ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«29» ՕԳՈՍՏՈՍԻ 2025 թ․ |
ԹԻՎ 3-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանով սահմանված`
1) N 1 հավելվածում՝
ա. «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր» բառերով.
բ. «Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայող (նիստի քարտուղար)» բառերը․
2) N 2 հավելվածում՝
ա. 24-րդ կետի «օրացուցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով․
բ. 31-րդ կետից հանել «Հանձնաժողովի» բառը.
գ. 32-րդ կետից հետո լրացնել 32.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«32.1. Եթե Հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական միավորման ներկայացուցիչը 3 կամ ավելի անգամ բացակայում է Հանձնաժողովի նիստերից կամ քվեարկություններից, ապա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարն առկա տվյալների շտեմարանից կատարում է լրացուցիչ ընտրություն և համապատասխան փոփոխություն կատարում սույն կարգի 30-րդ կետի համաձայն ընդունված հրամանում, ինչի մասին Վարչությունը գրավոր կարգով իրազեկում է համապատասխան հասարակական միավորմանը:».
դ. 33-րդ կետի «և 32-րդ» բառերը փոխարինել «, 32-րդ և 32.1-ին» բառերով․
ե. 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«37. Հանձնաժողովը կազմված է Հանձնաժողովի նախագահից, տասներկու անդամից և նիստի քարտուղարից։»․
զ. 42-րդ կետում, 53-րդ կետի 2-րդ ենթակետում, 54-րդ կետում, 55-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում, 57-րդ և 58-րդ կետերում «կարգապահական» բառից հետո լրացնել «կոպիտ» բառը, իսկ 53-րդ կետի 3-րդ ենթակետում և 55-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «խախտում» բառից առաջ լրացնել «կոպիտ» բառը.
է. 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին հանձնաժողովի անդամները, կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը և նրա անմիջական ղեկավարը նիստի քարտուղարի կողմից ծանուցվում են Հանձնաժողովի նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ: Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին սույն կետում նշված ծանուցմամբ պարզաբանվում է նրա՝ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված՝ Հանձնաժողովում լսված լինելու, այդ թվում՝ հարգելի պատճառով նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ տեսակապի միջոցով, իրավունքի մասին՝ առաջարկելով մինչև Հանձնաժողովի նիստի օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ տեղեկացնել իր այդ իրավունքի իրացման նախընտրելի եղանակի մասին և նիստին տեսակապի միջոցով մասնակցելու ցանկության դեպքում, տեսակապին միանալու համար, տրամադրել կոնտակտային տվյալներ։ Սույն կետով նախատեսված ծանուցման մասին նիստի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն։»․
ը. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«43. Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողն ունի Հանձնաժողովում լսված լինելու իրավունք, այդ թվում՝ հարգելի պատճառով նիստին ներկայանալու անհնարինության դեպքում՝ տեսակապի միջոցով: Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը, սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պարզաբանումը ստանալուց հետո՝ մինչև Հանձնաժողովի նիստի օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ, տեղեկացնում է իր՝ Հանձնաժողովում լսված լինելու իրավունքի իրացման նախընտրելի եղանակի մասին և նիստին տեսակապի միջոցով մասնակցելու ցանկության դեպքում ներկայացնում է հիմնավորում նիստին ներկայանալու անհնարինության պատճառի՝ հարգելի լինելու վերաբերյալ՝ տրամադրելով տեսակապին միանալու համար կոնտակտային տվյալներ՝ Հանձնաժողովի քարտուղարի՝
1) էլեկտրոնային փոստին ուղարկված նամակով.
2) բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությամբ կամ
3) բջջային հեռախոսահամարին կատարված զանգի միջոցով:
Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից տեղեկացումը սույն կետով նախատեսված ժամկետում և կարգով իրականացնելու կամ չիրականացնելու դեպքում դրա վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն:»:
թ. 43-րդ կետից հետո լրացնել 43.1-43.5-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ․
«43.1. Կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի՝ Հանձնաժողովում լսված լինելու իրավունքը տեսակապի միջոցով ապահովելիս Հանձնաժողովի անդամներն ու ծառայողը պետք է հստակ տեսնեն և լսեն միմյանց, որի ընթացքում Հանձնաժողովի նախագահը պետք է հայտարարի, թե ինչպիսի կարգապահական կոպիտ խախտման կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության շրջանակներում է ապահովվում տվյալ ծառայողի՝ Հանձնաժողովում լսված լինելու իրավունքը:
43․2․ Սույն կարգի 42-րդ կետին համապատասխան ծանուցված, սակայն իր լսված լինելու իրավունքի իրացման եղանակի վերաբերյալ սահմանված ժամկետում և կարգով տեղեկացում չներկայացրած կամ այդ իրավունքը Հանձնաժողովի նիստին անձամբ մասնակցելու եղանակով իրացնելու վերաբերյալ ցանկություն հայտնած կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի՝ Հանձնաժողովի նիստին չներկայանալն արգելք չէ Հանձնաժողովի քննությանը ներկայացված կարգապահական կոպիտ խախտման վերաբերյալ հարցի քննարկման համար:
43.3. Սույն կարգի 42-րդ կետին համապատասխան ծանուցված և սույն կարգի 43-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով իր լսված լինելու իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու վերաբերյալ ցանկություն հայտնած կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ տեսակապի հաստատումն ապահովում է Հանձնաժողովի քարտուղարը՝ Հանձնաժողովի նիստի մեկնարկից անմիջապես հետո: Եթե կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը չի միանում տեսակապին (այդ թվում՝ ծառայողի համապատասխան տեխնիկական միջոցին կապի հասանելիություն չի լինում), ապա Հանձնաժողովի նախագահը հայտարարում է ընդմիջում՝ տասնհինգ րոպե տևողությամբ: Ընդմիջումից հետո կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի կողմից կրկին տեսակապին չմիանալու (այդ թվում՝ ծառայողի համապատասխան տեխնիկական միջոցին կապի հասանելիության բացակայության) դեպքում Հանձնաժողովի նիստը Հանձնաժողովի որոշմամբ հետաձգվում է։ Հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ուշ, քան մինչև կարգապահական տույժ կիրառելու համար սահմանված ժամկետի ավարտին նախորդող երրորդ աշխատանքային օրը:
43.4. Սույն կարգի 43.3-րդ կետին համապատասխան Հանձնաժողովի նիստը հետաձգվելու դեպքում Հանձնաժողովի հաջորդ նիստին Հանձնաժողովի քարտուղարը նախաձեռնում է կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի հետ տեսակապի հաստատում՝ սույն կարգի 43.3-րդ կետով սահմանված կարգով և պարբերականությամբ: Եթե այս դեպքում ևս կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը չի միանում տեսակապին (այդ թվում՝ ծառայողի համապատասխան տեխնիկական միջոցին կապի հասանելիություն չի լինում), ապա այդ հանգամանքն արգելք չէ Հանձնաժողովի քննությանը ներկայացված կարգապահական կոպիտ խախտման վերաբերյալ հարցի քննարկման համար:
43.5. Լսված լինելու իր իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու ընթացքում կարգապահական կոպիտ խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողը Հանձնաժողովին պետք է ներկայացնի՝
1) բանավոր համաձայնություն՝ Հանձնաժողովում լսված լինելու իր իրավունքը տեսակապի միջոցով իրացնելու վերաբերյալ․
2) անձը հաստատող փաստաթուղթ (ծառայողական վկայական կամ անձնագիր), որը պետք է լինի հստակ տեսանելի։»․
ժ. 44-րդ կետից հետո լրացնել 44.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«44.1. Հանձնաժողովի նիստի քարտուղարը չունի Հանձնաժողովում քվեարկելու իրավունք, իրականացնում է Հանձնաժողովի նիստի հետ կապված կազմակերպչական աշխատանքները, այդ թվում՝ կազմում է նիստերի վերաբերյալ արձանագրությունները և ներկայացնում Հանձնաժողովի նախագահի հաստատմանը։».
ժա․ 55-րդ կետի 1-ին ենթակետում «պատասխանատվության» բառից հետո լրացնել «՝ առաջարկելով կիրառվելիք կարգապահական տույժի տեսակը» բառերը։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
«29» ՕԳՈՍՏՈՍԻ 2025 թ. ք․ Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 սեպտեմբերի 2025 թվական:
