ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2025 թվականի N 1441-Լ
2024 ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2060-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
09.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1441-Լ որոշման |
Կ Ա Ր Գ
2024 ԵՎ 2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կանոնակարգվում են 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է այն հողօգտագործողներին (այսուհետ՝ շահառու), որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման համաձայն, համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված, հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված և հրապարակված ակտերի հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը կազմել է 40-100 տոկոս։
3. Պատճառված վնասի դիմաց հողօգտագործողներին մասնակի փոխհատուցման գումարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1485-Լ որոշմամբ հաստատված` «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակներում սահմանված` ըստ մշակաբույսերի ապահովագրական գումարի նվազագույն մակարդակի 70%-ը (այն մշակաբույսերը, որոնց համար սահմանված չէ ապահովագրական գումար, հիմք են ընդունվել տվյալ մշակաբույսերի մշակության համար ծախսերի օպերատիվ միջինացված հաշվարկները), դրա նկատմամբ վնասի չափից ելնելով հաշվարկվել է վնասի հատուցման գումարը՝ նվազեցնելով ապահովագրական ընկերությունների կողմից չհատուցվող գումարը և ապահովագրավճարը։ Արդյունքում ստացվող գումարի 70% -ը կկազմի փոխհատուցվող գումարը։
4. Շահառուները մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 2-րդ կետին համապատասխանելիության և փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության վայրի, բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը կամ կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր, ինչպես նաև հայտարարություն (հայտարարության ձևաչափը սահմանվում է համայնքի կողմից) այն մասին, որ կարկուտի հետևանքով վնասված ցանքատարածությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 14-ի N 384-Լ որոշմամբ հաստատված՝ «Բուսաբուծության աջակցության» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մարտի 27-ի N 356-Լ որոշմամբ հաստատված՝ «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի» ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր) շրջանակներում իրականացված չէ: Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով շահառու չէ։ Դիմումի մերժման հիմք է վնասված ցանքատարածությունը ծրագրերի շրջանակներում իրականացված լինելու հանգամանքը։ Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
5. Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև նոյեմբերի 10-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը, որոնցում ներառվում է կարկուտի հետևանքով նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ։ Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության վայրի, բջջային հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ։ Ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում՝ վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ (բացակայության դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տեղեկանքի առկայության մասին)։ Համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող ակտի ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) և կարգի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում համապատասխան մարզպետների աշխատակազմերին՝ համայնքներին տրամադրելու համար:
6. Համայնքային հանձնաժողովները կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում կազմված ակտերը համապատասխան հիմքերով (շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականներ, հողամասի օգտագործումը հավաստող փաստաթղթեր և այլն) ներկայացնում են մարզային հանձնաժողովների քննարկմանը։
7. Մարզային հանձնաժողովները 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային հանձնաժողովների հետ քննարկում են կարգի 6-րդ կետով ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և հաստատում է ակտերը և տրամադրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ ՆԳՆ)։ ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է նախարարությանը: Ներկայացված տվյալներում միայն տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները նախարարություն ներկայացնելու համար։
8. Կարգով սահմանված փոխհատուցումը հատկացվում է ՆԳՆ-ի կողմից նախարարությանը տրամադրված, համայնքային հանձնաժողովների կողմից կազմված, մարզային հանձնաժողովներում քննարկված և հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան ցանքատարածություններին և այգետարածքներին հասցված վնասների չափերի վերաբերյալ կազմված ամփոփ ակտերի հիման վրա և ըստ վնասվածության աստիճանի (տոկոս)՝ աղյուսակում նշված գումարներին համապատասխան։
9. Նախարարությունը կարգի 8-րդ կետում նշված ակտերի հիման վրա 15 աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված գումարները շահառուներին փոխանցելու նպատակով մարզպետի աշխատակազմին տրամադրում է տեղեկատվություն՝ ըստ համայնքների շահառուներին հատկացվող գումարի չափի վերաբերյալ։
10. Մարզպետի աշխատակազմը 9-րդ կետով սահմանված պետական բյուջեի միջոցներով փոխանցման ենթակա գումարը 10 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի միջոցով փոխանցում է շահառուների բանկային հաշվեհամարներին՝ մարզպետի աշխատակազմի և համայնքի կամ բնակավայրի միջև կնքված պայմանագրի հիման վրա։ Մարզպետի աշխատակազմը 15 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը։ Չօգտագործված ֆինանսական միջոցները մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 25-ը վերադարձվում են պետական բյուջե և նախարարություն ներկայացնում տեղեկություն՝ վերադարձված միջոցների վերաբերյալ։
11. Կարկուտի հետևանքով վնասված ցանքատարածությունը կամ այգետարածքը մեկից ավելի անձանց ընդհանուր բաժնային կամ համատեղ սեփականություն կամ անհատույց օգտագործում հանդիսանալու դեպքում փոխհատուցումը տրամադրվում է ընդհանուր սեփականության մասնակիցներից միայն մեկին՝ նոտարական կարգով վավերացված կամ համայնքի ղեկավարի կողմից հաստատված՝ անշարժ գույքի սեփականության մյուս մասնակիցների համաձայնությամբ:
12. Փոխհատուցման գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի պարտավորությունների դիմաց:
13. Շահառուի մահվան պատճառով չվճարված գումարի առկայության դեպքում այն վճարվում է շահառուի ամուսնուն կամ վերջինիս համաձայնությամբ կամ վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի չափահաս զավակին (վերջինիս բացակայության դեպքում՝ շահառուի 14 տարին լրացած երեխային), եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի անձը հաստատող փաստաթուղթը, շահառուի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) համայնքին են ներկայացվում մահվան պետական գրանցումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Աղյուսակ
Կարկտահարության հետևանքով վնասված 1 հեկտար մակերեսով ցանքատարածության և այգետարածքի մասնակի փոխհատուցման գնահատված արժեքները՝ 100 % վնասվածության հաշվով
NN ը/կ |
Անվանումը |
Չափի միավորը |
Փոխհատուցման ենթակա գումարը միավորի հաշվով (դրամ) |
1. |
գարնանացան հացահատիկային մշակաբույսեր, այդ թվում՝ ցորեն, գարի, հաճար, վարսակ, սորգո, եգիպտացորեն, արևածաղիկ, կտավատ |
հեկտար |
47 628 |
2. |
աշնանացան ցորեն |
հեկտար |
55 328 |
3. |
բազմամյա խոտաբույսեր (առվույտ, կորնգան) |
հեկտար |
28 000 |
4. |
բանջարաբոստանային մշակաբույսեր |
հեկտար |
130 900 |
5. |
կաղամբ, գազար, ճակնդեղ |
հեկտար |
105 000 |
6. |
ծնեբեկ |
հեկտար |
130 900 |
7. |
ձմերուկ, սեխ |
հեկտար |
246 400 |
8. |
կարտոֆիլ |
հեկտար |
446 950 |
9. |
խառը պտղատեսակներով այգի |
հեկտար |
128 660 |
10. |
խաղող |
հեկտար |
327 250 |
11. |
կորիզավորներ, այդ թվում՝ ծիրան |
հեկտար |
301 840 |
12. |
կեռաս |
հեկտար |
194 600 |
13. |
սալոր |
հեկտար |
155 960 |
14. |
դեղձ |
հեկտար |
212 800 |
15. |
հնդավորներ (տանձ, խնձոր, սերկևիլ), հոնենի, թզենի, նռնենի, արքայանարնջենի, ձիթենի, տխլենի |
հեկտար |
128 660 |
16. |
ընկուզենի, նշենի |
հեկտար |
132 720 |
17. |
հատապտուղ, այդ թվում՝ ազնվամորի, ելակ, հապալաս |
հեկտար |
157 500 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
09.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
