ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի ապրիլի 17-ին
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքներ՝ նշված անձանց պատկանող օգտագործված ապրանքներ (բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների), որոնք նախատեսված են ֆիզիկական անձի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար, ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ և չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնաիրային չափերը, և անձնական օգտագործման տրանսպորտային միջոց հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, դրանց կցորդներ՝ յուրաքանչյուր տեսակից մեկ միավորից ոչ ավելի քանակի, որոնք գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ նախքան ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչելու փաստը հաստատող կամ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ունենալու փաստը հաստատող փաստաթղթի տրամադրման օրը, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ Հայաստանի Հանրապետությունում ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«անձնական օգտագործման ապրանքներ՝ ապրանքներ, որոնք նախատեսված են ֆիզիկական անձանց՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ չկապված անձնական, ընտանեկան, տնային և այլ կարիքների համար և Միության մաքսային սահմանով տեղափոխվում են ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով, միջազգային փոստային առաքանիներով առաքման կամ այլ եղանակով:»:
Հոդված 3. Օրենքի 249-րդ հոդվածի 10-րդ մասում «մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքը» բառերը փոխարինել «սույն օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց անձնական օգտագործման ապրանքները» բառերով:
Հոդված 4. Օրենքի 249-րդ հոդվածի 11-23-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 249.1-ին հոդվածով.
«Հոդված 249.1. | Մի շարք ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մաքսային վճարների արտոնությունները |
1. Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած մաքսային վճարների արտոնություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 266-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձ է ճանաչվում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ:
3. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված այն ֆիզիկական անձին, որը այդ փաստաթուղթն ստանալու նպատակով նույն մասում հիշատակված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
4. Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը և նախորդ բնակության երկրում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում.
1) նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
2) անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ, ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ․
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքներ այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չեն ներմուծվել.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնաիրային չափերը:
5. Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու տեղեկատվության հիման վրա:
6. Սույն հոդվածին համապատասխան՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքի, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասի իմաստով՝ դիտարկվող ժամանակահատված է համարվում անձի կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռի տեղափոխման փաստով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվան նախորդող 420 օր տևողությամբ ժամանակահատվածը:
9. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ:
10. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:
11. Սույն հոդվածի 4-րդ և 7-րդ մասերում նշված անձինք միաժամանակ չեն կարող օգտվել սույն հոդվածում նշված մեկից ավելի արտոնությունից:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով:
13. Սույն հոդվածով սահմանված մաքսային վճարների արտոնություններով ձևակերպված ապրանքների մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության առաջացումը և դադարումը, դրանց վճարման ժամկետներն ու հաշվարկումը կարգավորվում են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 268-րդ և 269-րդ հոդվածներով:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-234-Ն |