ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 1380-Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականիսեպտեմբերի 25-ի N 1380-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) դիմող՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, որը սույն որոշմամբ սահմանված կարգով դիմել է Կոմիտե՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար.
2) միջազգային որակավորում տրամադրող հաստատություն՝ «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված հաստատություն.
3) միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, որը միջազգային որակավորում տրամադրող հաստատության լիիրավ (full) կամ կիրառող (implementing) անդամ է կամ որևէ այլ կերպ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անունից անդամության, պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով լիազորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց տրամադրելու միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից կիրառվող որակավորումը։
2. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
2. Դիմելու պահին դիմողը պետք է համապատասխանի սույն հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված չափանիշներին։
3. Դիմողը պետք է՝
1) առնվազն 2 տարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինի որպես ոչ առևտրային կազմակերպություն, որի կանոնադրական նպատակներն ուղղված են զբոսաշրջության բնագավառում ծառայությունների որակի և սպասարկման բարձր ստանդարտների ներդրմանը և պահպանմանը, պատասխանատու զբոսաշրջության զարգացմանը, էթիկայի սկզբունքների պահպանմանը.
2) չգտնվի լուծարման գործընթացում կամ սնանկ ճանաչված չլինի.
3) ապահովի, որ իր անդամների կեսից ավելին լինեն հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք.
4) լինի միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ.
5) ունենա ֆինանսական կայունություն.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չհանդիսանա իր գործողությունների կամ անգործության հետևանքով զբոսաշրջային գործունեության ընթացքում կամ դրա արդյունքում երրորդ անձանց վնաս պատճառած անձ կամ այդ դատական ակտով հաստատված չլինի զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից խտրականության հիմքով խախտում.
7) պատասխանատվության ենթարկված չլինի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից, եթե այդ ակտը դատական կարգով բողոքարկված չէ, իսկ բողոքարկման դեպքում պատասխանատվության վերաբերյալ ակտը չի փոխվել.
8) ունենա սույն հավելվածի 4-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող գործադիր մարմնի ղեկավար կամ այդ պահանջներին համապատասխանող գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող ժամանակավոր պաշտոնակատար.
9) տա տեղեկատվություն, որ իր գործադիր մարմնի ղեկավարը չի հանդիսանում քաղաքական կուսակցության անդամ։
4. Դիմողի գործադիր մարմնի ղեկավարը պետք է՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված տնտեսական հանցագործությունների համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված չլինի կամ չունենա դատվածություն կամ մեղադրյալի կարգավիճակ այդ հանցագործությունների կատարման համար.
2) չզբաղեցնի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող անձի կամ այդ գործառույթները պատվիրակված լինելու դեպքում՝ պատվիրակված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող պաշտոն.
3) չհանդիսանա քաղաքական կուսակցության անդամ։
5. Սույն հավելվածով սահմանված չափանիշներին համապատասխանությունը զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը պարտավոր է պահպանել իր գործունեության ողջ ընթացքում։
6. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը պարտավոր է հաշվարկել և իր ինտերնետային կայքում հրապարակել հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման համար պահանջվող ծառայության գնացուցակ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականիսեպտեմբերի 25-ի N 1380-Ն որոշման |
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝
1) մրցույթ՝ Կոմիտեի կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձի ընտրության համար հայտարարված մրցույթ.
2) մրցութային հանձնաժողով կամ հանձնաժողով` Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված կոլեգիալ մարմին, որը սույն հավելվածով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ընտրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում։
2. Սույն հավելվածում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածում կիրառվող նշանակությունը:
2. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
3. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումն ընտրվում է բաց մրցույթի միջոցով։
4. Կոմիտեն իր ինտերնետային կայքում և իր կողմից վարվող սոցիալական ցանցերի էջերում միաժամանակ հրապարակում է մրցույթի հայտարարությունը։
5. Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու համար տրամադրվում է առնվազն 1 ամիս՝ հաշված մրցույթի հայտարարությունը Կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակման պահից։
6. Մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
1) նշում այն մասին, որ մրցույթը հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրելու մասին է.
2) նշում, որ մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումները.
3) մրցույթին մասնակցության հայտի ներկայացնելու կարգը.
4) նշում, որ սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 9-րդ ենթակետով տրված հայտարարությունը համարվում է մրցույթի հայտարարության պայմանների ակցեպտավորում.
5) նշում, որ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ հիմք ընդունելով դիմողի՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ հավանության արժանացած միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ հանդիսանալու հանգամանքը.
6) մրցույթին դիմելու վերջնաժամկետը.
7) մրցույթի արդյունքների ամփոփման և մրցույթի հաղթողի հետ պայմանագիր կնքելու ժամկետը և պայմանագրի գործողության ժամկետը.
8) հետադարձ կապ հաստատելու միջոցները.
9) մրցույթի այլ պայմաններ։
3. ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7. Դիմողն էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի stc@mineconomy.am և Էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեներին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝
1) մրցույթին մասնակցելու մասին հայտ, որն առնվազն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա. զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
բ. զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման պետական գրանցման համարը,
գ. նշում, որ հայտը ներկայացվում է մրցույթին մասնակցելու համար,
դ. զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման համաձայնությունը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման մասին տեղեկություններ ստանալու մասին,
ե. զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման դեմ ներկայացված հայցերով դատական գործերի ցանկը՝ նշելով յուրաքանչյուր դատական գործի համարը (առկայության դեպքում) կամ նշում, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման դեմ հայցեր առկա չեն,
զ. դիմելու պահին նախորդող առնվազն 2 տարում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից որպես հասարակական միավորում կամ իրավաբանական անձանց միություն իրականացրած գործառույթների հակիրճ նկարագրությունը,
է. էլեկտրոնային փոստի հասցե՝ հետադարձ ծանուցման ապահովման համար,
ը. հայտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,
թ. այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ նշելով, թե դրանցից յուրաքանչյուրը սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի որ չափանիշին համապատասխանությունը գնահատելու համար է ներկայացվում,
ժ. հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.
2) գործադիր մարմնի ղեկավարի՝
ա. անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
բ. համաձայնությունը պետական մարմիններից ստանալու սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հանցագործությունների համար դատվածություն չունենալու փաստը հաստատող տեղեկատվություն,
գ. հաստատում այն մասին, որ գործադիր մարմնի ղեկավարը բավարարում է սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշը.
3) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման անդամների ցանկը՝ ներառելով հետևյալ տեղեկությունները՝
ա. յուրաքանչյուր անդամի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
բ. յուրաքանչյուր անդամի պետական գրանցման համարը և գործունեության հասցեն,
գ. նշում, թե իր անդամներից որոնք են հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ.
4) միջազգային որակավորում տրամադրող հաստատությունից ստացված փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ միջազգային որակավորում տրամադրող հաստատությանը դիմողի անդամ լինելու մասին՝ նշումով, որ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումն իրավունք ունի այդ հաստատության անունից Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում և ինչ հիմքով.
5) ֆինանսական կայունությունը հաստատող հետևյալ տեղեկությունները՝
ա. դիմելու պահին նախորդող 12 ամսվա համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման բանկային հաշվից քաղվածք, որն արտացոլում է անդամներից ստացված անդամավճարների վճարումը,
բ. դիմողի անդամներից անդամավճարներ գանձելու զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման իրավունքը հաստատող ապացույցներ,
գ. սեփականության իրավունքով դիմողին պատկանող գույքի ցանկ։
8. Նախկինում զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորմանը հյուրանոցային տնտեսության որակավորում իրականացնող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կարգավիճակից զրկումը չի սահմանափակում նույն զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման իրավունքը հետագայում դիմելու նոր մրցույթին մասնակցելու համար, եթե վերացել է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորմանը հյուրանոցային տնտեսության որակավորում իրականացնողի կարգավիճակից զրկելու հիմքը։
9. Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը։
10. Դիմողի սեփական նախաձեռնությամբ կարող են Կոմիտե ներկայացվել սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ և 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը և տեղեկությունները։
11. Դիմողի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դիմողի գործադիր մարմնի ղեկավարը։
12. Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX)։
4. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
13. Դիմողի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկատվության համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված չափանիշներին ստուգվում և գնահատվում է ներկայացված փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների հիման վրա՝ ստուգելով դրանց վավերականությունը, ամբողջականությունը և իսկությունը։
14. Սույն հավելվածի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները Կոմիտե ներկայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն դիմողի հայտում նշված էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին ծանուցում է ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա թերությունների մասին և առաջարկում 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները։
15. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված թերությունները վերացնելուց հետո ներկայացված հայտը համարվում է ընդունված հայտի սկզբնական ներկայացման օրը։
16. Կոմիտեի նախագահը կարող է դիմել պետական մարմիններին՝ դիմողի և դիմողի գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ և 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար։
17. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափանիշը ստուգվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից արտահանված քաղվածքով։ Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե՝
1) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը գրանցված է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որպես ոչ առևտրային կազմակերպություն դիմելու պահից նախորդող առնվազն 2 տարի առաջ.
2) զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման լուծարման կամ սնանկության մասին գրանցամատյանում գրառումները բացակայում են։
18. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է դիմողի ներկայացրած ցանկով կամ դիմողի ներկայացրած այլ փաստաթղթերով (անդամակցության դիմումներ, անդամավճարների վճարման ցուցակներ և այլն)։ Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ներկայացրած տեղեկատվության իսկությունը ստուգելու համար անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է անմիջականորեն հարցումներ անել ցանկում նշված անդամներին։
19. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե դիմողը ներկայացրել է սույն հավելվածի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից տրված փաստաթուղթ։
20. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է www.datalex.am տեղեկատվական համակարգով կամ Դատական դեպարտամենտ հարցում ուղարկելու միջոցով։
21. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով կատարված հարցումներով։ Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից դիմողի նկատմամբ առկա չէ ուժի մեջ մտած վերջնական վարչական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման (անբողոքարկելի վարչական ակտ)։
22. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ղեկավարի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերով և հարցումներ ուղարկելու միջոցով։ Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե դիմողի գործադիր մարմնի ղեկավարը չունի դատվածություն կամ մեղադրյալի կարգավիճակ տնտեսական հանցագործությունների համար և հյուրանոցային ծառայություն մատուցող անձի մոտ չի զբաղեցնում գործադիր մարմնի ղեկավարի պաշտոն կամ գործադիր մարմնի գործառույթներն իրավաբանական անձի պատվիրակելու դեպքում՝ պատվիրակված ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոն։
23. Եթե դիմողի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկությունները բավարարում են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված չափանիշները, հաղթողի ընտրությունը կատարվում է բոլոր չափանիշները բավարարող դիմողների միջև` ըստ սույն հավելվածի 45-րդ կետով սահմանված կարգի։
24. Սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված չափանիշներից առնվազն մեկին չբավարարելու դեպքում դիմողի թեկնածության հետագա քննարկումը դադարեցվում է։
25. Սույն հավելվածի 18-րդ և 21-րդ կետերով նախատեսված հարցումներն իրականացվում են զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման համաձայնությամբ, իսկ սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված հարցումն իրականացվում է զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման գործադիր մարմնի ղեկավարի համաձայնությամբ։
5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
26. Հանձնաժողովը ոչ մշտական հիմունքներով գործող մարմին է։
27. Հանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։ Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անհատույց։
28. Հանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։
29. Հանձնաժողովի կազմը, անդամների նշանակման ժամկետը և այլ փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի հրամանով։ Կոմիտեի նախագահի պարտականությունն է ապահովել, որ հանձնաժողովը մշտապես համալրված լինի սույն հավելվածի 30-րդ կետով նախատեսված քանակի անդամներով։
30. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից՝
1) Կոմիտեի 3 աշխատող.
2) Զբոսաշրջության բնագավառում պետական լիազոր մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման (իրավական ապահովման պատասխանատու ստորաբաժանման) 1 աշխատող.
3) 1 իրավաբան կամ փաստաբան (համաձայնությամբ)։
31. Կոմիտեի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը հանդիսանում է հանձնաժողովի մշտական անդամ և ղեկավարում է հանձնաժողովի նիստերը։
32. Հանձնաժողովը՝
1) ստուգում է դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկություններն ու դրանց հիման վրա որոշում դիմողի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված չափանիշներին։
33. Հանձնաժողովի նախագահը՝
1) նիստի սկզբում պարզում է նիստի իրավազորությունը.
2) հանձնաժողովի նիստին հրավիրված այլ անձանց տեղեկացնում է նիստի դռնփակ լինելու (նիստը դռնփակ անցկացվելու դեպքում) և նիստում քննարկվող հարցերի ու այլ տեղեկատվության հրապարակման ենթակա չլինելու մասին.
3) հայտարարում է հանձնաժողովի նիստը հետաձգելու կամ ընդմիջելու մասին.
4) հրապարակում է նիստի օրակարգը.
5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար, հանում է այն հարցերը կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք չեն առնչվում կամ վերաբերելի չեն հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը.
6) հայտարարում է քվեարկության անցկացման մասին.
7) հայտարարում է հանձնաժողովի նիստի ավարտի մասին.
8) հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործառույթներ:
34. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստ հրավիրելու միջոցով։
35. Հանձնաժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին։
36. Հանձնաժողովի նիստերին մասնակցում է Կոմիտեի նախագահի կողմից նշանակված նիստերի քարտուղարը, որի գործառույթն է՝
1) տեղեկացնել հարցազրույցի հրավիրվող անձանց հանձնաժողովի նիստի և ժամանակի մասին.
2) կազմել հանձնաժողովի արձանագրությունը։
37. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, չունի քվեարկելու իրավունք և չի կարող կարծիք արտահայտել օրակարգի հարցի վերաբերյալ բովանդակային քննարկումներին։
38. Դիմողի վերաբերյալ հանձնաժողովի անդամների միջև քննարկումները, ինչպես նաև հանձնաժողովի անդամների բարձրաձայնած մտքերը ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ միայն նրանց գիտությամբ և համաձայնությամբ։
39. Հանձնաժողովի անդամների միջև քննարկումները համառոտ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ, որը ստորագրում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի բոլոր անդամները:
40. Հանձնաժողովի նիստը որևէ պատճառաբանությամբ չկայանալու դեպքում նիստը չկայանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում Կոմիտեն հրավիրում է հանձնաժողովի նոր նիստ։ Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար։
41. Անընդմեջ երկու և ավելի անգամ հանձնաժողովի նիստ, այդ թվում նաև՝ հեռավար նիստ, չկայանալու դեպքում Կոմիտեի նախագահը միանձնյա է որոշում հաղթողին, եթե մրցույթին մասնակցող առնվազն մեկ դիմող ներկայացրել է սույն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր և տեղեկություններ։
42. Սույն հավելվածի 41-րդ կետում նախատեսված դեպքում մեկից ավելի դիմողների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը հաղթողին որոշում է հանձնաժողովի որոշման հիման վրա՝ հիմք ընդունելով սույն հավելվածի 45-րդ կետում նշված կարգը։
43. Հանձնաժողովի նիստի հրավիրման, վարման, քվեարկության կազմակերպման, շահերի բախմամբ պայմանավորված քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու կարգը և արդյունքների մասին թեկնածուին ծանուցելու այլ մանրամասները սահմանվում են Կոմիտեի նախագահի հրամանով։
6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԴԻՄՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ, ՈՐԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
44. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներով ընտրում է հաղթողին։
45. Եթե մեկից ավելի թեկնածուներ միաժամանակ բավարարում են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանված չափանիշներին, հաղթող է ընտրվում այն դիմողը, որը մրցութային հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ հավանության արժանացած միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ է։
46. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կոմիտեի նախագահն ընդունում է հրաման մրցույթի հաղթող ճանաչելու մասին, որում, ի թիվս «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ընդհանուր պայմանների, նշվում են՝
1) մրցույթում հաղթած դիմողի ֆիրմային անվանումը, կազմակերպաիրավական տեսակը և գրասենյակի հասցեն.
2) որակավորման համար հիմք ընդունվող միջազգային որակավորում տրամադրող հաստատության անվանումը.
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորելու իրավունքի իրացման ժամկետը.
4) հրամանի գործողության ժամկետը.
5) այլ։
47. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքներով Կոմիտեի նախագահի հրամանն էլեկտրոնային փոստով ուղարկվում է դիմողին հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
48. Մրցույթում հաղթած դիմողի հետ կնքվում է պայմանագիր։
49. Հրամանի գործողությունը սկսվում է մրցույթում հաղթած դիմողի հետ սույն հավելվածի 48-րդ կետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո և տևում է 10 (տասը) տարի։
50. Մրցույթում հաղթած դիմողի կողմից սույն հավելվածի 48-րդ կետով սահմանված պայմանագրով նախատեսված պարտականությունները սահմանված ժամկետում չիրականացվելու դեպքում Կոմիտեի նախագահն ընդունում է հրաման մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու և մրցույթում հաղթած դիմողին հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրելու իրավունքից զրկելու և սույն հավելվածի 48-րդ կետով նախատեսված պայմանագիրը միակողմանի լուծելու մասին։
51. Մրցույթում հաղթած դիմողն իրավունք է ստանում որակավորելու հյուրանոցային տնտեսության օբյեկտները սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված հրամանն ուժի մեջ մտնելու պահից, և այն գործում է 10 (տասը) տարի ժամկետով։
52. Հրամանը հրապարակվում է Կոմիտեի ինտերնետային կայքում։
53. Սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված հրամանի գործողության ժամկետի ավարտին նախորդող 1 ամսվա ընթացքում մրցույթում հաղթած դիմողն իրավունք ունի դիմելու Կոմիտե հրամանի գործողության ժամկետը նույն ժամկետով երկարացնելու համար, եթե որակավորման գործընթացում հրամանի գործողության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել և զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումը շարունակում է բավարարել սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված չափանիշները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
26.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական:
