Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-21-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2017-09.04.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.  Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պատվիրատու`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ,

բ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

գ. պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ,

դ. պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններ,

ե. պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),

զ. պետությունից կամ համայնքից կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձինք` նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով ստացված միջոցների հաշվին կատարվող գնումների մասով,

է. պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ,

ը. հանրային կազմակերպություններ.

2) հանրային կազմակերպություններ`

ա. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ներառված անձինք, որոնք գործունեություն են իրականացնում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում, բացառությամբ այն անձանց, որոնք սույն պարբերության մեջ նշված ցանկում ներառվել են էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործման շրջանակում մատուցվող ծառայությունների մասով գերիշխող դիրք ունենալու հանգամանքով պայմանավորված,

բ. հանրային ծառայությունների ոլորտի այլ կազմակերպություններ, որոնք հատուկ կամ բացառիկ իրավունքով իրականացնում են սույն հոդվածով սահմանված` մեկ կամ մեկից ավելի համապատասխան գործունեության տեսակ, եթե գնումը կատարվում է համապատասխան գործունեության տվյալ տեսակն իրականացնելու նպատակով.

3) գնում` պատվիրատուի հատուցմամբ` ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու միջոցով բոլոր տեսակի ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, լիզինգը, պատվիրատուի կողմից նվիրաբերության կարգով իրավաբանական անձանց հատկացվող միջոցների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, փոխանակման ձևով ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերումը, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների շրջանակներում մասնավոր հատվածի գործընկերոջը իրավունքների շնորհումը.

4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.

5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.

7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.

8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.

9) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

10) պայմանագրի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.

11) էլեկտրոնային աճուրդ` էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ նոր` նվազեցված գների ներկայացման գործընթաց, որը հնարավորություն է տալիս ավտոմատ գնահատման մեթոդներով (միջոցներով) որոշել հայտեր ներկայացրած մասնակիցների զբաղեցրած տեղերը` հաջորդականությունը.

12) էլեկտրոնային միջոցներ` մալուխային, ռադիո, օպտիկական միջոցներով կամ էլեկտրամագնիսական այլ միջոցներով փոխանցված, տեղափոխված և ստացված տվյալների մշակման ու պահպանման, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով գնման ընթացակարգերի կազմակերպման համար անհրաժեշտ էլեկտրոնային, այդ թվում` ծրագրային և ապարատային միջոցներ.

13) լիազորված մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմին.

14) տեղեկագիր` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով www.procսremeոt.am հասցեով գործող ինտերնետային կայք.

15) հատուկ կամ բացառիկ իրավունք` իրավունք, որը բխում է իրավական կամ վարչական ակտով իրավասու մարմնի տրամադրած իրավասություններից, որի նպատակն է որոշակի գործունեության իրականացման իրավունքը (ներառյալ՝ հանրային ծառայությունների ոլորտում) վերապահել մեկ կամ սահմանափակ թվով կազմակերպությունների, և որով էապես սահմանափակվում է նման գործունեություն իրականացնելու այլ կազմակերպությունների հնարավորությունը: Հատուկ կամ բացառիկ իրավունք չեն այն իրավունքները, որոնք շնորհվել են հրապարակային մրցույթի արդյունքում, և դրանց շնորհումը հիմնված է եղել ոչ խտրական չափորոշիչների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ հրապարակային մրցույթի արդյունքում շնորհված իրավունքը օրենքով սահմանված կարգով համարվում է բացառիկ.

16) գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.

17) գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.

18) խորհրդատվական ծառայություններ` ծառայություններ, որոնց մատուցման արդյունքում ստեղծվում են ոչ նյութական` ֆիզիկական սուբստանցիայից զուրկ ակտիվներ (արժեքներ).

19) խորհրդատու` պատվիրատուի հետ խորհրդատվական ծառայությունների պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.

20) ընտրված խորհրդատու` խորհրդատու (խորհրդատուներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել խորհրդատվական ծառայությունների պայմանագիր.

21) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.

22) համապատասխան գործունեություն` հանրային ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության ներքոհիշյալ տեսակներ, որոնց շրջանակում կատարվող գնումների վրա տարածվում է սույն օրենքը: Դրանք են`

ա. էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ՝ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական, ջերմային էներգիայի և բնական գազի հաղորդումը (փոխադրումը) և բաշխումը, էլեկտրաէներգետիկական և բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի ծառայությունների իրականացումը, էլեկտրաէներգետիկայի և ջերմաէներգետիկայի ոլորտներում նոր արտադրական հզորությունների կառուցումը կամ վերականգնումը, էլեկտրաէներգետիկայի, ջերմաէներգետիկայի և բնական գազի ոլորտներում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերի կառուցումը,

բ. խմելու, ոռոգման, արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը,

գ. էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում հանրային ցանցի շահագործումը,

դ. փոստային կապի, երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու բնագավառներում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնային կարգավորման ենթակա ծառայությունները,

ե. տրանսպորտային ոլորտում հասարակական ծառայությունների մատուցման համար նախատեսված (գոյություն ունեցող) ցանցերի տրամադրում կամ շահագործում: Տրանսպորտային ծառայությունների մատուցման ցանցը համարվում է գոյություն ունեցող, երբ շահագործման պայմանները, այդ թվում` սպասարկման ենթակա երթուղիները կամ տրամադրվելիք տարողունակությունը կամ սպասարկման հաճախականությունը սահմանում է իրավասու պետական մարմինը,

զ. աշխարհագրական տեղանքի շահագործում`

- նավթի, գազի, ածուխի կամ այլ կոշտ վառելիքի հետախուզման կամ արտազատման նպատակով,

- օդային կամ ջրային ուղիներով փոխադրումներ իրականացնողներին օդանավակայանների կամ այլ տերմինալային օբյեկտների տրամադրման նպատակով.

23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.

24) գնման գին` ապրանքը, աշխատանքը, ծառայությունը ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվարկված նախահաշվային գինը:

 

Հոդված 3. Օրենքի նպատակը, սկզբունքները և գործողության ոլորտը

 

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`

1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.

2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:

2. Գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.

3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

3. Սույն օրենքի իմաստով՝ գնումը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող, եթե պայմանագիրը կնքվում և դրա շրջանակում ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք են բերվում ու օգտագործվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

4. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում գործարքների հետևյալ տեսակների վրա.

1) աշխատանքային պայմանագրեր.

2) օրենքով նախատեսված դեպքերում քրեական, վարչական կամ դատական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց որոշումներով նախատեսված կոնկրետ անձանց կողմից մատուցվող ծառայությունների ձեռքբերում.

3) արժեթղթերի հավատարմագրային կառավարման հետ կապված գործարքներ:

 

Հոդված 4. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

 

1. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից: Գնումների մասին իրավական այլ ակտերը հրապարակվում են նաև պաշտոնական տեղեկագրում:

 

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական այլ ակտերը

 

1. Սույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը.

2) էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը.

3) էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը.

4) գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը.

5) պետություն-մասնավոր գործընկերության գործարքների տեսակները, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բնութագրերի կազմման և հաստատման կարգը.

6) սույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները.

7) գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը.

8) հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները.

9) պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը.

10) գնումների համակարգողներին որակավորում շնորհելու և նրանց շարունակական մասնագիտական վերապատրաստում անցկացնելու կարգը.

11) գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը.

12) սույն օրենքով նախատեսված փոխկապակցված անձանց հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը.

13) ընտրանքային կարգով պատվիրատուների հաստատած գնման առարկաների բնութագրերը և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջները` սույն օրենքով նախատեսված մրցակցության ապահովման և խտրականության բացառման պահանջների պահպանման տեսանկյունից գնահատման կարգը.

14) էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը.

15) փակ պարբերական մրցույթով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը.

16) բողոքարկման վճարը վերադարձնելու կարգը.

17) ըստ գնման ձևերի՝ հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի և պայմանագրի ապահովման պահանջները:

 

Հոդված 6. Գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

 

1. Բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`

1) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Մասնակիցն ընդգրկվում է նշված ցուցակում, եթե`

ա. խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,

բ. որպես ընտրված մասնակից հրաժարվել է պայմանագիր կնքելուց,

գ. հայտերը բացելուց հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, հրապարակում է լիազորված մարմինը: Գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկված մասնակցի վերաբերյալ ունեցած տեղեկությունների հիման վրա լիազորված մարմինը պաշտոնական ընթացակարգ է նախաձեռնում գնումների բողոքարկման խորհրդում՝ առանց վճարի: Տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացնում մասնակցին սույն հոդվածով նախատեսված ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Անձը նշված ցուցակում ընդգրկվում է երկու տարի ժամկետով:

3. Մասնակիցը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշները: Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

1) մասնագիտական գործունեության համապատասխանություն պայմանագրով նախատեսված գործունեությանը.

2) մասնագիտական փորձառություն.

3) տեխնիկական միջոցներ.

4) ֆինանսական միջոցներ.

5) աշխատանքային ռեսուրսներ:

4. Չեն կարող սահմանվել մասնակցի` գնումներին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`

1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և սահմանափակում են մրցակցությունը` անհիմն կերպով բարդացնում կամ պարզեցնում են հնարավոր մասնակցությունը գնման գործընթացին.

3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

5. Հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր տվյալների համապատասխանության ապահովման շրջանակում մասնակիցը, անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել այլ անձանց ֆինանսական և տեխնիկական միջոցների վրա՝ համապատասխան պայմանագրով սահմանված իրավահարաբերության հիման վրա:

6. Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:

 

Հոդված 7. Գնումներին մասնակցելու հավասարությունը

 

1. Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք:

2. Գնումների գործընթացին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասը չի կիրառվում, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է, որ հայտեր կարող են ներկայացնել բոլորը, անկախ նրանց` օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն, քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ընդ որում, հայտարարությունը ենթակա չէ փոփոխման: Եթե կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասը, ապա գնումների կամ նախաորակավորման հայտարարության մեջ նշվում է այդ սահմանափակման մասին:

4. Արգելվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերով սահմանված փոխկապակցված անձանց և (կամ) միևնույն անձի (անձանց) կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն անձի (անձանց) պատկանող բաժնեմաս ունեցող կազմակերպությունների միաժամանակյա մասնակցությունը գնման միևնույն գործընթացին, բացառությամբ`

1) պետության կամ համայնքների կողմից հիմնադրված կազմակերպությունների.

2) սույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված մասնակցության դեպքերի:

5. Պատվիրատուի մասնակցությամբ իրավաբանական անձինք գնումներին մասնակցում են այլ մասնակիցների հետ հավասար իրավունքով, և այդ կազմակերպություններում պատվիրատուի մասնակցության հանգամանքը չի կարող հանգեցնել այդ անձանց համար որևէ արտոնության կամ այլ նպաստավոր պայմանների սահմանմանը և կիրառմանը:

 

Հոդված 8. Փաստաթղթերը, դրանց վավերապայմանները և էլեկտրոնային գնումները

 

1. Համապատասխան (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթեր կազմելով՝ պետք է ապահովվեն գնմանը վերաբերող տեղեկությունների գրառումը և պահպանումը:

2. Հրավերով մասնակցին տեղեկություն ներկայացնելու պայման սահմանվելու դեպքում միաժամանակ ներկայացվում են այդ տեղեկության վավերապայմանները: Սույն օրենքով սահմանված գործառույթների շրջանակներում հաղորդակցությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, ընդ որում`

1) հայտարարությունը և հրավերը կարող են տրամադրվել էլեկտրոնային եղանակով.

2) հրավերով նախատեսված դեպքում և կարգով հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով:

3. Էլեկտրոնային ձևով հաղորդակցության համար օգտագործվելիք միջոցները պետք է լինեն ոչ խտրական, ընդհանուր առմամբ մատչելի լինեն հնարավոր ցանկացած մասնակցի և փոխգործակցող տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ընդհանուր օգտագործման միջոցների հետ:

4. Հայտերի` էլեկտրոնային եղանակով փոխանցման և ստացման միջոցների նկատմամբ պարտադիր կարգով կիրառելի են հետևյալ կանոնները.

1) շահագրգիռ մասնակիցներին մատչելի են հայտերի էլեկտրոնային ձևով ներկայացման համար անհրաժեշտ հատկանիշներին (այդ թվում` կոդավորմանը) վերաբերող տեղեկությունները.

2) հայտերի` էլեկտրոնային ձևով ստացման էլեկտրոնային սարքերը պետք է երաշխավորեն ստացված տվյալների ամբողջականությունն ու գաղտնիությունը` նվազագույնն ապահովելով հետևյալ պայմանները.

ա. հնարավոր է հստակ որոշել հայտերի ստացման ճշգրիտ ժամն ու ամսաթիվը,

բ. նախքան տվյալների փոխանցման համար սահմանված ժամկետները` փոխանցված տվյալները մատչելի չեն ոչ ոքի համար,

գ. այն դեպքում, երբ խախտվել է փոխանցված տվյալների մատչելիության արգելքը` հնարավոր է հստակ պարզել չարտոնված մուտքը,

դ. ստացված տվյալների բացման ժամկետները կարող են սահմանել կամ փոփոխել միայն լիազորված անձինք,

ե. գնումների ընթացակարգի տարբեր փուլերում` ստացված տվյալներին մուտք գործելը հնարավոր է առնվազն երկու լիազոր անձանց (համակարգերի) համաժամանակյա գործողությամբ և միայն սույն կետի համաձայն սահմանված ժամկետից հետո,

զ. սույն մասի պահանջներին համապատասխան ստացված և բացված տվյալները պետք է մատչելի մնան միայն դրանց ծանոթանալու լիազորություն ունեցող անձանց համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել էլեկտրոնային ձևով իրականացվող գնումներին մասնակցության վճար:

 

Հոդված 9. Գնման ընթացակարգի արձանագրությունը և հաշվետվությունները

 

1. Եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա պայմանագիրը կնքվելուն կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարելուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն կազմում է գնման ընթացակարգի արձանագրություն: Գնման ընթացակարգի արձանագրությունը գնման ձևին համապատասխան պարունակում է`

1) պատվիրատուի անվանումը, գտնվելու վայրը.

2) գնման անհրաժեշտությունը և գնման ձևի ընտրության հիմնավորումը.

3) հրավերը և դրանում կատարված փոփոխությունները.

4) գնման վերաբերյալ ստացված հարցումները և ներկայացված պարզաբանումները.

5) հայտեր ներկայացրած մասնակիցների տվյալները` անվանումը, գտնվելու կամ բնակության վայրը, կապի միջոցները.

6) հայտերով ներկայացված գները.

7) հայտերի գնահատման կարգը և դրանց գնահատման արդյունքները.

8) հայտի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.

9) պայմանագիրը, իսկ գնման գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում` դրա հիմնավորումը.

10) գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական գործողություններ հայտնաբերվելու դեպքում դրանց և այդ կապակցությամբ ձեռնարկված գործողությունների համառոտ նկարագիրը.

11) գնման գործընթացի վերաբերյալ ներկայացված բողոքները և դրանց վերաբերյալ կայացված որոշումները.

12) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

2. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պետական բյուջեի և պետական բյուջեից դրամաշնորհի, այդ թվում՝ սուբվենցիայի ձևով հատկացվող միջոցների հաշվին գնման պայմանագիր կնքելուց կամ գնման գործընթացը չկայացած հայտարարվելուց հետո` յոթ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն լիազորված մարմին է ներկայացնում հաշվետվություն` գնման գործընթացի մասին:

3. Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա պատվիրատուն ապահովում է գնման նպատակով կատարված գործողությունների և դրանց հիմքերի մասին համապատասխան փաստաթղթերի (կամ էլեկտրոնային փաստաթղթերի) առկայությունը և դրանց պահպանումը:

4. Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

5. Գնումների տարեկան հաշվետվությունը կազմելու և հրապարակելու նպատակով պատվիրատուները լիազորված մարմին են ներկայացնում հաշվետվություններ: Գնումների տարեկան հաշվետվությունը հրապարակվում է տեղեկագրում` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը:

 

Հոդված 10. Պայմանագիր կնքելու մասին որոշումը, անգործության ժամկետը, պայմանագրի կնքումը և պայմանները

 

1. Մինչև պայմանագիր կնքելը պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն պայմանագիր կնքելու որոշման մասին ոչ ուշ, քան ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին` ընտրված մասնակցի մասին որոշման ընդունմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը:

2. Պայմանագիր կնքելու մասին որոշումը պարունակում է ամփոփ տեղեկատվություն հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրությունը հիմնավորող պատճառների մասին ու հայտարարություն անգործության ժամկետի վերաբերյալ: Անգործության ժամկետը պայմանագիր կնքելու մասին որոշման հայտարարության հրապարակման օրվան հաջորդող օրվա և պատվիրատուի կողմից պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման օրվա միջև ընկած ժամանակահատվածն է:

3. Մրցույթի և էլեկտրոնային աճուրդի դեպքում անգործության ժամկետը առնվազն 10 օրացուցային օր է: Գնման այլ ընթացակարգերի համար անգործության ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետը կիրառելի չէ, եթե միայն մեկ մասնակից է հայտ ներկայացրել, որի հետ կնքվում է պայմանագիր:

5. Պատվիրատուն պայմանագիրը կնքում է, եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անգործության ժամկետում որևէ մասնակից գնումների բողոքարկման խորհրդում չի բողոքարկում պայմանագիր կնքելու մասին որոշումը: Մինչև անգործության ժամկետը լրանալը կամ առանց պայմանագիր կնքելու մասին հայտարարության հրապարակման կնքված պայմանագիրն առ ոչինչ է:

6. Գնման հետ կապված կողմերի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով:

 

Հոդված 11. Կնքված պայմանագրի մասին հայտարարության հրապարակումը

 

1. Պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է կնքված պայմանագրի մասին հայտարարություն ոչ ուշ, քան պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված հայտարարությունն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին պայմանագիրը կնքվելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը:

2. Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) գնման առարկայի համառոտ նկարագրությունը.

2) պատվիրատուի անվանումը և հասցեն.

3) պայմանագրի կնքման ամսաթիվը.

4) ընտրված մասնակցի (մասնակիցների) անվանումը և գտնվելու կամ բնակվելու վայրը.

5) մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները և պայմանագրի գինը.

6) մասնակիցների ներգրավման նպատակով սույն օրենքի համաձայն իրականացված հրապարակումների մասին տեղեկությունները (եթե կիրառելի են).

7) կիրառված գնման ընթացակարգը և դրա ընտրության հիմնավորումը:

 

Հոդված 12. Մասնակիցների հակաօրինական գործողությունների հետևանքները

 

1. Եթե հայտնաբերվում է մասնակցի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի գնման գործընթացի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը պատվիրատուն այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:

 

Հոդված 13. Գնման առարկայի բնութագրերը

 

1. Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:

2. Գնման առարկայի բնութագրերը`

1) պետք է մրցակցության հավասար պայմաններ ապահովեն հնարավոր մասնակիցների համար.

2) չպետք է հանգեցնեն գնումների գործընթացում մրցակցության համար չհիմնավորված խոչընդոտների առաջացմանը.

3) պետք է լինեն օբյեկտիվորեն հիմնավորված և համարժեք լինեն այն կարիքին, որի բավարարման նպատակով կատարվում է տվյալ գնումը.

4) ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը:

3. Ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:

4. Գնման առարկայի հատկանիշները կարող են սահմանվել նաև որպես կատարողականի կամ գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան:

5. Գնման առարկայի հատկանիշները չպետք է պահանջ կամ հղում պարունակեն որևէ առևտրային նշանի, ֆիրմային անվանմանը, արտոնագրին, էսքիզին կամ մոդելին, ծագման երկրին կամ կոնկրետ աղբյուրին կամ արտադրողին, բացառությամբ այն դեպքերի, երբ անհնար է գնման առարկայի բնութագրումն առանց դրանց: Հղումներ օգտագործելու դեպքում հատկանիշների բնութագիրը պետք է պարունակի «կամ համարժեք» բառերը:

 

Հոդված 14. Գնման ընթացակարգի պաշտոնական լեզուն

 

1. Գնմանը վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ գնումների, այդ թվում՝ նախաորակավորման հայտարարությունները` նաև անգլերեն և ռուսերեն:

2. Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

 

Հոդված 15. Գնման պլանավորումը և ֆինանսավորումը

 

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների պլանը հաստատվում է բյուջետային ծախսերի գերատեսչական և գործառնական դասակարգմամբ:

2. Պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում ներառվում են ազգային անվտանգության ապահովման, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման, ներառյալ՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ոլորտում հատուկ տեխնիկական և ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքները, աշխատանքները և ծառայությունները:

3. Գնումների պլանը, ներառյալ՝ փոփոխությունները, հաստատվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների պլանի:

4. Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող, եթե օրենքով կամ համայնքի ավագանու որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

5. Եթե գնման գինը գերազանցում է տվյալ ժամանակահատվածում այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական հատկացումների չափը, ապա պայմանագիր կնքվելու դեպքում տվյալ ժամանակահատվածին հաջորդող ժամանակահատվածում նախատեսվում են ֆինանսական միջոցներ գնման պայմանագրով սահմանված գնումն իրականացնելու կամ տվյալ գնումը ժամանակավորապես դադարեցնելու համար (եթե ժամանակավոր դադարեցումը պահանջում է ֆինանսական միջոցներ):

6. Մինչև ֆինանսական միջոցներ նախատեսվելը սույն օրենքով սահմանված կարգով կարող է կնքվել պայմանագիր` պայմանով, որ դրա շրջանակներում գնում կարող է կատարվել անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում: Սույն մասի համաձայն կնքված պայմանագիրը լուծվում է, եթե այն կնքելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում պայմանագրի կատարման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Սույն մասը կարող է կիրառվել, եթե`

1) պատվիրատուն չի կարողանում նախապես կանխատեսել (հաշվարկել) գնումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափը.

2) ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվելու պահից հաշված այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

7. Պատվիրատուն պայմանագրով ֆինանսական պարտավորություններ ստանձնում է այդ գնումն իրականացնելու համար պահանջվող ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու դեպքում և այդ հատկացումների շրջանակներում:

8. Գնումներ կատարելու համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար սահմանված համապատասխան հոդվածներով: Արգելվում է ֆինանսական միջոցներ նախատեսել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ հոդվածներով, եթե այդ միջոցների հաշվին պետք է կատարվեն գնումներ:

 

Բ Ա Ժ Ի Ն  2

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

Հոդված 16. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումը

 

1. Գնումների գործընթացի կարգավորումը և համակարգումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը չի կարող ներգրավվել գնման գործընթացներում, լինել պայմանագրի կողմ, բացառությամբ իր կարիքների համար իրականացվող գնումների:

2. Գնումների գործընթացի կարգավորման և համակարգման աշխատանքների կազմակերպման նպատակով լիազորված մարմինը`

1) համակարգում է գնումների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ընդունում կամ ներկայացնում է դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.

2) պատվիրատուներին մեթոդական օժանդակություն է ցուցաբերում գնումների գործի կազմակերպման հարցում.

3) ապահովում է գնումների համակարգողների որակավորման շնորհումը և վերջիններիս շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը.

4) կազմակերպում է տեղեկագրի հրապարակումը.

5) համակարգում է գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը.

6) հաշվառում է պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքները.

7) հրապարակում է`

ա. պետական գնումների տարեկան հաշվետվությունը,

բ. գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակը.

8) հաստատում է գնումների գործընթացում օգտագործվող փաստաթղթերի, ներառյալ՝ հրավերի և պայմանագրի օրինակելի ձևերը.

9) հաստատում է սույն օրենքի համաձայն լիազորված մարմին ներկայացվող փաստաթղթերի, ներառյալ՝ հաշվետվությունների ձևերը և դրանց ներկայացման ժամկետները.

10) հաստատում է գրանցամատյանի ձևը և վարման կարգը.

11) իրականացնում է էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և համակարգման գործառույթները.

12) գնումների վերաբերյալ ահազանգերի արձանագրման և հարցերին արագ արձագանքելու նպատակով ապահովում է գնումների աջակցության ծառայության (թեժ գիծ) առկայությունը:

3. Պատվիրատուի ղեկավարը սահմանում է գնումների համակարգող, որը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

4. Գնումների համակարգող կարող են սահմանվել պատվիրատուի`

1) համապատասխան ստորաբաժանումը.

2) պաշտոնատար անձը կամ անձինք.

3) հրավիրած անձը` խորհրդատուն կամ խորհրդատուները:

5. Գնումների համակարգող ստորաբաժանման աշխատակիցները, պաշտոնատար և հրավիրված անձինք պետք է ընդգրկված լինեն լիազորված մարմնի կողմից հրապարակվող գնումների որակավորված համակարգողների ցուցակում: Նշված ցուցակում անձինք ընդգրկվում են լիազորված մարմնի կազմակերպած` գնումների համակարգողների որակավորման գործընթացի արդյունքներով բավարար գնահատական ստանալուց հետո:

 

Հոդված 17. Կենտրոնացված եղանակով գնումների իրականացումը

 

1. Պատվիրատուների կամ դրանց առանձին խմբերի կարիքների համար գնումները կարող են կատարվել կենտրոնացված եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Կենտրոնացված եղանակով գնումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կամ իրավաբանական անձի միջոցով:

 

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 18. Գնում կատարելու ընթացակարգերը

 

1. Գնում կատարելու ընթացակարգերն են`

1) էլեկտրոնային աճուրդը.

2) մրցույթը.

3) գնանշման հարցումը.

4) մեկ անձից գնումը:

2. Մրցույթի տեսակներն են՝ բաց և փակ: Փակ մրցույթը լինում է նպատակային կամ պարբերական:

3. Գնումն իրականացվում է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով, եթե գնման առարկան ներառված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ցուցակում:

4. Մրցույթը սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է կատարվել երկու փուլով:

5. Գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` նույն մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում: Գնումները կարող են կատարվել գնման այլ ձևերով, բացառապես սույն օրենքով նախատեսված դեպքերում:

6. Գնման ընթացակարգի արդյունքում կնքվում է պայմանագիր:

7. Գնումները կարող են կատարվել ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից` գնում կատարելու ընթացակարգով:

 

Հոդված 19. Երկու փուլով մրցույթի կիրառման պայմանները

 

1. Մրցույթը կարող է կատարվել երկու փուլով`

1) եթե պատվիրատուն ճշգրիտ (օբյեկտիվորեն) չի կարող սույն օրենքի պահանջներին համապատասխան սահմանել գնման առարկայի բնութագրերը.

2) եթե պատվիրատուն հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնել գնման առարկայի հնարավոր բնութագրերի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ.

3) եթե գնման առարկայի բնութագրերի որոշ առանձնահատկություններ հստակեցնելու նպատակով մասնակիցների հետ բանակցելու անհրաժեշտություն է առաջացել.

4) պետություն-մասնավոր գործընկերության, ներառյալ՝ հավատարմագրային կառավարման և կոնցեսիայի գործարքների կնքման դեպքերում:

2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Պատվիրատուն հրավեր է ներկայացնում և բանակցությունների է հրավիրում միայն նախաորակավորված մասնակիցներին: Բանակցությունների նպատակն է մշակել պատվիրատուի պահանջները բավարարող գնման առարկայի բնութագրերի մեկ կամ ավելի այլընտրանքային տարբերակներ: Բանակցությունների արդյունքում պատվիրատուն նախաորակավորված մասնակիցներին տրամադրում է վերջնական հրավեր:

 

Հոդված 20. Բաց մրցույթի կիրառման պայմանները

 

1. Բաց մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է գնումների հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից:

2. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, հայտերի ներկայացման ժամկետը առնվազն քառասուն օրացուցային օր է:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների համար հայտերի ներկայացման ժամկետն առնվազն`

1) տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.

2) քառասուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:

4. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 2-րդ մասով կամ 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը առնվազն տասնհինգ օրացուցային օր է:

 

Հոդված 21. Փակ մրցույթի կիրառման պայմանները

 

1. Փակ մրցույթը կիրառվում է, եթե գնման գործընթացը պարունակում է պետական գաղտնիք:

2. Փակ մրցույթը պարբերական է, եթե գնման առարկան ձեռք է բերվում պարբերաբար, և այն ներառված է սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում: Փակ մրցույթը նպատակային է, եթե գնման առարկան ներառված չէ սույն մասով նախատեսված ցուցակում:

3. Փակ մրցույթի կիրառման դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել միայն պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

4. Փակ նպատակային մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրման օրվանից:

5. Բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների, հայտերի ներկայացման ժամկետն առնվազն երեսուն օրացուցային օր է:

6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների համար հայտերի ներկայացման ժամկետն առնվազն`

1) տասնհինգ օրացուցային օր է, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը.

2) երեսուն օրացուցային օր է, եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորի երկուհարյուրապատիկը:

7. Եթե արտակարգ կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և հայտերի ներկայացման համար սույն հոդվածի 5-րդ մասով և 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումն անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 15 օրացուցային օր է:

8. Փակ պարբերական մրցույթի դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորված մասնակիցներին հրավերի տրամադրման օրվանից:

 

Հոդված 22. Գնանշման հարցման կիրառման պայմանները

 

1. Գնումը կարող է կատարվել գնանշման հարցման ձևով, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, և գնման առարկան ներառված չէ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված ցուցակում:

2. Պետական գաղտնիք պարունակող գնումները գնանշման հարցման ձևով իրականացվելու դեպքում կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից: Հայտ կարող են ներկայացնել պատվիրատուից հրավեր ստացած նախաորակավորված մասնակիցները:

3. Գնանշման հարցման ընթացակարգի կիրառման դեպքում հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն չորս աշխատանքային օր է, որը հաշվարկվում է տեղեկագրում գնումների հայտարարության և հրավերի հրապարակման, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` հրավերը նախաորակավորված մասնակիցներին տրամադրելու օրվանից:

 

Հոդված 23. Մեկ անձից գնումներ կատարելու պայմանները

 

1. Գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե`

1) գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, որը պայմանավորված է նրա հեղինակային և հարակից իրավունքներով, հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայությամբ.

2) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել.

3) պատվիրատուն, որևէ անձից կատարելով ապրանքների գնում, որոշում է սկզբնական պայմանագրում չներառված, սակայն օբյեկտիվորեն չնախատեսված հանգամանքներից ելնելով՝ սկզբնական պայմանագրի կատարման համար անհրաժեշտ դարձած ապրանքների լրացուցիչ գնում կատարել նույն անձից, պայմանով, որ`

ա. լրացուցիչ ապրանքների պայմանագիրը հնարավոր չէ տեխնիկապես կամ տնտեսապես առանձնացնել սկզբնական պայմանագրից` առանց պատվիրատուի համար նշանակալի դժվարություն ստեղծելու, և

բ. դրա գինը չգերազանցի սկզբնական պայմանագրի ընդհանուր գնի 10 տոկոսը: Ընդ որում, միևնույն անձից սույն կետի կիրառմամբ լրացուցիչ գնում կարող է կատարվել մեկ անգամ, իսկ լրացուցիչ ապրանքների գինը չի կարող սահմանվել ավելի, քան նախատեսված է պայմանագրով.

4) գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը.

5) գնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

 

Հոդված 24. Նախաորակավորման ընթացակարգերը

 

1. Նախաորակավորման ընթացակարգ կազմակերպելու դեպքում`

1) այդ մասին հրապարակվում է նախաորակավորման հայտարարություն.

2) խորհրդատվական ծառայության, երկու փուլով մրցույթի կամ փակ նպատակային մրցույթի կիրառման դեպքում նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն 15 օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից.

3) եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, կամ գնումը կատարվում է սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» և «ե» ենթակետերում նշված պատվիրատուների կողմից, կամ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, և սույն մասի 2-րդ կետով նախատեսված ժամկետի կիրառումը անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել, ապա նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետն առնվազն հինգ օրացուցային օր է, որը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարության հրապարակման օրվանից:

2. Նախաորակավորման հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում և պարունակում է հետևյալ տեղեկությունները.

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) գնման ընթացակարգի ծածկագիրը.

3) մասնակիցների նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

4) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն նախաորակավորման հայտերը.

5) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

6) նախաորակավորման հայտի պատրաստման և ներկայացման կարգը, այդ թվում` ձևն ու վայրը, ներկայացման վերջնաժամկետը.

7) մասնակցի` մասնակցության իրավունքին և որակավորմանը ներկայացվող պահանջները և դրանց գնահատման կարգը.

8) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը, և գնման գործընթացը կազմակերպվում է երկու փուլով մրցույթի ընթացակարգով.

9) այլ անհրաժեշտ պահանջներ, որոնք վերաբերում են նախաորակավորման ընթացակարգին:

3. Պատվիրատուն պետք է մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատասխանի մասնակցի նախաորակավորման հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը: Հարցման և տրված պարզաբանման մասին տեղեկատվությունը պատվիրատուն միաժամանակ հրապարակում է տեղեկագրում, ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած մասնակցի տվյալները: Որևէ մասնակցի տեղեկություն տրամադրելու դեպքում պատվիրատուն պետք է ապահովի այդ տեղեկության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար:

4. Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ նախաորակավորման հայտարարության մեջ կարող են կատարվել փոփոխություններ: Փոփոխություն կատարելու դեպքում`

1) այդ մասին տեղեկությունները շրջանառվում են նույն եղանակով, ինչպես որ շրջանառության մեջ է դրվել նախաորակավորման սկզբնական հայտարարությունը.

2) նախաորակավորման հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից:

5. Փոփոխություններ կատարելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում:

6. Նախաորակավորման հայտարարությամբ սահմանված կարգով գնահատվում է մասնակցի հայտը` գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կազմվում է նախաորակավորված մասնակիցների ցուցակ:

7. Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված մասնակիցները:

8. Եթե երկու փուլով մրցույթի անցկացման նպատակով կազմակերպված նախաորակավորման ընթացակարգին հայտ է ներկայացրել մինչև երեք մասնակից, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`

1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել.

2) կազմակերպվել նախաորակավորման նոր ընթացակարգ.

3) նախաորակավորման ընթացակարգը չկայացած հայտարարվել.

4) շարունակվել գնման գործընթացը:

 

Հոդված 25. Գնումների բաժանման կամ խմբավորման և գնման առարկայի բնութագրերի փոփոխման անթույլատրելիությունը

 

1. Մրցակցային գնման ձևերի կիրառման ժամանակ առանձին բնութագրեր ունեցող գնումները մեկ գնման գործընթացի շրջանակներում կարող են բաժանվել չափաբաժինների: Արգելվում է՝

1) մեկ գնման առարկան բաժանել առանձին չափաբաժինների` մրցակցային գնման ձևի կիրառումից խուսափելու նպատակով.

2) փոփոխել պայմանագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների բնութագրերը:

2. Արգելվում է խմբավորել առանձին բնութագրեր ունեցող գնման առարկաները մեկ չափաբաժնում, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվիրատուն հիմնավորում է նման խմբավորման անհրաժեշտությունը:

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ

 

Հոդված 26. Գնահատող հանձնաժողովը

 

1. Պատվիրատուի ղեկավարի հրամանով ձևավորվում է գնահատող հանձնաժողով, որը`

1) հաստատում է հայտարարության և հրավերի տեքստերը.

2) փոփոխություններ է կատարում հրավերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին):

2. Գնահատող հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ:

Քարտուղարը`

1) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

2) ստանում և հաշվառում է հայտերը.

3) կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը.

4) տրամադրում է հրավեր.

5) համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.

6) կազմակերպում է գնման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման աշխատանքները.

7) պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար.

8) իրականացնում է իրեն վերապահված այլ գործառույթներ:

3. Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը:

 

Հոդված 27. Գնումների հայտարարությունը և հրավերը

 

1. Բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:

2. Գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները`

1) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը.

2) բաց մրցույթի ծածկագիրը.

3) պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը.

4) մասնակիցների` բաց մրցույթին մասնակցելու իրավունքի մասին հայտարարությունը.

5) թղթային ձևով հրավեր ստանալու պայմանները, այդ թվում` դրա համար գանձվող վճարի չափը, վճարման կարգը.

6) լեզուն կամ լեզուները, որոնցով պետք է ներկայացվեն հայտերը.

7) մասնակիցների որակավորման չափանիշների համառոտ շարադրանքը.

8) ընտրված մասնակցին որոշելու համար կիրառվելիք չափանիշները.

9) հայտեր ներկայացնելու ձևը, տեղը և ժամկետը.

10) բողոքարկման համար պատասխանատու մարմնի անվանումն ու տեղը և բողոքների ներկայացման ժամկետների մասին հստակ տեղեկությունները.

11) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

12) նշում այն մասին, որ տվյալ գնման գործընթացի նկատմամբ կիրառվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրի դրույթները, եթե գնման գինը գերազանցում է այդ համաձայնագրով սահմանված շեմերը.

13) անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:

3. Գնումների հայտարարության հիման վրա պատվիրատուին գրավոր պահանջ ներկայացրած անձն իրավունք ունի այդ պահանջը ներկայացնելուն հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում թղթային ձևով ստանալու հրավեր:

4. Բաց մրցույթի դեպքում փաստաթղթային ձևով հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը չի կարող գերազանցել հրավերի պատճենահանման և առաքման համար կատարվող ծախսերի չափը:

5. Սույն հոդվածով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` բաց մրցույթին մասնակցելու իրավունքը:

 

Հոդված 28. Հրավերի բովանդակությունը

 

1. Հրավերը պետք է պարունակի`

1) հղում հրապարակված հայտարարությանը` ի լրումն որի տրամադրվում է հրավերը.

2) մրցույթի ծածկագիրը.

3) հայտերի պատրաստման հրահանգները.

4) որակավորման չափանիշները, մասնակցության իրավունքի պահանջները և դրանց գնահատման կարգը.

5) գնման առարկայի բնութագրերը.

6) հայտերի գնահատման և ընտրված մասնակցի ընտրության կարգը.

7) պայմանագրի նախագիծը.

8) եթե գնումն իրականացվում է չափաբաժիններով, և մասնակիցներին թույլատրվում է հայտեր ներկայացնել գնվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների միայն մի մասի համար, ապա դրա պայմանները և կարգը.

9) հայտով ներկայացվող գնի հաշվարկման կարգը, ներառյալ՝ գինը արտարժույթով ներկայացվելու դեպքում դրա փոխարժեքը.

10) նշում այն մասին, որ առաջարկվող գինը, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքից բացի, ներառում է փոխադրման, ապահովագրման, տուրքերի, հարկերի, այլ վճարումների գծով ծախսերը և չի կարող պակաս լինել դրանց ինքնարժեքից: Առաջարկվող գնի հաշվարկը պետք է ներկայացվի հայտով.

11) հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները.

12) հայտերի ներկայացման պայմանները, ներառյալ՝ ձևը, տեղը, ժամկետը և հայտի լեզուն, հայտերի վավերականության ժամկետը.

13) գնման գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու կարգը, տեղեկություններ մասնակիցների հետ կազմակերպվելիք հանդիպումների մասին, ինչպես նաև գնահատող հանձնաժողովի քարտուղարի անունը և ազգանունը.

14) հայտերի բացման ձևը, վայրը, օրը և ժամը.

15) տվյալ գնմանը վերաբերող` սույն օրենքի և իրավական այլ ակտերի դրույթներին կատարված հղումները.

16) պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացնելու պայմանները.

17) գնման գործընթացի հետ կապված գործողությունները (անգործությունը) կամ ընդունված որոշումները բողոքարկելու՝ մասնակցի իրավունքը և կարգը.

18) հայտը մերժելու հիմքերը.

19) հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:

2. Հրավերում նախատեսվում է նաև, որ մասնակիցը`

1) գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հայտով ներկայացնում է`

ա. իր հաստատած հայտարարությունը` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին.

բ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, որը (որոնք) ուղղակի կամ անուղղակի ունի գնումների գործընթացին մասնակցող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի ավելի, քան 10 տոկոսը, ներառյալ՝ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը, կամ այն անձի (անձանց), որը (որոնք) իրավունք ունի (ունեն) նշանակելու կամ ազատելու մասնակցող իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում է այդ իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի 15 տոկոսից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն ենթակետով նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում:

 

Հոդված 29. Հրավերի պարզաբանումը և դրանում փոփոխություն կատարելը

 

1. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ գրավոր պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է գրավոր` հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

2. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները, իսկ փակ մրցույթի դեպքում հարցման և պարզաբանումների բովանդակության մասին պարզաբանումը տրամադրվում է հրավեր ստացած մասնակիցներին:

3. Պարզաբանում չի տրամադրվում, եթե հարցումը կատարվել է սույն հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ, ինչպես նաև, եթե հարցումը դուրս է հրավերի բովանդակության շրջանակից: Ընդ որում, մասնակիցը գրավոր ծանուցվում է պարզաբանում չտրամադրելու հիմքերի մասին` հարցումը ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն հինգ օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ: Բաց մրցույթի դեպքում փոփոխություն կատարելու օրվան հաջորդող երեք օրացուցային օրվա ընթացքում փոփոխություն կատարելու և դրանք տրամադրելու պայմանների մասին հայտարարություն է հրապարակվում տեղեկագրում, իսկ փակ մրցույթի դեպքում փոփոխությունները տրամադրվում են հրավեր ստացած մասնակիցներին:

5. Բաց մրցույթի հրավերում փոփոխություններ կատարվելու դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից, իսկ փակ մրցույթի դեպքում` հրավերում կատարված փոփոխությունները հրավեր ստացած մասնակիցներին տրամադրվելու օրվանից:

6. Սույն հոդվածի համաձայն կատարվող գործողությունների և դրանց արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՀԱՅՏԵՐԸ

 

Հոդված 30. Հայտերի ներկայացումը

 

1. Մասնակիցը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել մեկից ավելի հայտ: Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`

1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

2. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում մասնակցի առաջարկները, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը: Ծրարում ներառված փաստաթղթերը կազմվում են բնօրինակից և հրավերում նշված թվով պատճեններից: Փաստաթղթերի փաթեթների վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «պատճեն» բառերը: Ծրարը և հրավերով նախատեսված` մասնակցի կազմած փաստաթղթերն ստորագրում է դրանք ներկայացնող անձը կամ վերջինիս լիազորած անձը (այսուհետ` գործակալ): Եթե հայտը ներկայացնում է գործակալը, ապա հայտով ներկայացվում է վերջինիս այդ լիազորությունը վերապահված լինելու մասին փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ծրարի վրա հայտը կազմելու լեզվով նշվում են`

1) պատվիրատուի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն).

2) մրցույթի ծածկագիրը.

3) «չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը.

4) մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

4. Հայտերը քարտուղարը գրանցում է գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, օրը և ժամը: Մասնակցի պահանջով այդ մասին տրվում է տեղեկանք:

5. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

6. Մասնակիցները կարող են գնման գործընթացին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Համատեղ գործունեության կարգով գնումների գործընթացին մասնակցության կարգը սահմանվում է հրավերով: Նման դեպքում`

1) հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.

2) հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները.

3) մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն.

4) համատեղ գործունեության պայմանագրի կողմը (կողմերը) չի (չեն) կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ (հայտեր):

 

Հոդված 31. Հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելը և դրանում փոփոխություն կատարելը

 

1. Հայտը վավեր է մինչև սույն օրենքին համապատասխան պայմանագրի կնքումը, մասնակցի կողմից հայտը հետ վերցնելը, հայտի մերժումը կամ գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելը:

2. Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը կարող է փոփոխել կամ հետ վերցնել իր հայտը:

3. Փաստաթղթային ձևով հայտը ներկայացվելու դեպքում հայտի փոփոխման մասին ծանուցումն ուղարկվում է սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան կազմված ծրարով` դրա վրա ավելացնելով «փոփոխում» բառը: Հայտը հետ վերցնելու դեպքում մասնակիցը մինչև հայտերը բացելը ներկայացնում է այդ մասին գրավոր ծանուցում:

 

Հոդված 32. Հայտի ապահովումը

 

1. Մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

2. Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`

1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 33. Հայտերի բացումը

 

1. Հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Փակ մրցույթի դեպքում հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:

2. Հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը).

2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ.

4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին.

5) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված.

6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին:

3. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է`

1) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները.

3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին.

4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին.

5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին.

6) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը.

7) տվյալներ` առաջին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած մասնակիցների վերաբերյալ.

8) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

9) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին.

10) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը.

11) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները:

4. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը:

5. Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում: Պատվիրատուն պարտավոր է ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար, բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների:

6. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հայտերի բացման նիստին պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:

7. Եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է տեղեկագրում:

8. Հայտերի բացման նիստի օրվա ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված արձանագրությունը հայտերի բացման նիստին հաջորդող առաջին աշխատանքային օրն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին:

 

Հոդված 34. Հայտերի գնահատումը

 

1. Հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

2. Առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը որոշվում է`

1) բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ

2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն պայմանագրի առարկայի հետ և դրանց հարաբերական կշիռները ներկայացվեն հրավերի մեջ:

3. Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձին տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Ընդ որում, մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն մասում նշված հարկի գումարի հաշվարկման:

4. Եթե հայտում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա հիմք է ընդունվում տառերով գրված գումարը: Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հրավերով սահմանված փոխարժեքով:

5. Առաջին և հաջորդաբար տեղերը զբաղեցրած մասնակիցներին որոշելուց հետո հրավերով սահմանված ժամկետում`

1) առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հանձնաժողովին է ներկայացնում իր` գնումներին մասնակցելու իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

2) հանձնաժողովը գնահատում է սույն մասի 1-ին կետի համաձայն ներկայացված փաստաթղթերի (տեղեկությունների) համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին, և հրավերով սահմանված դեպքերում ու կարգով գնահատում է տվյալ մասնակցի գնային և ոչ գնային (տեխնիկական) առաջարկի հիմնավորվածությունը:

6. Հայտը գնահատվում է բավարար, եթե սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ներկայացված տվյալները բավարարում են հրավերով սահմանված պահանջները: Նման դեպքում մասնակիցը հայտարարվում է ընտրված:

7. Սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ գնահատման արդյունքում հայտը անբավարար գնահատվելու դեպքում հանձնաժողովը փաստաթղթերը ներկայացնելու պահանջ է առաջադրում հաջորդ տեղը զբաղեցրած մասնակցին:

8. Հայտերի գնահատման արդյունքներով կազմվում է հայտերի գնահատման նիստի արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները:

9. Հայտերի գնահատման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված արձանագրությունը հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին:

 

Հոդված 35. Պայմանագրի ապահովումը

 

1. Պայմանագրի ապահովում ներկայացնելու պահանջի հիման վրա այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է ներկայացնել պայմանագրի ապահովում: Ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքվում է, եթե վերջինս ներկայացնում է պայմանագրի ապահովում:

2. Պայմանագրի ապահովման չափը կազմում է պայմանագրի գնի 10 տոկոսը: Պայմանագրի ապահովումը ներկայացվում է ընտրված մասնակցի կողմից միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված պայմանագրի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:

3. Պայմանագրով պատվիրատուի կողմից կանխավճար հատկացվելու պայման նախատեսվելու դեպքում ընտրված մասնակիցը նախապես պատվիրատուին է ներկայացնում կանխավճարի ապահովում` կանխավճարի չափով, բանկային երաշխիքի ձևով: Կանխավճարի մարման կարգը սահմանվում է պայմանագրով:

4. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի կամ կանխավճարի ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին պայմանագրի կատարման ավարտից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հոդված 36. Պայմանագրի կնքումը

 

1. Պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից:

2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորս աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրը:

3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, չի ստորագրում պայմանագիրը և պատվիրատուին ներկայացնում պայմանագրի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից: Պայմանագրով կանխավճար նախատեսվելու դեպքում սույն կետով նախատեսված ժամկետը սահմանվում է 15 աշխատանքային օր:

4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, ներառյալ՝ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը:

 

Հոդված 37. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելը

 

1. Գնման ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`

1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

2) դադարում է գոյություն ունենալ գնման պահանջը.

3) ոչ մի հայտ չի ներկայացվել.

4) պայմանագիր չի կնքվում:

2. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են մասնակիցներին:

3. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն տեղեկագրում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Փակ մրցույթի դեպքում սույն կետով նախատեսված հայտարարությունը չի հրապարակվում:

 

Հոդված 38. Մասնակիցների հետ բանակցություններ վարելու անթույլատրելիությունը, տնտեսական մրցակցության սահմանափակման դեպքերը բացահայտելը և կանխարգելելը

 

1. Գնահատող հանձնաժողովի, պատվիրատուի և մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են, բացառությամբ`

1) երբ մրցույթին մասնակցել է մեկ մասնակից, որի ներկայացրած հայտը համապատասխանում է հրավերի պահանջներին կամ հայտերի գնահատման արդյունքում հրավերի պահանջներին համապատասխան է գնահատվել միայն մեկ մասնակցի հայտ կամ առաջարկված նվազագույն գների հավասարության դեպքում, կամ եթե ոչ գնային պայմանները բավարարող գնահատված հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցների ներկայացրած գնային առաջարկները գերազանցում են այդ գնումը կատարելու համար նախատեսված ֆինանսական միջոցները: Սույն կետի համաձայն վարվող բանակցությունները կարող են հանգեցնել միայն առաջարկված գնի նվազեցմանը կամ վճարման պայմանների փոփոխությանը, իսկ բանակցությունները վարվում են միաժամանակյա` բոլոր մասնակիցների հետ.

2) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերի:

2. Գնումների գործընթացում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումների, այդ թվում` հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման նպատակով իրավասու մարմինը համագործակցում է լիազոր մարմնի և պատվիրատուների հետ:

 

Հոդված 39. Պայմանագրի գնի հաշվարկը

 

1. Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ գնման պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները և ակնկալվող շահույթը:

2. Պայմանագրի գինը`

1) կարող է լինել գործոնային, երբ պայմանագրի գինը փոփոխվում է պայմանագրով նախատեսված պայմանների (գործոնների) փոփոխության ազդեցությամբ: Հակառակ դեպքում պայմանագրի գինը կայուն է, և կողմերը պարտավոր են պայմանագրային պարտավորությունները ողջ ծավալով կատարել պայմանագրի գնի շրջանակում.

2) պետական գաղտնիք պարունակող` ռազմական կարիքների բավարարման նպատակով արտադրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ձեռքբերման դեպքում կարող է լինել փաստացի ծախսերով հաշվարկված, պայմանով, որ այն չպետք է գերազանցի տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար նախատեսված ֆինանսական հատկացման չափը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐ

 

Հոդված 40. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու պայմանները

 

1. Էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է առնվազն 15 օրացուցային օր` հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից: Եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտերի ներկայացման համար սույն մասով նախատեսված ժամկետը սահմանվում է առնվազն յոթ օրացուցային օր:

2. Էլեկտրոնային աճուրդը հիմնվում է բացառապես գների վրա:

3. Էլեկտրոնային աճուրդի կիրառման դեպքում հրավերը ներառում է նաև հետևյալ պայմանները.

1) ներկայացվելիք առաջարկների սահմանափակումները, որոնք բխում են գնման առարկայի բնութագրից.

2) էլեկտրոնային աճուրդի ընթացքում մասնակիցներին տրամադրվելիք տեղեկությունները և այդ տեղեկությունները նրանց տրամադրելու պայմանները.

3) էլեկտրոնային աճուրդի գործընթացին վերաբերող էական նշանակության տեղեկությունները.

4) մասնակիցների կողմից հայտեր ներկայացնելու պայմանները: Ընդ որում, մասնակիցը գնումներին մասնակցելու իր իրավունքը և հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին համապատասխանությունը հիմնավորելու համար հայտով ներկայացնում է իր հաստատած հայտարարությունը, պայմանով, որ մասնակիցը պարտավորվում է սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնել հայտարարությունը հիմնավորող` հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները).

5) տեղեկություններ` օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների մասին և կապ հաստատելու պայմաններն ու տեխնիկական բնութագրերը:

4. Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երկու օրացուցային օր առաջ հրավերում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք նույն օրը հրապարակվում են տեղեկագրում: Այդ դեպքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը հաշվարկվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հրապարակելու օրից:

5. Մասնակիցն իրավունք ունի հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն երեք օրացուցային օր առաջ պահանջելու հրավերի պարզաբանում: Հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրվում է հարցումն ստանալու օրվան հաջորդող երկու օրացուցային օրվա ընթացքում:

6. Հարցման և պարզաբանումների բովանդակության մասին հայտարարությունը հրապարակվում է տեղեկագրում` հարցումը կատարած մասնակցին պարզաբանումը տրամադրելու օրը, առանց նշելու հարցումը կատարած մասնակցի տվյալները:

 

Հոդված 41. Էլեկտրոնային աճուրդ անցկացնելու կարգը

 

1. Պատվիրատուն հայտերի լիարժեք գնահատումն իրականացնում է էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփվելուց հետո` հրավերով սահմանված չափանիշներով:

2. Հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին ուղարկվում է էլեկտրոնային ձևով նոր (վերանայված) գներ ներկայացնելու առաջարկություն: Առաջարկությունը ներառում է նաև տեղեկություններ էլեկտրոնային աճուրդի բացման օրվա ու ժամի և օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հետ անհատական կապուղի հաստատելու համար անհրաժեշտ տվյալների մասին:

3. Էլեկտրոնային աճուրդը կարող է կայանալ մի շարք հաջորդական փուլերով:

4. Էլեկտրոնային աճուրդն սկսվում է ոչ շուտ, քան դրա մասին պահանջը ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից երկու օրացուցային օր անց:

5. Էլեկտրոնային աճուրդի յուրաքանչյուր փուլում պատվիրատուն անհապաղ (առցանց) մասնակիցներին է տրամադրում նվազագույն բավարար տեղեկություններ, որոնք նրանց հնարավորություն են տալիս ցանկացած պահի ճշտել իրենց զբաղեցրած հարաբերական տեղը:

6. Էլեկտրոնային աճուրդի փուլերի իրականացման ընթացքում պատվիրատուն չի հրապարակում գներ ներկայացրած մասնակիցների ինքնությունը:

 

Հոդված 42.  Էլեկտրոնային աճուրդի ամփոփումը

 

1. Էլեկտրոնային աճուրդը ամփոփվում (փակվում) է հետևյալ պայմաններից մեկի կամ դրանց համատեղ առկայության դեպքում.

1) հրավերում նշված կոնկրետ պահի.

2) սպառվել է աճուրդին մասնակցելու հրավերում նշված աճուրդի փուլերի քանակը.

3) նոր գներ այլևս չեն ներկայացվել: Այդ դեպքում աճուրդին մասնակցելու հրավերում պատվիրատուն նշում է վերջին առաջարկությունն ստանալուց մինչև էլեկտրոնային աճուրդի փակումն ընկած թույլատրելի ժամանակահատվածը:

2. Պատվիրատուն, սույն օրենքով սահմանված կարգով, պայմանագիրը կնքում է էլեկտրոնային աճուրդի արդյունքների հիման վրա` ընտրված մասնակցի հետ:

 

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 43. Խորհրդատուների ցուցակը

 

1. Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է բաց կամ փակ նպատակային մրցույթի ընթացակարգով` սույն օրենքով նախատեսված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Խորհրդատվական ծառայության բաց կամ փակ նպատակային մրցույթի ընթացակարգով գնման դեպքում խորհրդատուների ցուցակ կազմելու նպատակով, սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն, կազմակերպվում է նախաորակավորման ընթացակարգ: Գնման գործընթացին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորումն անցած մասնակիցները:

 

Հոդված 44. Ընտրված խորհրդատուի որոշման կարգը

 

1. Ընտրված խորհրդատուն որոշվում է ներկայացված հայտերից` հրավերով նախատեսված`

1) ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված կամ

2) ոչ գնային նվազագույն պայմաններին համապատասխանող գնահատված և ամենացածր գին առաջարկած կամ

3) առավելագույն` ֆիքսված գնի սահմաններում ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված առաջարկի ընտրության մեթոդով:

2. Ընտրված խորհրդատուն կարող է որոշվել նաև այն խորհրդատուին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և աշխատանքային փորձին, աշխատակազմին, ծառայության մատուցման առաջարկվող կարգին կամ հրավերով սահմանված ոչ գնային այլ պայմանին (պայմաններին) հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը ամենաբարձրն է:

3. Խորհրդատուի ընտրության կարգը, այդ թվում` սույն հոդվածով նախատեսված` խորհրդատուի ընտրության մեթոդի կիրառման պայմանները սահմանվում են հրավերով:

 

Հոդված 45. Բանակցությունները

 

1. Ընտրված խորհրդատուի հետ կարող են վարվել բանակցություններ գնման պայմանագրի նախագծի դրույթների վերաբերյալ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը:

2. Սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված կարգով ընտրված` ոչ գնային պայմաններով առավել բարձր գնահատված խորհրդատուի հետ վարվող բանակցությունները կարող են հանգեցնել առաջարկված գնի նվազեցմանը կամ վճարման պայմանների փոփոխմանը:

 

Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 46. Բողոքարկելու իրավունքը

 

1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի բողոքարկելու պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի և գնումների բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:

2. Գնումների, այդ թվում՝ բողոքի քննման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:

3. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն`

1) նախքան պայմանագրի կնքումը բողոքարկելու պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները գնումների բողոքարկման խորհրդին.

2) դատական կարգով բողոքարկելու գնումների բողոքարկման խորհրդի, պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները:

4. Յուրաքանչյուր անձ, որը շահագրգռված է կոնկրետ գործարքի կնքման հարցում, և որը վնասներ է կրել պատվիրատուի, գնահատող հանձնաժողովի կամ գնումների բողոքարկման խորհրդի կատարած գործողության կամ անգործության հետևանքով, իրավունք ունի դատական կարգով պահանջելու վնասների փոխհատուցում:

 

Հոդված 47. Գնումների բողոքարկման խորհուրդը

 

1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների դեմ բերված բողոքների քննումն իրականացնում է գնումների բողոքարկման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ):

2. Խորհուրդը անշահախնդիր և անկախ քննություն իրականացնող մարմին է, որը շահագրգռված չէ կոնկրետ գնումների գործընթացի արդյունքներով և իր պարտականությունների ու իրավունքների կատարման ժամանակ պաշտպանված է արտաքին ազդեցություններից: Խորհրդի անդամները բողոքներն ուսումնասիրում են պատշաճ մանրամասնությամբ և անաչառորեն: Խորհրդի անդամները սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս անկախ են գնման գործընթացի մասնակիցներից, այդ թվում` պատվիրատուներից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու պաշտոնյաներից և պարտավոր են բացառապես ղեկավարվել օրենքով և կիրառել այն:

3. Սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար խորհրդի անդամն ստանում է վարձատրություն պետական բյուջեի միջոցների հաշվին` լիազորված մարմնի միջոցով:

4. Խորհրդի անդամի վարձատրության չափի հաշվարկն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, խորհրդի անդամների ամսական վարձատրության հաշվարկման համար հիմք է ընդունվում սույն մասով նախատեսված օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող խորհրդի անդամի աշխատավարձի հաշվարկման գործակիցը:

5. Սույն օրենքով խորհրդին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններն ապահովում է լիազորված մարմինը:

6. Խորհուրդը յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը, տեղեկագրում հրապարակում է հաշվետվություն նախորդ տարվա գործունության մասին: Հաշվետվությունը ներառում է սույն օրենքով վերապահված լիազորությունների առնչությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ և համեմատական վերլուծություններ:

 

Հոդված 48. Գնումների բողոքարկման խորհրդի կազմը

 

1. Խորհուրդը կազմված է մինչև երեք անդամից:

2. Խորհրդի անդամներին նշանակում և սույն օրենքով նախատեսված դեպքերում ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:

3. Խորհրդի անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով: Խորհրդի առաջին կազմի անդամների նշանակման ժամկետներն են`

1) մեկ անդամի համար՝ երեք տարի.

2) մեկ անդամի համար` չորս տարի.

3) մեկ անդամի համար` հինգ տարի:

4. Խորհրդի անդամ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենտ) կամ իրավագիտություն մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և տիրապետում է հայերենին: Խորհրդի անդամի լիազորությունների իրականացման առավելագույն տարիքը 65-ն է:

5. Խորհրդի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը`

1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զրկվել է պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.

2) դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատապարտված է հանցագործության համար, բացառությամբ եթե դատվածությունը հանված կամ մարված է:

6. Խորհրդի անդամն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

7. Խորհրդի անդամն ազատվում է`

1) սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հանգամանքներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում.

2) անձնական դիմումի հիման վրա.

3) երեք ամիս անընդմեջ անաշխատունակության պատճառով իր լիազորությունները կատարելու անհնարինության դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.

5) դատարանի կողմից անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու դեպքում:

8. Խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած` նրա մահվան, լիազորությունների իրականացման ժամկետը կամ առավելագույն տարիքը լրանալու դեպքում:

9. Խորհրդի անդամին վաղաժամկետ ազատելու դեպքում նշանակում կատարվում է այդ անդամի լիազորությունների իրականացման չլրացած ժամկետով: Եթե չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա խորհրդի նոր անդամի լիազորությունների ժամկետը սահմանվում է հինգ տարի:

10. Խորհրդի անդամը Հայաստանի Հանրապետության հետ չի գտնվում աշխատանքային հարաբերությունների մեջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ տարվա ընթացքում ունի 24 աշխատանքային օր տևողությամբ հանգստի իրավունք, որի ընթացքում վարձատրության պահպանմամբ ազատվում է իր լիազորությունների կատարումից:

 

Հոդված 49. Խորհրդի գործունեությունը

 

1. Բողոքը քննվում է խորհրդի անդամի կողմից` միանձնյա, ղեկավարվելով սույն օրենքով և նորմատիվ իրավական այլ ակտերով: Բողոքը քննելիս խորհրդի անդամը հանդես է գալիս որպես գնումների բողոքարկման խորհուրդ:

2. Խորհրդի անդամը չի կարող քննել բողոքը, եթե պարզվում է, որ բողոքարկման գործընթացում ներգրավված է իր հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպություն, կամ տվյալ բողոքարկման ընթացակարգում ներգրավված է իրեն մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձ (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպություն: Եթե առկա է սույն մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ բողոքի քննման և որոշման կայացման առնչությամբ սույն մասով սահմանված շահերի բախում ունեցող խորհրդի անդամն ինքնաբացարկ է հայտնում տվյալ բողոքի քննումից: Յուրաքանչյուր բողոքի քննման ժամանակ խորհրդի անդամն ստորագրում է շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը բողոքի վերաբերյալ կայացված որոշման հետ մեկտեղ հրապարակվում է տեղեկագրում:

3. Սույն օրենքի հիման վրա և դրա պահանջների կատարման նպատակով խորհուրդը հաստատում է իր գործունեության կարգը` անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հոդված 50. Խորհուրդ բողոքարկելու կարգը

 

1. Խորհրդին բողոքը ներկայացվում է գրավոր, ստորագրված, դրանում ներառելով`

1) բողոքը ներկայացրած անձի անվանումը (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը) և հասցեն.

2) պատվիրատուի անվանումը և հասցեն.

3) բողոքարկվող գնման ընթացակարգի ծածկագիրը և առարկան.

4) վեճի առարկան և բողոքը ներկայացրած անձի պահանջը.

5) բողոքի փաստացի և իրավական հիմքերը, ապացույցները.

6) բողոքարկման վճարը կատարած լինելը հիմնավորող փաստաթղթի պատճենը: Ընդ որում, բողոքարկման վճարի չափը կազմում է 30 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, որը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Բողոքը բավարարվելու դեպքում սույն մասով նախատեսված վճարը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա է վերադարձման բողոքը ներկայացրած անձին.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

2. Եթե բողոքը ներկայացրած անձը բողոքարկում է`

1) պայմանագիր կնքելու որոշումը, ապա բողոքը ներկայացվում է սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված անգործության ժամանակահատվածում.

2) գնման առարկայի բնութագրերը, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջները, ապա բողոքը ներկայացվում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը:

3. Եթե բողոքը չի բավարարում սույն հոդվածի պահանջները, ապա բողոքն ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդն այդ մասին գրավոր տեղեկացնում է բողոքը ներկայացրած անձին` նրան տալով արձանագրված թերությունները վերացնելու երկու աշխատանքային օր ժամկետ: Ընդ որում, եթե սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված բողոքը չի բավարարել սույն հոդվածի պահանջները, ապա սույն մասով սահմանված ժամկետում շտկված և խորհուրդ ներկայացված բողոքը համարվում է սահմանված ժամկետում ներկայացված:

4. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան՝ բողոք ստանալուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդը դիմում է պատվիրատուին` տվյալ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը խորհուրդ ներկայացնելու պահանջով: Սույն կետում նշված փաստաթղթերը պատվիրատուն խորհուրդ ներկայացնում է նման պահանջ ստանալու օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում:

5. Բողոքի վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ընթացակարգով, որի համաձայն բողոքը ներկայացրած անձը, պատվիրատուն և ներգրավված բոլոր կողմերն իրավունք ունենան ներկա լինելու խորհրդի նիստերին և ներկայացնելու իրենց տեսակետները:

6. Բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է նաև որոշման հիմնավորումը, ընդունվում և հրապարակվում է բողոքն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 20 օրացուցային օրվա ընթացքում: Խորհրդի պատճառաբանված որոշմամբ սույն կետով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` մինչև 10 օրացուցային օրով: Խորհրդի որոշումն իրավապարտադիր է:

7. Խորհուրդը`

1) իրավունք ունի պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների կամ անգործության վերաբերյալ ընդունելու հետևյալ որոշումները.

ա. արգելելու կատարել որոշակի գործողություններ և ընդունել որոշումներ,

բ. պարտավորեցնելու ընդունել համապատասխան որոշումներ, ներառյալ՝ չկայացած հայտարարելու գնման ընթացակարգը, բացառությամբ պայմանագիրը անվավեր ճանաչելու մասին որոշման,

գ. փոփոխելու ընդունված որոշումները.

2) որոշում է կայացնում մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին.

3) հաշվառում է խորհրդի կողմից ընդունված որոշումները և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն:

8. Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին պատճառված և սահմանված կարգով հիմնավորված վնասի հատուցման համար:

9. Բողոքի քննությունը բաց է հանրության համար, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների: Բողոքն ստանալու օրվանից հաշված՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին խորհուրդը հայտարարություն է հրապարակում տեղեկագրում:

10. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցելու բողոքարկման ընթացակարգին` մինչև բողոքի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացնելով համանման բողոք: Սույն հոդվածի համաձայն՝ բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է գնումների բողոքարկման խորհուրդ համանման բողոք ներկայացնելու իրավունքից:

11. Գնումների բողոքարկման խորհրդի որոշումն այն կայացնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհուրդը հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում խորհրդի որոշումն ուղարկում է պատվիրատուին, լիազորված մարմին ու բողոքարկման ընթացակարգում ներգրավված կողմերին:

 

Հոդված 51. Գնումների ընթացակարգի կասեցումը

 

1. Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացված բողոքն ինքնաբերաբար կասեցնում է գնման գործընթացը` սույն օրենքի 50-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայտարարությունը հրապարակվելու օրվանից մինչև բողոքարկման վերաբերյալ ընդունված որոշման՝ տեղեկագրում հրապարակման օրը ներառյալ:

2. Խորհրդի որոշմամբ կասեցումը կարող է հանվել, եթե պատվիրատուի ներկայացրած հիմնավորումների համաձայն, հանրային կամ պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով, անհրաժեշտ է շարունակել գնման գործընթացը: Սույն մասով նախատեսված որոշումը խորհուրդը հրապարակում է տեղեկագրում` այն կայացնելու օրվանից հաշված մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Բ Ա Ժ Ի Ն  7

 

ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 52. Հանրային կազմակերպությունների գնումների կատարման ընդհանուր առանձնահատկությունները

 

1. Հանրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող գնումների`

1) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների հաստատած գնումների կատարման կարգերով.

2) կատարման կարգերը, գնման գործընթացների կազմակերպման մասին հայտարարությունները, հրավերները, գնումների բազային միավորը գերազանցող` կնքված պայմանագրերի մասին հայտարարությունները հրապարակվում են նաև տեղեկագրում.

3) բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գնումների կատարման կարգերը չեն կարող հակասել սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին, իսկ Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով սահմանված շեմը գերազանցող գնումների դեպքում՝ նաև սույն մասում հիշատակված համաձայնագրի պահանջներին, իսկ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ցանկում ընդգրկված հանրային կազմակերպությունների դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած պահանջներին, որոնց կատարման նկատմամբ վերջինս իր սահմանած կարգով իրականացնում է դիտարկումներ (մոնիտորինգ):

 

Հոդված 53. Հանրային կազմակերպությունների գնումների հատուկ բացառությունները

 

1. Սույն օրենքի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ հանրային կազմակերպությունը նպատակ ունի ձեռք բերել`

1) ապրանքներ, որոնք վերավաճառվելու կամ վարձակալությամբ են տրամադրվելու երրորդ կողմի, պայմանով, որ տվյալ կազմակերպությունը չունի նման պայմանագրերի առարկան վաճառելու կամ վարձակալությամբ տրամադրելու հատուկ կամ բացառիկ իրավունք, իսկ այլ կազմակերպություններ կարող են տվյալ կազմակերպության հետ նույն պայմաններով ազատ իրացնել (վաճառել) կամ վարձակալությամբ տրամադրել նմանօրինակ ապրանքներ.

2) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` երրորդ երկրում համապատասխան գործունեություն իրականացնելու նպատակով և այնպիսի պայմաններով, որոնք չեն ենթադրում Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց շահագործումը.

3) ապրանքներ, ծառայություններ կամ աշխատանքներ` համապատասխան գործունեությունից տարբերվող գործունեություն իրականացնելու համար: Այն դեպքերում, երբ պայմանագիրը ներառում է գործունեության տարբեր տեսակներ, և դրանցից առնվազն մեկը հանդիսանում է համապատասխան գործունեություն, սակայն օբյեկտիվորեն հնարավոր չէ որոշել, թե գործունեության որ տեսակի համար է հիմնականում նախատեսված պայմանագիրը, գնումներն իրականացվում են սույն օրենքի դրույթների համաձայն:

 

Հոդված 54. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման առանձնահատկությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գնումների կատարման դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական ծախսերի շրջանակներում գնումներ կատարելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը.

4) սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնադրած կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասնակցությամբ կազմակերպությունների գնումների վրա.

5) սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պահանջները չեն գործում.

6) սույն օրենքով նախատեսված բողոքարկումն իրականացվում է սույն օրենքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:

 

Հոդված 55. Ընտրական գործընթացների կազմակերպման նպատակով իրականացվող գնումների կատարման առանձնահատկությունները

 

1. Ընտրությունների և հանրաքվեների կազմակերպման և անցկացման համար հատկացված ֆինանսական միջոցների հաշվին գնումներ կատարվելու դեպքում`

1) սույն օրենքի դրույթները չեն գործում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական գործընթացների կազմակերպման, այդ թվում՝ ընտրությունների (հանրաքվեների) նշանակումից հետո այդ ընտրությունների կազմակերպման նպատակով մասնագիտական դասընթացների (ստուգարքների) կազմակերպման գնումներ կատարելու դեպքերում.

2) սույն օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և լիազորված մարմնին վերապահված լիազորություններն ու գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը.

3) սույն օրենքի համաձայն` հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

 

Բ Ա Ժ Ի Ն  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 56. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 57. Անցումային դրույթներ

 

1. Գնումների բողոքարկման խորհրդի առաջին կազմը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեսնօրյա ժամկետում:

2. Խորհուրդն իր գործունեության կարգը հաստատում է խորհրդի առաջին կազմը հաստատելու օրվանից երկամսյա ժամկետում:

3. Սույն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսած և չդադարած, ինչպես նաև կնքված և գործող գնման գործարքների վրա, իսկ դրանց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գործարքների կնքման պահին գործող իրավական ակտերով:

4. Սույն օրենքի և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի պահանջները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում պետության կնքած այն փոխըմբռնման հուշագրերով և նախնական պայմանագրերով նախատեսված գործարքների վրա, որոնց վերաբերյալ վերջնական պայմանագրերը պետք է կնքվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երկու տարվա ընթացքում:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքը:

6. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-206-Ն օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և իրավական նորմերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 14
Երևան

ՀՕ-21-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան