Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-367-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.08.01/58(1416) Հոդ.823
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի հուլիսի 12-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 2-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 27.1

 

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 234.1. Հայցադիմում ներկայացնելը

 

1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանիքում բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

 

Հոդված 234.2.

Հայցադիմումին ներկայացվող պահանջները

 

1. Պաշտպանական որոշման կայացման վերաբերյալ հայցադիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներն այնքանով, որքանով կիրառելի են սույն գլխով նախատեսված վարույթի նկատմամբ:

2. Հայցադիմումը ներառում է նաև`

1) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի վերաբերելի դրույթները.

2) տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանիքում բռնության ենթարկված անձի միջև ընտանիքում և (կամ) արյունակցական կապերի մասին.

3) ընտանիքում բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.

4) «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.

5) պատասխանողի՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:

3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված` նախազգուշացման մասին և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:

4. Հայցադիմումն աջակցության կենտրոնի կողմից ներկայացվելու դեպքում հայցադիմումին կցվում է բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի՝ աջակցության կենտրոնին տված գրավոր համաձայնությունը դատարան դիմելու համար:

 

Հոդված 234.3. Հայցադիմումի քննությունը

 

1. Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծում է այն ներկայացվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

2. Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումն ստանալու օրվանից՝ եռօրյա ժամկետում:

3. Դատարանը պաշտպանական որոշման կիրառման մասին հայցադիմումը քննում և դրա վերաբերյալ որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելու պահից` տասնօրյա ժամկետում:

4. Գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե (“ex officio”): Դատարանը կաշկանդված չէ դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծմանն անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

5. Հայցադիմումի քննության ընթացքում առերևույթ հանցակազմի հատկանիշներ հայտնաբերելիս դատարանը, առանց վարույթը կասեցնելու, դիմում է գլխավոր դատախազին՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու միջնորդությամբ:

 

Հոդված 234.4. Դատական ակտը

 

1. Հայցադիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.

1) հայցը բավարարելու և պաշտպանական որոշումը կայացնելու մասին.

2) հայցը մերժելու մասին.

3) հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումներից մեկը կամ մի քանիսը կիրառելու մասին.

4) հայցը մասնակի բավարարելու և հայցադիմումում նշված սահմանափակումների փոխարեն այլ սահմանափակում (սահմանափակումներ) կիրառելու մասին:

2. Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը: Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝

1) ընտանիքում բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ եղող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտությունը.

2) ընտանիքում բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:

3. Դատարանի կայացրած պաշտպանական որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանիքում բռնության ենթարկված անձը, ապա նաև այն ներկայացրած անձին: Անհրաժեշտության դեպքում դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը և «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաև խնամակալության և հոգաբարձության մարմին:

5. Պաշտպանական որոշումը դրանում նշված ժամկետից շուտ կարող է վերացվել դատարանի կողմից` ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված կարգով կնքված հաշտության դեպքում: Ընտանիքում բռնության ենթարկված կամ բռնություն գործադրած անձը պաշտպանական որոշումը վերացնելու նպատակով դատարան է ներկայացնում դիմում և աջակցության կենտրոնի մասնակցությամբ կնքված հաշտության համաձայնությունը: Պաշտպանական որոշումը վերացնելու մասին որոշումը դատարանը կայացնում է առանց նիստ հրավիրելու:

6. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-367-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան