ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «, միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորումը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24-րդ և 25-րդ կետերով.
«24) ընդունում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր՝ միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փոխադրման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, միջուկային և ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության, վթարային պատրաստվածության և հակազդման վերաբերյալ նորմեր, կանոններ, պահանջներ, կարգեր, պայմաններ, ցանկեր.
25) կնքում է միջազգային պայմանագրեր:»:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետով.
«ժ) ռադիոակտիվ թափոնների վերամշակում կամ պահում:»:
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի «ցանկը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 20 Երևան ՀՕ-136-Ն |