Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը և Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, այսուհետ` Կողմեր,
կարևոր նշանակություն տալով հանցավորության դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու քաղաքացիների իրավունքների և ազատությունների հուսալի պաշտպանության ապահովմանը,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների միջև համագործակցության ամրապնդման և զարգացման փոխադարձ ցանկությամբ,
հարգելով երկու պետությունների ինքնիշխանությունն ու անկախությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերը իրենց իրավասության շրջանակներում ապահովում են երկու պետությունների քաղաքացիների ու իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների, օրինական շահերի և սեփականության պաշտպանությունը` իրենց պետությունների քաղաքացիների ու իրավաբանական անձանց հետ հավասար:
Կողմերը պարտավորվում են մյուս Կողմի պետության քաղաքացիների և իրավաբանական անձանց բողոքների և դիմումների անարգել ընդունումն ու քննարկումը ներքին գործերի մարմինների կողմից` այն հարցերով, որոնք վերաբերում են այդ մարմինների իրավասությանը:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերը, հենվելով իրենց պետություններում գործող օրենսդրության վրա, համագործակցությունն իրականացնում են իրենց իրավասության սահմաններում` հետևյալ ուղղություններով.
ա) անձի կյանքի, առողջության, ազատության, արժանապատվության և սեփականության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի,
բ) բանդիտիզմի, ահաբեկչության և միջազգային հանցավորության դեմ պայքարի,
գ) զենքի ու զինամթերքի, պայթուցիկ, թունավոր ու ռադիոակտիվ նյութերի հետ կապված անօրինական գործողությունների դեմ պայքարի,
դ) թմրամիջոցների և հոգեներգործող նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի,
ե) կեղծ փաստաթղթերի, դրամանիշների և արժեթղթերի պատրաստման ու իրացման դեմ պայքարի,
զ) տնտեսության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
է) մաքսանենգության, ինչպես նաև այն հանցագործությունների դեմ պայքարի, որոնց օբյեկտը մշակութային և պատմական արժեքներ են հանդիսանում,
ը) հանցագործների, քննությունից, դատից ու պատիժը կրելուց թաքնվողների, անհայտ կորած, ինչպես նաև ալիմենտ վճարելուց և, ըստ հայցերի, դատարանների որոշումները կատարելուց խուսափող անձանց հետախուզման,
թ) Կողմերի պետությունների տարածքում հափշտակված առարկաների, այդ թվում` ավտոտրանսպորտի հետախուզման,
ժ) չճանաչված դիակների, անհայտ հիվանդների և երեխաների ինքնության պարզման,
ժա) ավտոմոբիլային, երկաթուղային, օդային և խողովակաշարային տրանսպորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի,
ժբ) տարերային աղետների, աղետների, խոշոր վթարների և հրդեհների, համաճարակների և կենդանիների համաճարակների հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների անցկացման,
ժգ) ճանապարհային երթևեկության անվտանգության և հակահրդեհային անվտանգության ապահովման,
ժդ) օդանավերի թռիչքների, դրանց անձնակազմերի և ուղևորների անվտանգության ապահովման,
ժե) գաղտնի միգրացիայի ոլորտում հսկողության և տեղեկության փոխանակման,
ժզ) կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման,
ժէ) գիտական, տեղեկատվական և տեխնիկական կապերի զարգացման,
ժը) նյութատեխնիկական ապահովման:
Կողմերը համագործակցում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաև այլ ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 3
Մինչև խորհրդարանների կողմից 1993 թվականի հունվարի 22-ին Մինսկում ստորագրված «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Կոնվենցիայի վավերացումը` Կողմերը, ընդունված փորձի, ազգային օրենսդրության, միջազգային իրավական նորմերի հիման վրա և փոխադարձ պայմանավորվածությամբ, պարտավորվում են հանցավորության դեմ պայքարում համագործակցությունն իրականացնել օպերատիվ-հետախուզական և դատավարական գործողություն անցկացնելու, քրեական գործերով և օպերատիվ հաշվառման գործերով հարցումներ և հանձնարարություններ կատարելու, ինչպես նաև երկու պետությունների օրենսդրություններին չհակասող այլ ձևերով:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի կատարման նպատակով Կողմերի կառուցվածքային ստորաբաժանումները, այսուհետ` կառուցվածքային ստորաբաժանումներ, իրենց իրավասության սահմաններում և նախարարությունների ղեկավարների թույլտվությամբ, կարող են հաստատել անմիջական կապեր իրենց գործունեության առանձին ուղղություններով:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերի համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) քրեական գործերով, օպերատիվ հաշվառման գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերով հարցումների, հանձնարարությունների և խնդրանքների կատարմամբ,
բ) նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների վերաբերյալ օպերատիվ-հետախուզական, օպերատիվ-տեղեկատու և քրեագիտական, ինչպես նաև արխիվային տեղեկության փոխանակմամբ,
գ) օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների և դատավարական գործողությունների անցկացմանն աջակցելով,
դ) օրենսդրական և նորմատիվ ակտերի, ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող ուսումնական գրականության և աշխատանքային փորձի փոխանակմամբ, ինչպես նաև` փոխադարձաբար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործում աջակցություն ցույց տալով,
ե) ավտոմոբիլային, քրեագիտական և հատուկ տեխնիկայի, կապի միջոցների, հանդերձանքի և արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի փոխշահավետ մատակարարմամբ,
զ) հատուկ բեռների տարանցիկ փոխադրումների իրականացմանը, դատապարտյալների տեղափոխմանը և ուղեկցմանն աջակցելով,
է) ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող գիտատեխնիկական տեղեկության փոխանակմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական խնդիրների վերաբերյալ գիտական հետազոտությունների, մշակումների և ծրագրերի համատեղ անցկացմամբ,
ը) ծածկագրային կապի կազմակերպմամբ,
թ) մշակութային և մարզական կապերի զարգացմամբ, աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների բուժմանը և սանատորաառողջարանային վերականգնմանն աջակցություն ցույց տալով:
Սույն Համաձայնագիրը Կողմերին չի արգելում մշակելու և զարգացնելու համագործակցության այլ փոխընդունելի ձևեր:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի «ա» մասով նախատեսված հարցումներն ու հանձնարարությունները պետք է պատշաճ կերպով ձևակերպված լինեն և ունենան հետևյալ ռեկվիզիտները`
ա) հարցումը կամ հանձնարարությունը ուղարկող կառուցվածքային ստորաբաժանման և այն կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, ում դրանք ուղղված են,
բ) հարցմանը կամ հանձնարարությանը վերաբերող գործի կամ նյութի անվանումը,
գ) վկաների, տուժածների, կասկածյալների, ամբաստանյալների կամ դատապարտյալների ազգանունները, նրանց քաղաքացիությունը, զբաղմունքը, մշտական բնակության վայրը, իսկ անհրաժեշտության դեպքում` նրանց օրինական ներկայացուցիչների ազգանունները և հասցեները,
դ) հարցման կամ հանձնարարության բովանդակությունը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկություններ դրանց էության վերաբերյալ և իրավախախտման հանցակազմի նկարագրությունը:
Հարցմանը կամ հանձնարարությանը կցվում են նաև պատշաճ կերպով ձևակերպված հատուկ որոշումներ, որոնք անհրաժեշտ են թույլատրված գործողություններ կատարելու համար:
Հարցումները կամ հանձնարարությունները պետք է հաստատված լինեն ներքին գործերի մարմնի ղեկավարի ստորագրությամբ և զինանշանի պատկերով կնիքով:
Հարցում կամ հանձնարարություն կատարելիս կատարող Կողմի պետական լեզվով կազմված փաստաթղթերը թարգմանվում են ռուսերեն:
Անհետաձգելի դեպքերում կարող են արվել բանավոր հարցումներ, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Հարցման կամ հանձնարարության բավարարումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցվող Կողմը գտնի, որ դրանց կատարումը սպառնում է իր պետության ինքնիշխանությանը, անվտանգության և այլ կարևոր շահերին:
Նման որոշում կայացնելու դեպքում հարցնող Կողմը տեղեկացվում է մերժման պատճառների գրավոր նշումով:
ՀՈԴՎԱԾ 7
Կողմերից յուրաքանչյուրը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները մյուս Կողմի հաղորդած տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու համար, եթե այդ տեղեկությունները կրում են փակ բնույթ, կամ եթե հաղորդող Կողմը դրանց բովանդակության հրապարակումը համարում է անցանկալի: Տեղեկությունների փակ լինելու աստիճանը որոշում է հաղորդող Կողմը:
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերից որևէ մեկի ստացած նյութերը, տեղեկությունը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները երրորդ Կողմին կարող են փոխանցվել բացառապես դրանք տրամադրող Կողմի համապատասխան մարմնի կամ կառուցվածքային ստորաբաժանման համաձայնությունը ստանալուց հետո միայն:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, իրենց աշխատակիցներին կարող են գործուղել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններ:
Ծառայողական գործուղման մեջ գտնվող աշխատակիցներին ցույց է տրվում անհրաժեշտ օգնություն ապահովելու համար նրանց իրավական պաշտպանվածությունը` ընդունող Կողմի գործող օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը պայմանավորվել են, անհատական կարգով և հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, քննարկել մյուս Կողմի ներքին գործերի մարմիններում աշխատակիցներին ծառայության ընդունելու հարցերը, լուծել նրանց ծառայողական ստաժի պահպանման հարցերը` երկարամյա ծառայության համար տոկոսային հավելավճար տալու և պետական կենսաթոշակ նշանակելու համար` այն չափերով, որ սահմանված է ընդունող Կողմի ՆԳ մարմինների աշխատակիցների համար:
ՀՈԴՎԱԾ 10
Համագործակցություն իրականացնելիս Կողմերն օգտվում են հայերենից, տաջիկերենից կամ ռուսերենից:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերի լիազորված ներկայացուցիչները անհրաժեշտության դեպքում հանդիպում են միմյանց` սույն Համաձայնագրի դրույթների իրականացման հետ կապված հարցերի համաձայնեցման համար:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի` միջազգային այլ պայմանագրերով և համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները:
ՀՈԴՎԱԾ 13
Կողմերն ինքնուրույն կկատարեն սույն Համաձայնագրի գործողության ընթացքում առաջացող ծախսերը, եթե այլ կարգ չսահմանվի:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի մինչև վեց ամիս լրանալը` սկսած այն օրից, երբ Կողմերից մեկը կստանա նրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը:
Երկու Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Կատարված է Մինսկ քաղաքում 1995 թվականի փետրվարի 17-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և տաջիկերեն, որոնք ունեն միանման ուժ:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի փետրվարի 17-ից:
