ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 49-րդ կետով.
«49) ծանուցագիր՝ թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթ, որով վարույթն իրականացնող մարմինն անձին հրավիրում է մասնակցելու քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի։»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 24.1
ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 174.1. | Ծանուցման եղանակները |
1. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն:
2. Անձի ծանուցումը կատարվում է՝
1) թղթային ծանուցագրով.
2) էլեկտրոնային ծանուցագրով.
3) ծանուցվող անձի մասնակցությամբ կատարվող քննչական կամ այլ դատավարական գործողության կամ ընթացող դատական նիստի ժամանակ ծանուցման մասին հայտարարելով և միաժամանակ համապատասխան արձանագրության մեջ այդ մասին նշում կատարելով:
Հոդված 174.2. | Առանձին կատեգորիայի անձանց ծանուցման առանձնահատկությունները |
1. Անչափահասը ծանուցվում է իր օրինական ներկայացուցչի միջոցով, իսկ հատուկ հաստատությունում գտնվելու դեպքում՝ դրա վարչակազմի միջոցով:
2. Անազատության մեջ պահվող անձը ծանուցվում է համապատասխան վայրի վարչակազմի միջոցով:
3. Զինծառայողը ծանուցվում է զորամասի հրամանատարության միջոցով:
Հոդված 174.3. | Ծանուցագրի բովանդակությունը |
1. Ծանուցագրում նշվում են՝
1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները․
2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և դատավարական կարգավիճակը․
3) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամը)․
4) կատարման ենթակա քննչական կամ այլ դատավարական գործողությունը․
5) հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը․
6) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին․
7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները․
8) ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով:
2. Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:
3. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ քննչական կամ այլ դատավարական գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ գործողությունը ենթակա չէ հետաձգման:
Հոդված 174.4. | Ծանուցագիրը հանձնելը |
1. Ծանուցագիրը հանձնվում է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Եթե քննչական կամ այլ դատավարական գործողությունը կամ դատական նիստը ծրագրված չէ կամ չի կարող հետաձգվել, ապա ծանուցագիրը կարող է հանձնվել ներկայանալու նախորդ օրը կամ ներկայանալուց անմիջապես առաջ՝ դրանում նշելով ծանուցագիրն ավելի վաղ չհանձնելու պատճառը:
2. Թղթային ծանուցագիրն ուղարկվում է փոստով՝ պատվիրված նամակով, կամ հանձնվում է անմիջականորեն: Եթե անձն առաջին անգամ է ծանուցվում, ապա թղթային ծանուցագիրն ուղարկվում է նրա մշտական բնակության վայրի կամ հաշվառման հասցեով, իսկ եթե այն հայտնի չէ, ապա աշխատանքի, ուսման կամ ծառայության վայրի հասցեով:
3. Թղթային ծանուցագիրն ստորագրությամբ հանձնվում է անձամբ ծանուցվողին, իսկ նրա ժամանակավոր բացակայության դեպքում՝ նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամներից մեկին կամ համատիրության աշխատողին: Եթե թղթային ծանուցագիրն ուղարկվել է ծանուցվողի աշխատանքի, ուսման կամ ծառայության վայր, ապա այն հանձնվում է համապատասխան հաստատության վարչակազմի իրավասու աշխատակցին: Թղթային ծանուցագիրն ստացողը պարտավոր է այն հանձնել ծանուցվողին:
4. Թղթային ծանուցագրի ստորագրության համար առանձնացված հատվածում ստացողը նշում է իր անունը, ազգանունը և ստացման ժամանակը, որը հաստատում է ստորագրությամբ: Եթե թղթային ծանուցագիր ստացողը ծանուցվողը չէ, ապա նա նշում է նաև ծանուցվողի հետ իր հարաբերության մասին:
5. Թղթային ծանուցագրի՝ ստորագրության համար առանձնացված մասը վերադարձվում է վարույթն իրականացնող մարմին:
6. Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձին այն դեպքում, երբ նա իր գրավոր համաձայնությունն է տվել այդ եղանակով ծանուցագիր ստանալու վերաբերյալ: Էլեկտրոնային ծանուցագիրն ուղարկվում է ծանուցվող անձի գրավոր հայտնած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարով:
7. Էլեկտրոնային ծանուցագիր ուղարկելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը քրեական գործին է կցում էլեկտրոնային հաղորդագրությունը, ինչպես նաև ստանալու մասին հավաստումը:
8. Էլեկտրոնային ծանուցման դեպքում ծանուցվողը մեկ օրվա ընթացքում պարտավոր է հաստատել ծանուցման փաստը: Եթե ծանուցման ստացումը չի հաստատվում այն ուղարկելուց հետո՝ երկու օրվա ընթացքում, ապա ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ, կամ հանձնվում է ծանուցվողին՝ ստացականով:
Հոդված 174.5. | Թղթային ծանուցագիրն ընդունելու պարտականությունը |
1. Ծանուցվողը պարտավոր է ընդունել թղթային ծանուցագիրը:
2. Եթե ծանուցվողը հրաժարվում է ընդունել թղթային ծանուցագիրը, ապա ծանուցագիրը հանձնողն այդ մասին նշում է կատարում ծանուցագրի` ստորագրության համար հատկացված մասում և ծանուցագիրը վերադարձնում է վարույթն իրականացնող մարմին:
Հոդված 174.6. | Ծանուցման պատշաճությունը |
1. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե՝
1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը.
2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով.
3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը.
4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին՝ ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է.
5) առկա է ծանուցվող անձի գրավոր նշած հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում․
6) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը.
7) ծանուցվողը քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը:
2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ։»:
Հոդված 3. Օրենսգրքի 205-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. փետրվարի 9 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|