Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-75
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.11.1995-31.05.1996)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/15-16
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը     



Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «19» հուլիսի 1993թ. Հ.Ն-0897-I

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակներն ու գործողության ոլորտը

Սույն օրենքը սահմանում է մաքսային սակագնի ձևավորման սկզբունքները և կիրառման կարգը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ու այդ տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները մաքսատուրքով հարկելու կանոնները:

Սույն օրենքի գործողության ոլորտը Հայաստանի Հանրապետության միասնական մաքսային տարածքն է:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության մաքսային սակագինը

 

Հայաստանի Հանրապետությունում մաքսային սակագինը այն մաքսատուրքերի համակարգն է, որով հարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող կամ այդ տարածքից արտահանվող ապրանքները և այլ առարկաները:

Հայաստանի Հանրապետությունում մաքսային սակագինը սահմանվում է միջազգային ճանաչում ստացած նորմերի հիման վրա և զարգանում միջազգային պրակտիկայում ընդունված մաքսային գործի սկզբունքներին ու կանոններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հայաստանի Հանրապետությունում մաքսային սակագինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են հարկման այլ կանոններ, քան նախատեսված են սույն օրենքում և օրենսդրական այլ ակտերում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված կանոնները:

(2-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

 

ԲԱԺԻՆ  II. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

Հոդված 3. Մաքսատուրքեր` ըստ գործառնության բնույթի

 

Ելնելով ապրանքների և այլ առարկաների բնույթից, կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը.

1) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների և այլ առարկաների համար.

2) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների և այլ առարկաների համար.

3) սեզոնային` վճարվում են որոշակի ժամանակահատվածում առանձին ապրանքներ և այլ առարկաներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար:

Սույն հոդվածում նշված մաքսատուրքերը հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սակագնին համապատասխան:

 

Հոդված 4. Մաքսատուրքեր` ըստ հաշվարկման մեթոդի

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում, հաշվարկման մեթոդից ելնելով, կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը.

1) աղվալորային (արժեքային)` հաշվարկվում են մաքսատուրքով հարկման ենթակա ապրանքների և այլ առարկաների մաքսային արժեքի նկատմամբ տոկոսներով.

2) յուրահատուկ` հաշվարկվում են մաքսատուրքով հարկման ենթակա ապրանքների և այլ առարկաների չափման միավորի համար կայուն սակագնով.

3) խառը` երբ զուգակցվում են աղվալորային և յուրահատուկ մաքսատուրքերը:

 

Հոդված 5. Մաքսատուրքեր` ըստ սակագնի կառուցվածքի

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում, Հայաստանի Հանրապետության տնտեսության շահերից և սակագնի կառուցվածքից ելնելով, կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը.

1) հատուկ` կիրառվում են որպես Հայաստանի Հանրապետության հանդեպ առանձին ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, արտասահմանյան պետությունների կամ նրանց միությունների խտրական գործողությունների պատասխան միջոցառումներ.

2) հակադեմպինգային` կիրառվում են ապրանքները և այլ առարկաները դրանց արտահանման կամ ներմուծման պահին համանման կամ անմիջականորեն մրցակից ապրանքների և այլ առարկաների գներից առավել ցածր գներով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու դեպքում, և եթե այդ ապրանքների և այլ առարկաների արտահանումը կամ ներմուծումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին.

3) փոխհատուցման` կիրառվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից այն ապրանքների և այլ առարկաների արտահանման դեպքում, որոնց արտադրության կամ արտահանման համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն օգտագործվել է դրամական օժանդակություն, և եթե դրանց արտահանումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության շահերին: Փոխհատուցման մաքսատուրքը չպետք է գերազանցի դրամական օժանդակության չափը.

4) պետական գանձարանի (ֆինանսական)` կիրառվում են ապրանքները և այլ առարկաները պետական բյուջեի եկամուտների ավելացման նպատակով հարկելու դեպքում.

5) հովանավորչական` կիրառվում են ապրանքները և այլ առարկաները օտարերկրյա ձեռնարկությունների և կազմակերպությունների մրցակցությունից տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով հարկելու դեպքում.

6) խրախուսման` կիրառվում են առանձին երկրներից ներմուծվող ապրանքների և այլ առարկաների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը նվազեցնելու նպատակով.

7) հավասարարական` կիրառվում են ներմուծական ապրանքների և այլ առարկաների, ինչպես նաև սեփական արտադրության ապրանքների և այլ առարկաների գների հավասարեցման նպատակով հարկելու դեպքում.

8) հակազդման` կիրառվում են այն արտասահմանյան պետությունների ապրանքները և այլ առարկաները հարկելու դեպքում, որոնք իրենց ապրանքների և այլ առարկաների նկատմամբ սահմանում են չափազանց բարձր մաքսատուրքեր.

9) վիճակագրական` կիրառվում են Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը հաշվարկելու համար:

 

Հոդված 6. Մաքսային արժեքը

 

Մաքսային հարկման ենթակա ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքերի հաշվարկումը կարող է կատարվել դրանց մաքսային արժեքի հիման վրա, այսինքն` այն գումարի, որը դրանց համար փաստորեն վճարվել կամ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին:

Մաքսային արժեքը ներառում է` հաշիվ-ապրանքագրում նշված գինը, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրի մեջ չմտցված հետևյալ փաստացի ծախսերը.

1) փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը` մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանային անցակետը.

2) կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

3) մտավոր (ինտելեկտուալ) սեփականության օբյեկտների օգտագործման վճարը, որը վերաբերում է տվյալ ապրանքներին և այլ առարկաներին, և որը ներմուծողը (արտահանողը) պետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն վճարի որպես դրանց ներմուծման (արտահանման) պայման:

Մաքսային արժեքը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով հարկման ենթակա ապրանքները և այլ առարկաները տեղափոխելիս:

Հայտարարագրում ապրանքատիրոջ կողմից ապրանքների և այլ առարկաների ոչ իրական արժեք կամ գին նշելու դեպքում, կամ այն որոշելու կամ ստուգելու անհնարինության դեպքում մաքսատուրքի չափը սահմանում են մաքսային մարմինները, համաձայն`

1) Հայաստանի Հանրապետության շուկայում նույն ապրանքների և այլ առարկաների գների.

2) Հայաստանի Հանրապետության շուկայում համանման կամ անմիջականորեն մրցակցող ապրանքների և այլ առարկաների գների.

3) այդ ապրանքների և այլ առարկաների հաշվարկային արժեքի.

4) ապրանքների և այլ առարկաների արտահանման կամ ներմուծման նվազագույն հսկիչ գների, որոնք սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

Մաքսային արժեքի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

 

 

Հոդված 7. Մաքսատուրքերի հաշվարկումը և վճարումը

 

Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից մաքսատուրքի հաշվարկումը իրականացվում է մաքսային սակագնին համապատասխան, որը գործում է հայտարարագրի ներկայացման օրը:

Մաքսատուրքի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

ԲԱԺԻՆ  III. ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 8. Մաքսատուրքի վճարումից ազատելը

 

Մաքսատուրքի վճարումից ազատվում են`

1) համատեղ ձեռնարկությունների և օտարերկրյա ձեռնարկություններին, կազմակերպություններին և քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների կանոնադրական ֆոնդը նախատեսված հիմնական միջոցները.

2) Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող (տարանցիկ) ապրանքները.

3) այն փոխադրամիջոցները, որոնց միջոցով կանոնավոր կերպով իրականացվում են բեռների, ուղեբեռների և ուղևորների միջպետական փոխադրումներ, ինչպես նաև այն գործիքները, վառելանյութը, պարենային ապրանքները և այլ առարկաները, որոնք կարող են անհրաժեշտ լինել ճանապարհին, միջանկյալ կանգառներում կամ հիշյալ փոխադրամիջոցների անսարքությունները վերացնելու համար.

4) արտարժույթը և արժեթղթերը.

5) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք փոխադրման ընթացքում մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես մարդասիրական օգնություն և ձևակերպված են համապատասխան փաստաթղթերով.

6) ներքոհիշյալ այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ժամանակավորապես ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք և այդ տարածքից արտահանվում, կամ ժամանակավորապես արտահանվում և ներմուծվում են առանց դրանց մշակման և վերամշակման`

ա) ոչ առևտրային ցուցահանդեսների, տոնավաճառների կամ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված ապրանքները և այլ առարկաները.

բ) մամուլի, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության բնագավառի աշխատողների, ինչպես նաև մարզիկների համար մասնագիտացված սարքավորումները.

գ) ապրանքների նմուշները և տարան.

դ) կրթության, գիտության, մշակույթի կարիքների համար նախատեսված (գրքեր, ամսագրեր, թերթեր, երաժշտական գործիքներ, թատերական և մարզական սարքավորումներ, կրոնական գույք) ապրանքները և այլ առարկաները.

ե) ուղևորների անձնական օգտագործման իրերը.

զ) տուրիզմին և սպորտին վերաբերող գովազդային նյութերը.

է) կենդանիները.

7) հաշմանդամների համար նախատեսված պրոթեզաօրթոպեդիկ պարագաները, կյանքը թեթևացնող միջոցները և դրանց պահեստային և կոմպլեկտավորող մասերը.

8) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում գտնվող մաքսատուրքով չհարկվող խանութները կամ մաքսային պահեստները և դրանցից արտահանվում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքի սահմաններից դուրս.

9) միջազգային համաձայնագրերով նախատեսված այլ դեպքերում:

Մաքսատուրքի վճարումից ազատելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հետ:

(8-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

 

Հոդված 9. Մաքսատուրքի դրույքաչափի նվազեցումը

 

Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս և այդ տարածքից արտահանելիս թույլատրվում է նվազեցնել այն ապրանքների և այլ առարկաների մաքսատուրքի դրույքաչափերը, որոնք`

1) նորոգվել են և նախկինում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվել կամ այդ տարածքից արտահանվել են.

2) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով բաց թողնելը վնասվել են, բայց պիտանի են օգտագործման համար.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 10. Մաքսատուրքով հարկումը ազատ մաքսային գոտիների սահմանները հատելիս

 

Մաքսատուրքի վճարումից կարող են ազատվել կամ մաքսատուրքի նվազեցված դրույքաչափերով հարկվել`

1) վերջնական սպառման համար Հայաստանի Հանրապետության ազատ մաքսային գոտիներ ներմուծվող ապրանքները և այլ առարկաները.

2) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս սպառման համար Հայաստանի Հանրապետության ազատ մաքսային գոտիներից արտահանվող և այդ գոտիներից ծագող ապրանքները և այլ առարկաները.

3) Հայաստանի Հանրապետության ազատ մաքսային գոտիներից ծագող ապրանքները և այլ առարկաները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելիս.

4) Հայաստանի Հանրապետության ազատ մաքսային գոտիներով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող և այդ տարածքից ծագող ապրանքները և այլ առարկաները:

Սույն հոդվածով նախատեսված հարկային արտոնությունների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ:

(10-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

 

Հոդված 11.

Մաքսատուրքեր գանձելը և վերադարձնելը, մաքսատուրքերով հարկելը և պատասխանատվությունը մաքսատուրքեր չվճարելու համար

 

Ավել գանձված մաքսատուրքի գումարները ապրանքների և այլ առարկաների տիրոջ պահանջով ենթակա են վերադարձման մաքսային ձևակերպման պահից սկսած մեկ տարվա ընթացքում:

Ապրանքների և այլ առարկաների տիրոջ պահանջով անհիմն գանձված մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետի կամ դատարանի որոշմամբ ենթակա են վերադարձման մաքսատուրքերի վճարման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:

Հետաձգման և մաս-մաս վճարման հնարավորություն ընձեռող ժամկետներում մաքսատուրքի չվճարման հետևանքով թերի գանձված գումարները Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից անվիճելի կարգով բռնագանձվում են:

Ապրանքների և այլ առարկաների տիրոջ մեղքով չվճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է մաքսատուրքի ձևակերպման օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում:

Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չմուծված մաքսատուրքի 0,5 տոկոսի չափով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 18 օգոստոսի 1993 թ.
ՀՕ-75

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան