր կուտակային կենսաթոշակային ապահովագրության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման առանձնահատկությունները սահմանվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1014-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն, լրաց. 12.11.12 ՀՕ-216-Ն, 21.12.15 ՀՕ-197-Ն)
Հոդված 1015. | Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիս ապահովագրողին հայտնած հանգամանքների` իրեն հայտնի դարձած փոփոխությունների մասին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապես ազդել ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու վրա:
Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում և ապահովադրին տրված ապահովագրական կանոններով նախատեսված փոփոխությունները:
2. Ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքների մասին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջելու փոփոխել ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիսկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրավճար:
3. Ապահովադրի կամ շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը և պահանջելու լուծել ապահովագրության պայմանագիրը և հատուցելու պայմանագրի լուծմամբ իրեն պատճառված վնասները կամ նվազեցնելու հատուցման չափը կամ չնվազեցնելու ապահովագրավճարը:
4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջելու լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքները:
5. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկն աճելու կամ նվազելու` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված իրավական հետևանքներն առաջանում են միայն, եթե դրանք ուղղակիորեն նախատեսված են պայմանագրով:
(1015-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1016. | Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը |
1. Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, որի օգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները և պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, որին փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչև պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները: Այս դեպքում անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:
4. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա՝ ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սույն կետով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողն ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:
(1016-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 1017. | Ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին ապահովագրողին ծանուցելը |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:
Նման պարտականություն կրում է նաև շահառուն, որը տեղյակ է իր օգտին ապահովագրության պայմանագրի կնքված լինելու մասին, եթե նա մտադիր է օգտվել ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու մասին կամ, որ այդ մասին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են կյանքի ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական պատահար է ապահովագրված անձի մահը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով սահմանված ժամկետը չի կարող պակաս լինել երեսուն օրվանից:
(1017-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1018. | Ապահովագրական պատահարից առաջացած վնասները նվազեցնելը |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրական պատահարը վրա հասնելիս ապահովադիրը պարտավոր է ողջամիտ և մատչելի միջոցներ ձեռնարկել հնարավոր վնասները նվազեցնելու համար: Ապահովադիրը նման միջոցներ կիրառելիս պետք է հետևի ապահովագրողի ցուցումներին, եթե դրանց մասին իրեն հայտնվել է:
2. Հատուցման ենթակա վնասները նվազեցնելու նպատակով ապահովագրողի կատարած ծախսերը, եթե այդպիսիք անհրաժեշտ են եղել կամ կատարվել են ապահովագրողի ցուցումներին համապատասխան, հատուցվում են ապահովագրողի կողմից նույնիսկ այն դեպքում, երբ համապատասխան միջոցներն արդյունավետ չեն եղել: Նման ծախսերը հատուցվում են ապահովագրական գումարին ապահովագրական արժեքի հարաբերությանը համամասնորեն, անկախ այն բանից, որ դրանք այլ վնասների հատուցման հետ միասին կարող են գերազանցել ապահովագրական գումարը:
3. Ապահովագրողն ազատվում է ապահովադրի կողմից հնարավոր վնասները նվազեցնելու համար իրեն մատչելի ողջամիտ միջոցները դիտավորյալ չձեռնարկելու հետևանքով առաջացած վնասները հատուցելուց:
(1018-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1019. | Ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի մեղքով ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքները |
1. Ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց, եթե ապահովագրական պատահարը վրա է հասել ապահովադրի, ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորության հետևանքով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
2. Ապահովագրողը չի ազատվում կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար քաղաքացիական պատասխանատվության ապահովագրության պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելուց, եթե վնասը պատճառվել է դրա համար պատասխանատու անձի մեղքով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում վճարելուց, որը կյանքի ապահովագրության պայմանագրով վճարվում է ապահովագրված անձի մահվան դեպքում, եթե վերջինս ինքնասպան է եղել, և ինքնասպանության պահին ապահովագրության պայմանագիրն առնվազն երեք տարի գործել է:
(1019-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1020. | Ապահովագրական հատուցումը և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը |
1. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց, եթե՝
1) ապահովագրական պատահարը առաջացել է որպես հետևանք՝
ա) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության,
բ) ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների,
գ) քաղաքացիական պատերազմի և օրենքով սահմանված այլ դեպքերի.
2) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի` դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
3) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է ապահովագրական ռիսկը գնահատելու համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետևանքով առաջացած վնասների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեսված չէ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով:
3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելու պարտականությունից, եթե՝
1) ապահովադիրն այլ անձի մեղքով խախտել է ապահովագրավճարի հետ չկապված պարտականությունը, և այդ խախտումը չի հանգեցրել ապահովագրական պատահարի կամ այլ վնասի առաջացմանը.
2) ապահովադիրը չի կատարել ապահովագրական ռիսկը նվազեցնելու կամ ապահովագրական ռիսկի մեծացումը կանխելու իր պարտականությունը, և այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցրել ապահովագրական պատահարի առաջացմանը.
3) ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը:
(1020-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 1021. | Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա) |
1. Եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:
2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:
3. Ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:
4. Եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:
(վերնագիրը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն)
(1021-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 10211. | Երրորդ անձի կողմից վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրությունը |
1. Ապահովադիրը կարող է կնքել ապահովագրության պայմանագիր, որով ապահովագրվում է երրորդ անձանց պատճառված վնասի պատասխանատվության ռիսկը:
2. Անձը, որի կողմից պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկն ապահովագրվել է, պետք է նշվի ապահովագրության պայմանագրում: Եթե այդ անձը պայմանագրում նշված չէ, ապա ապահովագրված է համարվում ապահովադրի պատասխանատվության ռիսկը:
3. Ապահովադիրը պարտավոր է ապահովագրված անձին ծանոթացնել ապահովագրության պայմանագրի բովանդակությանը:
4. Պատճառված վնասի համար պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված` հօգուտ այն անձանց, որոնց կարող է վնաս պատճառվել (հօգուտ շահառուների), եթե անգամ պայմանագիրը կնքվել է հօգուտ ապահովադրի կամ պատճառված վնասի համար պատասխանատվություն կրող այլ անձի, կամ պայմանագրում նշված չէ, թե ում օգտին է այն կնքվել:
5. Եթե պատճառված վնասի համար պատասխանատվությունն ապահովագրվել է ապահովագրության պարտադիր լինելու ուժով, ինչպես նաև օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այդպիսի պատասխանատվություն նախատեսող այլ դեպքերում, ապա անձը, որի օգտին ապահովագրության պայմանագիրը համարվում է կնքված, իրավունք ունի ապահովագրված գումարի սահմաններում անմիջականորեն ապահովագրողից պահանջելու հատուցել պատճառված վնասը, բացառությամբ այն վնասների, որոնք ենթակա չեն ապահովագրական ընկերության կողմից հատուցման:
6. Այլ անձի օգտին կնքված պայմանագրով ապահովադրի մահվան կամ առանց իրավահաջորդության նրա գործունեության դադարման դեպքում ապահովագրված անձը հանդիսանում է ապահովադիր, եթե օրենքով կամ ապահովագրության պայմանագրով այլ բան սահմանված չէ:
(10211 -ին հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն, 18.05.10 ՀՕ-69-Ն)
⚖Հոդված 1022. | Հայցային վաղեմությունն ապահովագրության հետ կապված պահանջներով |
1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում, իսկ կյանքի ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել տասը տարվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսում է ապահովագրական պատահարի տեղի ունենալու պահից:
(1022-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1023. | Վերաապահովագրության պայմանագիրը |
1. Մեկ ապահովագրողի կողմից պայմանագրով որոշված պայմաններով ապահովադիրների նկատմամբ ունեցած իր ամբողջ պարտավորությունների կամ դրա մի մասի կատարման հետ կապված ռիսկը կարող է ապահովագրվել այլ ապահովագրողի մոտ:
2. Ապահովագրության պայմանագրով (հիմնական պայմանագրով) վերաապահովագրության պայմանագիր կնքած ապահովագրողը վերաապահովագրության պայմանագրում ապահովադիրն է:
3. Վերաապահովագրության դեպքում ապահովագրության հիմնական պայմանագրով ապահովագրական հատուցում վճարելու համար ապահովադրի առջև պատասխանատվություն է կրում հիմնական պայմանագրով ապահովագրողը:
4. Թույլատրվում է հերթականությամբ կնքել երկու կամ մի քանի վերաապահովագրության պայմանագրեր:
(1023-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
Հոդված 1024. | Պարտադիր ապահովագրությունը |
1. Պարտադիր ապահովագրությունն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացնում է այն անձը (ապահովադիրը), որի վրա օրենքով դրված է այդպիսի ապահովագրության պարտականությունը:
2. Եթե անձը, որի վրա օրենքով դրված է ապահովագրության պարտականությունը, չի իրականացրել այն կամ ապահովագրության պայմանագիրը կնքել է օրենքով սահմանված պայմանների համեմատությամբ շահառուի դրությունը վատթարացնող պայմաններով, ապա ապահովագրական պատահարը վրա հասնելու դեպքում նա պարտավորվում է շահառուին վճարել այն չափի գումար, որը նա կստանար, եթե ապահովագրությունն իրականացվեր պատշաճ կարգով:
(1024-րդ հոդվածը փոփ. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)
⚖Հոդված 1025. | Ապահովագրության ընդհանուր կանոնների կիրառումն ապահովագրության հատուկ տեսակների նկատմամբ |
Սույն գլխով նախատեսված կանոնները կիրառվում են ոչ առևտրային ռիսկերից արտասահմանյան ներդրումների ապահովագրման հարաբերությունների, բժշկական ապահովագրության, բանկային ավանդների ապահովագրության, կենսաթոշակների ապահովագրության, ինչպես նաև ապահովագրության այլ տեսակների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ այդ տեսակների ապահովագրությունների մասին օրենքներով:
Սույն գլխով սահմանված դրույթները կիրառվում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունների նկատմամբ, եթե այլ կարգավորում նախատեսված չէ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սույն օրենսգրքի 995 հոդվածով, 1000 հոդվածի 3-րդ կետով, 1000.1 հոդվածի 1-ին կետով, 1000.2 և 1003.1 հոդվածներով, 1010 հոդվածի 3-րդ և 8-րդ կետերով, 1011 և 1012 հոդվածներով, 1015 հոդվածի 3-րդ կետով, 1017 հոդվածի 2-րդ կետով, 1018 հոդվածի 3-րդ կետով և 1020 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույթները չեն տարածվում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրերի վրա:
(1025-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-69-Ն)
ՎԵՑԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Գ Լ ՈՒ Խ 55
ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Հոդված 1026. | Համատեղ գործունեության պայմանագիր |
1. Համատեղ գործունեության պայմանագրով երկու կամ ավելի անձինք (մասնակիցները) պարտավորվում են միացնել իրենց ավանդները և առանց իրավաբանական անձ կազմավորելու գործել համատեղ` շահույթ ստանալու կամ օրենքին չհակասող այլ նպատակի հասնելու համար:
2. Ձեռնարկատիրական գործունեության համար կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմեր կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները և (կամ) գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիները:
3. Համատեղ գործունեության պայմանագրով կարող է նախատեսվել, որ այն չի բացահայտվում երրորդ անձանց համար (ոչ հրապարակային համատեղ գործունեություն):
4. Համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:
(1026-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-243-Ն)
Հոդված 1027. | Մասնակիցների ավանդները |
1. Մասնակցի ավանդ է համարվում այն ամենը, ինչ նա ներդնում է ընդհանուր գործում` ներառյալ դրամը, այլ գույքը, մասնագիտական և այլ գիտելիքները, ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև գործարար համբավը և գործարար կապերը:
2. Մասնակիցների ավանդները, ըստ դրանց արժեքի, ենթադրվում են հավասար, եթե այլ բան չի բխում համատեղ գործունեության պայմանագրից կամ փաստացի հանգամանքներից: Մասնակիցների ավանդների դրամական գնահատումը կատարվում է նրանց համաձայնությամբ:
Հոդված 1028. | Մասնակիցների ընդհանուր գույքը |
1. Մասնակիցների ներդրած գույքը, որի նկատմամբ մինչև ներդրումը նրանք ունեին սեփականության իրավունք, ինչպես նաև համատեղ գործունեության արդյունքում արտադրված արտադրանքը և այդպիսի գործունեությունից ստացված պտուղներն ու եկամուտները համարվում են նրանց ընդհանուր բաժնային սեփականությունը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ համատեղ գործունեության պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
2. Մասնակիցների ներդրած գույքը, որին նրանք տիրապետում էին սեփականության իրավունքից տարբերվող հիմքերով, օգտագործվում է ի շահ բոլոր մասնակիցների և նրանց ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի հետ միասին կազմում է մասնակիցների ընդհանուր գույքը:
3. Մասնակիցները կարող են ընդհանուր գույքի հաշվապահական հաշվառումը հանձնարարել իրենցից մեկին:
4. Մասնակիցներն ընդհանուր գույքն օգտագործում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում` դատարանով սահմանված կարգով:
5. Ընդհանուր գույքի պահպանման կապակցությամբ մասնակիցների պարտականությունները և այդ պարտականությունները կատարելու հետ կապված ծախսերի հատուցման կարգը որոշվում են համատեղ գործունեության պայմանագրով:
Հոդված 1029. | Մասնակիցների կողմից ընդհանուր գործեր վարելը |
1. Ընդհանուր գործերը վարելիս յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի գործել բոլոր մասնակիցների անունից, եթե համատեղ գործունեության պայմանագրով սահմանված չէ, որ գործերը վարում են համատեղ գործունեության պայմանագրի առանձին մասնակիցներ կամ բոլորը` համատեղ:
Գործերը համատեղ վարելու դեպքում յուրաքանչյուր գործարք կնքելու համար պահանջվում է բոլոր մասնակիցների համաձայնությունը:
2. Երրորդ անձանց հետ հարաբերություններում բոլոր մասնակիցների անունից գործարք կնքելու համար մասնակցի լիազորությունը հավաստվում է մնացած մասնակիցների կողմից նրան տրված լիազորագրով կամ համատեղ գործունեության պայմանագրով:
3. Երրորդ անձանց հետ հարաբերություններում մասնակիցները չեն կարող վկայակոչել մասնակիցների ընդհանուր գործերը վարելու հետ կապված գործարք կնքած մասնակցի իրավունքների սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ապացուցում են, որ գործարքը կնքելու պահին երրորդ անձը գիտեր կամ պետք է իմանար այդպիսի սահմանափակման մասին:
4. Մասնակիցը, ով բոլոր մասնակիցների անունից կնքել է այնպիսի գործարքներ, որոնք կնքելու համար նրա իրավունքը սահմանափակված է, կամ գործարքներ է կնքել իր անունից` ի շահ բոլոր մասնակիցների, կարող է պահանջել հատուցելու իր կատարած ծախսերը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ այդ գործարքները եղել են ի շահ բոլոր մասնակիցների: Այդպիսի գործարքների հետևանքով վնաս կրած մասնակիցները հատուցում պահանջելու իրավունք ունեն:
5. Մասնակիցներն ընդհանուր գործերին վերաբերող որոշումներն ընդունում են ընդհանուր համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով:
Հոդված 1030. | Մասնակցի` տեղեկատվություն ստանալու իրավունքը |
Յուրաքանչյուր մասնակից, անկախ այն բանից, լիազորված է վարել մասնակիցների ընդհանուր գործերը, թե` ոչ, իրավունք ունի ծանոթանալ գործերը վարելու բոլոր փաստաթղթերին: Այդ իրավունքից հրաժարվելը կամ այն սահմանափակելը` ներառյալ մասնակիցների համաձայնությամբ, առոչինչ է:
Հոդված 1031. | Մասնակիցների ընդհանուր ծախսերը և վնասները |
Մասնակիցների համատեղ գործունեության հետ կապված ծախսերը և վնասները ծածկելու կարգը որոշվում է նրանց համաձայնությամբ: Նման համաձայնության բացակայության դեպքում յուրաքանչյուր մասնակից ծախսերը և վնասները կրում է ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամասնորեն:
Մասնակիցներից որևէ մեկին ընդհանուր ծախսերը և վնասները ծածկելու պարտականությունից լիովին ազատող համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 1032. | Մասնակիցների պատասխանատվությունն ընդհանուր պարտավորությունների համար |
1. Եթե համատեղ գործունեության պայմանագիրը կապված չէ դրա մասնակիցների ձեռնարկատիրական գործունեության հետ, յուրաքանչյուր մասնակից ընդհանուր պայմանագրային պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իր ամբողջ գույքով` ընդհանուր գործում իր ավանդի արժեքին համամասնորեն:
Պայմանագրից չծագած ընդհանուր պարտավորություններով մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Եթե համատեղ գործունեության պայմանագիրը կապված է դրա մասնակիցների կողմից ձեռնարկատիրական գործունեության հետ, ապա մասնակիցները համապարտ պատասխանատվություն են կրում բոլոր ընդհանուր պարտավորությունների համար` անկախ դրանց ծագման հիմքերից:
Հոդված 1033. | Շահույթի բաշխումը |
1. Մասնակիցների համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը բաշխվում է ընդհանուր գործում նրանց ավանդի արժեքին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ համատեղ գործունեության պայմանագրով կամ մասնակիցների համաձայնությամբ:
2. Շահույթին մասնակցելուց մասնակիցներից որևէ մեկին զրկելու մասին համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 1034. | Մասնակցի պարտատիրոջ պահանջով նրա բաժինն առանձնացնելը |
Համատեղ գործունեության պայմանագրի մասնակցի պարտատերն իրավունք ունի, սույն օրենսգրքի 200 հոդվածին համապատասխան, պահանջել ընդհանուր գույքից առանձնացնելու այդ մասնակցի բաժինը:
Հոդված 1035. | Համատեղ գործունեության պայմանագրի դադարելը |
1. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարում է որպես հետևանք`
1) մասնակիցներից որևէ մեկին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու, եթե համատեղ գործունեության պայմանագրով կամ դրա մասնակիցների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում.
2) մասնակիցներից որևէ մեկին սնանկ ճանաչելու, սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
3) մասնակցի մահվան կամ համատեղ գործունեության պայմանագրին մասնակցող իրավաբանական անձի լուծարվելու կամ վերակազմակերպվելու, եթե պայմանագրով կամ մասնագետների հետագա համաձայնությամբ նախատեսված չէ պահպանել պայմանագիրը մնացած մասնակիցների հարաբերություններում կամ մահացած մասնակցին (վերակազմակերպված իրավաբանական անձին) փոխարինել նրա ժառանգներով (իրավահաջորդներով).
4) համատեղ գործունեության անժամկետ պայմանագրում հետագա մասնակցությունից մասնակիցներից որևէ մեկի հրաժարվելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
5) մասնակիցներից մեկի պահանջով նրա և մնացած մասնակիցների միջև հարաբերություններում ժամկետով կնքված համատեղ գործունեության պայմանագիրը լուծելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ.
6) համատեղ գործունեության պայմանագրի ժամկետը լրանալու.
7) մասնակցի պարտատիրոջ պահանջով նրա բաժինն առանձնացնելու` սույն կետի 1-ին ենթակետում նշված բացառությամբ:
2. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու դեպքում մասնակիցների ընդհանուր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը փոխանցված գույքն անվճար վերադարձվում է այն տրամադրած մասնակիցներին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
3. Համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու պահից հետո նրա մասնակիցները համապարտ պատասխանատվություն են կրում երրորդ անձանց հանդեպ չկատարված ընդհանուր պարտավորությունների համար:
4. Մասնակիցների ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքը բաժանվում, իսկ նրանց մոտ ծագած պահանջի ընդհանուր իրավունքները բաշխվում են սույն օրենսգրքի 197 հոդվածով սահմանված կարգով:
5. Ընդհանուր սեփականության մեջ անհատապես որոշված գույք ներդրած մասնակիցը համատեղ գործունեության պայմանագիրը դադարելու դեպքում իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու այդ գույքը` մնացած մասնակիցների և պարտատերերի շահերը պահպանելու պայմանով:
Հոդված 1036. | Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելը |
1. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելու մասին մասնակցի դիմումը պետք է տրվի ոչ ուշ, քան պայմանագրից նրա ենթադրվող դուրս գալուց երեք ամիս առաջ:
2. Համատեղ գործունեության անժամկետ պայմանագրից հրաժարվելու իրավունքը սահմանափակելու մասին համաձայնությունն առոչինչ է:
Հոդված 1037. | Համատեղ գործունեության պայմանագրի լուծումը կողմի պահանջով |
Սույն օրենսգրքի 466 հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերի հետ մեկտեղ ժամկետի կամ նպատակի` որպես վերացնող պայմանի նշմամբ կնքված համատեղ գործունեության պայմանագրի կողմն իր և մնացած մասնակիցների միջև եղած հարաբերություններում իրավունք ունի հարգելի պատճառի առկայությամբ պահանջել լուծելու պայմանագիրը` դրա հետևանքով մնացած մասնակիցներին հասցված իրական վնասը հատուցելու պայմանով:
Հոդված 1038. | Մասնակցի պատասխանատվությունը, որի մասնակցությունը համատեղ գործունեության պայմանագրում դադարել է |
Այն դեպքում, երբ համատեղ գործունեության պայմանագիրը չի դադարել դրանում հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին մասնակիցներից որևէ մեկի դիմումի հիման վրա կամ պայմանագրի լուծման մասին մասնակիցներից մեկի պահանջով, անձը, ում մասնակցությունը պայմանագրում դադարել է, պատասխանատվություն է կրում երրորդ անձանց առջև պայմանագրում նրա մասնակցության ժամանակահատվածում ծագած ընդհանուր պարտավորությունների համար այնպես, ինչպես պատասխանատվություն կկրեր, եթե նա մնար համատեղ գործունեության մասնակից:
Հոդված 10381. | Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող քաղաքացիների կողմից կնքվող համատեղ գործունեության պայմանագրի առանձնահատկությունները |
1. Գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելու նպատակով քաղաքացիների կողմից համատեղ գործունեության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Համատեղ գործունեության պայմանագրի կողմերից մեկի պահանջով պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով: Եթե, պայմանագրի համաձայն, մասնակիցների կողմից պետք է ներդրվեն անշարժ գույք կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքներ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման: Նոտարական կարգով վավերացված պայմանագիրն ուժի մեջ է մտնում նոտարական վավերացման պահից, իսկ պայմանագրից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:
3. Պարզ գրավոր ձևով (առանց նոտարական վավերացման) կնքվող համատեղ գործունեության պայմանագիրը պետք է ստորագրեն պայմանագրի բոլոր մասնակիցները (կողմերը), որոնց ստորագրության իսկությունը կարող է հաստատել համայնքի ղեկավարը:
4. Համատեղ գործունեության պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի կողմերը, նրանցից յուրաքանչյուրի կողմից ներդրվող ավանդի (գույք կամ գույքային իրավունք կամ այլ ներդրման) տեսակները, արժեքը, դրանց դրամական գնահատման չափը, ավանդի օգտագործման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող և մասնակիցների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի հաշվապահական հաշվառումը (պայմանագրով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույք նախատեսված լինելու դեպքում) իրականացնող անձինք և նրանց անձնագրային տվյալները, շահույթի բաշխման կարգը, մասնակիցների անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի փոփոխման կարգը, ինչպես նաև օրենքով սահմանված ու կողմերի համաձայնությամբ այլ դրույթներ:
5. Համատեղ գործունեության պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Համատեղ գործունեության պայմանագիրը չի լուծվում, կամ պայմանագրի գործողությունը չի դադարում սույն օրենսգրքի 1035-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, բացառությամբ պայմանագրի ժամկետը լրանալու, ինչպես նաև այն դեպքում, երբ պայմանագրի կողմ մնում է միայն մեկ մասնակից: Պայմանագրի մասնակից կողմի մահվան դեպքում պայմանագրի կողմ կարող է հանդիսանալ նրա ժառանգը:
(10381-ին հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-243-Ն)
ՅՈԹԵՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ
ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Գ Լ ՈՒ Խ 56
ԽԱՂԵՐ ԵՎ ԳՐԱԶ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
⚖Հոդված 1039. | Խաղեր և գրազ կազմակերպելու ու դրանցում մասնակցելու հետ կապված պահանջները |
Քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև սույն օրենսգրքի 1040 հոդվածի 5-րդ կետում նշված պահանջների: «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով նախատեսված ածանցյալ ֆինանսական գործիքների վրա հիմնված պահանջները չեն համարվում ռիսկի վրա հիմնված խաղեր կամ գրազ (մոլեխաղեր), նույնիսկ եթե դրանք պարունակում են խաղերին և (կամ) գրազին (մոլեխաղերին) բնորոշ կամ համանման պայմաններ:
(1039-րդ հոդվածը լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն)
⚖Հոդված 1040. | Պետության և համայնքների կողմից կամ նրանց թույլտվությամբ վիճակախաղեր, տոտալիզատորներ և այլ խաղեր անցկացնելը |
1. Վիճակախաղերի, տոտալիզատորների (փոխադարձ գրազների) և ռիսկի վրա հիմնված այլ խաղերի կազմակերպիչների` Հայաստանի Հանրապետության, համայնքների, լիազորված պետական մարմնի թույլտվություն (լիցենզիա) ստացած անձանց և խաղերի մասնակիցների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա:
2. Խաղեր կազմակերպելու կանոններով նախատեսված դեպքերում խաղերի կազմակերպչի և մասնակցի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տալով:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը կնքելու մասին առաջարկը պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի և դրա չափի մասին:
4. Խաղերի կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում դրանք անցկացնելուց հրաժարվելու դեպքում խաղերի մասնակիցներն իրավունք ունեն կազմակերպչից պահանջել խաղերի վերացմամբ կամ դրանց ժամկետի հետաձգմամբ պատճառված իրական վնասի հատուցում:
5. Վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում:
6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված պարտականությունները խաղերի կազմակերպչի կողմից չկատարվելու դեպքում վիճակախաղում, տոտալիզատորում կամ այլ խաղերում շահած անձն իրավունք ունի խաղերի կազմակերպչից պահանջել վճարելու շահումը` ինչպես նաև հատուցելու կազմակերպչի կողմից պայմանագրի խախտմամբ պատճառված վնասները:
ՈՒԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 57
ՊԱՐԳԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԽՈՍՏՈՒՄ
Հոդված 1041. | Պարգև վճարելու պարտականությունը |
1. Այն անձը, ով հրապարակայնորեն խոստացել է որոշակի օրինաչափ գործողություն կատարելու համար վարձատրելու կամ պարգև տալու (պարգև վճարելու) մասին, պարտավոր է խոստացած պարգևը վճարել հայտարարության մեջ նշված ժամկետում այդ գործողությունը կատարած անձին, որը, մասնավորապես, գտել է հայտարարություն արած անձի կորցրած գույքը կամ տեղեկություններ է հայտնել դրա վերաբերյալ:
2. Պարգև վճարելու պարտականությունը ծագում է, եթե պարգև վճարելու խոստումը հնարավորություն է ընձեռում պարզելու, թե ով է այն խոստացել: Խոստմանն արձագանքած անձն իրավունք ունի պահանջել խոստման գրավոր հավաստում և կրում է նման պահանջը չներկայացնելու հետևանքների ռիսկը, եթե պարզվում է, որ պարգևի մասին հայտարարությունն իրականում չի արել նրանում նշված անձը:
3. Եթե պարգևի հրապարակային խոստման մեջ դրա չափը նշված չէ, այն որոշվում է պարգև խոստացած անձի հետ համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատարանով:
4. Պարգևը վճարելու պարտականությունը ծագում է անկախ այն բանից, համապատասխան գործողությունը կատարվել է արված հայտարարության առնչությամբ, թե անկախ դրանից:
5. Այն դեպքերում, երբ հայտարարությունում նշված գործողությունը կատարել է մի քանի անձ, նրանցից պարգև ստանալու իրավունք ձեռք է բերում նա, ով առաջինն է կատարել համապատասխան գործողությունը:
Եթե հայտարարությունում նշված գործողությունը կատարել է երկու և ավելի անձ, և անհնար է որոշել, թե նրանցից ով է դա առաջինը կատարել, ինչպես նաև այն դեպքում, երբ երկու և ավելի անձինք գործողությունը կատարել են միաժամանակ, պարգևը նրանց միջև բաշխվում է հավասար կամ նրանց միջև համաձայնությամբ նախատեսված այլ չափով, իսկ վեճի դեպքում` դատարանով:
6. Կատարված գործողության համապատասխանությունը հայտարարության մեջ նշված պահանջներին` որոշում է հրապարակային պարգև խոստացած անձը, իսկ վեճի դեպքում` դատարանը, եթե այլ բան նախատեսված չէ պարգևի մասին հայտարարության մեջ և չի բխում դրանում նշված գործողության բնույթից:
Հոդված 1042. | Պարգև վճարելու հրապարակային խոստումը վերացնելը |
1. Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:
2. Պարգևի հրապարակային խոստումը վերացնելը չի ազատում պարգև խոստացած անձին, պարգևի հայտարարության մեջ նշված սահմաններում այն անձանց ծախսերը հատուցելու պարտականությունից, որոնք վերջիններս կրել են հայտարարության մեջ նշված գործողությունները կատարելու առնչությամբ:
Գ Լ ՈՒ Խ 58
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
Հոդված 1043. | Հրապարակային մրցույթ կազմակերպելը |
1. Աշխատանքի լավագույնս կատարման կամ այլ արդյունքների հասնելու համար դրամական վարձատրություն վճարելու կամ այլ պարգև տալու (պարգև վճարելու) մասին հրապարակայնորեն հայտարարություն (հրապարակային մրցույթ) արած անձը պետք է պայմանավորված պարգևը վճարի (հանձնի) մրցույթ անցկացնելու կանոններին համապատասխան հաղթող ճանաչված անձին:
2. Հրապարակային մրցույթը կարող է լինել բաց, եթե դրան մասնակցելու մասին մրցույթի կազմակերպչի առաջարկը, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակված հայտարարության համաձայն, ուղղված է բոլոր ցանկացողներին, կամ փակ, եթե մրցույթին մասնակցելու առաջարկը մրցույթի կազմակերպչի ընտրությամբ ուղղված է անձանց որոշակի շրջանակի:
Բաց մրցույթը կարող է պայմանավորված լինել դրա մասնակիցների որակավորմամբ, որի դեպքում մրցույթի կազմակերպիչը նախնական ընտրություն է կատարում դրան մասնակցելու ցանկություն հայտնած անձանցից:
3. Հրապարակային մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն նախատեսի առաջադրանքի էությունը, աշխատանքների կամ այլ ձեռքբերումների չափանիշները և գնահատման կարգը, դրանց ներկայացման վայրը, ժամկետն ու կարգը, պարգևի չափը և ձևը, ինչպես նաև մրցույթի արդյունքների հրապարակման ժամկետներն ու կարգը:
4. Մրցույթում հաղթածի հետ պայմանագիր կնքելու պարտավորություն պարունակող հրապարակային մրցույթի նկատմամբ կիրառվում են սույն գլխի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 463-465 հոդվածներով:
Հոդված 1044. | Հրապարակային մրցույթի պայմանները փոփոխելը և վերացնելը |
1. Հրապարակային մրցույթ հայտարարած անձն աշխատանքները ներկայացնելու համար սահմանված ժամկետի միայն առաջին կեսի ընթացքում իրավունք ունի փոփոխել դրա պայմանները կամ վերացնել մրցույթը:
2. Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին ծանուցումը պետք է կատարվի մրցույթը հայտարարելու եղանակով:
3. Մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու դեպքում մրցույթ հայտարարած անձը պետք է հատուցի ցանկացած անձի կրած ծախսերը, որը նա կատարել է հայտարարության մեջ նախատեսված աշխատանքի վրա` մինչև այն պահը, երբ իրեն հայտնի է դարձել կամ պետք է հայտնի դառնար մրցույթի պայմանները փոփոխելու կամ վերացնելու մասին:
Մրցույթ հայտարարած անձն ազատվում է ծախսերը հատուցելու պարտականությունից, եթե ապացուցում է, որ նշված աշխատանքը կատարելը կապված չի եղել մրցույթի հետ, մասնավորապես, այն կատարվել է մինչև մրցույթ հայտարարելը կամ ակնհայտորեն չի համապատասխանում մրցույթի պայմաններին:
4. Եթե մրցույթի պայմանները փոփոխելիս կամ մրցույթը վերացնելիս խախտվել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կետերում նշված պահանջները, մրցույթ հայտարարած անձը պետք է պարգևը վճարի նրանց, ովքեր կատարել են հայտարարությունում նշված պայմանները բավարարող աշխատանք:
Հոդված 1045. | Պարգև վճարելու մասին որոշումը |
1. Պարգև վճարելու մասին որոշումը պետք է կայացվի և հրապարակային մրցույթի մասնակիցներին հաղորդվի մրցույթի հայտարարության մեջ սահմանված ժամկետում ու կարգով:
2. Եթե հայտարարության մեջ նշված արդյունքները ձեռք են բերվել երկու և ավելի անձանց համատեղ աշխատանքով, պարգևը բաշխվում է նրանց միջև ձեռք բերված համաձայնությանը համապատասխան: Նման համաձայնության բացակայության դեպքում պարգևը բաշխելու կարգը որոշում է դատարանը:
Հոդված 1046. | Պարգևի արժանացած գիտության, գրականության և արվեստի ստեղծագործություններն օգտագործելը |
Եթե հրապարակային մրցույթի առարկան գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործություն ստեղծելն է, և այլ բան նախատեսված չէ մրցույթի պայմաններով, հրապարակային մրցույթ հայտարարած անձը պայմանավորված պարգևին արժանացած ստեղծագործության հեղինակի հետ այդ ստեղծագործությունն օգտագործելու պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի` դրա համար համապատասխան վարձատրություն վճարելով:
Հոդված 1047. | Հրապարակային մրցույթի մասնակիցներին ներկայացված աշխատանքները վերադարձնելը |
Հրապարակային մրցույթ հայտարարած անձը պարտավոր է պարգևի չարժանացած աշխատանքները վերադարձնել մրցույթի մասնակիցներին, եթե այլ բան նախատեսված չէ մրցույթի մասին հայտարարության մեջ և չի բխում կատարված աշխատանքի բնույթից:
Գ Լ ՈՒ Խ 59
ԱՌԱՆՑ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, Ի ՇԱՀ ՈՒՐԻՇԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 1048. | Առանց հանձնարարության, ի շահ ուրիշի գործողությունների պայմանները |
1. Առանց շահագրգիռ անձի հանձնարարության, նրա այլ ցուցումի կամ նախապես տրված համաձայնության, գործողությունները, որոնք նպատակ են հետապնդել կանխել այդ անձին կամ նրա գույքին պատճառվելիք վնասը, կատարել նրա պարտավորությունները կամ պաշտպանել նրա այլ օրինաչափ շահերը (ի շահ ուրիշի գործողություններ), պետք է կատարվեն գործի հանգամանքների համար անհրաժեշտ հոգատարությամբ և շրջահայացությամբ` ելնելով շահագրգիռ անձի ակնհայտ օգուտից կամ շահից ու նրա իրական կամ հավանական մտադրություններից:
2. Սույն գլխում նախատեսված կանոնները չեն կիրառվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ի շահ ուրիշ անձանց կատարած գործողությունների նկատմամբ, որոնց համար նման գործողություններ կատարելն իրենց գործունեության նպատակներից մեկն է:
Հոդված 1049. | Շահագրգիռ անձի ծանուցումն ի շահ նրա գործողություններ կատարելու մասին |
1. Ի շահ ուրիշի գործող անձը պարտավոր է առաջին իսկ հնարավորության դեպքում այդ մասին հայտնել շահագրգիռ անձին և ողջամիտ ժամկետի ընթացքում սպասել ձեռնարկված գործողություններին հավանություն տալու կամ չտալու մասին նրա որոշմանը, եթե միայն նման սպասումը շահագրգիռ անձին լուրջ վնաս չի պատճառի:
2. Շահագրգիռ քաղաքացուն ի շահ նրան գործողություններ կատարելու մասին հայտնելը պարտադիր չէ, եթե այդ գործողությունները ձեռնարկվում են նրա ներկայությամբ:
Հոդված 1050. | Շահագրգիռ անձի կողմից ի շահ իրեն ձեռնարկված գործողություններին հավանություն տալու հետևանքները |
Եթե անձը, ի շահ որի և առանց նրա հանձնարարության գործողություններ են ձեռնարկվում, հավանություն է տալիս այդ գործողություններին, կողմերի հարաբերությունների նկատմամբ հետագայում կիրառվում են հանձնարարության կամ այն պայմանագրի կանոնները, որը համապատասխանում է ձեռնարկված գործողությունների բնույթին:
Հոդված 1051. | Շահագրգիռ անձի կողմից ի շահ իրեն ձեռնարկված գործողություններին հավանություն չտալու հետևանքները |
1. Ի շահ ուրիշի գործողությունները, որոնք կատարվել են այն բանից հետո, երբ դրանց կատարողին հայտնի է դարձել, որ դրանք չեն արժանացել շահագրգիռ անձի հավանությանը, վերջինիս համար չեն հանգեցնում գործողություններ կատարած անձի կամ երրորդ անձանց հանդեպ պարտականությունների:
2. Գործողությունները, որոնց նպատակն է կանխել անձի կյանքին սպառնացող վտանգը, թույլատրվում են նաև այդ անձի կամքին հակառակ, իսկ որևէ մեկի նկատմամբ հոգածության պարտականություն կատարելը` այն անձի կամքին հակառակ, որի վրա դրված է այդ պարտականությունը:
Հոդված 1052. | Ի շահ ուրիշի գործած անձի կրած վնասները հատուցելը |
1. Սույն գլխով նախատեսված կանոններին համապատասխան ի շահ ուրիշի գործած անձի կատարած անհրաժեշտ ծախսերը և կրած իրական վնասը հատուցվում է շահագրգիռ անձի կողմից, բացառությամբ սույն օրենսգրքի 1051 հոդվածի 1-ին կետում նշված գործողություններից առաջացած ծախսերի:
Անհրաժեշտ ծախսերը և այլ իրական վնասը հատուցելու իրավունքը պահպանվում է անգամ այն դեպքում, երբ ի շահ ուրիշի գործողությունները չեն հանգեցրել ենթադրվող արդյունքին: Սակայն այլ անձի գույքի վնասը կանխելու դեպքում հատուցման չափը չի կարող գերազանցել գույքի արժեքը:
2. Ի շահ ուրիշի գործող անձի կատարած ծախսերը և այն վնասները, որոնք նա կրել է կապված այնպիսի գործողություններ կատարելու հետ, որոնք նախապես արժանացել են շահագրգիռ անձի հավանությանը (հոդված 1050), հատուցվում են պայմանագրի համապատասխան տեսակի մասին կանոններով:
Հոդված 1053. | Ի շահ ուրիշի գործողությունների համար վարձատրությունը |
Անձը, որի ի շահ ուրիշի գործողությունները հանգեցրել են շահագրգիռ անձի համար դրական արդյունքի, իրավունք ունի վարձատրություն ստանալ, եթե նման իրավունքը նախատեսված է օրենքով, շահագրգիռ անձի հետ համաձայնությամբ կամ գործարար շրջանառության սովորույթներով:
Հոդված 1054. | Ի շահ ուրիշի գործարքի հետևանքները |
Ի շահ ուրիշի կնքված գործարքով պարտականություններն անցնում են այն անձին, ի շահ որի կնքվել է գործարքը, եթե վերջինս հավանություն է տվել այդ գործարքին, և եթե մյուս կողմը չի առարկում նման փոխանցման դեմ կամ գործարքը կնքելիս գիտեր կամ պետք է իմանար, որ այն կնքվում է ի շահ ուրիշի:
Նման գործարքով պարտականությունների հետ միասին, այն անձին, ի շահ որի կնքվել է գործարքը, պետք է անցնեն նաև այդ գործարքով իրավունքները:
Հոդված 1055. | Ի շահ ուրիշի գործողություններով պատճառված վնասը հատուցելը |
Ի շահ ուրիշի գործողություններով շահագրգիռ անձին կամ երրորդ անձանց պատճառված վնասը հատուցելու հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքի 60 գլխով նախատեսված կանոններով:
Հոդված 1056. | Ի շահ ուրիշի գործողությունների հետևանքով անհիմն հարստացումը |
Եթե անմիջականորեն այլ անձի շահերի ապահովմանը չուղղված գործողությունները` ներառյալ այն դեպքում, երբ դրանք կատարող անձը սխալմամբ ենթադրել է, որ գործում է ի շահ իրեն, հանգեցրել են այլ անձի անհիմն հարստացման, կիրառվում են սույն օրենսգրքի 61 գլխով նախատեսված կանոնները:
Հոդված 1057. | Ի շահ ուրիշի գործող անձի հաշվետվությունը |
Ի շահ ուրիշի գործող անձը պարտավոր է այն անձին, ի շահ որի իրականացվել են նման գործողությունները, հաշվետվություն ներկայացնել` ստացված եկամուտների, կրած ծախսերի և այլ վնասների նշումով:
ԻՆՆԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 60
ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
§ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
⚖Հոդված 1058. | Վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը |
1. Քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
2. Վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենքով կարող է նախատեսվել վնասի հատուցում` վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:
3. Օրինաչափ գործողություններով պատճառված վնասը հատուցվում է օրենքով նախատեսված դեպքերում:
4. Վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե վնասը պատճառվել է տուժողի խնդրանքով կամ համաձայնությամբ:
5. Պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվում է այն անձը, որն օգնություն է ցուցաբերել այլ անձի և (կամ) օգնության նպատակով անհատույց կարգով որևէ գույք է տրամադրել ի շահ այլ անձի, եթե վնասի չափը չի գերազանցում ցուցաբերած օգնության կամ տրված օգնության չափը:
(1058-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)
Հոդված 1059. | Վնաս պատճառելը կանխելը |
1. Ապագայում վնաս պատճառելու վտանգը կարող է հիմք դառնալ վտանգ ստեղծող գործունեությունն արգելելու պահանջով հայցի հատուցման համար:
2. Եթե պատճառված վնասը հետևանք է շենքի, շինության շահագործման կամ այլ արտադրական գործունեության, որը շարունակում է վնաս պատճառել կամ սպառնում է նոր վնասով, դատարանն իրավունք ունի պատասխանողին պարտավորեցնել վնաս հատուցելուց բացի կասեցնել կամ դադարեցնել համապատասխան գործունեությունը:
3. Դատարանը կարող է մերժել համապատասխան գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին հայցը, եթե այն կասեցնելը կամ դադարեցնելը հակասում է պետական շահերին: Նման գործունեությունը կասեցնելը կամ դադարեցնելը մերժելը տուժողներին չի զրկում այդ գործունեությամբ պատճառված վնասի հատուցման իրավունքից:
Հոդված 1060. | Անհրաժեշտ պաշտպանության վիճակում վնաս պատճառելը |
Անհրաժեշտ պաշտպանության վիճակում պատճառված վնասը ենթակա չէ հատուցման, եթե չեն գերազանցվել դրա սահմանները:
Հոդված 1061. | Ծայրահեղ անհրաժեշտության վիճակում վնաս պատճառելը |
1. Ծայրահեղ անհրաժեշտության, այսինքն` վնաս պատճառողին կամ այլ անձանց սպառնացող վտանգի վերացման պայմաններում պատճառված վնասը, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարող վերացվել այլ միջոցներով, պետք է հատուցի վնաս պատճառած անձը:
2. Հաշվի առնելով նման վնասի պատճառ դարձած համապատասխան գործունեության հանգամանքները` դատարանը կարող է այն հատուցելու պարտականությունը դնել երրորդ անձի վրա` ի շահ որի գործել է վնաս պատճառողը կամ վնասը հատուցելուց լրիվ կամ մասնակիորեն ազատել, ինչպես այդ երրորդ անձին, այնպես էլ վնասը պատճառողին:
(վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-203-Ն)
1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:
2. Սույն գլխի կանոնների համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:
3. Տնտեսական ընկերակցությունները հատուցում են իրենց մասնակիցների կողմից ընկերակցության ձեռնարկատիրական կամ այլ գործունեություն իրականացնելիս պատճառված վնասը:
(1062-րդ հոդվածը լրաց. 14.06.23 ՀՕ-203-Ն)
⚖Հոդված 1063. |
Պատասխանատվությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի համար |
Քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
⚖Հոդված 1064. | Պատասխանատվությունը նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար |
1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, կալանք, տնային կալանք, վարչական հսկողություն կամ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը օրենքով սահմանված կարգով լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ նախաքննության մարմնի, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
2. Քաղաքացուն կամ իրավաբանական անձին նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածով նախատեսված հիմքերով և կարգով:
3. Արդարադատություն իրականացնելիս պատճառված վնասը հատուցվում է միայն այն դեպքում, երբ դատավորի մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
(1064-րդ հոդվածը խմբ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
Հոդված 1065. | Վնասը հատուցելիս Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող մարմինները և անձինք |
Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին կամ այլ օրենքներին համապատասխան վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից, նրանց անունից հանդես են գալիս համապատասխան ֆինանսական մարմինները, եթե այդ պարտականությունը, սույն օրենսգրքի 129 հոդվածի 3-րդ կետին համապատասխան, դրված չէ այլ մարմնի, իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
Հոդված 1066. | Իր պատասխանատվությունն ապահովագրած անձի կողմից վնասը հատուցելը |
Կամավոր կամ պարտադիր ապահովագրության կարգով հօգուտ տուժողի իր պատասխանատվությունն ապահովագրած քաղաքացին կամ իրավաբանական անձը, այն դեպքում, երբ պատճառված վնասը լրիվ հատուցելու համար ապահովագրական հատուցումն անբավարար է, հատուցում է ապահովագրական հատուցման և վնասի փաստացի չափի միջև եղած տարբերությունը:
(1066-րդ հոդվածը փոփ. 18.05.10 ՀՕ-69-Ն)
Հոդված 1067. | Պատասխանատվությունը մինչև տասնչորս տարեկան անչափահասների պատճառած վնասի համար |
1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասի (փոքրահասակի) պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չեն ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:
2. Եթե խնամակալության կարիք ունեցող փոքրահասակը գտնվել է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա խնամակալն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել փոքրահասակի պատճառած վնասը, եթե չի ապացուցում, որ վնասը անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել:
3. Եթե փոքրահասակը վնաս է պատճառել այն ժամանակ, երբ նա գտնվել է կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության հսկողության ներքո, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ կամ պայմանագրի հիման վրա փոքրահասակի նկատմամբ հսկողություն իրականացնող անձի հսկողության ներքո, այդ հաստատությունը կամ անձը պատասխանատվություն է կրում փոքրահասակի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասն անչափահասի (փոքրահասակի) մեղքով չի պատճառվել, և եթե այլ բան նախատեսված չէ փոքրահասակի ծնողների, որդեգրողների կամ խնամակալի և կրթական, դաստիարակչական, բուժական կամ այլ հաստատության միջև կնքված պայմանագրով:
31. Այն անձը, որն օժտված չէ ծնողական իրավազորությամբ, որին, սակայն, լիազորությունների փոխանցմամբ կամ որևէ այլ ճանապարհով վստահվել է անչափահասի նկատմամբ խնամքի, հսկողության կամ դաստիարակության իրականացումը, պարտավոր է հատուցել անչափահասի գործողությունների հետևանքով պատճառված վնասը, եթե այլ բան նախատեսված չէ լիազորողի կամ վստահողի և անչափահասի նկատմամբ խնամք, հսկողություն կամ դաստիարակություն իրականացնողի միջև կնքված պայմանագրով:
4. Փոքրահասակի պատճառած վնասը հատուցելու, ծնողների, որդեգրողների, խնամակալի, կրթական, դաստիարակչական, բուժական և այլ հաստատությունների պարտականությունը չի դադարում փոքրահասակի չափահաս տարիքի հասնելով կամ նրա կողմից վնասը հատուցելու համար բավարար գույք ստանալով:
5. Եթե ծնողները, որդեգրողները, խնամակալը կամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված այլ քաղաքացիները մահացել են կամ բավարար միջոցներ չունեն տուժածի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողը, դառնալով լրիվ գործունակ, ունի այդպիսի միջոցներ, դատարանը, հաշվի առնելով տուժողի և վնաս պատճառողի գույքային դրությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ, իրավունք ունի վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:
(1067-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)
Հոդված 1068. | Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար |
1. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասներն ընդհանուր հիմունքներով ինքնուրույն պատասխանատվություն են կրում իրենց պատճառած վնասի համար:
2. Այն դեպքում, երբ տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը վնասը հատուցելու համար չունի բավարար եկամուտներ կամ այլ գույք, վնասը լրիվ կամ պակասող մասով պետք է հատուցեն նրա ծնողները, որդեգրողները կամ հոգաբարձուն, եթե չեն ապացուցում, որ վնասն իրենց մեղքով չի պատճառվել:
3. Եթե հոգաբարձության կարիք ունեցող տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը գտնվում է համապատասխան դաստիարակչական, բուժական, բնակչության սոցիալական պաշտպանության կամ այլ նմանօրինակ հաստատությունում, որն օրենքի ուժով նրա հոգաբարձուն է (հոդված 37), այդ հաստատությունը պարտավոր է հատուցել նրա պատճառած վնասը լրիվ կամ չբավարարող մասով, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
4. Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասը հատուցելու` ծնողների, որդեգրողների, հոգաբարձուի և համապատասխան հաստատության պարտականությունը դադարում է վնաս պատճառողի չափահաս տարիքի դառնալով կամ այն դեպքերում, երբ մինչև չափահաս դառնալը նա ձեռք է բերել եկամուտներ կամ այլ գույք, որը բավարար է վնասը հատուցելու համար, կամ նա գործունակություն ձեռք է բերել մինչև չափահաս տարիքի հասնելը:
Հոդված 1069. | Պատասխանատվությունն անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար |
1. Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
2. Խնամակալի կամ հսկողություն իրականացնելու համար պարտավոր կազմակերպության անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի հատուցման պարտականությունը չի դադարում հետագայում նրան գործունակ ճանաչելու դեպքում:
3. Եթե խնամակալը մահացել է կամ բավարար միջոցներ չունի տուժողի կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողն ունի նման միջոցներ, դատարանն իրավունք ունի, տուժողի ու վնաս պատճառողի գույքային դրության և այլ հանգամանքների հաշվառմամբ, վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:
Հոդված 1070. | Պատասխանատվությունը սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար |
Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է ինքը` վնաս պատճառողը:
Հոդված 1071. | Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար |
1. Գործունակ քաղաքացին, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, պատասխանատվություն չի կրում իր պատճառած վնասի համար:
Եթե վնասը պատճառվել է տուժողի կյանքին կամ առողջությանը, դատարանը կարող է տուժողի և վնաս պատճառողի գույքային դրության, ինչպես նաև այլ հանգամանքների հաշվառմամբ վնաս հատուցելու պարտականությունը լրիվ կամ մասնակիորեն դնել վնաս պատճառողի վրա:
2. Վնաս պատճառողը չի ազատվում պատասխանատվությունից, եթե ոգելից խմիչքներ, թմրադեղեր օգտագործելով կամ այլ եղանակով իրեն հասցրել է այնպիսի վիճակի, որում նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
3. Եթե վնասը պատճառվել է անձի կողմից, որը հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, դատարանը կարող է վնասը հատուցելու պարտականությունը դնել այդ անձի հետ համատեղ բնակվող աշխատունակ ամուսնու, ծնողների, չափահաս երեխաների վրա, ովքեր իմացել են վնաս պատճառողի հոգեկան խանգարման մասին, սակայն չեն բարձրացրել նրան անգործունակ ճանաչելու հարցը:
⚖Հոդված 10711. | Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը |
1. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով:
Սույն կետով նախատեսված դեպքերում անշարժ գույքի սեփականատերը անշարժ գույքը տիրապետողի կամ օգտագործողի հետ կրում է համապարտ պատասխանատվություն պատճառված վնասի համար, եթե անշարժ գույքը այն տիրապետողի կամ օգտագործողի կողմից չի օգտագործվել ձեռնարկատիրական նպատակով, և եթե վնասը չի առաջացել անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու հետևանքով, բացառությամբ կառուցապատման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, որի դեպքում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման և շահագործման ընթացքում պատճառված վնասի հատուցման պարտականությունը կրում է կառուցապատողը:
3. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:
(10711-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)
Հոդված 10712. | Կենդանիների սեփականատիրոջ պատասխանատվությունը |
1. Կենդանու պատճառած վնասի հատուցման պարտականությունը կրում է այդ կենդանու սեփականատերը, բացառությամբ այլ անձի տիրապետմանը կամ օգտագործմանը կամ խնամքին հանձնված կենդանու կողմից պատճառված վնասի, որի դեպքում վնասի հատուցման պարտականությունը կրում է կենդանուն տիրապետողը կամ օգտագործողը կամ խնամողը, եթե այլ բան նախատեսված չէ կենդանու սեփականատիրոջ և կենդանու օգտագործման, տիրապետման իրավունք ունեցող կամ խնամք իրականացնող անձի միջև կնքված պայմանագրով:
2. Կենդանու սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ կենդանու պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ կենդանին դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով:
3. Կենդանու օգտագործման, տիրապետման կամ խնամքի ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած կենդանու սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով:
(10712-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)
⚖Հոդված 1072. | Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի համար |
1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջը դատարանը կարող է նաև լրիվ կամ մասնակիորեն ազատել պատասխանատվությունից` սույն օրենսգրքի 1076 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով:
Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
2. Առավել վտանգի աղբյուրի սեփականատերը պատասխանատվություն չի կրում այդ աղբյուրի պատճառած վնասի համար, եթե ապացուցում է, որ աղբյուրը դուրս է եկել իր տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով: Նման դեպքերում առավել վտանգի աղբյուրի պատճառած վնասի համար պատասխանատվությունը կրում են աղբյուրն ապօրինի տիրապետած անձինք: Աղբյուրի սեփականատիրոջ տիրապետումից այդ աղբյուրի ապօրինի վերցնելու մեջ նրա մեղքի առկայության դեպքում պատասխանատվությունը կարող է դրվել ինչպես առավել վտանգի աղբյուրի սեփականատիրոջ, այնպես էլ այն ապօրինի ձեռք բերողի վրա:
3. Առավել վտանգի աղբյուրների սեփականատերերը, սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հիմունքներով, համապարտ պատասխանատվություն են կրում այդ աղբյուրների փոխներգործության (տրանսպորտային միջոցների բախում և այլն) հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասի համար:
Առավել վտանգի աղբյուրների փոխներգործության հետևանքով նրանց սեփականատերերին պատճառված վնասը հատուցվում է ընդհանուր հիմունքներով (հոդված 1058):
(1072-րդ հոդվածը փոփ. 21.02.07 ՀՕ-110-Ն)
⚖Հոդված 1073. | Պատասխանատվությունը համատեղ պատճառված վնասի համար |
1. Վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:
2. Տուժողի դիմումի հիման վրա և հօգուտ նրա, դատարանն իրավունք ունի համատեղ վնաս պատճառած անձանց վրա պատասխանատվություն դնել մասերով` դրանք որոշելով սույն օրենսգրքի 1074 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոններին համապատասխան:
Հոդված 1074. | Վնասը հատուցած անձանց հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքը |
1. Այլ անձի (աշխատողի` ծառայողական, պաշտոնեական կամ այլ աշխատանքային պարտականությունները կատարելիս, տրանսպորտային միջոցներ վարելիս և այլն, ինչպես նաև իր կողմից «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքներում ներգրավված կամավորի՝ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս) պատճառած վնասը հատուցած անձը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ` իր վճարած հատուցման չափով, եթե այլ չափ սահմանված չէ օրենքով:
2. Համատեղ պատճառած վնասը հատուցած վնաս պատճառողն իրավունք ունի մյուս վնաս պատճառողներից պահանջել տուժողին վճարված հատուցման բաժինը` այդ վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով: Մեղքի աստիճանը որոշելու անհնարինության դեպքում բաժինները ճանաչվում են հավասար:
3. Հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների կամ դատարանի պաշտոնատար անձի պատճառած վնասը հատուցելու դեպքում (1064 հոդվածի 1-ին կետ) Հայաստանի Հանրապետությունը հետադարձ պահանջի իրավունք ունի այդ անձից, եթե վերջինիս մեղքը հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
4. Սույն օրենսգրքի 1067-1069 հոդվածներում նշված հիմունքներով վնասը հատուցած անձինք հետադարձ պահանջի իրավունք չունեն վնաս պատճառած անձից:
(1074-րդ հոդվածը լրաց. 14.06.23 ՀՕ-203-Ն)
Հոդված 1075. | Վնասը հատուցելու եղանակները |
Դատարանը, բավարարելով վնասի հատուցման պահանջը, գործի հանգամանքներին համապատասխան, պարտավորեցնում է վնասը պատճառելու համար պատասխանատու անձին վնասը հատուցել բնեղենով (տրամադրել նույն տեսակի և որակի գույք, վերանորոգել վնասված գույքը և այլն) կամ հատուցել պատճառված վնասները (17 հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր):
⚖Հոդված 1076. | Տուժողի մեղքի և վնաս պատճառած անձի գույքային դրությունը հաշվի առնելը |
1. Տուժողի դիտավորության հետևանքով ծագած վնասը չի հատուցվում:
2. Եթե տուժողի կոպիտ անզգուշությունը նպաստել է վնասի առաջացմանը կամ մեծացմանը, հատուցման չափը պետք է նվազեցվի` կախված տուժողի և վնաս պատճառողի մեղքի աստիճանից:
Տուժողի կոպիտ անզգուշության առկայության և վնաս պատճառողի մեղքի բացակայության այն դեպքերում, երբ պատասխանատվությունը վրա է հասնում մեղքից անկախ, հատուցման չափը կարող է նվազեցվել կամ վնասի հատուցումը կարող է մերժվել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել:
Տուժողի մեղքը հաշվի չի առնվում լրացուցիչ ծախսերը (1078 հոդվածի 1-ին կետ), կերակրողի մահվամբ ծագած վնասը (հոդված 1082), ինչպես նաև թաղման ծախսերը հատուցելիս (հոդված 1087):
3. Դատարանը կարող է նվազեցնել քաղաքացու կողմից պատճառված վնասի հատուցման չափը, հաշվի առնելով վերջինիս գույքային դրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ կատարված գործողություններով:
§ 2. ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ
Հոդված 1077. | Պայմանագրային պարտավորություններ կամ այլ պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումը |
Պայմանագրային պարտավորություններ, ինչպես նաև զինվորական ծառայություն, ոստիկանական ծառայություն և այլ համապատասխան պարտականություններ կամ կամավոր աշխատանքի շրջանակներում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված պարտականություններ կատարելիս քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցվում է սույն գլխով նախատեսված կանոններով, եթե պատասխանատվության ավելի բարձր չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
(1077-րդ հոդվածը լրաց. 14.06.23 ՀՕ-203-Ն)
Հոդված 1078. | Առողջության քայքայմամբ պատճառված վնասը հատուցելու ծավալը և բնույթը |
1. Քաղաքացուն հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում հատուցման ենթակա են տուժողի կորցրած աշխատավարձը (եկամուտը), որը նա ստանում էր կամ կարող էր ստանալ, ինչպես նաև առողջության քայքայման հետևանքով ծագած լրացուցիչ ծախսերը` ներառյալ բուժվելու, լրացուցիչ սննդի, դեղամիջոցներ ձեռք բերելու, պրոթեզավորման, կողմնակի խնամքի, առողջարանական-կուրորտային բուժման, հատուկ տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, այլ մասնագիտություն ձեռք բերելու համար ծախսերը, եթե պարզվել է, որ տուժողն ունի օգնության ու խնամքի նման տեսակների կարիք և չունի դրանք անվճար ստանալու իրավունք:
2. Կորցրած աշխատավարձը (եկամուտը) սահմանելիս տուժողին` հաշմության կամ առողջության այլ վնասի հետ կապված, նշանակված հաշմանդամության կենսաթոշակը, ինչպես նաև այլ կենսաթոշակներն ու նպաստները և այլ նմանօրինակ վճարները, որոնք նշանակվել են առողջության քայքայումից առաջ կամ հետո, հաշվի չեն առնվում ու չեն հանգեցնում վնասի հատուցման չափի նվազեցման (հաշվի չեն առնվում ի հաշիվ վնասի հատուցման): Վնասը հատուցելիս հաշվի չի առնվում նաև տուժողի կողմից առողջության քայքայումից հետո ստացած աշխատավարձը (եկամուտը):
3. Տուժողին պատճառված վնասի հատուցման ծավալը և չափը կարող է մեծացվել օրենքով կամ պայմանագրով:
Հոդված 1079. | Առողջությանը պատճառված վնասի հետևանքով կորցրած աշխատավարձի (եկամտի) չափը որոշելը |
1. Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) հատուցման ենթակա չափը որոշվում է միջին աշխատավարձից (եկամտից) տոկոսներով, որը նա ստացել է մինչև հաշմությունը կամ առողջության այլ վնասվածքը կամ աշխատունակության կորուստը: Այդ տոկոսները որոշվում են տուժողի կողմից մասնագիտական աշխատունակության կորստի, իսկ մասնագիտական աշխատունակության բացակայության դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի աստիճանին համապատասխան:
2. Տուժողի կորցրած աշխատավարձի (եկամտի) կազմում ներառվում են նրա ինչպես հիմնական, այնպես էլ համատեղությամբ կատարված աշխատանքի` եկամտային հարկով հարկվող աշխատանքային և քաղաքացիական իրավական պայմանագրերով վարձատրության բոլոր վճարները: Հաշվի չեն առնվում միանվագ բնույթի վճարները, մասնավորապես, չօգտագործված արձակուրդի փոխհատուցումը և արձակման նպաստը: Ժամանակավոր անաշխատունակության կամ հղիության և ծննդաբերության համար արձակուրդի ժամանակաշրջանի համար հաշվի է առնվում վճարված նպաստը: Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ինչպես նաև հեղինակային հոնորարը ներառվում են կորցրած աշխատավարձի կազմում, ընդ որում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտները ներառվում են հարկային տեսչության տվյալների հիման վրա:
Աշխատավարձի (եկամտի) բոլոր տեսակները հաշվի են առնվում մինչև հարկային պահումները եղած չափով:
3. Տուժողի ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է առողջությանը վնաս պատճառելուն նախորդած տասներկու ամսվա նրա աշխատավարձը (եկամուտը) տասներկու մասի բաժանելու միջոցով: Այն դեպքում, երբ տուժողը վնաս պատճառելու ժամանակ աշխատել է տասներկու ամսից պակաս, նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների աշխատավարձի (եկամտի) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելով:
Տուժողի ցանկությամբ ոչ լրիվ աշխատած ամիսները փոխարինվում են լրիվ աշխատած նախորդ ամիսներով, իսկ դրանց փոխարինման անհնարինության դեպքում` հանվում են հաշվարկից:
4. Այն դեպքում, երբ վնաս պատճառելու պահին տուժողը չի աշխատել, նրա ցանկությամբ հաշվարկվում է նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:
5. Եթե մինչև տուժողին հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելը նրա աշխատավարձում (եկամտում) կատարվել են նրա գույքային դրությունը բարելավող կայուն փոփոխություններ (բարձրացել է զբաղեցրած պաշտոնի աշխատավարձը, տուժողը փոխադրվել է ավելի բարձր վարձատրվող աշխատանքի կամ ցերեկային ուսուցմամբ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ընդունվել է աշխատանքի և այլ դեպքերում, երբ ապացուցվել է տուժողի աշխատանքի վարձատրության կայուն փոփոխությունը կամ փոփոխության հնարավորությունը), նրա ամսական միջին աշխատավարձը (եկամուտը) որոշելիս հաշվի է առնվում միայն այն աշխատավարձը (եկամուտը), որը նա ստացել է կամ կարող էր ստանալ համապատասխան փոփոխությունից հետո:
(1079-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-253-Ն)
Հոդված 1080. | Չափահաս տարիքի չհասած անձի առողջությանը պատճառված վնասը հատուցելը |
1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասին (փոքրահասակին), որը չունի աշխատավարձ (եկամուտ), հաշմություն կամ նրա առողջությանն այլ վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է հատուցել առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերը:
2. Փոքրահասակի տասնչորս տարեկան դառնալուց հետո, ինչպես նաև տասնչորս տարեկանից մինչև տասնութ տարեկան հասակի անչափահասի, որը չունի աշխատանք (եկամուտ), առողջությանը վնաս պատճառելու դեպքում, դրա համար պատասխանատու անձը պարտավոր է բացի տուժողի առողջությանը վնաս պատճառելուց ծագած ծախսերից, հատուցել նաև նրա աշխատունակության կորստի կամ նվազեցման հետ կապված վնասը` ելնելով նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափից:
3. Եթե առողջությանը վնաս հասցվելու ժամանակ անչափահասն ունեցել է աշխատավարձ, ապա վնասը հատուցվում է, ելնելով այդ աշխատավարձի չափից, որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից:
4. Անչափահասը, որի առողջությանը նախկինում վնաս է պատճառվել, աշխատանքային գործունեությունն սկսելուց հետո իրավունք ունի, ելնելով իր ստացած աշխատավարձից, պահանջել վնասի հատուցման չափի մեծացում, սակայն իր զբաղեցրած պաշտոնի համար սահմանված վարձատրությունից կամ իր աշխատատեղի նույն որակավորման աշխատողի աշխատավարձից ոչ ավելի չափով:
Հոդված 1081. | Կերակրողի մահվան հետևանքով վնաս կրած անձանց վնասը հատուցելը |
1. Տուժողի (կերակրողի) մահվան դեպքում վնասի հատուցման իրավունք ունեն`
1) մահացողի խնամքի ներքո գտնվող կամ նրա մահվան օրը նրանից խնամք ստանալու իրավունք ունեցող անաշխատունակ անձինք.
2) մահացածի մահվանից հետո ծնված նրա երեխան.
3) ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի անդամը` անկախ նրա աշխատունակությունից, որը չի աշխատում և զբաղված է մահացածի խնամքի ներքո գտնվող նրա տասնչորս տարեկան չդարձած կամ թեկուզև նշված տարիքին հասած, սակայն բժշկական մարմինների եզրակացությամբ իր առողջական վիճակով կողմնակի խնամքի կարիք ունեցող երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով.
4) մահացածի խնամքի ներքո գտնվող և նրա մահվանից հետո հինգ տարվա ընթացքում անաշխատունակ դարձած անձինք:
Մահացածի ծնողներից մեկը, ամուսինը կամ ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և զբաղված է մահացածի երեխաների, թոռների, եղբայրների ու քույրերի խնամքով և անաշխատունակ է դարձել խնամքի իրականացման ժամանակաշրջանում, այդ անձանց նկատմամբ խնամքի ավարտից հետո պահպանում է վնասի հատուցման իրավունքը:
2. Վնասը հատուցվում է`
1) անչափահասներին` մինչև տասնութ տարեկան դառնալը.
2) տասնութ տարեկանից բարձր տարիքի սովորողներին` մինչև ցերեկային ուսուցման ձևով ուսումնական հաստատություններում ուսման ավարտը, սակայն ոչ ավելի, քան մինչև քսաներեք տարեկան դառնալը.
3) հիսունհինգ տարեկանից մեծ կանանց և վաթսուն տարեկանից մեծ տղամարդկանց` ցմահ.
4) հաշմանդամներին` հաշմանդամության ժամանակ.
5) ծնողներից մեկին, ամուսնուն կամ ընտանիքի այլ անդամին, որն զբաղված է մահացածի խնամքի տակ գտնվող նրա երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով` մինչև վերջիններիս տասնչորս տարեկան դառնալը:
Հոդված 1082. | Կերակրողին կորցնելու դեպքում կրած վնասը հատուցելու չափը |
1. Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող անձանց վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1079 հոդվածի կանոններով սահմանված` մահացածի աշխատավարձի (եկամտի) այն մասի չափով, որը մահացածի կենդանության օրոք նրանք ստանում էին կամ ստանալու իրավունք ունեին իրենց ապրուստի համար: Այդ անձանց վնասի հատուցման չափը որոշելիս մահացածի եկամուտների կազմում աշխատավարձի (եկամուտների) հետ միասին ներառվում են կենդանության օրոք ստացած նրա կենսաթոշակը և այլ նմանօրինակ վճարները:
2. Վնասի հատուցման չափը որոշելիս կերակրողի մահվան հետ կապված անձանց նշանակված կենսաթոշակը և թոշակների այլ տեսակները, որոնք նշանակվել են, ինչպես կերակրողի մահվանից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև այդ անձանց կողմից ստացվող աշխատավարձը (եկամուտը) և կրթաթոշակը չեն հաշվարկվում նրանց վնասի հատուցման հաշվին:
3. Կերակրողի մահվան հետ կապված վնասի հատուցման իրավունք ունեցող յուրաքանչյուր անձի համար սահմանված հատուցման չափը ենթակա չէ վերահաշվարկի, բացառությամբ հետևյալ դեպքերի`
1) երեխայի ծնունդը կերակրողի մահվանից հետո.
2) մահացած կերակրողի երեխաների, թոռների, եղբայրների և քույրերի խնամքով զբաղված անձանց հատուցման վճարի նշանակումը և դադարումը:
4. Հատուցման չափն օրենքով կամ պայմանագրով կարող է մեծացվել:
Հոդված 1083. | Վնասի հատուցման չափի հետագա փոփոխությունը |
1. Մասնակիորեն աշխատունակությունը կորցրած տուժողն իրավունք ունի ցանկացած ժամանակ պահանջել վնասի հատուցում այն անձից, ում վրա դրված է վնասի հատուցման պարտականությունը, դրա չափի համապատասխան մեծացում, եթե տուժողի աշխատունակությունը հետագայում նվազել է` կապված առողջությանը պատճառված վնասի հետ, համեմատած այն աշխատունակության հետ, որ նրա մոտ մնացել էր իրեն վնասի հատուցման նշանակման պահին:
2. Անձը, ում վրա դրված է տուժողի առողջությանը պատճառված վնասը հատուցելու պարտականություն, իրավունք ունի պահանջել նվազեցնելու հատուցման չափը, եթե տուժողի աշխատունակությունը վնասի հատուցում նշանակելու պահի համեմատ աճել է:
3. Տուժողն իրավունք ունի պահանջել մեծացնելու վնասի հատուցման չափը, եթե քաղաքացու, ում վրա դրվել է վնասը հատուցելու պարտականությունը, գույքային դրությունը բարելավվել է, իսկ հատուցման չափը նվազեցված է եղել սույն օրենսգրքի 1076 հոդվածի 3-րդ կետին համապատասխան:
4. Դատարանը վնաս պատճառած քաղաքացու պահանջով կարող է նվազեցնել վնասի հատուցման չափը, եթե նրա գույքային դրությունը, կապված հաշմանդամության կամ կենսաթոշակային տարիքի հասնելու հետ, վատթարացել է վնասի հատուցում նշանակելու պահի վիճակի համեմատ, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը պատճառվել է դիտավորյալ գործողություններով:
Հոդված 1084. | Վնասի հատուցման չափի մեծացումը` կապված կյանքի թանկացման և նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ |
1. Տուժողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարը կյանքի թանկացման դեպքում, օրենքով սահմանված կարգով, ենթակա է ինդեքսավորման:
2. Նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու դեպքում կորցրած աշխատավարձի (եկամտի) և տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հետ կապված այլ վճարների գումարները մեծանում են աշխատավարձի նվազագույն չափի բարձրացմանը համամասնորեն (հոդված 357):
Հոդված 1085. | Վնաս հատուցելու վճարները |
1. Վնասի հատուցումը` կապված տուժողի աշխատունակության նվազելու կամ մահվան հետ, կատարվում է ամենամսյա վճարներով:
Հարգելի պատճառների առկայության դեպքում դատարանը, վնաս պատճառողի հնարավորությունների հաշվառմամբ, կարող է վնասի հատուցման իրավունք ունեցող քաղաքացու պահանջով նրան տրվելիք վճարները հատկացնել միանվագ, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար:
2. Լրացուցիչ ծախսերի հատուցման գումարները (1078 հոդվածի 1-ին կետ) կարող են հատկացվել ապագա ժամանակի համար բժշկական փորձաքննության հիման վրա որոշվող ժամկետների շրջանակներում, ինչպես նաև համապատասխան ծառայությունների և գույքի արժեքի նախապես վճարման անհրաժեշտության դեպքում` ներառյալ ուղեգրերի ձեռքբերումը, հատուկ տրանսպորտային միջոցներով ուղևորությունները:
Հոդված 1086. | Վնասների հատուցումն իրավաբանական անձը դադարելու դեպքում |
1. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում համապատասխան հատուցում վճարելու պարտականությունը կրում է նրա իրավահաջորդը: Նրան ներկայացվում են վնասի հատուցման մասին պահանջները:
2. Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման դեպքում համապատասխան վճարներն օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կանոններով կապիտալացվում են` դրանք տուժողին վճարելու համար:
Օրենքով կամ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարները կապիտալացնելու այլ դեպքեր:
Հոդված 1087. | Հուղարկավորության ծախսերը հատուցելը |
Տուժողի մահվան հետ կապված վնասի համար պատասխանատու անձինք պարտավոր են հատուցել հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ ծախսերն այն անձին, ով այդ ծախսերը կատարել է:
Այդ ծախսերը կատարած քաղաքացիների կողմից հուղարկավորության համար ստացած նպաստները չեն հաշվարկվում վնասների հատուցման հաշվում:
§ 2.1. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 19.05.14 ՀՕ-21-Ն)
Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները |
1. Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
2. Սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:
3. Սույն օրենսգրքի իմաստով` զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement օf fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
4. Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե`
1) դրանք տեղ են գտել մինչդատական կամ դատական վարույթի ընթացքում վարույթի մասնակցի կողմից քննվող գործի հանգամանքների վերաբերյալ կատարված արտահայտությունում կամ ներկայացրած ապացույցներում.
2) դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով, և եթե փաստացի տվյալները հրապարակայնորեն ներկայացրած անձն ապացուցի, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ` պարզելու դրանց ճշմարտությունը և հիմնավորվածությունը, ինչպես նաև հավասարակշռված և բարեխղճորեն է ներկայացրել այդ տվյալները.
3) այն բխում է զրպարտության ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից:
6. Անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական գործակալության տարածած տեղեկատվության, ինչպես նաև այլ անձի հրապարակային ելույթի հրապարակման, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, և դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):
Սույն մասով նախատեսված դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից և կրում է փոխհատուցման պարտավորություն, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն են՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից։
7. Վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
8. Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը: Հերքման ձևը և պատասխանը հաստատում է դատարանը` ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
2) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 6000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
9. Եթե վիրավորելիս կամ զրպարտելիս հղում չի կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին), կամ տեղեկատվության աղբյուրը (հեղինակը) հայտնի չէ, կամ լրատվական գործունեություն իրականացնողը, օգտվելով տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու իր իրավունքից, չի հայտնում հեղինակի անունը, ապա փոխհատուցման պարտավորությունը կրում է վիրավորանքը կամ զրպարտությունը հրապարակային ներկայացնողը, իսկ եթե այն ներկայացվել է լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական գործունեություն իրականացնողը:
10. Անձը չի կարող օգտվել սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներից, եթե նա մինչև դատարան դիմելը «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահանջել է հերքում և (կամ) իր պատասխանի հրապարակում, և լրատվական գործունեություն իրականացնողը կատարել է այդ պահանջը:
11. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը հաշվի է առնում կոնկրետ գործի առանձնահատկությունները, ներառյալ`
1) վիրավորանքի կամ զրպարտության եղանակը և տարածման շրջանակը.
2) վիրավորողի կամ զրպարտողի գույքային դրությունը:
Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում փոխհատուցման չափը սահմանելիս դատարանը չպետք է հաշվի առնի վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով պատճառված գույքային վնասը:
12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պաշտպանության միջոցներն իրականացնելու հետ անձն իրավունք ունի իրեն վիրավորանք հասցրած կամ զրպարտած անձից դատական կարգով պահանջելու վիրավորանքի կամ զրպարտության հետևանքով իրեն պատճառված գույքային վնասները, ներառյալ` ողջամիտ դատական ծախսերը և խախտված իրավունքների վերականգնման համար իր կատարած ողջամիտ ծախսերը:
13. Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում:
(1087.1-ին հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-97-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-330-Ն, լրաց. 10.12.21 ՀՕ-396-Ն)
(1087.1-ին հոդվածի 8-րդ մասն այնքանով, որքանով լրատվական գործունեություն չիրականացնողի կողմից համացանցում տարածված զրպարտության դեպքում շահագրգիռ անձի համար չի նախատեսում զրպարտությունը հերքելու, դրա պատասխանը ներկայացնելու, այն հեռացնելու կամ վերը նշված կարգավորումներին համարժեք այլ հնարավորություն, ճանաչվել է Սահմանադրության 31-րդ հոդվածին (75-րդ հոդվածի հետ համակցությամբ) հակասող և անվավեր` 01.10.24 ՍԴՈ-1752 որոշման համաձայն)
Հոդված 1087.2. |
Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները |
(վերնագիրը փոփ. 21.12.15 ՀՕ-184-Ն)
1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:
2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Եթե սույն օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված հիմնարար իրավունքը խախտվել է տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից, ապա ոչ նյութական վնասը հատուցվում է համապատասխան համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:
6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:
7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝
1) նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքների խախտման պարագայում,
2) նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:
8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:
9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:
(1087.2-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-21-Ն, փոփ., լրաց., խմբ. 21.12.15 ՀՕ-184-Ն, խմբ. 16.12.16 ՀՕ-241-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
(1087.2-րդ հոդվածի 8-րդ մասի «բացառիկ դեպքերում» բառակապակցությունը ճանաչվել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր 03.03.20 ՍԴՈ-1513 որոշմամբ:)
§ 2.2. ԽՈՇՏԱՆԳՈՒՄԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(REDRESS)
(պարագրաֆը լրաց. 16.12.16 ՀՕ-241-Ն)
Հոդված 1087.3. | Խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման հասկացությունը, բովանդակությունը, կարգն ու պայմանները |
1. Սույն օրենսգրքի իմաստով՝ խոշտանգումից տուժած է համարվում անձը, որին պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառվել այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով:
2. Խոշտանգումից տուժած անձանց տրամադրվող փոխհատուցումը ներառում է այդ անձանց կրած նյութական, ոչ նյութական վնասների հատուցումը (compensation) և ռեաբիլիտացիայի իրավունքը:
3. Խոշտանգումից տուժած անձի ռեաբիլիտացիայի իրավունքը ներառում է բժշկական օգնության և սպասարկման դիմաց հատուցում ստանալու, ինչպես նաև անվճար հոգեբանական և անվճար իրավաբանական ծառայություններից օգտվելու իրավունքը: Հոգեբանական ծառայությունները տրամադրվում են խոշտանգման մասին ենթադրյալ տուժողի կողմից հայտարարություն ներկայացվելուց հետո ողջամիտ ժամկետում՝ հաշվի առնելով տուժողի իրավաչափ շահերը: Հոգեբանական ծառայությունները մատուցվում են ավանդական և այլընտրանքային միջամտության եղանակներով՝ հաշվի առնելով տուժողի անհատական կարիքները: Հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգի և պայմանների մանրամասները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
4. Խոշտանգումից տուժած անձը, իսկ նրա մահվան, անչափահաս լինելու կամ անգործունակության դեպքում նրա ծնողը, որդեգրողը, զավակը, որդեգրվածը, ամուսինը, խնամակալը, հոգաբարձուն դատական կարգով իրավունք ունեն պահանջելու և ստանալու փոխհատուցում՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով:
5. Խոշտանգումից տուժած անձի փոխհատուցման պահանջը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք դատարան կարող են ներկայացնել տուժած անձի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած դատական ակտով խոշտանգման փաստը հաստատվելու դեպքում այդ ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, խոշտանգումից տուժած անձը կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձինք իրավունք ունեն ստանալու փոխհատուցում այնքանով, որքանով դա չի տրամադրվել միջազգային դատարանի դատական ակտով:
6. Փոխհատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան՝ ներառելով նյութական և ոչ նյութական վնասը, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման համար փաստացի կրած ողջամիտ և անհրաժեշտ ծախսերը:
7. Խոշտանգումից տուժած անձի վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետությունը, որը փոխհատուցել է պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած փոխհատուցման չափով։
8. Սույն հոդվածով նախատեսված փոխհատուցման տարրերից յուրաքանչյուրով խոշտանգումից տուժած անձը կարող է խոշտանգման յուրաքանչյուր փաստով պատճառված վնասների հատուցում ստանալ միայն մեկ անգամ:
(1087.3-րդ հոդվածը լրաց. 16.12.16 ՀՕ-241-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-180-Ն)
§ 3. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 1088. | Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու հիմքերը |
1. Քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին կամ իրավաբանական անձի գույքին` ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կառուցվածքային, բաղադրամասային կամ այլ թերությունների, ինչպես նաև ապրանքի, աշխատանքի, ծառայության մասին ոչ ճիշտ կամ ոչ բավականաչափ ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման ապրանք վաճառողի կամ արտադրողի, աշխատանք կատարողի կամ ծառայություններ մատուցողի կողմից` անկախ նրանց մեղքից և նրանց հետ տուժողի պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու պարագայից:
2. Սույն հոդվածում նախատեսված կանոնները կիրառվում են միայն սպառողական, սակայն ոչ ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործման նպատակներով ապրանքներ ձեռք բերելու (աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու) դեպքերում:
Հոդված 1089. | Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատու անձինք |
1. Ապրանքի թերությունների հետևանքով պատճառված վնասը տուժողի ընտրությամբ ենթակա է հատուցման վաճառողի կամ ապրանք արտադրողի կողմից:
2. Աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման աշխատանք կատարած կամ ծառայություն մատուցած անձի (կատարողի) կողմից:
3. Ապրանքի (աշխատանքի, ծառայության) մասին լիակատար կամ հավաստի տեղեկատվություն չտրամադրելու հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց կողմից:
Հոդված 1090. | Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը հատուցելու ժամկետները |
1. Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման, եթե այն ծագել է ապրանքի (աշխատանքի, ծառայության) պիտանիության ժամկետի ընթացքում, իսկ եթե պիտանիության ժամկետ չի սահմանված` ապրանքը թողարկելու, աշխատանքը կատարելու կամ ծառայությունը մատուցելու օրվանից տասը տարվա ընթացքում:
2. Վնասը ենթակա է հատուցման անկախ դրա պատճառման ժամկետից, եթե`
1) օրենքի պահանջների խախտմամբ պիտանիության ժամկետ չի սահմանվել.
2) անձը, ում վաճառվել է ապրանքը, ում համար կատարվել է աշխատանքը կամ մատուցվել է ծառայությունը, չի նախազգուշացվել մինչև պիտանիության ժամկետի ավարտն անհրաժեշտ գործողությունների և նշված գործողությունները չկատարելու հնարավոր հետևանքների մասին:
Հոդված 1091. | Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով պատճառված վնասի համար պատասխանատվությունից ազատվելու հիմքերը |
Ապրանք վաճառողը կամ արտադրողը, աշխատանքներ կատարողը կամ ծառայություններ մատուցողն ազատվում է պատասխանատվությունից, եթե ապացուցում է, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ սպառողի կողմից ապրանքների, աշխատանքների, ծառայությունների օգտագործման կամ դրանց պահպանման համար սահմանված կանոնները խախտելու հետևանքով:
Հոդված 10911. | Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասի հատուցումը |
1. Անբարեխիղճ գովազդի հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման գովազդատուի կողմից` անկախ նրա մեղքից:
2. Անբարեխիղճ գովազդի հետևանքով այլ անձին պատճառված վնասը հատուցած գովազդ արտադրողը կամ գովազդակիրը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի վճարված հատուցման չափով, եթե գովազդ արտադրողի կամ գովազդակրի պահանջով գովազդատուն չի ներկայացրել գովազդի արտադրության համար ներկայացվող տեղեկատվության հավաստիության փաստաթղթային վավերացում (արտոնագրեր, տեղեկանքներ):
3. Անբարեխիղճ գովազդի համար պատճառված վնասը կրում է գովազդակիրը, եթե գովազդատուին հնարավոր չէ գտնել:
(10911-ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-110-Ն)
Գ Լ ՈՒ Խ 61
ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
⚖Հոդված 1092. | Անհիմն հարստացումը վերադարձնելու պարտականությունը |
1. Անձը, ով առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի ուրիշ անձի (տուժողի) հաշվին ձեռք է բերել գույք կամ խնայել է այն (ձեռք բերողը), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած կամ խնայած գույքը (անհիմն հարստացումը), բացառությամբ սույն օրենսգրքի 1099 հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Սույն գլխի կանոնները կիրառվում են անկախ այն բանից, անհիմն հարստացումը ձեռք բերողի, տուժողի, երրորդ անձանց գործելակերպի հետևանք է եղել, թե կատարվել է նրանց կամքից անկախ:
⚖Հոդված 1093. | Անհիմն հարստացումը վերադարձնելու պահանջների հարաբերակցությունը քաղաքացիական իրավունքների պաշտպանության այլ պահանջների հետ |
Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով և չի բխում համապատասխան հարաբերությունների էությունից, սույն գլխում նախատեսված կանոնները ենթակա են կիրառման նաև`
1) անվավեր գործարքով կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ.
2) սեփականատիրոջ կողմից իր գույքն ապօրինի տիրապետողից հետ ստանալու պահանջների նկատմամբ.
3) պարտավորության մեկ կողմի` մյուսից այդ պարտավորության կապակցությամբ կատարվածը վերադարձնելու պահանջների նկատմամբ:
Հոդված 1094. | Անհիմն հարստացումը բնեղենով վերադարձնելը |
1. Անհիմն հարստացման առարկա գույքը ձեռք բերողը պետք է տուժողին վերադարձնի բնեղենով:
2. Ձեռք բերողը տուժողի առջև պատասխանատվություն է կրում անհիմն հարստացման կամ խնայման առարկա գույքի ամեն մի, այդ թվում` նաև պատահական կորստի և պակասորդի կամ վատթարացման համար, այն բանից հետո, երբ նա իմացել է կամ պետք է իմանար իր հարստացման անհիմն լինելու մասին: Մինչև այդ պահը նա պատասխանատվություն է կրում միայն դիտավորության և կոպիտ անզգուշության դրսևորման դեպքերում:
⚖Հոդված 1095. | Անհիմն հարստացման արժեքը հատուցելը |
1. Անհիմն հարստացման կամ խնայման միջոցով ձեռք բերված գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում ձեռք բերողը պետք է տուժողին հատուցի ձեռքբերման պահին այդ գույքի իրական արժեքը, ինչպես նաև գույքի արժեքի հետագա փոփոխությունների պատճառով ծագած վնասները, եթե ձեռք բերողն անհիմն հարստացման մասին իմանալուց հետո անմիջապես չի հատուցել գույքի արժեքը:
2. Անձը, ով ժամանակավորապես անհիմն օգտվել է ուրիշի գույքից` առանց այն ձեռք բերելու մտադրության, կամ ուրիշի ծառայություններից, պետք է տուժողին վերադարձնի այն, ինչը խնայել է` այն վայրում գոյություն ունեցող գնով, որտեղ դա կատարվել է:
Հոդված 1096. | Իրավունքն այլ անձի անհիմն փոխանցելու հետևանքները |
Պահանջի զիջման միջոցով կամ այլ կերպ գոյություն չունեցող կամ անվավեր պարտավորության հիման վրա իրեն պատկանող իրավունքն այլ անձի փոխանցած անձն իրավունք ունի պահանջել վերականգնելու նախկին դրությունը` ներառյալ իրեն վերադարձնելու փոխանցված իրավունքը հավաստող փաստաթղթերը:
⚖Հոդված 1097. | Անհիմն հարստացողի կողմից ստացված եկամուտները տուժողին հատուցելը |
1. Անձը, ով անհիմն ստացել կամ խնայել է գույք, պարտավոր է տուժողին հատուցել կամ վերադարձնել այն բոլոր եկամուտները, որոնք նա ստացել է կամ կարող էր ստանալ այդ գույքից` սկսած այն օրվանից, երբ իմացել է կամ պետք է իմանար հարստացման անհիմն լինելու մասին:
2. Անհիմն դրամական հարստացման գումարի վրա ենթակա են հավելագրման ուրիշի միջոցներից օգտվելու համար տոկոսներ (հոդված 411) սկսած այն օրվանից, երբ ձեռք բերողն իմացել է կամ պետք է իմանար դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին:
Հոդված 1098. | Վերադարձման ենթակա գույքի վրա կատարված ծախսերը հատուցելը |
Անհիմն ստացված կամ խնայված գույքը վերադարձնելիս (հոդված 1094) կամ դրա արժեքը հատուցելիս (հոդված 1095) ձեռք բերողն իրավունք ունի տուժողից պահանջել հատուցելու գույքը պահելու և պահպանելու վրա իր կատարած անհրաժեշտ ծախսերը, սկսած այն օրվանից, երբ նա պարտավոր էր վերադարձնել եկամուտները (հոդված 1097)` ստացված օգուտի հաշվանցով: Ծախսերի հատուցման իրավունքը վերանում է այն դեպքում, երբ ձեռք բերողը վերադարձման ենթակա գույքը պահում է դիտավորությամբ:
Հոդված 1099. | Չվերադարձվող անհիմն հարստացումը |
Որպես անհիմն հարստացում ենթակա չեն վերադարձման`
1) այն գույքը, որը տրվել է ի կատարումն պարտավորությունների, մինչև դրանց կատարման ժամկետի վրա հասնելը, եթե պարտավորությամբ այլ բան նախատեսված չէ.
2) վաղեմության ժամկետի ավարտից հետո ի կատարումն պարտավորության տրված գույքը.
3) քաղաքացու մոտ անբարեխղճության բացակայության դեպքում, նրան` որպես գոյության միջոց տրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները, կենսաթոշակները, կրթաթոշակները, նպաստները, կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցումը, ալիմենտը և այլ դրամական գումարներ.
4) ի կատարումն գոյություն չունեցող պարտավորության տրված դրամական գումարները և այլ գույքը, եթե ձեռք բերողն ապացուցում է, որ գույքը վերադարձնելու պահանջով դիմած անձը գիտեր պարտավորության բացակայության մասին կամ գույքը տրամադրել է բարեգործական նպատակներով:
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 62
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1100. | Մտավոր սեփականության օբյեկտները |
1. Մտավոր սեփականության օբյեկտներ են մտավոր գործունեության արդյունքները և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցները:
2. Մտավոր գործունեության արդյունքներ են`
1) գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները.
2) կատարումները, հնչյունագրերը (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումները.
3) գյուտերը, արդյունաբերական դիզայնները.
4) սելեկցիոն նվաճումները.
5) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները.
6) չբացահայտված տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու).
7) բույսերի սորտերը:
3. Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցներ են`
1) ֆիրմային անվանումները.
2) ապրանքային նշանները (սպասարկման նշանները).
3) աշխարհագրական նշումները, ծագման տեղանունները և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումները։
4. Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում մտավոր սեփականության օբյեկտներ կարող են լինել մտավոր գործունեության այլ արդյունքներ և քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների ու ծառայությունների անհատականացման այլ միջոցներ:
(1100-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն, լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1101. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ծագման հիմքերը |
1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքները ծագում են դրանց ստեղծման փաստի ուժով կամ լիազորված պետական մարմնի կողմից սույն օրենսգրքով կամ այլ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` այդ օբյեկտներին իրավական պահպանություն տրամադրելու հետևանքով:
2. Չբացահայտված տեղեկատվությանն իրավական պահպանություն տրամադրելու պայմանները սահմանվում են օրենքով:
Հոդված 1102. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները |
1. Մտավոր գործունեության արդյունքների հեղինակին են պատկանում այդ արդյունքների նկատմամբ անձնական ոչ գույքային և գույքային իրավունքները:
2. Անձնական ոչ գույքային իրավունքները հեղինակին են պատկանում անկախ նրա գույքային իրավունքներից և պահպանվում են մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ նրա գույքային իրավունքներն այլ անձի անցնելիս:
Հոդված 1103. | Հեղինակության իրավունք |
1. Մտավոր գործունեության արդյունքի հեղինակի իրավունքը (հեղինակության իրավունքը) անձնական ոչ գույքային իրավունք է և կարող է պատկանել միայն այն անձին, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է մտավոր գործունեության արդյունքը:
2. Հեղինակության իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և գործում է անժամկետ:
3. Եթե արդյունքն ստեղծվել է երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, նրանք համարվում են համահեղինակներ:
Հոդված 1104. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքները |
1. Մտավոր գործունեության արդյունքների կամ քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների (այսուհետ` անհատականացման միջոցներ) նկատմամբ գույքային իրավունքների տիրապետողը մտավոր սեփականության այդ օբյեկտն իր հայեցողությամբ ցանկացած ձևով և եղանակով օրինաչափ օգտագործելու բացառիկ իրավունք ունի:
2. Ուրիշ անձանց կողմից մտավոր սեփականության այն օբյեկտների օգտագործումը, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է դրանց իրավատիրոջը, թույլատրվում է միայն վերջինիս համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
3. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքի տիրապետողն իրավունք ունի լրիվ կամ մասնակիորեն այլ անձի փոխանցել այդ իրավունքը, նրան թույլատրել օգտագործելու և տնօրինելու այդ օբյեկտը, եթե դա չի հակասում սույն օրենսգրքի և այլ օրենքների կանոններին:
4. Բացառիկ իրավունքների սահմանափակումները` ներառյալ մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձանց տրամադրելու միջոցով, այդ իրավունքներն անվավեր ճանաչելն ու դրանց դադարեցնելը (չեղյալ ճանաչելը) թույլատրվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում, սահմաններում ու կարգով, պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը և անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները` հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը:
(1104-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 13.04.23 ՀՕ-144-Ն)
Հոդված 1105. | ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼԸ |
1. Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի: Գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով անցնել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքով:
2. Գույքային իրավունքների փոխանցումը պայմանագրով և դրանց անցումը համապարփակ իրավահաջորդության կարգով չեն հանգեցնում հեղինակության իրավունքի և այլ անօտարելի ու անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունքների փոխանցման կամ սահմանափակման: Նման իրավունքները փոխանցելու կամ սահմանափակելու մասին պայմանագրի պայմաններն առոչինչ են, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքի:
3. Պայմանագրով փոխանցվող բացառիկ իրավունքները պետք է որոշվեն դրանով: Պայմանագրում որպես օտարելի չնշված իրավունքները ենթադրվում են չփոխանցված, եթե այլ բան ապացուցված չէ:
(1105-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.12.01 ՀՕ-270)
Հոդված 1106. | Լիցենզային պայմանագիր |
1. Լիցենզային պայմանագրով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը:
2. Լիցենզային պայմանագիրը ենթադրվում է հատուցելի: Լիցենզային պայմանագրում պետք է սահմանվեն վարձատրության չափը և (կամ) այն որոշելու կարգն ու դրա վճարման ժամկետները:
3. Լիցենզային պայմանագիրը պետք է սահմանի տրամադրվող իրավունքները, դրանք օգտագործելու սահմանները և ժամկետները:
4. Լիցենզային պայմանագրով լիցենզառուին կարող են տրամադրվել`
1) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու լիցենզատուի իրավունքը (հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա).
2) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու լիցենզատուի իրավունքը, սակայն, առանց այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (եզակի լիցենզիա).
3) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք՝ առանց լիցենզատուի կողմից այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).
4) օրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեսակներ:
Եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, լիցենզիան ենթադրվում է հասարակ (ոչ բացառիկ):
5. Լիցենզառուի կողմից մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու մասին պայմանագիրը ենթալիցենզային պայմանագիր է: Լիցենզառուն իրավունք ունի ենթալիցենզային պայմանագիր կնքել միայն լիցենզային պայմանագրով նախատեսված դեպքերում:
Լիցենզառուն պատասխանատվություն է կրում լիցենզատուի առջև ենթալիցենզառուի գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով:
(1106-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1107. | Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր |
1. Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ մտավոր գործունեության այլ արդյունք ստեղծելու և իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր գործունեության արդյունքի բնույթը, ինչպես նաև այն օգտագործելու նպատակները կամ եղանակները:
3. Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք մտավոր գործունեության ցանկացած արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունքը որևէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առոչինչ է:
4. Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում ապագայում մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու` հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:
Հոդված 1108. | Բացառիկ իրավունքը և սեփականության իրավունքը |
Մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունքը գոյություն ունի անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է նման արդյունքը կամ անհատականացման միջոցը:
Հոդված 1109. | Բացառիկ իրավունքի գործողության ժամկետը |
Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված ժամկետում:
Հոդված 1110. | Բացառիկ իրավունքների պաշտպանության եղանակները |
1. Բացառիկ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է սույն օրենսգրքի 14 հոդվածով նախատեսված եղանակներով: Բացառիկ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել նաև`
1) բացառիկ իրավունքների խախտման համար հիմք ծառայած և նման խախտման արդյունքում ստեղծված նյութական օբյեկտների առգրավմամբ.
2) թույլ տրված խախտման վերաբերյալ պարտադիր հրապարակմամբ` դրանում ներառելով տեղեկություններ այն մասին, թե ում է պատկանում խախտված իրավունքը, ինչպես նաև թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախտողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում.
3) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
2. Մտավոր գործունեության արդյունքների և անհատականացման միջոցների օգտագործման պայմանագրերը խախտվելու դեպքում կիրառվում են պարտավորությունների խախտման համար պատասխանատվության մասին ընդհանուր կանոնները (գլուխ 26):
(1110-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Գ Լ ՈՒ Խ 63
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1111. | Հեղինակային իրավունքի օբյեկտները |
1. Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև այն արտահայտելու եղանակից:
2. Ստեղծագործությունը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ այն ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:
3. Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված` ներառյալ ձայնագրությամբ կամ տեսագրությամբ արտահայտված, երկչափ կամ ծավալային-տարածքային ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) վրա արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար այն մատչելի լինելուց:
4. Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե այն մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն):
5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:
6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբունքների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակետների, համակարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձևերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագործություններում:
(1111-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1112. | Հեղինակային իրավունքի օբյեկտների տեսակները |
Հեղինակային իրավունքի օբյեկտներ են`
1) գրական (գրական-գեղարվեստական, գիտական, ուսումնական, հրապարակախոսական և այլ) ստեղծագործությունները.
2) դրամատիկական և սցենարային ստեղծագործությունները.
3) տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
4) երաժշտական դրամատիկական ստեղծագործությունները.
5) պարարվեստի ստեղծագործությունները և մնջախաղերը.
6) տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները), ռադիոստեղծագործությունները.
7) գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, դիզայնի և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
8) դեկորատիվ-կիրառական արվեստի և բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.
9) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
10) լուսանկարչական ստեղծագործությունները և լուսանկարչությանը նմանօրինակ եղանակներով ստացված ստեղծագործությունները.
11) աշխարհագրությանը, տոպոգրաֆիային և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական ու այլ քարտեզները, նախագծերը, էսքիզները և պլաստիկ ստեղծագործությունները.
12) համակարգչային ծրագրերը.
13) տառատեսակները.
14) սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող այլ ստեղծագործությունները:
(1112-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1113. | Ստեղծագործության մասերը և ածանցյալ ստեղծագործությունները |
1. Հեղինակային իրավունքի օբյեկտ են` սույն օրենսգրքի 1111 հոդվածով սահմանված պահանջները բավարարող ստեղծագործությունների մասերը, դրանց անվանումները և ածանցյալ ստեղծագործությունները:
2. Ածանցյալ ստեղծագործություններ են`
1) այլ ստեղծագործությունների վերամշակումները (մշակումները, անոտացիաները, ռեֆերատները, ամփոփումները, տեսությունները, բեմականացումները, դաշնակումները և գիտության, գրականության ու արվեստի այլ նմանատիպ ստեղծագործությունները).
2) թարգմանությունները.
3) ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները), տվյալների բազաները և իրենցից ըստ նյութերի ընտրության կամ տեղաբաշխման ստեղծագործական աշխատանքի արդյունք ներկայացնող այլ հավաքածո ստեղծագործությունները:
3. Ածանցյալ ստեղծագործությունները պահպանվում են հեղինակային իրավունքով` անկախ այն ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ լինելու հանգամանքից, որի վրա դրանք հիմնված են կամ որը ներառում են:
(1113-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1114. | Հեղինակային իրավունքի օբյեկտ չհամարվող ստեղծագործությունները |
Հեղինակային իրավունքի օբյեկտ չեն`
1) պաշտոնական փաստաթղթերը (օրենքները, որոշումները, վճիռները և այլն), ինչպես նաև դրանց պաշտոնական թարգմանությունները.
2) պաշտոնական խորհրդանիշները և նշանները (դրոշները, զինանշանները, շքանշանները, դրամանիշները և այլն).
3) ժողովրդական բանահյուսության և արվեստի ստեղծագործությունները.
4) օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների մասին մամլո տեղեկատվության բնույթ ունեցող սովորական հաղորդումները.
5) առանց մարդու ստեղծագործական գործունեության` տեխնիկական միջոցների օգնությամբ ստացված արդյունքները.
6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։
(1114-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1115. | Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծերի նկատմամբ իրավունքները |
1. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների կամ նշանների նախագծի նկատմամբ հեղինակության իրավունքը պատկանում է նախագիծ ստեղծած անձին (մշակողին):
2. Պաշտոնական փաստաթղթերի, խորհրդանիշների և նշանների նախագծեր մշակողներն իրավունք ունեն հրապարակել նախագիծը, եթե նախագիծը մշակելու հանձնարարությունը տվող մարմինն այն չի արգելում: Նախագիծը հրապարակելիս մշակողներն իրավունք ունեն նշել իրենց անունը:
3. Իրավասու մարմինը պաշտոնական փաստաթուղթ նախապատրաստելու նպատակով կարող է նախագիծն օգտագործել առանց մշակողի համաձայնության, եթե նախագիծը հրապարակել կամ համապատասխան մարմին է ուղարկել մշակողը:
4. Նախագծի հիման վրա պաշտոնական փաստաթղթեր, խորհրդանիշներ և նշաններ նախապատրաստելիս պաշտոնական փաստաթուղթը, խորհրդանիշը կամ նշանը նախապատրաստող մարմնի հայեցողությամբ նախագծում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:
5. Իրավասու մարմնի կողմից հավանության արժանանալու դեպքում նախագիծը կարող է օգտագործվել առանց մշակողի անունը նշելու:
Հոդված 1116. | Հեղինակային իրավունքի ծագումը: Հեղինակության կանխավարկածը |
1. Գիտության, գրականության կամ արվեստի ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է այն ստեղծելու փաստի ուժով: Հեղինակային իրավունքի ծագման համար չի պահանջվում ստեղծագործության գրանցում կամ որևէ այլ ձևականություն:
2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, և կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:
3. Ստեղծագործությունն անանուն կամ կեղծանվամբ լույս ընծայելիս (բացառությամբ այն դեպքի, երբ հեղինակի կեղծանունը որևէ կասկած չի հարուցում նրա անձի ով լինելու մասին) լույս ընծայողը, որի անունը կամ անվանումը նշված է ստեղծագործության վրա, այլ ապացույցների բացակայության դեպքում, համարվում է հեղինակի ներկայացուցիչը և իրավունք ունի պաշտպանել հեղինակի իրավունքներն ու ապահովել դրանց իրականացումը: Այս դրույթը գործում է այնքան ժամանակ, մինչև նման ստեղծագործության հեղինակը կբացահայտի իր անձը և կհայտարարի իր հեղինակության մասին:
(1116-րդ հոդվածը խմբ., փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1117. | Համահեղինակություն |
1. Երկու կամ ավելի քաղաքացիների համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը համահեղինակներին է պատկանում համատեղ` անկախ նրանից, այդ ստեղծագործությունը մեկ միասնական ամբողջությու՞ն է, թե՞ կազմված է մասերից, որոնցից յուրաքանչյուրն ունի նաև ինքնուրույն նշանակություն:
2. Ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե այն կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ:
3. Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի իր հայեցողությամբ օգտագործել ստեղծագործության իր կողմից ստեղծված ինքնուրույն նշանակություն ունեցող մասը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար:
5. Եթե համահեղինակների ստեղծագործությունը կազմում է մեկ անբաժանելի ամբողջություն, ապա համահեղինակներից որևէ մեկն իրավունք չունի առանց բավարար հիմքերի արգելել մյուս համահեղինակներին՝ օգտագործելու ստեղծագործությունը:
(1117-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1118. | Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակները |
1. Ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներ են համարվում այլ անձանց ստեղծագործությունները վերամշակած անձինք` թարգմանիչները, ժողովածուներ և այլ հավաքածո ստեղծագործություններ կազմողները:
2. Ածանցյալ ստեղծագործության հեղինակն օգտվում է նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից` վերամշակված, թարգմանված կամ հավաքածո ստեղծագործության մեջ ներառված ստեղծագործության հեղինակի իրավունքը պահպանելու պայմանով:
3. Ածանցյալ ստեղծագործություններ ստեղծողների հեղինակային իրավունքը չի խոչընդոտում այլ անձանց արդեն իսկ օգտագործված ստեղծագործությունների հիման վրա ստեղծելու իրենց ածանցյալ ստեղծագործությունները, եթե պահպանված է սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը:
(1118-րդ հոդվածը լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1119. | Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձանց իրավունքները |
1. Ստեղծագործությունների ստեղծումը կազմակերպող անձինք (հանրագիտարանների հրատարակիչները, ֆիլմեր պատրաստողները, պրոդյուսերները և այլք) չեն համարվում համապատասխան ստեղծագործությունների հեղինակներ: Սակայն, սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում, նման անձինք բացառիկ իրավունքներ են ձեռք բերում այդ ստեղծագործությունների օգտագործման նկատմամբ:
2. Հանրագիտարանների, հանրագիտական բառարանների, գիտական աշխատանքների պարբերական կամ շարունակվող ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների հրատարակիչները նման հրատարակություններն օգտագործելու բացառիկ իրավունք ունեն: Հրատարակիչն իրավունք ունի նման հրատարակության ցանկացած օգտագործման դեպքում նշել կամ պահանջել, որ նշվի իր անվանումը:
Նման հրատարակություններում ներառված ստեղծագործությունների հեղինակները պահպանում են իրենց ստեղծագործություններն օգտագործելու բացառիկ իրավունքներ` անկախ այն ամբողջությամբ հրատարակելու հանգամանքից, եթե այլ բան նախատեսված չէ ստեղծագործության ստեղծման պայմանագրով:
Հոդված 1120. | Հեղինակային իրավունքի պահպանության նշանը |
1. Բացառիկ գույքային իրավունքների տիրապետողն իր իրավունքների մասին ծանուցելու նպատակով կարող է օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշան, որը տեղադրվում է ստեղծագործության բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա և կազմված է`
1) շրջանակի մեջ վերցված լատիներեն «C» տառից.
2) բացառիկ հեղինակային իրավունքները տիրապետողի անունից (անվանումից).
3) ստեղծագործության առաջին հրատարակության տարեթվից:
2. Իրավատեր է համարվում հեղինակային իրավունքի պահպանության նշանում հիշատակված անձը, եթե այլ բան ապացուցված չէ:
(վերնագիրը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
(1120-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1121. | Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները |
1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր և անձնական կապերը:
2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետևյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).
2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).
3) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի և արժանապատվության իրավունք).
4) ստեղծագործությունը ցանկացած ձևով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).
5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք` դրա հետևանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, ապա հեղինակը պարտավոր է հրապարակայնորեն ծանուցել դրա հետկանչի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախկինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաև ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի և անփոխանցելի են և պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։
(1121-րդ հոդվածը խմբ. 04.12.01 ՀՕ-270, 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1122. | Ստեղծագործության անձեռնմխելիության իրավունքը |
Հոդված 1123. | Ստեղծագործությունը հրապարակելու իրավունքը |
Հոդված 1124. | Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի իրավունքը |
1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձևով և եղանակով, ինչպես նաև թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`
1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).
2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).
3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).
4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).
5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).
6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը (վերափոխման իրավունք).
7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).
8) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).
9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).
10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).
11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).
12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձևերով ու եղանակներով օգտագործումը:
2. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
3. Վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով և ձևով, ամբողջությամբ կամ մասնակի:
4. Տարածում են համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաև դրանց ներմուծումը:
5. Եթե ստեղծագործության օրինակներն օտարված են օրենքով սահմանված կարգով, ապա դրանց հետագա տարածելը թույլատրվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրություն վճարելու, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
6. Ստեղծագործությունն օգտագործված է համարվում անկախ այն բանից այն օգտագործվել է շահույթ ստանալու նպատակով, թե առանց այդ նպատակի:
7. Ստեղծագործության (գյուտերի, այլ տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլ որոշումների) բովանդակությունը կազմող դրույթների գործնական կիրառումը հեղինակային իրավունքի տեսանկյունից ստեղծագործության օգտագործում չէ:
(1124-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ., փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1125. | Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը տնօրինելը |
1. Հեղինակը կամ այլ իրավատերը կարող է պայմանագրով` ներառյալ հրապարակային սակարկություններում կնքված, ստեղծագործությունն օգտագործելու իր բոլոր իրավունքները փոխանցել այլ անձի (օգտագործման իրավունքի օտարում):
2. Ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը փոխանցվում է համապարփակ իրավահաջորդության կարգով (1105 հոդվածի 1-ին կետ):
3. Իրավատերը կարող է այլ անձի հանձնել որոշակի սահմաններում ստեղծագործությունն օգտագործելու թույլտվություն (լիցենզիա): Թույլտվությունը պահանջվում է ստեղծագործությունն ինչպես նախնական, այնպես էլ վերամշակված ձևով` ներառյալ թարգմանության, դաշնակման և այլն, օգտագործելու համար:
4. Ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար պահանջվում է իրավատիրոջ հատուկ թույլտվություն (1105 հոդվածի 2-րդ կետ):
Հոդված 1126. | Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը |
1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագործությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:
Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաև ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որևէ վնասի համար:
2. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատկերասրահի, գեղարվեստական սրահի, խանութի և այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու և յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։
(1126-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1127. | Գույքային իրավունքների սահմանափակումները (վերնագիրը խմբ.15.06.06 ՀՕ-143-Ն) |
1. Գույքային իրավունքների սահմանափակումները կիրառվում են պայմանով, եթե դրանք անհարկի վնաս չեն պատճառում ստեղծագործության բնականոն օգտագործմանը և չեն ոտնահարում հեղինակի օրինական շահերը:
2. Ստեղծագործությունն օգտագործելու հեղինակի և այլ անձանց գույքային իրավունքների սահմանափակում թույլատրվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում:
(1127-րդ հոդվածը փոփ.15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1128. | Ծառայողական ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը |
1. (կետն ուժը կորցրել է 15.06.06 ՀՕ-143-Ն)
2. Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների իրավատերը, եթե հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձևի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը և պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:
3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ծառայողական հանձնարարությունների կամ պարտականությունների կատարման կարգով ստեղծված հանրագիտարանների, հանրագիտարանային բառարանների, գիտական աշխատությունների, պարբերական ու շարունակական ժողովածուների, թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունների վրա:
4. (կետն ուժը կորցրել է 04.12.01 ՀՕ-270)
(1128-րդ հոդվածը փոփ. 04.12.01 ՀՕ-270, փոփ., խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1129. | Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում |
1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների և կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։
2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։
Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին անգամ լույս ընծայված է համարվում նաև, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաև հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաև տվյալների բազաների նկատմամբ։
(1129-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1130. | Հեղինակային իրավունքի գործողության սկիզբը |
1. Ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն սկսում է գործել ստեղծագործությանը երրորդ անձանց կողմից ընկալվելու համար մատչելի օբյեկտիվ ձև տալու պահից` անկախ դրա լույս ընծայումից: Բանավոր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է այն երրորդ անձանց հաղորդելու պահից:
2. Եթե ստեղծագործության վրա չի տարածվում սույն օրենսգրքի 1129 հոդվածի գործողությունը, ապա նման ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պահպանվում է ստեղծագործության առաջին հրապարակման պահից, եթե դա իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում:
Հոդված 1131. | Գույքային իրավունքների գործողության ժամկետը |
1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում են գործել նրա մահից հետո` 70 տարի:
2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթացքում և շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո` 70 տարի:
3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից և գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները:
4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:
(1131-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1132. | Ստեղծագործությունը հանրային սեփականության վերածելը |
1. Ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո այն վերածվում է հանրային սեփականության:
Այն ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե պահպանության չեն տրամադրվել, համարվում են հանրային սեփականություն:
2. Հանրային սեփականություն համարվող ստեղծագործությունները կարող է ազատ օգտագործել յուրաքանչյուր անձ` առանց հեղինակային վարձատրություն վճարելու: Ընդ որում, պետք է պահպանվեն հեղինակության իրավունքը, անվան իրավունքը և հեղինակի համբավի և արժանապատվության իրավունքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(1132-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, լրաց. 04.12.01 ՀՕ-270, փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1133. | Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար և փոխանցումը |
1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի և արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:
3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի և արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:
Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս և հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:
5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով փոխանցվել այլ անձի։
(1133-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1134. | Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային պայմանագիրը |
1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է և կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:
3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:
4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:
5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համարվում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
6. Ապագայում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առ ոչինչ են:
7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:
(1134-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1135. | Հեղինակային պայմանագրի պայմանները և ձևերը |
1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաև այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:
2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով:
Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ (որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը) պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:
4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպանվում են հօգուտ իրավատիրոջ:
5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:
6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:
8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:
(1135-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1136. | Հեղինակային պայմանագրով պատասխանատվությունը |
1. Հեղինակային պայմանագրով պարտավորությունները չկատարած կամ անպատշաճ կատարած կողմը պարտավոր է հատուցել մյուս կողմին պատճառված վնասները` ներառյալ բաց թողնված օգուտը:
2. Եթե հեղինակը պատվիրված ստեղծագործությունը չի ներկայացրել պատվերի պայմանագրի պայմաններին համապատասխան, ապա նա պարտավոր է հատուցել պատվիրատուին պատճառված իրական վնասը:
Հոդված 1137. | Պատասխանատվությունը ստեղծագործությունն առանց թույլտվության օգտագործելու համար |
1. Առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։
2. Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝
ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`
բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։
(1137-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1138. | Հեղինակային հարաբերությունների իրավական կարգավորումը |
Հեղինակային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Գ Լ ՈՒ Խ 64
ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 1139. | Հարակից իրավունքների օբյեկտները |
Հարակից իրավունքները տարածվում են կատարումների, հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձևավորումների վրա։
Հարակից իրավունքների ծագման և իրականացման համար որևէ ձևականություն չի պահանջվում:
(1139-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1140. | Հարակից իրավունքների սուբյեկտները |
1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները և հրատարակիչները։
2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին:
3. Հնչյունագրի նկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին:
4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին:
5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը:
6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին:
7. Հրատարակչական ձևավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին:
8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման իրավունքով կամ պայմանագրով անցնել այլ անձի:
(1140-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1141. | Հնչյունագիր արտադրողի իրավունքների պահպանության նշանը |
Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝
1) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.
2) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.
3) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:
(1141-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1142. | Հարակից իրավունքների գործողության ժամկետը |
1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։
2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի։
3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից և գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) և գործում են 50 տարի:
4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից և գործում են 50 տարի։
5. Հրատարակչի իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից և գործում է 50 տարի:
6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից և գործում են 15 տարի։
Եթե մինչև նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որևէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:
7. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:
(1142-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Հոդված 1143. | Հարակից իրավունքներով հարաբերությունների իրավական կարգավորումը |
Հարակից իրավունքներով հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1143-րդ հոդվածը փոփ. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Գ Լ ՈՒ Խ 65
ԳՅՈՒՏԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1144. | Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի`
1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին.
2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին.
3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր և ինքնատիպ արդյունաբերական դիզայնին:
3. Գյուտին, արդյունաբերական դիզայնին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքները:
(1144-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, փոփ., խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1145. | Գյուտը, արդյունաբերական դիզայնն օգտագործելու իրավունքը |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Արտոնագրով պաշտպանված գյուտը, արդյունաբերական դիզայնն իր հայեցողությամբ օգտագործելու բացառիկ իրավունքը պատկանում է արտոնագրի տիրոջը:
2. Առանց արտոնագրի տիրոջ թույլտվության այլ անձինք իրավունք չունեն օգտագործել գյուտը, արդյունաբերական դիզայնը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման օգտագործումը` «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներին համապատասխան` արտոնագրի տիրոջ իրավունքների խախտում չէ:
(1145-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1146. | Արտոնագրի նկատմամբ իրավունքը տնօրինելը |
Արտոնագիր ստանալու իրավունքը, հայտի գրանցումից բխող իրավունքները, արտոնագրի տիրապետման իրավունքը և արտոնագրից բխող իրավունքները կարող են լրիվ կամ մասնակի փոխանցվել այլ անձի:
Հոդված 1147. | Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները |
(վերնագիրը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի հեղինակին են պատկանում գյուտի ու արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը, ինչպես նաև գյուտը, արդյունաբերական դիզայնն անվանակոչելու իրավունքը:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի նկատմամբ հեղինակության իրավունքը և այլ անձնական իրավունքները ծագում են արտոնագրի վրա հիմնված իրավունքները ծագելու պահից:
3. Որպես գյուտի և արդյունաբերական դիզայնի հեղինակ հայտում նշված անձը հեղինակ է համարվում, եթե այլ բան ապացուցված չէ:
(1147-րդ հոդվածը փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1148. | Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակները |
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Գյուտի, արդյունաբերական դիզայնի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում կամ պայմանագրով չկարգավորված հարաբերությունների դեպքում առաջացած վեճերը լուծվում են դատական կարգով:
2. Գյուտի, արդյունաբերական դիզայնի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:
(1148-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1149. | Ծառայողական գյուտերը, ծառայողական արդյունաբերական դիզայնները |
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած գյուտի, արդյունաբերական դիզայնի (ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե նրանց միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
(1149-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1150. | Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության իրավունքը |
(վերնագիրը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
1. Ծառայողական գյուտի, ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի (աշխատողի) վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
(1150-րդ հոդվածը խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1151. | Արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի տված գյուտի արտոնագիրը, գյուտի կարճաժամկետ արտոնագիրը և արդյունաբերական դիզայնի արտոնագիրը:
2. Օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության տված արտոնագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում:
3. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք կամ նրանց իրավահաջորդները Հայաստանի Հանրապետությունում իրավունք ունեն ստանալ գյուտի, արդյունաբերական դիզայնի արտոնագրեր, եթե սահմանված կարգով հայտարկված լուծումը համապատասխանում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով` գյուտերին կամ արդյունաբերական դիզայններին ներկայացվող պահանջներին:
(1151-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, 10.06.08 ՀՕ-112-Ն, փոփ., խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1152. | Արտոնագրի գործողության ժամկետը |
Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
(1152-րդ հոդվածը փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1153. | Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու պայմանագրի ձևը և դրանից ծագող իրավունքների գրանցումը |
1. Արտոնագրի նկատմամբ իրավունքը փոխանցելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ պայմանագրից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:
2. Գրավոր ձևը կամ գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:
(1153-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, խմբ. 03.03.21 ՀՕ-111-Ն)
Հոդված 1154. | Լիցենզային և ենթալիցենզային պայմանագրերի ձևը և դրանցից ծագող իրավունքների գրանցումը |
1. Լիցենզային և ենթալիցենզային պայմանագրերը կնքվում են գրավոր, իսկ այդ պայմանագրերից ծագող իրավունքները գրանցվում են լիազոր մարմնում:
2. Գրավոր ձևը կամ գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:
(1154-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)
Հոդված 1155. | Պատասխանատվությունն արտոնագիրը խախտելու համար |
Արտոնագրի տիրոջ պահանջով արտոնագրի խախտումը պետք է դադարեցվի, իսկ իրավախախտողը պարտավոր է արտոնագրի տիրոջը հատուցել կրած վնասները:
Հոդված 1156. | Արտոնագրի տիրոջ իրավունքների սահմանափակումը |
Արտոնագրի տիրոջ իրավունքները սահմանափակելու հիմքերը, արտոնագիրը դադարեցնելու (չեղյալ ճանաչելու), այն անվավեր ճանաչելու, հարկադրական լիցենզիաներ տալու պայմանները սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով:
Արտոնագիրը հանրության գերակա շահերի ապահովման նպատակով կարող է օտարվել միայն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով:
(1156-րդ հոդվածը խմբ. 27.11.06 ՀՕ-187-Ն, փոփ. 10.06.08 ՀՕ-112-Ն, խմբ. 24.10.18 ՀՕ-408-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-111-Ն, 13.04.23 ՀՕ-144-Ն)
Գ Լ ՈՒ Խ 66
ԲՈՒՅՍԵՐԻ ՆՈՐ ՍՈՐՏԵՐԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՆՈՐ ՑԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ
Հոդված 1157. | Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները |
1. Բույսերի նոր սորտերի և կենդանիների նոր ցեղերի (սելեկցիոն նվաճումների) նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
2. Բուսաբուծության մեջ բույսի նոր սորտ է համարվում արհեստական ճանապարհով կամ ընտրության միջոցով ստացված և գոյություն ունեցող բույսի սորտերից մեկ կամ մի քանի տարբերակիչ տնտեսական հատկանիշներ ունեցող բույսի սորտը:
3. Անասնաբուծության մեջ սելեկցիոն նվաճում է համարվում մարդու կողմից ստեղծված և ծննդաբանական կառուցվածքով ու այն նույն կենդանիների ցեղի կենդանիներից տարբերելու և կենդանիների մեկ ցեղի ձևով բազմանալու համար քանակապես բավարար հատկություններով օժտված կենդանիների ցեղը, այսինքն` ընդհանուր ծագում ունեցող կենդանիների բազմանդամ խումբը:
4. Պահանջները, որոնցով պայմանավորված է արտոնագիր ստանալու իրավունքի ծագումը և սելեկցիոն նվաճումների արտոնագիր տալու կարգը, սահմանվում են օրենքով:
5. Սելեկցիոն նվաճումների նկատմամբ իրավունքների և այդ իրավունքների պահպանության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 1146-1151, 1153-1156 հոդվածների կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխի կանոններով և «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Այդ դեպքում լիազոր մարմնի իրավունքները և պարտականություններն իրականացնում է այն պետական մարմինը, որի վրա դրված է սելեկցիոն նվաճումների փորձարկումը և պահպանությունը:
(1157-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29, 24.11.04 ՀՕ-141-Ն, փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1158. | Սելեկցիոն նվաճումն անվանակոչելու հեղինակի իրավունքը |
1. Սելեկցիոն նվաճման հեղինակն իրավունք ունի որոշել դրա անվանումը, որը պետք է համապատասխանի «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պահանջներին:
2. Պահպանվող սելեկցիոն նվաճումների արտադրության, վերարտադրության, վաճառքի նպատակով առաջարկության, վաճառքի և վաճառահանման այլ տեսակների դեպքերում սելեկցիոն նվաճումների համար գրանցված անվանումների կիրառումը պարտադիր է: Արտադրված և (կամ) վաճառվող սերմերին, տոհմային նյութին գրանցվածից տարբեր անվանում շնորհել չի թույլատրվում:
3. Գրանցված սելեկցիոն նվաճման անվանումը դրան չվերաբերող արտադրված և (կամ) վաճառվող սերմերին և տոհմային նյութին շնորհելն արտոնագրի տիրոջ ու սելեկցիոների իրավունքների խախտում է:
(1158-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1159. | Սելեկցիոն նվաճման արտոնագրի տիրոջ իրավունքները |
Սելեկցիոն նվաճման օգտագործման բացառիկ իրավունքը, «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմաններում, պատկանում է սելեկցիոն նվաճման արտոնագրի տիրոջը:
(1159-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1160. | Սելեկցիոն նվաճման արտոնագրի տիրոջ պարտականությունները |
Սելեկցիոն նվաճման արտոնագրի տերը պարտավոր է բույսերի համապատասխան սորտը կամ կենդանիների համապատասխան ցեղը պահպանել արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում այնպես, որպեսզի պահպանվեն բույսերի սորտի և կենդանիների ցեղի գրանցման ժամանակ կազմված նկարագրության մեջ նշված հատկանիշները:
Հոդված 1161. | Սելեկցիոն նվաճման նկատմամբ արտոնագրի գործողության ժամկետը |
Սելեկցիոն նվաճման նկատմամբ արտոնագրի գործողությունն սկսվում է պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում նվաճումը գրանցելու և արտոնագիրը տալու օրվանից: Արտոնագրի գործողության ժամկետը սահմանվում է «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» և «Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
(1161-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.17 ՀՕ-232-Ն)
Հոդված 1162. | Սելեկցիոն նվաճումներն օգտագործելու թույլտվությունը |
1. Սելեկցիոն նվաճմանն իրավական պահպանություն տրամադրելը հիմք չէ դրա օգտագործման թույլտվության համար:
2. Օգտագործման թույլատրվող բույսերի սորտերի և կենդանիների ցեղերի տեսակների գրանցումը սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանում կատարում է սելեկցիոն նվաճումների փորձարկումները և պահպանություն իրականացնող պետական մարմինը` դրանց տնտեսական օգտակարության պետական փորձարկումների արդյունքների հիման վրա:
3. Բույսերի սորտերը և կենդանիների ցեղերն օգտագործելու թույլտվության հայտը ներկայացվում է սելեկցիոն նվաճումների փորձարկումներ և պահպանություն իրականացնող պետական մարմին:
(1162-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29)
Գ Լ ՈՒ Խ 67
ԻՆՏԵԳՐԱԼ ՄԻԿՐՈՍԽԵՄԱՆԵՐԻ ՏՈՊՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔ
Հոդված 1163. | Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների նկատմամբ իրավունքների պահպանության պայմանները |
1. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիային իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցումն իրականացնում է լիազոր մարմինը:
Գրանցման հիման վրա տրվում է ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայագիր:
2. Ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման և վկայագիր տալու կարգն ու պայմանները սահմանվում են «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
3. Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով և «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1163-րդ հոդվածը փոփ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն)
Գ Լ ՈՒ Խ 68
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1164. | Չբացահայտված տեղեկատվության իրավական պահպանության պայմանները |
1. Տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունը` ներառյալ արտադրության գաղտնիքները (նոու-հաու), որոնք անհայտ են երրորդ անձանց (չբացահայտված տեղեկատվություն), օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի այդ տեղեկատվությունը պահպանել ապօրինի օգտագործումից, եթե պահպանված են սույն օրենսգրքի 141 հոդվածի 1-ին կետով սահմանված պայմանները:
2. Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը ծագում է անկախ այդ տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն):
3. Չբացահայտված տեղեկատվության պահպանության կանոնները չեն կիրառվում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքին համապատասխան չեն կարող լինել ծառայողական, առևտրային կամ բանկային գաղտնիք (իրավաբանական անձանց, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին, պետական վիճակագրական հաշվետվության տեղեկությունները և այլն):
4. Չբացահայտված տեղեկատվության պահպանության իրավունքը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն օրենսգրքի 141 հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանները:
Հոդված 1165. | Պատասխանատվությունը չբացահայտված տեղեկատվության ապօրինի օգտագործման համար |
1. Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի հիմքերով ստացած, տարածած կամ օգտագործած անձը պարտավոր է այդ տեղեկատվության օրինական տիրոջը հատուցել դրա ապօրինի օգտագործմամբ պատճառված վնասները:
2. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է տարածելու իրավունք չունեցող անձից, որի մասին չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ պատճառված վնասների հատուցում, սկսած այն պահից հետո, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:
3. Չբացահայտված տեղեկատվությունն օրինաչափ տիրապետող անձն իրավունք ունի ապօրինի օգտագործողից պահանջել անհապաղ դադարեցնելու դրա օգտագործումը: Սակայն դատարանը, հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման վրա բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը, կարող է դրա հետագա օգտագործումը թույլատրել հատուցելի ոչ բացառիկ լիցենզիայի պայմաններով:
4. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի այդ տեղեկություններն օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից ու վերջինիս հանդեպ պատասխանատվություն չի կրում դրա օգտագործման համար:
Հոդված 1166. | Չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործումից պահպանելու իրավունքը փոխանցելը |
1. Չբացահայտված տեղեկատվությանը տիրապետող անձը կարող է այդ տեղեկատվության բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն լիցենզային պայմանագրով հանձնել այլ անձի (հոդված 1106):
2. Լիցենզառուն պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել պայմանագրով ստացած տեղեկատվության գաղտնիության պահպանման համար և լիցենզատուին հավասար ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, լիցենզառուն տեղեկատվության գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարելուց հետո, եթե համապատասխան տեղեկությունները շարունակում են լինել չբացահայտված տեղեկատվություն:
Հոդված 1166.1. | Ֆիրմային անվանումը |
1. Ֆիրմային անվանումն այն անվանումն է, որի ներքո առևտրային կազմակերպությունը իրականացնում է իր գործունեությունը և տարբերվում այլ իրավաբանական անձանցից։
2. Ֆիրմային անվանումը պետք է բովանդակի իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը բնորոշող բառեր և տարբերակող նշանակության առնվազն մեկ անուն՝ հատուկ անուն (անձնանուն, տեղանքի կամ խորհրդանշական անվանում), հասարակ կամ մտացածին անուն կամ տառերի հերթականություն։
3. Տնտեսական ընկերակցության ֆիրմային անվանումը պետք է պարունակի «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը և ընկերակցության բոլոր մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները) կամ ընկերակցության մասնակիցներից (լիակատար ընկերներից) առնվազն մեկի անունը (անվանումը)՝ ավելացրած «և ընկերներ» ու «լիակատար ընկերակցություն» կամ «վստահության վրա հիմնված ընկերակցություն» բառերը։
4. Առևտրային կազմակերպությունը պարտավոր է իր անվանման մեջ օգտագործել նաև օրենքով նախատեսված համապատասխան բառեր:
5. Առևտրային կոոպերատիվի ֆիրմային անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական նպատակի մասին։
6. Իրավաբանական անձի ֆիրմային անվանումը որոշվում է իրավաբանական անձը հիմնադրելիս կամ վերակազմակերպման ժամանակ և գրանցվում (փոփոխվում) է օրենքով սահմանված կարգով:
(1166.1-ին հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Գ Լ ՈՒ Խ 69
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
§ 1. ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ
Հոդված 1167. |
Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը |
1. Ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է տվյալ անվանումով իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից, պատկանում է տվյալ իրավաբանական անձին (այսուհետ նաև՝ ֆիրմային անվանման իրավատեր)։
2. Ֆիրմային անվանման իրավատերը բացառիկ իրավունք ունի`
1) օգտագործելու իր ֆիրմային անվանումը.
2) արգելելու երրորդ անձանց օգտագործել իր ֆիրմային անվանումը կամ դրան շփոթելու աստիճան նման անվանում կամ իր ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշան, եթե դա կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ֆիրմային անվանման իրավատիրոջը։
3. Ֆիրմային անվանումն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ տվյալ ֆիրմային անվանմամբ նրանց կողմից իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքում իրավաբանական անձն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։
(1167-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 1168. | Ֆիրմային անվանման օգտագործումը |
(վերնագիրը խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
1. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ անվանման ներքո իրավունքներ և պարտավորություններ ձեռք բերելը, ապրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը և ֆինանսական գործառնություններ կատարելը։
2. Ֆիրմային անվանման օգտագործում է համարվում նաև տվյալ իրավաբանական անձը նշելու նպատակով ֆիրմային անվանման կիրառումը ցուցանակների, ձևաթղթերի, ազդագրերի, ապրանքների, դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև օրենքով չարգելված այլ կիրառումներ։
3. Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներն օգտագործում են իրավաբանական անձի ֆիրմային անվանումը՝ ավելացնելով ստորաբաժանման գործունեության բնույթը բնորոշող բառեր կամ գտնվելու վայրի անվանումը։
4. Ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան։
5. Ֆիրմային անվանումը կամ դրա տարբերակող անունը կարող է օգտագործվել տվյալ իրավաբանական անձի ապրանքների և (կամ) ծառայությունների անհատականացման նպատակով միայն այն դեպքում, եթե տվյալ ապրանքի (կամ) ծառայությունների համար դա օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես ապրանքային նշան կամ ներառվել և պահպանություն է ստացել որպես այդպիսի ապրանքային նշանի տարր։
6. Ֆիրմային անվանման հետ կարող են օգտագործվել նաև դրա օտարալեզու թարգմանությունները։ Այդ դեպքում ֆիրմային անվանման մեջ պարունակվող տարբերակող նշանակության անունը չի թարգմանվում:
7. Ֆիրմային անվանումների մեջ տարբերակող նշանակության անուններում «հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները, Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների անվանումները, ինչպես նաև ֆիրմային անվանումների մեջ հանրահայտ անձի լրիվ կամ կրճատ անունը՝ նրա մահվան և ժառանգներ չունենալու դեպքում, կարող են օգտագործվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
8. Որպես ֆիրմային անվանում` արգելվում է օգտագործել այն անվանումը, որի տարբերակող նշանակության անունը՝
1) համընդհանուր օգտագործման մեջ է մտել որպես որոշակի տեսակի ապրանքի, ծառայության կամ հաստատության անվանում.
2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշ կամ տերմին է.
3) նշում է ապրանքի կամ ծառայության տեսակը, որակը, քանակը, հատկությունը, արժեքը, ստեղծման նպատակը կամ գովազդում է դա.
4) վերարտադրում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումը կամ շփոթելու աստիճան նման է դրան: Միջազգային կազմակերպության լրիվ կամ կրճատ անվանմանը շփոթելու աստիճան նման անվանումը կարող է օգտագործվել որպես ֆիրմային անվանում միայն տվյալ կազմակերպության համաձայնությամբ.
5) հանդիսանում կամ պարունակում է կեղծ կամ մոլորության մեջ գցող տեղեկություն.
6) հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին, անհարիր է ազգային կամ հոգևոր արժեքներին, առաջացնում է կամ կարող է առաջացնել անբարեխիղճ մրցակցության գործողություն:
9. Որպես ֆիրմային անվանում` չեն կարող օգտագործվել այն անվանումները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են՝
1) սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պահպանվող այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը.
2) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ավելի վաղ առաջնությամբ որևէ ապրանքային նշանի, պայմանով, որ նշված ֆիրմային անվանման օգտագործումը կարող է սպառողին մոլորության մեջ գցել և պատճառ դառնալ դրանց միջև կապ ենթադրելու` հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել ապրանքային նշանի իրավատիրոջը.
3) պարունակում են օրենքով նախատեսված բառեր, անվանումներ, որոնց օգտագործման համար անհրաժեշտ է համապատասխան կարգավիճակի, արտոնագրի, թույլտվության կամ այլ հիմքի առկայությունը, և նման հիմքեր բացակայում են:
10. Ֆիրմային անվանումները համարվում են շփոթելու աստիճան նման, եթե նրանց տարբերակող անունները նույնական կամ շփոթելու աստիճան նման են:
11. Ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին կամ նրա մաս կազմող բառային կամ ձայնային տարրին:
(1168-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 1169. | Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքի գործողությունը |
1. Որպես իրավաբանական անձի անվանում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Օտարերկրյա պետությունում գրանցված կամ համընդհանուր ճանաչում ստացած անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է օրենքով նախատեսված դեպքերում:
3. Ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցվում է, և իրավաբանական անձը զրկվում է ֆիրմային անվանման բացառիկ իրավունքից, եթե՝
1) դատարանի որոշմամբ նրան արգելվել է օգտագործել տվյալ ֆիրմային անվանումը.
2) դատարանն անվավեր է ճանաչել ֆիրմային անվանման գրանցումը.
3) իրավաբանական անձը փոխել է իր ֆիրմային անվանումը.
4) իրավաբանական անձը լուծարվել է։
(1169-րդ հոդվածը խմբ. 19.03.12 ՀՕ-130-Ն)
Հոդված 1170. | Ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը փոխանցելը |
Իրավաբանական անձի ֆիրմային անվանման նկատմամբ իրավունքը թույլատրվում է փոխանցել միայն նրա վերակազմակերպման դեպքում:
§ 2. ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆ
Հոդված 1171. | Ապրանքային նշանի (սպասարկման նշանի) իրավական պահպանության պայմանները |
1. Ապրանքային և սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայությունները այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար։
2. Ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է՝
1) օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա.
2) օրենքով սահմանված կարգով ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն` միջազգային գրանցման հիման վրա:
3. Ապրանքային նշանի գրանցման փաստը և դրա նկատմամբ իրավունքը հավաստվում է վկայագրով։
4. Ապրանքային նշանների տեսակները, որպես ապրանքային նշան չգրանցվող նշանները, ապրանքային նշանները գրանցելու, դրանց գրանցումը չեղյալ և անվավեր ճանաչելու կարգը, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշաններին իրավական պահպանություն տրամադրելու դեպքերը սահմանվում են օրենքով։
Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1171-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 07.02.00 ՀՕ-29, խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, խմբ., փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն, փոփ. 13.04.23 ՀՕ-144-Ն)
Հոդված 1172. | Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը և ապրանքային նշանի օգտագործումը |
1. Ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաև այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը:
2. Գրանցված ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց, առանց իր թույլտվության, առևտրային գործունեության ընթացքում օգտագործել ցանկացած նիշ, որը՝
1) նույնական է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը.
2) նույնական կամ նման է գրանցված ապրանքային նշանին և օգտագործվում է այնպիսի ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ նույնատիպ են այն ապրանքներին և (կամ) ծառայություններին, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ է պարունակում, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդումը.
3) նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների և (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս համբավ ունի (ճանաչված է) Հայաստանի Հանրապետությունում, և այդ նշանի օգտագործումն անհիմն առավելությունների կբերի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ համբավին (ճանաչվածությանը):
3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում՝
1) այդ ապրանքային նշանի զետեղումն ապրանքների կամ դրանց փաթեթավորման վրա, ինչպես նաև դրա օգտագործումը որպես այդ ապրանքների փաթեթավորում՝ եռաչափ ապրանքային նշանի դեպքում.
2) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների վաճառքի առաջարկը, դրանց վաճառքը կամ այդ նպատակով պահեստավորումը կամ այդ ապրանքային նշանով ծառայության մատուցումը կամ դրա առաջարկը.
3) այդ ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումը կամ արտահանումը.
4) այդ նիշի կիրառումը փաստաթղթերի վրա կամ գովազդի նպատակով.
5) այդ ապրանքային նշանի օգտագործումն ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, մասնավորապես հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմեն անվանումներում.
6) սույն կետի 1-4-րդ ենթակետերում նշված նպատակներով ապրանքային նշանի բազմացումը, պահեստավորումը կամ վաճառքը։
4. (կետն ուժը կորցրել է 29.04.10 ՀՕ-61-Ն)
(1172-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ., խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1173. | Ապրանքային նշանի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում |
Հայաստանի Հանրապետության տարածքում իրավական պահպանություն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժով միջազգային կազմակերպության գրանցած ապրանքային նշանին:
(1173-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)
Հոդված 1174. | Ապրանքային նշանը գրանցելու գործողության ժամկետը |
Ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը սահմանվում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1174-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1175. | Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելը |
1. Վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը ապրանքային նշանի իրավատերը կարող է պայմանագրով փոխանցել այլ անձի:
2. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի փոխանցումը` ներառյալ պայմանագրով կամ իրավահաջորդության կարգով, պետք է գրանցվի լիազոր մարմնում:
(1175-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1176. | Ապրանքային նշանն օգտագործելու թույլտվություն |
1. Ապրանքային նշանի իրավատերը կարող է լիցենզային պայմանագրով (հոդված 1106) վկայագրում նշված ապրանքների և ծառայությունների բոլոր տեսակների կամ դրանց մի մասի համար ապրանքային նշանն օգտագործելու իրավունքը տրամադրել այլ անձի:
2. Ապրանքային նշանն օգտագործելու լիցենզային պայմանագիրը պետք է պարունակի պայման, համաձայն որի լիցենզառուի ապրանքների կամ ծառայությունների որակը չպետք է զիջի լիցենզատուի ապրանքների կամ ծառայությունների որակին, և լիցենզատուն իրավունք ունի վերահսկել այդ պայմանի կատարումը:
3. Ապրանքային նշանի գրանցման գործողությունը դադարելիս դադարում է նաև լիցենզային պայմանագրի գործողությունը:
4. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ լիցենզային պայմանագիրը դադարելու համար:
(1176-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1177. | Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագրերի ձևը և դրանցից բխող իրավունքների փոխանցման գրանցումը |
1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը փոխանցելու կամ լիցենզիա տրամադրելու մասին պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, իսկ դրանցից բխող իրավունքների փոխանցումը պետք է գրանցվի լիազոր մարմնում:
2. Գրավոր ձևը և գրանցման պահանջները չպահպանելը հանգեցնում է պայմանագրի անվավերության:
(1177-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն)
Հոդված 1178. | Պատասխանատվությունն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքը խախտելու համար |
1. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է դադարեցնել խախտումը և ապրանքային նշանի իրավատիրոջը հատուցել պատճառած վնասները (հոդված 17):
2. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ոչնչացնել ապրանքային նշանի պատրաստված պատկերները, ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանել ապօրինի օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները կատարելու անհնարինության դեպքում համապատասխան ապրանքը ենթակա է ոչնչացման օրենքով սահմանված կարգով:
(1178-րդ հոդվածը լրաց. 07.02.00 ՀՕ-29, փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
§ 3. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄԸ, ԾԱԳՄԱՆ ՏԵՂԱՆՈՒՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
(վերնագիրը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1179. | Ծագման տեղանվան իրավական պահպանությունը |
1. Ծագման տեղանուն է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական և մարդկային գործոնները), և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:
2. Ծագման տեղանվանն իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ծագման տեղանունը գրանցում է լիազոր մարմինը:
Գրանցման հիման վրա տրվում է ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր:
3. Վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Ծագման տեղանվան իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1179-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, խմբ., փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1179.1. | Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը |
1. Աշխարհագրական նշում է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները հիմնականում պայմանավորված են տվյալ աշխարհագրական ծագմամբ, որը արտադրվել և (կամ) վերամշակվել և (կամ) պատրաստվել է տվյալ աշխարհագրական վայրում:
2. Աշխարհագրական նշմանն իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:
Գրանցման հիման վրա տրվում է աշխարհագրական անվանման օգտագործման վկայագիր:
3. Աշխարհագրական նշման գրանցման, օգտագործման վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Աշխարհագրական նշումների իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
(1179.1-ին հոդվածը լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն, 26.10.22 ՀՕ-399-Ն)
Հոդված 1179.2. | Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը |
1. Երաշխավորված ավանդական արտադրանք է համարվում գյուղատնտեսական արտադրանքը կամ սննդամթերքը, որի յուրահատկությունները ճանաչված են, և որը գրանցված է օրենքով սահմանված կարգով:
2. Երաշխավորված ավանդական արտադրանքին իրավական պահպանություն տրամադրվում է դրա գրանցման հիման վրա:
3. Երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման, օգտագործման իրավունքի ծագման, դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
(1179.2-րդ հոդվածը լրաց. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1180. | Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը |
1. Գրանցված աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կարող են օգտագործել այն անձինք, որոնք «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստացել են դրանց օգտագործման թույլտվություն:
2. Երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումը կարող է օգտագործել ցանկացած անձ, եթե դա չի հակասում «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
3. Աշխարհագրական նշման ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունք ունեցող անձը կարող է այդ նշումը կամ անվանումը զետեղել համապատասխան ապրանքի, դրա փաթեթավորման, գովազդի, ազդագրերի ու հաշիվների վրա կամ դա այլ կերպ օգտագործել` տվյալ ապրանքը քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելու կապակցությամբ:
(1180-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1181. | Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանության ոլորտը |
1. Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին:
2. Այլ պետության ծագմամբ աշխարհագրական նշմանը և ծագման տեղանվանը, ինչպես նաև այլ պետությունում արտադրվող երաշխավորված ավանդական արտադրանքին Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն է տրամադրվում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(1181-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1182. | Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքի վկայագրի գործողության ժամկետը |
1. Գրանցված աշխարհագրական նշման և ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագրերի գործողության ժամկետները սահմանվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Գրանցված երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման օգտագործման իրավունքը գործում է անժամկետ՝ մինչև գրանցման գործողության դադարեցումը:
(1182-րդ հոդվածը խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 11821. |
Աշխարհագրական նշման իրավական պահպանությունը |
(հոդվածն ուժը կորցրել է 29.04.10 ՀՕ-61-Ն)
Հոդված 1183. | Պատասխանատվությունն աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանման ապօրինի օգտագործման համար |
Աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն օգտագործելու իրավունք ունեցող անձը, ինչպես նաև ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ կարող են այդ աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը կամ երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումն ապօրինի օգտագործող անձից պահանջել դադարեցնել դրա կամ դրան շփոթելու աստիճան նման նշման կամ անվանման օգտագործումը, վերացնել դրանք ապրանքի, դրա փաթեթավորման վրայից, գովազդի, ազդագրերի, հաշիվների և ուղեկցող այլ փաստաթղթերից, իսկ եթե դա անհնար է՝ պահանջել օրենսդրությամբ սահմանված կարգով առգրավել և ոչնչացնել փաթեթավորումը կամ ապրանքը:
(1183-րդ հոդվածը խմբ. 25.09.02 ՀՕ-413-Ն, 29.04.10 ՀՕ-61-Ն)
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Գ Լ ՈՒ Խ 70
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
⚖Հոդված 1184. | Ժառանգության հասկացությունը |
1. Ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով:
2. Ժառանգությունը կարգավորվում է սույն օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում` նաև այլ օրենքներով:
3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների և կուտակային կենսաթոշակների ժառանգության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
(1184-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-253-Ն)
⚖Հոդված 1185. | Ժառանգության հիմքերը |
1. Ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
2. Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
⚖Հոդված 1186. | Ժառանգության զանգված |
1. Ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:
2. Ժառանգության զանգվածի մեջ չեն մտնում ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները և պարտականությունները, մասնավորապես`
1) ալիմենտային պարտավորություններով իրավունքները և պարտականությունները.
2) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը.
3) անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները.
4) այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով և այլ օրենքներով:
⚖Հոդված 1187. | Ժառանգության բացումը |
1. Ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
2. Դատարանով քաղաքացուն մահացած ճանաչելն առաջացնում է նույն իրավական հետևանքները, ինչը` քաղաքացու մահը:
⚖Հոդված 1188. | Ժառանգության բացման ժամանակը |
1. Ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
1.1. Այն դեպքում, երբ քաղաքացու ինքնությունը չի հաստատվել մահվան պահից առնվազն մեկ ամսվա ընթացքում, ժառանգության բացման օրը համարվում է մահվան պետական գրանցման օրը:
2. Եթե նույն օրը մահացել են այն անձինք, ովքեր իրավունք ունեին ժառանգել մեկը մյուսից հետո, նրանք մահացած են ճանաչվում միաժամանակ: Ժառանգությունը բացվում է նրանցից յուրաքանչյուրից հետո և ժառանգման են հրավիրվում նրանցից յուրաքանչյուրի ժառանգները:
(1188-րդ հոդվածը լրաց. 20.01.22 ՀՕ-2-Ն)
(20.01.22 ՀՕ-2-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 1189. | Ժառանգության բացման վայրը |
1. Ժառանգության բացման վայրը ժառանգատուի բնակության վերջին վայրն է:
2. Եթե ժառանգատուի բնակության վերջին վայրն արտասահմանում է կամ անհայտ է, ապա ժառանգության բացման վայր է համարվում ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի, իսկ անշարժ գույքի բացակայության դեպքում` շարժական գույքի կամ դրա առավել արժեքավոր մասի գտնվելու վայրը:
⚖Հոդված 1190. | Ժառանգներ |
1. Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
2. Ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը գոյություն ունեցող իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները, ինչպես նաև օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները:
3. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-16-Ն)
(1190-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-54-Ն, փոփ. 22.12.10 ՀՕ-16-Ն)
Հոդված 1191. | Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելը |
1. Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգությունից մեկուսացվում են այն անձինք, ովքեր դիտավորյալ խոչընդոտել են ժառանգատուի վերջին կամքի իրականացմանը, դիտավորյալ կյանքից զրկել են ժառանգատուին կամ հնարավոր ժառանգներից որևէ մեկին կամ մահափորձ են կատարել նրանց կյանքի նկատմամբ: Բացառություն են կազմում այն անձինք, որոնց նկատմամբ ժառանգատուն կտակը կազմել է մահափորձ կատարելուց հետո:
2. Ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգությունից մեկուսացվում են ծնողական իրավունքներից զրկված ծնողները, որոնց ծնողական իրավունքները չեն վերականգնվել ժառանգությունը բացվելու ժամանակ:
3. Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու համար հիմք են դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և (կամ) վճիռը:
Անարժան ժառանգներին ժառանգությունից մեկուսացնելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն այն անձինք, որոնց համար նման մեկուսացումն առաջացնում է ժառանգության հետ կապված գույքային հետևանքներ:
4. Սույն հոդվածի կանոնները տարածվում են ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների վրա:
5. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերի կանոնները կիրառվում են նաև կտակային հանձնարարության նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 71
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՏԱԿԻ
Հոդված 1192. | Ընդհանուր դրույթներ |
1. Կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը:
2. Մահվան դեպքում գույքը կարող է տնօրինվել միայն կտակի միջոցով:
3. Կտակ կարող է անել գործունակ քաղաքացին:
4. Կտակը պետք է արվի անձամբ: Ներկայացուցչի միջոցով կտակ անել չի թույլատրվում:
5. Կտակը կարող է պարունակել միայն մեկ անձի կարգադրություններ:
6. Երկու և ավելի անձանց կողմից կտակ անել չի թույլատրվում:
7. Կտակը միակողմանի գործարք է, որի վավերությունը որոշվում է ժառանգությունը բացվելու պահին:
Հոդված 1193. | Կտակի ազատությունը |
1. Քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:
2. Քաղաքացին պարտավոր չէ որևէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:
3. Կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:
Հոդված 1194. | Ժառանգության պարտադիր բաժնի իրավունք |
1. Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
2. Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
3. Պարտադիր բաժնի չափը որոշելիս հաշվի է առնվում այն ամենը, ինչ նման բաժնի իրավունք ունեցող ժառանգը որևէ հիմքով ստանում է ժառանգությունից` ներառյալ նման ժառանգի օգտին սահմանված կտակային հանձնարարության արժեքը:
Հոդված 1195. | Ժառանգներ նշանակելը |
1. Քաղաքացին իրավունք ունի իր ամբողջ գույքը կամ դրա մասը ժառանգել ինչպես ըստ օրենքի ժառանգներին, այնպես էլ` մեկ կամ մի քանի այլ անձանց:
2. Կտակարարն իրավունք չունի իր կողմից նշանակված ժառանգների վրա կտակով պարտականություն դնել, որպեսզի վերջիններս իրենց հերթին` մահվան դեպքում որոշակի ձևով տնօրինեն իրենց կտակված գույքը:
Հոդված 1196. | Ժառանգների բաժինները կտակված գույքում |
Երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները և դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որևէ մեկին պատկանելու մասին:
Հոդված 1197. | Պայմանով կտակ |
1. Կտակարարն իրավունք ունի ժառանգություն ստանալը պայմանավորել ժառանգի վարքագծի բնույթի վերաբերյալ որոշակի օրինաչափ պայմանով:
2. Ժառանգ նշանակելու կամ ժառանգության իրավունքից զրկելու վերաբերյալ կարգադրությունում ներառված ապօրինի պայմաններն անվավեր են:
3. Կտակում ներառված պայմանը, որը ժառանգը չի կարող կատարել իր առողջական վիճակի կամ այլ օբյեկտիվ պատճառների ուժով, կարող է անվավեր ճանաչվել ժառանգի հայցով:
Հոդված 1198. | Ենթաժառանգներ նշանակելը |
1. Կտակարարը կարող է կտակում նշել այլ ժառանգի (ենթաժառանգի), այն դեպքի համար, եթե նրա նշանակած ժառանգը մահանա մինչև ժառանգությունը բացվելը, հրաժարվի ժառանգությունից, որպես անարժան ժառանգ մեկուսացվի ժառանգությունից կամ չկատարի կտակարարի օրինաչափ պայմանները:
2. Ենթաժառանգ կարող է լինել ցանկացած անձ, ով կարող է ժառանգ լինել սույն օրենսգրքի 1190 հոդվածին համապատասխան:
3. Ըստ կտակի ժառանգի հրաժարվելը ժառանգությունից` ի վնաս այլ ժառանգի, չի թույլատրվում:
Հոդված 1199. | Ցանկացած գույք կտակելու իրավունք |
1. Կտակարարն իրավունք ունի կազմել ցանկացած` ներառյալ ապագայում ձեռք բերվելիք գույքի վերաբերյալ կարգադրություն պարունակող կտակ:
2. Ժառանգությունը բացվում է միայն այն գույքի նկատմամբ, որը ժառանգության բացման օրը պատկանել է կտակարարին:
3. Կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրա մի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ:
Հոդված 1200. | Գույքի չկտակված մասը ժառանգելը |
Կտակարարի գույքի չկտակված մասը բաշխվում է ըստ օրենքի ժառանգների միջև, որոնք ժառանգության են հրավիրվում սույն օրենսգրքի 72 գլխով սահմանված կարգով:
Այդպիսի ժառանգների թվին են պատկանում նաև ըստ օրենքի այն ժառանգները, որոնց, ըստ կտակի, թողնվել է գույքի մյուս մասը:
Հոդված 1201. | Ժառանգությունից զրկելը |
1. Կտակարարն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ժառանգությունից զրկել ըստ օրենքի ժառանգներից մեկին, մի քանիսին կամ բոլորին:
2. Եթե կտակարարը ժառանգությունից զրկել է այն անձին, որը ժառանգության բացման օրը պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակը համապատասխան մասով համարվում է անվավեր:
Հոդված 1202. | Կտակը վերացնելը, փոփոխելը և լրացնելը |
1. Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնել, փոփոխել կամ լրացնել իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները:
2. Կտակարարն իրավունք ունի նոր կտակի միջոցով`
1) ամբողջությամբ վերացնել նախկին կտակը.
2) փոփոխել նախկին կտակը դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու կամ կտակը նոր կարգադրություններով լրացնելու միջոցով:
3. Ավելի ուշ արված և նախորդ կտակի կամ դրա առանձին կարգադրությունները վերացնելու մասին ուղղակի նշումներ չպարունակող կտակը նախկին կտակը վերացնում է իրեն հակասող մասով:
4. Կտակը վերացնող կամ փոփոխող ավելի ուշ կտակն անվավեր ճանաչվելու դեպքում վավեր է համարվում նախկինում կազմված կտակը:
5. Հետագա կտակով ամբողջովին կամ մասնակիորեն վերացված կտակը չի վերականգնվում, եթե կտակարարն ամբողջությամբ կամ համապատասխան մասով վերացրել է նաև հետագա կտակը:
6. Կտակը վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին դիմումը պետք է ներկայացվի կտակ կազմելու համար` սույն օրենսգրքով սահմանված ձևով:
(1202-րդ հոդվածը փոփ. 19.10.16 ՀՕ-181-Ն)
Հոդված 1203. | Կտակի ձևը |
1. Կտակը պետք է կազմվի գրավոր` նշելով այն կազմելու վայրը և ժամանակը, անձամբ ստորագրվի կտակարարի և վավերացվի նոտարի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության:
Հոդված 1204. | Անձամբ ստորագրված կտակին հավասարեցված կտակը |
Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով չի կարող անձամբ ստորագրել կտակը, ապա նրա խնդրանքով, նոտարի կամ օրենքին համապատասխան կտակը վավերացնող այլ անձի ներկայությամբ, կտակը կարող է ստորագրվել այլ քաղաքացու կողմից` կտակում նշելով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ ստորագրել կտակը: Կտակում պետք է նշվեն այդ քաղաքացու անունը և նրա բնակության վայրը:
Հոդված 1205. | Կտակի նոտարական վավերացումը |
1. Կտակը վավերացնում է նոտարը նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:
2. Նոտարի վավերացրած կտակը պետք է գրած լինի կտակարարը կամ կտակարարի բառերով գրի առնի նոտարը: Կտակը գրելիս կամ գրի առնելիս կարող են օգտագործվել տեխնիկական միջոցներ (համակարգիչ, գրամեքենա և այլն):
3. Կտակարարի բառերով` նոտարի գրի առած կտակը, մինչև դրա ստորագրելը, պետք է կտակարարն ամբողջությամբ կարդա նոտարի ներկայությամբ:
Եթե կտակարարը ֆիզիկական թերությունների, հիվանդության կամ անգրագիտության պատճառով ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, ապա նոտարը դրա տեքստը հրապարակում է վկայի ներկայությամբ, և այդ մասին նշում է կատարվում կտակում` ցույց տալով այն պատճառները, որոնց ուժով կտակարարը չի կարողացել անձամբ կարդալ կտակը:
4. Կտակը կազմելիս և նոտարի կողմից վավերացվելիս կտակարարի ցանկությամբ կարող է ներկա գտնվել վկա: Եթե կտակարարն ի վիճակի չէ անձամբ կարդալ կտակը, վկայի ներկայությունը պարտադիր է:
Եթե կտակը կազմվում և վավերացվում է վկայի ներկայությամբ, ապա այն պետք է ստորագրի վկան: Կտակում պետք է նշվեն վկայի անունն ու նրա բնակության վայրը:
5. Նոտարը պարտավոր է նախազգուշացնել վկային և կտակարարի փոխարեն կտակն ստորագրող անձին կտակի գաղտնիության պահպանման անհրաժեշտության մասին:
6. Նոտարը, կտակը վավերացնելիս, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
7. Այն դեպքերում, երբ նոտարական գործողություններ կատարելն օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձանց, նոտարի փոխարեն կտակը վավերացնում է համապատասխան պաշտոնատար անձը` կտակի ձևի և դրա նոտարական վավերացման կարգի մասին սույն օրենսգրքի կանոնները պահպանելով:
Հոդված 1206. | Փակ կտակ |
1. Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ):
2. Փակ կտակը պետք է գրի և ստորագրի անձամբ կտակարարը:
3. Կտակարարը փակ կտակը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին` երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) է այն և վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի և յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:
4. Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:
5. Սույն հոդվածի կանոնները չպահպանելը հանգեցնում է կտակի անվավերության, որի մասին նոտարը պարտավոր է նախազգուշացնել կտակարարին:
Հոդված 1207. | Նոտարի վավերացրած կտակներին հավասարեցված կտակները |
1. Նոտարի կողմից վավերացված կտակներին հավասարեցվում են`
1) հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները` վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից.
2) զինծառայողների, իսկ զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքի անդամների և զինծառայողների ընտանիքի անդամների կտակները` վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից.
3) հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկա նոտար, ապրող անձանց կտակները` վավերացված համայնքի ղեկավարի կողմից.
4) երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների կողմից.
5) Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները` վավերացված այդ նավերի նավապետերի կողմից.
6) ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները` վավերացված ազատազրկման վայրերի պետերի կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված կտակները կտակարարը պետք է ստորագրի վկայի ներկայությամբ, որը նույնպես ստորագրում է կտակը:
Նման կտակների նկատմամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 1205 հոդվածի կանոնները:
3. Սույն հոդվածին համապատասխան վավերացված կտակն առաջին իսկ հնարավորության դեպքում այն վավերացրած անձը պետք է ուղարկի կտակարարի բնակության վայրի նոտարին:
Հոդված 1208. | Անձինք, ովքեր չեն կարող վկա լինել և կտակարարի փոխարեն ստորագրել կտակը |
Այն դեպքերում, երբ սույն օրենսգրքին համապատասխան կտակը կազմելիս, ստորագրելիս կամ վավերացնելիս պետք է ներկա լինեն վկաներ, այդպիսի վկաներ չեն կարող լինել, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակը չեն կարող ստորագրել`
1) նոտարը կամ կտակը վավերացնող այլ անձը.
2) այն անձը, ում օգտին կազմվել է կտակը կամ` արվել կտակային հանձնարարություն, այդ անձի ամուսինը, երեխաները, ծնողները.
3) լրիվ գործունակությամբ չօժտված քաղաքացիները.
4) անգրագետները և կտակը կարդալ չկարողացող անձինք.
5) այն անձինք, ովքեր բավարար չափով չեն տիրապետում կազմված կտակի լեզվին, բացառությամբ այն դեպքի, երբ կազմվում է փակ կտակ.
6) կեղծ ցուցմունք տալու համար դատվածություն ունեցող անձինք:
Հոդված 1209. | Կտակի գաղտնիությունը |
1. Նոտարը, կտակը վավերացնող այլ անձը, վկաները, ինչպես նաև կտակարարի փոխարեն կտակն ստորագրած քաղաքացին իրավունք չունեն մինչև ժառանգության բացումը տեղեկություններ հրապարակել կտակի բովանդակության, այն կազմելու, վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու մասին:
2. Կտակի գաղտնիությունը պաշտպանվում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված եղանակներով:
Հոդված 1210. | Կտակի մեկնաբանումը |
1. Նոտարը, կտակակատարը կամ դատարանը, կտակը մեկնաբանելիս, պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից:
2. Կտակի որևէ դրույթի տառացի իմաստը պարզ չլինելու դեպքում այն որոշվում է այդ դրույթը կտակի այլ դրույթների և ամբողջ կտակի իմաստի հետ համադրելու միջոցով:
⚖Հոդված 1211. | Կտակի անվավերությունը |
1. Կտակը կարող է դատարանով անվավեր ճանաչվել այն անձի հայցով, ում իրավունքները կամ շահերը խախտվել են այդ կտակով:
2. Կտակը չի կարող վիճարկվել մինչև ժառանգությունը բացվելը:
3. Կտակն անվավեր է ճանաչվում կտակի ձևի մասին կանոնները և գործարքների անվավերության մասին` սույն օրենսգրքի այլ դրույթները խախտելու հետևանքով:
4. Կտակի վրիպակները և այն կազմելու, ստորագրելու կամ վավերացնելու կարգի այլ աննշան խախտումները, եթե ապացուցված է, որ դրանք չեն կարող ազդել կտակարարի կամքի արտահայտության ըմբռնման վրա, հիմք չեն կտակն անվավեր ճանաչելու համար:
5. Անվավեր կարող են ճանաչվել ինչպես կտակն ամբողջությամբ, այնպես էլ` դրանում պարունակվող առանձին կտակային կարգադրությունները: Առանձին կտակային կարգադրության անվավերությունը չի հանգեցնում կտակի մնացած մասի անվավերության:
6. Կտակն անվավեր ճանաչելը դրանում նշված անձանց չի զրկում որպես ժառանգներ կամ շահառուներ ըստ օրենքի կամ այլ վավեր կտակի հիման վրա ժառանգության իրավունքից:
Հոդված 1212. | Կտակը կատարելը: Կտակակատարը |
1. Կտակարարը կարող է կտակ կատարելը հանձնարարել կտակում նշված անձին` կտակակատարին: Այդ անձի` որպես կտակակատար հանդես գալու համաձայնությունը պետք է արտահայտված լինի կտակում արված նրա անձնական մակագրության կամ կտակին կից հայտարարության մեջ:
2. Ժառանգներն իրենց համաձայնությամբ կարող են կտակի կատարումը հանձնարարել իրենցից մեկին կամ այլ անձի: Նման համաձայնության բացակայության դեպքում ժառանգներից մեկի կամ մի քանիսի պահանջով կտակակատար նշանակում է դատարանը:
3. Կտակակատարն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել իր պարտականությունների կատարումից` այդ մասին նախապես տեղեկացնելով ըստ կտակի ժառանգներին: Ժառանգների դիմումի հիման վրա, դատարանի վճռով, կտակակատարը կարող է ազատվել իր պարտականությունների կատարումից:
4. Կտակակատարը պարտավոր է`
1) սույն օրենսգրքի 76 գլխով սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել ժառանգության պահպանման և կառավարման համար.
2) բոլոր ժառանգներին և շահառուներին տեղեկացնել ժառանգության բացման ու նրանց օգտին կտակային հանձնարարությունների մասին.
3) ստանալ ժառանգատուին հասանելիք գումարները և այլ գույքը.
4) սույն օրենսգրքի 1242 հոդվածով սահմանված հերթականությամբ մարել ժառանգման հետ կապված պարտքերը.
5) ապահովել ժառանգների կողմից իրենց հասանելիք գույքի ստացումը ժառանգատուի կամքին և օրենքին համապատասխան.
6) կատարել կտակային հանձնարարությունները կամ ըստ կտակի ժառանգներից պահանջել կտակային հանձնարարության կատարում:
5. Կտակարարն իրավունք ունի իր անունից վարել ժառանգությունը պահպանելու, կառավարելու ու կտակը կատարելու հետ կապված դատական և այլ գործեր:
6. Կտակակատարն իր գործառնություններն իրականացնում է այն ժամկետում, որն անհրաժեշտ է ժառանգատուին հասանելիք գումարները բռնագանձելու, ժառանգությունը պարտքերից մաքրելու և ժառանգությունը բոլոր ժառանգների կողմից տիրապետելու համար:
7. Կտակակատարը ժառանգների պահանջով պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կտակը կատարելու մասին:
8. Կտակակատարը` ժառանգությունը պահպանելու, այն կառավարելու և կտակը կատարելու հետևանքով կրած անհրաժեշտ ծախսերի համար ժառանգության հաշվին հատուցում, ինչպես նաև` վարձատրություն ստանալու իրավունք ունի: Կտակում կարող է նախատեսվել կտակակատարի վարձատրությունը ժառանգության հաշվին:
Հոդված 1213. | Կտակային հանձնարարություն |
1. Կտակարարն իրավունք ունի ըստ կտակի մեկ կամ մի քանի ժառանգների հանձնարարել ժառանգության հաշվին կատարելու որևէ պարտավորություն (կտակային հանձնարարություն) հօգուտ մեկ կամ մի քանի անձանց (շահառուների), որոնք իրավունք ունեն պահանջել կատարելու այդ պարտավորությունը:
Կտակարարը կարող է նման պարտականություն դնել կտակակատարի վրա` գույքի մի մասն առանձնացնելով կտակային հանձնարարության կատարման համար:
2. Շահառուի (պարտատիրոջ) և ժառանգի, որի ժառանգական իրավունքը ծանրաբեռնված է կտակային հանձնարարությամբ (պարտապանի), միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի կանոններից կամ կտակային հանձնարարության էությունից:
3. Կտակային հանձնարարությունը պետք է սահմանվի կտակում:
4. Շահառուներ կարող են լինել ինչպես ըստ օրենքի ժառանգները, այնպես էլ այլ անձինք: Շահառուի իրավունքն անօտարելի է և չի անցնում այլ անձանց: Կտակում կարող է շահառուին նշանակվել ենթաշահառու:
5. Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը սեփականության կամ օգտագործման իրավունքով շահառուին հանձնելը, ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքային իրավունքը նրան փոխանցելը, այլ գույք ձեռք բերելն ու նրան հանձնելը, նրա համար որոշակի աշխատանքներ կատարելը կամ նրան որոշակի ծառայություններ մատուցելը:
Կտակային հանձնարարության առարկա կարող է լինել նաև կտակարարին պատկանող կենդանիները պահելը և խնամելը:
6. Կտակարարն իրավունք ունի այն ժառանգի վրա, որին անցնում է բնակելի տունը (բնակարանը), պարտավորություն դնել, որպեսզի նա տունը կամ դրա որոշակի մասը տրամադրի այլ անձի (անձանց)` ցմահ օգտագործման: Բնակելի տան (բնակարանի) նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելու դեպքում դրա նկատմամբ ցմահ օգտագործման իրավունքը պահպանում է իր ուժը:
7. Բնակելի տան (բնակարանի) ցմահ օգտագործման իրավունքն անօտարելի ու անփոխանցելի է և չի անցնում շահառուի ժառանգներին:
8. Շահառուին տրամադրված բնակելի տան ցմահ օգտագործման իրավունքը հիմք չէ այդ տանը նրա ընտանիքի անդամների բնակության համար, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:
Հոդված 1214. | Կտակային հանձնարարություն կատարելը |
1. Ժառանգը, ում վրա կտակարարը դրել է կտակային հանձնարարության կատարումը, պետք է այն կատարի իրեն անցած ժառանգական գույքի արժեքի սահմաններում:
2. Եթե ժառանգը, ում վրա դրվել է կտակային հանձնարարության կատարումը, ժառանգության պարտադիր բաժնի իրավունք ունի, ապա կտակային հանձնարարություն կատարելու նրա պարտականությունը սահմանափակվում է նրա պարտադիր բաժնի չափը գերազանցող` նրան անցած ժառանգության արժեքով:
3. Եթե կտակային հանձնարարության կատարումը դրված է մի քանի ժառանգների վրա, ապա այն ծանրաբեռնում է ժառանգության նկատմամբ նրանցից յուրաքանչյուրի իրավունքը` ժառանգության իրենց բաժնին համաչափ, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:
4. Այն ժառանգի մահվան դեպքում, ում վրա դրված է կտակային հանձնարարության կատարումը կամ նրա կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում կտակային հանձնարարությունը կատարում են նրա բաժինն ստացած մյուս ժառանգները:
5. Կտակային հանձնարարությունը կատարելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունեն կտակակատարը, ժառանգները, ինչպես նաև շահագրգիռ անձինք:
Գ Լ ՈՒ Խ 72
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
⚖Հոդված 1215. | Ընդհանուր դրույթներ |
1. Ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում սույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ:
2. Յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:
3. Նույն հերթի ժառանգները ժառանգում են հավասար բաժիններով:
⚖Հոդված 1216. | Առաջին հերթի ժառանգներ |
Առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով:
⚖Հոդված 1217. | Երկրորդ հերթի ժառանգներ |
Երկրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
(1217-րդ հոդվածը խմբ. 08.02.11 ՀՕ-34-Ն)
⚖Հոդված 1218. | Երրորդ հերթի ժառանգներ |
Երրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ինչպես հայրական, այնպես էլ մայրական կողմի պապը և տատը:
⚖Հոդված 1219. | Չորրորդ հերթի ժառանգներ |
Չորրորդ հերթի ժառանգներն են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրները, քեռիները, մորաքույրները): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրների ու քեռիների և մորաքույրների երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:
Հոդված 1220. | Ժառանգատուի խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձինք |
Ըստ օրենքի ժառանգների թվին են պատկանում այն անաշխատունակ անձինք, ովքեր մինչև ժառանգատուի մահն առնվազն մեկ տարի գտնվել են նրա խնամքի ներքո: Ըստ օրենքի այլ ժառանգների առկայության դեպքում նրանք ժառանգում են այն հերթի ժառանգների հետ միասին, որը ժառանգության է հրավիրվում:
⚖Հոդված 1221. | Ժառանգությունը ներկայացման իրավունքով |
1. Մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
2. Ներկայացման իրավունքով չեն կարող ժառանգել ժառանգությունից մեկուսացված կամ ժառանգատուի կողմից ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգի երեխաները:
Հոդված 1222. | Ամուսնու իրավունքները ժառանգության դեպքում |
Կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է սույն օրենսգրքի 201 հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
Հոդված 1223. | Որդեգրվածների և որդեգրողների ժառանգությունը |
1. Ըստ օրենքի ժառանգության դեպքում որդեգրվածն ու նրա երեխաները մի կողմից, և որդեգրողն ու նրա ազգականները մյուս կողմից հավասարեցվում են ըստ ծագման ազգականներին (արյունակից ազգականներին):
2. Որդեգրվածը և նրա երեխաները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ծնողների ու ըստ ծագման նրա այլ ազգականների մահից հետո:
Որդեգրվածի ծնողները և ըստ ծագման նրա այլ ազգականները, ըստ օրենքի, չեն ժառանգում որդեգրվածի ու նրա երեխաների մահվանից հետո:
⚖Հոդված 1224. | Անժառանգ գույքի տնօրինումը |
1. Եթե չկան ո´չ ըստ կտակի և ո´չ էլ ըստ օրենքի ժառանգներ, կամ նրանք հրաժարվել կամ մեկուսացվել են ժառանգությունից, ապա ժառանգվող գույքը ճանաչվում է անժառանգ:
2. Անժառանգ գույքն անցնում է ժառանգության բացման վայրի համայնքի սեփականությանը:
3. Անժառանգ զենքը, փամփուշտները և ռազմամթերքն անցնում են ոստիկանությանը։
(1224-րդ հոդվածը լրաց. 05.10.22 ՀՕ-383-Ն)
Գ Լ ՈՒ Խ 73
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ
⚖Հոդված 1225. | Ժառանգությունն ընդունելու կարգը |
1. Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի:
2. Ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում:
3. Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:
4. Ժառանգության ընդունումը մեկ կամ մի քանի ժառանգների կողմից չի նշանակում դրա ընդունում մնացած ժառանգների կողմից:
5. Ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
6. Ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելը հանգեցնում է նույն հետևանքներին, ինչը ժառանգությունից հրաժարվելն առանց այն անձին նշելու, հօգուտ որի նա հրաժարվել է ժառանգությունից, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով:
7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում:
(1225-րդ հոդվածը լրաց. 25.12.06 ՀՕ-54-Ն)
⚖Հոդված 1226. | Ժառանգությունն ընդունելու եղանակները |
1. Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
2. Այն դեպքում, երբ ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա նման դիմումի տակ ժառանգի ստորագրությունը պետք է վավերացնի նոտարը կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձը:
Ժառանգության ընդունումը ներկայացուցչի միջոցով հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է այն ընդունելու լիազորությունը:
3. Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
⚖Հոդված 1227. | Ժառանգությունն ընդունելու ժամկետը |
1. Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
2. Եթե ժառանգության իրավունքն այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա նրանք կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի մնացած մասի, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում:
3. Այն անձինք, որոնց համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են ժառանգությունն ընդունել սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
⚖Հոդված 1228. | Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո |
1. Ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:
2. Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:
3. Դատարանը, ժառանգին ճանաչելով ժառանգությունն ընդունած, լուծում է դրանից բխող ժառանգական գույքի նկատմամբ մյուս ժառանգների իրավունքներին վերաբերող հարցերը, ինչպես նաև անվավեր է ճանաչում նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը: Այս դեպքում չի պահանջվում տալ ժառանգության իրավունքի նոր վկայագիր:
Հոդված 1229. | Ժառանգությունն ընդունելու իրավունքը փոխանցելը (ժառանգության տրանսմիսիա) |
1. Եթե ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության հրավիրված ժառանգը մահանում է ժառանգության բացումից հետո, չհասցնելով այն ընդունել, ապա նրան հասանելիք ժառանգությունն ընդունելու իրավունքն անցնում է նրա ժառանգներին:
2. Մահացած ժառանգի ժառանգությունն ընդունելու իրավունքը նրա ժառանգները կարող են իրականացնել ընդհանուր հիմունքներով` սույն օրենսգրքի 1225-1228 հոդվածներին համապատասխան:
3. Որպես պարտադիր բաժին ժառանգության մասն ընդունելու ժառանգի իրավունքը չի անցնում նրա ժառանգներին:
Գ Լ ՈՒ Խ 74
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ
⚖Հոդված 1230. | Ժառանգությունից հրաժարվելու իրավունք |
1. Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:
2. Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:
Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի սույն օրենսգրքի 1226 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:
3. Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:
4. Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:
5. Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:
6. Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:
7. Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:
⚖Հոդված 1231. | Ժառանգությունից հրաժարվելը հօգուտ այլ անձի |
1. Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:
2. Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`
1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
2) ժառանգության պարտադիր բաժնից.
3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:
Հոդված 1232. | Ժառանգության բաժինների ավելացումը |
1. Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից` առանց այլ ժառանգի նշելու, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա ժառանգության մասը, որը կհասներ նման դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգության հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց միջև բաշխվում է հավասար բաժիններով:
Եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա ժառանգությունից հրաժարված կամ վերը նշված այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին հասանելիք ժառանգության մասն անցնում է մնացած ըստ կտակի ժառանգներին և բաշխվում է նրանց միջև ժառանգության բաժիններին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չեն կիրառվում, եթե`
1) հրաժարված կամ այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին նշանակված է ենթաժառանգ.
2) ժառանգը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ այլ ժառանգի:
Հոդված 1233. | Կտակային հանձնարարությունից հրաժարվելու իրավունքը |
1. Շահառուն իրավունք ունի հրաժարվել կտակային հանձնարարությունից:
Չի թույլատրվում հրաժարվել կտակային հանձնարարությունից վերապահումներով կամ պայմանով մասնակիորեն` ինչպես նաև դրանից հրաժարվել հօգուտ երրորդ անձի:
2. Այն դեպքում, երբ շահառուն միաժամանակ ժառանգ է, կտակային հանձնարարությունից հրաժարվելու սույն հոդվածով նախատեսված նրա իրավունքը կախված չէ ժառանգությունն ընդունելու կամ դրանից հրաժարվելու նրա իրավունքից:
3. Եթե շահառուն հրաժարվել է կտակային հանձնարարությունից, ապա ժառանգը, որը պարտավոր է կատարել կտակային հանձնարարությունը, ազատվում է այն կատարելու պարտականությունից:
Գ Լ ՈՒ Խ 75
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵԼԸ
Հոդված 1234. | Ժառանգության նկատմամբ ժառանգների ընդհանուր սեփականությունը |
1. Ըստ կտակի ժառանգության դեպքում, եթե գույքը կտակված է երկու կամ մի քանի ժառանգների` առանց նշելու նրանցից յուրաքանչյուրի կողմից ժառանգվող կոնկրետ գույքն ու իրավունքները և, ըստ օրենքի ժառանգության դեպքում, եթե գույքն անցնում է երկու կամ ավելի ժառանգների, ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության:
2. Ժառանգվող գույքի ընդհանուր սեփականության նկատմամբ կիրառվում են ընդհանուր բաժնային սեփականության մասին` սույն օրենսգրքի 12 գլխի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով:
3. Ժառանգությունն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգության բաժանում:
Հոդված 1235. | Ժառանգությունը բաժանելիս դրա զանգվածի մեջ մտնող որոշակի գույքի նկատմամբ ժառանգի նախապատվության իրավունքը |
1. Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի:
2. Ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուին պատկանող բնակելի տան (բնակարանի) նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ տունը (բնակարանը), ինչպես նաև տնային գործածության իրերը և այլ առարկաներն ստանալու նախապատվության իրավունք ունի:
3. Գույքի և ժառանգության նախապատվության իրավունք ունեցող ժառանգին հասանելիք բաժնի անհամաչափությունը վերացվում է մնացած ժառանգներին ժառանգության զանգվածից այլ գույք կամ փոխհատուցում` ներառյալ համապատասխան դրամական գումար տալու միջոցով:
4. Ժառանգը կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը միայն մյուս ժառանգներին համապատասխան փոխհատուցում տրամադրելուց հետո, եթե այլ բան սահմանված չէ ժառանգների համաձայնությամբ:
Հոդված 1236. | Ժառանգության բաժանելը ժառանգների համաձայնությամբ |
1. Ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ:
2. Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու, վերաբերյալ համաձայնությունը, եթե այն կնքվել է մինչև ժառանգության իրավունքի վկայագիր տալը և վավերացվել է նոտարի կողմից, հիմք է ժառանգներին ժառանգության իրավունքի վկայագրեր տալու համար` դրանցում նշելով համաձայնությանը համապատասխան ժառանգներից յուրաքանչյուրի ժառանգած կոնկրետ գույքը և իրավունքները:
3. Ժառանգությունում ժառանգներին հասանելիք ժառանգության բաժինների անհամաչափ բաժանումը, որը կատարվել է նրանց համաձայնությամբ, հիմք չէ նրանց ժառանգության իրավունքի վկայագրեր տալը մերժելու համար:
Հոդված 1237. | Ժառանգության բաժանելը դատարանով |
Ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու վերաբերյալ ժառանգների համաձայնության բացակայության դեպքում ժառանգությունը սույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան բաժանում է դատարանը:
Հոդված 1238. | Սաղմնավորված, սակայն դեռ չծնված կամ անչափահաս ժառանգի շահերի պաշտպանությունը ժառանգությունը բաժանելիս |
1. Սաղմնավորված, սակայն դեռ չծնված ժառանգի առկայության դեպքում ժառանգության բաժանումը կարող է կատարվել միայն նրա ծնվելուց հետո:
2. Անչափահասների շահերի պաշտպանության նպատակով ժառանգության բաժանման վերաբերյալ համաձայնությունը կազմելուն կամ ժառանգությունը բաժանելու վերաբերյալ գործի դատաքննությանը պետք է մասնակցի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցիչը:
Գ Լ ՈՒ Խ 76
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐԵԼԸ
Հոդված 1239. | Ժառանգության պահպանման և կառավարման կարգը |
1. Ժառանգների, շահառուների և այլ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության համար ժառանգության բացման վայրի նոտարը ձեռնարկում է սույն օրենսգրքի 1240 և 1241 հոդվածներում սահմանված և ժառանգությունը պահպանելու ու կառավարելու համար անհրաժեշտ այլ միջոցներ:
2. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցները նոտարը ձեռնարկում է ժառանգի, կտակակատարի, պարտատիրոջ, տեղական ինքնակառավարման մարմնի կամ ժառանգական գույքի պահպանման շահերից հանդես եկող այլ անձանց դիմումի հիման վրա:
Անհրաժեշտության դեպքում նոտարն իրավունք ունի իր նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել ժառանգությունը պահպանելու և (կամ) կառավարելու համար:
3. Ժառանգության զանգվածը պարզելու և այն պահպանելու նպատակներով նոտարն իրավունք ունի հարցում անել բանկերին և այլ վարկային կազմակերպություններին նրանց ավանդներում, հաշիվներում գտնվող կամ նրանց ի պահ հանձնված` ժառանգատուին պատկանող դրամի (արժույթի), արժութային ու այլ արժեքների վերաբերյալ:
4. Պարտատերերին տեղեկացնելու նպատակով նոտարը մամուլում հաղորդագրություն է հրապարակում ժառանգության բացման վերաբերյալ` պարտատերերին առաջարկելով հաղորդագրությունը հրապարակելու օրվանից վեցամսյա ժամկետում ներկայացնել ժառանգատուի նկատմամբ իրենց պահանջները:
5. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու միջոցներն իրականացվում են նոտարի սահմանած ժամկետի ընթացքում` հաշվի առնելով ժառանգության բնույթը և արժեքը ու ժառանգության տիրապետմանն անցնելու համար ժառանգներին անհրաժեշտ ժամանակը, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 1227 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով ու 1229 հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում ոչ ավելի, քան ժառանգության բացման օրվանից ինն ամսվա ընթացքում:
6. Ժառանգությունը պահպանելու և կառավարելու ծախսերը հատուցվում են:
7. Այն դեպքերում, երբ ժառանգական գույքը գտնվում է տարբեր վայրերում, ժառանգության բացման վայրի նոտարը ժառանգական գույքի համապատասխան մասի գտնվելու վայրի նոտարին կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձին արդարադատության մարմինների միջոցով ուղարկում է ժառանգությունը պահպանելու կամ կառավարելու վերաբերյալ պարտադիր կատարման ենթակա հանձնարարություն:
Հոդված 1240. | Ժառանգությունը պահպանելու միջոցները |
1. Ժառանգությունը պահպանելու նպատակով նոտարը կատարում է ժառանգական զանգվածի գույքագրում:
2. Ժառանգության զանգվածի մեջ մտնող կանխիկ դրամը (արժույթը) մուծվում է նոտարի դեպոզիտ, իսկ արժույթը, թանկարժեք քարերից և մետաղներից պատրաստված գույքը պահատվության համար հանձնվում են բանկ` սույն օրենսգրքի 43 գլխով սահմանված կարգով:
3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող այն գույքի պահպանությունը, որը կարող է շրջանառության մեջ գտնվել հատուկ թույլտվությամբ, նոտարն իրականացնում է համապատասխան գույքի մասին օրենքով սահմանված կարգով:
4. Ժառանգության զանգվածի մեջ մտնող սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում չնշված գույքը, եթե այն կառավարման կարիք չունի, նոտարը պահատվության պայմանագրով հանձնում է ժառանգներից մեկին, իսկ ժառանգներին հանձնելու անհնարինության դեպքում` մասնագիտացված կազմակերպությանը:
5. Ժառանգության զանգվածի գույքագրումը և այն պահպանելու միջոցները նոտարը ձեռնարկում է նոտարիատի մասին օրենքով սահմանված կարգով:
Հոդված 1241. | Ժառանգության կառավարման միջոցները |
1. Եթե ժառանգության զանգվածում առկա է ոչ միայն պահպանելու, այլ նաև կառավարելու կարիք ունեցող գույք (տնտեսական ընկերակցության կամ ընկերության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմաս, արժեթղթեր, բացառիկ իրավունքներ և այլն), նոտարը, որպես հավատարմագրային կառավարման հիմնադիր, կնքում է այդ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիր:
2. Ժառանգական գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի պարտադիր և այլ պայմանները, այն կնքելու ու հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը որոշելու կարգը սահմանվում են սույն օրենսգրքի 52 գլխի կանոններին համապատասխան, եթե այլ բան չի բխում ժառանգության հավատարմագրային կառավարման հարաբերությունների էությունից:
Գ Լ ՈՒ Խ 77
ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՀԱՏՈՒՑԵԼԸ
⚖Հոդված 1242. | Ժառանգության հաշվին հատուցվող ծախսերը |
1. Ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`
առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.
երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.
երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.
չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.
հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:
2. Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո: Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքն անբավարար լինելու դեպքում այն համապատասխան հերթի պարտատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն:
⚖Հոդված 1243. | Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու կարգը |
1. Պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:
2. Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
3.
(հոդվածը 11.04.24 ՀՕ-187-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
⚖Հոդված 1244. | Ժառանգների պատասխանատվությունը |
1. Ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են սույն օրենսգրքի 1242 հոդվածում նշված ծախսերը:
2. Ինչպես անմիջապես ժառանգության բացման, այնպես էլ ժառանգության ընդունման իրավունքի փոխանցման արդյունքում ժառանգություն ստացած ժառանգը պատասխանատվություն է կրում այդ երկու հիմքերով ստացված գույքի արժեքի սահմաններում:
3. Իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 78
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱԿԵՐՊԵԼԸ
Հոդված 1245. | Ժառանգության իրավունքի վկայագիրը |
1. Ժառանգության իրավունքի վկայագիրը տալիս է ժառանգության բացման վայրի նոտարը կամ օրենքով նման նոտարական գործողություն կատարելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը:
2. Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգի դիմումի հիման վրա:
3. Ժառանգության իրավունքի վկայագիրը տրվում է ժառանգներից յուրաքանչյուրին առանձին-առանձին:
4. Եթե ժառանգության իրավունքի վկայագիր տալուց հետո ի հայտ է եկել այնպիսի գույք, որի համար վկայագիր չի տրվել, ապա տրվում է ժառանգության իրավունքի լրացուցիչ վկայագիր:
5. Անժառանգ գույքի ժառանգության իրավունքի վկայագիրն ուղարկվում է տեղական ինքնակառավարման համապատասխան մարմին:
Հոդված 1246. | Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամկետը |
1. Ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության դեպքում ժառանգության իրավունքի վկայագիրը կարող է տրվել մինչև ժառանգության բացման օրվանից վեց ամիս լրանալը, եթե առկա են ստույգ տվյալներ, որ վկայագիր ստանալու համար դիմած անձանցից բացի, ժառանգության կամ դրա համապատասխան մասի նկատմամբ այլ ժառանգներ չկան:
3. Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճի դեպքում ժառանգության իրավունքի վկայագրի հանձնումը կասեցվում է մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Գ Լ ՈՒ Խ 79
ԳՈՒՅՔԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 1247. | Ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի ժառանգությունը |
Ընդհանուր համատեղ սեփականության մասնակցի մահը հիմք է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում նրա բաժինը որոշելու և սույն օրենսգրքի 199 հոդվածով սահմանված կարգով ընդհանուր գույքը բաժանելու կամ մահացած մասնակցի բաժինը դրանից առանձնացնելու համար: Այդ դեպքում ժառանգությունը բացվում է մահացած մասնակցի բաժնին հասանելիք ընդհանուր գույքի, իսկ գույքը բնեղենով բաժանելու անհնարինության դեպքում` նման բաժնի արժեքի նկատմամբ:
Հոդված 1248. | Տնտեսական ընկերակցություն կամ ընկերություն և կոոպերատիվի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի բաժնեմասի (փայի) արժեքի նկատմամբ իրավունքը ժառանգելը |
1. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության մահացած մասնակցի ժառանգության զանգվածի մեջ մտնում է ընկերակցության բաժնեհավաք կամ ընկերության կանոնադրային կապիտալում այդ մասնակցի բաժնեմասի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ ընկերակցության կամ ընկերության կանոնադրությամբ:
2. Կոոպերատիվի մահացած անդամի ժառանգության զանգվածի մեջ մտնում է կոոպերատիվում նրա փայի արժեքի նկատմամբ իրավունքը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Այն հարցի լուծումը, թե ժառանգներից որ մեկը կարող է ընդունվել տնտեսական ընկերակցության կամ ընկերության կամ կոոպերատիվի մեջ այն դեպքում, երբ համապատասխան իրավաբանական անձի նկատմամբ ժառանգատուի իրավունքներն անցել են մի քանի ժառանգների, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձանց մասնակիցներ չդարձած ժառանգներին հասանելիք գումարներ վճարելու կարգը, եղանակները և ժամկետները որոշվում են սույն օրենսգրքով, տնտեսական ընկերությունների մասին օրենքներով, կոոպերատիվների մասին օրենքներով, ինչպես նաև համապատասխան իրավաբանական անձի կանոնադրությամբ:
Հոդված 1249. | Աշխատավարձի, թոշակների, նպաստների և վնասի հատուցման վճարների չմուծված գումարների ժառանգությունը |
1. Վճարման ենթակա, սակայն քաղաքացու կյանքի օրոք որևէ պատճառով չվճարված` աշխատավարձի, թոշակների, նպաստների և կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման գումարներն ստանալու իրավունքը պատկանում է մահացածի ընտանիքի անդամներին, ինչպես նաև նրա խնամքի ներքո գտնվող անաշխատունակ անձանց:
2. Սույն հոդվածի 1-ին կետի հիմքով գումարներ վճարելու վերաբերյալ պահանջները պետք է ներկայացվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
3. Մահացածին չվճարված գումարները սույն հոդվածի 1-ին կետի հիմքով ստանալու իրավունք ունեցող անձանց բացակայության կամ նրանց կողմից այդ գումարները սահմանված ժամկետում վճարելու պահանջ չներկայացնելու դեպքում համապատասխան գումարները ներառվում են ժառանգության զանգվածի մեջ և ժառանգվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով:
Հոդված 1250. | Սահմանափակ շրջանառունակություն ունեցող գույքը ժառանգելը |
1. Ժառանգատուին պատկանող գույքը, որը շրջանառության մեջ է գտնվում հատուկ թույլտվությամբ (զենք և այլն), ժառանգության զանգվածի մեջ է մտնում և ժառանգվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմունքներով: Ժառանգության ընդունման համար, որի զանգվածի մեջ մտնում է նման գույքը, հատուկ թույլտվություն չի պահանջվում:
2. Նման ժառանգություն ընդունած անձը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում դիմել լիազորված պետական մարմին` թույլտվություն ստանալու համար:
3. Ժառանգի դիմումը մերժելու դեպքում նման թույլտվություն պահանջող գույքի նկատմամբ նրա սեփականության իրավունքը դադարեցվում է սույն օրենսգրքի 282 հոդվածին համապատասխան:
Հոդված 1251. | Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները ժառանգելու անթույլատրելիությունը |
(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-103-Ն)
Շքանշանները, մեդալները և պատվավոր կոչման կրծքանշանները, որոնց արժանացել է քաղաքացին, չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Պարգևատրվողի մահից հետո այդ շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ կապված իրավահարաբերությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(1251-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-103-Ն)
Հոդված 1252. | Հուշանշանների և այլ նշանների հավաքածուներ ժառանգելը |
Ժառանգատուին պատկանող հուշանշանների և այլ նշանների հավաքածուները մտնում են ժառանգության զանգվածի մեջ ու ժառանգվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր հիմքերով:
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Գ Լ ՈՒ Խ 80
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1253. | Օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվող իրավունքը որոշելը |
1. Օտարերկրյա քաղաքացիների` ներառյալ անհատ ձեռնարկատերերի, օտարերկրյա իրավաբանական անձանց և օտարերկրյա իրավունքին համապատասխան իրավաբանական անձ չհամարվող կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցող անձանց մասնակցությամբ, ինչպես նաև այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքների օբյեկտը գտնվում է արտասահմանում, քաղաքացիական իրավական հարաբերությունների նկատմամբ դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշվում է սույն օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված միջազգային սովորույթների հիման վրա:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան անհնար է որոշել կիրառվելիք իրավունքը, ապա կիրառվում է օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական-իրավական հարաբերությունների հետ առավել սերտ կապված իրավունքը:
3. Դատարանի կողմից կիրառվելիք իրավունքը որոշելու մասին սույն բաժնի կանոնները պարտադիր են նաև այդ հարցի լուծման լիազորություններով օժտված այլ մարմինների համար:
Հոդված 1254. | Իրավաբանական հասկացությունների բնորոշումը |
1. Կիրառվելիք իրավունքը որոշելիս դատարանը հիմնվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան իրավաբանական հասկացությունների մեկնաբանության վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
2. Եթե իրավական բնորոշում պահանջող իրավաբանական հասկացություններն անհայտ են Հայաստանի Հանրապետության իրավունքին կամ հայտնի են այլ անվանմամբ և այլ բովանդակությամբ ու չեն կարող բնորոշվել Հայաստանի Հանրապետության իրավունքի մեկնաբանման միջոցով, ապա դրանց իրավական բնորոշման դեպքում կիրառվում է օտարերկրյա պետության իրավունքը:
Հոդված 1255. | Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելը |
1. Օտարերկրյա իրավունք կիրառելիս դատարանը դրա նորմերի բովանդակությունը պարզում է համապատասխան օտարերկրյա պետությունում դրանց պաշտոնական մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:
2. Օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը պարզելու նպատակով դատարանը սահմանված կարգով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության և արտասահմանի իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնել օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը հավաստող փաստաթղթեր, որոնք նրանք վկայակոչում են իրենց պահանջները կամ առարկությունները հիմնավորելիս կամ այլ կերպ աջակցել դատարանին այդ նորմերի բովանդակությունը պարզելու համար:
4. Եթե օտարերկրյա իրավունքի նորմերի բովանդակությունը, չնայած սույն հոդվածին համապատասխան ձեռնարկված միջոցներին, ողջամիտ ժամկետներում չի պարզվել, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը:
Հոդված 1256. | Բազմաթիվ իրավական համակարգեր ունեցող պետության իրավունքի կիրառումը |
Այն դեպքերում, երբ կիրառվելու է այն պետության իրավունքը, որում գործում են մեկից ավելի իրավական համակարգեր, և անհնար է որոշել կիրառվելիք իրավական համակարգը, կիրառվում է այն իրավական համակարգը, որի հետ տվյալ հարաբերությունն առավել սերտ է կապված:
Հոդված 1257. | Փոխադարձության սկզբունքը |
1. Դատարանն օտարերկրյա իրավունքը կիրառում է` անկախ Հայաստանի Հանրապետության իրավունքը նույնանման հարաբերությունների նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետության կողմից կիրառվելու հանգամանքից, բացառությամբ այն դեպքերի, երբ օտարերկրյա իրավունքի կիրառումը փոխադարձության սկզբունքով սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենքով:
2. Եթե օտարերկրյա իրավունքի կիրառումը կախված է փոխադարձության սկզբունքից, ենթադրվում է, որ այն առկա է, եթե այլ բան ապացուցված չէ:
Հոդված 1258. | Հանրային կարգի մասին վերապահումը |
1. Սույն օրենսգրքի 1253 հոդվածի 1-ին կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): Այդ դեպքում, ըստ անհրաժեշտության, կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմը:
2. Օտարերկրյա իրավունքի նորմի կիրառումից հրաժարվելը չի կարող հիմնվել միայն համապատասխան օտարերկրյա պետության իրավական, քաղաքական կամ տնտեսական համակարգը Հայաստանի Հանրապետության իրավական, քաղաքական կամ տնտեսական համակարգից տարբերվելու հանգամանքի վրա:
Հոդված 1259. | Իմպերատիվ նորմերի կիրառումը |
Սույն բաժնի կանոնները չեն վերաբերում Հայաստանի Հանրապետության իրավունքի այն իմպերատիվ նորմերի գործողությանը, որոնք քաղաքացիական շրջանառության մասնակիցների իրավունքները և շահերն ապահովելու իրենց առանձնահատուկ նշանակությամբ բացառում են որևէ այլ իրավունք կիրառելու հնարավորությունը:
Հոդված 1260. | Օտարերկրյա իրավունքը վկայակոչելը |
Սույն բաժնի կանոններին համապատասխան` օտարերկրյա իրավունքին կատարված ցանկացած հղում պետք է դիտվի որպես համապատասխան պետության նյութական, այլ ոչ թե կոլիզիոն իրավունքի վկայակոչում:
Հոդված 1261. | Հակազդամիջոցներ |
Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել պատասխան սահմանափակումներ (հակազդամիջոցներ) այն պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց գույքային և անձնական ոչ գույքային իրավունքների սահմանափակումներ:
Գ Լ ՈՒ Խ 81
ԿՈԼԻԶԻՈՆ ՆՈՐՄԵՐ
§ 1. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1262. | Քաղաքացու անձնական օրենքը |
1. Քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի պետության քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված:
2. Քաղաքացիություն չունեցող անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ տվյալ անձը մշտապես բնակվում է:
3. Փախստականի անձնական օրենքը նրան ապաստան տրամադրած պետության իրավունքն է:
Հոդված 1263. | Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունակությունը |
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետությունում օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար քաղաքացիական իրավունակությունից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Հոդված 1264. | Օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի անունը որոշող օրենքը |
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի իրավունքներն իր անվան, դրա օգտագործման և պաշտպանության նկատմամբ որոշվում են նրա անձնական օրենքով, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքի 22 հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության և 4-րդ կետի, 1280 ու 1291 հոդվածներով սահմանված կանոններից:
Հոդված 1265. | Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց գործունակությունը որոշող օրենքը |
1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է նրա անձնական օրենքով:
2. Իր անձնական օրենքով գործունակությամբ չօժտված կողմն իրավունք չունի վկայակոչել իր գործունակության բացակայությունը, եթե նա գործունակ է գործարքը կնքելու վայրի իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս կողմը գիտեր կամ պետք է իմանար նրա անգործունակ լինելու մասին:
3. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը Հայաստանի Հանրապետությունում կնքված գործարքներով և Հայաստանի Հանրապետությունում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով որոշվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով:
Հոդված 1266. | Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը որոշող իրավունքը |
Առանց իրավաբանական անձ ստեղծելու, որպես անհատ ձեռնարկատեր, օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ունակությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր:
Հոդված 1267. | Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչող իրավունքը |
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվում Հայաստանի Հանրապետության իրավունքով:
Հոդված 1268. | Խնամակալությունը և հոգաբարձությունը որոշող օրենքը և կիրառվող իրավունքը |
1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ չափահաս անձանց նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում և վերացվում է այն անձի անձնական օրենքով, որի կիրառմամբ սահմանվել կամ վերացվել է խնամակալությունը կամ հոգաբարձությունը:
2. Խնամակալություն (հոգաբարձություն) ստանձնելու խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունը որոշվում է խնամակալ (հոգաբարձու) նշանակված անձի անձնական օրենքով:
3. Խնամակալի (հոգաբարձուի) և խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձի միջև հարաբերությունները կարգավորվում են այն պետության իրավունքով, որի մարմինը նշանակել է խնամակալ (հոգաբարձու): Սակայն, եթե խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձը բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, ապա կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, եթե այն առավել բարենպաստ է տվյալ անձի համար:
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ սահմանված խնամակալությունը (հոգաբարձությունը) Հայաստանի Հանրապետությունում համարվում է վավեր, եթե դրա դեմ օրենքի վրա հիմնված առարկություններ չունի Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական հաստատությունը:
Հոդված 1269. | Օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչող իրավունքը |
Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության իրավունքով:
Հոդված 1270. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս |
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերը գրանցում են Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունները` կիրառելով Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:
Հոդված 1271. | Օտարերկրյա պետության մարմինների կողմից տրված քաղաքացիական կացության ակտերն հավաստող փաստաթղթերը ճանաչելը |
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից համապատասխան պետությունների օրենքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարված քաղաքացիական կացության ակտերի հավաստման նպատակով տրված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
§ 2. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1272. | Օտարերկրյա իրավաբանական անձանց անձնական օրենքը |
1. Օտարերկրյա իրավաբանական անձի անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ իրավաբանական անձը:
2. Իրավաբանական անձի անձնական օրենքի հիման վրա նախ պարզվում է տվյալ կազմակերպությունն իրավաբանական անձ է, թե` ոչ, և ապա որոշվում են իրավաբանական անձի`
1) կազմակերպական-իրավական ձևը.
2) անվանմանն առաջադրվող պահանջները.
3) ստեղծման և դադարման հարցերը.
4) վերակազմակերպման` ներառյալ իրավահաջորդության հարցերը.
5) իրավունակության բովանդակությունը.
6) քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ ստանձնելու կարգը.
7) ներսում ծավալվող հարաբերությունները` ներառյալ իրավաբանական անձի հարաբերություններն իր մասնակիցների հետ.
8) պատասխանատվությունը:
3. Օտարերկրյա իրավաբանական անձը չի կարող վկայակոչել իր մարմնի կամ ներկայացուցչի` այն պետության իրավունքին անհայտ գործարքը կնքելու լիազորությունների սահմանափակումը, որտեղ այդ մարմինը կամ ներկայացուցիչը կնքել է գործարքը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապացուցվում է, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակման մասին:
Հոդված 1273. | Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա իրավաբանական անձանց գործունեության համար ազգային ռեժիմ տրամադրելը |
Օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող ձեռնարկատիրական և այլ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց նման գործունեության համար օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, եթե օտարերկրյա իրավաբանական անձանց համար այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 1274. | Օտարերկրյա իրավունքով իրավաբանական անձ չհամարվող օտարերկրյա կազմակերպությունների անձնական օրենքը |
Օտարերկրյա իրավունքով իրավաբանական անձ չհամարվող օտարերկրյա կազմակերպության անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որտեղ հիմնադրվել է այդ կազմակերպությունը:
Այդ կազմակերպությունների գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները, որոնք կարգավորում են իրավաբանական անձանց գործունեությունը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:
Հոդված 1275. | Պետության մասնակցությունն օտարերկրյա անձանց հետ քաղաքացիական-իրավական հարաբերություններում |
Սույն բաժնի կանոնները կիրառվում են օտարերկրյա անձանց հետ քաղաքացիական-իրավական հարաբերություններում պետության մասնակցության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
§ 3. ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1276. | Ընդհանուր դրույթներ գույքային իրավունքների նկատմամբ կիրառվող իրավունքի մասին |
1. Անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ու այլ գույքային իրավունքների բովանդակությունը, դրանց իրականացումը և պաշտպանությունը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:
2. Գույքի անշարժ կամ շարժական լինելը, ինչպես նաև գույքի այլ իրավաբանական որակավորումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:
Հոդված 1277. | Գույքային իրավունքների ծագումը և դադարելը որոշող իրավունքը |
1. Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տվյալ գույքը գտնվել է դրա նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագման կամ դադարման համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք տեղի ունենալու պահին, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքներով:
2. Գործարքի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարելը որոշվում են այն պետության իրավունքով, որը կիրառելի է տվյալ գործարքի նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
3. Ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գույքը գտնվել է ձեռքբերման վաղեմության ժամկետի ավարտման պահին:
Հոդված 1278. | Տրանսպորտային միջոցների և պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ գույքային իրավունքները որոշող իրավունքը |
Տրանսպորտային միջոցների և պետական գրանցման ենթակա այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ու այլ գույքային իրավունքները որոշվում են այն պետության իրավունքով, որի պետական գրանցամատյանում գրառված են այդ տրանսպորտային միջոցների կամ գույքի նկատմամբ իրավունքները:
Հոդված 1279. | Ճանապարհին գտնվող շարժական գույքի նկատմամբ գործարքով սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները որոշող իրավունքը |
Ճանապարհին գտնվող շարժական գույքի նկատմամբ գործարքով սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների ծագումն ու դադարումը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղից առաքվել է այդ գույքը, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
§ 4. ԱՆՁՆԱԿԱՆ ՈՉ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1280. | Անձնական ոչ գույքային իրավունքների պաշտպանության նկատմամբ կիրառվող իրավունքը |
Անձնական ոչ գույքային իրավունքների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել նման իրավունքների պաշտպանության պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանք:
§ 5. ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1281. | Գործարքի ձևը որոշող իրավունքը |
1. Գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ այն կնքվել է: Սակայն արտասահմանում կնքված գործարքի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:
2. Արտաքին տնտեսական գործարքը, որի մասնակիցներից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, անկախ գործարքը կնքելու վայրից, կնքվում է գրավոր:
3. Անշարժ գույքի նկատմամբ գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:
Հոդված 1282. | Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշող իրավունքը |
Լիազորագրի ձևը և գործողության ժամկետը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը: Սակայն լիազորագրի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:
Հոդված 1283. | Հայցային վաղեմությունը որոշող իրավունքը |
Հայցային վաղեմությունը որոշվում է այն պետության իրավունքով, որը կիրառվում է համապատասխան հարաբերությունը կարգավորելու համար:
§ 6. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1284. | Իրավունքի ընտրությունը պայմանագրի կողմերի համաձայնությամբ |
1. Պայմանագիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով:
2. Պայմանագրի կողմերը կիրառվելիք իրավունքը կարող են ընտրել ինչպես ամբողջ պայմանագրի, այնպես էլ դրա առանձին մասերի համար:
3. Պայմանագրի կողմերը, պայմանագիր կնքելիս և հետագայում, կարող են ցանկացած ժամանակ ընտրել կիրառվելիք իրավունքը: Կողմերը կարող են նաև ցանկացած ժամանակ պայմանավորվել պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքի փոփոխման մասին:
4. Պայմանագիրը կնքելուց հետո ընտրված կիրառվելիք իրավունքը հետադարձ ուժ ունի և վավեր է այն կնքելու պահից:
5. Կիրառվելիք իրավունքի ընտրության վերաբերյալ կողմերի համաձայնությունը պետք է հստակ արտահայտվի կամ ուղղակի բխի պայմանագրի պայմաններից:
6. Եթե պայմանագրում օգտագործվել են միջազգային շրջանառությունում ընդունված առևտրային տերմիններ, ապա, պայմանագրում այլ ցուցումների բացակայության դեպքում, համարվում է, որ կողմերը համաձայնվել են իրենց հարաբերությունների նկատմամբ կիրառել համապատասխան առևտրային տերմիններով արտահայտված գործարար շրջանառության սովորույթները:
Հոդված 1285. | Իրավունքի ընտրության վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը |
1. Կիրառվելիք իրավունքի վերաբերյալ պայմանագրի կողմերի համաձայնության բացակայության դեպքում այդ պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը`
1) գրավատու է գրավի պայմանագրում.
2) երաշխավոր է երաշխավորության պայմանագրում.
3) վաճառող է առուվաճառքի պայմանագրում.
4) նվիրատու է նվիրատվության պայմանագրում.
5) վարձատու է վարձակալության պայմանագրում.
6) փոխատու է գույքի անհատույց օգտագործման պայմանագրում.
7) կապալառու է կապալի պայմանագրում.
8) հանձնակատար է հանձնարարության պայմանագրում.
9) կոմիսիոներ է կոմիսիայի պայմանագրում.
10) գործակալ է գործակալության պայմանագրում.
11) պահառու է պահատվության պայմանագրում.
12) փոխադրող է փոխադրման պայմանագրում.
13) առաքող է տրանսպորտային առաքման պայմանագրում.
14) պարտատեր է փոխառության կամ այլ վարկային պայմանագրում.
15) ֆինանսական գործակալ է դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրում.
16) բանկ է բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրերում.
17) իրավատեր է համալիր թույլտվության պայմանագրում.
18) ապահովագրող է ապահովագրության պայմանագրում.
19) լիցենզատու է բացառիկ իրավունքների օգտագործման լիցենզային պայմանագրում:
2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից` կիրառվելիք իրավունքի վերաբերյալ պայմանագրի կողմերի համաձայնության բացակայության դեպքում`
1) այն պայմանագրի նկատմամբ, որի առարկան անշարժ գույքն է, ինչպես նաև գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ գտնվում է տվյալ գույքը.
2) շինարարական կապալի պայմանագրի և նախագծային ու հետազոտական աշխատանքների կապալի պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ստեղծվում են պայմանագրով նախատեսված արդյունքները.
3) համատեղ գործունեության պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ իրականացվում է նման գործունեությունը.
4) աճուրդում կամ մրցույթով կնքված պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ անց է կացվել աճուրդը կամ մրցույթը:
3. Կիրառվելիք իրավունքի վերաբերյալ կողմերի համաձայնության բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում չթվարկված պայմանագրերի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հիմնադրվել է, բնակության վայր կամ գործունեության հիմնական վայր ունի այն կողմը, որը կատարում է նման պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը: Պայմանագրի բովանդակության համար վճռական նշանակություն ունեցող պայմանը որոշելու անհնարինության դեպքում կիրառվում է այն պետության իրավունքը, որի հետ առավել սերտ է կապված տվյալ պայմանագիրը:
Հոդված 1286. | Օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձ ստեղծելու մասին պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը |
Օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձ ստեղծելու մասին պայմանագրի նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ, համաձայն այդ պայմանագրի, իրավաբանական անձը հիմնադրվում է:
Հոդված 1287. | Կիրառվելիք իրավունքով լուծվող հարցերի շրջանակը |
Սույն պարագրաֆի դրույթների ուժով` պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքը ներառում է կողմերի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի`
1) մեկնաբանումը.
2) կատարումը.
3) չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքները.
4) դադարելը.
5) առոչինչ լինելու կամ անվավերության հետևանքները.
6) հետ կապված պահանջի զիջումը և պարտքի փոխանցումը:
§ 7. ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1288. | Իրավունքը, որը կիրառվում է միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ |
Միակողմանի գործարքներից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ կատարվել է գործարքը:
§ 8. ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԻՄՆ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԾԱԳՈՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1289. | Վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքը |
Վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել վնասը հատուցելու պահանջի համար հիմք ծառայած գործողությունը կամ հանգամանքը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
Հոդված 1290. | Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվող իրավունքը |
Անհիմն հարստացման հետևանքով ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ տեղի է ունեցել անհիմն հարստացումը, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
§ 9. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1291. | Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ կիրառվող իրավունքը |
1. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ հայցվում է այդ իրավունքների պաշտպանությունը:
2. Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներ փոխանցելու կամ օգտագործելու պայմանագրերի նկատմամբ կիրառվում է պայմանագրային պարտավորությունների մասին` սույն բաժնի դրույթներին համապատասխան որոշվող իրավունքը:
§ 10. ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 1292. | Ըստ կտակի ժառանգության նկատմամբ կիրառվող իրավունքը |
1. Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը:
2. Կտակ կազմելու և վերացնելու անձի ունակությունը, ինչպես նաև կտակի և այն վերացնելու մասին ակտի ձևը որոշվում են այն պետության իրավունքով, որտեղ կտակարարը կտակ անելու կամ այն վերացնելու մասին ակտը կազմելու պահին ունեցել է բնակության վայր: Սակայն ձևը չպահպանելը հիմք չէ կտակի կամ դրա վերացման մասին ակտի անվավերության համար, եթե կտակը կամ այն վերացնելու մասին ակտը համապատասխանում են դրանք կազմելու վայրի կամ Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջներին:
Հոդված 1293. | Անշարժ գույքի ժառանգությունը որոշող իրավունքը |
Անշարժ գույքի ժառանգությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|