Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-155-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.29-2023.06.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.05.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մայիսի 3-ին

 

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) յոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 «ճարտարագիտատեխնիկական աշխատող` գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպությունում կամ բուհում գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացմանը նպաստող և գիտական արդյունքի ստեղծման գործընթացում ներգրավված անձ.

գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող` պետական հավատարմագրում անցած բարձրագույն ուսումնական հաստատության դասախոսական կազմի աշխատող, որն իրականացնում է նաև գիտական և գիտատեխնիկական գործունեություն.».

2) ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«գիտական դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների կամ իրավաբանական ու ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պայմաններով գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտներին գիտական հետազոտությունների իրականացման նպատակով անհատույց տրամադրվող ֆինանսական կամ այլ միջոցներ.

գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ` տվյալների հավաքման, վերլուծության և տեղեկատվության տարածման միասնական էլեկտրոնային համակարգ, որը ներառում է տեղեկություններ գիտական կազմակերպությունների, դրանց ենթակառուցվածքների, կառավարման, տնտեսական և հետազոտական գործընթացների, ինչպես նաև աշխատողների (այդ թվում՝ ոչ գիտական) մասին, որոնք անհրաժեշտ են պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացման, մշտադիտարկման և գնահատման ամբողջ գործընթացը լիարժեք կազմակերպելու համար:»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետով.

 «գ) անցնել ատեստավորում` իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հավաստման նպատակով:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ մասերով.

«9. Կառավարությունը հաստատում է գիտական պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները, ներառյալ՝ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքների ցուցանիշները:

10. Պետության հիմնադրած գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքով գիտական կազմակերպության ղեկավարի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա դիմում է այդ մասին, լրացել է նրա 65 տարին, դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող կամ մահացած:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ ԳԱԱ» բառերը փոխարինել «Ակադեմիա» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերը փոխարինել «, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «և գիտալուսավորչական» և «գիտությունների հասարակական ակադեմիաներ,» բառերը.

2) 2-րդ մասից հանել «ներառյալ` գիտությունների հասարակական ակադեմիաներին,» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին պարբերությունում «ԳԱԱ» բառը փոխարինել «Ակադեմիայի» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. «բ» կետը «հայագիտության» բառից հետո լրացնել «և գիտության այլ բնագավառների» բառերով,

բ. «է» կետի «կարգի» բառը փոխարինել «կարգերի» բառով,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.

«ժ) Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցի հաստատումը:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 15.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 15.1.

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն

 

1. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ղեկավարում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահը:

2. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն՝

1) մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում կառավարության քաղաքականության մշակմանը, ինչպես նաև մշակում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.

2) սահմանված կարգով մասնակցում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.

3) հաստատում է գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգի վարման կարգը, դրա հիման վրա իրականացնում է գիտական կամ գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձևավորում և վարում.

4) իր իրավասության սահմաններում իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բյուջետային գործընթացը.

5) ստեղծում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդներ և կազմակերպում է դրանց աշխատանքները.

6) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.

7) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.

8) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.

9) հաստատում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի աշխատանքի կանոնակարգը.

10) հաստատում է ատենախոսությունների արդյունքներն ու դրույթները հրապարակելու համար սահմանվող գիտական պարբերականների ցուցակում ընդգրկվելու չափանիշները.

11) իր կանոնադրական գործառույթներն ապահովելու նպատակով կարող է ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ, մրցութային հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, ինչպես նաև կարող է ձևավորել մասնագիտական և խորհրդակցական մարմիններ` հաստատելով դրանց աշխատակարգը և անվանական կազմը:»:

 

Հոդված 10. Օրենքի 15.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 8-րդ մասի և 9-րդ մասի երկրորդ պարբերության «Բարձրագույն որակավորման կոմիտեն» բառերը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.

«9.1. Գիտական այն մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ, հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:»:

 

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները՝ գիտական աշխատողի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու համար:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատում է կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի» բառերը.

2) 2-րդ մասի «լրացուցիչ վարձատրությունից» բառերը փոխարինել «հավելավճարից» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը:»:

 

Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «գ» կետի «պայմանագրային (թեմատիկ)» բառերը փոխարինել «գիտական դրամաշնորհային» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Կառավարությունը հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևերով իրականացվող մրցութային ծրագրերի հրավերների փաթեթները և մրցույթների արդյունքները սահմանված կարգով հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

7. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով:»:

 

Հոդված 15. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մայիսի 29

Երևան

ՀՕ-155-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան