ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
25 սեպտեմբերի 2025 թ. ք. Երևան |
N 57-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 11.1-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել` Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում իրականացնելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու մրցույթի անցկացման կարգը՝ համաձայն կից հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. սեպտեմբերի 25-ի N 57-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՎ ՈՒՂԻՂ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի, քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նիստերի տեսանկարահանումը և հատուկ ստեղծված կայքի (կայքերի) միջոցով ուղիղ ժամանակային ռեժիմում՝ միաժամանակյա համացանցային հեռարձակումը կազմակերպելու նպատակով մասնագիտացված կազմակերպություն ընտրելու մրցույթի անցկացման կարգը:
2. Մասնագիտացված կազմակերպություն ընտրելու համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատվիրատու է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրամանով ձևավորվում է մրցույթ կազմակերպող, գնումները համակարգող և գնահատող հանձնաժողով, որը սույն կարգով նախատեսված մրցույթը կազմակերպում և անցկացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով Ազգային ժողովի և համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված պահանջներն ու ժամկետները, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման նպատակով իրականացվող գնումների կատարման առանձնահատկությունները:
3. Ելնելով սույն կարգով նախատեսված գնման առարկայի առանձնահատկություններից՝ գնման հայտի նախագծման նպատակով մրցույթ կազմակերպող հանձնաժողովը կարող է հրավիրել, ինչպես նաև մրցույթ կազմակերպող հանձնաժողովի կազմում ընդգրկել գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն ունեցող անձ (անձինք):
4. Մրցույթի մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար կարող են հրավիրվել անհրաժեշտ մասնագիտական կարողություններ ունեցող համապատասխան փորձագետներ (մասնագետներ):
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 սեպտեմբերի 2025 թվական:
