ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
28 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՆԻՆ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառելու վերաբերյալ հարցի լուծման համար միասնական մոտեցումներ մշակելու նպատակով՝
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել «Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ» կանոնակարգով (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 20 հանձնարարականի հավելված)՝ հաշվի առնելով փոփոխությունները՝ հավելվածի համաձայն։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 15 հանձնարարականի |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ կանոնակարգում կատարվող
1. 1-ին կետում «2008 թվականի հունվարի 25-ի «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր)» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ գլխի» բառերով:
2. 2-րդ կետում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծվող ապրանքներ) մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի հիման վրա որոշելիս (1-ին մեթոդ), այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ՝ ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարները, որոնք վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին, և որոնք գնորդը Միության մաքսային տարածք արտահանելու համար որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։».
բ) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարները.»:
3. 7-րդ կետի առաջին պարբերությունում «Համաձայնագրի 5-րդ հոդվածի» բառերը փոխարինել «Օրենսգրքի 40-րդ հոդվածի» բառերով:
4. 11-րդ կետի երկրորդ պարբերությունում «հավելվածում» բառը փոխարինել «սույն կանոնակարգի հավելվածի I բաժնում»:
5. Լրացնել հետևյալ բովանդակությամբ III և IV բաժիններով՝
«III. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող լիցենզային վճարները
12. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հիման վրա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող լիցենզային վճարները նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին և դրանց վճարումն ապրանքների վաճառքի պայման է՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար:
13. Սույն կանոնակարգի նպատակների համար «վերարտադրություն (բազմացում)» հասկացությունը նշանակում է ոչ միայն ներմուծված ապրանքների նմանակումը (օրինակ՝ ներմուծվում է արտադրատեսակի նմուշը, որով ստեղծվում է ձևանմուշ, որն օգտագործվում է ներմուծված արտադրատեսակի ճշգրիտ կրկնօրինակների պատրաստման համար), այլև ներմուծվող ապրանքներում իրագործված գյուտի, ստեղծագործության, մտահղացման կամ գաղափարի վերարտադրությունը:
Սա վերաբերում է նաև գիտական աշխատանքների բնօրինակներին և պատճեններին (օրինակ՝ բակտերիաների նոր շտամի ներմուծում, որը կվերարտադրվի պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ ձևի), գրական ստեղծագործությունների բնօրինակներին (օրինակ՝ ձեռագրի ներմուծումը գրքի տպագրության համար), նախատիպերին, այսինքն՝ նմուշներին, մոդելներին, չափանմուշներին և այլն (օրինակ՝ նոր խաղալիքի նմուշ, որը կվերարտադրվի նոր խաղալիքի ճշգրիտ կրկնօրինակներում), ինչպես նաև կենդանիների և բույսերի տեսակներին (օրինակ՝ գենետիկորեն ձևափոխված միջատ, որը կբազմացվի ելքային տեսակների տարածման հետ պայքարի համար):
14. Սովորաբար մտավոր սեփականություն համարվող կամ այդպիսի օբյեկտներ պարունակող ապրանքների ձեռքբերումն ինքնին չի օժտում գնորդին վերարտադրության (բազմացման) իրավունքով: Մեծ մասամբ այդպիսի իրավունքը փոխանցվում է լիցենզային պայմանագիր կնքելու միջոցով:
15. Համարվում են արդյոք վճարվող վճարները ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքում վերարտադրության (բազմացման) իրավունքի համար վճարվող վճարներ՝ հարցը լուծելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել հետևյալը՝
պարունակում են արդյոք ներմուծվող ապրանքները մտավոր իրավունքների օբյեկտ (օրինակ՝ հեղինակային իրավունքի օբյեկտ, գյուտ, նոու-հաու, սելեկցիոն նվաճում) համարվող որևէ գաղափար կամ յուրօրինակ աշխատանք.
համարվում է արդյոք գաղափարի վերարտադրությունը (բազմացումը) պահպանվող իրավունք՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
նախատեսված է արդյոք արտաքին տնտեսական պայմանագրի (կոնտրակտի) կամ այլ պայմանագրի պայմաններով գնորդին ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի տրամադրումը.
պահանջում է արդյոք պահպանվող իրավունքի տիրապետողը (լիցենզատուն) վարձատրության վճարում՝ վերարտադրության (բազմացման) իրավունքը գնորդին փոխանցելու համար:
Բոլոր թվարկված հարցերի դրական պատասխանները վկայում են այն հնարավորության մասին, որ վճարվող վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքում վերարտադրության (բազմացման) իրավունքի լիցենզային վճարներին:
Ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրություններով օրինակները բերված են սույն կանոնակարգի հավելվածի II բաժնում:
IV. Լիցենզային վճարներ արտադրության գաղտնիքների (նոու-հաուների) օգտագործման իրավունքի համար
16. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 39-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) արտադրության գաղտնիք (նոու-հաու) են ճանաչվում ցանկացած բնույթի տեղեկություն (արտադրական, տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլն), այդ թվում՝ գիտատեխնիկական ոլորտում մտավոր գործունեության արդյունքների մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնագիտական գործունեություն իրականացնելու եղանակների մասին տեղեկությունները, որոնք ներկայացնում են իրական կամ հնարավոր առևտրային արժեք՝ երրորդ անձանց համար անհայտ լինելու ուժով, որոնք չեն կարող օրինական հիմքերով հասանելի լինել երրորդ անձանց և որոնց նկատմամբ այդպիսի տեղեկությունների տիրապետողի կողմից սահմանվել է առևտրային գաղտնիքի ռեժիմ։
17. Արտադրության գաղտնիքների (նոու-հաուների) օգտագործման իրավունքը տրամադրելիս լիցենզային պայմանագրում կարող է սահմանվել, որ արտադրության գաղտնիքն (նոու-հաուն) օգտագործվում է, օրինակ՝
ա) ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ (այդ թվում՝ երբ արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) ինկորպորացված է (պարունակվում է) դրանցում).
բ) Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների (բաղադրամասերի, բաղադրիչների, սարքավորումների, գործիքների և այլն) օգտագործմամբ արտադրվող արտադրանքի, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ.
գ) լիցենզառուի գործունեության շրջանակներում կազմակերպչական որոշումների իրագործման ժամանակ:
18. Եթե արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) օգտագործվել է ներմուծվող ապրանքներն արտադրելիս կամ ինկորպորացված է (պարունակվում է) դրանցում, ապա արտադրության գաղտնիքի (նոու-հաուի) օգտագործման համար լիցենզային վճարները ներառվում են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ, քանի որ նման դեպքերում արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) ներմուծվող ապրանքների մաս է կազմում:
19. Եթե արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) կապված է Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների (բաղադրամասերի, բաղադրիչների, սարքավորումների, գործիքների և այլն) օգտագործմամբ արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) օգտագործելու համար լիցենզային վճարները ներառելու մասին որոշումն ընդունվում է այն հարցի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա, սահմանված է արդյոք արտադրության գաղտնիքի (նոու-հաուի) օգտագործման պայմաններով արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման մեջ ներմուծվող ապրանքների ձեռքբերման և օգտագործման պահանջը:
20. Եթե արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) կապված է լիզենզառուի գործունեության շրջանակներում կազմակերպչական որոշումների իրագործման հետ (օրինակ՝ լիցենզառուի անձնակազմի՝ լիցենզային արտադրանքի արտադրության կամ սարքավորումների, կամ մեքենաների օգտագործման ուսուցման հետ, կառավարման, վարչարարության, մարքեթինգի, վաճառքի և այլնի հաշվառման ոլորտում տեխնիկական աջակցության հետ), ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) օգտագործելու համար լիցենզային վճարները ներառելու մասին որոշումն ընդունվում է լիցենզային պայմանագրով հաստատված սահմանափակումների և պահանջների առկայության մասին հարցն ուսումնասիրելու և վերլուծելու հիման վրա, կամ ապրանքային նշանի, առևտրային նշագրի, ֆիրմային անվանման օգտագործման լիցենզային պայմանագրի պայմաններով նախատեսվածներից տարբերվող՝ ներմուծվող (գնահատվող) ապրանքների սպեցիֆիկ առանձնահատկությունների կամ բնութագրերի հիման վրա, որոնց ուժով արտադրության գաղտնիքի (նոու-հաուի) օգտագործումը հնարավոր է ներմուծվող (գնահատվող) ապրանքների կիրառմամբ:
Արտադրության գաղտնիքների (նոու-հաուների) օգտագործման իրավունքի լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրություններով օրինակները բերված են սույն կանոնակարգի հավելվածի III բաժնում:»:
6. Նշված հիմնադրույթի հավելվածում՝
ա) «Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար» բառերը հանել.
բ) անվանումից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ I բաժնի անվանմամբ՝
«I. Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակներ».
գ) տեքստում «Համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետով» բառերը փոխարինել «Օրենսգրքի 37-րդ հոդվածով» բառերով.
դ) 2-րդ օրինակի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Կազմակերպությունը և իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածով սահմանված իմաստով:».
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ օրինակներով՝
«Օրինակ 8. Կազմակերպությունն օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքել է լիցենզային պայմանագիր, համաձայն որի՝ օտարերկրյա իրավատերը կազմակերպությանը տրամադրում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունք՝ սպորտային պայուսակների վրա այն զետեղելու միջոցով՝ լիցենզային վճարների վճարման պայմանով:
Իրավատիրոջ կողմից սահմանված չեն այն սպորտային պայուսակներին ներկայացվող պահանջները, որոնց վրա զետեղվում է ապրանքային նշանը, ինչպես նաև դրանց արտադրողներին ներկայացվող պահանջները: Արտադրողների ընտրությունը կազմակերպության կողմից իրականացվում է ինքնուրույն:
Կազմակերպությունը և իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Ապրանքային նշանը զետեղվում է սպորտային պայուսակների վրա, որոնք կազմակերպությունը ձեռք է բերում օտարերկրյա արտադրողներից:
Կազմակերպությունը և օտարերկրյա արտադրողները փոխկապակցված անձինք չեն՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Կազմակերպությունն օտարերկրյա արտադրողներին տրամադրում է ապրանքային նշան պարունակող պիտակներ, որոնք զետեղվում են սպորտային պայուսակների վրա՝ Միության մաքսային տարածք դրանք ներմուծելուց առաջ:
Քանի որ կազմակերպությանն իրավունք է ընձեռվել օգտագործելու ապրանքային նշանը սպորտային պայուսակների վրա այն զետեղելու միջոցով և կազմակերպությունն իրականացնում է այն սպորտային պայուսակների ներմուծումը, որոնց վրա կազմակերպության պատվերով արտադրողի կողմից զետեղված է ապրանքային նշանը, լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին:
Քանի որ իրավատիրոջ կողմից սահմանված չեն սպորտային պայուսակներին և դրանց արտադրողներին ներկայացվող պահանջները, և այդպիսի պայուսակները ձեռք են բերվում կազմակերպության ընտրությամբ՝ ոչ կազմակերպության, ոչ էլ իրավատիրոջ հետ փոխկապակցված անձ հանդիսացող արտադրողներից, ապա Միության մաքսային տարածք ապրանքներն արտահանելու համար լիցենզային վճարների վճարումը ապրանքների վաճառքի պայման չէ:
Հետևաբար՝ լիցենզային վճարները փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացման ենթակա չեն:
Տվյալ դեպքում ներմուծվող սպորտային պայուսակների մաքսային արժեքը որոշելիս առանձին պետք է դիտարկվի փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին հնարավոր լրացուցիչ հաշվեգրման մասին հարցը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ կապված կազմակերպության կողմից արտադրողներին պիտակների տրամադրման հետ:
Օրինակ 9. Գնորդը ապրանքային նշանի սեփականատիրոջ հետ կնքում է լիցենզային պայմանագիր, որով գնորդը պարտավորվում է իրավատիրոջը վճարել լիցենզային վճարների ֆիքսված գումար՝ կոշիկի յուրաքանչյուր զույգի համար, որն ունի ապրանքային նշան և ներմուծվում է Միության մաքսային տարածք:
Գնորդը պայմանագիր է կնքել օտարերկրյա արտադրողի հետ, որը նախատեսում է արտադրողի կողմից պատրաստված կոշիկի ձեռքբերում՝ ապրանքային նշանի զետեղմամբ և ապրանքային նշանի գեղարվեստական ձևավորման ու դիզայնի նկատմամբ իրավատիրոջ պահանջների պահպանմամբ, որն արտահայտված է էսքիզներում, նկարներում, գծագրերում: Արտադրողը չունի լիցենզային պայմանագիր իրավատիրոջ հետ: Գնորդի և արտադրողի միջև առուվաճառքի պայմանագիրը չի պարունակում լիցենզային վճարներ վճարելուն վերաբերող դրույթներ։ Արտադրողը, գնորդը և իրավատերը փոխկապակցված անձինք չեն՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Իրավատիրոջ կողմից սահմանված չեն այն կոշիկներին ներկայացվող պահանջները, որոնց վրա զետեղվում է ապրանքային նշանը, ինչպես նաև դրանց արտադրողներին ներկայացվող պահանջները: Արտադրողի ընտրությունը գնորդի կողմից իրականացվում է ինքնուրույն:
Քանի որ, համաձայն լիցենզային պայմանագրի, լիցենզային վճարները վճարվում են Միության մաքսային տարածք ապրանքային նշանով յուրաքանչյուր ներմուծվող զույգ կոշիկի համար, և ապրանքային նշանը զետեղվում է արտադրողի կողմից այդ ապրանքներն արտադրելիս, համաձայն գնորդի հետ կնքած պայմանագրի, այդպիսի լիցենզային վճարները վերաբերում են գնորդի կողմից ներմուծվող կոշիկներին:
Քանի որ իրավատերը չի վերահսկում արտադրողի կողմից կոշիկի արտադրությունը և գնորդին դրա վաճառքը ո՛չ պայմանագրային, ո՛չ էլ որևէ այլ իրավահարաբերությունների շրջանակներում, ապա լիցենզային վճարների վճարումն այդ ապրանքները վաճառելու պայման չէ: Հետևաբար՝ այդ դեպքում լիցենզային վճարները ենթակա չեն ավելացման փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:
Սակայն տվյալ դեպքում ներմուծվող կոշիկների մաքսային արժեքը որոշելիս առանձին պետք է դիտարկվի փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին հնարավոր լրացուցիչ հաշվեգրման մասին հարցը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ կապված գնորդի կողմից արտադրողին էսքիզների, նկարների, գծագրերի տրամադրման հետ:
Օրինակ 10. Ներմուծողն անդամ պետության տարածքում իրականացնում է սիգարետների և նորարարական ծխախոտ պարունակող արտադրանքի արտադրության գործունեություն (այսուհետ՝ պատրաստի արտադրանք), ինչպես նաև Միության մաքսային տարածք է ներմուծում սիգարետների և նորարարական ծխախոտ պարունակող արտադրանքի որոշ տեսակներ, որոնք տաքացվող ծխախոտից արտադրատեսակներ են (տաքացվող ծխախոտային փայտիկներ) (այսուհետ՝ ստիկեր):
Նշված գործունեությունն իրականացնելու համար ներմուծողը կնքել է լիցենզային պայմանագիր որոշակի ապրանքային նշանների տիրապետող օտարերկրյա ընկերության հետ (այսուհետ համապատասխանաբար` ապրանքային նշաններ, իրավատեր)։
Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ ներմուծողին ընձեռվել է պատրաստի արտադրանքի արտադրության իրավունք՝ դրա վրա ապրանքային նշանների զետեղմամբ, ինչպես նաև զետեղված ապրանքային նշաններով սիգարետների և ստիկերի ներմուծման հետ կապված ապրանքային նշանների օգտագործման իրավունք: Ներմուծողն ու իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Համաձայն լիցենզային պայմանագրի՝ ներմուծողը վճարում է իրավատիրոջը ապրանքային նշանների զետեղման իրավունքով պատրաստի արտադրանք արտադրելու իրավունքի համար լիցենզային վճարներ՝ Միության մաքսային տարածքում պատրաստի արտադրանքի իրացումից ստացված հասույթի X տոկոսի չափով:
Լիցենզային պայմանագրի պայմաններով զետեղված ապրանքային նշաններով ներմուծվող սիգարետների և ստիկերի վերաբերյալ նախատեսված է, որ Միության մաքսային տարածք այդպիսի սիգարետների և ստիկերի ներմուծման իրավունքի համար ներմուծողն իրավատիրոջն առանձին վճարում է լիցենզային վճարներ՝ Միության մաքսային տարածքում սիգարետների և ստիկերի իրացումից ստացված հասույթի Y տոկոսի չափով:
Ներմուծվող սիգարետների և ստիկերի նկատմամբ լիցենզային պայմանագրի պայմաններով նախատեսված է, որ ներմուծողը գնում է այդպիսի սիգարետներն ու ստիկերը օտարերկրյա արտադրողներից, որոնք փոխկապակցված անձինք են՝ ներմուծողի և իրավատիրոջ հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։ Այդպիսի արտադրողները փաստացի վերահսկվում են իրավատիրոջ կողմից, քանի որ ապահովում են իրավատիրոջ կողմից սահմանված անձանց սիգարետների և ստիկերի մատակարարումը:
Պատրաստի արտադրանքի արտադրության համար ներմուծողն իր հայեցողությամբ ընտրում է օտարերկրյա մատակարարներին բաղադրամասեր (բաղադրիչներ) ձեռք բերելու համար, այն է՝ սիգարետների արտադրության համար ծխախոտային հումք, նորարարական ծխախոտ պարունակող արտադրանքի արտադրության համար ծխախոտ՝ տաքացվող (այսուհետ՝ հումք), ինչպես նաև ներմուծողի պատվերներով արտադրության և մատակարարման համար եզրաշերտային թուղթ, պիտակ (սիգարետները տուփերում և բլոկներում փաթեթավորելու համար)՝ փաթեթավորման տարա (ծալքավոր տուփ) (այսուհետ՝ ուղեկցող բաղադրիչներ) ձեռք բերելու համար: Հումքի և ուղեկցող բաղադրիչների օտարերկրյա մատակարարներն ինչպես փոխկապակցված, այնպես էլ ոչ փոխկապակցված անձինք են՝ ներմուծողի և իրավատիրոջ հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Հումքը մատակարարվում է փաթեթավորման տարայով (ծալքավոր տուփերով), որոնց վրա նույնականացման նպատակներով կարող է զետեղվել ապրանքային նշաններին հղում պարունակող մակնշում: Սիգարետների համար եզրաշերտային թղթի, պիտակի և փաթեթավորման տարայի (ծալքավոր տուփի) վրա զետեղված են ապրանքային նշաններ:
Հումքի և ուղեկցող բաղադրիչների օտարերկրյա մատակարարների հետ մատակարարման պայմանագրերը չեն պարունակում ինչպես հղումներ մատակարարի և իրավատիրոջ միջև կնքված՝ ապրանքային նշաններ օգտագործելու իրավունք տրամադրելու մասին լիցենզային պայմանագրին, այնպես էլ որևէ պայմաններ ներմուծողի՝ որևէ անձի ապրանքային նշանների օգտագործման համար լիցենզային վճարներ վճարելու պարտավորության մասին:
Իրավատերը չի իրականացնում հումքի և ուղեկցող բաղադրիչների մատակարարումների՝ ներառյալ դրանց գնման գների վերահսկողություն: Իրավատերը նաև չի սահմանել (այդ թվում՝ համաձայն լիցենզային պայմանագրի պայմանների), որ պատրաստի արտադրանքի արտադրության համար կարող է օգտագործվել միայն կոնկրետ մատակարարների հումքն ու ուղեկցող բաղադրիչները: Սակայն լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ ներմուծողը պարտավոր է ապահովել իրավատիրոջ կողմից սահմանվող որակի պահանջներին այն արտադրվող և իրացվող պատրաստի արտադրանքի որակի համապատասխանությունը, որի վրա զետեղվում են ապրանքային նշանները: Իրավատերն իրականացնում է զետեղված ապրանքային նշանով պատրաստի արտադրանքի վերահսկողությունը ներմուծողի կողմից արտադրվող պատրաստի արտադրանքի նմուշների պարբերական ստուգման միջոցով:
Շարադրվածի հիման վրա կարելի է ապրանքային նշանների օգտագործման իրավունքի համար վճարվող լիցենզային վճարների առնչությամբ անել հետևյալ հետևությունները.
պատրաստի արտադրանքի արտադրության և դրա վրա ապրանքային նշանների զետեղման առնչությամբ
լիցենզային վճարների վճարումն իրականացվում է զետեղված ապրանքային նշաններով պատրաստի արտադրանքի նկատմամբ, որը պատրաստված է ներմուծողի հայեցողությամբ ձեռք բերված հումքից և ուղեկցող բաղադրիչներից: Հետևաբար, լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող հումքին և ուղեկցող բաղադրիչներին:
Հաշվի առնելով այն փաստը, որ նմուշներն ստուգելու իրավունքով իրավատիրոջն օժտող՝ լիցենզային պայմանագրի դրույթները վերաբերում են արտադրվող պատրաստի արտադրանքի որակի վերահսկողությանը, և մատակարարների ընտրությունն իրականացվում է ներմուծողի կողմից ինքնուրույն, ապա հումքի և ուղեկցող բաղադրիչների մատակարարումներն իրականացվում են անկախ ներմուծողի կողմից լիցենզային վճարների վճարումից: Հետևաբար՝ լիցենզային վճարների վճարումը ներմուծվող հումքի և ուղեկցող բաղադրիչների՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառքի պայման չէ:
Այսպիսով՝ նման լիցենզային վճարները ներմուծվող հումքի և ուղեկցող բաղադրիչների մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն.
զետեղված ապրանքային նշաններով սիգարետների և ստիկերի ներմուծման հետ կապված
քանի որ ներմուծողն իրականացնում է զետեղված ապրանքային նշաններով սիգարետների և ստիկերի ներմուծում, և լիցենզային վճարները վճարվում են հենց այդպիսի ապրանքների ներմուծման իրավունքի համար, տվյալ լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող սիգարետներին և ստիկերին:
Ներմուծողի՝ օտարերկրյա արտադրողների հետ կնքվող մատակարարման պայմանագրերը չեն պարունակում լիցենզային վճարների հետ կապված որևէ պայման: Սակայն օտարերկրյա արտադրողներն իրականացնում են սիգարետների և ստիկերի վաճառքն իրավատիրոջ կողմից սահմանված անձանց: Հետևաբար, լիցենզային վճարների վճարումը օտարերկրյա արտադրողների կողմից ներմուծվող սիգարետների և ստիկերի՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառքի պայման է:
Այսպիսով, նման լիցենզային վճարները ենթակա են ներառման ներմուծվող սիգարետների և ստիկերի մաքսային արժեքի մեջ։».
զ) լրացնել հետևյալ բովանդակությամբ II և III բաժիններով՝
«II. Ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակները
Օրինակ 1. Առուվաճառքի պայմանագրի հիման վրա անդամ պետության տարածքում գրանցված կազմակերպությունը ձեռք է բերում և Միության մաքսային տարածք է ներմուծում A սորտի բույսերի վերարտադրական սերմեր (այսուհետ՝ մայրական սերմեր):
A բույսերի սորտը գրանցված է անդամ պետության պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական ռեեստրում:
Վաճառողի և կազմակերպության միջև կնքվել է լիցենզային պայմանագիր, որին համապատասխան վաճառողը (իրավատերը) կազմակերպությանը (լիցենզառուին) տրամադրել է սելեկցիոն նվաճման բազմացման իրավունքը՝ ներառյալ
մայրական սերմերի ներմուծումը բացառապես հետագա բազմացման նպատակներով.
մայրական սերմերը մինչև ցանքսային կոնդիցիայի հասնելը՝ հետագա բազմացման համար.
անմիջականորեն մայրական սերմերի բազմացումը՝ A սորտի բույսերի հիբրիդային սերմերի ստացման համար.
անդամ պետության տարածքում մայրական սերմերից ստացված՝ A սորտի բույսերի հիբրիդային սերմերի իրացումը:
Համաձայն լիցենզային պայմանագրի՝ սելեկցիոն նվաճման բազմացման իրավունքի համար կազմակերպությունը վաճառողին վճարում է իրացված հիբրիդային սերմերի յուրաքանչյուր տոննայից X եվրոյի չափով լիցենզային վճար:
Լիցենզային պայմանագրով սահմանված է նաև, որ կազմակերպությունը պարտավոր է վարել մայրական սերմերի հաշվառում՝ լիցենզատուին համապատասխան հաշվետվություն ներկայացնելով և իրավունք չունի մայրական սերմերի հետ իրականացնելու լիցենզային պայմանագրով նախատեսված գործողություններից տարբերվող գործողություններ: Այսպիսով, մայրական սերմերը ներմուծվում են կազմակերպության կողմից բացառապես բազմացման նպատակով և չեն կարող իրացվել երրորդ անձանց:
Կազմակերպության կողմից լիցենզային վճարներն իրավատիրոջը չվճարելու դեպքում լիցենզային պայմանագիրը նախատեսում է առուվաճառքի պայմանագրի խզում և մայրական սերմերը ոչնչացնելու պահանջ:
Քանի որ A սորտի բույսերը գրանցված են անդամ պետության պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական ռեեստրում, այդ սորտի բույսերի մայրական սերմերը մտավոր իրավունքի օբյեկտ են և դրանց օգտագործման նկատմամբ, ինչը ներառում է սերմերի հետ այնպիսի գործողությունների իրականացում, ինչպիսիք են վերարտադրությունը, տրամադրվում է իրավական պահպանություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն լիցենզային պայմանագրի պայմանները, որը նախատեսում է կազմակերպությանը մայրական սերմերի բազմացման իրավունքի տրամադրումը և լիցենզային վճարների վճարման պարտավորությունը, դիտարկվող լիցենզային վճարները Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի վճարներ են:
Այսպիսով, չնայած այն բանին, որ լիցենզային պայմանագրին համապատասխան կազմակերպության կողմից վճարվող լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքին և դրանց վճարումը Միության մաքսային տարածք արտահանման համար ապրանքի վաճառքի պայման է, Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հիման վրա ներմուծվող մայրական սերմերի մաքսային արժեքը որոշելիս լիցենզային վճարները չպետք է ավելացվեն փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:
III. Արտադրության գաղտնիքների (նոու հաուների) օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակները
Օրինակ 1. Լիցենզային պայմանագրով ներմուծողին տրամադրվել է արտադրության գաղտնիքի (նոու հաուի) օգտագործման իրավունք, որը դրսևորվում է ածխաջրածինների արդյունահանման հետ կապված հորատման և այլ տեսակի աշխատանքների անցկացման մեջ, ինչն էապես բարձրացնում է դրանց արդյունավետությունն ու արտադրողականությունը: Տվյալ տեխնոլոգիայի կիրառման համար որևէ հատուկ մշակված սարքավորումների օգտագործում չի պահանջվում:
Նոու հաուի օգտագործման համար ներմուծողը պարտավոր է իրավատիրոջը վճարել լիցենզային վճար՝ երրորդ անձանց պատվերներով լիցենզային տեխնոլոգիայի կիրառմամբ ներմուծողի կողմից աշխատանքների կատարման համար որպես վարձատրություն ստացված հասույթի 3 տոկոսի չափով:
Իրավատերն ու ներմուծողը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Ներմուծողն իրականացնում է սարքավորումների, գործիքների և սպառման նյութերի (այսուհետ՝ հորատման աշխատանքների համար ապրանքներ) գնում և ներմուծում Միության մաքսային տարածք տարբեր օտարերկրյա վաճառողների հետ (ներմուծողի հետ ինչպես փոխկապակցված, այնպես էլ ոչ փոխկապակցված՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով) կնքված պայմանագրերով:
Հորատման աշխատանքների համար ապրանքների մի մասը ներմուծողի կողմից վերավաճառվում է երրորդ անձանց և չի օգտագործվում աշխատանքների կատարման մասով ներմուծողի գործունեության մեջ: Հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքների մյուս մասը ներմուծողի կողմից օգտագործվում է ածխաջրածինների արդյունահանման հետ կապված աշխատանքներն անցկացնելիս՝ երրորդ անձանց պատվերներով: Ներմուծողի կողմից առանց լիցենզային տեխնոլոգիաների կիրառման աշխատանքներ կատարելու դեպքում ներմուծողի կողմից ստացված վարձատրությունը հաշվի չի առնվում լիցենզային վճարների գումարի հաշվարկման ժամանակ: Նոու հաուի կիրառման դեպքում ներմուծողի վարձատրության չափն ավելի բարձր է, քան առանց լիցենզային տեխնոլոգիայի օգտագործման՝ նշված աշխատանքները կատարելու ժամանակ:
Չնայած այն բանին, որ հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքներն օգտագործվում են լիցենզային տեխնոլոգիայի կիրառման ժամանակ, լիցենզային վճարները դրանց չեն վերաբերում, քանի որ հորատման աշխատանքների համար ապրանքները տվյալ տեխնոլոգիայի իրագործման համար հատուկ մշակված սարքավորումներ չեն, և լիցենզային պայմանագրում սահմանված չէ որևէ սահմանափակում և պահանջ, որոնց ուժով նոու հաուի օգտագործումը հնարավոր է բացառապես հորատման աշխատանքների համար գնահատվող ապրանքների կիրառմամբ: Լիցենզային վճարների վճարումը Միության մաքսային տարածք արտահանելու համար հորատման աշխատանքների համար ապրանքների վաճառքի պայման չէ, քանի որ օտարերկրյա վաճառողները վաճառում են այդպիսի ապրանքներն անկախ ներմուծողի կողմից լիցենզատուին լիցենզային վճարների վճարումից: Տվյալ հետևությունը հաստատվում է նաև նրանով, որ հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքները կարող են օգտագործվել ներմուծողի կողմից առանց նոու հաուի կիրառման աշխատանքներ կատարելիս կամ կարող են վերավաճառվել, մինչդեռ լիցենզային պայմանագրով լիցենզային վճարների վճարումը նախատեսվում է ներմուծողի կողմից միայն լիցենզային տեխնոլոգիայի կիրառմամբ աշխատանքներ կատարելու համար:
Այսպիսով, դիտարկված դեպքում նոու հաուի օգտագործման համար լիցենզային վճարներն ենթակա չեն ներառման հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ:
Օրինակ 2. Գնորդը լիցենզային պայմանագրի հիման վրա ստացել է տեխնոլոգիական գործընթացը (նոու հաուն) օգտագործելու իրավունք՝ որոշակի արտադրանք արտադրելու համար և պարտավոր է իրավատիրոջը վճարել լիցենզային վճար, որը հաշվարկվում է այդ գործընթացի օգտագործմամբ արտադրված արտադրանքի քանակի հիման վրա:
Գնորդը օտարերկրյա արտադրողի հետ կնքել է նաև մեքենայի մատակարարման պայմանագիր, որը հատուկ նախատեսված է տեխնոլոգիական գործընթացի (նոու հաուի) իրագործման համար: Նշված մեքենայի պատրաստումն իրականացվում է օտարերկրյա արտադրողի կողմից Միության մաքսային տարածքում կատարված և գնորդի կողմից տրամադրված նախագծային փաստաթղթերին համապատասխան: Օտարերկրյա արտադրողի կողմից գնորդին մեքենայի վաճառքը կախված չէ իրավատիրոջը լիցենզային վճարների վճարումից:
Օտարերկրյա արտադրողը փոխկապակցված չէ ո՛չ իրավատիրոջ, ո՛չ էլ գնորդի հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։
Չնայած այն բանին, որ դիտարկվող լիցենզային վճարի վճարումը կապված է այդ մեքենայով իրականացվող արտադրության գործընթացի հետ, և դա այդ մեքենան օգտագործելու միակ միջոցն է, այդ դեպքում լիցենզային վճարը մեքենայի մաքսային արժեքի մաս չէ, քանի որ դրա վճարումը մեքենայի՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառքի պայման չէ:
Օրինակ 3. Գնորդն ու վաճառողը կնքել են մետաղագլանման սարքավորումների մատակարարման պայմանագիր: Մետաղագլանման սարքավորումները պարունակում են տեխնոլոգիա, որն ապահովում է տեխնոլոգիական գործընթացի (նոու հաուի) օգտագործմամբ արտադրանքի արտադրություն:
Համաձայն գնորդի և վաճառողի միջև կնքված պայմանագրի՝ ի լրումն սարքավորումների գնի, գնորդը պետք է վճարի վաճառողին X միլիոն պայմանական միավորի չափով ֆիքսված գումար՝ որպես տեխնոլոգիական գործընթացն (նոու հաուն) օգտագործելու իրավունքի համար լիցենզային վճար: Սարքավորումների համար վճարելուց և լիցենզային վճարը վճարելուց հետո վաճառողը փոխանցում է լիցենզային վճարի ամբողջ գումարը լիցենզատուին:
Տվյալ դեպքում լիցենզային վճարը վճարվում է այն մետաղագլանման սարքավորումների շահագործման ժամանակ տեխնոլոգիական գործընթացն (նոու հաուն) օգտագործելու իրավունքի համար, որն ապահովում է նշված տեխնոլոգիական գործընթացի կատարումը: Սարքավորումները ձեռք են բերվել հատուկ տվյալ գործընթացը կատարելու համար:
Քանի որ տեխնոլոգիական գործընթացն (նոու հաուն) օգտագործելու իրավունքի համար լիցենզային վճարը կապված է այն տեխնոլոգիան պարունակող՝ ներմուծվող սարքավորումների հետ, որն ապահովում է տեխնոլոգիական գործընթացի (նոու հաուի) օգտագործմամբ արտադրությունը, և լիցենզային վճարի վճարումը սարքավորումների վաճառքի պայման է, տվյալ լիցենզային վճարը պետք է ավելացվի ներմուծվող մետաղագլանման սարքավորումների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:»:
