ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1.2-րդ մասը «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական ակտերը,» բառերից հետո լրացնել «բացառությամբ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհետաձգելի միջամտության որոշումների,» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը «կատարվում է դռնփակ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշում է կայացնում գործի քննությունը դռնբաց իրականացնելու վերաբերյալ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) իրավունքի իրականացման սահմանափակում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում դատական տուգանք կարող է կիրառվել, եթե մինչև դատական տուգանքի կիրառման հանգեցնող արարքը կատարելը փաստաբանի նկատմամբ կիրառվել է առնվազն երկու այլ սանկցիա:»:
Հոդված 4. Օրենսգրքի 101.2-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Եթե վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը վերացնում է դատական տուգանք կիրառելու մասին որոշումը, ապա դատական ակտով լուծում է նաև նախապես վճարված տուգանքի վերադարձի հարցը:
5. Մեկ դատական վարույթի շրջանակում յուրաքանչյուր դատական ատյանում որպես ներկայացուցիչ հանդես եկող փաստաբանի նկատմամբ դատական տուգանք կարող է կիրառվել ոչ ավելի, քան մեկ անգամ:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101.3-րդ և 101.4-րդ հոդվածներով.
«Հոդված 101.3. | Դատական նիստից դուրս դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները |
1. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսևորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել դատական տուգանքի կիրառման, ապա այդ անձից պահանջում է գրավոր պարզաբանում վերոնշյալ վարքագծի կամ արարքի վերաբերյալ: Պարզաբանում պահանջելու մասին ծանուցագրում նշվում են այն հանգամանքները, որոնք դատարանի գնահատմամբ կարող են հանգեցնել դատական տուգանքի կիրառման:
2. Գրավոր պարզաբանումը կարող է ներկայացվել պարզաբանում պահանջելու մասին դատարանի ծանուցագիրն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
3. Գրավոր պարզաբանում ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 20-օրյա ժամկետում, դատարանն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է դատական տուգանք կիրառելու հարցը: Դատական տուգանք կիրառելու հիմքերի բացակայության դեպքում նույն ժամկետում դատարանը դատավարության մասնակցին, նրա ներկայացուցչին կամ դատավարությանը մասնակցող այլ անձին ծանուցում է այդ մասին:
Հոդված 101.4. | Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները |
1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:
2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.
1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելը.
2) ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելը.
3) ապացույցներ ներկայացնելը և դրանց հետազոտմանը մասնակցելը.
4) հարցեր տալը.
5) միջնորդություններ ներկայացնելը.
6) դիրքորոշում ներկայացնելը:
3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:
4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսևորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձը հասկանալի ձևով նախազգուշացվում է դատարանի՝ սանկցիա կիրառելու իրավասության մասին, պարզաբանվում են սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: Եթե դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը նախազգուշացումից հետո կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան:
5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտով:
6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:»:
Հոդված 6. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝
1) 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123-րդ, 123.3-րդ, 123.4-րդ հոդվածներով, 123.5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.6-րդ, 124-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.7-րդ, 129.2-րդ, 131-րդ, 135.2-րդ և 137.4-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը` անկախ ներկայացված հայցատեսակից, իրականացվում է գրավոր ընթացակարգով:».
2) 1.2-րդ մասը «գրավոր ընթացակարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 31.3-րդ գլխով քննվող գործերի» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասում «1.1-ին հոդվածով» բառերը փոխարինել «1.1-ին մասով» բառերով:
Հոդված 8. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության վրա։
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների քննության կապակցությամբ իրականացվող դատավարական գործողությունների վրա:
4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կիրառված դատական տուգանքների կամ դատական տուգանք կիրառելու մասին միջնորդությունների նկատմամբ կիրառելի են տուգանքի կիրառման կամ միջնորդության ներկայացման պահին գործող նորմերը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 16 Երևան ՀՕ-489-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 դեկտեմբերի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|