Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-122-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 13.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, ինչպես նաև ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:».

2) 5.1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների և օրենքով նախատեսված դեպքերում՝ բնակարանային հիպոտեկային կրեդիտների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով։».

3) 8.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8.1. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիպոտեկային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով։ Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիպոտեկային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:

Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված՝ գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ՝ 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի և դրանցից ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. ապրիլի 12

Երևան

ՀՕ-122-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: