ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հուլիսի 13-ին
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 15-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«հրագործական արտադրատեսակ՝ հրագործական բաղադրիչների այրման (պայթյունի) օգնությամբ անհրաժեշտ արդյունք ստանալու համար նախատեսված արտադրատեսակ.»,
բ. 17-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
գ. 18-րդ և 19-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան I, II և III դասեր)՝ արտադրատեսակ, որը նախատեսված է բնակչության կողմից կիրառման համար, և որի շահագործումը, կիրառման հրահանգին համապատասխան, ապահովում է մարդկանց, ունեցվածքի և շրջակա միջավայրի անվտանգությունը.
տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակ («Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 770 որոշմամբ հաստատված «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 006/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին համապատասխան IV և V դասեր)՝ արտադրատեսակ, որի կիրառման համար պահանջվում են հատուկ գիտելիքներ և հարմարանքներ (սարքեր).».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների ներմուծումը և կիրառումը թույլատրվում են միայն լիազոր մարմնի կողմից բացառապես պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. օգոստոսի 3 Երևան ՀՕ-256-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|