ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | Օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով զինվորական հաշվառումից հանված կամ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճված կամ նույն հիմքով քրեական գործի հարուցումը մերժված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
(1-ին հոդվածը խմբ. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, փոփ., լրաց. 29.04.09 ՀՕ-100-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-178-Ն, 23.06.11 ՀՕ-217-Ն, 05.12.12 ՀՕ-221-Ն, 11.12.13 ՀՕ-127-Ն, 30.04.15 ՀՕ-25-Ն, 06.12.17 ՀՕ-249-Ն)
Հոդված 2. |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հաշվարկվող գումարը |
(վերնագիրը խմբ. 06.12.17 ՀՕ-249-Ն)
1. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (այսուհետ՝ օրենքով սահմանված վճար):
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն, փոփ. 28.11.07 ՀՕ-274-Ն, 29.04.09 ՀՕ-100-Ն, խմբ. 06.12.17 ՀՕ-249-Ն)
Հոդված 3. | Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է: Դիմում կարող է ներկայացնել նաև պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու լիազորած անձը:
2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կամ նրա լիազորած անձի դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշվեն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը և հայրանունը, Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը և պատճառները: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու ծննդյան վկայականի և անձնագրի պատճենները, բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք, քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմք ունենալու դեպքում՝ նաև հիմքը հաստատող փաստաթղթերը, իսկ դիմումը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նաև լիազորված անձի անձնագրի պատճենը: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով և դրանց պատճեններով: Եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով և նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Տարածքային զինվորական կոմիսարիատում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:
Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության, հյուպատոսական հիմնարկի կամ լիազորված անձի միջոցով:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները, համապատասխան մարմինների ներկայացմամբ, կատարում է դիմումատուն:
(3-րդ հոդվածը փոփ. 29.04.09 ՀՕ-100-Ն, լրաց., խմբ. 06.12.17 ՀՕ-249-Ն)
Հոդված 4. | Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումների վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվում է պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանձնաժողով, և հաստատվում են հանձնաժողովի անհատական կազմն ու գործունեության կարգը: Հանձնաժողովի եզրակացությունը հաշվի առնելով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ընդունում է հրաման՝ քաղաքացու կողմից վճարվող գումարի չափի մասին: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա հանձնաժողովի կողմից դիմումատուին երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմումի պատասխան, որում նշվում են վճարվող գումարի չափը և վճարման հաշվի համարը:
Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:
(4-րդ հոդվածը խմբ. 21.06.18 ՀՕ-345-Ն)
Հոդված 5. | Վճար մուծելու և գոյացած գումարների օգտագործման կարգը |
(վերնագիրը լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, սույն օրենքով սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում և օգտագործվում են ռազմական կարիքների բավարարման համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(5-րդ հոդվածը լրաց. 24.10.05 ՀՕ-201-Ն)
Հոդված 6. | Հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը և պահեստազորում հաշվառելը |
Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում:
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից:
2. Սույն օրենքից բխող իրավական ակտերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Հոդված 8. |
Եզրափակիչ դրույթ |
Սույն օրենքը գործում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
(8-րդ հոդվածը լրաց. 06.12.17 ՀՕ-249-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|