ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Թանկարժեք մետաղների մասին» 2006 թվականի մայիսի 23-ի ՀՕ-83-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանին (այսուհետ՝ գանձարան) վերապահված խնդիրների լուծումն ու գործառույթների իրականացումն ապահովում է պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմինը:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ազգային պահուստում արժեքների հաշվեգրումն իրականացվում է կառավարության որոշումներով՝ փորձագիտական եզրակացությունների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է կառավարությունը` պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ: Գանձարանն իրականացնում է ազգային պահուստում հաշվեգրման ենթակա արժեքների հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը և կառավարության հանձնարարությամբ` դրանց ցուցադրումը: Ազգային պահուստում հաշվառման են ենթակա նաև պետական և համայնքային թանգարաններում և մշակութային կազմակերպություններում, արխիվներում գտնվող թանկարժեք մետաղները, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերը:»:
Հոդված 3․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, կատարվում են ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կանոնադրության փոփոխությունները և սույն օրենքի ընդունումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխություններ:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հուլիսի 18 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2022 թվական: