Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-395-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.01.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 06.08.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հուլիսի 16-ին

 

 

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի նպատակը, կարգավորման առարկան և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի նպատակն է՝

1) ապահովել հավաստի տեղեկատվություն ստանալու յուրաքանչյուրի իրավունքը.

2) երաշխավորել կարծիքների արտահայտման իրավունքը.

3) երաշխավորել տեսալսողական մեդիածառայություններ մատուցողների խմբագրական անկախությունը.

4) երաշխավորել կարգավորող պետական մարմնի անկախությունը.

5) նպաստել տեսալսողական հաղորդումների բազմազանության զարգացմանը:

2. Սույն օրենքը սահմանում է տեսալսողական մեդիածառայություն մատուցողների և օպերատորների կարգավիճակը, կանոնակարգում է հեղինակազորման, լիցենզավորման, ծանուցումների ներկայացման կարգը, սույն օրենքի կարգավորման առարկա հանդիսացող սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների առաջացման հիմքերը, գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

3. Սույն օրենքը չի տարածվում համացանցի, բացառությամբ ցանցային օպերատորների գործունեության, տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվության (ինտերակտիվ հեռուստատեսության) վրա:

4. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում՝

1) տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա.

2) օպերատորների վրա.

3) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների վրա.

4) կարգավորող պետական մարմնի վրա.

5) հանրային տեսալսողական մեդիածառայություն մատուցողի գործունեության կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմնի վրա։

5. Սույն օրենքի իմաստով՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե համապատասխանում է հետևյալ պահանջներից մեկին.

1) գրանցումը և տեսալսողական տեղեկատվության սփռումը Հայաստանի Հանրապետության տարածքում է.

2) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած հաճախականությունը.

3) օգտագործում է Հայաստանի Հանրապետության լիազոր մարմնի տրամադրած սլոթը հանրային մուլտիպլեքսում.

4) օգտագործում է Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր մուլտիպլեքսի տրամադրած սլոթը։

6. Սույն օրենքի իմաստով՝ օպերատորը համարվում է Հայաստանի Հանրապետությունում գործող, եթե օգտագործում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված կայանը արբանյակային ազդանշանի համար, Հայաստանի Հանրապետության տնօրինման տակ գտնվող հաճախականությունները կամ Հայաստանի Հանրապետության տարածքում տրամադրվող համացանցային կապը:

Սույն օրենքի իմաստով՝ ցանցային օպերատոր են համարվում նաև ցանցային օպերատորների ենթակառուցվածքների կամ համացանցի միջոցով տեսալսողական տեղեկատվություն տարածողները (OTT օպերատոր):

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) տեսալսողական մեդիածառայություն մատուցող (այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող) Հայաստանի Հանրապետության հիմնադրած կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի հեղինակազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.

2) կարգավորող պետական մարմին՝ անկախ պետական մարմին, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը և բազմազանությունը, վերահսկում է Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեությունը.

 3) օպերատոր՝ ցանցային կամ մուլտիպլեքս օպերատոր, որն առաջարկում է հաղորդակցային ծառայություն (ցանցեր, տեսալսողական համակարգեր, սլոթ և այլն) և պատասխանատվություն է կրում տեխնիկական ենթակառուցվածքի շահագործման միջոցով տեսալսողական ազդանշան սպառողներին հասցնելու համար.

4) մուլտիպլեքս օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը բացառապես ապահովում է մուլտիպլեքսի տարածման և ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը և օգտագործում է հաճախականային սահմանափակ ռեսուրսը.

5) ցանցային օպերատոր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի մալուխային կամ այլ ցանց (բացառությամբ հաճախականային սահմանափակ ռեսուրս օգտագործելու դեպքերի) և ապահովում է տվյալ ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.

6) հանրային հեռարձակող՝ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող Հեռարձակող.

 7) թեմատիկ ուղղվածություն՝ տեսալսողական հաղորդումների ուղղվածությունն ըստ բովանդակային առանձնահատկությունների.

 8) սպառող՝ առնվազն մեկ Հեռարձակողի տեղեկատվությունն ընդունող (դիտող և (կամ) լսող ) անձ.

 9) փոխկապակցված անձ՝ ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր.

10) տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր՝ Հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա օպերատորին տարածման նպատակով տեսալսողական ծրագրեր տրամադրող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

11) մուլտիպլեքս՝ տվյալների մի քանի հոսքերի միավորմամբ միասնական մեկ հոսքի (թվային ցանցի) ստացումը, որը հետագայում կրկին կարող է մասնատվել.

12) հանրային մուլտիպլեքս՝ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.

13) սլոթ՝ մուլտիպլեքսում թվային հոսքի մի մասը, որը բավարար է ոչ ավելի, քան մեկ ծրագիր հեռարձակելու համար.

14) սփռում՝ որոշակի տարածքի սահմաններում տեսալսողական տեղեկատվության տարածում.

15) տեսալսողական տեղեկատվություն՝ հաճախականություններով և հնարավոր այլ տեխնիկական միջոցներով (հաղորդիչ, արբանյակ, մալուխային ցանց և այլն) սպառողներին տրամադրվող տեսալսողական նյութ, ներառյալ՝ տեսալսողական արտադրանքին զուգահեռ կամ տեսալսողական արտադրանքի կազմում հաղորդվող կամ տեսալսողական արտադրանքի միջոցով հասանելիություն ստացող լրացուցիչ տեսալսողական կամ տեքստային տեղեկատվությունը (ինտերակտիվ հեռուստատեսություն).

16) գծային տեսալսողական տեղեկատվություն՝ Հեռարձակողի կամ օպերատորի կողմից սպառողներին համաժամանակյա դիտելու և (կամ) լսելու նպատակով նախապես կարգավորված հաջորդականությամբ տրամադրվող տեսալսողական նյութ.

17) ոչ գծային տեսալսողական տեղեկատվություն՝ Հեռարձակողի կամ օպերատորի կողմից անհատ սպառողի պահանջով նրա ընտրած պահին դիտելու և (կամ) լսելու նպատակով տրամադրվող տեսալսողական նյութ՝ ըստ տեսացանկի (կատալոգի).

18) տեսալսողական ծրագիր՝ Հեռարձակողի նախապես կարգավորած հաջորդականությամբ տեսալսողական նյութեր.

19) տեսալսողական հաղորդում՝ տարածվող պատկերներ և (կամ) հնչյուններ պարունակող սահմանափակ տևողությամբ նյութ, որը կազմակերպական իմաստով ինքնուրույն և ավարտուն է և համարվում է հեղինակային և (կամ) հարակից իրավունքի օբյեկտ.

20) առաջին ամրագրման հաղորդում՝ առաջին անգամ հեռարձակվող տեսալսողական հաղորդում.

21) հայերեն տեսալսողական հաղորդում՝ հայերեն ընկալման որևէ միջոցով (կրկնօրինակման, հնչյունավորման և (կամ) ենթագրի) ուղեկցվող տեսալսողական հաղորդում.

 22) տեսալսողական գովազդ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումը Հեռարձակողի միջոցով, որը շահույթ ստանալու նպատակով կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների նկատմամբ.

23) հեղինակազորում՝ կարգավորող պետական մարմնի կողմից ֆիզիկական կամ իրավաբանական անձին Հեռարձակողի կարգավիճակ տրվող փաստաթղթի տրամադրում.

 24) բացառիկ իրավունք՝ այլ անձանց մտավոր սեփականություն հանդիսացող տեսալսողական տեղեկատվությունը որոշակի աշխարհագրական տարածքում տարածելու բացառիկ իրավունք.

25) կարևոր իրադարձություն՝ պետական կամ համազգային նշանակության քաղաքական, մշակութային, կրոնական, մարզական կամ դրանց իրենց նշանակությամբ համարժեք իրադարձություն.

 26) մշտադիտարկում՝ կարգավորող պետական մարմնի կողմից Հեռարձակողների և օպերատորների գործունեության՝ տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով իրականացվող դիտարկում․

27) վերահաղորդում՝ այլ Հեռարձակողի կամ ցանցային օպերատորի կողմից տեսալսողական ծրագրի համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա՝ տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչև դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետևանքով՝ հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված և ամրագրված (ձայնագրված և (կամ) տեսագրված) տեսալսողական հաղորդման հետագա հեռարձակումը.

28) էթիկայի կանոնագիր՝ Հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ սեփական էթիկական նորմերի վերաբերյալ:

 

Հոդված 4. Տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրությունը

 

1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության, արտադրության ու տարածման իրավունքը: Տեսալսողական տեղեկատվության գրաքննությունն արգելվում է:

2. Յուրաքանչյուր ոք ունի տեսալսողական տեղեկատվության ազատ ընտրության իրավունք:

3. Պետությունն անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և միջոցներ ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հանրային հեռարձակողի (առնվազն մեկ տեսալսողական և մեկ լսողական) տեսալսողական ծրագրերի ընդունման համար:

4. Օպերատորը և Հեռարձակողը համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում չպետք է խոչընդոտեն սպառողների` օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը:

 

Հոդված 5. Մարդու իրավունքները տեսալսողական տեղեկատվության հասանելիության նկատմամբ

 

1. Եթե Հեռարձակողը կամ օպերատորը տեսալսողական տեղեկատվությունը հեռարձակում է անորոշ թվով անձանց համար և անվճար հիմունքներով, ապա յուրաքանչյուր ոք իրավունք ունի նման ծառայությունից սպառողական նպատակով օգտվելու անհատույց և առանց տվյալ Հեռարձակողին կամ օպերատորին տեղեկացնելու:

2. Այլ դեպքերում Հեռարձակողի կամ օպերատորի մատուցելիք տեղեկատվության գինը և պայմանները սահմանվում են պայմանագրային կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Հոդված 6. Տեսալսողական տեղեկատվության լեզուն

 

1. Տեսալսողական տեղեկատվության լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2. Օտար լեզուներով հեռարձակվող տեսալսողական տեղեկատվությունը պետք է ուղեկցվի հայերեն ընկալման միջոցներով (կրկնօրինակումով, հնչյունավորումով և (կամ) ենթագրով): Հայերեն ընկալման միջոցներով ուղեկցումը պետք է կիրառվի բացառապես բնօրինակ լեզվով տեսալսողական տեղեկատվության նկատմամբ:

 Սույն դրույթը չի տարածվում՝

1) միայն ձայնի միջոցով տարածվող տեսալսողական տեղեկատվության վրա.

2) կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող տեսալսողական հաղորդումների վրա.

3) օտար լեզվի ուսուցման նպատակով արտադրված տեսալսողական հաղորդումների վրա.

4) տեսալսողական հաղորդում կամ դրա մաս հանդիսացող երաժշտական ստեղծագործությունների վրա.

5) միայն արտերկրում սփռվող տեսալսողական հաղորդումների վրա:

3. Հեռարձակողների անվանումներն էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է:

4. Հեռարձակողները, որոնք արտադրում են նաև մանկական և (կամ) լրատվական տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողական խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության ընկալման մատչելիությունը՝ օրվա ընթացքում՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին, համապատասխանաբար առնվազն մեկական մանկական և լրատվական տեսալսողական հաղորդում ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով:

 

Հոդված 7. Տեսալսողական հաղորդումներում հավաստի տեղեկատվության ապահովումը

 

1. Հեռարձակողները պետք է ապահովեն՝

1) որևէ անձի անվանական ուղղված խոսքի պատասխանի իրավունքը.

2) ներկայացված տեղեկություններում սխալների առկայության դեպքում՝ սեղմ ժամկետում միևնույն հաղորդման, իսկ հնարավորության բացակայության դեպքում՝ այլ հաղորդման ժամանակ այդ մասին իրազեկումը.

3) իրազեկումը՝ ներկայացված փաստերի անանուն կամ հավաստիությունը բավականաչափ չստուգված աղբյուրների վերաբերյալ։

2. Տեսալսողական հաղորդումների ընթացքում Հեռարձակողը պետք է պահպանի հետևյալ պահանջները.

1) ուղիղ եթերը պետք է ուղեկցվի «Ուղիղ եթեր» գրառմամբ.

2) տեսալսողական հաղորդումների կրկնությունը ողջ ընթացքում պետք է ուղեկցվի «Կրկնություն» գրառմամբ, բացառությամբ կինեմատոգրաֆիական և երաժշտական ստեղծագործությունների.

3) արխիվային տեսագրությունները կամ ձայնագրությունները պետք է թվագրվեն կամ ուղեկցվեն «Արխիվ» գրառմամբ:

 

Հոդված 8. Կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր ոք ունի Հեռարձակողների միջոցով կարևոր իրադարձությունների մասին տեղեկություն ստանալու իրավունք՝ առանց նախապես անհատական թույլտվության:

2. Հեռարձակողները, որոնց ծրագրերում առկա են լրատվական բնույթի տեսալսողական հաղորդումներ, պարտավոր են լուսաբանել կարևոր իրադարձությունները:

3. Կարևոր իրադարձությունների շրջանակը հաստատում է կարգավորող պետական մարմինը:

4. Եթե կարևոր իրադարձությունը տևում է մի քանի օր, ապա ստեղծվում է առնվազն մեկ տեսանյութ իրադարձության ամեն օրվա մասին:

5. Մեկ տեսանյութի տևողությունը չի կարող 60 վայրկյանից կարճ լինել:

6. Հայաստանի Հանրապետության մարզական հավաքականների մասնակցությամբ կարևոր իրադարձությունների ամբողջական տարածման բացառիկ իրավունքը պատկանում է Հանրային հեռարձակողին:

 

Հոդված 9. Տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելքը

 

1. Արգելվում է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը: Ուղիղ եթերի ժամանակ նման կոչեր հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե կոչի հեղինակը ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի կոչի դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

2. Կարգավորող պետական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում վարչական իրավախախտման կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված արարքի հատկանիշներ հայտնաբերելու դեպքում դիմում է իրավասու մարմիններ:

 3. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24:00-6:00-ն: Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

 4. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը Հեռարձակողների կողմից արգելվում է:

 5. Հեռարձակողները կամ օպերատորները սույն հոդվածի 3-րդ մասում նշված հաղորդումներն առանց ժամային սահմանափակումների կարող են տարածել սպառողների կողմից այդ հաղորդումների հասանելիության արհեստական արգելքի (կոդի) ներդրման տեխնիկական հնարավորության առկայության դեպքում:

6. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց մասնակիցները Հեռարձակողին նախապես հայտնի՝ կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության, երկարատև ժամանակահատվածի ընթացքում ձևավորված հակակրանքի պատճառով հաղորդման բնույթով պայմանավորված՝ եթերում կարող են կատարել օրենքներով արգելված գործողություններ:

7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնք հետապնդում են ազգային, ռասայական, սեռային և կրոնական հատկանիշներով խտրականություն քարոզելու նպատակ կամ պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:

8. Արգելվում է Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը առանց դրանց հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող իրավատերերի համաձայնության տարածելը:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

Հոդված 10. Տեսալսողական հաղորդումները

 

1. Հանրային մուլտիպլեքսում Հեռարձակողները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են կարգավորող պետական մարմնի, իսկ մասնավոր մուլտիպլեքսում՝ մասնավոր մուլտիպլեքս օպերատորի տրամադրած սլոթի միջոցով:

2. Մասնավոր Հեռարձակողը Հանրային հեռարձակողի՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված հաղորդումները հեռարձակում է առանց փոփոխությունների, այդ թվում՝ նույն ելքային տվյալներով և առանց գովազդի:

3. Ոչ սեփական տեսալսողական հաղորդումները կարող են հեռարձակվել միայն դրանց հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի առկայության դեպքում:

4. Տեսալսողական հաղորդման և հեղինակի մասին տեղեկատվության (ենթագրի, ձայնային ներկայացման) ամբողջական հեռարձակումը պարտադիր է, բացառությամբ լսողական ծրագիր հեռարձակողի երաժշտական ստեղծագործությունների:

5. Լիցենզիա ստացած Հեռարձակողի ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումները պետք է կազմեն շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսը:

Սույն մասի պահանջը չի տարածվում լսողական ծրագրեր հեռարձակողների վրա:

6. Հայերեն տեսալսողական հաղորդումները մեկ Հեռարձակողի հեռարձակմամբ չեն կարող պակաս լինել ամսական ընդհանուր ժամաքանակի 55 տոկոսից:

7. Հեռարձակողի լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը չպետք է գերազանցի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը:

8. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդումը՝ դրա մեկնարկին, տեսանելի չափով, հինգ վայրկյան տևողությամբ պետք է ուղեկցվի «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ:

 

Հոդված 11. Տեսալսողական հաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության ժամանակահատվածում

 

1. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`

1) տեսալսողական հաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.

2) Հեռարձակողները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) համար` հրապարակավ հայտնելով վճարովի տեսալսողական հաղորդումների իրենց եթերաժամի գինը և հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.

3) Հեռարձակողի լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչության կողմերի) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` պահպանելով լուսաբանման համար հավասար հնարավորություններ ապահովող Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգերը.

4) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին (հանրաքվեի քարոզչության կողմերին) նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական տեսալսողական հաղորդումները (Հանրային հեռարձակողի դեպքում` նաև օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է էկրանի վրա պարտադիր անընդմեջ ուղեկցվեն «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրով, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ պետք է հիշեցվի դրա մասին:

2. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական կամ քարոզչությանը նպաստող նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձևով նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն իրականացնելը:

3. Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը և դրան նախորդող օրը ուղիղ եթերի ժամանակ քարոզչություն հնչելու դեպքում Հեռարձակողը պատասխանատվության չի ենթարկվում, եթե քարոզչության հեղինակն ուղիղ եթերում զգուշացվել է իրավախախտման մասին, իսկ կրկնակի քարոզչության դեպքում ուղիղ եթերը դադարեցվել է:

 

Հոդված 12. Տեսալսողական հաղորդումները ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ

 

1. Հեռարձակողները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային հատկացնել եթերաժամանակ` պաշտոնական հաղորդագրություն կատարելու համար:

2. Հեռարձակողների կողմից եթերաժամանակի հատկացման կարգը և պայմանները սահմանում է կարգավորող պետական մարմինը:

3. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Հեռարձակողների տեղեկատվության սահմանափակումները կիրառվում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներով սահմանված շրջանակներում:

 

Հոդված 13.   Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական հաղորդումների պահպանման կարգը

 

1. Լիցենզիա ստացած Հեռարձակողները պարտավոր են վարել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյան և պահպանել իրենց հեռարձակած տեսալսողական հաղորդումների տեսագրություններն ու ձայնագրությունները` հեռարձակման օրվանից սկսած 45 օր ժամկետով, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետի «զ» ենթակետով նախատեսված դեպքերի:

2. Տեսալսողական հաղորդումները պետք է գրանցվեն կարգավորող պետական մարմնի համար հասանելիություն ունեցող տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանում, որի ձևը և վարման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

3. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի տվյալների հիման վրա կարգավորող պետական մարմինը վերահսկում է Հեռարձակողների գործունեության համապատասխանությունը օրենսդրության պահանջներին: Կարգավորող պետական մարմինը ընտրանքային սկզբունքով իրականացնում է Հեռարձակողների կողմից հեռարձակվող տեսալսողական տեղեկատվության մշտադիտարկումներ յուրաքանչյուր Հեռարձակողի համար ամսվա ընթացքում առնվազն հինգ օր: Մշտադիտարկման արդյունքները կարող են համադրվել հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին:

4. 45 օրը լրանալուց հետո տեսալսողական հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները կարող են ջնջվել, եթե այդ ընթացքում հաղորդումներում տեղ գտած տեղեկությունների հերքման, ուղղման կամ դատական վեճերի առկայության վերաբերյալ Հեռարձակողը պատշաճ չի ծանուցվել: Նշված ձայնագրություններն ու տեսագրությունները կարող են չպահպանվել վիճելի հարցերի լուծումից հետո:

 

Հոդված 14. Հովանավորությունը Հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում

 

1. Հովանավորությունը Հեռարձակող չհանդիսացող կամ տեսալսողական ծրագրերի ստեղծման գործում չներգրավված ֆիզիկական կամ իրավաբանական անձի մասնակցությունն է տեսալսողական հաղորդման ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորմանը այդ անձի անունը, ապրանքանիշը, համբավը կամ գործունեությունը գովազդելու նպատակով:

2. Տեսալսողական հաղորդումների հովանավորության նկատմամբ կիրառվում են «Գովազդի մասին» օրենքի զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներում գովազդը կարգավորող դրույթները:

3. Հովանավորված տեսալսողական հաղորդման բովանդակությունը և ուղղվածությունը չպետք է կրեն հովանավորի միջամտությունը և այլ բնույթի ազդեցություն:

4. Արգելվում է հովանավորությունը`

1) կուսակցությունների, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների մասնակցությամբ հիմնադրված կամ կառավարվող հիմնադրամների, նախընտրական հիմնադրամների և կրոնական կազմակերպությունների կողմից կամ դրանց միջոցներից.

2) լրատվական թողարկումների, պաշտոնական հաղորդագրությունների և քաղաքական հաղորդումների դեպքում.

3) դեղատոմսով տրամադրվող դեղերի անունների հիշատակումով, արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:

5. Ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դեղերի, բուժտեխնիկայի, զենքի և զինամթերքի արտադրությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաև բուժական մեթոդների, վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվող անձանց կողմից հովանավորության դեպքում կիրառվում են «Գովազդի մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:

6. Հովանավորվող տեսալսողական հաղորդման մեջ պետք է հստակ նշվի հովանավորին համապատասխանող անվանումը կամ ցանկացած այլ խորհրդանիշ, ինչպես նաև իր ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը, որոնք կարող են ներկայացվել հաղորդման ընթացքում, սակայն ոչ ավելի, քան մեկ ժամվա ընթացքում երեք անգամ՝ յուրաքանչյուրը 15 վայրկյան տևողությամբ:

7. Հեռարձակողների կողմից գովազդի հեռարձակումն իրականացվում է սույն օրենքի և «Գովազդի մասին» օրենքի պահանջներին համապատասխան

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԸ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԸ

 

Հոդված 15. Մասնավոր Հեռարձակողների հիմնադրումը

 

1. Հեռարձակողների հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է տվյալ կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի հիսուն տոկոսին հավասար կամ հիսուն տոկոսից ավելի լինի, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

2. Մասնավոր Հեռարձակողների հիմնադիրներ (մասնակիցներ) չեն կարող լինել`

1) Հանրապետության նախագահը և նրան փոխկապակցված անձինք.

2) պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները.

3) Կառավարության անդամները և նրանց փոխկապակցված անձինք.

4) Ազգային ժողովի պատգամավորները և նրանց փոխկապակցված անձինք.

5) դատավորները և նրանց փոխկապակցված անձինք.

6) համայնքների ղեկավարները և նրանց փոխկապակցված անձինք.

7) կարգավորող պետական մարմնի անդամները, աշխատակիցները և նրանց փոխկապակցված անձինք.

8) կուսակցությունները.

9) կուսակցությունների հիմնադրամները․

10) կրոնական կազմակերպությունները.

11) 18 տարին չլրացած քաղաքացիները:

(15-րդ հոդվածը փոփ. 29.12.20 ՀՕ-6-Ն)

 

Հոդված 16. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի հիմնադրումը

 

 1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեությունը օրենքով սահմանված կարգով կարգավորող պետական մարմնի տրամադրած լիցենզիայի հիման վրա իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո իրավաբանական անձի օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի մուլտիպլեքս օպերատորի որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով:

2. Մասնավոր մուլտիպլեքսի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան մեկ մարզի կամ Երևան քաղաքի տարածքը:

 

Հոդված 17. Հեռարձակողների և օպերատորների ինքնուրույնության երաշխիքը

 

1. Արգելվում է Հեռարձակողների և օպերատորների գործունեությանը միջամտելը:

2. Պետական իշխանության մարմինները կարող են Հեռարձակողների և օպերատորների գործունեությանը միջամտել միայն օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

 

Հոդված 18. Հակամենաշնորհային երաշխիքը

 

1. Իրավաբանական և ֆիզիկական անձինք միաժամանակ կարող են դառնալ ոչ ավելի, քան լիցենզիա ստացած երկու (մեկ հանրապետական և մեկ մայրաքաղաքային, մեկ հանրապետական և մեկ մարզային կամ մեկ մայրաքաղաքային և մեկ մարզային սփռման) Հեռարձակողի հիմնադիր և (կամ) մասնակից:

2. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հեռարձակողների կողմից սփռվող լսողական ծրագրերի վրա:

 

Հոդված 19. Հեռարձակողների և օպերատորների եկամուտների աղբյուրները և դրանց հրապարակայնացումը

 

1. Հեռարձակողների եկամուտները գոյանում են գովազդից, վճարովի եթերաժամից, հովանավորությունից, սեփական արտադրության տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, բաժանորդային մուծումներից, հիմնադիրների ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցներից: Հանրային հեռարձակողի եկամուտները կանոնակարգվում են նաև սույն օրենքի 29-րդ հոդվածով:

2. Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են ապահովել իրենց աղբյուրների թափանցիկությունը, մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին` ըստ սույն հոդվածի 1-ին մասում նշված եկամուտների աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ հիմնադիրների և մասնակիցների մասին:

3. Հեռարձակողները և օպերատորները պարտավոր են յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը կարգավորող պետական մարմին ներկայացնել նախորդող տարվա հասույթի (այսուհետ՝ Հասույթ) գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկություն:

 

Հոդված 20. Ելքային տվյալները

 

1. Հեռարձակողները պարտավոր են ամեն օր եթերում ներկայացնել իրենց անվանումները, խորհրդանիշները, իսկ լսողական ծրագրեր հեռարձակողը՝ ազդականչերը:

2. Հեռարձակողները պարտավոր են`

1) տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ հեռարձակել տվյալ ընկերության խորհրդանիշը, բացառությամբ գովազդային հաղորդումների.

2) յուրաքանչյուր հեռարձակվող հաղորդման ավարտին նշել (հայտարարել) տվյալ տեսալսողական հաղորդման արտադրողի մասին տեղեկություններ.

3) հանդես գալ հեղինակազորման հայտում նշված անվանմամբ:

3. Արգելվում է քաղաքական նախաձեռնության, կուսակցության կամ կուսակցության հիմնադրամի անվանումն օգտագործել որպես Հեռարձակողի անվանում:

 

Հոդված 21. Արբանյակային տեսալսողական հեռարձակումը

 

1․Հեռարձակողները արբանյակային հեռարձակում կարող են իրականացնել համապատասխան արբանյակային գործակալության հետ պայմանագիր կնքելուց և կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց հետո:

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂՆԵՐԸ

 

Հոդված 22. Հանրային հեռարձակողների կարգավիճակը և գործունեության սկզբունքները

 

1. Հանրային հեռարձակողները հիմնադրվում են Կառավարության կողմից փակ բաժնետիրական ընկերությունների ձևով:

2. Հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երեքից՝ երկու ընդհանուր և մեկ կրթական-մշակութային ուղղվածության ծրագրերով:

3. Հանրային հեռարձակողը առանց հեղինակազորման և սլոթի օգտագործման լիցենզիայի հանրային մուլտիպլեքսի միջոցով կարող է սփռել միայն մեկ ծրագիր: Հանրային հեռարձակողը հավելյալ ծրագիր սփռելու ցանկության դեպքում հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման համար մասնակցում է մրցույթի սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի իմաստով՝ լիազոր մարմինը Հանրային հեռարձակողի համար Հանրային հեռարձակողի խորհուրդն է (այսուհետ՝ Խորհուրդ):

5. Հանրային հեռարձակողները ղեկավարվում են օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության, բազմակարծության սկզբունքներով և ապահովում են կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի և դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը:

6. Հանրային հեռարձակողները պարտավոր են`

1) ապահովել հեռարձակվող տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանությունը.

2) օրվա եթերաժամը հատկացնել հայերեն տեսալսողական հաղորդումներին, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի.

3) մշակել և իրականացնել ծրագրային քաղաքականություն`

ա. հասարակական առավել հնչեղություն ունեցող տեղեկատվության հեռարձակման համար օգտագործել ամենադիտելի եթերային ժամանակը` ներկայացնելով խնդրի կամ հարցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը (տեղեկատվությունը), կարծիքների բազմազանությունը,

բ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնցում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը,

գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական և սեռային հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը,

դ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության և մեդիագրագիտության բարձրացմանը, հասարակական-քաղաքական, միջազգային իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը,

ե. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների կյանքի և մշակույթի մասին հաղորդումներ հեռարձակելու նպատակով ոչ գիշերային ժամերին ազգային փոքրամասնությունների համար շաբաթական նվազագույնը 30 րոպե Հանրային տեսալսողական հեռարձակողների և 2 ժամ Հանրային լսողական հեռարձակողի եթերով տրամադրել եթերային ժամանակ,

զ. իրավատեր հանդիսանալու դեպքում ապահովել կրթական, մշակութային և մանկական տեսալսողական հաղորդումների, այդ թվում՝ ֆիլմերի և դրանց կրկնօրինակումների շրջանառությունը մարզային սփռում իրականացնող Հեռարձակողների համար ոչ ուշ, քան դրանց առաջին ամրագրումից երեք տարի անց:

7. Հանրային հեռարձակողների տեսալսողական հաղորդումներում թույլատրվում է մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրել մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ, ինչպես նաև, սույն օրենքին համապատասխան, մշակութային, ուսումնական, գիտակրթական և մարզական տեսալսողական հաղորդումների ցուցադրման ժամանակ նշել տեղեկություններ հովանավորների մասին։

8. Մշակութային, ուսումնական, գիտակրթական և մարզական տեսալսողական հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին սույն օրենքին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի վրա չի տարածվում Հանրային հեռարձակողի գովազդի հեռարձակման համար սույն օրենքով սահմանված ժամանակային սահմանափակումը: Մշակութային, ուսումնական, գիտակրթական և մարզական հաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորի մասին տեղեկությունների հիշատակումը չպետք է գերազանցի տվյալ հաղորդման ընդհանուր տևողության 2,5 տոկոսը:

9. Հանրային հեռարձակողին թույլատրվում է ցուցադրել սոցիալական գովազդ՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով: Ժամը 00:00-ից մինչև 18.00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:

10. Հանրային հեռարձակողների կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը:

11. Հանրային հեռարձակողները գործում են սույն օրենքին, իրենց կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

12. Հանրային հեռարձակողների հեռարձակման ենթակա պաշտոնական հաղորդագրության (տեղեկատվության) արտադրությունն իրականացնում են այդ հաղորդագրությունը (տեղեկատվությունը) ներկայացնող մարմնի աշխատակազմը (ստորաբաժանումը) կամ այդ մարմնի համաձայնությամբ` Հանրային հեռարձակողները կամ այլ Հեռարձակողներ:

 

Հոդված 23. Հանրային հեռարձակողի խորհուրդը

 

1. Հանրային հեռարձակողի կառավարումն ապահովող և հսկողություն իրականացնող մարմինը Խորհուրդն է:

2. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից՝ Խորհրդի նախագահ և Խորհրդի վեց անդամ: Խորհրդում պետք է ապահովվի սեռային ներկայացվածությունը:

3. Խորհրդի անդամներին մրցութային կարգով նշանակում է վարչապետը՝ վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող անընդմեջ երկու անգամից ավել ընդգրկվել Խորհրդի կազմում:

4. Խորհրդի անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, հայերենին տիրապետող և բարձրագույն կրթություն ունեցող, տեսալսողական բնագավառի, ինչպես նաև գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտի գործիչներ:

5. Խորհրդի անդամի թեկնածու չեն կարող առաջադրվել՝

1) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը.

2) անձը, որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

3) կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները և նրանց փոխկապակցված անձինք.

4) մասնավոր Հեռարձակողների հիմնադիրները.

5) Հանրապետության նախագահը և նրա հետ փոխկապակցված անձինք.

6) Կառավարության անդամները և նրանց հետ փոխկապակցված անձինք.

7) Ազգային ժողովի նախագահը և նրա հետ փոխկապակցված անձինք:

6. Խորհրդի անդամ նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, Խորհրդի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

 

Հոդված 24. Խորհրդի գործունեության կարգը

 

1. Խորհուրդը գործում է սույն օրենքի, այլ օրենքների և իր հաստատած կանոնակարգի համաձայն:

2. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է ամենօրյա գործունեության և նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ Խորհրդի առնվազն երեք անդամի պահանջով, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

3. Խորհրդի նախագահի բացակայության, ինչպես նաև նրա կողմից իր պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նիստը վարում է նրան փոխարինող Խորհրդի անդամը, իսկ նրա բացակայության դեպքում՝ Խորհրդի տարիքով ավագ անդամը:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Խորհրդի անդամների կեսից ավելին:

5. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

6. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

7. Խորհուրդն ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը: Խորհուրդն իր գործունեության, ընդունած որոշումների և ծրագրերի մասին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում զանգվածային լրատվության միջոցներին և հրապարակում իր պաշտոնական կայքէջում:

8. Խորհրդի նախագահի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը 10 է, իսկ Խորհրդի անդամներինը՝ 7.5: Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների աշխատավարձը որոշվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված բազային աշխատավարձը սույն մասում նշված գործակիցներով բազմապատկելու միջոցով:

 

Հոդված 25. Խորհրդի անդամների նշանակման կարգը և լիազորությունների դադարումը

 

1. Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով կարգավորող պետական մարմինը ձևավորում է ժամանակավոր մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով):

2. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, ներառյալ՝ նախագահը, որին առաջին նիստի ժամանակ բաց քվեարկությամբ ընտրում են Մրցութային հանձնաժողովի անդամները:

3. Մրցութային հանձնաժողովի նախագահը և անդամները պաշտոնավարում են մինչև Խորհրդի անդամի թափուր տեղի համալրումը:

4. Մրցութային հանձնաժողովի անդամ կարող են լինել լրագրության, Հեռարձակողի կառավարման բնագավառի, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

5. Մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

6. Մրցութային հանձնաժողովի ընթացիկ գործունեությունն սպասարկում է կարգավորող պետական մարմինը:

7. Մրցութային հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Մրցութային հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է Մրցութային հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Մրցութային հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

8. Մրցութային հանձնաժողովի անդամները գործում են հասարակական հիմունքներով:

9. Խորհրդի անդամի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի նախագահը, իսկ Խորհրդի նախագահի թափուր տեղի առկայության դեպքում Խորհրդի տարիքով ավագ անդամը թափուր տեղն առաջանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Մրցութային հանձնաժողով ձևավորելու համար գրավոր տեղեկացնում են կարգավորող պետական մարմնին:

10. Մրցութային հանձնաժողովը ձևավորվելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում, ինչպես նաև Կառավարության և կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում հայտարարություն է տարածում Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ:

11. Հայտարարության մեջ նշվում են`

1) թափուր պաշտոնի թեկնածուին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու վայրը, ժամկետը, մրցույթի անցկացման օրը և ժամը:

12. Մրցույթն անցկացվում է նաև այն դեպքում, երբ դրան մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ մրցույթի արդյունքով ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

14. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով` սույն հոդվածով սահմանված կարգով:

15. Փաստաթղթերը ներկայացվում են կարգավորող պետական մարմին մրցույթի անցկացման մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը Մրցութային հանձնաժողովը չի քննարկում:

16. Մրցույթի արդյունքներով հաղթողին որոշելու նպատակով Մրցութային հանձնաժողովի նիստը հրավիրվում է փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում:

17. Մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է մրցույթի հաղթողին: Անհրաժեշտության դեպքում մինչև մրցույթի հաղթողի վերաբերյալ որոշում կայացնելը Մրցութային հանձնաժողովը կարող է թեկնածուի հետ անցկացնել հարցազրույց:

18. Մրցութային հանձնաժողովի նախագահի հրավերով նիստերին կարող են մասնակցել հեռարձակման ոլորտի մասնագետներ:

19. Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Մրցութային հանձնաժողովի անդամները քվեարկում են «կողմ» կամ «դեմ»:

20. Մրցույթի արդյունքով Մրցութային հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) մրցույթը չկայացած համարելու և նոր մրցույթ անցկացնելու մասին.

2) մրցույթում հաղթող ճանաչելու մասին:

21. Մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող է ճանաչում մեկ մասնակցի:

22. Մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչվելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վարչապետը Խորհրդի անդամ է նշանակում մրցույթում հաղթած մասնակցին:

23. Մրցույթի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

24. Խորհրդի անդամները նախքան պաշտոնավարման ժամկետը լրանալը չեն կարող հետ կանչվել իրենց պաշտոններից, բացառությամբ այն դեպքերի, երբ Խորհրդի անդամը`

1) հրաժարական է տվել.

2) ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում.

3) վերջին մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով չի մասնակցել Խորհրդի երկու անընդմեջ կամ ընդհանուր առմամբ երեք նիստերի.

4) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

5) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

6) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

7) չի կատարել սույն օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականությունները.

8) հրաժարվել է մասնակցել Խորհրդի նախագահի ընտրության քվեարկությանը.

9) մահացել է:

 

Հոդված 26. Խորհրդի նախագահը

 

1. Խորհրդի նախագահի ընտրությունը կատարվում է հետևյալ կարգով.

1) Խորհուրդն իր կազմից գաղտնի քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ՝ չորս տարի ժամկետով.

2) Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել Խորհրդի անդամի թափուր պաշտոն լինելու դեպքում: Խորհրդի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Խորհրդի նախագահ.

3) Խորհրդի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանվում է կարգավորող պետական մարմնի որոշմամբ.

4) երեք անգամ անընդմեջ Խորհրդի նախագահ չընտրելու դեպքում Խորհուրդն արձակվում է.

5) արձակված Խորհուրդը շարունակում է իր գործունեությունը մինչև նոր Խորհրդի ամբողջական ձևավորումը:

2. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է Խորհրդի և նրա աշխատակազմի գործունեությունը.

 2) գումարում է Խորհրդի նիստերը և նախագահում է դրանք, ստորագրում է Խորհրդի ընդունած որոշումները և նիստերի արձանագրությունները, բացառությամբ Խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու մասին արձանագրության և որոշման, որոնք ստորագրում է Խորհրդի ավագ անդամը.

3) վերահսկում է Խորհրդի որոշումների կատարումը.

4) ընդունում և ազատում է Խորհրդի աշխատակազմի աշխատողներին.

5) համակարգում և ապահովում է Խորհրդի բնականոն աշխատանքը․

6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում է Խորհուրդը.

7) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Խորհրդի անունից և ներկայացնում նրա շահերը։

3. Խորհրդի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Խորհրդի նախագահի կողմից որպես փոխարինող նշանակված Խորհրդի անդամը, իսկ եթե Խորհրդի նախագահը փոխարինող չի նշանակել, ապա Խորհրդի տարիքով ավագ անդամը:

 

Հոդված 27. Խորհրդի իրավասությունները

 

1. Խորհուրդը`

1) սահմանում է Հանրային հեռարձակողի տեսալսողական հաղորդումների ընդհանուր ծավալը և տեսալսողական ծրագրերի թիվը.

2) սահմանում է Հանրային հեռարձակողի ֆինանսական միջոցների օգտագործման կարգը և ուղղությունները.

3) հաստատում է Հանրային հեռարձակողի աշխատողների հաստիքացուցակը, պաշտոնները, նրանց հետ կնքվող պայմանագրերի ձևերը, պայմանները և վարձատրման կարգը.

4) սահմանում է Հանրային հեռարձակողի այն պաշտոնների ցանկը, որոնք զբաղեցնողներն իրավունք չունեն աշխատելու զանգվածային լրատվության այլ միջոցներում.

5) սահմանում է Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենների թափուր տեղերի համալրման համար մրցույթի անցկացման կարգը.

6) նշանակում է Հանրային հեռարձակողների՝ մրցույթում հաղթող ճանաչված գործադիր տնօրեններին.

7) Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ նշանակում և ազատում է գործադիր տնօրենների տեղակալներին.

8) յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 20-ը լսում է Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության մասին գործադիր տնօրենների հաշվետվությունները.

9) Հանրային հեռարձակողների տնօրենների ներկայացմամբ պարբերաբար հաստատում է ծրագրային քաղաքականությունը.

10) հաստատում է իր կանոնադրությունը և Հանրային հեռարձակողի կառուցվածքը.

11) հաստատում է Խորհրդի աշխատակազմի կառուցվածքը և հաստիքացուցակը.

12) հաստատում է Հանրային հեռարձակողի լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնները.

13) ստացված բողոքների հիման վրա կամ իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն.

14) առնվազն տարին մեկ կազմակերպում է Հանրային հեռարձակողների գործունեության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություններ ու հրապարակում դրանց արդյունքները.

15) իրականացնում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով իրեն վերապահված այլ իրավասություններ.

16) Հանրային հեռարձակողի կողմից տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վիճակի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում կարգավորող պետական մարմին.

17) հայտարարում է Հանրային հեռարձակողի ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ անցկացնելու վերաբերյալ մրցույթ.

18) գործադիր տնօրենների և նրանց տեղակալների նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

19) անդամների ձայների մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում Խորհրդի նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ Հանրային հեռարձակողների հիմնադրի միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:

2. Խորհրդի որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

3. Խորհրդի որոշումներն իրենց իրավասության շրջանակներում կատարում են Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները:

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի աշխատակազմը «Հանրային հեռարձակողի խորհրդի աշխատակազմ» պետական հիմնարկն է:

 

Հոդված 28. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների իրավասությունները

 

1. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենները`

1) ղեկավարում են Հանրային հեռարձակողների ընթացիկ գործունեությունը.

2) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում ծրագրերի կառուցվածքը, դրանց առանձին բաժինների համամասնությունները, հաղորդացանցը.

3) արձակում են հրամաններ.

4) կնքում են պայմանագրեր և վերահսկում դրանց կատարումը.

5) մասնակցում են Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով.

6) Հայաստանի Հանրապետությունում, օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ներկայացնում են Հանրային հեռարձակողին.

7) իրենց իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս Հանրային հեռարձակողների անունից և ներկայացնում նրանց շահերը.

8) օրենքով, այլ իրավական ակտերով և Հանրային հեռարձակողների կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում են Հանրային հեռարձակողին պատկանող գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

9) տալիս են Հանրային հեռարձակողների անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

10) նշանակում և ազատում են Հանրային հեռարձակողների աշխատողներին, բացառությամբ գործադիր տնօրենների տեղակալների, նրանց նկատմամբ կիրառում են խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

11) Խորհրդի հաստատմանն են ներկայացնում Հանրային հեռարձակողների տարեկան հաշվետվությունները.

12) ապահովում են աշխատողների մասնագիտական կատարելագործումը.

13) իրականացնում են օրենքով, իրավական այլ ակտերով և Հանրային հեռարձակողների կանոնադրությամբ նախատեսված այլ իրավասություններ:

2. Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների բացակայության կամ պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրանց փոխարինում և նրանց լիազորություններն իրականացնում են Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների տեղակալները:

 

Հոդված 29. Հանրային հեռարձակողների ֆինանսավորումը

 

1. Խորհուրդը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման համակարգի մարմին է ներկայացնում Հանրային հեռարձակողների առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը՝ առանձին նշելով Խորհրդին, Հանրային հեռարձակողներին հատկացվելիք գումարները առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանրային հեռարձակողների ֆինանսավորումը չի կարող պակաս լինել նախորդ տարվա բյուջետային ֆինանսավորման չափից։ Հանրային հեռարձակողների բյուջետային ֆինանսավորման չափը կարող է համամասնորեն փոփոխվել՝ կապված պետական բյուջեի համամասնության փոփոխության հետ:

3. Հանրային հեռարձակողների հաջորդ տարվա ծախսերի նախահաշիվը Հանրային հեռարձակողների գործադիր տնօրենների ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:

 

Հոդված 30. Հանրային հեռարձակողների տարեկան հաղորդումը

 

1. Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության (ներառյալ` ծրագրային և ֆինանսական), ինչպես նաև սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթների կատարման վերաբերյալ հաղորդում:

2. Հանրային հեռարձակողների նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաղորդումը հրապարակվում է Խորհրդի պաշտոնական կայքէջում:

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 31. Կարգավորող պետական մարմինը

 

1. Կարգավորող պետական մարմինը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է:

2. Կարգավորող պետական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ և անհատականացման այլ միջոցներ:

3. Կարգավորող պետական մարմինն օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում կամ հատուկ լիազորությունների առկայության դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում: Կարգավորող պետական մարմինը կարող է համագործակցել այլ պետությունների համապատասխան կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ:

4. Կարգավորող պետական մարմնի նստավայրը Երևան քաղաքն է: Իր որոշմամբ կարգավորող պետական մարմինը կարող է արտագնա նիստեր գումարել նաև այլ համայնքներում:

 

Հոդված 32. Կարգավորող պետական մարմնի լիազորությունները

 

1. Կարգավորող պետական մարմինը`

1) հրապարակային և մրցութային կարգով հատկացնում է սլոթ.

2) իրականացնում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակազորումը.

3) իրականացնում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը.

4) իրականացնում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորումը.

5) իրականացնում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը.

6) սահմանում է սլոթի օգտագործման, մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը, մրցույթի մասնակցության հայտերի ձևերը, ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և դիմումի ձևը.

7) հաստատում է լիցենզիայի ձևերը.

8) կազմում և հրապարակում է լիցենզիա ստացած անձանց ցուցակը, հսկողություն է իրականացնում լիցենզիայում նշված պայմանների և սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ.

9) տեսալսողական հաղորդումների տեսագրությունների և ձայնագրությունների ընտրանքային դիտարկման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը օրենսդրության և լիցենզիայի պահանջներին.

10) վերահսկում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանությունը Կառավարության որոշմամբ սահմանված ստանդարտներին.

11) սույն օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ.

12) վերահսկում է Հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության՝ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանումը.

13) ուսումնասիրում և պատասխանում կամ եզրակացություն է տալիս Հեռարձակողների, օպերատորների և տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների գործունեության վերաբերյալ բողոքներին, առաջարկություններին և հարցումներին.

14) իրականացնում է Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկում.

15) կարող է ներգրավվել տեսալսողական մեդիայի բնագավառին առնչվող միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի նախագծերի մշակմանը.

16) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.

17) վերահսկողություն է իրականացնում Հանրային հեռարձակողներում տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման համար.

18) սահմանում է Խորհրդի կողմից սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված հաշվետվություն ներկայացնելու կարգը և ձևը.

19) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող պաշտոնյային եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները.

20) սահմանում է մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության ձևը.

21) օրենքով սահմանված կարգով հաստատում է իր կառուցվածքը.

22) տալիս է եզրակացություն սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

23) մասնակցում է տեսալսողական մեդիա ոլորտի քաղաքականության մշակմանը.

24) սահմանում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման պայմանները և հրապարակում է ազատ սլոթների առկայության վերաբերյալ տեղեկատվություն.

25) ստուգում է հեռարձակողի կողմից սլոթի օգտագործման լիցենզավորման հայտին կցված լիցենզիայի պայմանների համապատասխանությունը.

26) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։

2. Կարգավորող պետական մարմինը սույն օրենքով սահմանված սուբյեկտներից, պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինն իրավասու է Հանրային հեռարձակողներին հանձնարարելու սահմանված ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները:

4. Կարգավորող պետական մարմինը իրավասու է՝

1) սույն օրենքի տուգանք նախատեսող հոդվածով արգելված արարք հայտնաբերելու դեպքում միջնորդություն ներկայացնելու Խորհուրդ Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

2) լիցենզիայի գործողության կասեցում կամ դադարեցում նախատեսող հոդվածներով արգելված արարքները կատարելու, ինչպես նաև սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում միջնորդություն ներկայացնելու Խորհուրդ Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ:

5. Կարգավորող պետական մարմինը Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում եռօրյա ժամկետում դրա մասին հայտնում է այդ ծրագիրը հեռարձակող մուլտիպլեքս օպերատորին՝ հեռարձակումը անհապաղ դադարեցնելու համար:

6. Կարգավորող պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս կարող է հասարակական կամ պայմանագրային հիմունքներով ներգրավել մասնագետների և փորձագետների:

7. Կարգավորող պետական մարմինն ընդունում է սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական, անհատական և ներքին ակտեր:

8. Կարգավորող պետական մարմնի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են նաև կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում:

9. Կարգավորող պետական մարմինը, կարգավորող պետական մարմնի անդամները և կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց լիազորություններն իրականացնելիս անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Չի թույլատրվում անօրինական ազդեցություն և միջամտություն նրանց գործունեությանը:

 

Հոդված 33. Կարգավորող պետական մարմնի գործունեության սկզբունքները

 

 1․ Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունն իրականացնում է օրինականության, ժողովրդավարության, հավասարության, անաչառության, ինքնուրույնության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 34. Կարգավորող պետական մարմնի անդամների թեկնածուներին և անդամներին ներկայացվող պահանջները և նրանց վարձատրության կարգը

 

1. Կարգավորող պետական մարմնի անդամի թեկնածու կարող է լինել 25 տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, որն ունի հեռարձակման, տնտեսության, կառավարման, ճարտարագիտության, մշակույթի, արվեստի կամ իրավագիտության բնագավառներում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն, բարձրագույն կրթություն, զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է:

2. Կարգավորող պետական մարմնի անդամ չի կարող լինել`

1) անձը, որը դատապարտվել է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

2) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձը։

3. Կարգավորող պետական մարմնի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն:

4. Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ:

5. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորություններն ստանձնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է`

1) դադարեցնել ձեռնարկատիրական կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելը.

2) ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոններից.

3) ազատվել վճարովի հիմունքներով աշխատանքից, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:

6. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իր պաշտոնն ստանձնելիս տալիս է հետևյալ երդումը.

«Ստանձնելով կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները` երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանը և օրենքներին, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, աջակցել քաղաքացիական հասարակության ձևավորմանը` կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի, տեղեկատվության ազատության և բազմակարծության ապահովման միջոցով:

Երդվում եմ, որ պարտականություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ազնվությամբ, կգործեմ հրապարակայնության, անկողմնակալության և արդարության սկզբունքով` անկախ որևէ քաղաքական կամ տնտեսական շահից:»:

7. Կարգավորող պետական մարմնի անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

 

Հոդված 35. Կարգավորող պետական մարմնի կազմավորման կարգը

 

1. Կարգավորող պետական մարմինը բաղկացած է յոթ անդամից: Կարգավորող պետական մարմնի անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով՝ սեռային ներկայացվածությամբ:

2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների ավարտման օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս առաջ, և ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ, իսկ այլ հիմքով թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղն առաջանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմնի նախագահը, իսկ կարգավորող պետական մարմնի նախագահի թափուր տեղ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահին փոխարինող անդամն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին:

3. Ազգային ժողովը կարգավորող պետական մարմնի անդամի ընտրությունը կատարում է Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

4. Կարգավորող պետական մարմինն իր կազմից ընտրում է կարգավորող պետական մարմնի նախագահ: Կարգավորող պետական մարմնի անդամը կարող է առաջադրվել որպես կարգավորող պետական մարմնի նախագահ ինքնաառաջադրման կամ կարգավորող պետական մարմնի որևէ այլ անդամի կողմից իր համաձայնությամբ առաջադրվելու եղանակով:

5. Կարգավորող պետական մարմնի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկում են կարգավորող պետական մարմնի բոլոր անդամները:

6. Քվեարկության համար կազմվում է քվեաթերթիկ, որում ներառվում են բոլոր թեկնածուները:

7. Քվեարկելիս կարգավորող պետական մարմնի անդամն ունի մեկ ձայն: Եթե քվեարկության մասնակիցն ավելի ձայն է տվել, ապա այդ քվեաթերթիկը համարվում է անվավեր:

8. Եթե քվեարկության արդյունքով որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա ինքնաառաջադրվում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները, և անցկացվում է լրացուցիչ քվեարկություն:

9. Եթե երկրորդ առավել ձայներ ստացած թեկնածուները երկուսն են, ապա հավելյալ քվեարկությամբ որոշվում է, թե նրանցից ով կարող է ինքնաառաջադրվել:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ կարգավորող պետական մարմնի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Կարգավորող պետական մարմնի նախագահն ընտրվում է կարգավորող պետական մարմնի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Կարգավորող պետական մարմնի անդամն իրավունք չունի հրաժարվելու քվեարկությունից և քվեարկում է միայն «կողմ» կամ «դեմ»:

12. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կարգավորող պետական մարմնի անդամ, ներառյալ՝ նախագահ:

13. Կարգավորող պետական մարմնի նախագահը պաշտոնավարում է որպես կարգավորող պետական մարմնի անդամ մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

14. Կարգավորող պետական մարմնի նոր նախագահի ընտրությունը կատարվում է կարգավորող պետական մարմնի անդամների կազմը համալրվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

 

Հոդված 36. Կարգավորող պետական մարմնի նախագահը

 

1. Կարգավորող պետական մարմնի նախագահը`

1) ապահովում է կարգավորող պետական մարմնի բնականոն գործունեության կազմակերպումը.

2) ներկայացնում է կարգավորող պետական մարմինն այլ մարմինների հետ հարաբերություններում.

3) ձևավորում է նիստերի օրակարգը, հրավիրում և վարում է կարգավորող պետական մարմնի նիստերը, ընդ որում կարգավորող պետական մարմնի անդամը մասնակցում է նիստերի օրակարգի ձևավորմանը օրակարգի վերաբերյալ կարգավորող պետական մարմնի նախագահին առաջարկություններ ներկայացնելու միջոցով.

4) ստորագրում և հրապարակում է կարգավորող պետական մարմնի որոշումները, արձակում է հրամաններ.

5) վերահսկում է կարգավորող պետական մարմնի ընդունած որոշումների կատարումը.

6) կարգավորող պետական մարմնի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդումը ներկայացնում է Ազգային ժողով.

7) իրականացնում է կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր ղեկավարումը.

8) կարգավորող պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրության նախագիծը, կառուցվածքը և հաստիքացուցակը.

9) օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է կարգավորող պետական մարմնի աշխատակիցներին:

2. Արձակուրդի կամ գործուղման կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է նրա նշանակած՝ կարգավորող պետական մարմնի անդամը:

3. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահի կողմից իրեն փոխարինող չնշանակվելու, նրա ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում կարգավորող պետական մարմնի նախագահի պարտականությունները կատարում է կարգավորող պետական մարմնի տարիքով ավագ անդամը:

 

Հոդված 37. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարումը և դադարեցումը

 

1. Կարգավորող պետական մարմնի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից:

2. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարեցվում են՝

1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.

2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնական պարտականությունները կատարելու անհնարինության (բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառների) կամ ընտրվելուց հետո իր պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու դեպքում.

3) տարվա ընթացքում կարգավորող պետական մարմնի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.

4) մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված՝ քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.

5) մեկ անգամ կարգավորող պետական մարմնի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:

3. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝

1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.

3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.

5) նրա հրաժարականը.

6) նրա մահը:

 4. Կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները սույն օրենքով սահմանված դեպքերում դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

5. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված նիստում կարգավորող պետական մարմնի անդամի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա մահվան օրը:

7. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են նրա լիազորությունները դադարելու օրը:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարելու դեպքում կարգավորող պետական մարմնի նախագահը անհապաղ հայտարարություն է տարածում կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում:

9. Սույն հոդվածի 3-րդ մասի 2-4-րդ կետերում նշված հիմքերով կարգավորող պետական մարմնի անդամի լիազորությունները դադարում են համապատասխան հիմքի առկայությունն արձանագրող կարգավորող պետական մարմնի որոշման ընդունման օրվանից:

 

Հոդված 38. Կարգավորող պետական մարմնի ծախսերի ֆինանսավորումը

 

1. Կարգավորող պետական մարմնի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից:

2. Կարգավորող պետական մարմինը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում կարգավորող պետական մարմնի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (ծախսերի նախահաշիվը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար: Ծախսերի նախահաշվին ավելացվում է այն ներկայացնելու պահին նախորդող տասներկու ամսվա ընթացքում գանձված տուգանքների, պետական տուրքերի և տույժերի 30 տոկոսը սեփական տնօրինման նպատակով:

3. Կարգավորող պետական մարմնի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը կարգավորող պետական մարմնի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում նաև բյուջետային հայտի փոփոխությունների վերաբերյալ իր հիմնավորումը և առկայության պարագայում հիմնավորման վերաբերյալ կարգավորող պետական մարմնի առարկությունները:

4. Կարգավորող պետական մարմնի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված խնդիրների և գործառույթների պատշաճ իրականացման հնարավորությունը, այդ թվում` միջազգային կազմակերպություններում ներկայացուցչության ապահովումը, ինչպես նաև կարգավորող պետական մարմնի անդամների աշխատավարձի վճարումը:

 

Հոդված 39. Կարգավորող պետական մարմնի տարեկան հաղորդումը

 

1. Կարգավորող պետական մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում իր նախորդ տարվա գործունեության և Հեռարձակողների ծրագրերում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդում:

2. Հաղորդումը ներառում է կարգավորող պետական մարմնի գործունեությանը և լիազորություններին համապատասխան իրականացված բոլոր բաղադրիչների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ և վիճակագրական տվյալներ (ներառյալ` հեղինակազորման, հայտարարված մրցույթների, տրված լիցենզիաների, ցանցային օպերատորների գործունեության լիցենզավորման համար ներկայացված ու մերժված դիմումների և դրանց հիմնավորման, տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորների ներկայացրած տեսալսողական ծրագրերի, բացահայտված խախտումների և դրանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների և այլ լիազորությունների իրականացման մասին):

3. Հաղորդումը Ազգային ժողով է ներկայացնում կարգավորող պետական մարմնի նախագահը:

4. Հաղորդումն Ազգային ժողովում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

5. Կարգավորող պետական մարմինն իր հաղորդումը հրապարակում է կարգավորող պետական մարմնի պաշտոնական կայքէջում:

 

Հոդված 40. Կարգավորող պետական մարմնի գործունեության կարգը

 

1. Կարգավորող պետական մարմինն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի և աշխատանքային քննարկումների միջոցով:

2. Կարգավորող պետական մարմնի նիստերը հրավիրում է կարգավորող պետական մարմնի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ առնվազն երեք անդամի պահանջով:

3. Կարգավորող պետական մարմնի նիստերը դռնբաց են, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկատվության վերաբերյալ հարցերի քննարկման դեպքերի, երբ դրանք կարգավորող պետական մարմնի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ անցկացվում են դռնփակ:

4. Կարգավորող պետական մարմինն իր կայքէջում հրապարակում է նիստերի անցկացման տեղը, ժամանակաթիվը և օրակարգը:

5. Կարգավորող պետական մարմնի գլխավոր քարտուղարը նիստին կարող է մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

6. Կարգավորող պետական մարմնի նիստը վարում է կարգավորող պետական մարմնի նախագահը կամ նրան փոխարինող անձը: Նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է կարգավորող պետական մարմնի անդամների կեսից ավելին:

7. Կարգավորող պետական մարմնի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8. Կարգավորող պետական մարմնի նիստում քննարկվող որևէ հարցի վերաբերյալ շահերի բախում ունեցող կարգավորող պետական մարմնի անդամը պարտավոր է քննարկումից առաջ կարգավորող պետական մարմնի նախագահին և մյուս անդամներին տեղեկացնել շահերի բախման փաստի և բնույթի մասին, որը պետք է արձանագրվի նիստի արձանագրության մեջ:

9. Այդ տեղեկացումից հետո կարգավորող պետական մարմնի համապատասխան անդամը՝

1) պարտավոր է հրաժարվել տվյալ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց և քվեարկությանը մասնակցելուց.

2) չպետք է հաշվառվի այդ նիստի իրավազորության ապահովման նպատակով:

10. Կարգավորող պետական մարմնի նիստը հետաձգվում է՝

1) քվորում չլինելու,

2) աշխատանքային օրն ավարտվելու,

3) հարցի քննությունը տվյալ նիստում անհնարին դարձնող այլ բացառիկ հանգամանքների առկայության դեպքերում:

11. Կարգավորող պետական մարմնի նիստերն արձանագրում է կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նիստերի արձանագրություններն ստորագրում է նիստը նախագահողը: Նիստի արձանագրությունը կամ դրա մի մասը կարգավորող պետական մարմնի նախագահի հանձնարարությամբ կարող է հրապարակվել: Կարգավորող պետական մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը վարում է կարգավորող պետական մարմնի որոշումների գրանցամատյան:

12. Կարգավորող պետական մարմինն ընդունում է աշխատակարգ, որով սահմանվում են կարգավորող պետական մարմնի լիազորությունների իրականացման ընթացակարգերը:

 

Հոդված 41. Կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները

 

1. Կարգավորող պետական մարմինն իր աշխատանքները կազմակերպում է կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

2. Կարգավորող պետական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքին համապատասխան:

 

Հոդված 42. Հեռարձակողների և օպերատորների գործունեության մշտադիտարկումը

 

1. Հեռարձակողների գործունեության մշտադիտարկումն իրականացվում է ուղղակի դիտարկման, իսկ օպերատորի դեպքում՝ նաև տեղում դիտարկում իրականացնելու միջոցով: Ուղղակի դիտարկման արդյունքները կարող են համադրվել տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալներին։

2. Հանրային հեռարձակողների գործունեության մշտադիտարկումը ներառում է նաև տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանության ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունը, որն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եղանակներով:

3. Տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում օպերատորի գործունեության տեղում դիտարկումն իրականացվում է կարգավորող պետական մարմնի նախագահի հրամանի հիման վրա:

4. Տեղում դիտարկում իրականացնելու մասին հրամանում նշվում են՝

1) տեղում դիտարկում իրականացնող մարմնի անվանումը.

2) օպերատորի անվանումը և գտնվելու վայրը․

3) տեղում դիտարկում իրականացնող անձի անունը, ազգանունը և պաշտոնը.

4) տեղում դիտարկում իրականացնելու նպատակը, ժամանակահատվածը և իրավական հիմքերը.

5) տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջների խախտման նկարագրությունը:

5. Օպերատորի մոտ տեղում դիտարկումն սկսելուց առաջ հրամանի մեկ օրինակը հանձնվում է օպերատորի ղեկավարին կամ ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձին:

6. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավասու անձինք օպերատորի գործունեության վայրում չեն կամ հրաժարվում են ստանալ տեղում դիտարկում իրականացնելու վերաբերյալ հրամանը և ստորագրությամբ հավաստել այն ստանալու փաստը, ապա անմիջապես կարող է իրականացվել դիտարկումը:

7. Օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում վերջինս տեղում դիտարկում իրականացնող անձանց պետք է ապահովի անհրաժեշտ աշխատանքային տարածքով և տեխնիկական միջոցներով:

8. Մշտադիտարկման արդյունքներով կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ կազմում է արձանագրություն:

9. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են մշտադիտարկման արդյունքների համառոտ շարադրանքը, ինչպես նաև վարչական վարույթ հարուցելու կամ հարուցված վարչական վարույթի համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների համադրման դեպքում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրության մեջ նշվում են նաև դիտարկման արդյունքների և տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանների տվյալների միջև անհամապատասխանությունը, անհամապատասխանությունների քանակը և տևողությունը:

10. Արձանագրությանը կցվում են մշտադիտարկման առարկային վերաբերող, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում՝ վերջինիս տիրապետության տակ գտնվող ապացույցները, որի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:

11. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրությունն ուղղակի դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է մշտադիտարկում իրականացրած անձը, իսկ օպերատորի մոտ տեղում դիտարկում իրականացնելու դեպքում ստորագրում է կարգավորող պետական մարմնի և օպերատորի ներկայացուցիչը:

12. Ուղղակի դիտարկման միջոցով իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է Հեռարձակողին կամ օպերատորին:

13. Մշտադիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում Հեռարձակողը կամ օպերատորը մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, կարող է դրանք ներկայացնել կարգավորող պետական մարմին:

14. Օպերատորի մոտ տեղում դիտարկման արդյունքների մասին արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերջինիս ներկայացուցիչն այդ մասին արձանագրության մեջ նշում է կատարում և ստորագրում:

15. Եթե սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձը հրաժարվում է ստորագրել և ստանալ արձանագրության երկրորդ օրինակը կամ տեղում դիտարկման վայրում չէ, ապա արձանագրության երկրորդ օրինակն առաքվում է փոստով:

16. Տեղում դիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունն օպերատորի ղեկավարին փոխարինելու իրավունք ունեցող անձի կողմից ստորագրվելու դեպքում դրա մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրության մեջ, և արձանագրությանը կցվում է այն իրավական փաստաթղթի (կանոնադրության, հրամանի, որոշման, լիազորագրի կամ այլ փաստաթղթի) պատճենը, որի հիման վրա տվյալ անձն իրավունք ունի փոխարինելու օպերատորի ղեկավարին:

17. Եթե օպերատորի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է տեղում դիտարկման իրականացմանը, ապա կարգավորող պետական մարմնի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև մշտադիտարկման իրականացմանը խոչընդոտած օպերատորի ներկայացուցչի անունը, ազգանունը և պաշտոնը:

18. Մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կարող է հիմք հանդիսանալ վարչական վարույթ հարուցելու համար, իսկ հարուցված վարչական վարույթի շրջանակներում ծառայել որպես վարչական վարույթի ապացույց:

19. Մշտադիտարկման իրականացման վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կարգավորող պետական մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ՀԵՂԻՆԱԿԱԶՈՐՈՒՄԸ, ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍԻ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

Հոդված 43. Հեղինակազորումը

 

1. Իրավաբանական կամ ֆիզիկական անձը Հեռարձակողի կարգավիճակ ստանալու համար կարգավորող պետական մարմին է ներկայացնում հեղինակազորման հայտ, որում նշվում են՝

1) հայտատուի անվանումը.

2) իրավաբանական անձի գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի համար` հաշվառման համարը.

3) իրավաբանական անձի գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի համար՝ հաշվառման վայրը.

4) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

5) տեսալսողական ծրագրի անվանումը.

6) հայտը ներկայացնելու ժամանակաթիվը.

7) հայտատուի ստորագրությունը:

2. Հեղինակազորման հայտը բավարարվում է այն կարգավորող պետական մարմին ներկայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված որևէ պայմանի փոփոխության դեպքում Հեռարձակողը եռօրյա ժամկետում այն ներկայացնում է կարգավորող պետական մարմին:

 

Հոդված 44. Հանրային և մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակողները

 

1. Կարգավորող պետական մարմինը մրցույթները հայտարարում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու, նոր կամ ազատ սլոթ առաջանալու դեպքում:

2. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով:

3. Հանրային մուլտիպլեքսում ներառված բոլոր տեսալսողական ծրագրերն իրենց վերգետնյա հաճախականությունների սփռման տարածքներին համապատասխան տարածման իրավունքով անվճար տրամադրվում են ցանցային օպերատորներին: Ցանցային օպերատորները պարտավոր են տարածել իրենց՝ անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը: Ընդ որում, ծրագրերի հերթականությունը պետք է սկսվի Հանրային հեռարձակողների ծրագրերից:

4. Սլոթի օգտագործման լիցենզիայի ժամկետը լրանալու հիմքով մրցույթը հայտարարվում է այդ լիցենզիայի գործողության ժամկետը լրանալուց չորս ամիս առաջ:

5. Հանրային մուլտիպլեքսում ազատ սլոթ առաջանալու դեպքում կարգավորող պետական մարմինը մեկամսյա ժամկետում հայտարարում է մրցույթ:

6. Հանրային մուլտիպլեքս ցանցում նոր սլոթ առաջանալու դեպքում Կառավարության լիազոր մարմինը այդ մասին տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին, որը մեկամսյա ժամկետում հայտարարում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթ:

7. Թեմատիկ ուղղվածության չափորոշիչները, դրանց հասկացությունները սահմանվում են կարգավորող պետական մարմնի որոշմամբ:

8. Թվային հեռարձակման տեխնիկական հնարավորություն առաջանալու դեպքում լսողական ծրագրեր հեռարձակողները կարող են ներառվել մուլտիպլեքսում՝ իրենց լիցենզիայի պայմաններին համապատասխան:

9. Մասնավոր մուլտիպլեքսում գործող Հեռարձակողները տեսալսողական ծրագրերի հեռարձակումն իրականացնում են մասնավոր մուլտիպլեքս օպերատորի տրամադրած սլոթի միջոցով:

 

Հոդված 45. Լիցենզիան

 

1. Լիցենզիան կարգավորող պետական մարմնի տրամադրած փաստաթուղթ է, որը թույլ է տալիս՝

1) Հեռարձակողին տեսալսողական տեղեկատվության հեռարձակում իրականացնելու համար օգտագործել հանրային մուլտիպլեքսի սլոթ.

2) ֆիզիկական կամ իրավաբանական անձին իրականացնել մուլտիպլեքս օպերատորի գործունեություն.

3) ցանցային օպերատորին վերահաղորդել Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողների և օտարերկրյա հեռարձակողների տեսալսողական ծրագրերը, բացառությամբ սույն օրենքով և օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

2. Լիցենզիան չի կարող փոխանցվել կամ օտարվել այլ անձի:

3. Առանց լիցենզիայի հանրային մուլտիպլեքսում տեսալսողական ծրագրերի հեռարձակում իրականացնում են Հանրային հեռարձակողները, բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի և միջպետական պայմանագրի հիման վրա Հեռարձակողների:

 4. Սլոթի օգտագործման լիցենզիան տրվում է յոթ տարի ժամկետով, մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան՝ անժամկետ, իսկ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան՝ 10 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

 5. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության ժամկետի երկարաձգումը և կրկնօրինակի տրամադրումն իրականացվում են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով:

 

Հոդված 46. Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթը

 

1. Սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտարարությունը պետք է պարունակի տեղեկություններ հանրապետական, մայրաքաղաքային և մարզային սփռում ապահովող ազատ սլոթների քանակի մասին:

2. Սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է հայտ, որի ձևը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով:

3. Հայտին կցվում են՝

1) փաստաթուղթ Հեռարձակողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ, որոնք լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայմաններ.

2) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.

3) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ.

4) տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ.

5) Էթիկայի կանոնագիրը, որը լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանա լիցենզիայի պայման.

6) Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները, որոնք լիցենզիա ստանալու դեպքում կհանդիսանան լիցենզիայի պայման.

7) լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

4. Հանրապետական սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթի հայտատուն ըստ ցանկության կարող է մասնակցել նաև մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթին՝ այդ մասին նշում կատարելով հայտում:

5. Հանրապետական և մայրաքաղաքային սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթին հայտ ներկայացրած Հեռարձակողները չեն կարող մասնակցել մարզային սփռում ապահովող սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթին:

6. Հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում հաղթողի ընտրությունն իրականացվում է կարգավորող պետական մարմնի անդամների վարկանիշային փակ քվեարկության միջոցով:

7. Վարկանիշային քվեարկության իրականացման ընթացակարգը սահմանվում է սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով:

8. Կարգավորող պետական մարմինը մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ հաշվի է առնում`

1) սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը.

2) հայերեն հաղորդումների գերակայությունը.

3) բազմակարծությունը խթանելու կարողությունը.

4) հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները.

5) աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը.

6) ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը.

7) գործող լիցենզավորված Հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

9. Լիցենզավորման մրցույթի ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է`

1) գործող այն Հեռարձակողներին, որոնք իրենց գործունեության ընթացքում թույլ են տվել օրենսդրության նվազ քանակով կամ վտանգավորությամբ խախտումներ.

2) գործող այն Հեռարձակողներին, որոնք տեսալսողական հաղորդումների արտադրության և հեռարձակման բնագավառում ունեն առնվազն երեք տարվա փորձ:

10. Կարգավորող պետական մարմնի որոշումները պետք է լինեն պատշաճ հիմնավորված և պատճառաբանված: Կարգավորող պետական մարմինն ապահովում է իր որոշումների հրապարակայնությունը:

11. Մրցույթում հաղթող մասնակցի՝ լիցենզիա ստանալու իրավունքից հրաժարվելու կամ կարգավորող պետական մարմնի կողմից սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով լիցենզիա տալու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում լիցենզիա ստանալու իրավունքն անցնում է hաջորդ առավելագույն միավոր ստացած մասնակցին:

12. Հանրապետական սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ստացած Հեռարձակողի տեսալսողական ծրագիրը սփռման ամբողջ տարածքում որևէ ձևով չի կարող փոփոխվել:

 

Հոդված 47. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումը

 

1. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմողը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ, կամ առձեռն` ստացականով, կարգավորող պետական մարմին է ներկայացնում դիմում, որի ձևը սահմանվում է ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգով:

2. Դիմումին կցվում են՝

1) դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

2) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ.

3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր:

3. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կարգավորող պետական մարմինը դրանք ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դիմողին այդ մասին պատշաճ կերպով տեղեկացնում է դրանք շտկելու նպատակով: Դիմողն իրավունք ունի սույն մասում նշված ծանուցումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմին ներկայացնելու փաստաթղթերը` առանց սույն մասում նշված թերությունների:

4. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը սահմանում է կարգավորող պետական մարմինը:

 

Հոդված 48. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումի քննարկումը և որոշման ընդունումը

 

1. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման դիմումը կարգավորող պետական մարմինն իր նիստում քննարկում և որոշում է ընդունում այն մուտքագրելուց հետո` 30 օրվա ընթացքում:

2. Լիցենզիա չի տրվում, եթե`

1) սույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերը թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.

2) փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին.

3) դիմողը չի վերացրել կարգավորող պետական մարմնի նշած թերությունները.

4) բացակայում են տեսալսողական տեղեկատվության հեռարձակման տեխնիկական հնարավորությունները:

 

Հոդված 49. Ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստացած անձի գործունեությունը

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի կողմից կարող են վերահաղորդվել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։

2. Վերահաղորդումը կատարվում է հեռարձակման հետ համաժամանակյա կամ գրեթե համաժամանակյա՝ տեսալսողական տեղեկատվության հեռարձակումից մինչև դրա ընդունումն ընկած կարճաժամկետ ընդհատումներով առաջացող տատանումների հետևանքով՝ հեռարձակման գործընթացին ներհատուկ տեխնիկական պատճառներով պայմանավորված:

3. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը չի կարող լինել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր:

4. Ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձը սեփական տեսալսողական ծրագիր չի կարող արտադրել և հեռարձակել:

5. Վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ ցանցային օպերատորը տեղեկացնում է կարգավորող պետական մարմնին:

 

Հոդված 50. Լիցենզիայի վավերապայմանները

 

1. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) կարգավորող պետական մարմնի անվանումը.

2) լիցենզիայի սերիան և համարը.

3) լիցենզիան տալու ժամանակաթիվը.

4) գործունեության տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի համար` ազգանունը, անունը և հաշվառման վայրը.

6) սփռման տարածքը.

7) լիցենզիայի գործողության ժամկետը.

8) կարգավորող պետական մարմնի նախագահի ստորագրությունը.

9) կարգավորող պետական մարմնի կնիքի դրոշմը:

2. Մրցույթում հաղթած առաջարկը կցվում է լիցենզիային որպես պայման և համարվում դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 51. Լիցենզիայի տրամադրումը

 

1. Լիցենզավորման մրցույթում հաղթող ճանաչված, ինչպես նաև դիմումի հիման վրա լիցենզիա ստացած անձը կարգավորող պետական մարմնի որոշումն ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, վճարում է «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով պետական տուրք:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքի վճարումից հետո` տասնօրյա ժամկետում, կարգավորող պետական մարմինը նշված անձանց տալիս է համապատասխան լիցենզիաներ:

3. Սույն հոդվածով սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելը հիմք է լիցենզիա տալու մասին և մրցույթում հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին որոշումներն ուժը կորցրած ճանաչելու համար:

4. Մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը սույն հոդվածով սահմանված հիմքով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում կարգավորող պետական մարմինը հայտարարում է մրցույթ և իրականացնում լիցենզավորում սույն օրենքով մրցույթի միջոցով իրականացվող լիցենզավորման համար սահմանված կարգով ու պայմաններով, բացառությամբ 46-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքի:

 

Հոդված 52. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը

 

1. Կարգավորող պետական մարմինը իր կառավարմանը հանձնված ազատ հաճախականությունների առկայության դեպքում հայտարարում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթ: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում այն հայտարարելուց 10 օր հետո կարգավորող պետական մարմինը հայտարարում է նոր մրցույթ:

2. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարելուց հետո` վեց ամսվա ընթացքում, կարգավորող պետական մարմին են ներկայացվում`

1) հայտ.

2) մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.

3) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների և սարքավորումների մասին.

4) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր.

5) hայտատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները:

3. Հայտի ձևը սահմանվում է մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգով:

4. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո կարգավորող պետական մարմինը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը ներկայացնում է իր ընտրած փորձագիտական խմբին՝ տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը երկու ամսվա ընթացքում:

5. Եթե երկու ամսվա ընթացքում փորձագիտական խումբը չի տալիս տեխնիկական փորձաքննության եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:

6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը՝ կարգավորող պետական մարմինը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու մասին:

7. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանում է կարգավորող պետական մարմինը:

8. Կարգավորող պետական մարմինը մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզավորման մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

1) սահմանված ժամկետում ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներից ոչ մեկը չի համապատասխանում օրենսդրության պահանջներին.

2) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծի և ժամանակացույցի տեխնիկական փորձաքննությամբ տրվել է բացասական եզրակացություն.

3) մրցույթի միակ մասնակցի կամ բոլոր մասնակիցների մուլտիպլեքս ցանցի ստեղծման նախագծով ներկայացված հեռարձակման ցանցի առաջարկվող սփռման տարածքի չափը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջին:

 

ԳԼՈՒԽ 8

 

ԱՌԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 53. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության տարածման կազմակերպման պայմանները

 

1. Ցանցային հեռարձակման համար լիցենզիա չի պահանջվում, եթե սփռման և սպասարկման տարածքը սահմանափակվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձին պատկանող շենքերով և տարածքներով:

2. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակման կազմակերպումը չպետք է ազդի տվյալ շրջանում գործող Հեռարձակողների իրականացման որակի վրա, ինչպես նաև չպետք է խաթարի տեսալսողական տեղեկատվություն ընդունող և հեռարձակող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների աշխատանքը:

3. Առանց լիցենզավորման տեսալսողական տեղեկատվության հեռարձակում են իրականացնում ոչ գծային Հեռարձակողները, որոնք գործունեություն են իրականացնում կարգավորող պետական մարմնի սահմանած կարգով գործունեությունը թույլատրող որոշումն ստանալուց հետո:

4. Կարգավորող պետական մարմնի՝ գործունեությունը թույլատրող որոշումն ստանալուց հետո ոչ գծային Հեռարձակողները կարող են պայմանագրային հիմունքներով գործունեություն իրականացնել ցանցային օպերատորների և այլ հաղորդակցության ցանցերով:

 

Հոդված 54. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի գործունեությունը

 

1. Տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորը գործում է օրենսդրության համաձայն կարգավորող պետական մարմին ծանուցում ներկայացնելուց հետո:

2. Յուրաքանչյուր նոր տեսալսողական ծրագրի վերաբերյալ ներկայացվում է ծանուցում:

3. Ծանուցումը ներառում է՝

1) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ.

2) տեղեկություններ տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտոր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի վերաբերյալ.

3) տեսալսողական ծրագրի իրավատիրոջ հետ կնքված պայմանագրի պատճենը.

4) տեղեկություններ Հեռարձակողների և օպերատորի հիմնադիր կամ մասնակից հանդիսանալու վերաբերյալ:

4. Կարգավորող պետական մարմինը ծանուցումը հաստատում է 20-օրյա ժամկետում:

 5. Ծանուցման մեջ թերի, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ լինելու կամ օտարերկրյա տեսալսողական ծրագրերում գովազդ ներառված լինելու դեպքում այն չի հաստատվում, բացառությամբ այն դեպքերի, երբ հնարավոր չի եղել ձեռք բերել տվյալ տեսալսողական ծրագրի առանց գովազդի տարբերակը:

 

Գ Լ ՈՒ Խ 9

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 55. Պատասխանատվությունը տեսալսողական մեդիայի մասին օրենսդրության պահանջները խախտելու համար

 

1. Կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.

1) գրավոր նախազգուշացում.

2) տուգանք.

3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.

4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:

2. Վարչական տույժերի հասցեատերերն իրավունք ունեն դիմելու դատարան` կարգավորող պետական մարմնի որոշումներն անվավեր ճանաչելու կամ փոփոխելու պահանջով: Նշված պահանջով հայցը դատարան ներկայացնելը չի կասեցնում գործունեության կասեցման կիրառման մասին որոշման կատարումը:

3. Սույն հոդվածով նախատեսված վարչական տույժերը չեն կիրառվում Հանրային հեռարձակողի նկատմամբ:

 

Հոդված 56. Գրավոր նախազգուշացումը

 

1․ Սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հայտնաբերված խախտումների առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, ապա կարգավորող պետական մարմինն իրավախախտումը հայտնաբերելու օրվանից և (կամ) պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում հայտնաբերված իրավախախտումների դեպքերի մասին տեղեկացվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում գրավոր նախազգուշացնում է խախտում կատարած անձին՝ պահանջելով վերացնել խախտումը և սահմանելով խախտումը վերացնելու համար ողջամիտ ժամկետ:

 

Հոդված 57. Տուգանքը

 

1. Սույն հոդվածով սահմանված իրավախախտումներ կատարած անձի նկատմամբ տուգանք կարող է կիրառվել իրավախախտում կատարելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, իսկ շարունակվող կամ տևող իրավախախտման դեպքում` այն հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

2. Սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով գրավոր նախազգուշացում ստացած անձի կողմից նախազգուշացմամբ նշված ժամկետում սահմանված պահանջը չկատարելը կամ նախազգուշացման համար հիմք դարձած նույն խախտումը սույն օրենքի 56-րդ հոդվածով սահմանված վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Հեռարձակողների և օպերատորի կողմից համապատասխան սփռման տարածքների համընկնման շրջաններում` օրինական հիմքով տարածվող այլ տեսալսողական տեղեկատվություն ընդունելու իրավունքը սահմանափակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

4. Հեռարձակողների անվանումները էկրանային ցուցադրման ժամանակ միայն օտար լեզուներով՝ առանց հայերեն անընդհատ տառադարձության օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Հեռարձակողի կողմից հայերեն հաղորդումներն ընդհանուր եթերաժամի 55 տոկոսից պակաս հեռարձակելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

6. Ցանցային օպերատորի կողմից առանց պայմանագրի վերահաղորդում իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.04 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

7. Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում առանց էկրանի վրա պարտադիր անընդմեջ «Նախընտրական (հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ) քարոզչություն» լուսագրի հաղորդումներ սփռելը, իսկ լսողական հաղորդումների դեպքում յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ դրա մասին չհիշեցնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` Հասույթի 0.05 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

8. Հեռարձակողների կողմից թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների գովազդի հեռարձակումը 06:00-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում ծխախոտի և ծխախոտային արտադրության գովազդի հեռարձակումը, ինչպես նաև մանկապատանեկան տեսալսողական հաղորդումներում ծխախոտի կամ ծխախոտային արտադրության ապրանքատեսակների ուղղակի կամ անուղղակի օգտագործումը կամ ցուցադրումը՝

առաջացնում են տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

9. Լրատվական հաղորդումների գովազդային ընդհատումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

10. Հեռարձակողի կողմից ամեն օր եթերում իր ելքային տվյալները չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

11. Հեռարձակողի կողմից իր հաղորդումների հեռարձակման ժամանակ անընդմեջ իր խորհրդանիշը չհեռարձակելը (բացառությամբ գովազդ հաղորդելու դեպքերի)՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

12. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող տեսալսողական հաղորդումների եթեր հեռարձակման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

13. Արբանյակային հեռարձակման մասին կարգավորող պետական մարմին ծանուցում չներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

14. Սույն օրենքի 6-րդ հոդվածի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

15. Տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյանի վարման սահմանված կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

16. Հեռարձակողի կողմից «Գովազդի մասին» օրենքի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

17. Հեռարձակողի կողմից հեռարձակված հաղորդումների տեսագրությունները և ձայնագրությունները սույն օրենքով սահմանված ժամկետով չպահպանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

18. Սույն օրենքի 7-րդ հոդվածի պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

19. Սույն օրենքի 42-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված պայմանները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.01 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

20. Սույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

21. Արգելված հովանավորություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

22. Պետության հայտարարած սգո և հիշատակի օրերին գովազդ և զվարճալի հաղորդումներ հեռարձակելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.03 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

23. Լիցենզիա ստացած Հեռարձակողի կողմից տեսալսողական ծրագրում մանկական, կրթական, մշակութային և մարզական թեմատիկ ուղղվածության տեսալսողական հաղորդումների շաբաթական եթերաժամի առնվազն 20 տոկոսի պահանջը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

24. Ծխելու տեսարաններ պարունակող տեսալսողական հաղորդման մեկնարկին տեսանելի չափով, հինգ վայրկյան տևողությամբ «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառման ուղեկցման պահանջը չպահպանելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` Հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

25. Առանց սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված ծանուցման գործունեություն իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

26. Հեռարձակողի, իսկ ոչ գծային տեղեկատվության դեպքում օպերատորի կողմից տեսալսողական ծրագիրը կամ դրա մասը առանց դրա իրավատերերի (հեղինակային կամ հարակից իրավունքի սուբյեկտ չհանդիսացող) համաձայնության տարածելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

27. Կարգավորող պետական մարմնի որոշմամբ կամ նախագահի գրությամբ կամ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն սահմանված ժամկետում չներկայացնելը կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

28. Կարգավորող պետական մարմին նախորդող տարվա հասույթի գոյացման բացվածքի և չափի վերաբերյալ տեղեկություն չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

29. Հեռարձակողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրին համապատասխան չգործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

30. Էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները չկիրառելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

31. Սույն հոդվածի 2-30-րդ մասերով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` կիրառված տույժի եռապատիկի չափով:

 

Հոդված 58. Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցումն ու դադարեցումը

 

1. Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե`

1) Հեռարձակողը սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով մեկ տարվա ընթացքում երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի (բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի), որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

2) Հեռարձակողը, սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով սույն օրենքի 57-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, մեկ տարվա ընթացքում մեկ անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո նույն տարվա ընթացքում կատարել է սույն օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որևէ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք.

3) Հեռարձակողի տեխնիկական միջոցները չեն համապատասխանում ընդունված ստանդարտներին, որի հետևանքով վտանգ է սպառնում մարդկանց առողջությանը, արգելքներ են ստեղծվում այլ Հեռարձակողների և օպերատորների գործունեության համար, չի ապահովվում տեսալսողական հաղորդումների տեխնիկական որակը.

4) լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում.

5) լիցենզիա ստացած Հեռարձակողը լիցենզիան ստանալու պահից վեց ամսվա ընթացքում չի հեռարձակել տեսալսողական հաղորդումներ.

6) այդ մասին կա Հեռարձակողի դիմումը.

7) խախտվել են օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները.

8) ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ վարչապետին կամ արտակարգ դրության ընթացքում ի պաշտոնե արտակարգ դրության տարածքի պարետ հանդիսացող փոխվարչապետին պաշտոնական հաղորդագրություն կատարելու համար եթերաժամանակ չի հատկացվել։

2. Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:

Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը:

3. Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝

1) իրավաբանական անձը լուծարվել է.

2) տեղի է ունեցել լիցենզիայի փոխանցում ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձանց.

3) լիցենզավորման կամ հեղինակազորման համար ներկայացված փաստաթղթերում էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն է հայտնաբերվել.

4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.

5) այդ մասին դիմում է ներկայացվել։

4. Տեսալսողական հաղորդումների հեռարձակման ընթացքում կատարված տեխնիկական կանոնների խախտման, թերացումների կամ հաղորդումների հեռարձակումը չապահովելու համար անձն ազատվում է պատասխանատվությունից, եթե հիմնավորվում է, որ դրանք թույլ են տրվել`

1) պետական լիազորված մարմինների կողմից տեխնիկական կանոնների կամ չափորոշիչների փոփոխության պատճառով.

2) տեխնիկական վերազինման նպատակով, որի մասին դրա իրականացումից առնվազն 30 օր առաջ գրավոր հիմնավորմամբ անձը տեղյակ է պահել կարգավորող պետական մարմնին և ստացել թույլտվություն.

3) անհաղթահարելի ուժի հետևանքով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում Հեռարձակողները ողջամիտ ժամկետում վերականգնում են տեսալսողական հաղորդումների հեռարձակումը:

6. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են:

 

Հոդված 59. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիայի դադարեցումը

 

1. Մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության լիցենզիան դադարեցվում է «Լիցենզավորման մասին» օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե`

1) մուլտիպլեքս օպերատորը կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետում չի ձեռք բերել օրենքով պահանջվող թվային հեռարձակման ցանց.

2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տևում է երեք ամսից ավելի:

 

Գ Լ ՈՒ Խ 10

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 60. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռարձակողները և օպերատորները շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետներին համապատասխան:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին նոր լիցենզիա ստացած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմաստով համարվում են հեղինակազորված և լիցենզիա ստացած Հեռարձակողներ:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած հեռուստառադիոընկերությունները սույն օրենքի իմաստով համարվում են հեղինակազորված:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում, սեփական տեսալսողական հաղորդում հեռարձակող մալուխային հեռուստառադիոընկերությունները դադարեցնում են սեփական հաղորդման հեռարձակումը:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մալուխային հեռուստառադիոընկերությունները համարվում են ցանցային օպերատորներ և շարունակում են իրենց գործունեությունը լիցենզիայի ժամկետով:

8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ցանցային օպերատորները կարգավորող պետական մարմին տեղեկություն են ներկայացնում իրենց ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կարգավորող պետական մարմնի նախագահը, անդամները, Խորհրդի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ավարտը:

10. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված չափորոշիչները և հասկացությունները կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

11. Ոչ գծային տեսալսողական տեղեկատվության վերաբերյալ գործունեությունը թույլատրող որոշում ստանալու համար հայտերը ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

12. Մրցութային հանձնաժողովի ձևավորման կարգը կարգավորող պետական մարմինը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

13. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիցենզավորման հայտ ներկայացրած Հեռարձակողները լիցենզիան ստանում են սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններին համապատասխան:

14. Լսողական ծրագիր հեռարձակողների համար անալոգային հաճախականությունների վրա տարածվում են սույն օրենքով սլոթի վերաբերյալ նախատեսված կարգավորումները:

15. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքով նախատեսված տուգանքները կիրառվում են 50 տոկոսի չափով:

16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, սույն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով արգելված արարքներ կատարելու համար կիրառվում է գրավոր նախազգուշացում:

17. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ձևավորած մրցութային հանձնաժողովի կազմը լուծարվում է:

18. Թվային ռադիոհեռարձակման անցնելիս լիցենզիա ստացած լսողական ծրագիր հեռարձակողները պարտավոր են իրենց տեխնիկական միջոցները համապատասխանեցնել թվային հեռարձակման ցանցով հեռարձակվելու համար նախատեսված միջոցներին:

19. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը չի տարածվում սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահին առկա պայմանագրային հարաբերությունների վրա մինչև պայմանագրերի գործողության ժամկետի ավարտը:

20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ցուցադրության դեպքում գործում է մեկ տարի հետո:

21. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

22. 2020 թվականին հայտարարվելիք լիցենզիաների գործողության ժամկետը լրանալու հիմքով սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների հետ միաժամանակ հայտարարվում են նաև բոլոր ազատ սլոթների օգտագործման լիցենզավորման մրցույթները:

23. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզիայի մրցույթը հայտարարված լինելու, բայց հայտերի քվեարկությունը կայացած չլինելու դեպքում այն չեղարկվում է, և մրցույթ է հայտարարվում սույն օրենքով սահմանված կարգով: Չեղարկված մրցույթի մասնակցության համար վճարված պետական տուրքը համարվում է վավեր Հեռարձակողի կողմից նոր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվելու դեպքում: Նոր մրցույթին մասնակցելու համար Հեռարձակողի կողմից հայտ չներկայացվելու դեպքում վճարված պետական տուրքը վերադարձվում է ամբողջությամբ:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. օգոստոսի 5

Երևան

ՀՕ-395-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան