ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«15» հոկտեմբերի 2025 թ. |
N 24-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Սահմանել համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Նախարար`
10/15/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 15.10.2025 թվականի N 24-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածով կանոնակարգվում են համայնքային ծառայողների (բացառությամբ՝ համայնքային ծառայության պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները։
2. Համայնքային ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների (կոմպետենցիաների) շարունակական կատարելագործումն է՝ ապահովելով պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացումը։
3. Մասնագիտական գիտելիքներն են տեղեկություններ, հասկացություններ, մտքեր, գաղափարներ, փաստեր և այլ հանգամանքներ, որոնք անհրաժեշտ են պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների լիարժեք և որակյալ իրականացման համար։
4. Աշխատանքային ունակությունները (կոմպետենցիաներ) ներկայացնում են հմտություններ, որոնք անհրաժեշտ են պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների արդյունավետ իրականացման համար։
5. Վերապատրաստումն իրականացվում է համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ՝ համայնքային ծառայողի տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված իրավունքների, պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների (կոմպետենցիաների) կատարելագործման կամ փոփոխության անհրաժեշտության դեպքում։
6. Վերապատրաստումն իրականացվում է Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) կողմից հաստատված ոլորտային ծրագրերի հիման վրա։
7. Վերապատրաստման ծրագրերը մշակվում են համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքների հիման վրա՝ ապահովելով վերապատրաստման արդյունավետությունը:
8. Համայնքային ծառայողները, բացի Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով համապատասխան միջոցներ նախատեսված լինելու դեպքում պետական բյուջեի միջոցներով նախատեսված վերապատրաստումներից, մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար կարող են մասնակցել այլ վերապատրաստումների:
9. Բոլոր այն դեպքերում, երբ աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստումները իրականացվում են միջազգային դոնոր և տեղական կազմակերպությունների ֆինանսավորմամբ, վերապատրաստումները համակարգվում են Լիազոր մարմնի կողմից՝ նախապես համաձայնեցնելով վերապատրաստումների համար կազմված և մշակված ուսումնական և մեթոդական նյութերը։
2․ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
10. Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների վերլուծությունն ու գնահատման գործընթացը համակարգում է տվյալ համայնքի աշխատակազմի քարտուղարը՝ հիմնվելով համայնքում առկա գործառութային խոչընդոտների, փոփոխվող օրենսդրության, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական զարգացման հրամայականների վրա։
11. Աշխատակազմի քարտուղարը, վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքներն ամփոփելուց հետո, դրանք, մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը ներկայացնում է Լիազոր մարմին։
12. Լիազոր մարմինը, հիմք ընդունելով վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքները, կազմում և հաստատում է ոլորտային վերապատրաստման ծրագրեր՝ ուղղված համայնքային ծառայողների գործառութային կարողությունների նպատակային ու փուլային զարգացմանը:
13. Ոլորտային վերապատրաստման ծրագրերում հստակ սահմանվում են՝
1) գերակա մասնագիտական թեմատիկ ուղղությունները՝ ըստ համայնքների ներկայացրած կարիքների վերլուծության,
2) վերապատրաստման կազմակերպման ձևաչափերը՝ առկա կամ հեռավար, հաշվի առնելով հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունն ու թեմայի առանձնահատկությունները։
14. Համայնքային ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումն իրականացվում է համակարգված ձևով՝ հիմնված հետևյալ բաղադրիչների վրա՝
1) ծառայողական պարտականությունների և գործառույթների վերլուծություն,
2) մասնագիտական գիտելիքների ու հմտությունների գնահատում,
3) աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրների վերլուծություն,
4) համայնքային ծառայողի և վերջինիս անմիջական ղեկավարի կարծիքի հավաքագրում՝ հարցաթերթիկների, հարցազրույցների և քննարկումների միջոցով։
15. Կարիքների գնահատման արդյունքում հստակեցվում են վերապատրաստման ենթակա մասնագիտական թեմատիկ ուղղությունները։
16. Կարիքների գնահատման գործընթացը կազմակերպվում է կիսամյակային հաշվետվությունների և դրանց վերաբերյալ տրված մասնագիտական եզրակացությունների համատեքստում՝ ապահովելով փաստահեն մոտեցում:
17. Վերապատրաստման կարիքները նախնական ձևով ներկայացնում է համայնքային ծառայողը և նրա անմիջական ղեկավարը, իսկ դրանց ամբողջականությունը, հիմնավորվածությունը և առաջնահերթությունը հաստատում կամ փոփոխում է աշխատակազմի քարտուղարը։
18. Համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի կազմակերպման և իրականացման պատասխանատուն համայնքի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմի քարտուղարն է։
19. Յուրաքանչյուր համայնքային ծառայող ենթակա է պարտադիր վերապատրաստման՝ առնվազն երեք տարին մեկ անգամ։
20. Համայնքային ծառայողի վերապատրաստումն անցկացվում է աշխատակազմի քարտուղարի հայտի հիման վրա։ Վերապատրաստումների պարբերականությունը կարող է փոփոխվել ըստ անհրաժեշտության՝ պայմանավորված ոլորտի օրենսդրական բարեփոխումներով, տեղական ինքնակառավարման մարմիններին ներկայացվող պահանջներով, միաժամանակ հաշվի առնելով համայնքային ծառայողների կարիքները, նրանց կողմից ներկայացված առաջարկները։
21. Մեկանգամյա վերապատրաստման մասնակցության առավելագույն ժամկետը վեց ամիս է:
22. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների (կոմպետենցիաների) կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի գործուղումն օրենքով սահմանված կարգով իրականացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ։
23. Վերապատրաստման ժամանակահատվածում (ներառյալ հեռավար եղանակով վերապատրաստման) համայնքային ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից` համայնքային ծառայության իր զբաղեցրած պաշտոնի և վարձատրության պահպանմամբ։
24. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են պետական, ինչպես նաև համայնքային բյուջեների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
25. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում է օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):
26. Կազմակերպությանը և վերապատրաստմանը դասավանդող դասախոսների համար սահմանված պահանջները, վերապատրաստման անցկացման ձևաչափը, վայրը, վերապատրաստման խմբերի խտությունը և այլ չափանիշներ սահմանվում են Լիազոր մարմնի կողմից՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպման ծառայությունների գնման հայտով։
27. Կազմակերպությունը Լիազոր մարմնի հետ պետք է համաձայնեցնի համայնքային ծառայողների վերապատրաստմանը ներգրավված դասախոսների ցուցակը, վերապատրաստման ծրագրի թեմատիկ բաղադրիչները (մոդուլները), վերապատրաստման ծրագրի թեմաների համար նախատեսված տեսական և գործնական պարապմունքների ընդհանուր ժամաքանակները, ինչպես նաև վերապատրաստված համայնքային ծառայողներին տրվող ավարտական փաստաթղթի (վկայականի) նմուշը և համարակալումը, որը պետք է լինի չկրկնվող համարներով:
28. Կազմակերպությունը, հիմք ընդունելով Լիազոր մարմնի կողմից հաստատված վերապատրաստման ծրագիրը, իրականացնում է վերապատրաստումը՝ Լիազոր մարմնի հետ համաձայնեցված պլան-գրաֆիկին համապատասխան։
29. Պլան-գրաֆիկում պարտադիր կարգով ներառվում են վերապատրաստման ենթակա համայնքային ծառայողների թիվը՝ ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի, ծրագրի անվանումը, ծրագրի ժամաքանակը և անցկացման համար նախատեսված ժամկետները:
30. Համայնքի աշխատակազմի քարտուղարը Կազմակերպությանը ներկայացնում է հայտ (Ձև N 1) համայնքային ծառայողների մասնակցությունն ապահովելու նպատակով։
31. Վերապատրաստման անցկացման ձևաչափերն են.
1) առկա ուսուցում՝ որոշակի ժամանակահատվածում և լսարանային պարապմունքներին ունկնդիրների պարտադիր մասնակցությամբ․
2) Լիազոր մարմնի հեռավար ուսուցման կառավարման համակարգի հարթակի միջոցով։
3․ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
32. Վերապատրաստման դասընթացի ավարտին համայնքային ծառայողը մասնակցում է ամփոփիչ թեստավորման՝ գնահատելու ուսումնական նյութի յուրացման մակարդակը, որի արդյունքում ստանում է միավորներ:
33. Թեստավորումն անցկացվում է գրավոր թեստի միջոցով։ Թեստային առաջադրանքն ընդգրկում է ուսումնական նյութի շրջանակներում կազմված 30 հարցեր (խնդիրներ)։
34. Թեստի յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր։
35. Թեստի լուծման համար տրվում է 60 րոպե։
36. Թեստավորման առաջադրանքների 80 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանած համայնքային ծառայողը համարվում է վերապատրաստում անցած, վերջինիս տրվում է համապատասխան վկայական (պատճենը կցվում է համայնքային ծառայողի անձնական գործին)՝ համաձայն սույն հավելվածի Ձև 2-ի։
37. Եթե մասնակիցը հավաքում է 80 տոկոսից պակաս միավոր, ապա նա չի ստանում վերապատրաստման վկայական և ընդգրկվում է հաջորդ տարվա վերապատրաստման ենթակա անձանց ցուցակում։
38. Վերապատրաստման ժամանակահատվածում համայնքային ծառայողի բացակայությունը չի կարող գերազանցել վերապատրաստման ընդհանուր դասաժամերի ավելի քան 1/3-ը, (դասաժամերի քանակը սահմանվում է Լիազոր մարմնի հաստատած վերապատրաստման ծրագրով)։
39. Վերապատրաստման դասընթացին համայնքային ծառայողի բացակայության դեպքում (դասաժամերի ավելի քան 1/3-ին) համայնքային ծառայողը թեստավորմանը չի մասնակցում և վկայական չի ստանում։
40. Համայնքի աշխատակազմի քարտուղարի հայտով ներկայացված, սակայն հարգելի պատճառներով վերապատրաստման դասընթացին չմասնակցած (օրինակ՝ առողջական խնդիրներ, գործուղում և այլն) համայնքային ծառայողները կարող են տվյալ տարվա ընթացքում ընդգրկվել վերապատրաստման այլ խմբերում։ Համայնքի աշխատակազմի քարտուղարի կողմից Կազմակերպություն ներկայացվում է վերապատրաստման նոր հայտ։
41. Սույն հավելվածի 39-րդ կետով սահմանված դեպքում համայնքային ծառայողը ընդգրկվում է հաջորդ տարվա վերապատրաստման ենթակա անձանց ցանկում։
42. Համապատասխան աշխատակազմը վարում է վերապատրաստման հաշվառման էլեկտրոնային մատյան, որտեղ նշվում են վերապատրաստում անցած և վկայական ստացած համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու վերաբերյալ իրավական ակտի համարը և ամսաթիվը, վերապատրաստման ժամկետները, վերապատրաստման արդյունքում ստացած վկայականի համարը:
43. Կազմակերպությունը յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո՝ տասնօրյա ժամկետում, համապատասխան աշխատակազմին ներկայացնում է տեղեկանք (Ձև N 3)՝ վերապատրաստում անցած և վկայական ստացած համայնքային ծառայողների, ինչպես նաև վերջիններիս թեստավորման արդյունքների վերաբերյալ։
4. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
44. Կազմակերպությունը պարտավոր է վերապատրաստման ավարտից հետո Լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն վերապատրաստման արդյունքների վերաբերյալ՝ կցելով վերապատրաստում անցած և վկայական ստացած անձանց ցուցակները, որում պետք է ներառվի համայնքային ծառայողի անունը, պաշտոնը, վերապատրաստման ծրագրի անվանումը, ժամկետները և տրամադրված վկայականի համարը: Լիազոր մարմին ներկայացվում է նաև յուրաքանչյուր խմբի մասնակիցների հաճախելիության թերթիկը։
45. Պատվիրատուի կողմից վճարումներն իրականացվում են Կազմակերպության հետ կնքված պայմանագրով սահմանված վճարման ժամանակացույցին համապատասխան` ըստ փաստացի վերապատրաստվածների թվի:
46. Լիազոր մարմինը իրականացնում է վերապատրաստման գործընթացի շարունակական վերահսկողություն և գնահատում՝ ուղղված ծրագրերի որակի և արդյունավետության ապահովմանը։
47. Լիազոր մարմնի ներկայացուցիչները կարող են դիտորդի կարգավիճակով մասնակցել վերապատրաստման դասընթացներին՝ գնահատելու դրանց բովանդակային և կազմակերպչական համապատասխանությունը օրենսդրությամբ և գնման հայտով սահմանված չափորոշիչներին։
5. ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
48. Հեռավար ուսուցման դասընթացի մոդուլները պետք է կազմված լինեն այնպես, որպեսզի ապահովեն արդյունավետ ուսուցում, պարունակեն կառուցվածքային բովանդակություն և ուսումնական նյութ:
49. Դասընթացը պետք է բաղկացած լինի գլուխներից, ենթագլուխներից և կետերից, որոնց միջոցով դասընթացն անցնողը կարող է միանգամից տեղափոխվել դասընթացի իր ցանկացած բաժինը: Դասընթացի ուսումնական նյութը կարող է բաղկացած լինել դասընթացի նպատակից և սպասվող արդյունքներից, թիրախներից, թեմատիկ դասախոսություններից, ազատ ոճով շարադրված տեքստից, բանաձևերից, նկարներից, բառարաններից, տեսագրություններից, ձայնագրություններից, տեքստային ֆայլերից, հղումներից և այլն:
50. Սույն հավելվածի 48-րդ կետով նախատեսված դասընթացի մոդուլներն ընդգրկում են ուսումնական նյութի յուրացումը ստուգող թեստ:
51. Թեստն ընդգրկում է 30 առաջադրանք` ըստ վերապատրաստման թեմայի:
52. Սույն կարգի 36-րդ կետով սահմանված կարգով՝ թեստավորման արդյունքների հիման վրա համայնքային ծառայողները ստանում են վկայական։
Հավելվածի
Ձև N 1
Հ Ա Յ Տ
_________________________________________________________________ - ին
Կազմակերպության անվանումը
_________________________________________________________________ - ից
Համապատասխան աշխատակազմի անվանումը
|
NN |
Վերապատրաստման մասնակցի ազգանունը, անունը, հայրանունը և հեռախոսահամարը, էլփոստը |
Զբաղեցրած պաշտոնը |
Վերապատրաստման ծրագրի անվանումը |
Վերապատրաստման ժամանակահատվածը |
|
1. |
||||
|
2. |
||||
|
3. |
||||
|
4. |
|
Աշխատակազմի քարտուղար`
|
___________________ ստորագրություն |
_______________________ անուն, ազգանուն |
«____»______________20___թ.
Կ.Տ.
Ձև N 2
|
ՎԿԱՅԱԿԱՆ N_______
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
Տրվում է _____________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ (աշխատակազմի անվանումը, համայնքային ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Առ այն, որ նա վերապատրաստվել է_________________________________________________________ ________________________________________________________________________________________ _ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ __________________________________________________________________________ (վերապատրաստողը, վերապատրաստման ծրագիրը, վերապատրաստման ժամանակահատվածը)
Կ.Տ
|
Ձև N 3
Տեղեկանք
----------------------------------------------------------------------------------- կողմից
(Կազմակերպության անվանումը)
-------------------------------------------------------------------------------------------------------------
(վերապատրաստման ժամանակահատվածը և ծրագրի անվանումը)
Համայնքային ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին
|
N |
Աշխատակազմի անվանումը |
Վերապատրաստված համայնքային ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը) |
Զբաղեցրած պաշտոնը |
Հավաքած միավորներ |
Վկայականի համարը |
|
|
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
Ընդամենը |
|
___________________ Վերապատրաստող |
___________________ ստորագրություն |
______________________ անուն, ազգանուն |
«____»______________20___թ.
Կ.Տ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2025 թվական: