ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն իրականացնելու նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացման փուլերի ժամանակացույցը` համաձայն 2-րդ հավելվածի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 3-րդ հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման փուլային փաստաթղթերը` ըստ հաստատված ժամանակացույցի:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 5 Երևան ՆԿ-218-Ն |
Հավելված 1 ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 5-ի ՆԿ-218-Ն կարգադրության |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի համանախագահ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ)
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական - Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ
Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի տեղակալ
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 5-ի ՆԿ-218-Ն կարգադրության |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՑՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ
N |
ՓՈՒԼԵՐԸ |
ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ |
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. |
Անվտանգության միջավայրի և ազգային քաղաքականության շրջանակների վերանայում (Անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակում) |
Միջգերատեսչական հանձնաժողով |
մինչև 01.04.2014թ. |
2. |
Ռազմավարական պլանավորման նկատառումների սահմանում (զուգահեռաբար ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերամշակման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում) |
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ` միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնությամբ |
մինչև 01.10.2014թ. |
3. |
Ռազմական խնդիրների սահմանում |
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ |
մինչև 01.01.2015թ. |
4. |
Զորային կառույցի մշակում |
ՀՀ Նախագահ |
մինչև 01.07.2015թ. |
5. |
Ռազմավարական պլանավորման փաստաթղթերի (ԶՈՒ զարգացման, կիրառման պլաններ, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիր և այլն) մշակում |
ՀՀ Նախագահ |
մինչև 31.12.2015թ. |
6. |
Ռազմավարական վերանայման արդյունքների ոչ գաղտնի մասի հրապարակում և պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործում |
ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ |
2016թ - 2020թ.: |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |
Հավելված 3 ՀՀ Նախագահի 2013 թ. դեկտեմբերի 5-ի ՆԿ-218-Ն կարգադրության |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակով իրականացնում է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի աշխատանքների համակարգում, ինչպես նաև ամփոփում, լրամշակում և Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում պաշտպանության ռազմավարական վերանայման փուլերի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները (մշակված փաստաթղթերը):
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, ազգային անվտանգության ռազմավարությանը, ռազմական դոկտրինին, ազգային անվտանգության ոլորտի այլ հիմնարար փաստաթղթերին և սույն կարգի դրույթներին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի իրականացումը` ըստ հաստատված ժամանակացույցի:
4. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`
- Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում կազմակերպում է պաշտպանության ռազմավարական վերանայման վերաբերյալ քննարկումներ,
- ստացված նկատառումների (առարկությունների, դիտողությունների և առաջարկությունների) ամփոփման և լրամշակման հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքները (փաստաթղթերը):
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի համանախագահներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
6. Հանձնաժողովի նախագահը`
- ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
- կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում,
- ամփոփում և լրամշակում է պաշտպանության ռազմավարական վերանայման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական-քաղաքական կազմակերպություններից ստացված առարկությունները, դիտողությունները և առաջարկությունները,
- հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փորձագետների և փորձագիտական հաստատությունների (կազմակերպությունների) կազմը և գործունեության կարգը,
- նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,
- հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:
8. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ այլ պետական գերատեսչություններից, գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից:
9. Հանձնաժողովի նիստերը վարում են հանձնաժողովի համանախագահները, իսկ նրանց բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:
10. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:
11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:
12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Վ. Սարգսյան |