ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1276-Ն
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերը, կարգը և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1276-Ն որոշման |
ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ՝ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀՍԿԻՉ (ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ) ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՔԱՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1․ Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 7.2-րդ կետին համապատասխան՝ հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթում ներառելու դեպքերի, կարգի և ժամկետների հետ կապված հարաբերությունները։
2. Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մատակարարման՝ սույն հավելվածի 4-րդ կետում նշված դեպքերում և ժամկետներում օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան դուրս գրվող հարկային հաշվում (այդ թվում` ճշգրտող) և հաշիվ վավերագրում (այդ թվում` ճշգրտող) (այսուհետ` հաշվարկային փաստաթուղթ) պարտադիր ներառվում է գործարքի առարկա հանդիսացող ապրանքների դրոշմավորման համար կիրառված հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմանը համապատասխան էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը ներառվում է հաշվարկային փաստաթղթում որպես առանձին ֆայլ կցելու միջոցով:
4. Դուրս գրվող հաշվարկային փաստաթղթում հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը պարտադիր ներառվում է 2026 թվականի հունվարի 1-ից «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2402, 2404 11 000 9, 2404 12 000 0, 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի և 2204, 2205, 2206 00, 2207, 2208 ծածկագրերին դասվող ալկոհոլային ապրանքների մատակարարման դեպքերում։
5. Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում ներառվում է՝
1) հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ժամանակ՝ հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing)՝ հսկիչ (նույնականացման) նշանները հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով կամ
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի մշակած և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված բջջային հավելվածով (այսուհետ՝ բջջային հավելված)՝ հսկիչ (նույնականացման) նշանները սքանավորելու և հաշվարկային փաստաթղթին կցելու միջոցով, բայց ոչ ուշ, քան հաշվարկային փաստաթուղթն ստացողի կողմից ստորագրվելը։
6. Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է դրոշմավորված ապրանքներն ստացողին՝ ապրանքների մատակարարման օրվան հաջորդող օրվա ավարտին, իսկ մինչև այդ ժամկետը հաշվարկային փաստաթուղթն ստացողի կողմից ստորագրվելու դեպքում՝ ստորագրման պահից կամ մինչև այդ ժամկետն ստացողի կողմից հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստելու դեպքում՝ հավաստման պահից։ Հսկիչ (նույնականացման) նշանների տվյալների ստուգման մասին հավաստումն իրականացվում է բջջային հավելվածի միջոցով։
7. Հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասության անցումն իրականացվում է միայն դրոշմավորման վավեր ծածկագրերի մասով։
8. Հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունը հաշվարկային փաստաթղթերում կարող է փոփոխվել մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված՝ հաշվարկային փաստաթղթում ներառված հսկիչ (նույնականացման) նշանների դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով դրոշմավորված ապրանքներն ստացողին անցնելը։
9. Մինչև հաշվարկային փաստաթուղթն ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կարող է կատարել «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշում, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերն ինքնաշխատ եղանակով ստանում են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
10. Հաշվարկային փաստաթղթերի չեղարկման, անվավեր ճանաչման, ինչպես նաև ստացողի կողմից հաշվարկային փաստաթղթի ջնջման դեպքերում հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ փոփոխություն կատարելու իրավասությունն ինքնաշխատ եղանակով անցնում է փաստաթուղթ դուրս գրողին (մատակարարին)։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական:
