ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «բացի» բառից հետո լրացնել «սննդամթերքի անվտանգության ոլորտի և» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝
1) 5-րդ և 6-րդ մասերը «չապահովելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ մասով.
«Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առևտուր և (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`
առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 1-ին մասի «և երեսուներորդ» բառերը փոխարինել «, երեսուներորդ և երեսունհինգերորդ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 6 Երևան ՀՕ-215-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|