Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-472-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.10.19-2020.11.01 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2020
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.10.2020
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին

 

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» 2017 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-182-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «փոստային» բառը փոխարինել «էլեկտրոնային» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․ Կրեդիտառուն իր գրավոր, այդ թվում` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա կարող է հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իրավունքից` տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում ստանալու պայմանով: Կրեդիտառուն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը և (կամ) 2-րդ մասով սահմանված քաղվածքն ստանալու կրեդիտավորողի տարածքում՝ առձեռն, որի դեպքում կրեդիտավորողը պարտավոր է նույն տեղեկատվությունը տրամադրել կրեդիտառուին փոստային, էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով: Տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը փոստային կամ կապի այլ միջոցներով կամ կրեդիտավորողի տարածքում առձեռն ստանալու՝ կրեդիտառուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Կրեդիտավորողն իրավունք չունի կրեդիտառուին պարտադրելու, այդ թվում` կրեդիտառուի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ կրեդիտառուն հրաժարվի սույն հոդվածով սահմանված տեղեկատվությունը և (կամ) քաղվածքը էլեկտրոնային կապով ստանալու իր իրավունքից:

Ընդ որում, կրեդիտառուն իրավունք ունի իր գրավոր դիմումով միակողմանի փոփոխելու հաղորդակցման միջոցը ոչ ավելի, քան տարին մեկ անգամ, և այդ փոփոխությունը կիրառվում է գրավոր դիմումը կրեդիտավորողի կողմից ստանալուց 30 օր հետո իրականացվող հաղորդակցման նկատմամբ։»․

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5. Հայաստանի Հանրապետությունում արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սույն հոդվածով սահմանված հաղորդակցման կարգի խախտման դեպքում կրեդիտավորողն ազատվում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվությունից, եթե նման կարգի ապահովման անհնարինությունը կապված է արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման հետ։»:

 

Հոդված 2 Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է կրեդիտառուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված որևէ իրավունք, այդ թվում, եթե կրեդիտավորողը կրեդիտավորման պայմանագրում չի ներառել սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված` կրեդիտավորման պայմանագրում ներառման ենթակա նվազագույն տեղեկությունները (պայմանները), ապա կրեդիտառուն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող կրեդիտառուի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ կրեդիտառուի բռնագանձվում է 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`

1) կրեդիտավորողը ձեռնարկել է կրեդիտառուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և

2) փաստացի վերացրել է կրեդիտառուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել, և

3) կրեդիտառուի իրավունքի խախտման հետևանքով կրեդիտառուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է կրեդիտավորողը։

Սույն հոդվածով նախատեսված՝ կրեդիտառուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` կրեդիտառուի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար:»:

 

Հոդված 3

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված՝ կրեդիտառուների կողմից այդ հոդվածով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:

3․ Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ ռազմական դրություն հայտարարելու որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ և դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա։

4․ Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված այն կրեդիտավորման պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա, որոնց խախտումները չնայած տեղի են ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, սակայն կրեդիտառուի կողմից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին իրավունքների խախտում հաստատելու վերաբերյալ պահանջ չի ներկայացվել:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հոկտեմբերի 29

Երևան

ՀՕ-472-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան