ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
08 հոկտեմբեր 2025 թ. N 137-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել պետության կարիքների համար ներմուծվող, պարտադիր գրանցում չպահանջող բժշկական արտադրատեսակների ներմուծման դեպքերը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի դեկտեմբերի 31-ից:
08.10.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի2025 թվականի հոկտեմբեր «08»-ի թիվ 137-Ն հրամանի |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ, ՊԱՐՏԱԴԻՐ ԳՐԱՆՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ
1. Պետության կարիքների համար ներմուծվող բժշկական արտադրատեսակները հետևյալ դեպքերում ենթակա չեն պարտադիր գրանցման.
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական արտադրատեսակների շուկայի դեֆիցիտի կամ դրա հնարավոր վտանգների առաջացման կանխման նպատակով (ներառյալ առանձին պացիենտի առողջության պահպան ընթացքում առաջացած պահանջարկը) բժշկական արտադրատեսակների ներմուծման դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ չգրանցված բժշկական արտադրատեսակներն ունեն գրանցված համարժեքներ և գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրավոր հավաստմամբ ներմուծվում են Հայաստանի Հանրապետություն կամ արտադրվում են Հայաստանի Հանրապետությունում բավարար քանակով, կամ ներմուծվող բժշկական արտադրատեսակների գրանցումը կասեցվել է կամ մերժվել է կամ գրանցման հավաստագիրը անվավեր է ճանաչվել.
2) բուժման կամ ախտորոշման նորարական մեթոդների ժամանակ կիրառվող բժշկական արտադրատեսակների ներմուծումը.
3) Հայաստանի Հանրապետության և միջազգային առողջապահական կազմակերպության փոխհամագործակցության շրջանակում բժշկական արտադրատեսակների ներմուծումը.
4) նոր բնօջախային վտանգների առաջացման ռիսկով պայմանավորված` արտակարգ դրություն չհայտարարվելու դեպքում, անհրաժեշտ բժշկական արտադրատեսակների ապահովման և կիրառման նպատակով դրանց ներմուծումը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հոկտեմբերի 2025 թվական:
