Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-333-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2018-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.07.04/19(622) Հոդ.718
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2018 թվականի մայիսի 23-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 114-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 115.

Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

 

1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնելու պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին:

2. Դատապարտյալը դիմումով կարող է հիմնավորել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու համար դիմելու պատճառները:

3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է պրոբացիայի ծառայությանը: Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալուց հետո արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարի սահմանած ժամկետում և կարգով պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին պաշտոնապես ծանուցում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնին (այսուհետ՝ քրեակատարողական ծառայություն)՝ կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:

4. Քրեակատարողական ծառայությունը և պրոբացիայի ծառայությունը պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ): Դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանվելու դեպքում զեկույցները կազմվում են պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում:

5. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

6. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:

7. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի մասին:

8. Եթե քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: Որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան որոշումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

9. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշման և զեկույցների պատճենները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կայացված որոշումն օրենսդրությանը հակասող համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը նշված ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարին: Վերջինս միջնորդագրի քննության արդյունքների մասին տեղեկացնում է միջնորդագրի հեղինակին: Եթե միջնորդագրի քննության ընթացքում պարզվում է, որ դատապարտյալը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկել է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը, ապա արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարը միջնորդագիրը վերադարձնում է միջնորդագրի հեղինակին:

10. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելիս միջնորդագրին կցվում են զեկույցները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և դատապարտյալի կողմից ներկայացված նյութերը (առկայության դեպքում):

11. Դրական զեկույցների դեպքում` մինչև զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի`

1) իրեն մատչելի ձևով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով ծանոթանալու իր վերաբերյալ կազմված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները.

2) ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.

3) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ.

4) ստանալու իր վերաբերյալ կազմված զեկույցները.

5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից.

6) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ:

12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երեք ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

13. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

14. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցը կազմելու կարգը սահմանում է արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարը:

15. Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, կազմում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց: Այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:

3. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2018 թ. հունիսի 7

Երևան

ՀՕ-333-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան