ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի նոյեմբերի 13-ին
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի 30-րդ, 32-րդ, 33-րդ և 34-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 30. |
Հարկային մարմնի հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները և սահմանները |
1. Հարկային մարմնի հանրային ծառայողներին թույլատրվում է իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կրել և պահել օրենքով նախատեսված զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, ինչպես նաև հատուկ միջոցներ և զենք կիրառելու: Նախքան հատուկ միջոցների և զենքի կիրառման իրավասություն ստանալը հարկային մարմնի հանրային ծառայողները հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով անցնում են հատուկ պատրաստություն (ուսուցում):
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաև տեսակի ընտրություն կատարելիս հարկային մարմնի հանրային ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
3. Հարկային մարմնի հանրային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին` բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու և ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հարկային մարմնի հանրային ծառայողի կյանքի, առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ:
4. Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային մարմնի հանրային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի:
5. Օրենքով չնախատեսված դեպքերում հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառումը կամ սահմանների անցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
6. Հարկային մարմնի հանրային ծառայողն իր կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին վերադասության կարգով անհապաղ գրավոր տեղեկացնում է հարկային մարմնի ղեկավարին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետևանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է գլխավոր դատախազին:»․
| «Հոդված 32. |
Հատուկ միջոցների կիրառումը |
1. Հատուկ միջոցները հարկային մարմնի սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) և ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական, հոգեբանական կամ նյութական օբյեկտների, տրանսպորտային միջոցների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս հարկային մարմնի հանրային ծառայողները հատուկ միջոցներ կարող են կիրառել`
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը խափանելիս.
2) ենթադրյալ հանցանքի կատարման պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
3) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում է (են) զինված դիմադրություն ցույց տալ.
4) դիմադրություն ցույց տվող իրավախախտին ձերբակալելու կամ հարկային մարմնի շենք կամ դրան փոխարինող այլ շինություն հասցնելու համար, երբ նրա վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նա կարող է դիմել փախուստի, վնաս պատճառել իրեն կամ շրջապատին.
5) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:
2. Հարկային մարմնի հանրային ծառայողները որպես հատուկ միջոցներ կարող են կիրառել`
1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
2) արցունքաբեր, գրգռիչ նյութեր, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.
4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
5) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում.
6) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերում.
7) ծառայողական շներ` սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում:
3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են կիրառվել նաև սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում:
4. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին, առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները կիրառվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցների կիրառումը` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
| Հոդված 33. |
Զենքի կիրառումը (գործադրումը և օգտագործումը) |
1. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս հարկային հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման ժամանակ իրավունք ունեն զենք գործադրելու`
1) քաղաքացիներին` նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.
2) հարկային մարմնի հանրային ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաև նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.
3) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին կամ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.
4) հարկային մարմնի տնօրինության տակ գտնվող շենքերի, շինությունների և տարածքների վրա, ինչպես նաև հարկային մարմնի հանրային ծառայողի կողմից իրականացվող ուղեկցման և ապրանքների տեղափոխման ժամանակ խմբային կամ զինված հարձակումը հետ մղելիս:
2. Հարկային մարմնի հանրային ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործելու`
1) մարդկանց կյանքին, առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.
2) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնություն կանչելիս:
3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաև երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
4. Հարկային մարմնի սպառազինության մեջ կարող են ընդգրկվել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված զենքի համապատասխան տեսակներ: Հարկային մարմնի սպառազինության մեջ ընդգրկվող զենքի տեսակները՝ ըստ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, պաշտոնների և ծառայողական պարտականությունների, սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
5. Հարկային մարմնի ստորաբաժանումներում գտնվող զենքի հաշվառումը, հարկային մարմնի հանրային ծառայողներին՝ ըստ գործառույթների, զենք տալու, նրանց կողմից զենքը հանձնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով:
| Հոդված 34. |
Հարկային մարմնի հանրային ծառայողների անհատական պաշտպանության միջոցները |
1. Անձնական անվտանգության ապահովման համար հարկային մարմնի հանրային ծառայողն իրավունք ունի օգտագործելու սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անհատական պաշտպանության այլ միջոցներ:»։
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 1 Երևան ՀՕ-370-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 դեկտեմբերի 2025 թվական: