ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է (բացառությամբ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների, որոնց անշարժ գույքը տրամադրվում է վարձակալությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի համաձայն): Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:»:
Հոդված 2.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակը պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն պարտավոր է սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչև 2030 թվականի դեկտեմբերի երրորդ տասնօրյակն ապահովել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված կամ ամրացված անշարժ գույքը հետ վերցնելու և համապատասխան պայմանագրերը դադարեցնելու գործընթացը:
3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած իրավահարաբերությունների վրա:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-345-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2025 թվական: