ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1581-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը փոխարինել «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերով.
2) որոշման նախաբանում «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթության և ուսուցան մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին» բառերով.
3) որոշման հավելվածի՝
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրացիներ) Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (այսուհետ` հաստատություն) ընդունելության կարգը և պայմանները:»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է իրենց ընտրությամբ` ընդհանուր հիմունքներով կամ սույն կարգով սահմանված պայմաններով` առնվազն հիմնական կրթության հիմքով:»,
գ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետով.
«4.1. Վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրացիների հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով։»,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հաստատություն ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատված որակավորումների ցանկին (բացառությամբ ռազմական և ոստիկանական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության) համապատասխան:»,
ե. 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.
«6.1 Դիմորդները կարող են դիմել միայն մեկ հաստատություն և մեկ մասնագիտության համար:»,
զ. 7-9-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Օտարերկրացիների դիմում-հայտերն ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով՝ նախարարի հրամանով ընդունելության համար սահմանված ժամկետներում՝ լրացնելով դիմում-հայտ և ներբեռնելով հետևյալ փաստաթղթերը PDF ֆորմատով՝
1) դիմում` նախարարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ` համաձայն հարցաթերթիկի ձևի.
3) անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները.
4) կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը.
5) 3 x 4 չափսի լուսանկար.
6) ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով.
7) առողջության ապահովագրություն կամ բժշկական տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին: Բժշկական տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից.
8) օտարերկրացին հաստատություն հրամանագրվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական քարտ) պատճենը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը:
8. Սույն կարգի 7-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերն ընդունվում են քննարկման` «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի կոնվենցիայի անդամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը՝ ապոստիլով հաստատված, սույն կոնվենցիային չանդամակցող օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթերը՝ հյուպատոսական վավերացմամբ, իսկ 4-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթի բնօրինակը՝ թարգմանված (հայերենով կամ անգլերենով) և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
9. Հաստատություն դիմած օտարերկրացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառումը, ինչպես նաև ընդունելության գործընթացն իրականացվում է հետևյալ փուլերով`
1) նախարարությունը կատարում է դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրությունը և հաշվառում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով լրացված օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը՝ փաստաթղթերի պատշաճ և ամբողջական լինելու դեպքում, հաստատվում է նախարարության կողմից.
2) ուսումնական հաստատությունը փաստաթղթերն ստանալուց հետո կազմակերպում է դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգում և ընդունելություն.
3) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է տվյալ հաստատության կողմից հաստատված կարգով, որի արդյունքների հիման վրա նրանք կարող են ընդունվել կամ նախապատրաստական բաժին, կամ առաջին կուրս՝ չգերազանցելով տվյալ որակավորման համար լիցենզիայով սահմանված տեղերի թիվը: Եթե դիմորդների քանակը գերազանցում է լիցենզիայով սահմանված տեղերի թիվը, ապա անցկացվում է մրցույթն ըստ մասնագիտության և առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և ստուգման գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.
4) մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար գիտելիքների և կարողությունների ստուգումն անցկացվում է՝ ստեղծագործական և կատարողական արվեստի կամ ֆիզիկական կարողությունների, իսկ բժշկության ոլորտի առարկայական քննության դեպքում՝ հանրակրթական համապատասխան առարկայի (բնագավառի) ծրագրի գիտելիքների և կարողունակությունների ստուգում (քննություն).
5) դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգումը և ընդունելությունը կազմակերպվում են նախարարի հրամանով, որով սահմանվում են կազմակերպման ժամկետները և պայմանները.
6) օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է հրամանագրել օտարերկրյա դիմորդին.
7) ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարում կատարելու պահանջը:»,
է. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ը. 13-րդ, 16-րդ կետերում և հարցաթերթիկի ձևի մեջ «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով,
թ. հարցաթերթիկի ձևի մեջ «EDUCATION AND SCIENCE» բառերը փոխարինել «EDUCATION, SCIENCE, CULTURE AND SPORTS» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
07.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 նոյեմբերի 2025 թվական: