Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-140-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.03.2021
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

   

Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին

   

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    

«Հոդված 17․ Տուգանքը՝ որպես կրեդիտավորողի պատասխանատվություն

   

1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մեկ միլիոնից մինչև երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով, այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակմանը կամ տուգանքի չափին: Տուգանքը գանձվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Սույն օրենքի իմաստով՝ սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Կենտրոնական բանկն իր իրավասությունների շրջանակում պատասխանատվության միջոցներ կիրառելիս տուգանքի՝ որպես պատասխանատվության միջոցի կիրառման դեպքում սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտումների համար առաջնորդվում է սույն հոդվածով։ Սույն հոդվածով սահմանված տուգանքը, որպես պատասխանատվության միջոց, Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

      

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակն սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբն սկսվում է), եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

     

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. ապրիլի 7
Երևան
ՀՕ-140-Ն

     

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան