Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները, այսուհետ՝ Պայմանավորվող կողմեր,
առաջնորդվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններով,
ճանաչելով դատարան ներկայանալու, կալանավորման մասին որոշումների և այլ դատական փաստաթղթերի ու հանձնարարությունների կատարման բնագավառում փոխադարձ օգնության լայն միջոցների պարզեցման անհրաժեշտությունը,
ցանկանալով քրեական գործերով համագործակցության և փոխադարձ իրավական օգնություն ցուցաբերելու միջոցով նպաստել երկու երկրներում հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերման, առգրավման կամ բռնագրավման արդյունավետությանը,
համաձայնեցին հետևյալի մասին
Հոդված 1. | Գործողության շրջանակները |
1. Սույն Պայմանագրով Պայմանավորվող կողմերը միմյանց տրամադրում են քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության լայն միջոցներ:
2. Սույն Պայմանագրի նպատակների համար փոխադարձ իրավական օգնությունը տրամադրվում է՝ անկախ այն հանգամանքից՝ օգնությունը ակնկալվում է կամ պետք է տրամադրվի դատարանի, թե որևէ այլ մարմնի կողմից:
3. Սույն Պայմանագիրը չի ազդում Պայմանավորվող կողմերի միջև գործող այլ պայմանագրերով գոյություն ունեցող պարտավորությունների կատարմանը և չի խոչընդոտում նրանց գործադիր մարմիններին՝ միմյանց փոխադարձ օգնություն տրամադրելու այլ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների համաձայն։
Հոդված 2. | Կենտրոնական մարմինները |
Սույն Պայմանագրով օգնության վերաբերյալ հարցումները պետք է կատարվեն Պայմանավորվող կողմերի կենտրոնական մարմինների միջոցով, որոնք նշանակվում են սույն Պայմանագրի վավերագրերի փոխանակման ժամանակ:
Հոդված 3. | Հարցումների բովանդակությունը |
1. Սույն Պայմանագրի շրջանակներում օգնության վերաբերյալ հարցումները պետք է ներկայացվեն գրավոր: Այնուամենայնիվ, անհետաձգելի դեպքերում կամ հայցվող Կողմի թույլտվությամբ հարցումները կարող են ներկայացվել բանավոր՝ հետագայում անհապաղ դրանց գրավոր հաստատմամբ:
2. Օգնության վերաբերյալ հարցումները պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները.
ա) իրավասու մարմնի անվանումը, որն իրականացնում է հարցմանը վերաբերող քննությունը կամ քրեական հետապնդումը,
բ) քննությանը կամ քրեական հետապնդմանը վերաբերող հարցերը, ներառյալ համապատասխան փաստերն ու օրենքները,
գ) հարցման նպատակը և պահանջվող օգնության բնույթը,
դ) որևէ մասնավոր ընթացակարգի մանրամասները կամ պահանջները, որոնք հայցող Կողմը ցանկանում է, որ իրականացվեն,
ե) ժամկետը, որի ընթացքում հարցումը պետք է կատարվի,
զ) քննության կամ քրեական հետապնդման ենթակա անձի կամ անձանց ինքնությունը (անունը, ազգանունը, ծննդյան վայրը, տարին և ամսաթիվը, ինչպես նաև այլ համապատասխան մանրամասներ), ազգությունը և գտնվելու վայրը,
է) ապացույցներ ձեռք բերելու կամ հետախուզում ու բռնագրավում իրականացնելու վերաբերյալ հարցումների դեպքում պետք է նշվի հիմնավորում այն մասին, որ ապացույցները կարող են գտնվել հայցվող Կողմի իրավասության ներքո,
ը) անձից ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումների դեպքում պետք է գրավոր նշվի՝ արդյոք պահանջվում է երդման կամ գործողության կատարման վերաբերյալ արձանագրություն, թե ոչ, ինչպես նաև տրվի պահանջվող ապացույցների նկարագրությունը,
թ) իրեղեն ապացույցներ տրամադրելու դեպքում՝ այն անձը կամ անձանց խումբը, որոնց մոտ գտնվում են այդ ապացույցները, այն վայրը, որտեղ պետք է փոխադրվեն իրեղեն ապացույցները, այն փորձաքննությունները, որոնք պետք է կատարվեն, և այն ժամկետը, երբ նմուշները պետք է վերադարձվեն,
ժ) կալանքի տակ գտնվող անձին կամ անձանց հանձնելու դեպքում՝ այն վայրը, ուր պետք է տեղափոխվի կալանքի տակ գտնվող անձը, և այն ժամկետը, երբ պետք է վերադարձվի կալանավորված անձը,
ժա) գաղտնիություն պահպանելու անհրաժեշտությունը և դրա պատճառները։
3. Հանցագործության գործիքների և միջոցների առգրավման և բռնագրավման վերաբերյալ հարցումների դեպքում, որքանով դա հնարավոր է, ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը.
ա) հանցագործության գործիքների և միջոցների մանրամասն նկարագրությունը, ներառյալ դրանց գտնվելու վայրը,
բ) հիմնավորում այն մասին, որ փողը կամ սեփականությունը հանդիսանում են հանցագործության գործիքներ կամ միջոցներ,
գ) ապացույցների նկարագրությունը, որոնք անհրաժեշտ են հայցվող Կողմին՝ դատավարության իրականացնելու համար:
4. Հայցվող Կողմը չպետք է մերժի հարցման կատարումը զուտ այն պատճառով, որ այն չի պարունակում սույն հոդվածով նախատեսված տեղեկությունը, եթե այն, այնուամենայնիվ, առանց այդպիսի տեղեկության առկայության կարող է կատարվել հայցվող Կողմի օրենքով:
5. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցումը կատարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն, ապա նա կարող է պահանջել այդպիսի լրացուցիչ տեղեկություն:
Հոդված 4. | Հարցում կատարելը |
1. Օգնության վերաբերյալ հարցումը կատարվում է հայցվող Կողմի օրենքին համապատասխան և կարող է կատարվել հարցման մեջ նշված որևէ այլ կարգով, եթե դա չի հակասում հայցվող Կողմի օրենքին:
2. Հայցվող Կողմը հայցող Կողմին տեղեկացնում է այն հանգամանքների մասին, որոնք հարցման կատարման հետաձգման հիմք են հանդիսացել։
3. Հայցվող Կողմը անհապաղ տեղեկացնում է հայցող Կողմին օգնության վերաբերյալ հարցումը լրիվ կամ մասնակիորեն չկատարելու կամ կատարումը հետաձգելու իր որոշման մասին՝ նշելով դրանց պատճառները։
Հոդված 5. | Օգնությունը մերժելը |
1. Հայցվող Կողմը կարող է մերժել օգնություն ցույց տալը, եթե՝
ա) հարցման կատարումը վտանգում է իր ինքնիշխանությանը, անվտանգությանը և հասարակական կարգին,
բ) հարցման կատարումը հակասում է հայցվող Կողմի ազգային օրենքին,
գ) հայցվող Կողմի իրավասության ներքո գտնվող հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերմանը, առգրավմանը և բռնագրավմանը վերաբերող հարցման դեպքում՝ հանցագործությունը, որի առնչությամբ բռնագրավման մասին որոշումը կարող է կիրառվել, հայցվող Կողմի օրենքներով հանցագործություն չի համարվում,
դ) հարցումը վերաբերում է այնպիսի արարքի, որի առնչությամբ մեղադրվող անձի նկատմամբ արդարացման դատավճիռ է կայացվել կամ նրան ներում է շնորհվել:
2. Նախքան իրավական օգնության վերաբերյալ հարցման կատարման մերժումը հայցվող Կողմը պետք է ուսումնասիրի այդ օգնությունը որևէ պայմանով տրամադրելու հնարավորությունը, որը նա անհրաժեշտ է համարում։ Եթե հայցող Կողմը ընդունում է օգնություն ցույց տալն այդ պայմաններով, ապա նա պետք է հետևի այդ պայմաններին:
Հոդված 6. | Փաստաթղթերը և առարկաները փոխանցելը |
1. Երբ հարցումը վերաբերում է արձանագրությունների կամ փաստաթղթերի փոխանցմանը, ապա հայցվող Կողմը կարող է ուղարկել դրանց վավերացված պատճենները, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցող Կողմը պահանջում է դրանց բնօրինակները:
2. Հայցող Կողմին փոխանցված արձանագրությունների կամ փաստաթղթերի և առարկաների բնօրինակները պետք է վերադարձվեն հայցվող Կողմին որքան հնարավոր է շուտ՝ վերջինիս կողմից նման պահանջ ներկայացվելիս:
3. Փաստաթղթերը, առարկաները և արձանագրությունները պետք է, եթե դա արգելված չէ հայցվող Կողմի օրենքով, ներկայացվեն այն ձևով կամ այնպիսի հաստատումներով, որոնք պահանջում է հայցող Կողմը՝ նկատի ունենալով հայցող Կողմի օրենքով դրանց ընդունելի լինելը։
Հոդված 7. | Հայցող Կողմի տարածքում քննությանն աջակցելու կամ ապացույցներ տրամադրելու անձանց հնարավորությունը |
1. Հայցող Կողմը կարող է խնդրել, որ անձը հնարավորություն ունենա ցուցմունք տալու կամ աջակցելու քննությանը:
2. Հայցող Կողմը անձին հրավիրում է՝ աջակցելու քննությանը կամ վարույթին ներկայանալու որպես վկա, և ակնկալում է այդ անձի աջակցությունը: Այդ անձը պետք է տեղեկացվի վճարվելիք բոլոր ծախսերի մասին:
3. Հայցվող Կողմի օրենքին համապատասխան՝ հայցող Կողմի պաշտոնյաները և վարույթին առնչություն ունեցող այլ անձինք պետք է թույլտվություն ստանան հայցվող Կողմի տարածքում ներկա գտնվելու և մասնակցելու ապացույցներ ձեռք բերելուն:
Հոդված 8. | Կալանավորված անձանց ապացույցներ տրամադրելու կամ քննությանն աջակցելու հնարավորությունը |
1. Հայցվող Կողմի տարածքում կալանքի տակ գտնվող անձը հայցող Կողմի խնդրանքով կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող Կողմին՝ քննությանը կամ դատավարությանն աջակցելու նպատակով՝ պայմանով, որ դրա վերաբերյալ լինի փոխանցվող անձի համաձայնությունը և առկա չլինեն փոխանցմանը խոչընդոտող հիմքեր։
2. Երբ հայցվող Կողմի օրենքով պահանջվում է, որ փոխանցվող անձը գտնվի կալանքի տակ, ապա հայցող Կողմը անձին պետք է կալանքի տակ պահի և նրան վերադարձնի հարցումը կատարելուց անմիջապես հետո:
3. Երբ կայացված դատավճռի կատարման ժամկետը լրանում է, կամ երբ հայցվող Կողմը հայցող Կողմին տեղեկացնում է, որ այլևս անհրաժեշտություն չկա փոխանցված անձին պահելու կալանքի տակ, ապա այդ անձն ազատ է արձակվում և դիտվում է որպես հայցող Կողմում ներկա անձ՝ այդ անձի ներկայությունը պահանջող հարցմանը համապատասխան:
Հոդված 9. | Իրավասու մարմիններ ներկայացած անձանց երաշխիքները |
1. Ի պատասխան անձի ներկայությունը պահանջող հարցման՝ հայցող Կողմի տարածք ներկայացած անձը չի կարող այդ Կողմի տարածքում քրեական հետապնդման ենթարկվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այնպիսի արարքների կամ զանցանքների համար, որոնք նախորդել են հայցվող Կողմի տարածքից այդ անձի մեկնելուն, և չի կարող հարկադրվել ցուցմունք տալու որևէ այլ գործով, քան այն, որը վերաբերում է հարցման մեջ նշված վարույթին։
2. Անձը, որը ներկայանալու վերաբերյալ հարցման կապակցությամբ իր համաձայնությամբ ներկայացել է հայցող Կողմի տարածք՝ որևէ իրավասու մարմնի առաջ հանդես գալու համար, չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, կալանավորվել կամ ենթարկվել անձնական ազատության որևէ այլ սահմանափակման որևէ արարքի կամ զանցանքի, կամ հանցագործության առնչությամբ, որոնք նախորդել են հայցվող Կողմի տարածքից այդ անձի մեկնելուն, բայց նշված չեն հարցման մեջ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները դադարում են գործել, եթե անձը, հնարավորություն ունենալով թողնել հայցող Կողմի տարածքը, չի թողել այն՝ նրա ներկայության անհրաժեշտությունը վերանալու մասին նրան պաշտոնապես ծանուցելուց 30 օր հետո, կամ եթե այդ անձը, թողնելով այդ տարածքը, կամավոր վերադարձել է այնտեղ:
Հոդված 10. | Հանցագործության գործիքները և միջոցները |
1. Հարցման դեպքում հայցվող Կողմը միջոցներ է ձեռնարկում իր տարածքում գտնվող հանցագործության գործիքների և միջոցների հայտնաբերման ուղղությամբ՝ արդյունքների մասին ծանուցելով հայցող Կողմին:
2. Հարցումը կարող է ներկայացվել հանցագործության գործիքների և միջոցների առգրավման կամ բռնագրավման ապահովման գործում օգնություն ստանալու նպատակով։ Այդպիսի օգնությունը տրամադրվում է հայցվող Կողմի օրենքից բխող բոլոր համապատասխան միջոցներով։
Դա կարող է ներառել հայցող Կողմի դատարանի կամ այլ իրավասու մարմնի կողմից ընդունված որոշման կատարումը կամ հայցվող Կողմում առգրավում կամ բռնագրավում իրականացնելու նպատակով իրավասու մարմնին հարցում ներկայացնելը։
3. Հարցումը կարող է ներկայացվել սեփականության վրա արգելանք դնելու համար, որպեսզի երաշխավորվի, որ հնարավոր է բավարարել գործիքների և միջոցների սահմանված կարգով փոխհատուցումը։
4. Երբ այդ գործողությունը ձեռնարկվել է սույն հոդված 1-ին և 2-րդ կետերով նախատեսված օգնության վերաբերյալ հարցմանը համապատասխան, և տուժողի կողմից հարուցված գործով Պայմանավորվող կողմերից որևէ մեկում ներկայացուցիչ գոյություն ունի, ապա համապատասխան Կողմը մյուս Կողմին, որքան հնարավոր է շուտ կամ անհապաղ, տեղեկացնում է այդ մասին և ներկայացուցչի մեկնելու մասին։
Հոդված 11. | Գաղտնիությունը և օգտագործումը սահմանափակելը |
1. Հայցվող Կողմը հայցող Կողմի հետ խորհրդակցելուց հետո կարող է պահանջել, որ տրամադրված տեղեկությունը կամ ապացույցը կամ այդպիսի տեղեկության կամ ապացույցի աղբյուրը գաղտնի պահվեն կամ գաղտնազերծվեն կամ օգտագործվեն միայն այն պայմաններով, որոնք կարող են պահանջվել այդ տեղեկատվությամբ։
2. Հայցվող Կողմը պետք է պահանջվող ժամկետով գաղտնի պահի հարցումը, դրա բովանդակությունը, կից փաստաթղթերը, ինչպես նաև հարցմանը համապատասխան կատարված ցանկացած գործողություն, բացառությամբ այդ գործողության կատարման համար անհրաժեշտ ժամկետի:
3. Հայցող Կողմը, առանց հայցվող Կողմի նախնական համաձայնության, չպետք է գաղտնազերծի կամ օգտագործի ստացված տեղեկությունը կամ ապացույցը այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնք նշված են հարցման մեջ:
Հոդված 12. | Նույնականացնելը |
Սույն Պայմանագրին համապատասխան փոխանցված ապացույցները կամ փաստաթղթերը, սույն Պայմանագրի 6-րդ հոդվածով սահմանվածից բացի, նույնականացման որևէ այլ ձև չեն պահանջում։
Հոդված 13. | Լեզուն |
Հարցումները և կից փաստաթղթերը պետք է ուղեկցվեն հայցվող Կողմի պաշտոնական լեզվով կամ անգլերեն թարգմանությամբ:
Հոդված 14. | Ծախսերը |
1. Հայցվող Կողմը կրում է օգնության վերաբերյալ հարցման կատարման ծախսերը, բացառությամբ հետևյալ ծախսերի, որոնք պետք է կրի հայցող կողմը.
ա) հայցող Կողմի խնդրանքով որևէ անձի հայցվող Կողմի տարածք կամ նրա տարածքից դուրս տեղափոխման հետ կապված ծախսերը և ցանկացած այլ ծախս, որը անձին վճարվում է հայցող Կողմի տարածքում նրա գտնվելու ժամանակ՝ սույն Պայմանագրի 8-րդ կամ 9-րդ հոդվածների համաձայն կատարված հարցման համապատասխան,
բ) հայցվող Կողմի կամ հայցող Կողմի տարածքում փորձագետների ծախսերը և վճարները:
2. Եթե հարցման կատարման ընթացքում առաջանում են չնախատեսված ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը խորհրդակցություններ են անցկացնում այն պայմանները որոշելու նպատակով, որոնց համաձայն այդ օգնությունը պետք է տրամադրվի։
Հոդված 15. | Վավերացնելը, ուժի մեջ մտնելը և դադարեցնելը |
1. Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից: Այն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետներով:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել սույն Պայմանագրի գործողությունը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Սույն Պայմանագրի գործողությունը դադարեցվում է այդպիսի ծանուցումը ստանալուց 6 ամիս հետո: Այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի կողմից արդեն սկսված ընթացակարգերը կշարունակվեն իրականացվել մինչև դրանց ավարտը։
3. Սույն Պայմանագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել դիվանագիտական ուղիներով Պայմանավորվող կողմերի միջև փոխադարձաբար ձեռք բերված գրավոր համաձայնությամբ: Այդ փոփոխություններն ու լրացումները ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ են մտնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով։
Ի հավաստումն վերոշարադրյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճորեն լիազորված լինելով իրենց պետությունների կողմից, ստորագրեցին սույն Պայմանագիրը:
Կատարված է Աբու Դաբի քաղաքում 2002 թվականի ապրիլի 20-ին, երկու բնօրինակով, հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Պայմանագիրը մեկնաբանելիս որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 03.11.2005 թ.
