ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» սեպտեմբեր 2025 թ. N 131-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ԸՍՏ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 35․1-ին հոդվածի 3-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել՝
1) կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման կարգը՝ ըստ առողջապահության բնագավառի մասնագիտությունների առանձնահատկությունների, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման կարգը՝ համաձայն հավելված 1-ի։
2) կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովի ձևավորման կարգը, աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պարտականությունները կատարող՝
23.09.2025 |
Լ. ՆանուշՅԱՆ |
Հավելված 1 ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «23»-ի N 131-Ն հրամանի |
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ՝ ԸՍՏ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Սույն կարգով կարգավորվում են առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու համար ավագ բուժաշխատողներին, որպես ֆիզիկական անձանց, անկախ իրենց աշխատանքի վայրից անհատական լիցենզիա, և կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին), ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձանց անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կենտրոնացված քննություն կազմակերպելու, իրականացնելու, կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները։
2․ Կենտրոնացված քննությունը կազմակերպվում է ըստ առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների։
3․ Կենտրոնացված քննությունն իրականացվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից ստեղծված քննական հանձնաժողովների կողմից։
4․ Անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած, անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունը հանձնած անձանց:
5․ Անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունն իրականացվում է հետբուհական կրթական ծրագրերի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման ավարտից հետո՝ առանձին փուլով՝ հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկաման մասին» օրենքի 35․1-ին հոդվածի 4-րդ մասը։
6․ Անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) հիման վրա՝ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքով կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություն ընդունված անձանց ուսումնառությունն սկսելու պահից՝ հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկաման մասին» օրենքի 35․1-ին հոդվածի 8-րդ մասը։
7․ Կենտրոնացված քննության կազմակերպման և իրականացման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ ԱԱԻ) Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոնը (այսուհետ՝ ՄԳՀԱԿ)։
8․ Կենտրոնացված քննության ժամանակացույցը, վերջինիս մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը, քննական հարցաշարերը հրապարակվում են Առողջապահության նախարարության և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջերում:
9. Անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող կենտրոնացված քննության հայտարարության մեջ պարտադիր նշվում են հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը, իսկ անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող կենտրոնացված քննության հայտարարության մեջ պարտադիր նշվում են հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետները՝ ըստ առողջապահության բնագավառի հիմնական մասնագիտությունների։
10․ Կենտրոնացված քննությանը մասնակցելու նպատակով հայտերը ներկայացվում են Բուժաշխատողների ռեգիստրում (այսուհետ՝ Ռեգիստր) գրանցված անձի անձնական հաշվից և նույն հաշվին ստանում ծանուցում՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
11․ Հայտերի ընդունման վերջնաժամկետները լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած անձանց ցուցակները (այսուհետ՝ ցուցակներ):
12․ Ցուցակները՝ ըստ մասնագիտությունների և կատեգորաների (ավագ բուժաշխատող կամ կլինիկական օրդինատոր (կլինիկական ռեզիդենտ) կամ ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձ), հասանելի են դառնում Ռեգիստրում։
2․ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
13․ Կենտրոնացված քննությունն իրականացվում է հետևյալ փուլերով՝ թեստավորում (թեստային փուլ), գործնական հմտությունների (կարողությունների) գնահատում սիմուլիացիոն պայմաններում (գործնական փուլ)։
14․ Թեստավորման անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ թեստավորումից առնվազն 5 օր առաջ մասնակիցը տեղեկացվում է Ռեգիստրի իր անձնական հաշվին ծանուցում ստանալու միջոցով։
15․ Թեստավորմանը ներկա են գտնվում ՄԳՀԱԿ-ի երկու ներկայացուցիչ, որոնք հանդես են գալիս որպես թեստավորման պատասխանատու:
16․ Կենտրոնացված քննությունը տեսաձայնագրվում է։
17. Թեստավորման պատասխանատուն, անձը հաստատող փաստաթղթի միջոցով, ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում նրա մուտքը թեստավորման սենյակ:
18․ Թեստավորում անցնելու նպատակով մասնակիցը մուտք է գործում հարմարեցված տարածք, համակարգիչներից մեկի առջև զբաղեցնելով իր տեղը։
19․ Մասնակիցը թեստավորումն սկսելուց առնվազն 15 րոպե առաջ պետք է գտնվի թեստավորման սենյակում։ Ընդ որում, նշված ժամանակից ուշ մասնակցի մուտքը թեստավորման սենյակ արգելվում է։
20․ Թեստավորման ընթացքում արգելվում է թեստավորման սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված մասնագիտական հարցեր տալ թեստավորման սենյակում գտնվող անձանց, տեղը փոխել, դուրս գալ սենյակից՝ մինչև թեստային առաջադրանքների կատարումն իր կողմից ավարտելը:
21․ Թեստավորումն սկսվելուց 15 րոպե առաջ թեստավորման պատասխանատուն մասնակիցներին տեղեկացնում է թեստավորման անցկացման կարգի և բողոքարկման գործընթացի մասին:
22. Սույն կարգի 21-րդ կետի պահանջների կատարումից հետո թեստավորման պատասխանատուն մասնակիցներին թույլատրում է համակարգում մուտքագրել իրենց անունը, հայրանունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը:
23․ Անցումային անհատական լիցենզիա ստանալու նպատակով կենտրոնացված քննության թեստային փուլի առաջադրանքները կազմված են բուժաշխատողների էթիկայի նորմերի, առաջին բժշկական օգնության բնագավառներից, իսկ անհատական լիցենզիա ստանալու նպատակով կազմակերպվող կենտրոնացված քննության թեստային փուլի առաջադրանքները ներառում են էթիկայի նորմերի, առաջին բժշկական օգնության և առողջապահության ոլորտի հիմնական մասնագիտությունների տվյալ բնագավառի հարցեր։
24․ Թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգում յուրաքանչյուր մասնակցի համար ինքնաշխատ եղանակով միասնական բազայից ձևավորվում է թեստը և ֆիքվսում աշխատանքի սկիզբը։
25. Թեստերը բաղկացած են առնվազն 30 առաջադրանքից, և դրանց պատասխանելու համար յուրաքանչյուր հարցի համար տրվում է առնվազն 2 րոպե ժամանակ։
26. Թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ապաակտիվացնում է թեստը:
27. Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչև հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում թեստն ապաակտիվացնելու պահին համակարգում ինքնաշխատ եղանակով պահպանված տարբերակը:
28․ Աշխատանքն ավարտելուց հետո մասնակիցը տեսնում է թեստի ճիշտ պատասխանների քանակը՝ արտահայտված միավորներով։ Թեստավորման արդյունքի մասին ամփոփաթերթը երևում է մասնակցի Ռեգիստրի իր էջում՝ աշխատանքն ավարտելուց առավելագույնը 24 ժամ հետո։
29. Թեստը համարվում է հանձնված, եթե մասնակիցը հաղթահարել է անցողիկ նվազագույն շեմը։
30․ Անցողիկ նվազագույն շեմ է համարվում թեստային առաջադրանքների առնվազն 70%-ին տրված ճիշտ պատասխանը:
31․ Թեստն ավարտած մասնակիցն անմիջապես դուրս է գալիս թեստավորման սենյակից:
32. Թեստավորման արդյունքի բողոքարկումն իրականացվում է սույն կարգի 50-60-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում:
33․ Թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցներն իրավունք են ստանում անցնել կենտրոնացված քննության գործնական փուլ, որը բաղկացած է առնվազն 3 առաջադրանքից։
34․ Կենտրոնացված քննության գործնական փուլն իրականացվում է թեստավորումից առավելագույնը 5 աշխատանքային օր հետո։
35․ Մասնակցի գործնական հմտությունների (կարողությունների) գնահատումը կարող է իրականացվել սիմուլյացիոն պայմաններում՝ ներառյալ սիմուլյատորների կամ մանեկենների օգտագործմամբ։
36․ Գործնական հմտությունների (ունակությունների) գնահատումը իրականացվում է մասնակցի կողմից գործնական առաջադրանքների կատարման ճշգրտության և հետևողականության գնահատման միջոցով:
37․ Կենտրոնացված քննության գործնական փուլի գնահատումն իրականացնում են լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի կազմից նշանակված 2 անդամ, որոնք վերահսկում են առաջադրանքների կատարման ընթացքը՝ համոզվելու, որ գործողությունները ճիշտ են կատարվում և բոլոր կանոնները պահպանվում են:
38․ Սույն կարգի 36-րդ կետով սահմանված գնահատումն իրականացվում է հանձնաժողովի անդամների կողմից գնահատման թերթիկներում յուրաքանչյուր առաջադրանքի կատարման վերաբերյալ նշումներ կատարելով։
39․ Գործնական փուլի յուրաքանչյուր առաջադրանքի համար մասնակցին տրվող ժամանակահատվածը չի կարող պակաս լինել 10 րոպեից։
40․ Գործնական առաջադրանքների ճշգրտության և համապատասխանության գնահատման արդյունքը հանձնաժողովի անդամների կողմից մուտքագրվում է գնահատման թերթիկներում։
41․ Գործնական առաջադրանքների արդյունքի հիման վրա մասնակցի՝ գործնական փուլը հաջողությամբ հանձնելու արդյունքը հանձնաժողովը գնահատում է հետևյալ կերպ.
1) «հանձնել է» յուրաքանչյուր ավարտված գործնական առաջադրանքի համար 70% և ավելի արդյունքով.
2) «ձախողվել է», եթե ավարտված գործնական առաջադրանքներից մեկի արդյունքը 69% է կամ պակաս:
42․ Գործնական առաջադրանքը մասնակիցը թղթային տարբերակով ստանում է քննական սենյակ մուտք գործելուց հետո։
43․ Գործնական փուլի արդյունքերը առավելագույնը 24 ժամվա ընթացքում հասանելի են դառնում Ռեգիստրում մասնակցի անձնական հաշվին և կարող են բողոքարկվել սույն կարգի 50-60-րդ կետերին համապատասխան։
44. Մասնակիցը համարվում է կենտրոնացված քննությունը չհանձնած հետևյալ դեպքերում՝
1) քննությանը չներկայանալու.
2) կենտրոնացված քննության փուլերից որևէ մեկը չհաղթահարելու․
3) մասնակցի կողմից սույն կարգի 20-րդ կետով սահմանված պահանջների խախտման։
45. Սույն կարգի 44-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնացված քննությունը ձախողած մասնակիցը, չհանձնած փուլը վերստին հանձնելու համար, ընդհանուր կարգով հայտ է ներկայացնում հանձնաժողովի որոշումը Ռեգիստրում հասանելի դառնալու օրվանից հաշված երկու աշխատանքային օրվա ընթացքում։
46․ Սույն կարգի 45-րդ կետով նախատեսված դեպքում հայտ ներկայացրած անձի կենտրոնացված քննության կազմակերպումն իրականացվում է կենտրոնացված քննության ժամանակացույցին համապատասխան։
47. Սույն կարգի 45-րդ կետով նախատեսված դիմումը չներկայացրած կամ համապատասխան փուլը երեք անգամ ձախողած մասնակիցը հանձնաժողովի կողմից ճանաչվում է քննությունը չանցած (բացառությամբ մասնակցի կողմից հանձնաժողովի համապատասխան որոշման դեմ ներկայացված բողոքարկման քննարկման դեպքերի)։
48․ Մասնակցի կողմից կենտրոնացված քննության փուլերը հանձնելու արդյունքների հիման վրա քննական հանձնաժողովը կենտրոնացված քննության ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում՝ մասնակցի կողմից կենտրոնացված քննությունն անցած կամ չանցած ճանաչելու վերաբերյալ։
49․ Սույն կարգի 48-րդ կետում նշված հանձնաժողովի որոշման համարը և ամսաթիվը մուտքագրվում է Ռեգիստր՝ ստորագրման օրվանից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում։
4. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
50. Կենտրոնացված քննության յուրաքանչյուր փուլի արդյունքները ստանալուց հետո դրանց հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է քննության արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով Ռեգիստրի միջոցով ուղարկել հանձնաժողովի նախագահին։
51. Սույն կարգի 50-րդ կետով նախատեսված բողոքը քննելու նպատակով բողոքն ստանալու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահի կողմից կազմվում է բողոքարկման հանձնաժողով, որը կազմված է հանձնաժողովի 3 անդամից, որոնք չունեն շահերի բախում կամ այլ անձնական շահագրգռվածություն և չեն մասնակցել բողոքարկում ներկայացրած անձի կենտրոնացված քննության գործընթացին։
52․ Բողոքարկման հանձնաժողովում ընդգրկված անձը շահերի բախման առկայության դեպքում պարտավոր է այդ մասին ծանուցել և լրացնել շահերի բախման առկայության վերաբերյալ հայտարարագիր՝ համաձայն սույն Հավելվածի Ձև 1-ի։
53. Հանձնաժողովը չի քննում սույն կարգի 50-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված բողոքը։
54. Բողոքարկման արդյունքում բողոքարկման հանձնաժողովը սույն հանձնաժողովի ձևավորումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում՝ մասնակցի աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
55․ Բողոքարկման հանձնաժողովն իրավունք ունի նիստի ընթացքում պահանջել և ստանալ կենտրոնացված քննության տեսաձայնագրությունը և դիտել բողոք բերած անձի կենտրոնացված քննության գործընթացը։
56․ Բողոքարկման հանձնաժողովի նիստից հետո կազմվում է բողոքարկման հանձնաժողովի նիստի արձանագրություն, որը ստորագրում են նիստին ներկա բոլոր մասնակիցները՝ դրա ավարտից անմիջապես հետո։
57. Բողոքարկման հանձնաժողովի կողմից ձայների պարզ մեծամասնությամբ ընդունվում է որոշում, որի վերաբերյալ մասնակիցը ծանուցվում է նշված որոշումն ընդունելու նույն օրը՝ Ռեգիստրի իր անձնական էջին ծանուցում ստանալով։
58․ Կենտրոնացված քննության հանձնաժողովի որոշումը բողոքարկման հանձնաժողովի կողմից չեղյալ ճանաչվելու և մասնակցի աշխատանքի միավորի բարձրացման դեպքում բողոք բերած անձը իրավունք ունի շարունակել քննական գործընթացը՝ սկսած այն փուլից, որը տվյալ անձը չի անցել՝ անցողիկ շեմը չհաղթահարելու պատճառով:
59. Բողոքարկման հանձնաժողովի նիստերի, այդ թվում՝ դրանց անցկացման ամսաթվի, ժամի և ձևաչափի (առկա կամ հեռավար), կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունը հասանելի է դառնում Ռեգիստրում՝ հանձնաժողովի նիստից 1 օր առաջ։
60. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ վերադասության կարգով, կամ դատական կարգով:
Ձև 1
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես՝ առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամ ________________________________________________ս (նշվում է անուն ազգանունը)
սույնով հայտարարում եմ.
⎕ որ անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անցկացված կենտրոնացված քննության (նշվում է քննության օրը, ամիսը, տարին) արդյունքները բողոքարկող _____________________ (նշվում է բողոքարկողի անուն ազգանունը) ինձ հետ փոխկապակցված անձ է* _________________________________ (նկարագրվում է փոխկապակցվածությունը) և (կամ) առկա է շահերի բախում** ____________________________________________________________________________
(նկարագրվում է շահերի բախման դեպքը)
(նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարվում է նշում):
Հաստատում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են և ճշգրիտ:
____________________________________________________________________________________
(Կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն, օր ամիս, տարի)
__________________________
*Փոխկապակցած են համարվում կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի՝
1) կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները․
2) հանձնաժողովի անդամի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:
**Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ կենտրոնացված քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:
Հավելված 2 ՀՀ առողջապահության նախարարի 2025 թվականի սեպտեմբեր «23»-ի N 131-Ն հրամանի |
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ
1․ Կենտրոնացված քննություն իրականացնող քննական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորվում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեավարի (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից։
2. Լիազոր մարմնի կողմից ձևավորվում է Հանձնաժողովի անդամության թեկնածուների տեղեկատվական բազա՝ լիազոր մարմնի կողմից նախապես համապատասխան պաշտոնական հարցումների արդյունքում ներկայացված թեկնածություններից:
3․ Հանձնաժողովները ձևավորվում են ըստ հիմնական մասնագիտությունունների, որոնցից յուրաքանչյուրում ընդգրվում է 5 հոգի։
4. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այն անձինք, որոնք ունեն՝
1) բարձրագույն և հետբուհական համապատասխան մասնագիտությամբ բժշկական կրթություն․
2) առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի և կրթության ոլորտի փորձ կամ 10 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և գիտական աստիճան՝ համապատասխան մասնագիտության ծածկագրով․
3) ՀՀ առողջապահության նախարարության հետ համաձայնագիր կնքած մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչ, ով վերջին 10 տարվա ընթացքում ունի առնվազն 5 տարվա մասնագիտական կրթության և մասնագիտական աշխատանքի փորձ։
5․ Հանձնաժողովի կազմը վերանայվում է յուրաքանչյուր տարի։
6․ Հանձնաժողովի նախագահն ընտրվում է հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի կազմից, ձայների պարզ մեծամասնությամբ։
7․ Հանձնաժողովը վերահսկում է կենտրոնացված քննության իրականացումը, որոշումներ է կայացնում կենտրոնացված քննության արդյունքների վերաբերյալ, կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրություն, կենտրոնացված քննության վերջնական արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
8․ Հանձնաժողովը կենտրոնացված քննության վերջնական արդյունքների մասին հաշվետվությունը լիազոր մարմնի ղեկավարին ներկայացնում է կենտրոնացված քննության ավարտից հետո՝ տաս օրվա ընթացքում։
9․ Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է ՄԳՀԱԿ-ը։
10. Հանձնաժողովի նախագահը՝
1) պատասխանատվություն է կրում և վերահսկում կենտրոնացված քննության նախապատրաստման, կազմակերպման և անցկացման համար․
2) իրականացնում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը․
3) առաջադրում է կենտրոնացված քննության գործնական փուլում վերահսկություն իրականացնող հանձնաժողովի 2-ական անդամների թեկնածություն․
4) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և որոշումները․
5) պատասխանատու է քննությանը մասնակցող քննական հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված քննության արդյունքների ամփոփման համար․
6) սույն հրամանով սահմանված դեպքերում ձևավորում է բողաքարկման հանձնաժողով և նախագահում այն։
11. Հանձնաժողովի քարտուղարը հանդիսանում է ՄԳՀԱԿ-ի աշխատակիցը, որը Հանձնաժողովի անդամ չի հանդիսանում և իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) կազմակերպում է հանձնաժողովի գործավարությունը, ներառյալ՝ պատրաստում է հանձնաժողովի նիստերի նյութերը․
2) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) իրականացնում է հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերի գրանցումը և Ռեգիստր մուտքագրումը.
4) ապահովում է գրագրությունը հանձնաժողովի անդամների միջև․
5) կատարում է հանձնաժողովի նախագահի տեխնիկական բնույթի այլ հանձնարարականներ։
12․ Հանձնաժողովի անդամների գործառույթներն են՝
1) մասնակցի տեսական և գործնական գիտելիքների գնահատումը․
2) քննական պրոցեսի նկատմամբ հսկողությունը․
3) քննության արդյունքների քննարկումը և որոշում կայացնելը․
4) քննության արդյունքների արձանագրությունների ստորագրումը․
5) հանձնաժողովին քննության արդյունքների ներկայացումը․
6) մասնակցություն բողոքարկման հանձնաժողովի նիստերին և որոշումների կայացմանը՝ անհրաժեշտության դեպքում։
13․ Հանձնաժողովի անդամի կենտրոնացված քննության հետ կապված շահերի բախման կամ այլ անձնական շահերի առկայության դեպքում՝ որոշակի մասնակցի նկատմամբ, այդ թվում՝ այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամի անձնական շահը (ուղղակի կամ անուղղակի) ազդում է կամ կարող է ազդել որոշակի մասնակցի նկատմամբ կենտրոնացված քննության արդյունքների պատշաճ, օբյեկտիվ և անաչառ գնահատման վրա, հանձնաժողովի անդամը պարտավոր է այդ մասին հայտարարել համապատասխան հանձնաժողովի նիստում՝ տվյալ մասնակցի քննության մեկնարկից առաջ: Հանձնաժողովի այն անդամը, որը հայտարարել է շահերի բախման կամ այլ անձնական շահերի մասին, հանձնաժողովին ներկայացնում է շահերի բախման կամ այլ անձնական շահերի մասին հայտարարություն՝ Համաձայն սույն հավելվածի Ձև 1-ի, և չի մասնակցում տվյալ մասնակցի կենտրոնացված քննության գործընթացին։
14․ Սույն կարգի 13-րդ կետով սահմանված դեպքում շահերի բախում ունեցող հանձնաժողովի անդամին լիազոր մարմնի որոշմամբ Հանձնաժողովի անդամության թեկնածուների տեղեկատվական բազայից փոխարինում է մեկ այլ անձ՝ ընդգրկվելով հանձնաժողովի կազմում։
15․ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
Ձև 1
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ես՝ առողջապահության բնագավառում ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու նպատակով կենտրոնացված քննության հանձնաժողովի անդամ ______________________________________________ս (նշվում է անուն ազգանունը)
սույնով հայտարարում եմ.
⎕ որ անհատական լիցենզիա կամ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար անցկացված կենտրոնացված քննության (նշվում է քննության օրը, ամիսը, տարին) մասնակից __________________ (նշվում է մասնակցի անուն ազգանունը) ինձ հետ փոխկապակցված անձ է* _________________________________ (նկարագրվում է փոխկապակցվածությունը) և (կամ) առկա է շահերի բախում** ____________________________________________________________________________
(նկարագրվում է շահերի բախման դեպքը)
(նշման համար նախատեսված հատվածում լատիներեն «V» տառով կատարվում է նշում):
Հաստատում եմ, որ ներկայացված տվյալները հավաստի են և ճշգրիտ:
____________________________________________________________________________________
(Կենտրոնացված քննության հանձնաժողովի անդամի անուն, ազգանուն, ստորագրություն, օր ամիս, տարի)
_________________________
*Փոխկապակցած են համարվում կենտրոնացված քննության հանձնաժողովի անդամի՝
1) կամ նրա ամուսնու հետ, ներառյալ՝ մինչև 2-րդ աստիճանի արյունակցական կապի մեջ գտնվող անձինք: Հանձնաժողովի անդամի հետ արյունակցական կապի մինչև 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք: Արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները․
2) հանձնաժողովի անդամի հետ միևնույն գործատուի մոտ աշխատանքային գործունեություն իրականացնող անձը:
**Շահերի բախում է համարվում այն իրավիճակը, երբ կենտրոնացված քննության հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս պետք է կատարի գործողություն կամ ընդունի որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդում:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական:
