ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«11» օգոստոսի 2025 թ. |
N 1880-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԴԱՐԳՏՐԱՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00019 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ԴԱՐԳՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի օգոստոսի 01-ի N 1763-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝
ՊԱՐԶԵՑԻ
1․Վարչական վարույթի նախապատմությունը.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի N 1763-Ա հրամանով «ԴԱՐԳՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Վարչական վարույթի հարուցման համար հիմք Է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2025 թվականի հունիսի 4-ի ՔՏՄ/14.1.2/14302-25 գրությունը առ այն, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի ստուգում իրականացնելու վերաբերյալ թիվ Տ/586-2025 հանձնարարագրի հիման վրա 2025 թվականի մայիսի 12-ից 14-ը ստուգում է իրականացվել «ԴԱՐԳՏՐԱՆՍ» ՍՊ ընկերությունում՝ 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2025 թվականի մայիսի 14-ը ներառյալ ժամանակահատվածի համար։
Ըստ «ԴԱՐԳՏՐԱՆՍ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման մասին N S/586-2025 (14) ակտի՝ ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները՝
1) Չի ներկայացվել տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համապատասխան լիցենզիայի ներդիրը, որը մեկնաբանված է որպես ՀՀ կառավարության 2007 թ․ փետրվարի 15-ի թիվ 690-Ն որոշման հավելված 1-ի 8-րդ կետի պահանջի խախտում։
2) Չի ներկայացվել տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները, որը պահպանվում է մեկ տարի ժամկետով։
Խախտվել է ՀՀ կառավարության 2021 թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Կարգ) 15-րդ կետի պահանջը։
Ստուգվող օբյեկտը առարկություններ չի ներկայացրել։
Տեսչական մարմինը Լիազոր մարմնին առաջարկել է քննարկել Ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00019 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Հիմք ընդունելով Տեսչական մարմնի թիվ ՔՏՄ/14.1.2/14302-25 միջնորդագիրը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1763-Ա հրամանով «ԴԱՐԳՏՐԱՆՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ՝ քննարկելու Ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00019 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2025 թվականի օգոստոսի 6-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում։
Վարչական լսումը չի կայացել՝ Ընկերությունը պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքով պայմանավորված։
Վերոգրյալով պայմանավորված 2025 թվականի օգոստոսի 8-ին հրավիրվել է ևս մեկ վարչական լսում՝ ապահովելով Ընկերության ներկայացուցչի մասնակցությունը։
Վարչական լսման ընթացքում Տեսչական մարմնի թիվ S/586-2025 ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Հանձնաժողովը պարզաբանեց, որ Կարգի 8-րդ կետի խախտում առկա չէ, քանի որ Ընկերությանը լիցենզիա տրամադրվել է 2007 թվականի դեկտեմբերի 29-ին, երբ սույն կետով սահմանված կարգավորումը չէր գործում, իսկ ըստ Կարգի 32-րդ կետի՝ լիցենզիան նոր ձևաթղթով չփոխարինելը հիմք չէ գործող լիցենզիայի գործողության դադարեցման համար։
Երկրորդ կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը պարզաբանել է, որ տեսաձայնագրությունները պահպանող կրիչի վնասվելու պատճառով տեսաձայնագրությունները չեն պահպանվել, ուստի Տեսչական մարմնին չեն կարողացել տրամադրել պահանջվող տեսագրությունները։
2․ Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը Տեսչական մարմնի կողմից ստուգվող ժամանակահատվածում՝ 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2025 թվականի մայիսի 14-ը, տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարան է մուտքագրել 4 հազար 665 տրանսպորտային միջոցներ, սակայն Տեսչական մարմնին չի տրամադրել նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացրած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման փաստը հավաստող ոչ մի տեսագրություն։
Վարչական վարույթի շրջանակներում, ինչպես նաև Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում Ընկերության կողմից չեն ներկայացվել համապատասխան հիմնավորումներ կամ փորձագիտական եզրակացություն՝ տեսանկարահանող սարքավորումների վնասման կամ խափանման մասին։
3․Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`
1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.
2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.
3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).
4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:
2025 թվականի մայիսի 12-ից մայիսի 14-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ԴԱՐԳՏՐԱՆՍ» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում։
Ստուգումների արդյունքում Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/586-2025 ակտը։
Տեսչական մարմնի կողմից Ընկերությունում անցկացված ստուգման ակտում արձանագրվել են հետևյալ խախտումները․
1) Չի ներկայացվել տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիայի հետ առկա լիցենզավորված անձի կողմից շահագործվող հոսքագծերի քանակին և տեսակին համապատասխան լիցենզիայի ներդիրը, որը մեկնաբանված է որպես ՀՀ կառավարության 2007 թ․ փետրվարի 15-ի թիվ 690-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 8-րդ կետի պահանջի խախտում։
2) Չի ներկայացվել տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները, որը պահպանվում է մեկ տարի ժամկետով։ Խախտվել է ՀՀ կառավարության 2021 թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջը։
Ստուգման ակտի առաջին կետով արձանագրված խախտման վերաբերյալ Ընկերությունը վարչական լսման ընթացքում պարզաբանում է ներկայացրել Լիազոր մարմին, որը Հանձնաժողովի կողմից համարվել է ընդունված։
Անդրադառնալով ստուգման ակտի երկրորդ կետով արձանագրված խախտմանը՝ հարկ է նշել հետևյալը․
«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:
Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին։
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
Այսինքն, Ընկերությունը պարտավորվում է Տեսչական մարմնի պահանջով տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և ձայնագրությունները պահպանել մեկ տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում՝ պահանջի առկայության դեպքում պարտավոր է տրամադրել տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները ամբողջությամբ։
Ստացվում է, որ Ընկերությունը 2025 թվականի մայիսի 12-ից մայիսի 14-ը ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների ընթացքում Տեսչական մարմին չի ներկայացնել պահանջված տեսաձայնագրությունները, որը «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով, դիտարկվում է Ընկերության վրա օրենքով դրված պարտավորության խախտում։
Վերոգրյալի առթիվ Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի հունիսի 4-ի ՔՏՄ/14.1.2/14302-25 գրությամբ ներկայացվել է միջնորդագիր՝ Ընկերության թիվ 00019 լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։
«Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`
5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
Արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են 2024 թվականի ապրիլի 28-ից մինչև 2025 թվականի մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ընկերության կողմից չեն ներկայացվել։
Այսինքն, Ընկերության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ Տեսչական մարմնին առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, ինչն էլ ինքնին համարվում է Լիցենզավորման մասին օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի կասեցման հիմք։
Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան ենթակա է կասեցման քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։
Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորման, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00019 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ քանի դեռ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 17-ի N 09/1 եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. Կասեցնել «ԴԱՐԳՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00019 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։
2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում:
4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ԴԱՐԳՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին
Նախարար`
8/11/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
