ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2025 թվականի N 1264-Ն
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3.2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականիսեպտեմբերի 4-ի N 1264-Ն որոշման |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույն հավելվածով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3.2-րդ մասին համապատասխան՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը էլեկտրոնային եղանակով իրականացնելու դեպքերի և կարգի հետ կապված հարաբերությունները։
2. Սույն հավելվածով սահմանված դեպքերում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունն ապրանքների շրջանառության մասնակիցները փոխանցում են էլեկտրոնային եղանակով՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 10-ի N 312-Լ որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորի մշակած և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետ համաձայնեցված բջջային հավելվածով (այսուհետ՝ հավելված).
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1418-Ն որոշմանը համապատասխան՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով։
3. Հավելվածը գրանցելու և գրանցումից հանելու համար դիմումները ներկայացվում են հարկային մարմնի հաշվետվություններ ներկայացնելու համակարգի (https://file-online.taxservice.am) միջոցով։
4. Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հավելվածի միջոցով հարկային մարմնի միասնական շտեմարան փոխանցվում է մինչև դրոշմավորված ապրանքը շրջանառությունից հանելը՝ հետևյալ դեպքերում.
1) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքն այլ ապրանքի (այդ թվում՝ կիսաֆաբրիկատի) արտադրության (պատրաստման) մեջ կամ սեփական կարիքների համար օգտագործում։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքն այլ ապրանքի (այդ թվում՝ կիսաֆաբրիկատի) արտադրության (պատրաստման) մեջ կամ սեփական կարիքների համար օգտագործողը.
2) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի (բացառությամբ խմբային փաթեթավորման և ապրանքի հավաքածուի) մասնակի օտարում։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը մասնակի օտարողը.
3) ծառայության մատուցման ընթացքում նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի օգտագործում, եթե դրա արժեքը ներառվում է ծառայության արժեքի մեջ։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է ծառայություն մատուցողը.
4) սույն կետի 1-3-րդ ենթակետերում չնշված այլ դեպքերում, երբ առկա չէ հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից hսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների օտարման կամ օտարման պահին ապրանքի դիմաց վճարման փաստ։ Սույն ենթակետում նշված դեպքերում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը շրջանառությունից հանողը։
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում շրջանառությունից հանված նույնականացման միջոցի վերադարձ շրջանառության մեջ կարող է իրականացվել հավելվածի միջոցով, եթե վերադարձվող ապրանքը, որի վրա առկա է նույնականացման միջոցը, չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը և սպառողական հատկանիշները։
6. Նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու՝ շահագործումից հանելու դեպքերում այդ նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը փոխանցվում է համակարգ՝ մինչև դրոշմավորված ապրանքի նույնականացման միջոցը շրջանառությունից հանելը՝ շահագործումից հանելը՝ հետևյալ դեպքերում.
1) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի դուրսգրում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1261-Ն որոշմամբ սահմանված կարգով փաստաթղթավորված կորուստ համարվելու դեպքում։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը դուրս գրողը.
2) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի բռնագրավում կամ հօգուտ պետության տիրազուրկ ճանաչում։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է այն անձը, որից բռնագրավվել է դրոշմավորված ապրանքը կամ որը հրաժարվել է դրոշմավորված ապրանքից հօգուտ պետության.
3) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի արտահանում։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանողը.
4) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի՝ փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման նպատակով դուրսգրում.
5) ներմուծողի կողմից նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վերադարձ մատակարարին։ Սույն ենթակետում նշված դեպքում տեղեկությունը փոխանցում է դրոշմավորված ապրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծողը։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
04.09.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2025 թվական:
