Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-511-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 19.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
05.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.3-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «խախտմամբ» բառից հետո լրացնել «լրացնելը կամ» բառերով:

 

Հոդված 2․ Օրենսգրքի 40.7-րդ հոդվածում՝

1) երկրորդ պարբերության «հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ)» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով» բառերով.

2) երրորդ պարբերության «հեռուստառադիոընկերությունների» բառը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների» բառերով, «հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ կամ ռադիոընկերությամբ)» բառերը փոխարինել «տեսալսողական մեդիածառայություն մատուցողների եթերով» բառերով, իսկ «հեռուստառադիոհաղորդում (հեռուստահաղորդում կամ ռադիոհաղորդում)» բառերը՝ «տեսալսողական հաղորդում» բառերով.

3) չորրորդ պարբերության «հեռուստառադիոհաղորդումները (հեռուստահաղորդումները կամ ռադիոհաղորդումները)» բառերը փոխարինել «տեսալսողական հաղորդումները» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 40.11-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար առանձնացված տեղերում տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութեր դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.17-րդ հոդվածով.

 

«Հոդված 40.17.

Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կամ թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագիր չներկայացնելը

 

1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

2․ Թեկնածուի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.18-րդ հոդվածով.

 

«Հոդված 40.18.

Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ սխալ տեղեկություն տրամադրելը, տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման պարտականությունը չկատարելը, քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը

 

1. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի բնութագրերի վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին սխալ տեղեկություններ տրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։

2. Համայնքի ղեկավարի կողմից տեղամասային կենտրոնի և քվեարկության սենյակի սահմանման կամ քվեարկության սենյակի կահավորման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջը սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով։

3. Համայնքի ղեկավարի կողմից քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար անվճար վահանակներ չառանձնացնելը կամ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ առանձնացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։»։

 

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 40.19-րդ հոդվածով.

 

«Հոդված 40.19.

Օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելը կամ չհանելը

 

1. Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ կուսակցության պաշտոնատար անձի նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։

2. Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կամ օրենքով չթույլատրված վայրում տեղադրված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիրը և այլ նյութեր չհանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձի նկատմամբ՝ երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 7. Օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին պարբերության 6-րդ կետում «40.16» թիվը փոխարինել «40.19» թվով։

 

Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերության 1-ին կետի «40.16» թիվը փոխարինել «40.19» թվով.

2) առաջին պարբերության 1-ին կետի «հանձնաժողովը» բառը փոխարինել «հանձնաժողովի նիստն արձանագրողը կամ հանձնաժողովի այն անդամը, որին հայտնի է դարձել իրավախախտման մասին» բառերով.

3) երրորդ պարբերության «40.16» թիվը փոխարինել «40.19» թվով.

4) երրորդ պարբերության «ընտրական հանձնաժողովի կողմից» բառերը փոխարինել «ընտրական հանձնաժողովի նիստն արձանագրողի կողմից կամ հանձնաժողովի այն անդամի կողմից, որին հայտնի է դարձել իրավախախտման մասին,» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ իրավասու ընտրական հանձնաժողովի նիստում վարչական իրավախախտում ենթադրյալ կատարած անձի բացակայությամբ հարցը քննարկվում և արձանագրությունը կազմվում է, երբ տվյալներ կան գործի քննության տեղի և ժամանակի մասին նրան ծանուցելու վերաբերյալ, և եթե նա չի ներկայացել և կամ չի ցանկացել մասնակցել նիստին կամ արձանագրության կազմմանը: Այդ դեպքում արձանագրությունը կազմվում է նրա բացակայությամբ, և դրա օրինակն անմիջապես ուղարկվում է նրան՝ նշելով սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված իր իրավունքներն ու պարտականությունները։»։

 

Հոդված 9. Օրենսգրքի 255-րդ հոդվածում՝

1) երրորդ պարբերության առաջին նախադասությունը «արձանագրությունը,» բառից հետո լրացնել «իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաև, եթե անձը, ծանուցված լինելով նիստի մասին, ներկա չի գտնվել նիստին կամ չի մասնակցել արձանագրության կազմմանը, ապա» բառերով.

2) չորրորդ պարբերության առաջին նախադասությունը «կազմելիս» բառից հետո լրացնել «, իսկ 40.1-ին, 40.2-րդ, 40.4-րդ, 40.6-40.9-րդ, 40.11-րդ, 40.13-40.19-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով նաև ծանուցման մեջ» բառերով։

 

Հոդված 10 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 19

Երևան

 ՀՕ-511-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան