ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 12-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 158.2-րդ հոդվածով.
«Հոդված 158.2. | Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի կազմակերպման պահանջները խախտելը |
1. Ավտոտրանսպորտային միջոցների վաճառքի վայրի՝ օրենսդրությամբ նախատեսված պահանջները խախտելն առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև քառասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 162.3-րդ հոդվածով.
«Հոդված 162.3. | Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը չսահմանված վայրում կայանելը |
1. Վաճառքի և վարձույթի նպատակով ավտոտրանսպորտային միջոցը վաճառքի և վարձույթի համար չսահմանված վայրում կայանելը ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ համար՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կրկին կատարվել է վարչական տույժի միջոց կիրառելուց երեք օր հետո՝ մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «162-րդ» բառից առաջ լրացնել «158.2-րդ,» բառով, իսկ «162-րդ,» բառից հետո՝ «162.3-րդ,» բառով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 16 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|