ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի մարտի 25-ին
«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը 12-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«ռադիոհաճախականություն` էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար.
ռադիոհաճախականությունների տիրույթ` հաճախականությունների միջակայք, որը սահմանափակված է ստորին և վերին եզրային հաճախականություններով.
ռադիոհաճախականությունների սպեկտր` Հեռահաղորդակցության միջազգային միության հաստատած ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը կարող է օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար.
ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված` ռադիոհաճախականությունների տիրույթից օգտագործման որոշակի նպատակների համար առանձնացված՝ ստորին և վերին եզրային հաճախականություններով սահմանափակված հաճախականությունների միջակայք.
կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր` ռադիոհաճախականությունների և ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը նախատեսված է միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար.»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.
«գ) պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. ապրիլի 7 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|