ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2025 թ. |
N 620-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՅԼ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների պաշտպանության նպատակով կատարողական վարույթի մասնակիցներին տրամադրման ոչ ենթակա փաստաթղթերի և տվյալների ցանկը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը:
Ս. ԳԱԼՅԱՆ |
Հավելված Արդարադատության նախարարի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 620-Ն հրամանի |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՅԼ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ
1. Կատարողական վարույթի նյութ հանդիսացող փաստաթուղթը, որը պարունակում է տվյալներ.
1) Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, արտաքին հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների տեղեկությունների վերաբերյալ, որոնք, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, պահպանվում և պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին, այդ թվում` բայց առանց սահմանափակման.
ա. Զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի զորահավաքի ծավալման, մարդկային և տրանսպորտային ռեսուրսների զորահավաքի անցկացման, զորահավաքի ծավալումը կառավարելու համակարգի և անձնակազմով համալրելու հնարավորությունների մասին, սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական, ֆինանսական միջոցներով, ինչպես նաև ռազմական փոխադրումներով ապահովելուն վերաբերող տեղեկությունները.
բ. Զինված ուժերի, այլ զորքերի, քաղաքացիական պաշտպանության ուժերի տեղաբաշխումը, իրական անվանումները, կազմակերպչական կառուցվածքը, սպառազինությունը, ապահովման և մարտունակության վիճակը, անձնակազմի, տրանսպորտային միջոցների, տեխնիկական այլ միջոցների, նյութական միջոցների (վառելիքաքսուկային և այլ միջոցներ) թվաքանակը բացահայտող տեղեկությունները, բացառությամբ, երբ նշված տեղեկությունները ենթակա են հրապարակման` համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների.
գ. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունները.
դ. Հայաստանի Հանրապետությունը հնարավոր զինված հարձակումներից պաշտպանելու վերաբերյալ նախապատրաստական ծրագրերի բովանդակության, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման գծով արդյունաբերական մոբիլիզացիոն կարողությունների, ռազմական հումքի ու նյութերի պահեստավորման և մատակարարումների ծավալի, նյութական` պետական, զորահավաքային և ռազմավարական պահուստների կառուցվածքի, փաստացի չափի և դրանց տեղաբաշխման մասին տեղեկությունները.
ե. Պետական պաշտպանական պատվերների ծավալների, ծրագրերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության, նորոգման, մատակարարումների, դրանց արտադրական կարողությունների առկայության և զարգացման մասին, այդ նպատակով կազմակերպությունների միջև ստեղծված փոխհամագործակցության կապերի, նշված սպառազինությունները և ռազմական տեխնիկա արտադրողների կամ տեխնիկական և գիտական մշակումներ կատարողների մասին տեղեկությունները.
զ. Հայաստանի Հանրապետության պետական, զորահավաքային, ռազմավարական պաշարների պահուստի, դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները.
2) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին չդասվող «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկությունների վերաբերյալ, որոնք պարունակում են պետական գաղտնիքի տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը, և որոնց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը.
3) Կատարողական վարույթի մասնակցի` երրորդ անձանց անհայտ լինելու ուժով իրական կամ հնարավոր առևտրային արժեք ունեցող առևտրային կամ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների վերաբերյալ, եթե չկա օրինական հիմքերով այն ազատորեն ստանալու հնարավորություն, և տեղեկատվություն ունեցողը միջոցներ է ձեռնարկում դրա գաղտնիության պահպանման համար, և եթե այդ տեղեկության հասանելիությունը երրորդ անձանց օրենքով սահմանափակված է այն վարույթի կանոններով, որով կայացվել է կատարման ենթակա ակտը.
4) Կատարողական վարույթի մասնակցի` առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների վերաբերյալ.
5) Հարկադիր աճուրդի մասնակիցների մասին տեղեկությունները, բացառությամբ աճուրդում հաղթողի և նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2025 թվական:
