ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասից և 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «լիազորված» բառը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) պետական գույքի կառավարման մարմին` պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմին.».
2) 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄԻՏԵԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է Կառավարությունը: Կառավարության լիազորություններն են`».
2) 8-րդ կետի «պետական կառավարչական հիմնարկներին» բառերը փոխարինել «պետական մարմիններին» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով.
«Հոդված 6.1. |
Պետական գույքի կառավարման մարմինը |
1. Պետական գույքի կառավարման մարմինը Պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:»:
Հոդված 6. Օրենքում «պետական գույքի կառավարման լիազորված մարմին» և «վերադաս կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կոմիտե» բառով:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 7. |
Կոմիտեի լիազորությունները |
1. Կոմիտեն՝
1) իրականացնում է իրեն հանձնված (ամրացված) պետական գույքի (այդ թվում՝ իր կառավարմանը հանձնված բաժնետոմսերի) կառավարումը և սպասարկումը.
2) համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, ինչպես նաև առանձին տարածքների արդյունավետ օգտագործման, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի սեփականության իրավունքի ճանաչման և արդյունավետ օգտագործման վերաբերյալ.
3) համակարգում է պետական գույքի գույքագրման աշխատանքները և համապատասխան պետական կառավարման մարմինների հետ համատեղ դրանց անցկացումը, համապատասխան նախարարին ներկայացնում է հաշվետվություններ պետական գույքի գույքագրման արդյունքների և վիճակի փոփոխությունների վերաբերյալ.
4) իրականացնում է պետական գույքի հաշվառման աշխատանքները և վարում պետական գույքի հաշվառման գրանցամատյանը.
5) համագործակցում է միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունների և օտարերկրյա ներդրողների հետ.
6) պետական գույքի կառավարման ոլորտում աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակմանը և դրանց իրագործմանը.
7) մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում պետական գույքի կառավարման եռամյա ծրագիրը, դրա կատարման արդյունքների մասին կազմում և համապատասխան նախարարին է ներկայացնում տարեկան հաշվետվություն, ինչպես նաև իրականացնում է պետական գույքի կառավարման եռամյա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների ամփոփումը.
8) մշակում է պետական գույքի օտարման մասին իրավական ակտերի նախագծեր և իրականացնում է պետական գույքի, այդ թվում՝ պետական շենքերով և շինություններով կառուցապատված հողամասերի սահմանված կարգով օտարումը.
9) կազմակերպում է օտարվող պետական գույքի գնահատման աշխատանքների իրականացումը.
10) մշակում է պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի նախագծեր և համապատասխան նախարարության միջոցով դրանք ներկայացնում համապատասխան նախարարին.
11) առևտրային կազմակերպություններում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսի (բաժնեմասի) լուծարման և ֆինանսական առողջացման ոլորտներում մշակում և համապատասխան նախարարին է ներկայացնում մասնավորեցման ծրագրերում ընդգրկված առևտրային կազմակերպությունների լուծարման կամ ֆինանսական առողջացման վերաբերյալ առաջարկությունները.
12) պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքում է գործարքներ և գործարքներով մյուս կողմի համար նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.
13) իրականացնում է պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) կառավարումը.
14) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է պետական գույքի հաշվառման բնագավառում արդիական մեթոդների ներդնումը և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում պետական գույքի համակարգված հաշվառում.
15) պետական գույքի օտարման գործընթացում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է աճուրդներ և մրցույթներ.
16) ապահովում է օտարման ենթակա պետական գույքի վաճառքի կազմակերպումը, որի իրականացման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին.
17) իրականացնում է պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում մշակում է պետական գույքի անհատույց օգտագործման և վարձակալության տրամադրման մասին իրավական ակտերի նախագծեր.
18) պետական գույքի արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան նախարարին ներկայացնում է առաջարկություններ, իր լիազորությունների շրջանակում ընդունում է իրավական ակտեր.
19) մշակում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագծերը և ներկայացնում համապատասխան նախարարին, դրանք ընդունվելուց հետո իրականացնում է հավատարմագրային կառավարման հանձնելու գործընթացը.
20) իրականացնում է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ և վերլուծություն, որոշում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, կառավարման ոլորտում կատարված աշխատանքների գնահատում, այդ թվում գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատում, արդյունքների հիման վրա խրախուսման կամ պատասխանատվության միջոցների կիրառման առաջարկությունների ներկայացում.
21) կազմակերպում է պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման աշխատանքները.
22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու աշխատանքները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է համապատասխան պայմանագրեր:»:
Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «պետական կառավարչական հիմնարկներին» բառերը փոխարինել «պետական մարմիններին» բառերով, իսկ «հիմնարկների հաշվեկշռում» բառերից առաջ լրացնել «պետական մարմինների հաշվեկշռում և» բառերով:
Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածում «պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների» բառերը փոխարինել «պետական մարմնի, պետական այլ հիմնարկների» բառերով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2018 թ. մարտի 30 Երևան ՀՕ-302-Ն |