ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի մարտի 5-ին
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքի նպատակն է երիտասարդության ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականության իրավական հիմքի ստեղծումը, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացների ապահովումը, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների միջև ծագող իրավահարաբերությունների կարգավորումը:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Երիտասարդական քաղաքականության մասին օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) երիտասարդ՝ 13-ից մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձ.
2) պետական երիտասարդական քաղաքականություն` Կառավարության ընդունած ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարիքների, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային և սոցիալական բնույթի այլ հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծմանը և այդ լուծումների շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների ընդգրկվածության ապահովմանը և որոշումների կայացման մեջ երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը.
3) երիտասարդական աշխատանք՝ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացու ձևավորմանն ուղղված աշխատանք.
4) երիտասարդական աշխատող՝ անձ, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք` վճարովի (համայնքային ծառայության կամ վճարովի ծառայությունների մատուցմամբ կամ աշխատանքային պայմանագրային հարաբերություններով) կամ կամավորության սկզբունքով.
5) երիտասարդական ծրագիր՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող պլանավորված միջոցառումների համակարգ.
6) երիտասարդական միջոցառում՝ երիտասարդական ծրագրերի իրականացմանն ուղղված պլանավորված գործողություն, որն իրականացվում է երիտասարդների համար, երիտասարդների կողմից կամ նրանց մասնակցությամբ.
7) երիտասարդ ընտանիք` ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը 18-ից 35 տարեկան է, և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 70-ը, կամ երեխա ունեցող միայնակ ծնող, որի տարիքը չի գերազանցում 35-ը.
8) երիտասարդական կազմակերպություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի կանոնադրությամբ նախատեսված է երիտասարդական աշխատանքի և երիտասարդական ծրագրերի իրականացումը, և որի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են, իսկ անդամություն չունեցող կազմակերպությունների դեպքում կառավարման մարմնի անդամների առնվազն 2/3-ը երիտասարդներ են.
9) երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որը Հայաստանի Հանրապետության տարածքում միավորում է երիտասարդական և երիտասարդության հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ներկայացնում երիտասարդների շահերն ու իրավունքները և ազգային ու միջազգային մակարդակներում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցչական մարմին, որը պետության հետ՝ ի դեմս երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին), պետք է ունենա կնքված սոցիալական գործընկերության մասին համագործակցության հուշագիր: Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի առնվազն 2/3-ը պետք է բաղկացած լինի երիտասարդական կազմակերպություններից, իսկ կառավարման բարձրագույն մարմնի անդամների առնվազն 2/3-ը պետք է լինեն երիտասարդներ: Երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմնի անդամակցության չափանիշները և կարգը սահմանվելու են միացյալ մարմնի կանոնադրությամբ: Այն գործելու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից անկախ և կնքված հուշագրի հիման վրա.
10) երիտասարդական նախաձեռնող խմբեր՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող երիտասարդների ինքնակազմակերպման շնորհիվ ձևավորված խումբ, որի գործունեությունը բխում է պետական երիտասարդական քաղաքականությունից.
11) երիտասարդական կենտրոն՝ պետության կամ համայնքի կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից կամ նրանց միջև երկկողմ կամ բազմակողմ համագործակցությամբ ստեղծված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ իրավաբանական անձի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք, կազմակերպում է ինտելեկտուալ ժամանց և իրականացնում է պետական երիտասարդական քաղաքականությունից բխող ծրագրեր և միջոցառումներ.
12) երիտասարդական ուսումնասիրություն՝ երիտասարդության հարցերին առնչվող հետազոտական գործունեություն, որն ուղղված է երիտասարդների վիճակի վերաբերյալ տվյալների հավաքմանը, նրանց ակնկալիքների, ձգտումների, երիտասարդների կյանքում առկա և պոտենցիալ մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի վրա ազդեցություն ունեցող երիտասարդների սոցիալական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ազդեցությունների չափմանը.
13) համայնքի երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականությունից բխող համայնքային առանձնահատկությունները արտացոլող պլանավորված միջոցառումների համակարգ:
Հոդված 3. | Երիտասարդական քաղաքականության սկզբունքները |
1. Երիտասարդական քաղաքականության սկզբունքներն են՝
1) երիտասարդության՝ որպես երկրի զարգացման շարժիչ ուժի դիտարկում՝ ապահովելով տարբեր ոլորտային ծրագրերում երիտասարդության շեշտադրումը.
2) մասնակցություն՝ հանրային կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների, երիտասարդական նախաձեռնող խմբերի ներգրավվածության կարևորումը.
3) փաստահենք երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականության և ծրագրերի մշակումը հուսալի և այժմեական ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, գնահատումների և այլ փաստերի հիման վրա.
4) համաժամանակացված երիտասարդական քաղաքականություն՝ պետական երիտասարդական քաղաքականության մշակումը Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարային ռազմավարությունների հիման վրա՝ ուղղված դրանց իրականացմանը կամ իրականացման նախադրյալների ստեղծմանը: Ուղղորդվել հստակ սահմանված ռազմավարական նպատակներով և յուրաքանչյուր գործողություն կառուցել ձեռք բերված նվաճումների և արդյունքների հիման վրա.
5) չափելիություն՝ պետական երիտասարդական քաղաքականության իրականացման արդյունքների և այդ արդյունքների չափման մեխանիզմների սահմանումը.
6) ներառականություն՝ յուրաքանչյուր երիտասարդի համար, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովում, երիտասարդության ոլորտում իրականացվող ծրագրերին առավելագույն մասնակցության ապահովմանն ուղղված քայլերի իրականացում:
ԳԼՈՒԽ 2
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 4. | Երիտասարդական քաղաքականության սուբյեկտները |
1. Երիտասարդական քաղաքականության սուբյեկտներ են երիտասարդական քաղաքականությունն իրականացնող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, երիտասարդական կազմակերպությունները, երիտասարդական կենտրոնները, երիտասարդական աշխատողները, երիտասարդական նախաձեռնող խմբերը և երիտասարդները:
Հոդված 5. | Երիտասարդական քաղաքականության բնագավառում Կառավարության իրավասությունները |
1. Կառավարության իրավասություններն են`
1) հաստատել պետական երիտասարդական քաղաքականության զարգացմանը նպաստող ռազմավարական փաստաթուղթը, որն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը՝ ընդլայնելու իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը.
2) հաստատել երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին աջակցելու ծրագրերը:
Հոդված 6. | Լիազորված մարմնի իրավասությունները |
1. Լիազորված մարմնի իրավասություններն են՝
1) համակարգել պետական երիտասարդական քաղաքականության շրջանակներում իրականացվող միջոցառումները.
2) հաստատել երիտասարդական կենտրոնների գործունեության կարգն ու մեթոդաբանությունը.
3) հաստատել պետության և համայնքի հիմնած երիտասարդական կենտրոնների օրինակելի կանոնադրությունը.
4) հաստատել երիտասարդական նախաձեռնող խմբերի աջակցման մեթոդաբանությունը.
5) հաստատել համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման մեթոդաբանությունը.
6) հաստատել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը.
7) հաստատել միացյալ մարմնի ընտրության կարգը և պայմանները.
8) իրականացնել երիտասարդների կարիքների վերաբերյալ ամենամյա երիտասարդական ուսումնասիրություն՝ ապահովելով տարանջատված տվյալների առկայությունը և հրապարակել տարեկան զեկույց լիազորված մարմնի պաշտոնական կայքէջում.
9) իրականացնել պետական ծրագրերում երիտասարդության բաղադրիչի վերաբերյալ փորձագիտական վերլուծություն.
10) ապահովել պետական երիտասարդական քաղաքականության մշտադիտարկումը.
11) ապահովել միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտային ռազմավարություններում երիտասարդների կարիքների և ակնկալիքների ներառումը:
Հոդված 7. | Երիտասարդական քաղաքականության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները |
1. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝
1) համայնքի ղեկավարը, ելնելով համայնքի երիտասարդների կարիքներից, ակնկալիքներից, ձգտումներից, երիտասարդների կյանքում առկա և պոտենցիալ մարտահրավերներից և հնարավորություններից, ինչպես նաև պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթություններից, համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառում է երիտասարդական ծրագրեր, մշակում և ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի երիտասարդական քաղաքականությունը.
2) համայնքի ղեկավարը համայնքի երիտասարդական քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովելու նպատակով համայնքի աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանում է երիտասարդական աշխատողի գործառույթները կամ համայնքի ղեկավարի հայեցողությամբ առանձնացնում երիտասարդական աշխատողի առնվազն մեկ հաստիք.
3) համայնքի ղեկավարը համայնքում հիմնադրում է երիտասարդական կենտրոն կամ աջակցում է համայնքում երիտասարդական կենտրոնի հիմնադրմանը և գործունեությանը.
4) օրինակելի կանոնադրության հիման վրա ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը.
5) համայնքի ղեկավարը հաստատում է համայնքի կողմից ստեղծվող երիտասարդական կենտրոնի գործունեության տարեկան կամ բազմամյա ծրագիրը.
6) համայնքի համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնների դեպքում համայնքի և գործընկեր կառույցների միջև կնքվող համագործակցությունը սահմանող իրավապայմանագրային փաստաթղթով սահմանվում են երիտասարդական կենտրոնի գործառույթները՝ հիմք ընդունելով օրինակելի կանոնադրությամբ սահմանված գործառութային նպատակները.
7) համայնքի ղեկավարը աջակցում է համայնքում կազմակերպվող երիտասարդական միջոցառումների իրականացմանը.
8) համայնքի ղեկավարը համայնքի երիտասարդներին և երիտասարդական քաղաքականության մյուս սուբյեկտներին մասնակից է դարձնում համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և երիտասարդներին առնչվող այլ ռազմավարական փաստաթղթերի մշակմանը, իրականացմանը, ինչպես նաև մշտադիտարկմանը և գնահատմանը.
9) համայնքի ղեկավարը մասնակցություն է ունենում պետական երիտասարդական քաղաքականության իրականացման աշխատանքներին:
2. Երևան քաղաքում ստեղծվող համայնքային երիտասարդական կենտրոնը մասնաճյուղեր է ունենում բոլոր վարչական շրջաններում:
Հոդված 8. | Երիտասարդները, երիտասարդական նախաձեռնող խմբերը, երիտասարդական աշխատողները, երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդական կենտրոնները |
1. Երիտասարդներն իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու պետության և համայնքի կողմից երիտասարդներին ուղղված քաղաքականությունների մշակմանը, դրա շրջանակում նախատեսված ծրագրերին և միջոցառումներին, որպես անհատ հանդես գալու սեփական նախաձեռնություններով և մասնակցելու ու առաջարկություններ ներկայացնելու պետական կամ համայնքային մակարդակում կայացվող որոշումների շրջանակներում:
2. Երիտասարդական նախաձեռնող խմբերը կարող են հանդես գալ նախաձեռնություններով, մշակել և երիտասարդության շրջանում իրականացնել տարբեր ծրագրեր և միջոցառումներ, աջակցել երիտասարդական աշխատողներին համայնքներում իրականացվող երիտասարդական աշխատանքին:
3. Երիտասարդական աշխատողն իրականացնում է երիտասարդների կարիքների և ակնկալիքների վերհանմանը, կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը միտված աշխատանք:
4. Երիտասարդական աշխատանքի տեսակները, աշխատանքի առանձնահատկություններով և երիտասարդների տարիքային խմբով պայմանավորված, սահմանվում են երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ:
5. Երիտասարդական կազմակերպությունը կարող է մասնակցել պետության կողմից երիտասարդությանն ուղղված ոլորտային քաղաքականությունների մշակման աշխատանքներին:
6. Երիտասարդական կենտրոնը գործում է երիտասարդական աշխատանքի սկզբունքներով և մեթոդաբանությամբ, ունի համապատասխան աշխատակազմ, նյութատեխնիկական միջոցներ և ֆիզիկական տարածք, իրականացնում է երիտասարդական աշխատանք և երիտասարդական ծրագրեր, կարող է մասնակցել համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման ու իրականացման աշխատանքներին:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 9. | Պետական երիտասարդական քաղաքականության մշակումը և իրականացումը |
1. Պետական երիտասարդական քաղաքականությունը մշակվում է Կառավարության, լիազորված մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների, երիտասարդական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների և երիտասարդների հետ համագործակցության և մասնակցության սկզբունքների պահպանմամբ:
2. Պետական երիտասարդական քաղաքականությունը մշակում և իրականացնում է լիազորված մարմինը:
Հոդված 10. | Պետական երիտասարդական քաղաքականության գնահատումը |
1. Պետական երիտասարդական քաղաքականության ազդեցությունը գնահատելու համար իրականացվում են երիտասարդական ուսումնասիրություններ և վերլուծություններ:
2. Իրականացված երիտասարդական ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա վերանայվում են պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները և թիրախային ներդրումները:
Հոդված 11. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:
3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերն ուժի մեջ են մտնում համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման պահից:
4. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերը տեղական ինքնակառավարման մարմինների վրա տարածվում են համայնքում համայնքային երիտասարդական կենտրոնի ստեղծման պահից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. մարտի 27 Երևան ՀՕ-58-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 մարտի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|