ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան 2 սեպտեմբերի 2025 թ.
2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով.
|
նախագահող` դատավորներ՝
|
Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Հրայր Թովմասյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի (զեկուցող), Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, |
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի հուլիսի 3-ի N 906-Ա որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին (այսուհետ նաև` Պայմանագիր) Հայաստանի Հանրապետությունը միացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով, որը վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Ազգային ժողովի ԱԺՈ-132-Ն որոշմամբ՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի՝ 2014 թվականի նոյեմբերի 14-ի ՍԴՈ-1175 որոշումը։
2. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգում:
3. Դիմումին կից ներկայացված Արտաքին գործերի նախարարության՝ Արձանագրության վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին եզրակացության և Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:
Արձանագրության կողմերն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
2025 թվականի մարտի 10-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրած կողմերից որևէ մեկը չի ավարտել Արձանագրության ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։
Փոփոխությունները վերաբերում են այդ թվում՝ ԵԱՏՀ կողմից պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման հատուկ մեխանիզմ կիրառելու մասին որոշումներ ընդունելու կարգին, դրանց ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու կամ դատական կարգով բողոքարկելու ընթացակարգերին, ինչպես նաև ընդունված որոշումների` մրցակցության վրա ազդեցության հետևանքների գնահատման առանձնահատկություններին:
4. Արձանագրությամբ սահմանված բովանդակությամբ և կարգով մի շարք փոփոխություններ են կատարվում Պայմանագրում, մասնավորապես՝ Պայմանագրի 102-րդ հոդվածը լրացվում է 6-րդ կետով, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) II բաժինը լրացվում է 301 կետով, «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 8 հավելված) (այսուհետ նաև՝ Փոփոխվող արձանագրություն) VIII բաժինը շարադրվում է այլ խմբագրությամբ, փոփոխվում և լրացվում են Փոփոխվող արձանագրության VIII բաժնի 275-296-րդ կետերը, Փոփոխվող արձանագրությունը լրացվում է IX բաժնով, որը ներառում է եզրափակիչ դրույթները:
5. Համաձայն Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետի՝ Պայմանագրի 102-րդ հոդվածը լրացվում է 6-րդ կետով, որի համաձայն՝ նախքան Փոփոխվող արձանագրության 291-րդ կետի երրորդ և յոթերորդ պարբերություններով նախատեսված՝ Հանձնաժողովի ակտերն ուժի մեջ մտնելը, այն ժամկետները, որոնց ընթացքում կարող է մաքսային մարմին ներկայացվել առանձնացված մրցակցող շուկա չմտնող` անդամ պետության տարածքում ներմուծված ապրանքն սպառելու հաստատումը, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետությունն Արձանագրությամբ ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
6.1. ապահովել, որ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 30-րդ կետին համապատասխան ներկայացված՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման կամ փոխհատուցման միջոց կիրառելու (չկիրառելու) մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշումը չեղարկելու կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը պարունակի Հանձնաժողովի կոլեգիայի որոշումն այդպես չեղարկելու կամ դրանում փոփոխություն կատարելու տնտեսական հիմնավորում (փոփոխություններ կատարելու մասին առաջարկը ներկայացնելու դեպքում՝ նշելով այդ փոփոխությունները) (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 275),
6.2. գործադիր իշխանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի այն հաստատումը ներկայացնելիս, ըստ որի` ներմուծված ապրանքն սպառվել է առանձնացված մրցակցող շուկա չմտնող Հայաստանի Հանրապետության տարածքում, հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի գումարը, ինչպես նաև նախնական հակագնագցման տուրք կամ նախնական փոխհատուցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման կամ փոխհատուցման միջոցները վերադարձնել՝ Փոփոխվող արձանագրությամբ նախատեսված կարգով. ընդ որում` այն ժամկետը, որի ընթացքում այդ հաստատումը կարող է ներկայացվել մաքսային մարմին, սահմանվում է Հանձնաժողովի կողմից (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 291, պարբերություն 3 և կետ 292),
6.3. գործադիր իշխանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի այն հաստատումը ներկայացնելիս, ըստ որի` ներմուծված ապրանքն սպառվել է առանձնացված մրցակցող շուկա չմտնող Հայաստանի Հանրապետության տարածքում, վերադարձնել որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորությունների կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարները՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված կարգի. ընդ որում` այն ժամկետը, որի ընթացքում այդպիսի հաստատումը կարող է ներկայացվել մաքսային մարմին, սահմանվում է Հանձնաժողովի կողմից (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 291, պարբերություն 7),
6.4. Փոփոխվող արձանագրության 83, 84, 86, 146, 147 և 149-րդ կետերում նշված հանգամանքները վրա հասնելու դեպքում որպես հակագնագցման կամ փոխհատուցման տուրքի վճարման մասով պարտավորության կատարման ապահովում մուտքագրված դրամական միջոցների (փողի) գումարը վերադարձնել՝ այդ կետերով նախատեսված կարգով. ընդ որում` ուսումնասիրություն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին ժամանակին տեղեկացնում է այդպիսի հանգամանքները վրա հասնելու մասին (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 292, պարբերություն 2),
6.5. ուսումնասիրություն անցկացնող մարմնի՝ իրավասու մարմնի հետ ուսումնասիրություններ անցկացնելու հարցերի շուրջ փոխգործակցությունը կազմակերպելու նպատակով իրավասու մարմիններին ապահովել ուսումնասիրության նյութերին հասանելիությունը՝ հաշվի առնելով, որ իրավասու մարմինները երրորդ անձանց չեն փոխանցի և այլ եղանակով չեն հրապարակի ուսումնասիրության անցկացման հետ կապված տեղեկատվությունը (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 293, ենթակետ 2),
6.6. առաջնորդվել Պայմանագրի թիվ 8 հավելվածի VIII բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմով սկզբնական ժամանակահատվածում, որը կազմում է Արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 2 տարի, և հաջորդող 2-ամյա ժամանակահատվածների ընթացքում, եթե սկզբնական կամ հաջորդող 2-ամյա ժամանակահատվածները լրանալուց ոչ ուշ, քան 6 ամիս առաջ Հանձնաժողով չի ներկայացվում անդամ պետության կառավարության ղեկավարի՝ Պայմանագրի թիվ 8 հավելվածի VIII բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը կասեցնելու մասին ծանուցումը, իսկ նշված ծանուցումն ստանալու դեպքում՝ դադարել Պայմանագրի թիվ 8 հավելվածի VIII բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմով առաջնորդվելը՝ սկզբնական կամ հերթական 2-ամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մինչև Միջկառավարական խորհրդի համապատասխան որոշումն ընդունելը (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 295, պարբերություններ 1 և 2),
6.7. նախքան Փոփոխվող արձանագրության 295-րդ կետով նշված ծանուցումն ուղարկելը՝ Հայաստանի Հանրապետության մտադրության մասին տեղեկացնել Հանձնաժողովին և խորհրդատվություններ անցկացնելու հարցում ուղարկել՝ առկա մտահոգությունները կարգավորելու նպատակով (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 295, պարբերություն 4),
6.8. Պայմանագրի թիվ 8 հավելվածի VIII բաժնով նախատեսված հատուկ մեխանիզմի կիրառումը վերսկսելու օրվանից շարունակել առաջնորդվել Փոփոխվող արձանագրության 295-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով. ընդ որում` 2-ամյա ժամանակահատվածների ընթացքը հաշվվում է այդ մեխանիզմի կիրառումը վերսկսելու օրվանից (հոդված 1, կետ 3, Փոփոխվող արձանագրության կետ 295, պարբերություն 5)։
7. Համաձայն Փոփոխվող արձանագրության 297-րդ կետի՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետ կապված՝ Հանձնաժողովի որոշումները և (կամ) Հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) վիճարկելու մասին գործերը քննելու կարգը և առանձնահատկությունները որոշվում են Միության դատարանի ստատուտով (Պայմանագրի թիվ 2 հավելված) և Միության դատարանի կանոնակարգով։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
2 սեպտեմբերի 2025 թվականի ՍԴՈ-1793 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2025 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼԻՍ ՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1793 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1793 որոշմամբ որոշել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1793 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի սեպտեմբերի 2-ի ՍԴՈ-1793 որոշմամբ 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
|
Դատավոր՝ |
Ե. Խունդկարյան |
|
«3» սեպտեմբերի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 սեպտեմբերի 2025 թվական: