ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունվարի 21-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով գործերը քննվում են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) սույն օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված գնումների հետ կապված վեճերով՝ գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչների էլեկտրոնային փոստի հասցեները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. ««Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների հետ կապված վեճերով, ինչպես նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի գնման գործընթացի, գնման պայմանագրի կնքման կամ կատարման, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի իրականացման կասեցմանը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնումների հետ կապված վեճերը:»:
Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 27.2
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 234.5. | Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը |
1. Դատարանը սույն գլխով սահմանված կարգով քննում և լուծում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերը:
2. Գնումների հետ կապված վեճերը քննվում և լուծվում են հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև տասն օրացուցային օրով:
Հոդված 234.6. | Հայցադիմումը վարույթ ընդունելը և դատարանի գործողությունները հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո |
1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
3. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Սույն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված:
4. Դատարանը միևնույն գնման գործընթացին վերաբերող՝ սույն գլխով նախատեսված վեճերի վերաբերյալ իր վարույթում քննվող գործերը միացնում է մեկ վարույթում:
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը սույն մասով նախատեսված որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում՝ նշելով կասեցման օրը:
Հոդված 234.7. | Հայցադիմումի պատասխան ներկայացնելու ժամկետը |
1. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Հոդված 234.8. | Դատական ծանուցման կարգի առանձնահատկությունները |
1. Գործին մասնակցող անձինք և նրանց ներկայացուցիչները դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին ծանուցվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ծանուցագրերը և այլ փաստաթղթեր սույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումում նշված էլեկտրոնային փոստին ուղարկելու եղանակով:
Հոդված 234.9. | Գործի քննության կարգը |
1. Դատարանը սույն գլխով նախատեսված վեճերով գործերը քննում և դրանց վերաբերյալ վճիռները և որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործը քննել դատական նիստում:
2. Գործը դատական նիստում քննելու վերաբերյալ միջնորդությունը գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը:
3. Գործը դատական նիստում քննելու մասին դատարանը կայացնում է որոշում հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Գործը դատական նիստում քննելու հարցը կարող է լուծվել նաև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշմամբ:
Հոդված 234.10. | Գնումների հետ կապված վեճով ապացուցման պարտականությունը բաշխելու կանոնները |
1. Վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
2. Պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:
Հոդված 234.11. | Գնման գործընթացի կասեցումը |
1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների (բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների) բողոքարկումն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենսգրքի 234.6-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվելու օրվանից մինչև վեճի քննության արդյունքներով առաջին ատյանի դատարանի կայացրած եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
2. Այն դեպքերում, երբ, հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը, դատարանը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մարմինների ղեկավարների, իսկ իրավաբանական անձանց դեպքում գործադիր մարմնի ղեկավարի գրավոր միջնորդության հիման վրա կայացնում է գնման գործընթացի կասեցումը վերացնելու մասին որոշում: Դատարանը սույն մասով նախատեսված որոշումը դրա կայացման օրն անհապաղ ուղարկում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինն այդ որոշումն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:
Հոդված 234.12. | Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը |
1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտը դրա հրապարակման օրն ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-7-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|