ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 76-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի (այսուհետ՝ անկախ հանձնաժողով) եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝
1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և
2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ մասերով.
«1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.
5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
10) սոցիալական միջավայրը.
11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:».
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:».
4) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:».
6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ մասերով.
«5.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:
5.2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:
5.3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ տասը տարի ժամկետով:».
8) 6-րդ մասի «պատժի չկրած մասի» բառերը փոխարինել «փորձաշրջանի» բառով.
9) 7-րդ մասի «հինգերորդ մասում» բառերը փոխարինել «երրորդ մասի 5-րդ կետում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված» բառերով, իսկ «հանգամանքը» բառը՝ «հանգամանքները» բառով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածը`
1) «Անչափահաս» բառից առաջ լրացնել «1.» թվով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ:»:
Հոդված 4. Չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը:
Հոդված 5. Եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունիսի 1-ին:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով Օրենսգրքի 76-րդ հոդվածում լրացվող 5.1-ին մասն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 21 Երևան ՀՕ-62-Ն
ՆախագահՍ. Սարգսյան